Սբ. Հովհան Մանդակունին մարմնի հիվանդության բժշկմամբ օրինակ է բերում հոգու հիվանդությունը. «Երբ մարդը մարմնի մեծ ցավ ունի, ո՛չ սիրելիներով է բերկրում, ո՛չ ատողների թշնամանքի վրա զարմանում, ո՛չ կյանքի փափկությունն է հիշում, ո՛չ աշխարհի պատիվներն ու պայծառությունն է մտաբերում: Այլ այդ ցավի մեջ սուգով և արտասուքով տառապում է, վշտերի նեղությունների համար վշտագին պաղատում, որի պատճառով էլ մերձավորներից շատերը ողորմելով արտասվում են՝ շտապելով փնտրել բժիշկներ և դեղեր: Բժիշկներին խոստանում են վարձ և դեղերի գներ, միայն թե հիվանդի ցավերը փարատվի:
Եթե այս ջանքերը ապակացու մարմնի համար են, որ թեպետ բժշկվում է, սակայն մեռնել ունի, իսկ ի՞նչ անել դժոխքի ահեղ հրի մշտնջենավոր ցավերի համար, որ պատրաստ պահվում են բազմավերք հոգիների համար:
Մեղավորը չի հառաչում, հեծում, հանապազ պաղատում Աստծուն, չի լվանում իր հանցանքների վերքերը, բժիշկներ և դեղեր չի փնտրում, ունեցվածքը չի վաճառում, վարձ չի խոստանում բժշկության և անտանելի ախտերի անօրենության դիմաց: Նա նաև ողջ մարմնով է մեղքերի վերքերի մեջ: Քանի որ նրա թափառող աչքերը վիրավորված են՝ արատներին նայելով, լսելիքը ցավահարված է անվայել բաներ ախորժելու պատճառով, լեզուն՝ բամբասանքներով և երդումներով, սիրտը ցավահարված է չար ցանկություններով և պիղծ խորհուրդներով, ձեռքերը հափշտակությամբ և զրկելով, ոտքերը՝ անպարկեշտ ընթացքով: Եվ այսպես մարդը, բոլոր անդամներով մեղքերի ցավերի և վշտերի մեջ լինելով, չի մերձենում հոգու բժիշկներին, ապաշխարության դեղ չի փնտրում, արտասուքների ապաշխարությամբ չի բժշկվում: Եթե մեկն այստեղ նրան չբժշկի աղոթքով, պահքով և ողորմածությամբ, այնտեղ նրան սպասելու է ահեղ հուրը և անողորմ չարչարանքները: Իսկ մարդն աներկյուղ մեղանչում է, անհոգ գործում ամեն ինչ՝ ուտում և ըմպում է, անհոգ քնում, որպես անմահներ մեծ ագահությամբ մթերքներ հավաքում՝ չմտաբերելով Դատաստանը և հավիտենական դառն ամոթը: Եվ այս բոլոր ծուլությունները չարի հնարքներն են, որ փորձում է ուղիղ վարքն էլ դեպի չարը դարձնել: Քանի որ, մարդ ինչ փոքր է համարում և չի շտապում ապաշխարել, նրանով է կործանվում»:
Սբ. Հովհան Մանդակունին հորդորում է փութալ և սկսել ապաշխարությունը, այն միայն սկզբում է ծանր, բայց հետո հեշտանում է և քաղցր ընթանում:
«Մի վախեցիր մեղքի բազմությունից ապաշխարության գնալ, գնալ դեպի Աստված, Նա դատավոր չէ, այլ՝ բժիշկ, դահիճ չէ, այլ՝ գորովագին Հայր»,- ասում է Մանդակունին:
Իսկ ապաշխարության հետևանքը և մարդուն սրբության կյանքին առաջնորդող բանաձևը համարում է. «Զղջալ, հավատով զինվել և հավատի համաձայն կյանք վարել», քանի որ «ճշմարիտ դարձն միայն և ուղիղ խոստովանությունն բավական են փրկվելու և արդարանալու համար»:
surbzoravor.am