Առակներ 7:1-7
1 Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ իմ պատուիրանները պահպանի՛ր քո մէջ: Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը եւ զօրացի՛ր եւ, բացի նրանից, ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր: 2 Որդեա՛կ, պահի՛ր իմ պատուիրանները եւ դու կապրես, պահպանի՛ր իմ խօսքերը, ինչպէս աչքի բիբը: 3 Կապի՛ր դրանք քո մատներին եւ գրի՛ր սրտիդ տախտակի վրայ: 4 Իմաստութեանն ասա՛, որ քեզ քոյր լինի, եւ խելքը թող դառնայ քո մտերիմը, 5 որպէսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից, երբ նա իր խօսքերով հրապուրի քեզ: 6 Իր տան պատուհանից աչքը ճանապարհին յառած՝ 7 նա նայում է անմիտ պատանիներին եւ թեթեւամիտ երիտասարդներին:
Եզեկիել 12:17-19
17 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 18 «Մարդո՛ւ որդի, հացդ կարօտութեա՛մբ կեր եւ ջուրդ տանջանքներո՛վ ու նեղութեա՛մբ խմիր: 19 Եւ ասա՛ այդ երկրի ժողովրդին. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմի բնակիչներին. Իսրայէլի երկրում իրենց հացը կարօտութեամբ են ուտելու, իրենց ջուրը գարշանքով են խմելու, որպէսզի իրենց երկիրն ամբողջութեամբ կործանուի, որովհետեւ նրա բոլոր բնակիչներն ամբարշտութեան մէջ են:
Հռոմեացիներ 8:12-27
12 Այսպէս ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. 13 որովհետեւ եթէ ըստ մարմնի ապրէք, կմեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կապրէք. 14 որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծոյ Հոգով, նրանք են Աստծոյ որդիներ. 15 քանի որ չստացաք ծառայութեան հոգին վերստին երկիւղի մէջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր: 16 Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ Աստծոյ որդիներ ենք. 17 եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծոյ եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ նրա չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին: 18 Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. 19 որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծոյ որդիների յայտնութեանը, 20 քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց)՝ 21 այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծոյ որդիների փառքի ազատութեանը հասնելու համար. 22 քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. 23 եւ ոչ միայն այս, այլեւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը. 24 որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ. 25 իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն համբերութեամբ սպասում ենք դրան: 26 Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով: 27 Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծոյ կամքի է բարեխօսում սրբերի համար:
Ավ. ըստ Ղուկասի 9:23-27
23 Եւ ամէնքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24 որովհետեւ ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: 25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26 որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով: 27 Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»: