Սոփոնիա 3.19-20
19 Ահա թէ ինչ կանեմ քեզ համար այն ժամանակ. կփրկեմ ճնշուածին, մերժուածին կընդունեմ եւ նրանց պանծալի ու հռչակաւոր կդարձնեմ ամբողջ աշխարհում: 20 Նրանք կամաչեն ե՛ւ այն ժամանակ, երբ բարիք կանեմ ձեզ, ե՛ւ այն ժամանակ, երբ կընդունեմ ձեզ, որովհետեւ անուանի եւ պանծալի կդարձնեմ ձեզ երկրի բոլոր ազգերի մէջ՝ ձեր աչքերի առաջ փոխելով ձեր գերութեան վիճակը»,– ասում է Տէրը:
նթացիներ 10.3-6
3 որովհետեւ թէպէտ եւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատառումներից մղուած չէ, որ պայքարում ենք 4 (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ, այլ Աստծոյ կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). 5 քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծոյ գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6 եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինել ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի:
Ավ. ըստ Մատթեոսի 10.23-33
23 Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կփախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք՝ նախքան մարդու Որդու գալը: 24 Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը: 25 Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը: 26 Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: 32 Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: 33 Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է: