Բ Թագավորություններ 5.1-10
1 Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դաւթի մօտ, ու խօսելով նրա հետ՝ ասացին. 2 «Մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք: Անցեալում, երբ Սաւուղը մեր թագաւորն էր, դու էիր իսրայէլացիներին առաջնորդողը եւ ի մի հաւաքողը: Տէրը քեզ ասաց. “Դու պիտի հովուես Իսրայէլի իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայէլի առաջնորդը”»: 3 Իսրայէլի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մօտ, եւ Դաւիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջեւ: Նրանք Դաւթին թագաւոր օծեցին ամբողջ Իսրայէլի վրայ: 4 Դաւիթը երեսուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քառասուն տարի թագաւորեց. 5 եօթ տարի վեց ամիս թագաւորեց Քեբրոնում Յուդայի երկրի վրայ եւ երեսուներեք տարի Երուսաղէմում՝ ամբողջ Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ: 6 Դաւիթն իր զօրքով գնաց Երուսաղէմ՝ այդ երկրում բնակուող յեբուսացիների դէմ: Դաւթին ասացին, թէ՝ «Դու այստեղ չես մտնի, քանզի կոյրերն ու կաղերը քո դէմ են կանգնել եւ ասում են. “Դաւիթն այստեղ թող չմտնի”»: 7 Դաւիթը գրաւեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դաւթի քաղաքն է: 8 Այդ օրը Դաւիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել յեբուսացիներին, թող սրով յարձակուի կաղերի, կոյրերի եւ Դաւթի անձն ատողների վրայ»: Դրա համար է, որ ասում են. «Կոյրերն ու կաղերը չպէտք է մտնեն Տիրոջ տունը»: 9 Դաւիթն ապրեց ամրոցում, եւ այն կոչուեց Դաւթի քաղաք: Նա շուրջանակի, ծայրից ծայր քաղաք շինեց եւ իր համար էլ տուն կառուցեց: 10 Դաւիթը գնալով հզօրանում էր, եւ Ամենակալ Տէրը նրա հետ էր:
Գ Թագավորություններ 2.1-11
1 Երբ մօտեցան Դաւթի մահուան օրերը, նա, դիմելով իր որդի Սողոմոնին, ասաց. 2 «Ըստ այս աշխարհի կարգի, ես անցայ իմ կեանքի ճամփան: Դու զօրացի՛ր, տղամարդ եղի՛ր, 3 պահի՛ր քո Տէր Աստծոյ հրամանները՝ գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատուիրանները, նրա օրէնքները, նրա հրամաններն ու նրա վկայութիւնները ըստ Մովսէսի օրէնքների գրքի, որ ինչ էլ անես, նկատի ունենաս այն ամէնը, որ պատուիրել եմ քեզ: 4 Եւ Տէրը կիրագործի իր խօսքը, որ ասաց իմ մասին, թէ՝ “Եթէ քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը եւ իրենց ամբողջ սրտով ու հոգով հաւատարմութեամբ գնան իմ առջեւից, ապա մարդ չի պակասի Իսրայէլի գահի վրայից”: 5 Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետներին՝ Ներէի որդի Աբեններին եւ Հեթերի որդի Ամեսայիին: Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակուայ պէս արիւն թափեց, իր կեանքում անպարտ արիւն թափեց՝ ներկելով իր մէջքն ու կօշիկները: 6 Գործի՛ր ըստ քո իմաստութեան եւ նրա ալեւոր մազերը խաղաղութեամբ մի՛ իջեցրու դժոխք: 7 Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն, որովհետեւ նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից: 8 Ահա քեզ հետ է բաւուրիմացի Յեմինի որդի Գերայի որդի Սեմէին: Սա ինձ ծանր անէծքներով անիծել է այն օրը, երբ գնում էի իմ բանակատեղին: Նա Յորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկաւ, եւ ես, Տիրոջ անունով երդուելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”: 9 Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թէ ինչ պէտք է անես նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»: 10 Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը: Նա թաղուեց Դաւթի քաղաքում: 11 Դաւիթն Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. Քեբրոնում թագաւորել էր եօթ տարի, իսկ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի:
Եզեկիել 34.23-27
23 Դատելու եմ խոյ առ խոյ ու նրանց վրայ մի հովիւ եմ կարգելու՝ իմ ծառայ Դաւթին, եւ նա հովուելու է նրանց: Նա է նրանց համար հովիւ լինելու, իսկ ես՝ Տէրս, լինելու եմ նրանց Աստուածը, 24 եւ իմ ծառայ Դաւիթն էլ՝ իշխան նրանց մէջ: Սա ես՝ Տէրս խօսեցի: 25 Դաւթի հետ խաղաղութեան դաշինք եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից: Եւ իմ հօտերը ապահով բնակուելու են անապատում եւ ննջելու են անտառներում: 26 Իմ լեռան շուրջը նրանց օրհնութիւն եմ տալու, ձեզ էլ անձրեւ եմ տալու. եւ անձրեւներն օրհնաբեր են լինելու: 27 Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զօրութիւնը: Իրենց երկրներում նրանք խաղաղ ու ապահով են բնակուելու: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ խորտակեմ նրանց վզի լուծը: Փրկելու եմ նրանց իրենց ստրկացնողների ձեռքից,
Հակոբոս 1.1-12
1 Յակոբոսը՝ Աստծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն: 2 Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3 իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4 իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք: 5 Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, եւ նրան կտրուի: 6 Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին: 7 Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8 քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: 9 Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, 10 իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի, ինչպէս խոտածաղիկը. 11 որովհետեւ արեւը ծագեց խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ: 12 Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին:
Ավ. ըստ Մատթեոսի 22.41-46
41 Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: 43 Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44 “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան”: 45 Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել: