«Մ՛Ի ԿԱՆՉԻՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻԴ, ԵՎ ՈՉ ԷԼ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻԴ, ԵՎ Ո՛Չ ԷԼ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻԴ․․․» (ՂՈՒԿ. 14:12- 13)։
Իմացեք և համոզվեք, ո՛վ հավատացյալներ, որ Քրիստոսը երբեք չի արգելում ընտանեկան տոները, այլ արգելում է այն գծուծ հաշիվներն ու եսասիրական ցանկությունները, որ հյուրասիրության անվան տակ ընտանեկան հարկից ներս են թափանցում: Դա առևտրի մի ձև է և ուրիշ ոչինչ: Նա երբեք չի արգելում, չի մերժում բարեկամների, ընկերների այն ընկերակցությունը, կամ միությունը որտեղ մոլական (աղտեղի) շահեր, կամ տգեղ նկատառումներ գոյություն չունեն:
Արդ, երբ ճշմարիտ ոգին թագավորում է ընտանեկան հավաքույթներում, ուրախության պահերին անգամ մի ծածուկ վիշտ է ի հայտ գալիս: Քրիստոնյա չէ նա, ով իր ուրախության պահերին մոռանում է անժառանգներին, լքյալներին, անտեր և անօգնական մարդկանց: Անհնար է, որ քրիստոնյան, ճշմարիտ հավատացյալը վառարանի մոտ նստած պահին չմտածի նրանց մասին, ովքեր ցրտից տառապում են և ուրախանա՝ չհիշելով թշվառ և սրտաբեկ եղբայրներին:
Նա, ով տխրությունն ու ցավը ցանկանում է իր մտքից վանել, երբեք չի ըմբռնել Ավետարանը: Քրիստոնեությունը նախ խաչելություն է, սակայն ազատագրում և փրկագործություն էլ է, այն գթության և մարդասիրության դասեր է տալիս և մարդուն գործելու է մղում:
Եթե դու ճշմարիտ քրիստոնյա ես, ապա բարեկամներիդ, սիրելիներիդ հրավիրելու պահին իսկ, (ակամա) խորհում ես, որ սեղանիդ շուրջ պակասում են տնանկները, որոնք հրավիրվելու ավելի մեծ կարիք ունեն: Մեկը կա, կարծես մի աներևույթ հրեշտակ, որ այդպիսի պահերին ճշմարիտ քրիստոնյայի ականջին պիտի շշնջար այնպիսի մի շեշտով, որն անհնար է մոռանալ. «Հրավիրի՛ր աղքատներին, խեղանդամներին, կույրերին…»:
Ո՜հ, գիտեմ, թե որքան մարդ կա, որ այսպիսի ձայնին փորձում են պատասխանել. «Դա ժամանակակից պահանջներին հակառակ է. դրանց բոլորին հրավիրելն անպատշաճ է և անհնարին, քանզի շատ են. նրանց այստեղ հրավիրելը շա՜տ տխուր, շա՜տ տհաճ և ծիծաղելի կլինի:
Տանս շուքն ու վեհությունը կպակասի, տանս սենյակները մի՞թե Բեթհզեդայի սրահներն են»: Բայց հրեշտակի ձայնը պիտի շարունակեր. «Հրավիրի՛ր թշվառ և կարոտյալ անօգնականներին, հիվանդներին, կաղերին, խեղանդամներին, կույրերին հրավիրիր…»:
ՂԵՎՈՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ԴՈՒՐՅԱՆ
«Պարզ քարոզներ» Ա․ հատոր
«Աղքատասիրություն» քարոզից
Արևելահայերենի վերածեց Վաչագան Սրկ. Դոխոլյանը
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի ՖԲ էջից