Զարմանալի է ինձ քան զերգս երաժշտականաց ձայնս ողբոց քոց հնչմունք,
ո՛վ երանելի տէր Վահան` ընտրեալ յԱստուծոյ:
Զարհուրեցուցանէ քո ճգնութիւնդ զմարմնոյս բնութիւնս, իսկ դու առաւել գտար,
ո՛վ երանելի տէր Վահան, սիրո՛ղ Քրիստոսի:
Որպէս զքաջ նահատակ պատրաստեալ ի պատերազմ.
կատարեցեր զընթացս քո արիաբար յազգացն հարաւայնոյ`
դասաւորեալ ընդ անմարմնականսն,
ո՛վ երանելի տէր Վահան` Գողթնեացն իշխեցող:
(Շարակնոց)
Առաքինի նահատակ եւ քրիստոնէական հաւատի քաջամարտիկ, գեղեցիկ անուններ պտղաբերած պանծալի Վահանն ազնուական սեպուհների կարգի փառաւոր իշխան էր՝ Գողթն գաւառի տէրն ու հայոց մեծ նախարար Խոսրովի որդին: Նա ծնուել է Տիրոջ մօտ 700 թուականին եւ ապրել երանելի Սահակ Ձորափորեցի հրաշագործ կաթողիկոսի հայրապետութեան օրօք:
Այդ ժամանակներում այլազգի Մրուան ամիրապետն իր Մոհմատ Ոգբա անունով զօրավարին մեծ զօրքով ուղարկեց Հայոց աշխարհ՝ ոչնչացնելու մեր ազգը ու աւերելու մեր երկիրը: Սակայն սուրբ հայրապետի միջնորդութեամբ գութ ընկաւ նրանց զօրավարի սիրտը, եւ այդպէս մեր երկիրը փրկուեց վերահաս վտանգից, թէպէտ ժողովրդի սրտում ահ, երկիւղ եւ անհանգստութիւն մնաց:
Մի քանի տարի անց` 704 թուականին, տաճկական տէրութեան 85-րդ տարում ամիրապետ դարձաւ Մրուանի որդի Աբդլմելէքը: Նա ժամանակին վերակացու է եղել Հայոց աշխարհում եւ քանի որ սրտում ոխ ունէր մեր նախարարների հանդէպ, որոշեց նրանցից նենգութեամբ վրէժ լուծել: Երկրի վերակացութեան գործերը յանձնեց իր Կաշմ անունով զօրավարի ձեռքը, ով նստում էր Նախիջեւանում, ու մի պատգամ ուղարկեց նրան, որով պատուիրում էր առերես մեծ մարդասիրութեամբ վարուել բոլոր հայերի հետ, խաղաղութեան երդումներ տալ նրանց եւ մեծամեծ խոստումներ տալ հայոց իշխաններին, որպէսզի կարողանայ հեշտութեամբ բռնել մեր պաշտօնեաներին, զօրավարներին, հայոց զօրքին ու գլխովին բնաջնջելով՝ գրաւել երկիրը, քանզի այլ կերպ նա դժուար էր համարում յաղթել հայոց քաջերին: Համակուած այս խորհրդով՝ ամիրապետն արքունի հրովարտակներով դեսպաններ առաքեց հայոց նախարարների մօտ, ըստ որի՝ նրանցից ականաւորները պէտք է ժողովուէին մի տեղ, ինչպէս արքունի դիւանում, եւ ներկայանային Կաշմ վերակացուին: Նրանցից իւրաքանչիւրն ազգովին ազատ կոչուելու համար պէտք է անուանապէս գրանցուէր ու ըստ իրենց աւագութեան կարգի՝ ստանար զօրք, իշխանութիւն եւ պատիւ:
Իսկ երկրի իշխանները, անտեղեակ լինելով այդ նենգ դաւադրութեանն ու խաբէութեանը, ժողովուեցին Նախիջեւան քաղաքում եւ անմեղութեամբ ընկան մահուան դառը որոգայթի մէջ: Քանզի այլազգիները, նենգութեամբ վերցնելով նրանց զէնքն ու զրահները, բոլորին հաւաքեցին քաղաքի մեծ Եկեղեցում, որպէսզի այնտեղ իբր իրենց տէրութեանը հաւատարիմ մնալու երդում տան: Ապա նրանց ներսում պահելով՝ դրսից փակեցին Եկեղեցու դռները եւ այնպէս ամրացրին, որ ոչ ոք չկարողանայ դուրս գալ: Անօրէնները, հուր բորբոքելով, այրեցին Եկեղեցին ու աղօթքի տունը դաժանաբար գերեզման դարձրին: Դէպի վեր բարձրացող կրակի բոցը եւ ծուխն ունէին բաբելոնեան հնոցի նմանութիւնը: Իսկ քաջ նահատակները` հայոց նախարարներն ու ազնուականները, օրհներգելով երեք մանուկների երգը, անելանելի բանտի հնոցում Աստծուն աւանդեցին իրենց հոգիները: Այսպէս, անողորմ դաւադրութեամբ վերացաւ Հայոց աշխարհի ողջ իշխանական կազմը: Սոյն դառնաղէտ օրինակով վարուեցին նաեւ Խրամ քաղաքում. նման դաւերով հայ ազնուականների գնդին արգելափակեցին Եկեղեցում, մատնեցին հրի, եւ շուրջ եօթ հարիւր հոգի նոյն օրինակով դժնդակ վախճան ունեցաւ:
Երբ այլազգիները տեսան, որ գործը գլուխ եկաւ, ինչպէս որ ծրագրել էին, կտրեցին հնոցի ծխից շնչահեղձ եղածների գլուխները եւ ուղարկեցին երկրի վեհագոյն անձին, իսկ բնակչութեանն ահաբեկելու համար այրուածների մարմինները կախեցին փայտից: Ապա սփռուեցին ողջ երկրով մէկ, մտան սպանուածների տները, մեծ գանձեր ու աւար ժողովեցին, իսկ նրանց ընտանիքներին բռնագաղթեցին Նախիջեւան եւ Դուին: Եւ սա տեղի ունեցաւ Մեծ Զատկի տօնի օրը: Փափկասուն կեանքով ապրած գերիներին ամռանը փակեցին բանտի արգելարաններում, որոնցից շատերը մեռան, մնացածներին աշնանը Ասորիք տարան, իսկ նախարարների որդիներին եւ նրանց ընտանիքներին տարան ամիրապետի նստավայրը՝ Դամասկոսի արքունիք: Այնտեղ ուսման տուեցին բռնագաղթուած ազնուատոհմ երեխաներին, որոնցից մէկն էր մանկահասակ Վահանը: Նա չորս տարեկան էր՝ բարեշնորհ տեսքով ու սիրելի այլազգիներին: Նրանք կամեցան մանուկ հասակից Վահանին հաստատել իրենց կրօնի մէջ, որի համար թլփատեցին նրան, կոչեցին Վահաբ եւ մեծապէս հոգ տարան նրա կրթութեան համար: Ու քանի որ նա ուշիմ էր եւ ճարտար լեզու ունէր, առաջադէմ եղաւ ուսման մէջ ու իր բոլոր ուսումնակիցների մէջ այնքան վեհագոյն գտնուեց, որ երբ մեծացաւ, դարձաւ ամիրապետի դիւանադպիրը եւ արքունի դպրապետը: Խելամիտ էին նրա բոլոր խորհուրդները, ու շատ սիրելի էր աւագանուն: Սակայն մանկուց նա չճանաչեց արդարութեան ճանապարհը, այլ միայն այն գիտէր, որ ինքը քրիստոնեայ ծնողներ է ունեցել:
Մեռաւ Աբդլմելէքը, եւ ամիրապետ դարձաւ Վլիթը, որից յետոյ` Սուլէյմանը, եւ ապա Տիրոջ մօտ 717 թուականին` Օմար Երկրորդը: Սա արդարակորով ու նեղեալների հանդէպ քաղցրահայեաց իշխան էր: Հայ գերիները, տեսնելով նրա մարդասիրութիւնը, սկսեցին աղերսել նրան, որպէսզի հրաման արձակի վերադառնալ իրենց երկիրը: Վերին տեսչութեամբ գութ ընկաւ իշխանի սիրտը, եւ պաշտպանելով նրանց արդար իրաւունքը՝ գերիներին իրենց երկիրն արձակելու հրաման տուեց: Այնժամ Վահանը` Վահաբ կոչուածը, նոյնպէս կամեցաւ գնալ ու տեսնել իր հայրենիքը: Սակայն այդ ցանկութեան շարժառիթը Քրիստոսի ճշմարիտ հաւատը գտնելն էր, որը կորցրել էր մանուկ հասակից: Խնդրում էր մեծամեծներին, որպէսզի օժանդակեն իրեն այդ գործում, իսկ ինքն ամիրապետի մօտ առաջ էր բերում պատճառաբանութիւններ, համոզում էր եւ ասում. «Քանի դեռ այստեղ ամէն ինչ խաղաղ է, թո՛յլ տուր՝ գնամ իմ հայրենի երկիրը, որպէսզի ստանամ իմ հայրական ժառանգութիւնը, նաեւ գործակալներ կարգեմ երկրում եւ ապա վերադառնամ քո տէրութիւնը»: Իսկ ամիրապետը թէպէտ չէր կամենում թոյլ տալ նրա օգտակարութեան, ազնուականութեան, լաւ բնաւորութեան եւ վարքի համար, սակայն արդարադատ լինելու համար արձակեց նրան` մի հրովարտակով հանդերձ, ըստ որի՝ Վահանը, առանց որեւէ մէկի ընդդիմութեան, պէտք է վերցնէր հայրենի Գողթն գաւառը: Ապա պատուիրեց շտապ վերադառնալ ու խոստացաւ արքունիք վերադառնալուն պէս մեծամեծ պարգեւների արժանացնել: Եւ այդպէս մեծ շուքով, պատուով ու ընծաներով Վահանը եկաւ Հայոց աշխարհ եւ հասաւ իր հայրենի Գողթն գաւառը:
Այնժամ հաւաքուեցին երկրի բնակիչներն ու շատ ուրախացան՝ իրենց հայրենակից իշխան ունենալու համար: Մարդիկ ժողովուել էին նրա շուրջը, խօսում էին կատարուած դէպքերի մասին եւ հոգոց հանելով` յիշեցնում երկրին պատահած աղէտները: Իսկ Վահանը, նայելով նրանց քրիստոնէական կարգուկրօնին, լցւում էր ուրախութեամբ ու սիրայօժար կամքով օրըստօրէ հաստատւում Ճշմարտութեան ճանապարհի վրայ: Սկսեց ապաշխարել, մեծ զղջմամբ արտասուքներ հեղել եւ դառնապէս լաց լինել իր անձի փրկութեան համար: Մտքին հիւսելով սրտի խորքերից բխած խօսքեր՝ նա աղօթում էր ու ասում. «Հա՛յր երկնաւոր, մեղանչել եմ երկնքի եւ Քո առջեւ: Դու աշխարհի փրկութեան համար առաքեցիր Քո Միածին Որդուն, որպէսզի մոլորուածներին դարձնի Ճշմարտութեան գիտութեանը, ճանաչել տայ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն ու մի Աստուածութեանը, ուսուցանի երկրպագել եւ օրհնել Ամենասուրբ Երրորդութեանը ու մկրտուել Քո Ամենասուրբ անուամբ: Եւ ես, որ արժանացել էի այդ պարգեւներին, զրկուեցի երանութեան բաժնից, քանզի մանուկ հասակից այլազգիների ձեռքով ընկղմուեցի անօրէնութեան խոր անդունդների մէջ: Խոցոտեցին ինձ անգիտութեամբ գործած մեղքերս, որոնք Դու գիտես, քանզի քաջ տեղեակ ես մարդկանց բոլոր գործերին: Եւ արդ, մեղաւորս սրտիս խորքերից կանչում եմ Քեզ, ողորմի՜ր ինձ, Աստուա՛ծ, ողորմի՜ր ինձ ու ընդունիր ինձ Քո գթասրտութեամբ: Ցո՛յց տուր ինձ Քո մարդասէր շնորհների գութը, քանզի Քո ներողամտութեան քաղցրութիւնը մեղաւորներին ապաշխարութեան է դարձնում: Տէ՛ր Աստուած, Դու համբերութիւն ես տալիս տարակուսեալներին եւ կեանք` կոտրուած սրտերին, չես բարկանում իսպառ ու յաւիտեան ոխ չես պահում մարդկանց մեղքերի համար, ովքեր դիմում են Քեզ: Ես նմանուեցի անառակ որդուն եւ մերժուեցի Հայրական ծոցից, բայց Դու, Տէ՛ր, հոգուս նորոգութեան համար լուսաւորեցիր ինձ Աւազանով վերստին ծննդեամբ, որպէսզի ապրեմ ըստ Քո կամքի, մինչեւ հասնեմ Քրիստոսի հասակի չափին: Իսկ այժմ դարձել եմ առ գթառատ Հայրդ: Յիշի՛ր, որ անկատար էի հասակով, երբ մեղանչում էի անգիտութեամբ, ջնջի՛ր տգիտութեամբ գործած իմ բոլոր մեղքերն ու գթա՛ ինձ, Տէ՛ր` ըստ Քո մեծ ողորմութեան եւ քաղցրութեան: Դարձրո՛ւ ինձ իբրեւ Քո վարձկաններից մէկը ու ազատի՛ր ինձ խոզերի անմաքուր կերակուրներից: Լուա՛ եւ սրբի՛ր ինձ ապաշխարութեան արտասուքներով, որպէսզի ազատուելով մեղքերից՝ այս աշխարհում ապրեմ Քո կամքով, անարատ վարքով, ուղղափառ հաւատով ու հաստատուն մտքով փառաւորեմ անփոփոխելի Տէրութեանդ` Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Այնուհետեւ հաստատուն հաւատով, պահեցողութեամբ, աղօթքներով եւ տքնութիւններով նա հաստատուեց լուսաւոր կարգի մէջ: Չէին դադարում վտակներով հոսել ապաշխարութեան արտասուքներ, որոնք միջոց էին նրա վերստին լուացման համար եւ դարձան անգիտութեամբ գործած մեղքերից սրբուելու երկրորդ աւազան: Այնժամ, երբ իւրայինները տեսան Վահանի ողջամտութիւնն եւ ի Քրիստոս հաւատի ամրութիւնը, որոշեցին նրան մտցնել աշխարհի կարգի մէջ, որպէսզի Գողթնում իր տէրութեանը ժառանգորդ լինի, սակայն նա չէր կամենում: Հարկադրեցին մեծ թախանձանքներով եւ ամուսնացնելով` փեսայացրին սիւնեաց Բաբկէն իշխանին: Սակայն նա չթողեց աստուածպաշտութիւնը եւ միշտ հոգ էր տանում, որ աշխարհի հարստութիւնն ու փառքը իրեն չշեղեն սուրբ հաւատի ընթացքից, որ համարձակապէս կարողանայ պաշտել Աստծուն, որի համար անդադար աղօթում էր ու հաւատում Բարձրեալի ապաւինութեանը:
Այդ շրջանում վախճանուեց ամիրապետը, եւ Վահանն ազատուեց նրա պայմանը կատարելու, այսինքն՝ նրանց երկիր վերադառնալու խոստումից, սակայն կասկածում էր, որ Հայոց աշխարհում իշխանութիւն ունեցող այլազգիներից մէկը նոր ամիրապետին կը յայտնի իր քրիստոնեայ դառնալու մասին, որն այդպես էլ եղաւ. լուրը շուտով արքունիք հասաւ: Այս իմանալով՝ Վահանը որոշեց իր ընտանիքով գնալ Յունաց երկիր: Թողեց իր ողջ իշխանութիւնն ու ճանապարհի համար վերցնելով եօթ ձիաւորներ եւ փոքր-ինչ պաշար՝ տարաշխարհիկ դարձաւ:
Երբ հասան Վայոց ձոր, կինն այնտեղ թախանձելով աղաչում էր յայտնել իրեն, թէ ո՞ւր պիտի գնան: Տեղի տալով կնոջ խնդրանքներին՝ Վահանը յայտնեց, իսկ կինն էլ տեղեկացրեց իր եղբայրներին, ովքեր Սիւնեաց նախարարութիւնից էին: Սրանք իրենց ընտանիքներով շտապ հասան նրանց ու սկսեցին համոզել Վահանին, որ չհեռանայ: Կարողանալով մի կերպ համոզել՝ Վահանը հարկադրուած մէկ տարի մնաց Սիւնիքում, որն անցկացրեց բանսարկուի կողմից պէս-պէս փորձութիւնների ենթարկուելով, քանզի այլազգիները որոնում էին նրան եւ կամենում բռնել: Եւ այս բոլոր վտանգների մէջ նա հաստատուն եւ անսասան էր ի Քրիստոս: Նա քննութեան ենթարկուեց բոլոր փորձութիւնների մէջ, ու յայտնապէս ի յայտ եկաւ նրա կամքը, որն էր՝ չհեռանալ Քրիստոսի սիրուց, այլ իսպառ հեռանալ աշխարհից ու նրա ցանկութիւններից: Այնուհետեւ նա ոչ մի տեղ հանգիստ չունեցաւ: Կնոջը թողեց իր հարազատների մօտ, իսկ իրեն յանձնեց Աստծուն եւ Նրա կամքին: Իր հետ վերցնելով մի քանի զինուորներ` ծածկապէս այս ու այն կողմ էր շրջում՝ խոյս տալով թշնամիների որոգայթներից, քանզի ամիրապետին յայտնի էր դարձել, որ նա ընդունել է քրիստոնէութիւնը եւ արհամարհել իրենց կրօնը, որի համար ամենուր որոնում էին նրան ու կամենում որսալ կորստեան մատնելու համար:
Եւ այդպէս շրջում էր երանելին` հալածուելով յանուն Արդարութեան: Աստիճանաբար սպառուեցին նրա ողջ պաշարները, ու իր հետ եղողները, թողնելով իրեն, հեռացան: Բայց նա, ապաւինելով Աստծուն, յոյսը չէր կտրում, այլ բոլոր նեղութիւնները կրում էր գոհութեամբ: Աղքատութիւնից այլակերպուած՝ Վաղարշապատ քաղաքում հանդիպեց հայրապետին՝ Յովհան Իմաստասէրին յաջորդող Դաւիթ կաթողիկոսին, եւ իրենց զրոյցի մէջ յայտնեց նրան այն փորձութիւնների մասին, որոնք կրում էր պատերազմասէր դեւի կողմից: Ապա հայրապետը յորդորեց նրան գնալ դէպի անապատներն ու վանքերը եւ հետը մի գրութիւն ուղարկեց, որպէսզի այնտեղ նրան ընդունեն մարդասիրութեամբ, յատկացնեն մի տեղ, ուր կարողանայ ապրել աստուածպաշտութեամբ, պահեցողութեամբ, աղօթքներով ու ճգնակեցութեամբ:
Վահանը, յօժարութեամբ լսելով, գնաց մենաստաններից մէկը` մենակեաց ճգնաւորների վանքը, որ գտնւում էր Շիրակ գաւառում: Այնտեղ առանձնանալով՝ իր անձը մատնեց խստակրօն ճգնակեցութեան եւ զարմացրեց բոլորին: Վեց ամիս յարատեւելուց յետոյ փորձիչը դարձեալ պատերազմ սկսեց. նրա պատճառով սկսեց ահաբեկել տեղի կրօնաւորներին, ովքեր էլ բողոքեցին գաւառի տիկնոջը: Եւ նա հրամայեց. «Թող նա հեռանայ այստեղից, որպէսզի նրա պատճառով մեր եւ արքունիքի վրայ պատուհաս չգայ»: Այս հրամանն առնելով` Քրիստոսի ճգնաւոր նահատակն անտրտունջ զուարթութեամբ ուղղուեց անապատի կողմը` այլ մենակեացների մօտ: Այնտեղ Վահանը մէկ տարի ճգնեց նախկինից առաւել խստութեամբ` մէկ հանդերձով ու բոկոտն: Ըստ սաղմոսի՝ մոխիրն ուտում էր որպէս հաց, իսկ ըմպելին խառնում արտասուքով, եւ ըստ առաքեալի՝ առաւել շնորհներով էր հաստատում իր սիրտը, քան թէ կերակուրներով: Ընթերցում էր Սուրբ Գիրքը, սովորում հին ու նոր Կտակարանները եւ ծանօթանում Աստուծոյ կամքի բարեհաճութեանը: Նա հնազանդ էր ուսուցանող հայրերին, գիշեր թէ ցերեկ խոկում էր Տիրոջ Օրէնքի շուրջ ու իր անձի փրկութեան համար ոչ մի բանում զանց չէր առնում Պատուիրանների պահպանութիւնը: Եւ այդպէս օրէցօր բորբոքուելով ու վառուելով աստուածային սիրով՝ արհամարհում էր մարմնաւոր կարիքները եւ հանգիստը: Ամէն անգամ, երբ կարդում էր սաղմոսի այն տողերը, թէ՝ «Ինչպէս եղջերուն է փափագում աղբիւրի ջրին, այնպէս էլ իմ անձն է փափագում Քեզ, Տէ՛ր» [Սաղմ. ԽԱ 2], նա տենչում էր վկայական մահուան ու արեամբ մկրտութեան:
Համակուած սոյն խորհրդով՝ երանելին Աստուծոյ առաջնորդութեամբ պատրաստուեց գնալ Դամասկոսի արքունիք, այնտեղ յայտնապես վկայել Քրիստոսին եւ այլազգիների առջեւ յայտնել իր անգիտութեամբ գործած մեղքերը, որոնցով նրանց կողմից պարտութիւն էր կրել: Ուստի կամեցաւ, որ կա՛մ նրանց կողմից նահատակուի, կա՛մ էլ թոյլ տրուի պահել իր քրիստոնէական կարգն ու հաւատը: Հրաժեշտ տալով ճգնաւորներին՝ խնդրեց նրանց աղօթել իր համար եւ ճանապարհ ընկաւ:
Հասաւ մաքենացիների վանքը, որ գտնւում էր Գեղամայ լեռներում, այնտեղ հանդիպեց ուխտի առաջնորդ Սողոմոն վանահօրը ու յայտնեց իր գալստեան նպատակի եւ մարտիրոսութեան ցանկութեան մասին ու նրանից քաջալերական յորդորներ եւ խրատներ ստացաւ: Այնտեղ սուրբ Խաչի տօնին երանելի Վահանը հաղորդուեց Տիրոջ պատուական Մարմնին եւ Արեանը, ու նոյն պահին Տիրոջ կողմից մի սքանչելի տեսիլք յայտնուեց նրան. անճառելի Լոյս երեւաց բարձունքներից, ու լսեց մի ձայն, որն իրեն ասում էր. «Քաջալերուի՛ր, Վահա՛ն, որովհետեւ ներուեցին քո անգիտութեամբ գործած բոլոր մեղքերը: Կը կատարուի քո ցանկութիւնը, եւ դու վկայական մահուամբ Քրիստոսից կÿընդունես խոստացուած պարգեւները»: Վանականներից ոմանք, տեսնելով այդ Լոյսը, սքանչացան տեսիլքի անճառելիութիւնից ու փառաւորելով Աստծուն՝ մեծ սիրով եւ արտասուքներով ճանապարհեցին նրան:
Այնտեղից մեկնեց Թեղենիսի վանք, ուր մի քանի օր մնալուց յետոյ գնաց մէկ այլ՝ Սովի կոչուող վանք, որի ուխտի առաջնորդ Յովհաննէսը մեծ սիրով ընդունեց նրան ու տեղեկացաւ, որ երանելին Աստուծոյ համար գնում էր նահատակուելու այնտեղ, ուր չեն ճանաչում Քրիստոսին, որպէսզի Նրա անունը յայտնի դարձնի նրանց մէջ: Վանահայրը, սքանչանալով, իր փոխարէն, նրա հետ ուղարկեց երկու եղբայրների, որպէսզի սրանք լինեն նրա վկայական մահուան ականատեսները:
Շարունակելով ճանապարհը՝ եկան հասան Բզնունեաց գաւառի Արծկէի վանք: Ուխտի առաջնորդն էր հայր Արտաւազդը (ըստ ոմանց՝ տէր Աբրահամը), ով եղբայրների հետ ընդառաջ եկաւ Վահանին եւ նրան ընդունեց մեծ մարդասիրութեամբ: Տեղեկանալով նրա կեանքից՝ իմացաւ նրա` անգիտութեամբ ապրած տարիների, ապա քրիստոնէական դարձի ու չորս տարիների ընթացքում կրած հալածանքների եւ փորձութիւնների մասին: Իմացաւ նաեւ, թէ ինչպէս է այժմ` իր հալածանքների այս հինգերորդ տարում, Տիրոջ առաջնորդութեամբ գնում դէպի նահատակութիւն: Այս լսելով՝ վանահայրն ու միաբանները փառաւորեցին Աստծուն եւ երանի տուեցին սուրբին՝ իր բարի մտադրութեան ու սուրբ վախճանին ընդառաջ գնալու համար, քաջալերեցին եւ մխիթարեցին Սուրբ Գրքի խօսքերով ու նրան յանձնելով Տիրոջը՝ ճանապարհեցին սուրբ ողջոյններով, արտասուքներով եւ աղօթքներով: Իսկ եղբայրներից մէկը գնաց նրա հետ, որպէսզի կարիքի դէպքում սպասաւորի նրան:
Անցնելով բազում օթեւաններով՝ եկաւ հասաւ Ուրֆա քաղաքը, որպէսզի երկրպագի Քրիստոսի դաստառակի փրկչական պատկերին: Իրեն յանձնեց Սուրբ Հոգու տնօրինութեանը ու անդադար սաղմոսելով եւ աղօթելով Տիրոջը՝ եղբայրների հետ շարունակեց իր ճանապարհը, մինչեւ որ հասաւ իր նահատակութեան վայրը՝ Դամասկոս: Այդ ժամանակ ամիրապետը նստում էր Ռուծափ քաղաքում՝ Բերիայի մօտ, որ գտնւում է Համայի ու Համսայի միջեւ: Այնժամ իր հետ եկող կրօնաւորներին պատուիրեց, որ հեռանան իրենից, որպէսզի իր պատճառով նրանց եւս չբռնեն, իսկ ինքը՝ երանելի նահատակը, գալով արքունի դռան մօտ, սպասաւորներին յայտնեց իր անձը եւ իր գալստեան նպատակը:
Սրանք լսելով խիստ զարմացան ու չհաւատացին նրա խօսքերին, իսկ նա աղաչում էր, որ այդ մասին յայտնեն դպրապետին եւ միւս պաշտօնեաներին: Լուրն անմիջապէս տարածուեց, բոլորը եկան տեսնելու նրան ու խիստ զարմացան նրա աղքատ կերպարանքից, քանզի յիշում էին, թէ նա ինչպիսի անուանի եւ փառաւոր մարդ էր արքունիքում: Կարծելով, թէ նրան ինչ-որ բան է պատահել, սկսեցին հարցուփորձ անել, իսկ Վահանը յայտնեց ճշմարտութիւնն ու ասաց. «Ես Քրիստոսի համար յանձն եմ առել կամաւոր աղքատութիւնը եւ Նրա սիրոյ համար արհամարհել անցաւոր հարստութիւնը, քանզի Նա, Ով Տէր է ու Աստուած, աղքատացաւ ինձ համար, իսկ ես Նրա ողորմութեամբ սրբուեցի իմ մեղքերից: Եւ այժմ եկել եմ այստեղ, որպէսզի իմ արեան վկայութեամբ մեծացնեմ անկողոպտելի ու անանց իմ Հարստութիւնը: Արդ, աղաչում եմ ձեզ, այս ամէնը յայտնէ՛ք ամիրապետին, որպէսզի կատարուի Տիրոջ կողմից ինձ յայտնուած պատգամը»: Պալատականները, ապշելով լսածից եւ միանգամայն մոլորութիւն համարելով նրա խօսքերն ու գործերը, խրատում էին սթափուել ու սաստում էին խստագոյն սպառնալիքներով: Իսկ Վահանը բնաւ չէր երկնչում դպրապետի սպառնալիքներից, այլ հակառակը՝ նրանց անարգանքներից ցնծում էր նրա սիրտը, եւ առաւել զուարթ երես ընդունում: Դպրապետը խնայեց նրան, չյայտնեց ամիրապետին ու երեսուն դրամ տալով՝ ասաց. «Վերցրո՛ւ այս դրամը եւ հեռացի՛ր, խնայի՛ր քո երիտասարդութիւնը ու քեզ տանջանքների մի՛ մատնիր, իսկ կեանքդ՝ մահուան»: Եւ այս ասելով՝ նրան հեռացրեց արքունի դռան մօտից:
Բայց Վահանը կամենում էր որեւէ կերպ իր մասին տեղեկացնել ամիրապետին: Ելք գտնելու համար աղօթում էր Աստծուն ու ասում. «Միածին Որդի՛ Աստուծոյ, որ մոլորուած ոչխարի Հովիւ կոչուեցիր եւ գտնելով նրան՝ ուսիդ վրայ առար ու տարածելով բազուկներդ՝ հեռացած մարդկանց Քեզ մօտ ժողովեցիր: Դո՛ւ ես իմ յոյսը, Քրիստո՛ս, մի՛ լքիր ինձ եւ մի՛ թող անօգնական, այլ ընդունիր իմ պաղատանքները ու լուա՛ իմ յանցանքները Քո սուրբ Արեամբ եւ կենարար Մարմնով: Դո՛ւ, որ երկնքից իջած Մանանայ ես, Կեանք ես շնորհում աշխարհին ու Քո Հօր եւ Սուրբ Հոգու կամքով դէպի Կեանք առաջնորդում Քեզ երկրպագողներին, առաջնորդիր ինձ եւս, որպէսզի Քո Երեսի լոյսով տեսնեմ Լոյսը ու փառաւորեմ Ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ յաւիտեանս. ամէն»:
Աղօթելուց յետոյ Վահանը գնաց դահճապետի մօտ ու յայտնեց իր գալստեան պատճառը: Նա իր խօսքերի ճշմարտութիւնը հաստատելու համար նոյն բովանդակութեամբ նաեւ մի գրութիւն տուեց դահճապետին՝ ամիրապետին փոխանցելու համար: Երբ ամիրապետը կարդաց թուղթը, խիստ զարմացաւ եւ հրամայեց նրան իր մօտ բերել: Երանելուն կանգնեցրին նրա առջեւ, իսկ ամիրապետն սկսեց մեղմօրէն խօսել ու ասել. «Վահա՛բ, ինչո՞ւ ես կերպարանուել աղքատութեամբ, եւ մերկացել քո փառաւոր իշխանութիւնից: Հայոց երկիրը քեզ դրա՞ն հասցրեց»: Վահանը պատասխանեց ու ասաց. «Իմ Տէրն ինձ համար ունայնացրեց Իր Անձը՝ աղքատութեան կերպարանք ընդունելով եւ հնազանդ լինելով մահու չափ: Արդ, ինչ որ Նա կրեց ինձ համար, նոյնը եւ ես պէտք է կրեմ Նրա անուան համար»: Ամիրապետն ասաց. «Մոլեգնում ես հայոց սառնապատ լեռների դեւերից»: Վահանն ասաց. «Այն չար այսը, որը բռնել էր ինձ անգիտութեամբ ձեր չար ուսմունքն ընդունելիս, հալածուեց ինձնից, որովհետեւ խաւարը փախչում է լոյսից»: Ամիրապետն ասաց. «Ձեր իմաստուններն ասում են, թէ դեւերը, ցած ընկնելով, չար դարձան ձեզ համար: Եւ դա ճշմարիտ է, քանզի ձեզ համար չար եղան ե՛ւ այս աշխարհում, ե՛ւ հանդերձեալում, որին յուսացել էք: Արդ, մի՛ մոլորուիր, Վահա՛բ, ու մի՛ հեռացիր մեր հաւատից: Ի՞նչ եղաւ քեզ, բարիատեա՛ց մարդ, ինչո՞ւ նմանուելով մոլագարներին՝ թողնում ես քո փառաւոր կեանքը»: Ապա հրամայեց բերել ոսկէ, արծաթէ գանձեր ու շքեղ հանդերձներ եւ ասաց. «Քեզ վերցրու այս ամէնը: Կը տամ նաեւ ծառաներ, աղախիններ, ձիեր եւ ջորիներ, կը տամ իշխանութիւն որտեղ կամենաս՝ թէ՛ այստեղ, թէ՛ քո հայրենի երկրում: Յիշի՛ր մեր միջնորդին, որը երկրի վրայ մեզ իշխանութիւն ու հարստութիւն տուեց, իսկ այնտեղ՝ դրախտում, փափկութիւն պիտի տայ»: Երանելին համարձակութեամբ ասաց. «Վաղուց էի լսել քո բազմախաբ ճարտար խօսքերի եւ խորամանկութիւնների մասին, որոնցով շատերին ես որսացել ճշմարտութիւնից ու քեզ գեհենակից դարձրել կորստեան վիհում՝ ոմանց հետ ահարկու խօսքերով եւ ոմանց հետ քաղցրութեամբ, ոմանց ինչքով ու ոմանց իշխանութեամբ խաբելով եւ ուրացութեան տանելով: Այս ամէնի համար անկասկած պիտի հատուցես՝ այրուելով յաւիտենական հրում: Բայց Աստուծոյ ծառայիս չես կարող յաղթել քո չարարուեստ հնարքներով, որովհետեւ ես պարսպուած եմ Աստուծոյ երկիւղով, ամրացած գիտութեամբ՝ հաւատով ու յոյսով հանդերձ: Տեղեակ եւ հմուտ եմ Քրիստոսի սուրբ Աւետարանին ու ձեզանից առաւել քաջատեղեակ եմ ձեր իսկ առասպելաբանութիւններին: Ձեր մոլորուած վարդապետը, որին ընդունում էք որպէս պատգամաւոր եւ միջնորդ, չի վկայուած ո՛չ մարգարէների ու ո՛չ էլ այլ ազգերի կողմից, այլ միայն ձեր կողմից, այն էլ ոչ բոլորի, մինչդեռ մեր Քրիստոս Աստծուն վկայում են բոլոր ազգերը: Իսկ եթէ կամենում ես լսել իմ խօսքը, կÿասեմ՝ տո՛ւր ինձ ազատօրէն ապրել քրիստոնէական պաշտամունքով եւ այդ կարգի մէջ հաւատարմօրէն ծառայել քո տէրութեանը: Ես չեմ ցանկանում քո անցաւոր պարգեւներն ու խոստումները, քանզի այն, ինչ առաջարկում ես ինձ, ժամանակաւոր է, ապականացու եւ հոգու կորուստ: Իսկ արժանի հատուցումները բոլորս կը ստանանք Անմահ Թագաւորից, ոմանք այս կեանքում, ոմանք՝ հանդերձեալում»:
Այս խօսքերից բարկանալով՝ ամիրապետը հրամայեց երանելուն բանտ նետել ու կապել անշարժ սեանը, որի համար Վահանը լցուեց մեծ ուրախութեամբ եւ անչափ գոհացաւ Աստծուց: Ապա ամիրապետը պատուիրեց Հայոց աշխարհում իշխող իր վերակացուին, որպէսզի հետաքրքրուի նրանից ու ճշտութեամբ իմանայ նրա ծագման, հայրական պատուի եւ իրենց մօտ գալստեան պատճառի մասին:
Իսկ Քրիստոսի քաջ նահատակ Վահանը բանտում գտնուող բոլոր օրերին բնաւ չէր հոգում մարմնաւոր կարիքների մասին, այլ գիշեր թէ ցերեկ անդադար սաղմոսներով ու աղօթքներով օրհնում էր Աստծուն եւ իր կապանքների մէջ զօրանում Սուրբ Հոգու շնորհներով: Դատաւորն էլ չէր դադարում անդադար բանտ ուղարկել իրենց իմաստուններին, որպէսզի խօսեն երանելու հետ ու համոզեն յետ դառնալ Քրիստոսից, սակայն նրանք վերադառնում էին պարտուած եւ ամօթալից: Զարմանքով խոստովանում էին իրենց պարտութիւնն ու ասում, որ չեն կարողանում ընդդիմախօսել այդ անչափ իմաստուն եւ կորովի մարդուն: Այս իմանալով՝ ամիրապետը նոյնպէս զարմացաւ ու պատուիրեց ոչ ոքի չասել:
Ապա բանտ եկաւ տեղացի քրիստոնեաներից մէկը, այցելեց երանելուն, յայտնեց իր քահանայ լինելը եւ յորդորեց անձի փրկութեան համար առնել վերջին թոշակը՝ Քրիստոսի Մարմինն ու Արիւնը: Իսկ երանելին ասաց նրան. «Եթէ ունես քրիստոնէական եկեղեցիներում պաշտուող Քրիստոսի ճշմարիտ քահանայագործութեան իշխանութիւնը, կÿընդունեմ սիրով, քանզի փափագում եմ, ապա թէ ոչ, կը մկրտուեմ իմ արեամբ եւ կÿելնեմ աշխարհից ի փառս Աստուծոյ»: Քահանան զարմացաւ սուրբի զգուշութեան ու իմաստութեան վրայ եւ ըստ կարգի՝ հաղորդեցրեց նրան:
Եկաւ Ծաղկազարդի մեծ տօնը, իսկ վկան օրուայ խորհրդածութիւններով օրհնում էր Աստծուն: Ապա մօտեցաւ բանտապետին, հրաժեշտ տուեց նրան ու զուարթ սրտով ասաց. «Մնա՛ս խաղաղութեամբ, քանզի դու սիրով ընդունեցիր ինձ»: Իսկ բանտապետը զարմանալով ասաց. «Ի՞նչ լաւ բան արեցի ես քեզ: Աստծուց տրուած լուսաւոր շնորհ է երեւում քո մէջ, քանզի դու, արդարեւ, յուսալով Տիրոջը, ատեցիր մարմնի հանգիստը եւ սիրեցիր դառնաղէտ փորձութիւններն ու տանջանքները: Եւ այժմ ինձ հրաժեշտ ես տալիս ու ասում խօսքեր, որոնք չէի լսել»: Սուրբն ասաց նրան. «Թող վարձատրի քեզ երախտիքներ Հատուցողը, իսկ ես վաղը սրով պիտի փոխուեմ Նրա մօտ, Ում փափագում եմ»:
Եւ եղաւ ըստ երանելու մարգարէութեան, քանզի հետեւեալ օրը հիւսիսային կողմերին տիրող իշխանից, այսինքն՝ Հայոց աշխարհի վերակացուից, հրովարտակ եկաւ ամիրապետին: Նա տեղեկութիւններ էր հաւաքել Վահան Գողթնացուց ու իմացել, որ նա խելամիտ եւ իմաստուն մէկն է, ունի բարետոհմիկ ծագում, տեղացի է, այլ ոչ թէ օտարական, ու արքունիք է եկել, որպէսզի կա՛մ իր հայրենի երկրում քրիստոնէութիւնը պաշտելու համար իրեն իշխանութիւն եւ ազատութիւն տրուի, կա՛մ էլ Քրիստոսի համար ընդունի մահը: Ամիրապետն ապշեց այս տեղեկութիւնից ու հրամայեց իր առջեւ բերել առաքինի նահատակին: Նա սկսեց խօսել՝ ասելով. «Ի՞նչ կÿասես այժմ, արդեօք չթողեցիր քո յամառութիւնը»: Երանելին պատասխանեց. «Ճշմարտութիւնը մէկն է ու իր մէջ ստութիւն չի պարունակում: Սուրբ Գրքի ուսմունքը բացել է հոգուս աչքերը, եւ ես ճանաչել եմ ձեր մոլորութիւնը, որով որսացիք դուք ինձ իմ մանկութիւնից: Բայց այժմ ինձ ոչինչ չէք կարող անել, քանզի ո՛չ փառքը, ո՛չ պատիւը, ո՛չ պարգեւները, ո՛չ հարստութիւնը, նաեւ ո՛չ տանջանքները, ո՛չ բանտն ու կապանքները, ո՛չ հուրը, ո՛չ սուրը եւ ո՛չ էլ տեսակ-տեսակ հնարքները չեն կարող ինձ հեռացնել Քրիստոսի սիրուց, Ով յիշեց ինձ Իր ողորմութեամբ, ներեց մանկութեան ժամանակ իմ անգիտութեամբ գործած մեղքերը ու Իր քաղցրութեամբ դարձրեց ինձ խաւարից դէպի Լոյս եւ անգիտութիւնից աստուածգիտութեան: Ինչո՞վ կարող եմ հատուցել Տիրոջն Իր այդքան մեծ ողորմութիւնների համար, եթէ ոչ ընդունելով մահուան բաժակն ու փառաւորելով Նրան Իր թշնամիների առջեւ»:
Ամիրապետն այնքան բարկացաւ, որ հրամայեց անմիջապէս վերջ տալ նրա կեանքին: Ներկայ իշխանաւորներն աղաղակելով պահանջում էին, որ անյապաղ իրականացնեն մահավճիռը, որպէսզի նրա կողմից եւս մէկ անգամ չհայհոյուի իրենց հաւատը, քանզի նա խօսում էր մեծ իմաստութեամբ եւ չէին կարողանում ընդդիմանալ նրա խօսքերի զօրութեանը: Ապա ամիրապետը դահճապետին հրամայեց նրան կառափնարան տանել, այնտեղ մէկ անգամ եւս փորձել ուրանալ տալ նրա հաւատը, իսկ մերժելու դէպքում անմիջապէս սպանել:
Երանելին մեծ ուրախութեամբ էր գնում դէպի մահը: Նա սաղմոսում էր ու ասում. «Դէպի Քեզ եմ բարձրացնում աչքերս, Տէ՛ր, որ բնակւում ես երկնքում»: Նրան հետեւում էր ժողովրդի բազմազգ բազմութիւն, որպէսզի տեսնէր նրա նահատակութիւնը: Երբ հասաւ կառափնատեղի, սուրբը ձեռքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Գոհանում եմ Քեզանից, Տէ՛ր, որ չանտեսեցիր իմ ամէնօրեայ արտասուքներն ու հառաչանքները եւ արժանացրիր մեռնել Քո սուրբ եւ ահաւոր անուան համար: Արդ, յիշի՛ր ինձ, Տէ՛ր, Քո մարդասիրութեամբ ու ողորմի՛ր ինձ: Արժանի արա Քո սիրելիների հետ մտնել անվախճան Կեանք եւ ամաչեցրու պարծենկոտ բռնաւորին՝ իր գործակիցներով հանդերձ: Ամուր ու անշարժ պահիր Եկեղեցու մանուկներին հաստատուն Վէմի վրայ եւ արժանաւորիր ըստ Քո երկնաւոր կոչման ճանապարհուել դէպի յաւիտենական, անվախճան Կեանք ու լոյսի որդիների հետ փառաւորել Ամենասուրբ Երրորդութեանդ: Եւ թող նրանց հետ ես էլ արժանի լինեմ միշտ օրհնելու Քեզ այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: Իսկ դահճապետը, մերկացնելով սուրը, ասաց Վահանին. «Ահա եկաւ եւ հասաւ քո դառը մահուան օրը, բայց եթէ կամենաս` նորից կեանք գտնելու օրը»: Սուրբն ասաց. «Ընտրում եմ Քրիստոսի համար մահը եւ ոչ թէ անցաւոր ու ապականացու այս կեանքը»: Այնժամ կտրեցին երանելու գլուխը:
Այսպէս 38 տարեկան հասակում նահատակուեց փառաւոր իշխանը՝ Գողթն գաւառի տէր սուրբ Վահանը: Սա տեղի ունեցաւ Տիրոջ 738 կամ 739 թուականին Դամասկոսի մօտ գտնուող Ռուծափ քաղաքում, ապրիլի 14-ին՝ սուրբ Զատկի երկուշաբթի օրը, իններորդ ժամին: Նրա նահատակութեանը ներկայ եղող քրիստոնեաները օրհնում էին Աստծուն, բայց նրանցից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ սուրբի մարմնին, որովհետեւ վախենում էին ամիրապետից: Իսկ այդ գիշեր մի ահաւոր տեսիլք զարհուրեցրեց ամիրապետին, որի համար հետեւեալ օրը նրա հրամանով ներքինապետը քրիստոնեաներին թոյլ տուեց վերցնել Վահանի մարմինը: Անմիջապէս հաւաքուեց քրիստոնեայ տղամարդկանց ու կանանց բազմութիւն եւ, որքան հնարաւոր էր, սկսեցին հաւաքել սուրբի արեան ամէն մի կաթիլը: Բայց քանի որ այդ քաղաքում չկային հայազգիներ, այլ միայն հռոմէացիներ, ասորիներ ու նեստորականներ, սուրբի մարմնի համար վէճ եւ հակառակութիւն ծագեց նրանց միջեւ: Բայց քիչ անց խաղաղուելով՝ իւրաքանչիւրը, մի մաս վերցնելով վկայի սուրբ արիւնից ու հանդերձներից, օրհնում էր Աստծուն, իսկ մարմնի նշխարները պահելով մի տեղ՝ սպասում Աստուծոյ տեսչութեանը: Սակայն արքունի զինուորներից մի հռոմէացի քրիստոնեայ, ում անունը Թէոփիլոս էր, գիշերը չորս հոգու հետ գողացաւ սուրբի նշխարները եւ տարաւ իր սենեակ: Նոյն գիշեր քաղաքի եպիսկոպոսին տեսիլքով յայտնուեց, թէ ինչ արեց Թէոփիլոսը, որը պատմեց բոլորին: Այս իմանալով՝ հաւաքուեցին քրիստոնեաները, որպէսզի որոշեն, թէ ինչ անեն: Ապա միախորհուրդ կերպով պատուական գանձը բերեցին Եկեղեցի եւ որոշեցին սուրբ Վահանի անուամբ վկայարան կառուցել:
Կար մի մերձիմահ հիւանդ, ով առողջանալու համար աղաչում էր իրեն տանել ու մօտեցնել սուրբի նշխարներին: Երբ մօտեցրին, նա նոյն պահին բժշկուեց իր ցաւերից, վեր կացաւ, օրհնեց Աստծուն եւ իր ոտքով գնաց իր տուն: Տեսնելով նրան՝ բոլորը փառաւորեցին Աստծուն ու աւելի նախանձախնդրօրէն եւ առաւել պերճաշուք գեղեցկութեամբ կառուցեցին սուրբի հանգստարանը:
Կար նաեւ մէկը, ով, բարձրաբերձ պատի վրայից սայթաքելով, վայր ընկաւ: Բոլոր տեսնողները կարծելով, թէ նա մեռաւ, աղաղակեցին: Իսկ նա ողջ եւ առողջ էր մնացել, ու ոչ մի տեղը չէր վնասուել: Նա ոտքի կանգնեց եւ ասաց. «Ահաւասիկ կենդանի եմ ու առանց վնասուածքների, քանզի յայտնապէս տեսայ Աստուծոյ վկային՝ Վահանին, ով իմ սայթաքելու պահին բռնեց ինձ եւ ցած իջեցրեց»:
Եւ տեսնելով ու լսելով հրաշք հրաշքի վրայ` ամէնքը փառաւորում էին Աստծուն: Կառուցեցին սուրբի վկայարանը, շքեղութեամբ զարդարեցին Եկեղեցին, ուր սուրբ եւ փառաւորուած նահատակների կարգով տեղափոխեցին Քրիստոսի հրաշագործ վկային: Եւ այդ վայրում սուրբ Վահանի բարեխօսութեամբ բազում հիւանդներ պէս-պէս ցաւերից առողջութիւն էին ստանում:
Աղբյուր՝ shavigh.am