Մեր Արարիչն ու Տերը այս ամենը մեզ համար հորինեց, և մեզ իշխան ու թագավոր կարգեց այս բոլորի վրա, փառքով և պատվով պսակեց ու բնակեցրեց բերկրության դրախտում՝ այնտեղ ապրելու և վայելելու, սակայն մենք անմտությամբ կորսվեցինք ու այսպիսի դատապարտության արժանացանք:
Արդ, եթե Մաթուսաղայի ապրած տարիների պես կյանքի երկար ժամանակաշրջան ունենայինք, ինչպես նա, որ ապրեց գրեթե հազար տարի, ապա մարմնում եղած այդ ամբողջ ժամանակահատվածում, այլև մշտնջենապես անձանձրույթ պիտի փառաբանեինք Աստծուն, սակայն անգամ այդ դեպքում Աստծու երախտիքների մի մասն անգամ չէինք կարողանա «փոխհատուցել», էլ չեմ խոսում աստվածապարգև բոլո՜ր բարիքների մասին:
Ուրեմն փառավորե՛նք Աստծուն և այդպիսով նմանվենք հրեշտակներին, որոնք հավիտենաբար փառաբանում են Տիրոջը: Ու թեպետ մյուս բոլոր հատկանիշներով տարբեր ենք հրեշտակներից, սակայն այս մի հատկությամբ չտարբերվե՛նք նրանցից: Արդ, եթե նրանք՝ հրեշտակները, Աստծուց ստացած միայն մեկ պատվի ու երախտիքի, այն է՝ Տիրոջ ձեռամբ արարչագործվելու համար այդքա՜ն փառավորում և օրհնում են Արարչին, ուրեմն ի՞նչ պիտի անենք մենք՝ տառապյալներս ու դատապարտվածներս, որ վայելել և վայելում ենք Աստծու բյուրապատիկ երախտիքները:
Այս ամենից հետո արդյո՞ք մենք իրավունք ունենք ծուլանալու Աստծուն փառաբանելիս: Չէ՞ որ Աստված հրեշտակներին ստեղծեց իբրև Իր մեծությանը սպասարկու բանական հոգիներ, իսկ մեզ զարդարեց ու պատվեց Իր պատկերով՝ մարդկային փոքր բնությունը հաստատելով հոգեղեն և նյութեղ էությունների միջնասահմանին:
Եվ ահավասիկ հենց մարդու մեջ են տեսանելի ողջ արարչության բնութենական տարրերը. մարդն իր էությամբ երկնքից ավելի վեր և երկրից առավել խոնարհ է՝ այդպիսով «վկայելով» իր Արարչի իմաստությունն ու զորությունը: Աստված հրեշտակներին ոչ մի արարածի վրա տեր և իշխան չկարգեց, իսկ մեզ արժանացրեց բոլոր արարածներին իշխելու պատվին: