Երեքշաբթի, 28 Մարտի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս Բ

19 Հունվարի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս Բ
0
Կիսումներ
35
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Եբրայական և ասորական բնագրերը հետևյալ կերպ են մեկնաբանում այս Սաղմոսը. մեկում այն միավորված է առաջին Սաղմոսի հետ, իսկ մյուսում՝ առանձնացված։ Իսկ մեկնիչներն այստեղ միակարծիք են, թե սա մարգարեություն է այն ամբոխի մասին, որ հարձակվեց մեր Տիրոջ վրա՝ Հերովդեսի և Պոնտացի Պիղատոսի գլխավորությամբ և որ Պետրոսը և մյուս աշակերտները [երբ բժշկեցին կաղին], ով նստում էր տաճարի գեղեցիկ կոչվող դռան մոտ, ասացին, թե իսկապես խռովություն եղավ քաղաքում Հերովդեսի և Պոնտացի Պիղատոսի, ազգերի և ժողովուրդների միջև Հիսուս Քրիստոսի պատճառով։

1. Ընդէ՞ր խռովեցան հեթանոսք. եւ ժողովուրդք խորհեցան ի սնոտիս:

Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, և ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին

Խռովեցին հարևան ազգերը, երբ Մովսեսն իսրայելացիներին հանեց Եգիպտոսից՝ Երուսաղեմ տանելու և Քրիստոսն էլ՝ հանեց [մարդկությանը] մարմնավոր տիղմից՝ նոր Երուսաղեմ տանելու, քանզի իրենց անձերը վնասեցին, այլ ոչ թե նրան, ով իր խաչով տիրեց ամբողջ աշխարհին՝ մարդկանց որդիներին ազատելով սատանայից:

2. Յանդիման եղեն թագաւորք երկրի, եւ իշխանք ժողովեցան ի միասին վասն Տեառն եւ վասն աւծելոյ նորա:

Հավաքվեցին երկրի թագավորները, և միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ և Նրա Օծյալի:

Առաքյալն ասում է. «Այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց այն, որովհետև, եթե ճանաչված լիներ, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա. Կորնթ. 2:8): Ժողովրդի իշխաններին քահանաներ ու քահանայապետեր է կոչում, ինչպես որ Ավետարանն է ասում, թե. «Այդ ժամանակ քահանայապետները և ժողովրդի ծերերը հավաքվեցին» (Մատթ. 26:3): Տեր ասելով նկատի ունի Հորը և [Նրա Օծյալին]՝ Քրիստոսին, քանզի Որդու պատիվն ու անարգանքը Հորն էլ է, ըստ Տիրոջ այն խոսքի, թե ով Ինձ ընդունի, ընդունում է Հորը և ով Ինձ անարգի, անարգում է Հորը:

Իսկ եբրայեցիներն ասում են, թե այս իրադարձություններն այն ժամանակ եղան, երբ միաբանվեցին փղշտացիները, ամոնացիները, մովաբացիներն ու եդոմացիները և դուրս եկան Սիոնի դեմ: [Միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ և Նրա Օծյալի]. սրանով հաստատվեցին Սուրբ Հոգու և Հոգեկիր սրբերի խոսքերը:

3. Խզեսցուք զկապանս նոցա, եւ ընկեսցուք ի մէնջ զլուծ նոցա:

Քանդենք նրանց կապանքները և թոթափենք նրանց լուծը մեզանից:

Հրեաները քանդեցին Քրիստոսի լուծը, իսկ հեթանոսները՝ Մովսեսի: Հավատացյալներն են ասում, թե քանդենք հեթանոսների կապանքները, այսինքն՝ կուռքերի, և թոթափենք հրեաների լուծը, այսինքն՝ օրենքի, ըստ այնմ, թե ինչո՞ւ մեր աշակերտների պարանոցների վրա դնենք մի լուծ, որը ոչ մենք և ոչ էլ մեր հայրերը չկարողացան վերցնել: Կամ այսպես են ասում երկրի թագավորներն ու իշխանները, որոնք խորհրդանշում են խաչ հանողներին, ովքեր չմտան Տիրոջ ուռկանի մեջ և չվերցրեցին այն քաղցր լուծը, որ առաքյալները հաստատեցին և չկապվեցին Աստծո սիրով և չեղան որպես որթատունկի ճյուղեր: Ոմանք էլ ասում են, թե հրեշտակներն այդ սարսափելի օրը զարհուրած միմյանց ասացին, թե քանդենք կապանքները և թոթափենք խաչի լուծը, որ Տերը դրեց իր ուսերի վրա:

