Հուսահատների առաջնորդը Սադայելն է, որը ջանում է մարդկանց գցել հուսահատության մեջ, որպեսզի տանի նրանց դեպի անդառնալի հավիտենական կորուստ: Քանզի, եթե մեկը մեղանչի, հնարավոր է, որ զղջմամբ ետ դառնա և թողություն գտնի՝ հուսալով Աստծո ողորմությանը, իսկ ովքեր հուսահատվում են, հակառակվում են Աստծո ողորմությանը, դրա համար դևերի նման միշտ անզեղջ են մնում: Այդ իսկ պատճառով դևերը տեսնում են, թե որոնք են նեղության մեջ, և նրանց միտքն են գցում տեսակ-տեսակ հուսահատ մտածումներ, որոնք ո՛չ եղել են, ո՛չ կարող են լինել: Մտածել են տալիս նաև, որ հնարավոր է քեզ համար անհնարինը, և դրանով իսկ ծանր բեռներով բեռնավորվելու մտածումներով ընկճում են փորձվողների միտքը, որպեսզի անդարձ հուսաբեկ անեն: Այս պատճառով, հարկավոր է, որ ամենքը արթուն և զգաստ մնան, չանսան դևերի թելադրանքին, ապավինեն Աստծուն և արիաբար տոկան նեղությունների մեջ: