Որ լուսով աստուածային Բանին զարդարեցեր զԵկեղեցի.
եւ զխաւարն անգիտութեան հալածեցեր յոգւոց մարդկան.
ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:
Որ զհամագոյ բնութիւն` միասնական Երրորդութեանն
յայտնեցեր եկեղեցւոյ խոստովանել միութիւն,
ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:
Որ զփրկական տնօրէնութիւն մարդացելոյն
վասն մեր ուսուցեր մի յերկուց նոր խառնումն սքանչելի.
ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:
(Շարակնոց)
Սուրբ վարդապետներից գերագոյնը եւ հայրերից Աստծուն մօտ կանգնած, հաւատի հաստատութեան սիւն ու ուղղափառների պարծանք Գրիգոր Աստուածաբանը երկրորդ Կապադովկիայի Նազիանզ քաղաքից էր՝ նախկին Դիոկեսարիա քաղաքից: Ազգութեամբ յոյն էր, ծնուել է Դ դարի սկզբներին: Նրա մայրը հաւատով քրիստոնեայ ու յոյժ բարեպաշտ կին էր, որի անունը յունարէն Նոննա էր, իսկ հայերէն՝ Նունի: Հայրն էլ, որի անունը նոյնպէս Գրիգոր էր, ով յետոյ որդուց տարբերուելու համար Գրիգորիոս կոչուեց, յարում էր հելլէնական հեթանոս աղանդներից մէկին, որի անդամները սնոտիապաշտներ էին, պատւում էին կրակն ու ճրագը եւ արհամարհելով կուռքերին՝ դրանց պաշտամունք ու զոհաբերութիւններ չէին մատուցում: Նրանք ճանաչում էին մի բարձրեալ աստուծոյ, որի համար «բարձրելապաշտներ» էին կոչւում: Ունէին ինչ-ինչ ընդհանրութիւններ հրէական աղանդի հետ, այսինքն՝ պահում էին շաբաթ օրերը, խտրութիւն էին դնում կերակուրների միջեւ, սակայն մերժում էին թլփատութիւնը:
Գրիգորիոսը, երկար տարիներ ապրելով այդ մոլորութեան մէջ, երբ աւելի քան յիսուն տարեկան էր, վերին տւչութեամբ ընդունեց քրիստոնէական հաւատը, որն այսպէս եղաւ: Նրա կինը՝ բարեպաշտ Նունին, յարատեւ աղօթքներով ու արտասուքներով Աստծուց դարձ էր խնդրում ամուսնու համար, անդադար յորդորում էր նրան հեզ խօսքերով, բայց աւելի շատ՝ իր բարի վարքի օրինակով, եւ այդպէս ամուսնու մէջ կամաց-կամաց սէր բորբոքուեց քրիստոնէութեան հանդէպ: Մի օր նա մի զարմանալի տեսիլք տեսաւ: Գիշերուայ քնի մէջ նրան թուաց, թէ երգում է իրեն անծանօթ սաղմոսի այս տողերը. «Ուրախանում էի, երբ ինձ ասում էին՝ գնանք Տիրոջ տուն»: Այս խօսքերից լոյս ծագեց նրա սրտում, բոցավառուեց նրա սիրտը ու ցանկացաւ քրիստոնեայ դառնալ: Երբ արթնացաւ տեսիլքից, այն պատմեց իր կնոջը, ով մեծապէս ուրախ եղաւ եւ թախանձեց ամուսնուն անփոյթ չգտնուել ու չարհամարհել Աստուծոյ հրաւէրը: Եւ Գրիգորիոսը, հաստատուելով այդ խորհրդի մէջ, իր անձը պատրաստեց մկրտութեան:
Պատահեց, որ այդ օրերին Նազիանզ քաղաքով պէտք է անցնէին Նիկիայի սուրբ ժողովին մասնակցող եպիսկոպոսները: Նրանց մէջ էր Կեսարիայի սուրբ Ղեւոնդիոս եպիսկոպոսապետը, ում հովւութեան ներքոյ էր գտնւում նաեւ Նազիանզ քաղաքը: Գրիգորիոսը դիմեց նրան ու յայտնեց սուրբ մկրտութեան խորհրդին մօտենալու իր ցանկութեան մասին: Եպիսկոպոսապետն ուրախացաւ, եւ մկրտելու համար նրան հաստատեցին երախայութեան կարգի մէջ 1 Նոյն օրերին այդտեղ ժամանեցին նաեւ մեր երանելի Արիստակէսը, ով, ի դէմս սուրբ Լուսաւորչի, պէտք է մասնակցէր ժողովին, Մեծն Յակոբ Մծբնայ հայրապետը, Եդեսիայի Եւթաղէ եպիսկոպոսն ու Պարսից Յովնան եպիսկոպոսը: Նրանք բոլորը, ներկայ գտնուելով Գրիգորիոսի մկրտութեան արարողութեանը, տեսան, որ երբ նա դուրս եկաւ ջրից, լոյս էր փայլատակում նրա շուրջբոլորը: Մի այլ բարեխորհուրդ նշան եւս երեւաց այդտեղ. երբ կատարւում էր մկրտութեան կարգը, որն ընթանում էր սուրբ Ղեւոնդի եւ Նազիանզի եպիսկոպոսի գործակցութեամբ ու այլ եպիսկոպոսների մասնակցութեամբ, անակնկալ կերպով մտքի յափշտակութեամբ սկսեցին խօսել նրա քահանայական եւ եպիսկոպոսական ձեռնադրութեան մասին: Իսկ երբ սթափուեցին, ասացին՝ դա ոչ թէ մեզ թուաց, այլ ըստ հաւաստի յայտնութեան՝ քիչ անց նա պիտի հասնի եպիսկոպոսական աստիճանի, որը եւ եղաւ, քանզի երկու տարի անց վախճանուեց Նազիանզի եպիսկոպոսն ու նրա փոխարէն Գրիգորիոսը՝ Գրիգոր Աստուածաբանի հայրը, նոյն Ղեւոնդ պատրիարքի կողմից եպիսկոպոսական ձեռնադրութիւն ընդունեց:
Իսկ Գրիգոր Աստուածաբանի ծնունդը եղաւ իր հօր քրիստոնէութեան դարձի սկզբում: Նրա բարեպաշտ մայրը միշտ խնդրում էր Աստծուն իրեն արու զաւակ պարգեւել՝ խոստանալով նրան ընծայել Պարգեւատուին եւ նուիրել Տիրոջ տաճարի ծառայութեանը կամ մենակեցութեան ուխտին: Երկար ժամանակ յարատեւ պաղատելով` մի անգամ մայրն անուրջի մէջ տեսաւ այն մանկանը, որին պէտք է ունենար: Անուրջը տեւեց այնքան, մինչեւ մտքի մէջ պայծառ ձեւաւորուեցին նրա կերպարանքն ու առաքինազարդ բարեմասնութիւնները: Իմացաւ նաեւ նրա անունը, որ պէտք է Գրիգոր լինէր: Ըստ տեսիլքի՝ ամէն ինչ կատարուեց. մանուկն աճում էր՝ կրթուելով աստուածպաշտութեամբ: Երբ մեծացաւ, մայրը նրան յայտնեց Աստծուն ընծայելու իր ուխտի մասին, իսկ Գրիգորը յօժարութեամբ յանձն առաւ լսածը, որովհետեւ ամէն բանում նա հնազանդ էր իր քրիստոսասէր ծնողի հոգելից խրատներին:
Եւ մինչդեռ փոքր էր, երազում տեսաւ երկու պարկեշտ կոյսերի, ովքեր կային իր առջեւ լռութեամբ եւ խոնարհութեամբ՝ աչքերը գետնին յառած: Գրիգորը հարցրեց նրանց. «Ովքե՞ր էք դուք»: Նրանցից մէկն ասաց. «Ես սրբութիւնն եմ», իսկ միւսը՝ «Ես պարկեշտութիւնն եմ», եւ յորդորեցին նրան նմանուել իրենց: Նրանք ասացին. «Մենք սիրելի ու հարազատ ենք երկնաւոր Թագաւորին, եւ ովքեր նմանւում են մեզ, նրանց զարդարում ենք լուսեղէն զգեստներով ու կանգնեցնում աստուածութեան Աթոռի առջեւ»: Այս ասելով՝ նրանք հեռացան: Գրիգորն արթնանալով սկսեց մտածել հրեշտակային առաքինութիւնների պատուի մասին եւ ցանկացաւ դրանք անթերրի կերպաւորել իր անձում: Հասակ առնելուն զուգընթաց, երբ իր մէջ առաջ էին գալիս ընդդէմ սրբութեան ու պարկեշտութեան չար խորհուրդներ, նա յիշում էր այդ տեսիլքը եւ հոգու անդորր գտնում: Օրըստօրէ այնքան էր քաղցրանում առաքինութեան ճանապարհը նրա առջեւ, որ նա ոչինչ էր համարում բոլոր երկրաւոր վայելչութիւններն ու ինչպէս դառը դեղից՝ խորշում էր ճոխ կերակուրներից, հանդերձներից, բոլոր զուարճութիւններից եւ իր հասակակիցների բոլոր զբաղմունքներից:
Գրիգորն ունէր մի եղբայր ու մի քոյր՝ Կեսարիոսը եւ Գորգոնիան, ովքեր իր նման մեծացան բարեպաշտ վարքով, սակայն Գրիգորն անհամեմատ վեր գտնուեց նրանցից: Նա իր մատաղ հասակում նրանց համար առաքինութեան ու երկիւղածութեան սքանչելի օրինակ էր: Բարեպաշտ մայրը շատ յաճախ Գրիգորի ձեռքն էր դնում սուրբերի վարքագրութիւնները եւ պատմելով սուրբ նահապետների պատմութիւնները՝ յորդորում էր հետեւել նրանց աստուածահաճոյ ընթացքին: Այդպէս մանուկ Գրիգորն անյագ փափագով առաջադիմում էր սուրբ գրքերի ուսման մէջ ու հոգու զմայլանքով խորամուխ լինում դրանցում:
Երբ պատանի դարձաւ, կամեցաւ ուսանել նաեւ ներքին ու արտաքին իմաստութիւնները: Եւ քաղաքում չգտնելով մէկին, որից կարողանար ուսանել, որոշեց գնալ կրթութեան կենտրոններ: Համոզելով ծնողներին՝ մեկնեց նախ Կապադովկեան Կեսարիա, իսկ ժամանակ անց մի քանի իր ուսումնակիցների հետ ուղղուեց դէպի Պաղեստինեան Կեսարիա: Այնտեղ մնալով Թեսպէս անունով մի մեծանուն հռետորի մօտ՝ կարճ ժամանակում ձեռք բերեց մեծ գիտելիքներ, սակայն ձգտելով առաւելագոյնին՝ տեղափոխուեց Ալեքսանդրիա, որտեղ գիտական դպրոցն առաւել հռչակաւոր էր: Եւ երբ այնտեղ եւս մեղուաջան աշխատասիրութեամբ իմաստութեան մեծ պաշար ամբարեց իր անձում, այնուհետեւ տենչաց հասնել Աթէնք, որը համարւում էր իմաստութեան մայրաքաղաք ու իմաստասէրների վայր:
Շտապ այնտեղ հասնելու փափագով չսպասեց նաւարկութեան համար բարենպաստ եղանակի, այլ ոչ բարեխառն եղանակին շտապեց նաւ նստել: Եւ ահա ծովում յանկարծակի փոթորիկ սկսուեց, ու նաւը վտանգի ենթարկուեց: Բոլոր նաւորդները կտրեցին ապրելու յոյսը եւ սկսեցին բարձրաձայն ողբալ իրենց կորստեան համար:
Իսկ Գրիգորը ոչ այնքան մահից, որքան հոգու վտանգից էր զարհուրում, վախենում էր մեռնել առանց լուացուելու սուրբ Աւազանով եւ կորստեան մատնուել: Ըստ ժամանակի սովորութեան, որն արմատացած էր շատերի մօտ, նա եւս ցանկանում էր մկրտուել երիտասարդ տարիքում: Այդ պատճառով արտասուքներ հոսեցնելով՝ ողբում էր դառնագին, աղաղակում էր Տիրոջը ու ասում. «Մինչ սպասում էի կենդանի Ջրին, ժամանեց ինձ մահառիթ ջուրը: Թող ինձ չընկղմեն ծովի ջրի կորստաբեր հոսանքները, մինչեւ չլուացուեմ սուրբ Աւազանի կենարար Ջրով»:
Եւ այնպիսի աղիողորմ ձայն բարձրացրեց, որ նաւորդներն ու նաւաստիները, մոռանալով իրենց, սկսեցին կարեկցել Գրիգորին ու հարցնել նրա ողբի պատճառը: Իսկ նա պատասխանելու փոխարէն առաւել ողբագին ձայնով էր աղաղակում Նրան, Ով միայն կարող է սքանչելագործել: Իր խնդրանքներում յիշատակում էր Աստուծոյ հրաշագործութիւնները Եգիպտոսում ու Կարմիր ծովում եւ ասում. «Տէ՛ր, կարող ես եւ այժմ, փրկի՛ր մեզ, ինչպէս կամենում ես»: Նաեւ խոստացաւ վտանգից ազատուելու դէպքում չյետաձգել իր մկրտութիւնը, բոլորանուէր ընծայուել Կեցուցչին՝ մերկանալով աշխարհից ու կրօնաւորութեամբ ծառայել Տիրոջը, ինչպէս որ ուխտել էր իր մայրը:
Ծովի ալեկոծութեան այս դէպքը տեսիլքով յայտնուեց Գրիգորի ծնողներին, որի համար նրանք եւս աղաղակեցին Աստծուն: Նրանց եւ Գրիգորի աղօթքները լսելի եղան: Եւ ահա նաւավարներից մէկը, ով Գրիգորի մտերիմն ու սիրելին էր, տեսաւ, որ նրա բարեպաշտ մայրը՝ Նունին, համարձակ մտնելով ծովը, քայլեց ջրերի վրայով, բռնեց նաւից եւ ցամաք հանեց: Ու մինչ Գրիգորին պատմում էր տեսիլքի մասին, այն անմիջապէս իրականացաւ. անակնկալ պահին ծովը հանդարտուեց, եւ նրանք խաղաղութեամբ հասան Հռոդոս կղզի: Այս տեսնելով՝ նաւում գտնուող անհաւատները խոստովանեցին, որ միայն քրիստոնեաների Աստուածն է Փրկիչ եւ Օգնական, ու նրանցից շատերը հաւատացին Քրիստոսին:
Ապա նաւարկելով մեղմ հողմով՝ Գրիգորը հասաւ Աթէնք, ուր երկար տարիներ ուսումնասիրելով հելլէնական իմաստասիրութիւնը՝ իր անձում գիտական մեծ պաշար հաւաքեց: Այնտեղ եկաւ նաեւ Բարսեղ Կեսարացին, ով եւս ուսումնառութեան նպատակով շրջում էր Բիւզանդիայում ու միւս քաղաքներում: Նրանք երկուսով եղան մի սիրտ եւ մի հոգի՝ միմեանց հացակից ու բնակակից: Ձեռք ձեռքի տուած՝ դարձան արտաքին իմաստութեան քաջ գիտակներ, խրատ եւ օրինակ եղան իրենց ընկերներին, առաւել առաջադէմ եղան աստուածպաշտութեան, քան թէ արտաքին գիտութիւնների ուսման մէջ: Իբրեւ մենակեացներ՝ նրանք կենցաղավարում էին պահեցողութեամբ եւ աղօթքներով, ընթանում անարատ վարքով ու իրենց կրթում Սուրբ Գրքի ընթերցուածքներով, որի համար սքանչելատես եւ զարմանալի էին բոլոր աթէնացիների համար: Նրանց իմաստութեան ու առաքինութեան համբաւը տարածուեց ողջ Հելլադայում եւ հեռաւոր վայրերում, ու բոլորն ասում էին, թէ Աթէնքում չգտնուեց մէկը, ով իր կատարեալ առաքինութեամբ եւ դրան զուգահեռ կատարեալ գիտութեամբ նման լինէր Գրիգորին ու Բասիլիոսին 2
Այդ օրերին՝ Տիրոջ 354 կամ 355 թուականին, ուսումնառութեան համար Աթէնք եկաւ Մեծն Կոստանդիանոսի եղբօրորդին՝ երիտասարդ Յուլիանոսը՝ ստահակ եւ չարանենգ մէկը: Տեսնելով նրա ընթացքն ու վարքը՝ Գրիգորը կանխազգաց այն չարիքները, որ նա պիտի անէր իր թագաւորելուց ոչ քիչ անց, որի մասին յայտնեց նաեւ իր ուսումնակիցներին՝ ասելով. «Աւա՜ղ, ինչպիսի՛ չար կորիւն է սնուցում հռոմէական ինքնակալութիւնը, սակայն տայ Աստուած, որ սուտ դուրս գան իմ բերանից ելած խօսքերը»:
Սրանից յետոյ՝ Տիրոջ 355 կամ 356 թուականին, Բարսեղը որոշեց հեռանալ Աթէնքից, որովհետեւ այնտեղ չգտաւ այն, ինչ կարծում էր, եւ չյագեցաւ կատարեալ իմաստութեան հասնելու իր ծարաւը: Գրիգորը յոյժ տխրեց նրա մեկնելու համար, փորձեց մեծ ջանքերով պահել նրան, սակայն չկարողացաւ: Ապա միմեանց խոստացան դարձեալ հանդիպել, միաբան հրաժարուել աշխարհից ու անապատի մենակեացների օրինակով Աստծուն ծառայելով՝ առանձնական կեանք վարել: Բաժանուելուց յետոյ ամէն օր նրանք հառաչանքներով յիշում էին միմեանց: Գրիգորը կամենում էր շուտ հասնել Բարսեղին, սակայն աթէնացիներն ու Գրիգորի ուսումնակիցներն աղաչում էին նրան մնալ իրենց մօտ, որովհետեւ բոլորին ցանկալի էր վայելել նրա իմաստութեան պտուղները եւ տեսնել նրա հրեշտակային վարքը: Կամենալով խափանել նրա որոշումը՝ անդադար համոզում էին նրան ընդունել աթէնացիների իմաստութեան Աթոռը ու լինել վարդապետ Արիսպագում:
Գրիգորը տեսնելով, որ արգելում են իրեն հեռանալ, միառժամանակ լռեց, ապա ժամանակ անց մի պատրուակով խոյս տուեց Աթէնքից եւ ուղղուեց դէպի Կոստանդնուպոլիս, ուր գտաւ իր Կեսարիոս եղբօրը, ով կրթութիւն ստանալու նպատակով նոր էր եկել Ալեքսանդրիայից: Ապա ծնողների թախանձանքով գնաց իր հայրենի քաղաքը՝ Նազիանզ, ուր, ինչպէս ասում են, նախ իր հօրից՝ Գրիգորիոս եպիսկոպոսից, մկրտութիւն ընդունեց եւ ապա շտապ հեռացաւ բոլորից ու առանձնացաւ անապատում: Սակայն նրա ծնողները շուտով յետ բերեցին նրան եւ միառժամանակ արգելեցին հեռանալ իրենցից, ինչպէս որ Բարսեղին՝ իր իւրայինները:
Այսպէս Գրիգորը, մնալով ծնողների մօտ, խնամում էր նրանց իրենց ծերութեան մէջ ու միաժամանակ անխոնջ կերպով զբաղւում հոգեւոր կրթութեամբ եւ Սուրբ Գրքի վերծանութեամբ: Բոլոր նրան տեսնողները զարմանում էին, որովհետեւ իր հայրական տան գործերով զբաղուածութեան հետ մէկտեղ նա ունէր մենակեացների կատարեալ հանդարտութիւն, բնակակից էր մարդկանց, սակայն նրա քաղաքացիութիւնը երկնքում էր, որովհետեւ իր մէջ ուխտել էր ամենուր ապրել ինչպէս անապատում ու հոգու կարիքները ամէն բանում նախապատիւ համարել մարմնի կարիքներից, զգոյշ պահել իր անձն աշխարհի բոլոր պատրանքներից, միշտ վերինը խորհել, չդատարկաբանել, չերդուել, որեւէ մէկին չերդուեցնել, երբէք անգործ չմնալ, այլ գիշեր-ցերեկ ուսանել Սուրբ Գիրքը: Եւ առաքինասէր վարքով ամբողջովին միաւորուելով Աստուծոյ հետ՝ բազում անգամներ գիշերային տեսիլքներում յայտնապէս տեսնում էր Քրիստոսին եւ ընտանեբար խօսակցում Նրա հետ:
Այդ ժամանակներում՝ Կոստանդիանոսի որդի Կոստանդի թագաւորութեան տարիներին, զօրացել էին արիոսականները, եւ Գրիգորի հայրը՝ Նազիանզի Գրիգորիոս եպիսկոպոսը, զինուեց ընդդէմ նրանց՝ օգնականութիւն գտնելով իր որդուց, ով Աստծուց տրուած կատարեալ իմաստութեամբ ու ճշմարիտ աստուածաբանութեամբ յաղթում եւ յետ էր դարձնում մոլորուածներին: Արիոսականները տեսնելով, որ իրենց մոլորութիւնը յանդիմանւում է ուղղափառների կողմից, որոշեցին մի տառի փոփոխութեան միջոցով որսալ տգէտներին ու գիտուններից շատերին: Քանզի պատճառ բռնելով, թէ բոլոր խռովութիւններն առաջ են գալիս «ՀmooՅsioj» բառի պատճառով, որը նշանակում է «համագոյ», այն փոխարինեցին «ՀmioՅsioj» բառով, որը նշանակում է «նմանագոյ», եւ ասում էին, թէ դա կը լինի ընդունելի բոլորի համար ու խաղաղութեան առիթ: Այսպիսի հնարքներով ժողով գումարեցին Սելեւկիայում եւ Արիմինայում, աղաւաղեցին նիկիական սուրբ հաւատի սահմանումը ու իբրեւ համաձայն նոյնին՝ խօսքերի յօրինուած շարադրութեամբ տարածեցին իրենց դաւանութիւնը: Եւ կայսեր հրամանով հարկադրեցին բազում եպիսկոպոսների ձեռք դնել իրենց ժողովի ձախողակ վճռի վրայ, որն էլ արեցին ոչ քիչ անուանի անձինք՝ չտեսնելով այլափառների 3 չարարուեստ խաբէութիւնը: Նոյն պատրանքներով բռնուեց նաեւ Գրիգորի հայրը՝ Գրիգորիոս եպիսկոպոսը, եւ ըստ ինքնակալի կամքի՝ ստորագրեց Արիմինայի վճիռը:
Այս տեսնելով՝ Նազիանզի Եկեղեցու ժառանգաւորներն ու մերձակայքում գտնուող մենակեացները խոյս տուեցին եւ հեռացան իրենց հովուի հետ հաղորդութիւնից, ով բռնուել էր արիոսականների թակարդով: Եւ նաեւ ինքը՝ Գրիգորը, նոյն պատճառով հեռացաւ հօրից՝ օտարութիւն ցուցաբերելով նրա հանդէպ, սակայն մտածում էր տարբեր միջոցներով իր ծերունի հօրը ճշմարտութեան ճանապարհին դարձնելու մասին ու իրենից հեռացած ծնողին դարձեալ միաբանել իր հետ: Եւ անցնելով ծանր խնդիրների ու երկպառակութիւնների միջով՝ սքանչելի Գրիգորը, որ զարդարուած էր իմաստութեամբ եւ բոլոր առաքինութիւններով, շահեց հովուին ու ամբողջ հօտին, քանզի փրկեց հօրը նենգամիտների պատրանքներից, ժողովրդին հաշտեցրեց նրա հետ եւ իր աստուածախօս բերանի հանապազօրեայ վարդապետութեամբ բոլորին հաստատեց նիկիական հաւատի ուղղափառ դաւանութեան մէջ: Ու այնքան վսեմ եւ խորին էին նրա խօսքերը, միանգամայն ճարտար ու վայելուչ, որ բոլոր լսողներին ձգում էր դէպի իրեն եւ համոզում բոլոր դժուարալուր ականջ ունեցողներին:
Երբ թագաւորեց Յուլիանոս Ուրացողը, նա հրաման արձակեց Գրիգորի Կեսարիոս եղբօրը արքունիքում կարգել աւագանու դասում, որի մասին լսելով՝ երանելի Գրիգորը խրատական նամակ գրեց եղբօրը՝ զգուշացնելով հեռու մնալ թունաւոր չար վիշապներից: Եւ նա, անսալով իր հարազատ եղբօր ազդու ու հոգեշահ խրատին, ինքնակամ հրաժարուեց արքունական պատիւներից եւ աճապարելով վերադարձաւ իր հայրենիք, որի համար յոյժ ուրախ եղաւ Գրիգորը: Սակայն առաւել ուրախ էր այն բանի համար, որ այնուհետեւ Կեսարիոսը կը հոգայ իր հօր տան կարիքները, ու ինքը կը կարողանայ հեշտութեամբ գնալ դէպի առանձնութիւն իր մտերիմ Բասիլիոսի մօտ:
Եւ մինչ պատրաստւում էր հեռանալ, հայրը բռնադատեց նրան ու քահանայ ձեռնադրեց, որպէսզի իր ծերութեան օրերին օգնական լինի իրեն Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: Նոյն օրինակով Բարսեղը եւս, բռնադատուելով իւրայիններից, քահանայ օծուեց: Այդ առիթով Գրիգորը նրան գրեց. «Ինչպէս դու, այնպէս էլ ես, բռնուեցինք միօրինակ կերպով»: Սակայն ժամանակ անց, երբ գժտութիւն ծագեց Կապադովկեան Կեսարիայի եպիսկոպոս Եւսեբէոսի ու Բարսեղի միջեւ, վերջինս խոյս տուեց դէպի անապատ, դէպի իր ցանկալի առանձնութիւնը: Լսելով այս խռովութեան մասին՝ Գրիգորը, նրանց երկուսին նամակներ գրելով, հաշտեցրեց նրանց եւ ապա շտապեց ինքը եւս գնալ անապատ՝ Բարսեղի մօտ: Սակայն մահուան դռներին հասած ծնողների ծանր հիւանդութիւնը խափանեց իր որոշումը: Ապաւինելով աղօթքին՝ նա Աստծուց բժշկութիւն ստացաւ ծնողների համար, եւ այդպէս յաջողուեց նրան գնալ Բարսեղի մօտ՝ Պոնտոսի կողմերը:
Այնժամ, ինչպէս ուխտել էին միմեանց, սկսեցին կրօնաւորել իրարից փոքր-ինչ հեռու գտնուող առանձին վայրերում, իրենց մէջ կեանքի կոչել առաքինութիւններ ու մի հոգով նահատակուելով՝ պահեցողութեամբ, աղօթքներով եւ մարտահանդէսներով կրել կրօնաւորական կեանքի խստակեցութիւնը: Յաճախակի միասին իմաստասիրում էին քրիստոնէական հաւատի շուրջ ու շարադրում անբիծ կենցաղավարութեան մասին բազում ճառեր: Երանելի Գրիգորն ասում էր. «Հրաժարւում եմ հելլէնական իմաստութիւնից, քանզի այն պիտանի չեղաւ ինձ: Հարկ է արհամարհել այն եւ ուսանել ու ճաշակել աստուածային վարդապետութեան քաղցրութիւնը, քանզի Տիրոջ խօսքերն իմ քիմքին առաւել քաղցր եղան, քան մեղրախորիսխը: Աստուածային սուրբ գրքերից ես ճանաչեցի երկրաւոր իմաստութեան սնոտի խաբէութիւնները, որը, արտաքինից պաճուճուած լինելով, ինչ- որ բան է թւում, սակայն իրականում թերի է գտնւում»:
Պատահեց, որ Բարսեղի ծանօթները թախանձելով նրան Կեսարիա կանչեցին, իսկ նա նամակով պատասխանեց նրանց. «Ինչպէ՞ս կարող եմ հեշտութեամբ թողնել բազում չարչարանքներով հազիւ գտած փափագելի իմ առանձնութիւնը: Ներէ՛ք ինձ, աղաչում եմ ձեզ, թոյլ տուէք միառժամանակ վայելել այս երանութիւնը, որին արժանացայ, քանզի ես կենդանի ջրի խոր ջրհոր եմ գտել՝ ընտրեալ անօթ, Քրիստոսի բերան, երանաշնորհ անձ Գրիգորին»:
Անապատից Գրիգորը յանդիմանական գրութիւն ուղարկեց ուրացող Յուլիանոսին, ով քրիստոնեայ պատանիներին արգելում էր ուսանել արտաքին իմաստութիւնը, մինչեւ չընդունեն հեթանոսական կրօնը, «քանզի,- ասում էր,- եթէ իմանան իրենցն ու սովորեն մերը, կը մարտնչեն մեր դէմ»: Իսկ Գրիգորը գտնելով, որ քրիստոնեաները կարիք չունեն արտաքին իմաստութեան, աստուածիմաստ հանճարով շարադրեց բազում ճառեր, իմաստասիրական խօսքեր եւ պէս-պէս տաղաչափութիւններ: Դրանք ուսանելու համար տուեց քրիստոնեայ զաւակներին, ովքեր խորամուխ եղան առաւել շատ դրանցում, քան թէ արտաքին գիտութիւնների ուսման մէջ: Յուլիանոսը, տեսնելով, որ ոչինչ չկարողացաւ անել, վերացրեց իր նախկին հրամանը, որովհետեւ տեսաւ, որ Գրիգորի՝ հանճարով լի գրութիւնները յոյժ իմաստուն էին, քան հելլէն իմաստուններինը: Եւ ամենակարեւորը. Գրիգորը ցոյց էր տալիս, որ արտաքին գիտութիւններն առանց Սուրբ Գրքի լոկ ստուեր են՝ հիմնովին անհաղորդ լոյսին ու լի ունայնաբանութեամբ:
Այս ամէնից յետոյ Գրիգորը ծեր ծնողների թախանձանքով մերթ գնում էր իր հայրենի Նազիանզ քաղաքը, մերթ անապատ՝ Բարսեղի մօտ: Բայց երբ թագաւորեց արիոսական Վաղէսը, եւ դարձեալ զօրացան արիոսականները, Գրիգորի հայրը ստիպուած որդուն իր մօտ կանչեց, ով հարկադրուած վերադարձաւ անապատից ու մեծ նպաստ բերեց Եկեղեցուն: Ջանաց նաեւ, որ Բարսեղը եւս անապատից գայ Կեսարիա եւ ձեռք մեկնի ուղղափառ դասին: Գրեց նրա եղբօրը՝ Գրիգոր Նիւսացուն, ով այդ ժամանակ ուսումնասիրում էր արտաքին գիտութիւնները, որպէսզի թողնի երկրաւոր իմաստութիւնն ու հետամուտ լինի աստուածային գիտութեանը, որ կարողանայ հաւատացեալների միջից հեռացնել հերձուածողների չար սերմերը: Եւ նրանք երեքով եռալոյս պայծառ ջահ եղան Եկեղեցու լուսաւորութեան համար։ Սակայն այս բոլոր ջանքերով հանդերձ, որ նրանք ներդնում էին Եկեղեցու օգտի համար, Գրիգորն ու Բարսեղը չէին թողնում իրենց առանձնութիւնը: Նրանք, կրօնաւորելով մերձակայ աւաններում, ճգնում էին խստակրօն վարքով եւ աստուածային խոկումներով ու իրենց քաղաքներն էին գնում միայն Եկեղեցու կարեւոր խնդիրների լուծման համար:
Մահացաւ Գրիգորի եղբայրը՝ Կեսարիոսը, եւ Աստուածաբանը նրան պատուեց ներբողական ճառով՝ վկայելով նրա մասին, թէ բազում անգամներ է տեսել նրա հոգին՝ զուարթ ու լուսափայլ: Եւ քանի որ ծնողները յոյժ ծերացել էին, հարկ եղաւ, որ Գրիգորը մնայ տանը ու իր հօր փոխարէն, ով մօտ 90 տարեկան էր, լինի Նազիանզի Եկեղեցու հոգաբարձուն:
Այդ օրերին վախճանուեց նաեւ Կապադովկեան Կեսարիայի Եւսեբէոս եպիսկոպոսապետը, եւ նրան յաջորդեց երանելի Բարսեղը, ով ձեռնադրուեց Գրիգոր Աստուածաբանի հօր կողմից: Եւ սա եղաւ Գրիգորի ջանքերով, քանի որ գիտէր Բարսեղի առաքինութիւնները, համարում էր նրան քաջ ախոյեան՝ ընդդէմ ժամանակի աղանդաւորների, եւ միայն նրան էր տեսնում արժանի այդ Աթոռին: Այնուհետեւ սուրբ Բարսեղը Եկեղեցում ծագած խնդիրներում իրեն օգնական լինելու համար յաճախ իր մօտ էր կանչում Գրիգոր Աստուածաբանին՝ ասելով. «Միայն քո ներկայութիւնը բաւական է` յաղթելու հաւատի թշնամիներին»: Եւ այդպէս օգնական էր լինում նրան Եկեղեցու բարեկարգութեան բոլոր գործերում: Հոգում էր նաեւ աղքատների մասին, որոնց համար կառուցել տուեց հիւանդանոցներ, հիւրանոցներ ու սքանչելի ճառեր գրեց աղքատասիրութեան մասին:
Որոշ ժամանակ անց, երբ իշխանասէր անձանց կողմից Բարսեղի թեմի համար խռովութիւն ծագեց, նա ստիպուած եղաւ աւելացնել եպիսկոպոսարանները: Նա, բռնադատելով նաեւ Գրիգորին, կամեցաւ նրան Սասիմի եպիսկոպոս ձեռնադրել, որպէսզի կարողանայ տիրապէս հովուել ժողովրդին իր աստուածախօս վարդապետութեամբ, սակայն Գրիգորը հրաժարւում էր, որպէսզի չզրկուէր իր առանձնութիւնից եւ հոգեպարար կեանքից, ու բացի դրանից՝ այդ վայրը լի էր աշխարհական խուռն բազմութեամբ: Յատկապէս տեսնում էր, որ ժողովրդի մէջ շատ խօսակցութիւններ կային չարակն ու մախացող մարդկանց կողմից, ովքեր աղանդաւորների բանսարկութեամբ բամբասում էին իրենց երկուսի բարեկամութիւնից: Մինչեւ անգամ կարողացան փոքր-ինչ տարաձայնութիւն գցել նրանց միջեւ, այնուամենայնիւ սուրբ Բարսեղը, անտեսելով այդ ամէնը, շտապ եկաւ Նազիանզ եւ Գրիգորին ձեռնադրեց Սասիմ քաղաքի եպիսկոպոս: Սակայն թշնամիների առաջացրած խռովութիւնները Գրիգորին թոյլ չէին տալիս համարձակապէս հովուել, որի համար նա չկամեցաւ նստել այդ Աթոռին ու առանձնութեան ձգտելով՝ վերադարձաւ իր տեղը: Այնժամ նրա ծերունի հայրը հարկադրեց նրան ընդունել նաեւ Նազիանզի իր Աթոռը, քանզի ինքն այլեւս չէր կարող հովուել հօտը: Երանելի Գրիգորը թէպէտ շատ ընդդիմացաւ, սակայն յաղթուելով հնազանդութիւնից՝ յանձն առաւ գործակցել հօրը` այն պայմանով, որ նրա մահից յետոյ չստիպեն իրեն մնալ Աթոռին, այլ ըստ իր ցանկութեան՝ թոյլ տան իրեն առաձնանալ:
Տիրոջ 373 թուականին, վախճանուեց նրա հայրը՝ Նազիանզի եպիսկոպոս երանելի Գրիգորիոսը, ով ապրեց ոչ պակաս քան հարիւր տարի եւ շուրջ 45 տարի վարեց եպիսկոպոսական պաշտօնը: Սուրբ Գրիգորը Մեծն Բարսեղի ներկայութեամբ դամբանական ճառով մեծապէս պատուեց հօրը, խօսքի սկիզբը նրան՝ Բարսեղին ուղղելով, ապա հիասքանչ կերպով խօսեց հօր առաքինութիւնների մասին: Դեռեւս կենդանի էր բարեպաշտ մայրը՝ Նունին, ում եւս արժանապէս դրուատեց ու մխիթարեց: Իսկ երբ որոշ ժամանակ անց վախճանուեց նաեւ մայրը, երանելի Գրիգորը, ազատուելով բոլոր հոգսերից, յայտարարեց նազիանզացիներին. «Ես այլեւս ձեր եպիսկոպոսը չեմ եւ ազատ եմ Եկեղեցու բոլոր գործերից: Ձեզ համար հովիւ ընտրէք ու ինձ ազատ թողէք»: Բայց քաղաքացիները եւ մերձակայ գաւառների առաջնորդներն ընդդիմացան ու իր փոխարէն մէկին ընտրելու խոստումով խնդրեցին, որ միառժամանակ մնայ, սակայն մտադիր չէին որեւէ մէկին ընտրել, այլ կամենում էին նրան մշտապէս պահել:
Այնժամ ծածկաբար խոյս տուեց Նազիանզից եւ գնաց Սելեւկիա՝ ս.Թեկղի վանք, ուր մնաց բաւական ժամանակ՝ մտածելով, որ այդ ընթացքում որեւէ մէկին Նազիանզի եպիսկոպոս կընտրեն: Անցան հինգ տարիներ, ու նազիանզացիներն իրենց եպիսկոպոս չընտրեցին: Որոշ առաջնորդներ սկսեցին մեղադրել Գրիգորին` հօտն անտերունչ թողնելու համար, եւ այդ պատճառով Տիրոջ 378 կամ 379 թուականին ժողովրդին հովուելու համար նա ստիպուած վերադարձաւ Նազիանզ, սակայն յաճախակի յիշեցնում էր, թէ՝ «Ե՛ս չեմ տեղի եպիսկոպոսը, որեւէ մէկին ձեզ հովիւ ընտրէք»:
Այդ շրջանում երանելին ծանր ճգնութիւններից ու չարչարանքներից հիւանդացաւ եւ այդ դրութեան մէջ իմացաւ Կեսարիայի հայրապետի՝ սուրբ Բարսեղի՝ այս կեանքից փոխուելու մասին, որից խորը տրտմութեան մէջ ընկաւ: Գրիգորը մխիթարական նամակ գրեց նրա եղբօրը՝ Գրիգոր Նիւսացուն, իսկ երբ փոքր-ինչ թեթեւացաւ հիւանդութիւնը, շարադրեց Բարսեղին նուիրուած մի ներբող, ուր նկարագրում էր նրա սրբութեան նախանձելի վարքը: Նրան, ըստ իր վկայութեան, շատ անգամներ տեսնում էր գիշերային տեսիլքներում ու նրանից ընդունում պատգամներ եւ քաջալերութիւն՝ իր ծառայութեան մէջ արիաբար մնալու եւ ի շահ Եկեղեցու անդադար աշխատելու համար:
Այդ օրերին Անտիոքում տեղի ունեցաւ եպիսկոպոսական ժողով՝ Եկեղեցու խաղաղութեան համար միջոց գտնելու եւ բոլոր եկեղեցիներում ուղղափառ հովիւներ կարգելու համար, որպէսզի արիոսականներն իսպառ չզօրանան: Ժողովի մասնակից հայրերը նամակ գրեցին երանելի Գրիգոր Նազիանզացուն ու հրամայեցին, որ նա առանց վարանելու գնայ թագաւորական քաղաք՝ Կոստանդնուպոլիս, եւ առաջնորդի ժողովրդի ուղղափառ հօտին, որովհետեւ արիոսականներն այնտեղ առաւել էին զօրացել, ու նաեւ բազմացել էին տեսակ-տեսակ հերձուածները: Մեծ էր Եկեղեցուն սպառնացող վտանգը, եւ չկար մէկը, որ կարողանար յաղթել չարափառներին եւ հաստատուն պահել ուղղափառներին ճշմարիտ վարդապետութեան մէջ, բացի երանելի Գրիգորից, ում իմաստութեան ու սրբութեան համբաւը տարածուել էր ամենուր: Այնժամ բռնադատուելով հայրերի կողմից՝ Տիրոջ 379 թուականին մեկնեց Կոստանդնուպոլիս: Այդ շրջանում մեռաւ արիոսական Վաղէս կայսրը, եւ ինքնակալ ընտրուեց բարեպաշտ Մեծն Թէոդոսը:
Երբ Գրիգորը հասաւ թագաւորանիստ քաղաք, Թէոդոս արքան դեռեւս այդտեղ չէր: Ուստի չկարողացաւ ազատօրէն գործել, որովհետեւ նրան խոչընդոտում էին արիոսականները, ովքեր տիրում էին Եկեղեցուն՝ սկսած Վաղէսի ու Կոստանդի ժամանակներից: Այդ պատճառով իջեւանեց իր ծանօթներից մէկի տանը, ուր ծածկապէս ժողովւում էին ուղղափառները եւ լսում նրա քարոզութիւնները: Այնուհետեւ այդ տեղը դարձաւ ուղղափառների ժողովատեղի, աղօթարան ու տիրապէս ուղղափառութեան վերահաստատման վայր, որը թւում էր, թէ արդէն կործանման վտանգի տակ էր: Ուստի այդ հաւաքատեղին կոչուեց «Անաստասիա», որը թարգմանւում է «Յարութիւն», իսկ յետագայում այդտեղ Եկեղեցի կառուցուեց:
Եւ թէպէտ սուրբի քարոզութեան վայրն անշուք ու աննշան էր թւում, սակայն այն օրից, ինչ երանելին մուտք գործեց այդտեղ, քաղաքում ծաղկեց ուղղափառութիւնը, եւ բեկուեց այլափառների զօրութիւնը: Կատարուեց Սուրբ Գրքի այն խօսքը, թէ՝ «Դաւթի տունը գնալով զօրանում էր, իսկ Սաւուղի տունը` գնալով խաւարում» [Բ Թագ. Գ 1]: Բազմութեան առջեւ երեւան եկաւ երանելի Գրիգորի հրաշալի աստուածաբանութեան աստուածաձիր պարգեւը: Ամէն օր ժողովուածներին խորիմաստ ու ազդու խօսքերով նա վարդապետում էր համագոյ եւ միասնական Սուրբ Երրորդութեան հրաշափառ Խորհուրդը ու քարոզում Միածնի անճառ տնօրէնութիւնը: Քարոզում էր Բանի աստուածութիւնը՝ ընդդէմ քրիստոսամարտների, եւ Սուրբ Հոգու աստուածութիւնը՝ ընդդէմ հոգեմարտների: Այդպէս ուղղափառ դասին հաստատեց Ճշմարտութեան մէջ ու ամաչեցրեց հակառակորդներին, որովհետեւ մէկ առ մէկ հերքում էր ժամանակի բոլոր աղանդաւորների՝ արիոսականների, մակեդոնականների, եւնոմէականների, փոտինեանների, մարկեղականների, սաբելէականների, ապողինարների, նովատիանոսների եւ նրանց նմանների սնոտի բարբաջանքները: Սրանք յաճախ էին վիճաբանութիւնների մէջ մտնում նրա հետ, սակայն գլխիկոր յետ էին դառնում, քանզի նա, զօրացած Տիրոջով, յաղթում էր հազարաւոր հակառակորդներին: Կոստանդնուպոլսի ժողովուրդը զարմանում էր երանելի Գրիգորի բերանից ելնող աստուածիմաստ խօսքերից, որի համար նրան կոչեցին Աստուածաբան ու պատուեցին Յովհաննէս Աւետարանչի առանձնական անուամբ:
Օրըստօրէ ծաղկեց Աստուածաբանի վարդապետութիւնը, եւ բազում մոլորուածներ կանգնեցին ճշմարտութեան ճանապարհին: Նրա դէմ չարացան հաւատի հակառակորդները՝ արիոսականներն ու նրանց արբանեակները, եւ չկարողանալով խօսքով ընդդիմանալ նրան՝ սկսեցին տեսակ-տեսակ անարգանքներով պատվազրկել նրան: Լինում էր, որ քաղաքով մէկ ծաղրում էին նրան ՝որպէս մի աննշան ռամկի, լինում էր, որ անարգում էին հանդերձների համար՝ իբրեւ քրձազգեստ մէկի, երբեմն էլ նուաստացնում էին ծերութիւնից ու հիւանդութիւնից ձեռք բերած անշուք տեսքի համար եւ այդպէս անամօթաբար ծաղրանքի ենթարկում: Քանզի նախանձաբեկ լինելով նրա սքանչելի, պերճախօս ու հրաշախօս բեմասացութիւններից՝ անարգական նետեր էին արձակում նրա վրայ՝ նրան նմանեցնելով գուսաններին եւ վարձկաններին: Իսկ մի անգամ էլ իրենց սաստիկ չարութիւնից կրճտացնելով ատամները՝ բրիչներով ու քարերով յարձակուեցին նրա վրայ, սակայն Տէրը նրան անվնաս պահեց նրանց ձեռքից: Դարձեալ մէկ այլ անգամ սուտ մեղադրանքներ բարդեցին նրա վրայ, թէ իբր յանցաւոր է արքունի օրէնքը խախտելու մէջ, եւ նրան կապանքներով կանգնեցրին հեթանոս դատաւորի առջեւ: Սակայն երբ երանելին հեզութեամբ ապացուցեց իր անմեղութիւնը, դատաւորը հրամայեց նրան ազատ արձակել:
Այս բոլոր եւ նաեւ այլ բիւրապատիկ վշտերի ու հալածանքների մէջ երանելին միշտ անվրդով էր մնում: Եւ որքան սաստկանում էր ոսոխների գազանութիւնը, այնքան նա՝ իբրեւ անմեղ գառ, սիրով ու քաղցրութեամբ էր խօսում նրանց հետ, որով էլ անհամար թշնամիների դէպի իրեն էր ձգում: Նա այնպիսի առանձնակի շնորհ ունէր, որ պատեհ ժամին այնպէս էր մատուցում խօսքը, որ անհնար էր նրան մի անգամ լսողին չյարել նրան: Այդպէս շատերին դարձրեց մոլորութիւնից եւ ուղղափառ հաւատին համընթաց` քաղաքում ծաղկեցրեց աստուածպաշտութիւնը:
Եւ քանի որ տարածուել էր նրա համբաւը, սկսեցին հեռու տեղերից նրան այցելել շատ երեւելի մարդիկ, որոնցից մէկն էր Մեծն Հերոնիմոս Գաղմատացին: Սա հռոմէացի լուսաւոր եւ բարեսէր վարդապետներից էր եւ այդ ժամանակ գտնւում էր ասորիների երկրում: Գնաց Բիւզանդիա՝ Գրիգոր Աստուածաբանի մօտ, ու իրեն պատիւ համարեց լինել նրա աշակերտներից մէկը, «քանզի,- ասում էր,- անհամեմատ գերագոյն եմ տեսնում սրա վարդապետութիւնը, քան յոյների եւ լատինների ուսմունքը»:
Եւ երբ ամենուր բազմացան երանելի Գրիգորի բարեկարգութեան արդիւնքները, Կոստանդնուպոլսի ուղղափառ ժողովուրդը միաբանուեց՝ նրան պատրիարք կարգելու համար, որովհետեւ այդ ժամանակ չունէին ուղղափառ եպիսկոպոս: Այս որոշմանը միաւորուեց նաեւ Ալեքսանդրիայի հայրապետը՝ Պետրոս Երկրորդը, եւ գրութեամբ հաստատեց նրան` որպէս թագաւորանիստ քաղաքի հովուապետ: Սակայն երանելի Գրիգորն ընդդիմացաւ, յանձն չառաւ այդ պատիւը ու մինչեւ անգամ արտասուքներով աղաչեց ժողովրդի իշխանաւորներին, որպէսզի այլ արժանաւոր մէկին ընտրեն, սակայն նրանք չհրաժարուեցին իրենց որոշումից եւ նրան իրենց հայրապետ կարգեցին:
Եւ քանի որ դեռեւս արիոսականների ձեռքին էին գտնւում եկեղեցիները, իսկ ինքնակալ Թէոդոսը պատերազմական եւ այլ խնդիրների լուծման համար գտնւում էր հեռաւոր երկրներում, արիոսականները մեծ աղմուկ բարձրացրին թագաւորական քաղաքում ու բազում չարիքներ պատճառեցին ուղղափառների դասին: Իսկ երանելի Գրիգորը, չարին բարութեամբ հատուցելով, սիրով եւ քաղցրութեամբ նուաճեց բոլոր թշնամիներին:
Երբ Թէոդոսը հասաւ Թեսաղոնիկէ եւ տեղեկացաւ Եկեղեցու խռովութեան ու արիոսականների ստահակութեան մասին, արձակեց մի հրովարտակ, ըստ որի՝ թագաւորական քաղաքում չպէտք է գտնուէր Նիկիական հաւատից շեղուած որեւէ մէկը, իսկ բոլոր աղանդները պէտք է կա՛մ միաբանուէին Եկեղեցուն, կա՛մ հեռանային քաղաքից: Այս հրամանով թէպէտ զօրացան ուղղափառները, սակայն իսպառ չընկրկեցին չարափառները, քանզի ոչ բոլորը հեռացան քաղաքից, իսկ շատերն էլ յայտնապէս ընդդիմացան արքունի հրովարտակին ու մինչեւ անգամ հրապարակում արիւնահեղութիւն արեցին: Իսկ սուրբ Գրիգորը շարունակում էր հեզահամբոյր վարք ցուցաբերել ընդդէմ գազազած թշնամիների եւ ջանում էր քաղցրութեամբ գրաւել նրանց սրտերը: Միշտ սիրալիր յորդորներով էր խօսում նրանց հետ ու այնպիսի մարդասիրութիւն ցուցաբերում, որ շատերը, յաղթուելով նրա սիրուց, յօժարութեամբ խոնարհւում եւ հպատակւում էին Եկեղեցուն: Սակայն Աստուծոյ մարդու այս գովելի ընթացքը, որով դիւրագոյն կերպով բոլորին որսում էր Աւետարանի ուռկանի մէջ, անպատեհ թուաց ուղղափառների դասին, ովքեր, այդքան ժամանակ կեղեքուած լինելով արիոսականներից, համարձակութիւն գտնելով Մեծն Թէոդոսից, կամեցան հատուցել նրանց ու սկսեցին քրթմնջել Աստուածաբանից:
Ժողովրդի այս տրտունջը խռովութեան մեծ դուռ բացեց, քանզի մախացողներից եւ փառասէրներից ոմանք Աստուածաբանին Աթոռից հեռացնելու համար սկսեցին արատաւորել նրան: Նրանց գլխաւորում էր Մաքսիմոս Ալեքսանդրացին՝ մի խորամանկ ու ճարտար այր խառնակութիւններ եւ յուզումներ առաջացնելու մէջ, ով եղել էր կիւնիկեան, այսինքն՝ իմաստասէրների շնական 4 աղանդի անդամ ու մի ժամանակ զոհաբերել նաեւ կուռքերին: Նա աքսորուած է եղել իր անիրաւութիւնների համար, սակայն աքսորից փախուստ էր տուել, իրեն քարոզում էր որպէս հալածուած Քրիստոսի անուան համար եւ հանդէս գալիս որպէս կենդանի նահատակ: Արդ, սա նախ կեղծապատիր հնարքներով շնորհ գտաւ երանելի Գրիգորի առջեւ, բազում բարերարութիւններ ստացաւ նրանից ու մինչեւ անգամ դարձաւ նրա սիրելի սպասաւորներից եւ աշակերտներից մէկը, իսկ ապա՝ նաեւ բնակակիցն ու սեղանակիցը: Երբ նա լսեց Գրիգորի մասին ժողովրդի բողոքները, սկսեց յեղաշրջել ամբոխին ընդդէմ Գրիգորի եւ բազմութեանը գրաւել դէպի իր կողմը, քանզի հանդէս էր գալիս որպէս ամբողջ հոգով թշնամի չարափառներին ու ինչպէս ինքն էր ասում. «Գրիգորի պէս համախոհ եւ համահունչ չեմ ճշմարտութեան թշնամիներին»: Այս կերպով նա հաճոյացաւ ժողովրդին ու այնքան առաջ տարաւ իր չարարուեստ հնարքները, որ գրաւեց նաեւ Ալեքսանդրիայի Պետրոս պատրիարքի սիրտը: Վերջինս, հրաժարուելով իր նախկին մտահաճութիւնից, որով Գրիգորին պատրիարքութեան էր կարգել, Եգիպտոսից ուղերձ յղեց եպիսկոպոսներին, որպէսզի Կոստանդնուպոլսի Աթոռին նստելու համար ձեռնադրեն Մաքսիմոս Ալեքսանդրացուն:
Երբ եպիսկոպոսներն այդ նպատակով եկան թագաւորական քաղաք, մեծ ընդունելութեան արժանացան երանելի Գրիգորի կողմից: Եւ մինչ խորհուրդ էին անում այն գործի շուրջ, որ եկել էին իրագործելու, հիւանդացաւ երանելի Գրիգորը, ու եպիսկոպոսները, օգտագործելով այդ առիթը, Մաքսիմոսի հետ գիշերը հաւաքուեցին ոմն փողհար ռամկի տանը, ուր նրան եպիսկոպոս ձեռնադրեցին եւ կարգեցին Կոստանդնուպոլսի պատրիարք: Ու քանի որ կայսրը քաղաքում չէր, հրապուրանքներով եւ կաշառքներով քաղաքի մեծամեծներին հեշտութեամբ հաւանութեան բերեցին: Սակայն այդ բանին համաձայն էր ոչ ամբողջ ժողովուրդը, որի համար լուրը տարածուելուն պէս մեծ պառակտութիւն ընկաւ ժողովրդի մէջ, ու ողջ քաղաքն ալեկոծուեց: Իսկ երանելի Աստուածաբանը հիւանդ վիճակով միառժամանակ հեռացաւ քաղաքից՝ ոչ թէ հոգալով իր անձի մասին, այլ Աստուծոյ ժողովրդի, որովհետեւ յայտնապէս տեսաւ հօտի ցրումը յափշտակիչ գայլերի կողմից: Նա անհանգստանում էր՝ Եկեղեցու անդամներին վտանգուած տեսնելով, որի համար գրութեամբ եւ խօսքերով բոլորին ցոյց էր տալիս աղանդաւոր Մաքսիմոսի բռնակալութեան պատճառած հոգեւոր կորուստը: Եւ այնչափ ազդու էին սուրբի խրատները, որ շատ չանցած Մաքսիմոսի բոլոր համախոհները հեռացան նրանից, իսկ ինքը, մնալով անօգնական, դիմեց Թեսաղոնիկէում գտնուող Թէոդոս կայսրին: Սակայն նրանից եւս նախատինքներով մերժուելուց յետոյ գնաց Ալեքսանդրիա, ուր ստիպեց Պետրոս հայրապետին, որ կա՛մ իրեն հաստատի Կոստանդնուպոլսի Աթոռին, կա՛մ էլ հայրապետն ինքը եւս հեռանայ իր Աթոռից, սակայն քաղաքապետը, արագ վրայ հասնելով, հալածեց նրան քաղաքից:
Եւ քանի որ թագաւորական քաղաքում չէին հանդարտւում պառակտութիւններն ու աղմուկը, երանելի Գրիգորը որոշեց թողնել Աթոռը եւ վերադառնալ իր տուն, որի համար մի օր բեմ բարձրացաւ ու ժողովրդին ասաց. «Մնացէ՛ք խաղաղութեամբ: Այսուհետեւ իսպառ հրաժարւում եմ հովւութիւնից եւ գնում եմ դէպի առանձնութիւն, որպէսզի իմ պատճառով խառնաշփոթ ու բաժանութիւն չառաջանայ Քրիստոսի հօտի մէջ: Միայն աղաչելով խնդրում եմ ձեզ. անթերի պահէք ուղղափառ հաւատը, որպէսզի զուր չանցնի ձեզ համար իմ թափած քրտինքը»: Այս լսելով՝ ժողովրդի բազմութիւնն արտասուեց եւ չհանդուրժելով քաջ հովուի հեռանալը` միաբերան գոչեց. «Դո՛ւ ես մեր հայրը, հովիւն ու վարդապետը: Մենք չե՛նք թողնի մեր առաջնորդին»: Սակայն տեսնելով, որ Աստուածաբանը չի կամենում լսել իրենց, բողոքի ձայն բարձրացրին եւ ասացին. «Եթէ հեռանաս մեզանից, ո՛վ սուրբ հայր, մենք կը հեռանանք ճշմարիտ հաւատից, ու մեզանից կ օտարանայ Սուրբ Երրորդութիւնը: Եւ ինչպէ՞ս ես անտեսում Տիրոջ ժողովրդին, որ Քրիստոսի Արեան գինն է, կամ ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուն»: Այնժամ սուրբը, խոնարհուելով նրանց արտասուքներին, խոստացաւ միառժամանակ մնալ, մինչեւ կը գար արժանաւոր մէկը:
Այդ օրերին՝ 380 թուականին, Կոստանդնուպոլիս քաղաք մտաւ աստուածասէր Թէոդոս թագաւորը եւ տեսնելով, որ քաղաքը Գրիգոր Աստուածաբանի ջանքերով ծաղկել է ուղղափառութեամբ, յոյժ ուրախ եղաւ: Ապա սուրբի յորդորով քաղաքը մաքրեց մնացած աղանդներից, հեռացրեց արիոսական եպիսկոպոսներին ու Եկեղեցին, որին նրանք տիրում էին քառասուն տարի, յանձնեց ուղղափառների ձեռքը, իսկ երանելի Գրիգորին՝ որպէս օրինաւոր հայրապետի, հանդիսապէս տարաւ աւագ Եկեղեցի: Ճանապարհին, երբ ինքնակալը հայրապետի հետ տաճար էր գնում, յանկարծակի երկինքը պատուեց մթագին ամպով, եւ թանձրամած խաւարը ծածկեց ցերեկուայ լոյսը: Այս տեսնելով՝ հերձուածողների խմբերն սկսեցին խայտալ ու ասել. «Ահա սա յայտնի նշան է, որ Աստուած չէր կամենում մեր արտաքսուելը թագաւորական քաղաքից»: Իսկ սրանց հակառակ՝ ուղղափառ դասի պարզամիտ ժողովուրդը մեծ տրտմութեան մէջ ընկաւ, քանզի հանդիսաւոր տօնի օրուայ խաւարելը չարագուշակ նշան համարեց: Բայց երբ երանելի Գրիգորն արքայի հետ մտաւ Խորան, անմիջապէս ցրուեց մթագին ամպը, եւ պայծառ լոյս ծագեց, որի համար ուղղափառները մեծապէս ուրախացան, իսկ հակառակորդներն ամաչեցին: Այնժամ արքան, սիրալիր պատուելով Գրիգորին, ասաց նրան. «Ահաւասիկ, հա՛յր սուրբ, Տէրն Ինքը քեզ յանձնեց Եկեղեցին, որը ծաղկեցրիր՝ ոռոգելով քո քրտինքով: Այսուհետեւ քոնն է հօտը ու քոնն է հայրապետական Աթոռը»: Եւ որչափ երանելի Գրիգորն ընդդիմանում էր մտնել այդ լծի տակ, այնքան բարեպաշտ կայսրը հարկադրում էր նրան յանձն առնել այդ պաշտօնը: Աստուածասէր Թէոդոսը յոյժ մեծարում էր Աստուածաբանին եւ իբրեւ հոգիների հարազատ հօր՝ հպատակ էր նրան ամէն բանում: Յաճախ էր նրան հրաւիրում արքունի պալատ, սակայն նա խոյս էր տալիս ու ասում. «Իմ գործը Քրիստոսի հօտին ծառայելն է եւ ոչ թէ թագաւորական սեղաններ վայելելը»:
Երբ արիոսականներն ու միւս հակառակորդները տեսան, որ իրենց աղանդը ջախջախողը պատուի արժանացաւ ինքնակալի կողմից, առատապէս կաշառեցին մի գազանամիտ զօրականի՝ սուրբ հայրապետին դաւադրութեամբ սպանելու համար: Եւ նա, իր հետ վերցնելով իր գործակիցներին, յանկարծակի մտաւ սուրբի սենեակ, ուր նա, տկարացած իր մարմնաւոր հիւանդութիւնից, պառկած էր մահճում: Սուրբը, նրանց տեսնելով, շարժուեց մահճում եւ ոտքերը դուրս հանեց: Այնժամ Տիրոջից մեծ ահ ընկաւ այդ մարդու վրայ, կապուեցին նրա ձեռքերը, ու ոչինչ չկարողացաւ անել: Երբ նրա ընկերները դուրս եկան, զօրականն արտասուքներով ընկաւ սուրբի ոտքերը եւ իրեն թողութիւն խնդրեց այն չար գործի համար, որ եկել էր անելու: Իսկ սուրբը քաղցրութեամբ խրատեց նրան ու սիրով արձակեց՝ ասելով. «Թող Աստուած, որ պահեց ինձ թշնամու որոգայթից, քեզ պահապան լինի»: Երանելին բոլորից ծածկեց այս դէպքը եւ իր անոխակալութեամբ շահեց իր հակառակորդներին:
Սրանից յետոյ Աստուածաբանը բարեպաշտ Թէոդոսին յորդորում էր հոգալ Եկեղեցու խաղաղութեան համար ու մաքրել իր տէրութիւնը տեսակ-տեսակ հերձուածողներից` յատկապէս հոգեմարտ մակեդոնականներից, որոնց չար որոմները սերմանուել էին ամենուր: Միաժամանակ աղաչում էր նաեւ գտնել արժանաւոր մէկին եւ կարգել Կոստանդնուպոլսի Աթոռին, իսկ իրեն ազատ արձակել: Ու այս խնդիրների լուծման համար Տիրոջ 381 թուականին Կոտանդնուպոլսում գումարուեց սուրբ ժողով 150 հայրապետների մասնակցութեամբ, որոնց մէջ անուանի էր Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետը: Արդ, ընդդէմ ժամանակի հերձուածողների հաւատի սահմանումը հաստատելուց յետոյ սուրբ Մելիտոսը եւ այլ եպիսկոպոսներ բռնադատեցին Գրիգոր Աստուածաբանին ու հաստատեցին թագաւորական քաղաքի պատրիարքութեան Աթոռին: Եւ թէպէտ նա սկզբում ընդդիմանում էր, սակայն յետոյ յանձն առաւ հնազանդուել ժողովի հայրերին եւ նայեց ոչ թէ միայն իր առանձնութեան ցանկութեանը, որին փափագում էր, այլ Քրիստոսի հօտին, որը կարիք ունէր նախանձախնդիր հովուի:
Եւ երբ դեռ չէր աւարտուել ժողովը, վախճանուեց սուրբ Մելիտոսը, որին ուրիշների հետ ներբողական ճառով պատուեց նաեւ Գրիգոր Աստուածաբանը: Մելիտոսի՝ Անտիոքի Աթոռը ժառանգելու համար քաղաքում ծագեցին հակառակութիւններ, որոնց խաղաղութեան միջնորդն ու խրատատուն եղաւ Աստուածաբանը: Բայց քանի որ ոչ բոլորն ընդունեցին նրա խորհուրդները, սաստկացաւ երկպառակութիւնը, եւ շատերը թշնամացան սուրբի հետ: Այնժամ մէկ այլ խռովութիւն եւս ծագեց. եգիպտացի եպիսկոպոսներից ոմանք, ուշ հասնելով ժողովին, մեղադրեցին հայրերին, թէ ինչո՞ւ առանց իրենց համաձայնութեան Գրիգորին պատրիարք կարգեցին ու չսպասեցին իրենց գալստեանը: Գրիգորի հակառակորդները, սա եւս առիթ դարձնելով, սկսեցին չարախօսել նրանից, թէ նա իր փառքի եւ պատուի համար առանց իրաւունքի ու օրէնքից դուրս է ընդունել Կոստանդնուպոլսի Աթոռը՝ թողնելով Սասիմի, նաեւ Նազիանզի առաջնորդութիւնը՝ իբր եպիսկոպոսարանների հետամուտ մի թափառական: Եւ հեգնելով նրան կոչում էին եռեպիսկոպոս՝ երեք տեղերում եպիսկոպոս ընտրուած լինելու պատճառով:
Եւ քանի որ օրըստօրէ սաստկանում էր խռովութիւնը, երանելի Գրիգորը կանգնեց ժողովի բեմին, հրաշալի ատենախօսութեամբ մերկացրեց չարախօսների զրպարտութիւնները ու իր համար հրաման խնդրեց հայրերից Աթոռից հրաժարուելու համար եւ ասաց. «Եթէ այս խռովութիւններն իմ պատճառով են, ապա ես աւելի լաւը չեմ, քան Յովնանը. ինձ վերցրէք ծովը նետէք, եւ ձեր մէջ կը դադարի մրրիկը: Ես մեծապէս ուրախ կը լինեմ, որովհետեւ կազատուեմ տառապալից հոգսերից եւ կը դառնամ առանձնութեան իմ ցանկալի օթեւանը: Եւ առաւել ուրախ եմ ի Տէր, քանզի ովքեր ինձ հեռացնում են Աթոռից, չեն կարող հեռացնել ինձ Աստծուց, այլ աւելի կը մօտեցնեն, որին կարօտ եմ: Թո՛յլ տուէք ինձ, աղաչում եմ ձեզ, ապրել առանձնութեան անզբաղ կեանքով, որպէսզի միայն իմ Տէր Աստուծոյ հետ լինեմ: Իսկ դուք ձեզ համար ընտրէք այնպիսի մէկին, ով կառաջնորդուի Աստուծոյ Հոգով եւ խաղաղութեան մէջ կը պահի Եկեղեցուն, որովհետեւ ինձ համար ծանր է տանել այսպիսի դժուարակիր պայքար, ցուցաբերել հեզութիւն եւ փոխարէնը դատուել որպէս յանցաւոր: Ես չեմ կարող կռուել մախացողների դէմ ու միօրինակ կերպով մաքառել սիրելիների եւ թշնամիների հետ»:
Այս եւ նման խօսքերով նա բազում անգամներ խօսեց ժողովի հայրերի, նաեւ ժողովրդի ու թագաւորի առջեւ եւ մի կերպ նրանց համոզելով՝ հրաման առաւ վերադառնալ իր հայրենի քաղաքը: Սակայն հեռանալով հանդերձ` մեծ անհանգստութիւն կար երանելու սրտում, որովհետեւ չգիտէր, թէ ո՛ւմ ձեռքը կ ընկնի հօտը, որին ժողովեց այդչափ դժուարութեամբ, եւ կամ իր հոգեւոր որդիներն ինչպէ՞ս կը պահեն ուղղափառ հաւատը, որոնց ծնեց ի Քրիստոս մեծ երկունքով: Այսպէս նա հեռացաւ Կոստանդնուպոլսից մի կողմից ուրախ՝ աղմուկից ազատուելու համար, սակայն միւս կողմից տխուր՝ իր զաւակերից բաժանուելու համար: Սակայն առաւել տրտմեցին սուրբ ժողովի հայրերը, ու բազում արտասուքներ հեղեցին նրա որդիները: Եւ այնքան մեծ էր ճշմարտասէրների սրտի թախիծը, որ նրանցից ոմանք խոյս տուեցին եպիսկոպոսներից եւ կուրծք բախելով՝ հեռացան քաղաքից, որպէսզի ոչ ոքի չտեսնեն Աստուծոյ մարդու՝ Գրիգորի տեղում: Իսկ եպիսկոպոսներն ընկան վարանումների մէջ, թէ Գրիգորի փոխարէն ում դնեն Աթոռին, ու երկպառակութիւնների պատճառով ելք չէին գտնում, մինչեւ որ Թէոդոս ինքնակալի հաւանութեամբ ընտրուեց Նեքտարիոս Տարսոնացին՝ մի բարի այր պալատականների դասից:
Իսկ երանելի Աստուածաբանն առանձնացաւ իր հօր կալուածքում, որը գտնւում էր Նազիանզի մօտ՝ Արիազոն կոչուող վայրի աւանում, եւ իր անձը մենակեցութեամբ մատնեց ճգնութիւնների: Նազիանզացիները նրան ստիպում էին իրենց առաջնորդ լինել, բայց նա յանձն չէր առնում, որպէսզի չզրկուէր առանձնութիւնից, որը գտաւ` ըստ իր փափագի: Նազիանզի եպիսկոպոսութեան Աթոռին ձեռնադրել տուեց իր կողմից ճանաչուած մի բարեկրօն մարդու՝ Եւղաղիոսին, իսկ ինքն իր հօր տան ողջ ունեցուածքն աղքատներին բաշխելուց յետոյ ուրախութեամբ առանձնացաւ Արիազոնում: Անդադար գոհանալով Տիրոջից՝ Կոստանդնուպոլսի Սոփրոնիոս իշխանին գրեց, թէ՝ «Ինձ Աթոռից հեռացնելը շատերը պատիժ ու զրկանք համարեցին, սակայն երանութիւն են այսպիսի զրկանքները, որովհետեւ դրանք ինձ համար առիթներ են հանդարտելու եւ անզբաղ կեանքով իմաստասիրելու համար»:
Այնտեղ երանելին գրեց շատ պիտանի ճառեր ու թղթեր՝ յօգուտ եւ ի շինութիւն Եկեղեցու եւ ի նուաճում ժամանակի աղանդաւորների, քանզի ազատուած լինելով բոլոր հոգսերից՝ լի էր Աստուծոյ շնորհներով, որոնք տրւում էին նրան Եկեղեցու պայծառութեան համար: Հակառակորդների անդուռ բերանները խցելու համար չափածոյ խօսքերով այնտեղ շարադրեց իր վարքը, քանզի շատերը բամբասասէր մտքով ասում էին, թէ նա մերժուեց Աթոռից յանցաւորութեան կամ մոլորութեան պատճառով, շատերն էլ ասում էին, թէ ակամայ հրաժարուեց իշխանութիւնից, ու շատերն էլ այլեւայլ արատներ էին կամենում վերագրել նրան: Այդ պատճառով ամէն ինչ գրեց ճշմարտութեամբ եւ ուղարկեց Կոստանդնուպոլսի բնակիչներին, որով ամօթահար եղան բոլոր չարախօսները:
Սակայն չար դեւը չդադարեց փորձութիւնների ենթարկել սուրբին նաեւ հանդարտութեան մէջ, քանզի իր մերձաւորներն սկսեցին բամբասել իրենից, թէ նա իր ծերութիւնն անց է կացնում այգեստաններում ու զուարճութիւնների մէջ եւ կարծել է տալիս, թէ ապրում է մենակեացի խստակրօն վարքով, ու այդպէս շարունակ չարախօսում էին նման բազում դժպատեհ խօսքերով: Եւ չգիտէին, որ երանելին ճգնում էր ծածուկ ու ամէն օր տանջում էր իր ծերացած մարմինը խիստ պահեցողութեամբ, գետնախշտութեամբ եւ խարազնազգեցութեամբ՝ առաւել, քան անապատի խստակրօն ճգնաւորները: Իր հիւանդութեան յարատեւ ցաւերի հետ չխնայելով իրեն՝ զինւում էր ընդդէմ իր անձի ու տանջում իրեն: Ինչպէս մի անգամ, երբ իրեն թուացել էր, թէ ըստ իր ծերունական բարքի՝ խստութեամբ եւ անհամբերութեամբ է խօսել մէկի հետ, քառասուն օր լռութեամբ սանձահարեց իր լեզուն:
Մէկ-երկու անգամ սուրբը Թէոդոս կայսեր ու եպիսկոպոսների կողմից հրաւիրուեց գալ Կոստանդնուպոլիս, որպէսզի մասնակցի տարբեր հարցերի շուրջ գումարուող նոր ժողովներին, սակայն նա յանձն չառաւ, քանզի խոյս էր տալիս եպիսկոպոսների միջեւ ծագած աղմուկներից: Բայց երբ նրան շատ ստիպեցին, երանելին պատասխանեց. «Թէեւ կը յօժարէի գալ, սակայն ինձ թոյլ չի տալիս մարմնիս խիստ տկարութիւնն ու մահացու հիւանդութիւնս: Եւ ուրախ եմ, որ անկարող եմ գալ»: Այնուամենայնիւ նա չէր դադարում իմաստալից գրերով թիկունքից օգնութեան հասնել եպիսկոպոսներին եւ ուսուցանել արժանին: Այդպէս մինչեւ իր վերջին օրը նա իր զօրաւոր աստուածաբանութեամբ պայքարում էր հերձուածողների դէմ ու անգամ իր ծանր հիւանդութեան մէջ չէր դադարեցնում օգտակար խօսքերի շարադրութիւնը, որոնք գրում էր թէ՛ անձամբ եւ թէ՛ աւանդելով գրագիրներին: Ու երբ սաստկացան ցաւերը, եւ մերձեցաւ մահուան դռներին, սկսեց խանդակաթ խօսքերով ընտանեբար խօսել Քրիստոս Փրկչի հետ ու այդ խօսակցութեան մէջ էլ Տիրոջ 389 կամ390 թուականի յունուարի 25-ին քաղցրութեամբ իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը: Բացի առաքելական վաստակից՝ որպէս անգին գանձեր նա Եկեղեցուն թողեց իր աստուածաբանութեան եւ վարդապետութեան մատեանները, որոնք անվրէպ կանոն եւ ուղեցոյց եղան ճշմարիտ աշակերտների համար, իսկ նրա խօսքերի վկայութիւնները՝ անջինջ արձանագրութիւններ բոլոր եկեղեցական ժողովներում:
Սուրբի պատուական մարմինը թաղուեց Նազիանզում՝ հօր գերեզմանի մօտ, սակայն շատ տարիներ անց մեծ պատուով փոխադրուեց Կոստանդնուպոլիս` սուրբ առաքեալների տաճար, եւ դրեցին սուրբ Յովհան Ոսկեբերանի հանգստարանի մօտ: Ու ինչպէս որ Հռոմն է պարծենում սուրբ Պետրոսով եւ Պօղոսով, կամ երկինքը՝ արեգակով ու լուսնով, այնպէս էլ Կոստանդնուպոլիս քաղաքն է պարծենում սուրբ Գրիգոր Աստուածաբանով եւ սուրբ Յովհան Ոսկեբերանով:
shavigh.am