4. Բնակեալն յերկինս ծիծաղեսցի զնոքաւք, եւ Տէր արհամարհեսցէ զնոսա:

Երկնքում բնակվողը կծիծաղի նրանց վրա և Տերը կարհամարհի նրանց:

Երկնքում բնակվողի մասին էին ասում, թե գողացան աշակերտները և դրանով ծիծաղելի էին դառնում փարիսեցիները, քանզի նրանց գործերն էին ծաղրում իրենց: Նաև ոչ թե ուրախությամբ է ծիծաղում, այլ՝ տրտմելով և ոչ էլ հեգնելով, քանզի նրանք իրենց գործերով ծիծաղելի և արհամարհելի եղան դևերի կողմից և դա էր Տիրոջ խռովության և տրտմության պատճառը մահվանից առաջ՝ հրեաների և խաչը հանողների, ինչպես նաև առաքյալներին ու իրեն հավատացողներին հալածողների և սպանողների կորուստը:

5. Յայնժամ խաւսեսցի ընդ նոսա բարկութեամբ իւրով, եւ սրտմտութեամբ իւրով խռովեցուսցէ զնոսա:

Այնժամ կխոսի նրանց հետ իր բարկությամբ և իր զայրույթով կսարսափեցնի նրանց:

Երբ նրանց քառասուն տարի ժամանակ է տալիս ապաշխարության և չեն զղջում, նրանց հետ հռոմեացիների միջոցով է խոսում, ովքեր ասում էին, թե կայսրից բացի ուրիշ թագավոր չունենք: Քանզի նախ հեզությամբ էր խոսում նրանց հետ՝ ասելով, թե սովորեք ինձանից, որ հեզ եմ: Ապա դատաստանի ժամանակ էլ կասի, թե գնացեք ինձանից դեպի հավիտենական կրակները, ըստ ձեր արժանիքների:

6. Ես կացի թագաւոր ի նմանէ ի վերայ Սիօնի լերին սրբոյ նորա, պատմել ինձ զհրամանս տեառն:

Ես թագավոր կարգվեցի նրանից իր սուրբ լեռան՝ Սիոնի վրա, որ հռչակեմ Տիրոջ հրամանները:

Ոմանք գտնում են, թե սա Հորն է վերաբերում, բայց սա ավելի ճիշտ է Որդուն վերագրել, ով ըստ Հոր կամքի Դավթի Որդի կոչվեց և որպես թագավոր եկավ ոչ թե մի օտար երկիր, այլ՝ նստելու հենց Դավթի աթոռին՝ Երուսաղեմում: Թեև անզգամ թագադիրները փշով պսակեցին նրան, բայց հեռավոր իմաստուններն ավանդեցին Երուսաղեմի դուստրերին՝ այդտեղ տեսնել պսակի խորհուրդն իր փեսայության օրը և նրա սրտի ուրախությունը, քանի որ դրանով վերցվեցին մեր հանցանքների փշերը: Եվ ուսուցանեց, որ եթե հրամանն ու կամքը Հորն է, ապա ոչ թե միայն Որդուց, այլև Հորից պետք է շնորհակալ լինենք:

7. Տէր ասաց ցիս որդի իմ ես դու, ես այսաւր ծնայ զքեզ:

Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ»:

Օրը լույս է, ինչպես որ Հայրն ասաց, թե ես իմ այս բնությամբ, անմայր, անմատույց լուսով, անօրինակ, անճառ և անիմանալի ծնեցի քեզ: Այս խոսքերը Որդուց բացի ոչ ոք չլսեց, քանզի միայն նրան ասաց: Եվ նորից՝ այսօր ասելով չի հայտնում ժամանակը, ինչպես որ ասում է, թե նախքան արուսյակը ծնեցի քեզ կամ բոլոր բլուրներից առաջ ծնեցի քեզ, կամ թե՝ արևից առաջ կար նրա անունը: Տիրոջ ժամանակը երեք կերպ պետք է հասկանալ. նախքան մարդու ստեղծվելը, մարդու ստեղծումից հետո մինչև հարություն, ապա այդտեղից էլ մինչև հավիտենության օրը, քանզի այսօրը սկիզբ ցույց չի տալիս, որովհետև Աստված ժամանակի մեջ չի տեղավորվում, ինչը գիշեր և ցերեկ ունի, ինչպես նաև վաղվա օրը, որովհետև Հիսուս Քրիստոսը երեկ, այսօր և հավիտյան նույնն է: Այսօր է ասում, որպեսզի լսեք նրա ձայնը, քանզի նա միշտ Հայր է և միշտ ասելով՝ նրան լսեք, ցանկանում է, որ ընդունենք նրան որպես Սիոնի թագավոր և պատմենք եկեղեցուն, թե՝ «Ես և Հայրս մեկ ենք» և Տերն ասաց ինձ՝ «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ»:

8. Խնդրեա յինէն եւ տաց քեզ զհեթանոսս ի ժառանգութիւն, եւ իշխանութիւն քեզ զամենայն ծագս երկրի:

Խնդրի՛ր ինձնից՝ և հեթանոսներին քեզ կտամ որպես ժառանգություն, ու իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում:

Այսօրածին և կուսածին մանկանն է ասում Հայրը՝ միավորված մեր բնությանը, որպես Հորից ծնված, իբրև Բանը, որ իրենն  է ամբողջ աշխարհն առանց խնդրելու, քանզի եթե հավիտյաններից առաջ գոյություն ունեցողը հանձն առավ լսել Հորից, թե այսօր ծնեցի քեզ, ըստ Պողոսի, թե «Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից» (Գաղ. 4:4), սա ևս կլսի, թե խնդրի՛ր ինձնից, որովհետև ասաց, թե Հակոբի ժողովուրդը և  Իսրայելը՝ քեզ վիճակված ժառանգությունը, օտարացան և խաչը հանեցին Տիրոջը և նրանց փոխարեն եկան հեթանոսները, որոնց մասին հարությունից հետո ասաց աշակերտներին. «աշակերտեցե՛ք բոլոր հեթանոսներին» (Մատթ. 28:19) և իշխանություն եմ տալիս քեզ ոչ թե բոլոր ծագերում, այլ՝ երկրի բոլոր ծագերում, որովհետև նրանն են և նրա ձեռքում են երկրի բոլոր ծագերը և երկիրն իր ամբողջությամբ Տիրոջն է [պատկանում], որպեսզի երկրի բնակիչները ճանաչեն երկրի Տիրոջը: Խնդրելը խոսքով չի երևում, իսկ տալու մասին վկայում է՝ ասելով, թե ինձ ամեն իշխանություն իմ Հորից տրվեց (Տե՛ս Մատթ. 28:18): Թերևս խնդրել էր Հորից, որ մարմին առներ, որպեսզի մեր գլուխը լիներ և աղոթեր ու գոհություն հայտներ մեզ համար:

9. Հովուեսցես զնոսա գաւազանաւ երկաթեաւ. Որպէս զանաւթ բրտի փշրեսցես զնոսա:

Նրանց կհովվես երկաթյա գավազանով և բրուտի անոթի պես կփշրես նրանց:

Տերն իրեն քաջ հովիվ կոչեց, ով հավատացյալներին փափուկ գավազանով, Ավետարանով և խաչի ցուպով է հովվում, որին մխիթարիչ են կոչում՝ ասելով «Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն» (Սաղմ. 22:5): Իսկ խաչողներին ու անհավատներին՝ հռոմեացիների երկաթե գավազանով, ինչպիսին էին Տիտոսը և Վեսպիանոսը, որոնք գրավեցին Երուսաղեմը և խեցեղեն անոթի պես փշրեցին և Իսրայելի որդիները ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ: Դանիելն էլ երկաթի հետ համեմատեց հռոմեացիների թագավորությունը:

10. Արդ, թագաւորք, զայս ի միտ առէք, խրատեցարուք ամենեքեան ոյք դատիք զերկիր:

Արդ, թագավորնե՛ր, ո՛ւշ դարձրեք սրան և խրատվեցե՛ք ամենքդ, որ մարդկանց եք դատում:

Հեթանոսների թագավորներ, մի՛ նմանվեք հրեաների մոլեգին ազգին, այլ Տիրոջը ծառայեք երկյուղածությամբ, քանզի ձեր Տերը երկնքում է և անաչառ է նա, այլ՝ ինչպես որ դատում եք երկրում, այդպես էլ պիտի դատվեք, և ինչով որ չափում եք, դրանով էլ պիտի չափվեք:

11. Ծառայեցէք Տեառն երկիւղիւ, եւ ցնծացէք առաջի նորա դողութեամբ:

Ծառայեցե՛ք Տիրոջը երկյուղով և ցնծացեք նրա առջև դողալով:

Երկյուղով Տիրոջը ծառայե՛ք և մի՛ եղեք հրեաների պես, ովքեր լկտիությամբ Ակկարոնի Ճանճիկ [աստծուն ծառայեցին]: Եվ երկու բնությունը մեկ արեց [այսինքն՝ Աստված և մարդ միավորվելով դարձան մեկ բնություն՝ աստվածամարդ], պատվով պսակեց և երկրի տեր նշանակեց, մեծարեց իշխանությամբ, կենաց և մահու իշխանություն տվեց: Ցնծացե՛ք, քանզի Աստված է, նաև երկյուղե՛ք, որովհետև Տեր է և թափելու է իր բարկությունը բոլոր ամբարիշտ և անիրավ մարդկանց վրա:

12. Ընկալարուք զխրատ նորա՝ զի մի բարկասցի Տէր, եւ կորնչիցիք ի ճանապարհացն արդարութեան:

Ընդունեցե՛ք նրա խրատը, որ Տերը չբարկանա, որ դուք չկորչեք արդարության ճանապարհից,

Որպեսզի չբարկանա դատաստանի օրը: Խրատը նաև Ավետարանն է համարում և ասում է չկորչեք արդարության ճանապարհից, ըստ այնմ, թե ես եմ ճանապարհը և թերևս ապաշխարության է կանչում Տիրոջը խաչողներին և նրանց, ովքեր հակառակ են Ավետարանին: Նրանք, ովքեր ընդունեցին նրա խրատը, ինչպիսիք էին Տրդատն ու Կոստանդիանոսը, իսկ նրանցից առաջ՝ Աբգարը, ահով ու երկյուղով ցնծացին նրա առաջ: Իսկ ովքեր շեղվեցին արդարության ճանապարհից, հավիտենական կորստյան մատնվեցին, ինչպիսիք էին Դեկոսը, Դիոկղետիանոսը, Մաքսիմիանոսը և այլոք: Նորից ընդունեք, ասում է եբրայեցին, համբուրեք Որդուն ապաշխարությամբ, որպեսզի Հայրը չբարկանա, ինչպես որ պոռնիկը համբուրեց Հիսուսի ոտքերն արտասուքով, քանզի որտեղ զղջման արցունքներն են, այնտեղ էլ Քրիստոսի ոտքերն են:

13. Ի ժամանակի որպէս բորբոքեսցի բարկութիւն նորա:

Երբ նրա զայրույթը բորբոքված լինի:

Ինչպես որ մենք ենք նախ սրտմտության պատճառով բարկանում, ապա մարմնով բորբոքվում, այնուհետև դիմում գործնական քայլերի: Նույնն էլ Աստծո մասին է ասում. Նախ խրատում է բարկությամբ և չապաշխարելու պատճառով բորբոքվում է՝ պատժելու համար: Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնապես գա իր զորությամբ և փառքով և նրա առաջ բորբոքվի կրակը, այդ ժամանակ, ասում է Եսային. «Ո՞վ պիտի պատմի ձեզ, թե կրակը բորբոքվել է» (Ես. 33:14): Քանզի այժմ քաղցրությամբ է կանչում՝ ասելով. «Թող ինձ մոտ գան բոլոր նրանք, ովքեր աշխատել են»:

14. Երանի ամենեցուն՝ ոյք յուսացեալ են ի Տէր:

Երանի բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Տիրոջ վրա:

Արդարև երանելի են նրանք, ովքեր իրենց հույսը Տիրոջ վրա են դնում, որովհետև հույսը երբեք չի ամաչեցնում: Եվ նրանցն է հույսը, ովքեր Պողոսի նման կարողանում են ասել. «Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը» (Բ. Տիմ. 4:8):

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր տունը վաճառատան մի՛ վերածէք»:

Հաջորդ

Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանուկների հիշատակության օր

Հաջորդ
Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանուկների հիշատակության օր

Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանուկների հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.