Մի ճգնավոր եղբայր, որ ուտելու ժամանակ հաց չէր օգտագործում, եկավ մի մեծանուն ծերի մոտ: Այնտեղ կային նաև այլ հյուրեր: Ծերը նրանց համար պատրաստել էր մի փոքր եփած կերակուր: Երբ նրանք նստեցին ճաշելու, ճգնավոր եղբայրն իր առջև դրեց միայն թրջած ոսպ, և նրանք ճաշեցին: Երբ վեր կացան, ծերն ասաց նրան. «Եղբայր, երբ դու գնում ես որևէ մեկի մոտ, ի հայտ մի բեր քո կենցաղավարությունը ներկաների առջև, իսկ եթե չես ուզում այն խախտել, ավելի լավ է մնաս խցումդ և ոչ մի տեղ չգնաս»: Ընդունելով ծերի խոսքը, նա սկսեց ավելի զիջող լինել եղբայրների հետ հանդիպման ժամանակ:
Այսպիսի մի բան էլ պատահեց անապատի ճգնարաններում: Երբ մի անգամ տոն օրը եղբայրները նստած էին ճաշի, նրանց մեջ կար մեկը, որ չէր ուտում եփած կերակուր: Վերակացուին ասացին, որ այս եղբայրը կերակուր չի ճաշակում, այլ միայն աղ ու բանջարեղեն: Իսկ սա էլ իր հերթին, բոլորի ներկայությամբ ձայնեց մատուցողին, ասելով, որ այս եղբայրը եփած բան չի ուտում, նրան աղ ու բանջար բեր: Այն ժամ ծերերից մեկը, վեր կենալով, ասաց այդ եղբորը. «Ավելի լավ էր քեզ համար նստեիր քո խցում և միս ուտեիր, քան թե, բոլոր եղբայրների մոտ ի հայտ գար քո կենցաղավարությունը»:
Անապատի այս ճգնավորների մասին ասում էին, որ երբ մեկը տեսնում էր իրենց գործերը, նրանք դա այլևս որպես առաքինության գործ չէին համարում, այլ որպես մեղք:
Հարանց վարք