Տե՛ր Աստված հավիտենական, որ ինձ արժանի դարձրիր մեռնելու Քո սուրբ անվան համար, լսիր Քո ծառայի աղաչանքը, ինձ ընդունիր նրանց մեջ, որ սիրեցին Քո գալստյամբ երևալու օրը և Քեզ ճանապարհակից եղան խաչի չարչարանքով ու մահով: Եվ իմ մանկությունից մինչև այժմ չարի խաբեությամբ ինչ մեղք որ գործել եմ Քո առաջ` կամովին, թե ակամա, գիտությամբ, թե անգիտությամբ` իմ արյան հեղումով լվա և մաքրիր Քո ողորմությամբ: Շնորհ արա և Քո բոլոր հավատացյալներին, որոնք հիշում են իմ անունը բարեխոսությամբ, [խնդրում] մեղքերի թողություն, հոգու և մարմնի փրկություն ամեն մի վտանգից, դևերի հալածումն, հիվանդների բուժում, հաղթանակ պատերազմներում, արձակում կապանքներից ու բանտերից, ծառայությունից ազատություն, խռովություններից` խաղաղություն, նեղություններից` անդորրություն, ճանապարհների վրա` առաջնորդական պահպանություն, ծովում ալեկոծության ենթարկվածներին` հանդարտություն, երաշտի ժամանակ` քաղցր անձրևներ` առատ պտղաբերության համար, կարկտաբեր ու եղյամ դնող օդի սաստկության արագ դադարում, հալածումն մորեխի և բոլոր վնասակար զեռունների, որ շարժվում են քո բարկությունից պատուհասելու և հալածելու մարդկանց` մեղքերի պատճառով: Եվ ովքեր կատարում են մեր հիշատակները ընծայաբերությամբ և ողորմությամբ` ընդունի՛ր անուշ հոտերի մեջ և վարձատրի՛ր բյուրապատիկ բարություններ այստեղ և հանդերձյալ կյանքում: Իսկ իմ հոգին ընդունիր արդարների օթևանները` հավիտենական հանգստի, և Քեզ փա՜ռք հավիտյանս: Ամեն:
Երկնավոր Թագավորի Սուրբ զորապետ՝
Անմահի Սիրով աշխարհին խաչված Սուրբդ Սարգիս՝ պսակված Տիրոջ Հաղթական Խաչով.
Մեր անձերի փրկության համար
եղի՛ր բարեխոս մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ,
Որին Վայել է Փա՜ռք, Իշխանություն և Պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»:
Բարեխոսությամբ Քո Սուրբ և քաջ Նահատակ Երանելի Սարգիս զորավարի, Տե՜ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Բարձրյալ Աստուծո, ողորմի՛ր Քեզ հուսացած բոլոր մարդկանց և ինձ՝ բազմամեղիս. Ամեն: