Արևելքից եկած ազնիվ մարդկանց՝ գոմն ու մսուրը լքելուց
կարճ ժամանակ անց Բեթղեհեմում խոսվում էր մի արտառոց
պատմության մասին, որն աշխարհի ոչ մի գրքում ամփոփված
չէ։
Մինչ թագավորի հեծելախումբն անհետանում էր հորիզոնից, մսուրին են մոտենում երեք խորհրդավոր կերպարանքներ։
Առաջինը, որի հագին մի կարկատած գունավոր զգեստ
էր, դանդաղ մոտենում է մսուրին։
Թեև արտաքուստ նա ծաղրածուի էր նման, բայց իրականում շա՜տ, շա՜տ տխուր էր։
Միայն թե երբ տեսնում է մանկանը, անմիջապես մեղմ ժպիտ
է երևում նրա դեմքին։ Նա զգույշ մոտենում է մսուրին և
նրբորեն շոյում փոքրիկի դեմքը։
- =Ես կյանքի ուրախությունն եմ,- ասում է նա,- եկել եմ քեզ
մոտ, որովհետև տեսնում եմ, որ մարդիկ այլևս չեն ծիծաղում։
Նրանք այլևս չեն ուրախանում կյանքով։ Ամեն ինչ սարսափելի
լուրջ է դարձել։
Այնուհետև հանում է իր կարկատած գունավոր վերարկուն
և դրանով ծածկում մանկանը։ - =Այս աշխարհը շատ ցուրտ է։ Գուցե ծաղրածուի իմ վերարկուն կարողանա ջերմացնել ու պաշտպանել քեզ։
Հետո մոտենում է երկրորդ կերպարանքը, որը ճիշտ այնտեղ էր նայում։ Նկատելի էր նրա բորբոքված հայացքը։ Զգաց-
վում էր, որ նա շատ է շտապում։ Բայց երբ մոտենում է մսուրին, աճապարանքն ու տենդը հեռանում են նրանից։ - =Ես ժամանակն եմ,- ասում է նա ու նրբորեն շոյում մանկան դեմքը։- Իրականում ես այլևս գոյություն չունեմ։ Մարդիկ
ասում են, որ ժամանակն անցնում է այնպես, ինչպես թռիչքի
ընթացքը։ Սակայն մարդիկ մի մեծ գաղտնիք են մոռացել։
Ժամանակը չի անցնում։ Ժամանակն ստեղծվում է։ Այն աճում
է այնտեղ, որտեղ մարդը կիսում է, բաժանում։
Ապա երկրորդ կերպարանքն իր վերարկուի գրպանից
հանում է ապակուց մի ավազե ժամացույց և դնում մսուրի մեջ։ - =Մարդը քիչ ժամանակ ունի այս աշխարհում։ Այս ավազե
ժամացույցը նվիրում եմ քեզ, որովհետև դեռևս ուշ չէ։ Այն քեզ
համար նշան թող լինի, որ դու միշտ շատ ժամանակ ունենաս
և երբ կամենաս, քո ժամանակից բաժին հանես մարդկանց։
Հետո երրորդ կերպարանքի հերթն է գալիս։ Նա չարչարված ու վերքերով լի դեմք ուներ. կարծես շարունակ ծեծի ու
խոշտանգման էր ենթարկվել։ Բայց երբ մոտենում է մսուրին,
կյանքի հասցրած վերքերն ու վնասվածքներն անմիջապես
սկսում են բուժվել։ - =Ես սերն եմ,- ասում է կերպարանքը և նրբորեն շոյում
մանկան դեմքը,- իսկ դա նշանակում է՝ ես աշխարհի հանդեպ
շատ բարի եմ եղել։ Այդ պատճառով էլ այն ինձ հարվածում է
ոտքով և անվերջ չարչարում։
Այսպես էր խոսում սերն ու միաժամանակ լալիս դառնագին։ Հանկարծ արցունքի երեք մեծ կաթիլներ են թափվում
մանկան վրա։ - =Ով սիրում է, պետք է շատ տառապի այս աշխարհում։
Վերցրո՛ւ իմ արցունքները։ Դրանք այնպիսի ջուր են, որ
նույնիսկ անապատը կարող են ծաղկեցնել։
113
Եվ արցունքներն անմիջապես վերափոխվում են երեք
հրաշագեղ ծաղկած վարդերի։
Ապա երկնային մանկան առջև ծնկի են գալիս կյանքի
ուրախությունը, ժամանակն ու սերը՝ երեք խորհրդավոր հյուրերը, որոնք իրենց նվերներն էին բերել փոքրիկին։ Մանուկն
այնպես էր նայում այդ երեքին, ասես ամեն ինչ հասկացել էր։
Հանկարծ սերը շրջվում է և խոսքն ուղղում մարդկանց. - =Այս երեխային խենթ կհամարեն։ Նա իր կյանքի ընթացքում շատ կտառապի և մահվան կդատապարտվի, որովհետև
առանց նախապայմանի՛ կսիրի։ Սակայն քանի որ նա լուրջ
կմոտենա ուրախությանը և իր ժամանակն ու սերը կնվիրաբերի մարդկությանը, աշխարհն այլևս չի լինի այնպիսին,
ինչպիսին առաջ էր։ Այս մանկան շնորհիվ աշխարհը կգտնվի
բարի աստղի ներքո, որն ամեն ինչ ստվերում կթողնի։
Այս ամենից հետո երեք կերպարանքները ոտքի են կանգնում ու հեռանում այդ վայրից։ Սակայն մարդիկ, որոնք այդ
բոլորը տեսել ու լսել էին, դեռ երկար ժամանակ մտածում էին
այն խորհրդավոր բառերի մասին։
Ահա մեր կյանքն ու ժամանակը նույնպես Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդից հետո գտնվում են նոր ու բարի աստղի
ներքո, որը լուսավորում է ամեն խավար և բուժում ամեն վերք։
Դա մի մեծ ուրախություն է բոլոր ժողովուրդների համար։ Նաև
ինձ ու քե՛զ համար, սիրելի՛ ընթերցող բարեկամ։
Մուշեղ Ժոռոյան