Եսայի 54.1-13
1 Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ: Չէ՞ որ Տէրն ասաց. 2 «Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արայ. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը: 3 Աջ ու ձա՛խ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները: 4 Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արեցին, մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին, որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես»: 5 Տէրն է, որ քեզ համար անելու է այդ, Զօրութիւնների Տէր է նրա անունը, եւ նա, որ փրկեց քեզ, Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի: 6 Տէրը քեզ չկանչեց որպէս լքուած ու վարանած կնոջ եւ ոչ էլ իբրեւ մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստուած ասաց. 7 «Միառժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթութեամբ պիտի ողորմեմ քեզ: 8 Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց յաւիտենական կարեկցութեամբ պիտի ողորմեմ քեզ»: Այդպէս ասաց Տէրը, որ փրկեց քեզ: 9 «Սա ինձ համար նոյնն է, ինչ Նոյի օրօք, ջրհեղեղի ժամանակ. ինչպէս որ այն ժամանակ նրան երդուեցի, որ չեմ բարկանայ երկրի վրայ, այնպէս էլ երդուեցի, որ չեմ բարկանայ քեզ վրայ: 10 Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմութիւնն է պակասելու քեզնից, եւ ո՛չ էլ քո խաղաղութեան ուխտը պիտի վերանայ»,– ասաց Տէրը: 11 «Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ, մինչեւ որ դու մխիթարուես: Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ. 12 քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից: 13 Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն:
Ա Տիմոթեոս 1.1-11
1 Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ըստ հրամանի մեր Փրկիչ Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի, որ մեր յոյսն է. 2 Տիմոթէոսին՝ հաւատի մէջ սիրելի որդուն՝ շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից: 3 Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատուէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն 4 եւ չկապուեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կլինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծոյ ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնուած. 5 քանզի պատուիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից, 6 որոնցից վրիպեցին ոմանք՝ խոտորուելով խօսքերի ունայնութեան մէջ: 7 Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ՝ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են: 8 Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով: 9 Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, 10 պոռնիկների, արուամոլների, մարդագողների, ստախօսների, սուտ երդուողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան, 11 վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծոյ փառաւոր աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես:
Ավ. ըստ Հովհաննեսի 2.1-11
1 Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր: 2 Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները: 3 Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»: 4 Եւ Յիսուս նրան ասաց. «Ինձ եւ քե՞զ ինչ, ո՛վ կին. իմ ժամանակը դեռ չի հասել»: 5 Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»: 6 Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը երկու կամ երեք մար տարողութիւն ունէր: 7 Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան: 8 Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին»: Եւ նրանք տարան: 9 Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), 10 խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»: 11 Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում՝ որպէս սկիզբը նշանների, եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան: