Ամենասուրբ Երրորդութեանն ընտրեալ ծառայ եւ հաւատարիմ.
յաղթող սպառազէն եւ քաջ նահատակ. երագահաս սուրբդ Սարգիս՝ շնորհաց օթեւան.
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Թագաւորին երկնաւորի սուրբ զօրապետ եւ մենամարտիկ.
սիրով Անմահին խաչեալ յաշխարհի.
երագահաս սուրբդ Սարգիս՝ խաչիւ պսակեալ.
բարեխօս լեր վասն անձանց մերոց:
Արեգական արդարութեան մեծ կարապետ՝ պայծառ արուսեակ.
ցոլացեալ յարեւմտից ի յելս արեւու.
երագահաս սուրբդ Սարգիս՝ անշէջ ճառագայթ.
բարեխօս լեր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Ծննդեան թիւը՝ անյայտ:
Նահատակութիւնը՝ 362 կամ 363 թ. Պարսկաստանի Դաղման քաղաքում:
Քրիստոսի քաջ զօրականը եւ անյաղթ վկան, գերագոյնը թագաւորներից եւ իշխաններից, աշխարհի իշխան սատանային գլխովին յաղթած սուրբ Սարգիսը, ով կոչւում էր նաեւ մար Սարգիս կամ տէր Սերգիոս, ազգութեամբ յոյն էր՝ Հայաստանին սահմանակից գամիրների երկրից՝ կապադովկիացիների Կեսարիայից եւ ապրել է Մեծն Կոստանդիանոսի ու Տրդատի ինքնակալութեան տարիներին:
Երբ ողջ հռոմէական տէրութեան մէջ տարածուեց քրիստոնէական հաւատի լոյսը, եւ համայն տիեզերքով մէկ պայծառացան եկեղեցիները, այս երանելի Սարգիսը, լինելով զարմանալի բոլորին եւ յոյժ հռչակաւոր, իր բարեպաշտ հաւատով Կապադովկիայում ծագեց իբրեւ լուսապայծառ մի աստղ: «Քանզի,- ինչպէս հին վկայաբանն է ասում,- Սարգիսը լի էր շնորհներով եւ Աստուծոյ Հոգով: Ամէն բան, ինչ որ խնդրում էր, Աստուած նրան տալիս էր: Այս Սարգիսը քրիստոնեայ էր եւ ամբողջ սրտով ու ամբողջ զօրութեամբ սիրում էր Աստծուն: Նա լի էր Սուրբ Հոգով, սիրելի էր Աստծուն ու ամէն բան, ինչ որ անում էր, Աստուած դէպի բարին էր առաջնորդում»: Իսկ թէ նա ինչպիսի մէկն էր, գրում է. «Նա զօրական էր՝ սպառազինուած զինուորական կարգով, կարգուած մի ամբողջ զօրագլխի վրայ, իմաստուն եւ հանճարեղ, մերձ բոլոր դատաւորներին եւ իշխաններին»: Այսպիսի եւ առաւել քան այսպիսի խօսքերով է նրա մասին գրում նաեւ պանծալի վկայաբան Շնորհալին եւ ասում. «Նա Կապադովկիայում արքունական հրամանով թագաւորի զօրքում զինուորական աստիճան ունէր: Այլազգիների դէմ մղուող պատերազմներում իրեն համադաս զինուորակիցներից շատերից գերազանց գտնուեց այնքան, որ նրա քաջութեան համբաւը հասաւ թագաւորին»:
Այդ ամէնի համար ինքնակալ Կոստանդիանոսը Սարգսին մեծամեծ պատիւներով հանդերձ շնորհեց ստրատելատութեան կոչում, այսինքն՝ այդ կողմերում տեղաբաշխուած զօրքերի զօրավարութեան պաշտօն: Նրան պատուական դարձրեց այդ սահմաններում գտնուող իշխանների եւ դատաւորների մէջ ու այնքան մեծ իշխանութիւն տուեց, որ նրան պէտք է հպատակուէին բոլոր մերձակայ գաւառներն ու գաւառապետերը, թէ՛ քրիստոնեայ, թէ՛ հեթանոս, եւ բոլորը պէտք է հնազանդուէին նրա հրամաններին:
Իսկ Աստուծոյ սքանչելի այրը, հասնելով այսպիսի մեծ պատուի եւ իշխանութեան, այն բնաւ չէր օգտագործում իր շահի ու սնոտի փառքի համար, այլ այդ ամէնը ծառայեցնում էր ի նպաստ հոգեւորի եւ աստուածայինի: Շրջում էր իր իշխանութեան տակ գտնուող այդ նահանգների քաղաքներով եւ գիւղերով, մաքրում էր այդ տարածքները կռապաշտութիւնից, խափանում էր կուռքերին մատուցուող զոհաբերութիւնները, որոնք դեռեւս կատարւում էին բազմաթիւ տեղերում եւ բոլորի առջեւ բացում աստուածգիտութեան լոյս ճանապարհը, որը Հոգու իմաստութեամբ քարոզում էր անձամբ, քանզի մանկուց քաջատեղեակ էր Հին եւ Նոր Կտակարաններին: Եւ այդպէս, ոմանց խօսքով էր ձգում Աւետարանի ուռկանի մէջ, ոմանց էլ՝ օրինակ լինելով իր բարեպաշտութեամբ ու մարդասիրութեամբ, քանզի յաճախակի ողորմութիւններ էր անում եւ իր ունեցուածքից առատապէս բաշխում աղքատներին ու կարօտեալներին: Իր ունեցած իշխանութեամբ, սպառնալով կռապաշտներին վտարել երկրից, դարձնում էր նրանց մոլորութիւնից դէպի Ճշմարտութիւնը, իսկ նրանց, ովքեր սիրում էին անգիտութեան խաւարը եւ ատում աստուածպաշտութեան լոյսը, հեռացնում էր երկրից, որպէսզի նրանք գայթակղութիւն չլինէին քրիստոնեաների համար: Հիմնովին աւերում էր մեհեանները, կործանում բագինները եւ նրանց փոխարէն կանգնեցնում տէրունական սուրբ նշանը, կառուցում Աստուծոյ եկեղեցիներ եւ սուրբերի վկայարաններ: Մեծացնում էր քահանաների եւ Քրիստոսի սպասաւորների դասը, որի համար անասելի ուրախութիւն էր տիրում աստուածապաշտներին եւ մեծ սուգ՝ հեթանոսներին, ու հէնց իսկ՝ բանսարկուին: Իսկ ինքը՝ երանելին, մեծապէս ուրախ էր Քրիստոսի փառաւորման եւ սատանայի պարտութեան համար: Այդպէս երկար տարիներ ապրելով այս գովելի վարքով եւ Աստուծոյ պատուիրաններով, սրբութեամբ, արդարութեամբ ու առաքինութեամբ յոյժ երեւելի եղաւ: Օրըստօրէ պատուելի էր դառնում նաեւ արքունիքում եւ պայծառանում փառքով, սակայն ամենակարեւորը, նա պարսպուած էր Աստուծոյ ամրածածուկ Աջով եւ յաջողութիւն էր ունենում բոլոր բարի գործերում:
Իսկ բարիատեաց բանսարկուն, տեսնելով երանելի Սարգսի այս բարեպաշտ ընթացքը, չարանում էր նրա դէմ եւ ջանում զանազան փորձութիւններով հետ պահել նրան հոգեւոր առաջընթացից, սակայն չէր կարողանում, որովհետեւ դեռեւս կենդանի էին հաւատի սիւն Կոստանդիանոս կայսրը, եւ նրան յաջորդող որդիները՝ Կոստանդն ու Կոստասը: Սակայն նրանց ինքնակալութեանը յաջորդեց չար Յուլիանոսը, ով կոչւում էր Բառաւադիս կամ Աբօսդադիս, այսինքն՝ ուրացող, ուխտազանց եւ ապստամբող՝ ընդդէմ սուրբ հաւատի: Սա չար դեւի անօթ եղաւ եւ վերացրեց Եկեղեցու խաղաղութիւնը, քանզի մտադրուել էր բոլոր քրիստոնեաներին դարձնել կռապաշտութեան կամ էլ նրանց բոլորին վերացնել երկրի երեսից: Սրա համար մեծապէս ուրախ եղան մոլորուած հեթանոսները, եւ ուժ առնելով` հարձակուեցին քրիստոնեաների վրայ. աւար վերցրին, աւերեցին եկեղեցիները, հալածեցին Եկեղեցու սպասաւորներին, վերականգնեցին աւերուած մեհեանները եւ բոլորին ստիպեցին Ուրացողի հրամանով զոհել կուռքերին, որի համար շատ քրիստոնեաներ՝ եկեղեցականներ, զինուորներ եւ հասարակ ժողովրդից շատերը նահատակուեցին պէս-պէս տանջանքներով եւ շատերն էլ, թողնելով իրենց երկիրը, հեռացան իրենց հայրենի հողից:
Տեսնելով այս ամէնը՝ քաջ Սարգիսը մտատանջւում էր, անդադար որոնում էր Աստուծոյ կամքը եւ պաղատում էր Նրան յայտնել իր առաջիկայ ընթացքը: Եւ ահա Տէրը տեսիլքով յայտնուեց նրան եւ ասաց. «Ո՛վ Սարգիս, ժամն է, որ ելնես աշխարհից, հեռանաս քո ազգից ու երկրից, ինչպէս Աբրահամ նահապետը, եւ գնաս այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ, քանզի այնտեղ դու պէտք է ընդունես մարտիրոսութեան պսակը»: Եւ մինչ երանելին խորհում էր տեսիլքի մասին, նոյն օրը լուր ստացաւ, որ Յուլիանոսը մեծ պատրաստութիւն է տեսնում՝ արշաւելու դէպի Արեւելք եւ պատերազմելու Պարսից արքայի դէմ` հաւատալով իր կուռքերի այն սուտ պատգամներին, թէ պիտի հզօրանայ, ինչպէս Ալեքսանդր Մակեդոնացին եւ նրա նմանութեամբ տիրի աշխարհի բոլոր թագաւորութիւններին:
Այնժամ բարեյաղթ Սարգիս զօրավարը հասկացաւ, որ հասել է այն ժամը, որը ցոյց տրուեց իրեն տեսիլքով: Եւ քանի որ անհնար էր, որ նա գործակից լինէր Յուլիանոսին կամ ականատես լինէր այն բոլոր չարիքներին, որ Յուլիանոսի արշաւանքներից պիտի լինէին յատկապէս Եկեղեցուն, պատրաստուեց դիմել դէպի սահմանակից քրիստոնեայ պետութիւն՝ Հայաստան: Թողեց Կապադովկիայում ունեցած իր հայրական ժառանգութիւնը, իսպառ հրաժարուեց իշխանական ճոխութիւնից, երեւելի փառքից, մեծաթիւ զօրքերի հրամանատարութիւնից եւ առօրեայ կեանքի բոլոր վայելչութիւններից: Ըստ մեծահարուստին ուղղուած տիրաձայն հրամանի` վաճառեց իր ունեցուածքը, բաշխեց կարօտեալներին, թեթեւացաւ բազմավրդով հոգսերի ծանրութիւնից եւ այդ ամէնի փոխարէն վերցնելով Քրիստոսի խաչը` գնաց իր Փրկչի հետեւից: Իրեն ճանապարհորդակից դարձրեց նաեւ մօրից որբացած իր որդուն, ով իր քաջութեամբ եւ առաքինութիւններով չզիջելով հօրը՝ գործով պիտի ընդունէր վկայական Մարտիրոս անունը: Նրանք երկուսով պաղատում էին Աստծուն իրենց առաջիկայ ընթացքի համար եւ աղօթում՝ ասելով. «Աստուա՛ծ ամէնքի եւ Տէ՛ր բոլոր եղականների, որ Քո նախախնամ ողորմութեամբ ստեղծեցիր բոլոր արարածներին եւ քաղցրութեամբ ես նայում ամէնքին: Դու գթառատ ես Քեզնից երկիւղածների հանդէպ, Քո ողորմութեամբ եղար նախկին արդարների հետ եւ փրկեցիր նրանց իւրաքանչիւր փորձութիւններից: Մենք եւս, որ հալածւում ենք Քո անուան համար, ընկնում ենք Քո առջեւ եւ հայցում Քեզնից, ճանապարհորդակի՛ց եղիր մեզ այս ճանապարհին, որ պատրաստւում ենք գնալ, մինչեւ որ հասցնես մեզ Քո երկնաւոր Հօր օթեւանները»:
Ապա ճանապարհ ընկնելով` դիմեցին Հայոց աշխարհ՝ Տիրան արքայի մօտ, ով որդին էր Տրդատի, սա էլ՝ Խոսրովի: Տիրանը պատուասիրաբար ընդունեց քաջ Սարգսին եւ միառժամանակ նրան պահեց իր մօտ: Իսկ Յուլիանոս Ուրացողն անհամար զօրքով շարժուեց դէպի Պարսկաստան եւ նախ Անտիոք հասնելով` չարչարեց տեղի քրիստոնեաներին: Այդ չար լուրերը հասան ամենուր եւ տագնապեցրին բոլորին, որի համար շատերը փախստական դարձան եւ թաքնուեցին խոր ձորերում ու ժայռերի ծերպերում:
Այս լուրը տարածուեց նաեւ Հայոց աշխարհում, եւ ժողովուրդն այնքան խռովուեց անօրէնի երկիւղից, որ Տիրան արքան վարանեց իր մօտ պահել Սարգսին, քանզի մտածում էր, որ եթէ Յուլիանոսը նրա տեղն իմանալով պահանջի նրան, չտալու դէպքում խռովութիւն կը ծագի իրենց երկրների միջեւ: Այնժամ երանելի Սարգսին խորհուրդ տուեց խոյս տալ եւ գնալ Պարսից Շապուհ արքայի մօտ: Եւ սա հէնց այնպէս չեղաւ, այլ Աստուած Իր տնօրինութեամբ նրան տանում էր այնտեղ, որը ցոյց էր տուել տեսիլքով, եւ ուր պէտք է վկայութեամբ պսակուէր ի Քրիստոս: Ուստի Սարգիսը, ելնելով Հայոց աշխարհից, իր որդու հետ դիմեց Պարսկաստան, սակայն լսելով, որ Շապուհ արքան Տիզբոնից անցնում է Խորասան, որոշեց նրան ընդառաջ գնալ: Նրան տեսնելով՝ Շապուհը մեծապէս ուրախ եղաւ, որովհետեւ լսել էր նրա քաջագործութիւնների մասին: Նաեւ երբ Սարգիսն ասաց, որ ինքը հեռացել է Հռոմից Յուլիանոսի պատճառով, ընդունեց նրան մեծապատիւ փառքով եւ կարգեց նրան իր առաջին զօրագլուխների հետ, ապա տեսնելով նրա արիութիւնն ու հաւատարմութիւնը` նրա ձեռքը մեծաթիւ զօրք յանձնեց: Աստուած նրան յաջողութիւն էր տալիս այլազգիների դէմ մղած բոլոր պատերազմներում, որի համար սիրելի դարձաւ թագաւորին եւ նրա մեծամեծներին: Սակայն երանելին բոլոր յաղթանակները վերագրում էր ոչ թէ իր անձի քաջութեանը, այլ Աստուծոյ զօրութեանը:
Զինուորական ծառայութեան մէջ զբաղուածութեան հետ մէկտեղ նա երբէք չէր դադարում ըստ տեղի ու ժամանակի յարմարութեան Աստուծոյ առջեւ յարաժամ աղօթքներ ու ընծայաբերութիւններ անել: Եւ որպէսզի իր զինուորները զոհեր չմատուցէին կուռքերին, մորթել էր տալիս անասուններ եւ առատօրէն բաշխում աղքատներին ու կարօտեալներին: Այս մասին վկայաբան Շնորհալին գրում է. «Իր անձի սրբութեան համար ոչ միայն բանաւոր պատարագ էր մատուցում, այլեւ իր եւ նախնիների սովորութեամբ մորթելով անբան կենդանիներին` բաշխում էր աղքատներին ու կարօտեալներին: Նոյնն ուսուցանում էր անել բոլորին եւ յորդորում էր քաղցածներին կերակրելու համար մշտապէս զոհաբերել անասուններ՝ որպէս ընծայաբերութիւն Աստծուն»:
Այդ օրերին լուր հասաւ, թէ Յուլիանոսի զօրքից մի մեծ գունդ ասպատակելով աւերել է Տաճկաստանը, որը գտնւում էր Շապուհի տէրութեան ներքոյ եւ սահմանակից էր հռոմէացիների երկրին: Սահմանների պահպանութեան համար արքան սուրբ Սարգսին ուղարկեց Տաճկաստանի կողմերը, իսկ նրա որդուն պահեց իր մօտ: Սուրբն իր զօրագնդով հասաւ վերը նշեալ տեղը եւ այնտեղ երեք ամիս մնալով` ճակատ կազմեց Յուլիանոսի զօրքի դէմ ու պահպանեց երկիրը թշնամու ասպատակութիւնից: Այս տեղեկութիւնը թողել է վկայագիր Շնորհալին: Իսկ ըստ մէկ այլ վկայաբանի` Տաճկաստանի թագաւորը կամ աւագ նախարարը, ապստամբելով պարսիկների դէմ, մեծ զօրագնդով եկել հասել էր նրանց սահմանին եւ պատրաստւում էր ներխուժելով գերել ու աւերել երկիրը, որի համար Սարգիսը զօրքով դուրս էր եկել նրա դէմ:
Արդ, յարձակումներ էին լինում թէ՛ հռոմէացիների, թէ՛ այլազգիների կողմից: Երբ սրանք լսեցին, որ քաջ Սարգիսը դուրս է եկել իրենց դէմ, մեծաթիւ զօրքով ճակատ կազմեցին ընդդէմ Սարգսի սակաւաթիւ զօրքի եւ կամեցան պատերազմել ըստ օրէնքի: Իսկ սուրբ Սարգսի զօրքը, տեսնելով լաւ սպառազինուած թշնամու անհամար բազմութիւնը, յոյժ զարհուրեց եւ ասաց. «Մենք կորստեան կը մատնուենք նրանց ձեռքով, քանզի անհնար է մեր սակաւաթիւ զօրքով պատերազմել ընդդէմ հազարաւոր թշնամիների»: Նրանցից ոմանք անգամ ասում էին. «Հեռացի՛ր այստեղից, Սարգի՛ս, եւ մեզ կորստեան մի՛ մատնիր քեզ հետ»:
Իսկ երանելին, տեսնելով թշնամու ահից երկիւղած իւրայիններին, պատեհ գտաւ նրանց յայտնել սուրբ հաւատի ճշմարտութիւնն ու զօրութիւնը եւ ցոյց տալ հեթանոսական մոլար պաշտամունքի ստութիւնն ու տկարութիւնը: Առաքինի այրը, հաստատուած լինելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ճշմարիտ հաւատի եւ աստուածային սիրոյ մէջ, բացեց իր շնորհաբուխ բերանը եւ ասաց. «Եղբայրնե՛ր եւ զինուորակիցնե՛ր, եթէ ձեր ամբողջ սրտով հաւատաք երկնքի եւ երկրի Արարչին, ապա ձեր սրտերը երբէք չեն զարհուրի մեր թշնամու բազմութիւնից, այլ իմ ճշմարիտ Աստուծոյ օգնականութեամբ ձեզանից մէկը կը հալածի հազարին եւ երկուսը՝ կÿընկճի բիւրաւորներին: Արդ, եղբայրնե՛ր, հաւատացէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուանը եւ մի՛ զարհուրէք: Հաւատացէ՛ք եւ աղօթէ՛ք մեր Տէր Աստծուն, եւ Նա կ՚առաքի Իր հրեշտակին, որպէսզի հալածի մեր թշնամիներին: Եւ այս կ՚ասեմ, եթէ հաւատաք ձեր ամբողջ սրտով, ես երաշխաւոր կը լինեմ Քրիստոսի առջեւ, որպէսզի ձեզնից ոչ ոք չընկնի, ձեր ահը պատի նրանց, եւ բոլորը փախչեն ձեր առջեւից: Ապա թէ ոչ՝ կրկնակի կորուստ կայ ձեր առջեւ՝ մարմնի եւ հոգու: Ձեր կողմից աստուածներ կոչուածները չեն կարող օգնել ձեզ, քանի որ զօրութիւն չունեն: Չեն կարող օգնել լուսատուները, որոնց դուք պաշտում էք, ո՛չ տարերքները, ո՛չ էլ ձեր կուռքերի պատկերները, որոնց պատւում էք, քանզի նրանք ականջներ ունեն, բայց չեն լսում, աչքեր ունեն եւ չեն տեսնում, ռունգեր ունեն, բայց չեն հոտոտում, ձեռքեր ունեն, բայց չեն շօշափում, ոտքեր ունեն, բայց գնալ չեն կարող եւ ոչ էլ շունչ կայ նրանց բերաններում: Եւ նրանց արարողներն ու նրանց յուսացողները նրանց նման են լինում»:
Այնժամ զօրքից նրան լսողները հարցրին. «Իսկ ո՞ւր է քո Աստուածը, մա՛ր Սարգիս: Եթէ մեր կուռքերն աստուածներ չեն, ապա մեզ ցո՛յց տուր քո ճշմարիտ Աստծուն, որպէսզի տեսնելով՝ հաւատանք Նրան»: Երանելին պատասխանեց. «Իմ Աստուածը բոլոր գոյութիւն ունեցողների Աստուածն է՝ երեւացողների ու աներեւոյթների, եւ բնակւում է անմատոյց լոյսի մէջ»: Այսպէս սկսելով` նրանց քարոզեց ճշմարիտ հաւատը, Ամենասուրբ Երրորդութեանը եւ մի Աստուածութեանը: Ըստ կարգի՝ պատմեց Արարչի սքանչելի գործերի մասին, թէ ինչպէս բարերարութեամբ ստեղծեց մարդուն Իր պատկերով, թէ ինչպէս է խնամարկում բոլոր արարածներին: Խօսեց նաեւ մարգարէութիւնների, Աստուծոյ Բանի փրկագործ մարդեղութեան, Նրա կենսաբեր տնօրէնութեան, հրաշագործութիւնների, խաչելութեան, թաղման, յարութեան, փառքով երկինք վերանալու եւ մարդկային ազգին ըստ գործերի դատելու համար նոյն մարմնով դարձեալ Գալստեան մասին: «Արդ, սա է ճշմարտութիւնը, որին եթէ հաւատաք ձեր բոլոր սրտով եւ հեռանաք ձեր մոլար պաշտամունքներից, կ՚ընդունէք յաւիտենական կեանքը մարմնով եւ հոգով, իսկ երբ գայ Քրիստոս Իր աստուածութեան փառքով, չի տանջի ձեզ անհաւատների հետ անվախճան հրում»:
Այսպէս խօսեց երանելի Սարգիսն իր զօրքի առջեւ: Շնորհ իջաւ ամբողջ զօրքի մէջ, եւ բոլորը միաբերան աղաղակեցին. «Հաւատո՛ւմ ենք Սարգսի Աստծուն»: Այս աղաղակը լսելի եղաւ թշնամիներին, որից ահ ընկաւ նրանց մէջ: Սարգսի գունդը յարձակուեց նրանց վրայ եւ ջախջախեց նրանց բանակը. ոմանց կոտորեց, ոմանց էլ՝ փախուստի մատնեց:
Մինչ առաջ եկած թշնամու մեծաթիւ զօրքերը կամենում էին գունդ-գունդ յարձակուել Սարգսի պահպանութեան տակ գտնուող տարածքի վրայ, պատուեցին թանձր խաւարով, մոլորուեցին եւ այս ու այն կողմ ցրուելով՝ չէին կարողանում միմեանց գտնել: Իսկ եթէ հանդիպում էին, պատմում էին իրենց տեսած տեսիլքի մասին, որ անմարմին զօրքերը յայտնուել էին իրենց եւ ասել. «Մի՛ յանդգնէք պատերազմել Աստուծոյ ծառայ սուրբ Սարգսի դէմ, ապա թէ ոչ՝ ամէնքդ կը կորչէք»:
Տեսնելով եւ լսելով այս ամէնը՝ սուրբը փառք տուեց ամենազօր Աստծուն եւ բանակատեղիում հաւաքելով իւրայիններին՝ ասաց. «Տեսա՞ք Բարձրեալի բազկի զօրութիւնը: Մե՛ծ է Տէրը, եւ մե՛ծ է Նրա զօրութիւնը: Ո՞վ կարող է պատմել Նրա հրաշագործութիւնների մասին: Եկէ՛ք, եղբայրնե՛ր, փա՛ռք տանք մեր Քրիստոս Աստծուն, որ Իր ծառաներին ցոյց տուեց Իր ողորմութիւնը եւ զօրութիւնը»: Իսկ զօրքը, հաստատուելով ճշմարիտ հաւատի մէջ, աղաղակեց. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը եւ անբաւ է Նրա զօրութիւնը: Հաւատում ենք Ամենասուրբ Երրորդութեանը եւ մի Աստուածութեանը, որ քարոզեց Սարգիսը»: Այնժամ շատերը մկրտուեցին սուրբի հետ եղող քահանաների կողմից, եւ բոլորը երկրպագեցին Աստծուն:
Իսկ բանսարկու սատանան զօրքի միջից ոմանց, ովքեր յարում էին պարսկական մոլար կրօնին, դրդեց մատնել սուրբին: Եւ սրանք, գնալով Շապուհի մօտ, ասացին. «Ո՛վ արքայ, Սարգիսն ապստամբեց աստուածների եւ քո դէմ: Նա, քարոզելով Յիսուս Նազովրեցուն, ամբողջ զօրքին տարաւ իր մոլորութեան հետեւից եւ միաբանուեց հռոմէական զօրքի հետ»: Այս լսելով՝ թագաւորը յոյժ խռովուեց եւ խորհրդակցեց իր աւագանու հետ, թէ ինչպէս զօրքի մէջ աղմուկ եւ պառակտում չընկնի: Եւ ատեանի խորհրդով մեծամեծ պարգեւներ ուղարկեց Սարգսին՝ մի նամակով հանդերձ, որում գրուած էր. «Ո՛վ զօրավարներից պատուականդ Սարգիս, մեզ հասաւ քո բարի համբաւն առ այն, որ դու նուիրուած ես մեր թագաւորութեանը եւ յոյժ ուրախ եղանք, որի համար որպէս հաւատարիմ եւ իմաստուն ծառայի՝ առաւել դարձաւ մեր սէրը քո հանդէպ: Ընդունի՛ր մեր թագաւորութեան կողմից առաքուած քո մեծութեանն արժանի այս պարգեւները: Ո՛ղջ եղիր»:
Մի քանի օր անց թագաւորը երանելու մօտ ուղարկեց նաեւ նրա որդուն՝ Մարտիրոսին, ով գտնւում էր արքունիքում: Նրան հետ բերելու համար ուղարկեց նաեւ իր մի քանի պատուաւոր մարդկանց, որպէսզի նա առանց կասկածների գայ արքունիք: Եւ նրանց հետ դարձեալ մի նամակ ուղարկեց հետեւեալ բովանդակութեամբ. «Ո՛վ վեհագոյնդ մեր զօրավարներից՝ Սարգիս, մեզ է հասել քո կորովամիտ իմաստութեան համբաւը: Արդարեւ, իմաստասէրներին յատուկ քո տրամախոհութեամբ նուաճեցիր մեր թշնամիներին եւ շահեցիր երկրի խաղաղութիւնը: Արդ, որդուդ հետ շտապ այստեղ ժամանի՛ր, քանզի կարիք ունենք քո կատարեալ խոհեմութեանը եւ պէտք է խորհրդակցենք քեզ հետ հռոմէացիների կողմից սպասուող առաջիկայ պատերազմի մասին: Ո՛ղջ եղիր»:
Պատանի Մարտիրոսն իր ուղեկիցների հետ ճանապարհ ընկաւ եւ մօտեցաւ այն սահմաններին, ուր գտնւում էր իր հօր բանակը: Սակայն թշնամու զինուորները ճանապարհին ընդառաջ ելան, բռնեցին պատանուն ու նրա հետ եղողներին եւ տարան իրենց բանակը: Երբ այս վատ լուրը հասաւ սուրբին, մեծ տրտմութիւն պատեց նրան եւ իր զօրքին: Չյուսալով մարդկանց օգնականութեանը՝ նա ապաւինում էր Աստծուն եւ ընկնելով Տիրոջ առջեւ՝ արտասուալից պաղատանքներ մատուցում: Իր աղօթքի մէջ յիշատակում էր Տիրոջ գործած սքանչելիքները որ եղան Նոյի, Աբրահամի, Իսահակի, Յակոբի եւ բոլոր նահապետների հետ: Նա աղօթում էր եւ ասում. «Տէ՜ր, ինչպէս որ լսում էիր նրանց աղօթքները, այժմ լսի՛ր նաեւ ինձ՝ մեղաւորիս: Ինչպէս որ Յակոբին շնորհեցիր տեսնել Յովսէփին, այնպէս էլ ինձ վերադարձրու որդուս, որպէսզի չգայթակղուի այս նորահաւատ ժողովուրդը, որը Քո ծառայի քարոզութեամբ հաւատաց Քեզ: Արժանացրո՛ւ սրանց տեսնել Քո ողորմութիւնն ինձ վրայ եւ յայտնի՛ր Քո սուրբ անուան փառքը»:
Երեք օր եւ երեք գիշեր խիստ պահեցողութեամբ չէր դադարում աղօթել եւ ասել. «Ահաւասիկ Քո ծառան պիտի չուտի եւ պիտի չխմի: Արդ, Տէ՜ր, ո՞ւր է իմ որդին: Ինչո՞ւ ինձ մատնեցիր իմ թշնամիների ձեռքը որպէս նախատինք, իսկ որդուս՝ նրանց մօտ գերութեան: Դու Ղազարոսի համար ասացիր Քո Հօրը, թէ այս անում եմ ժողովրդի համար, որ հաւատան Ինձ: Ինչո՞ւ իմ որդուն մատնեցիր թշնամիների ձեռքը, ինչո՞ւ ինձ նախատինք դարձրիր նրանց առջեւ եւ ինչո՞ւ Խաչի թշնամիները յոխորտալով ասեն. «Ահա Սարգիսը պաշտում էր Աստծուն, թող այժմ Նա իր որդուն իրեն յանձնի»: Սակայն ես ասում եմ. «Դո՛ւ ես իմ Աստուածը, եւ ոչ մի անհնար բան չկայ Քեզ համար: Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Դո՛ւ կարող ես փրկել իմ որդուն թշնամիների ձեռքից եւ նրան ինձ յանձնել»: Եւ շատերն էին գալիս՝ մխիթարելու Սարգսին:
Մեծ հաւատով երեք օր պաղատում էր Աստծուն այնպէս, ինչպէս որդին է խնդրում հօրից: Եւ ահա չորրորդ օրը՝ երրորդ ժամին տեսաւ, որ թշնամու բանակից մի հեծեալ եկաւ, ով իր հետ բերում էր մանկանն ու նրա հետ մի քանի հոգու: Նրանց կանգնեցրեց Սարգսի զօրքի առջեւ եւ ասաց. «Մեր բանակից եօթ հոգի այս մանկանը գերի բերեցին եւ հէնց նոյն օրը մեռան: Ցասում եւ հարուածներ հասան մեր բանակին, մեր զօրքի մէջ այնքան սաստիկ խռովութիւն ընկաւ, որ շատերն սկսեցին միմեանց կոտորել: Մեր զօրավարը տեսիլք տեսաւ, որի համար հրամայեց իր զօրագլուխներին. “Մեզ վրայ հասած ցասումն այս մանկան պատճառով է: Շտապ վերադարձրէ՛ք սրան, քանզի եթէ պատանուն իր հօրը չյանձնէք, մեր ամբողջ զօրքը կորստեան կը մատնուի”: Ահաւասիկ նրան ձեզ մօտ բերեցի, սակայն ես չգիտեմ, թէ նա ում որդին է. ցո՛յց տուէք ինձ նրա հօրը, եւ ես կը յանձնեմ նրան, որ թերեւս դադարի Աստուծոյ ցասումը մեր բանակի վրայ»:
Երբ Սարգսի բանակը լսեց այս խօսքերը, աղաղակեց եւ փառաւորեց Աստծուն՝ ասելով. «Արդարեւ, մե՜ծ է Սարգսի Աստուածը, եւ չկա՛յ այլ աստուած, որ այսպիսի հրաշքներ գործի»: Իսկ երանելի Սարգիսը գոհանալով ասում էր. «Տիրոջ բոլոր ծառանե՛ր, այս տեղում օրհնեցէ՛ք Տիրոջը», եւ զօրքը ձայնակից եղաւ սուրբի սաղմոսերգութեանը: Ապա Սարգիսը՝ իր որդու ձեռքը բռնած, փառք տուեց Աստծուն եւ ասաց. «Գոհանում եմ Քեզանից, Հա՛յր մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ծածկեցիր ինձ իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին եւ մեղաւորներին»: Ապա աղօթեց նաեւ թշնամու բանակի համար, որպէսզի դադարի Աստուծոյ ցասումը նրանց վրայ: Երեք օր անց աւետաբեր եկաւ թշնամու բանակից եւ ասաց. «Արդարեւ, մե՜ծ է Սարգսի Աստուածը, քանզի նրա աղօթքներով դադարեցին հարուածները մեր բանակի վրայ: Մենք հաւատում ենք Սարգսի Աստծուն»: Իսկ երանելին աղօթում էր. «Գոհանում եմ Քեզանից, Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս, որովհետեւ Դու յայտնուեցիր նրանց, ովքեր Քեզ չէին ճանաչում»:
Իր որդու՝ Մարտիրոսի ազատութեան օրը Սարգիսը ողջ բանակի հետ մեծ տօն արեց, եւ բոլորն ուրախացան ի Տէր՝ հոգեւոր եւ մարմնաւոր ուրախութեամբ: Այս հրաշքը, որ Տէրը ցոյց տուեց Իր ծառայ Սարգսին, տարածուեց ողջ երկրով: Լուրը շտապ հասաւ նաեւ պարսից արքունիք, որից իշխանները չարացան եւ ասացին. «Իսկ մենք կարծում էինք, թէ Սարգսին դաւադրութեամբ կորստեան կը մատնենք, բայց նա դեռեւս ողջ է: Նա մոլորեցրեց ամբողջ երկրին, եւ բոլորը հաւատացին նրա կախարդութեանը»:
Իսկ սուրբ Սարգիսը, երբ որդուց իմացաւ, որ թագաւորի հրամանով իրեն շտապ արքունիք են կանչում, հասկացաւ արքայի եւ նրա իշխանների չար մտադրութիւնը: Իր մօտ կանչեց ամբողջ զօրքին, որը հաւատաց Քրիստոսին, եւ ասաց. «Եղբայրնե՛ր, եկել է ընդունելի ժամը, որում պէտք է յայտնի դառնայ մեր հաւատի բարեպաշտութիւնը եւ մարդկանց առջեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին խոստովանելը, որպէսզի Նա էլ մեզ խոստովանի Իր Հօր եւ սուրբ հրեշտակների առջեւ»: Իսկ զօրքը միաբերան պատասխանեց. «Ապրենք, թէ մեռնենք՝ մենք քեզ հետ ենք, ո՛վ հայր պատուական»: Սուրբը նրանց ասաց. «Մենք մեր Տիրոջից հրաման ունենք չծածկել մեր հաւատի լոյսը, այլ դնել աշտանակի վրայ, քարոզել տանիքներից եւ չերկնչել նրանցից, ովքեր մարմինն են սպանում եւ ո՛չ հոգին: Բայց ես՝ անպիտանս, անհնազանդ գտնուեցի Տիրոջ հրամանին, քանզի ակնածելով մարդկանցից` մինչեւ այժմ արքայի եւ նրա աւագանու առջեւ անձիս մէջ ծածկուած եմ պահել իմ հաւատի լոյսը, ինչպէս ճրագը` գրուանի տակ: Սակայն այժմ, եղբայրնե՛ր, աղաչէ՛ք Տիրոջը, որ ինձ համարձակութիւն տայ աներկիւղ քարոզել Իր անունը թագաւորների ու իշխանների առջեւ եւ հաստատի իմ ոտքերը հաւատի ամուր վէմի վրայ, որպէսզի չսասանուեմ այն մարդկանցից, որոնց առջեւ պատրաստւում եմ կանգնել»:
Այնժամ զօրքը պատասխանեց սուրբին եւ ասաց. «Աղաչո՛ւմ ենք քեզ, տէ՛ր, լսի՛ր քո ծառաներին: Խորհուրդ ենք տալիս մեր տիրոջը չընդունել արքայի հրաւէրը եւ չգնալ բռնաւորի առջեւ: Իսկ եթէ դա կը շարժի նրա ցասումը, ապա մենք չենք վարանի ելնել նրա դէմ: Ամէնքս պատրաստ ենք մեռնել այն բոլոր պատերազմներում, որոնք պատրաստուած են քո դէմ, եւ ով կը մարտնչի մեր դէմ, կը յաղթենք նրան մեր Տիրոջ զօրութեամբ, Ում հաւատացինք»: Սուրբն ասաց. «Տէրը մեզ պատուիրում է զօրանալ ո՛չ թէ մարմնով եւ պատերազմական միջոցներով, այլ հոգով եւ նեղութիւնների մէջ համբերելով յաղթել մեր թշնամիներին: Արդ, խոչընդոտ մի՛ եղէք կենաց ճանապարհի առաջիկայ ընթացքիս, այլ աղաչէ՛ք Տիրոջը, որ արժանացնի ինձ մեռնել Իր սուրբ անուան համար: Թող Նրա Աջը ձեզ հովանի լինի եւ հաստատի ճշմարիտ հաւատի մէջ, որն ընդունեցիք Սուրբ Հոգու շնորհով: Եթէ սիրէք Նրան ձեր ամբողջ սրտով, Նա Ինքը փրկութիւն կը լինի ձեզ այս կեանքում եւ Իր բոլոր սուրբերի հետ կ՚արժանացնի յաւիտենական կեանքին: Արդ, դուք մնացէ՛ք այստեղ եւ հաւատարմութեամբ կատարէ՛ք արքունի գործերը՝ ծառայելով իբրեւ Տիրոջը եւ ոչ թէ մարդկանց: Իսկ ես կÿընդունեմ այդ հրաւէրը, որովհետեւ գիտեմ, որ կանչւում եմ Տիրոջ կողմից»:
Այս ասելով` զօրացրեց նրանց հաւատի մէջ, եւ բաժանուեցին միմեանցից: Սուրբ զօրավար Սարգիսն իր որդու եւ մի քանի զօրականների հետ ճանապարհ ընկաւ եւ հասաւ արքունիք: Երբ Շապուհը տեսաւ նրան, շատ ուրախացաւ եւ, դառնալով իր խորհրդակից աւագանու անդամներին, ասաց. «Ինձ թւում է, որ յանիրաւի են նրա մասին եղած ամբաստանութիւնները, եւ չարախօսները նախանձից են դրդուել եւ ո՛չ ճշմարտութիւնից»: Ապա դիմելով Սարգսին՝ ասաց. «Թող բարի լինի քո գալուստը, իմ հաւատարիմ եւ իմաստուն զօրապետ: Մեր հանդէպ ցուցաբերած քո անխոտոր հաւատի համար կամենում ենք քեզ արժանացնել մեծամեծ պարգեւների: Մեր թագաւորութիւնը որոշել է քեզ մեծ պատուի արժանացնել եւ քո խոհեմագոյն իմաստութեան համար ամբողջ զօրքի վրայ որպէս գլուխ կարգել»: Եւ նրան բազում պարգեւներ շնորհեց:
Սակայն սուրբ Սարգիսը չխաբուեց այդ խօսքերից եւ մեծամեծ պարգեւներից, այլ պատասխանեց նրան իմաստուն խօսքերով. «Գոհանում եմ իմ Աստծուց, Ով փրկեց ինձ իմ թշնամիների ձեռքից, որոնց ոչ թէ մեր իմաստութեամբ եւ զօրութեամբ յաղթեցինք, այլ ամենազօր Աստուծոյ կարողութեամբ: Նրանով են նաեւ ձեզ շնորհուած պարգեւները, եւ Նա է ձեզ իմաստութիւն տուել՝ ճանաչելու ճշմարիտը»: Այս ասելով՝ սուրբը հեռացաւ, իսկ թագաւորն իր մերձաւորներին ասաց. «Ճշմարտութեան մէջ կատարեալ եմ տեսնում այս մարդուն», իսկ չարախօսներն առաջ գալով՝ ասացին. «Քա՛ջ արքայ, նա ունի Նազովրեցու ուսմունքն ու աղանդը: Նա աստուած է կոչում ոչ թէ մեր աստուածներին, այլ Յիսուս Նազովրեցուն: Իսկ եթէ ձերդ թագաւորութիւնը չի հաւատում, ապա թող հարցնի հէնց իրեն եւ կը տեսնի մեր խօսքերի ճշմարտութիւնը»: Այս լսելով՝ թագաւորը յոյժ տրտմեց, քանզի չէր կամենում, որ նա քրիստոնեայ լինէր եւ ոչ էլ կամենում էր ձեռքից բաց թողնել այդպիսի քաջ ու հաւատարիմ մարդու: Նա անդադար խորհում էր իր սրտում, թէ ինչպէս իմանայ ճշմարտութիւնը:
Այդ օրերին պէտք է նշուէր իրենց աստուածների տօնը, եւ արքայից հրաման ելաւ, որ ժողովուրդը հաւաքուի կրակարանի ատրուշանում, ուր ըստ պարսկական օրէնքի` կրակ էին վառում: Այնտեղ կանգնեցուած էին տասներկու կուռքերը: Պատուական զօրապետերի շարքում Սարգիսը եւս իր որդու հետ հրաւիրուեց գալ եւ մասնակցել այդ տօնակատարութեանը: Եւ երանելին, իմանալով, որ հասել է Աստուծոյ համար պատերազմելու ժամը, աղօթեց՝ ասելով. «Տէ՜ր Աստուած, Քեզ յուսացողների Փրկի՛չ, որ խոստացար Քո ծառաներին եւ ասացիր, թէ երբ ձեզ տանեն դատաւորների առջեւ, մի՛ մտածէք, թէ ինչ պիտի պատասխանէք, քանզի Ես կը տամ ձեզ խօսք եւ իմաստութիւն, որին չեն կարող հակառակուել ձեր թշնամիները: Արդ, Տէ՜ր, երբ բացեմ բերանս, տո՛ւր ինձ խօսք իմ մրցասպարէզում, որին պատրաստւում եմ դուրս գալ: Զօրացրո՛ւ ինձ համբերել չարչարանքներին, որոնք գալու են ինձ վրայ Քո սուրբ անուան համար»:
Նոյն աղօթքն էր անում նաեւ երանելի Մարտիրոսը՝ ձայնակից լինելով իր հօրը, եւ նոյն հոգով սպառազինուած՝ պատրաստւում էր մտնել նահատակութեան հանդէս: Եւ երբ վերջացրեցին աղօթքը, ընդունեցին թագաւորի կանչը եւ գնացին կանգնելու նրա առջեւ: Թագաւորը, նրան տեսնելով, բարձր ձայնով ասաց. «Սարգի՛ս, ո՛վ պատուականդ իմ զօրապետերից, ե՛կ, մեզ հետ մտի՛ր տաճար եւ զոհ մատուցիր, ինչպէս հրամայում է մեր օրէնքը: Որպէս ճշմարիտ աստուածասէր՝ խունկ մատուցիր մեծամեծ աստուածներին, որպէսզի քո չարախօսները, ամօթահար լինելով, լռեն, իսկ դու առաւել պայծառանաս փառքով»: Պատասխանեց սուրբ Սարգիսը եւ ասաց. «Որպէս զոհ` ես իմ անձն ամբողջովին կը մատուցեմ ճշմարիտ Աստծուն եւ Նրա Որդուն՝ Յիսուս Քրիստոսին, Ով պատարագուեց իմ սիրոյ համար: Ես գիտե՛մ քո կուռքերին եւ կրակին աստուած չե՛մ կոչի: Ես պաշտում եմ կրակի ու արեգակի Արարչին եւ երկրպագութիւն եմ մատուցում Նրան, Ով արարեց երկինքն ու երկիրը, իսկ նրանցում եղածները միայն արարածներ են: Նա՛ է կենդանի եւ յաւիտենական Թագաւորը, Ում, եթէ իմաստութիւն ունենայիր, դու եւս կ՚երկրպագէիր եւ կը փառաւորէիր՝ Նրա ստեղծած տարրեղէն արարածների եւ մարդկանց ձեռագործ անշունչ պատկերների փոխարէն»:
Այս լսելով՝ արքան ասաց. «Ահա յայտնի դարձաւ քո մոլորութիւնը, ո՛վ յիմարութեամբ արբա՛ծդ եւ ինքնակամ քեզ զրկո՛ղդ բիւրաւոր բարիքներից: Այլեւս մի՛ խօսիր, ե՛կ եւ զոհի՛ր աստուածներին»: Իսկ երանելին չկարողացաւ համբերել, թքեց ամբարշտի վրայ եւ Սուրբ Հոգով զօրանալով՝ ասաց. «Ես չե՛մ վախենում քեզանից եւ քո կուռքերից: Իմացի՛ր, չե՛մ պաշտելու քո գարշելիներին, այլ միայն ճշմարիտ սուրբ Աստծուն, Ում ի զօրու չեն անարգել հայհոյիչների բերանները»: Այնժամ սրտմտելով` Շապուհը բարկութեամբ հրամայեց քարերով խփել նրա բերանին, կապել երկաթէ կապանքներով, քարշ տալ փողոցներով ու ճանապարհներով, մինչեւ կողերը մորթազերծ լինեն: Իսկ սուրբն իրեն քարշ տուողներն ասում էր. «Ցո՛յց տուէք ձեր կուռքերին, որպէսզի տեսնեմ նրանց զօրութիւնը, եւ ես ցոյց կը տամ իմ Աստուծոյ զօրութիւնը»: Այս լսելով` նրանք յոյժ ուրախացան եւ յայտնեցին արքային. «Հրամայի՛ր,- ասացին,- որ նա գայ եւ երկրպագի մեր աստուածներին»:
Թագաւորի հրամանով անմիջապէս եկան աւագանուց մի քանի հոգի եւ մի զօրապետ՝ զօրքով հանդերձ: Նրանք Սարգսին եւ Մարտիրոսին կանգնեցրին մեհեանում՝ տասներկու կուռքերի առջեւ: Այնժամ սուրբ Սարգիսն աղաղակեց իր սրտում. «Օգնի՛ր ինձ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ինչպէս օգնում էիր ինձ պատերազմելիս»: Ապա դառնալով կռապաշտներին՝ ասաց. «Սրա՞նք են ձեր տասներկու աստուածները. չորսը վիշապների բերաններ են, չորսը` դեւերի պատկերներ, չորսն էլ` եզների գլուխներ: Արդ, ես որի՞ն երկրպագեմ, կամ ո՞ւմ աղօթեմ»: Իշխաններն ու մոգերն ասացին նրան. «Մի՛ անարգիր անմահ կուռքերին` նրանցից մէկին օձ կոչելով, միւսին՝ դեւ»: Սուրբ Սարգիսն ասաց. «Արդարեւ, ասում եմ ձեզ, ձեր՝ մարդկանցդ ձեռքերի գործերը գարշելի են, քանզի նրանք ներսից կաւեղէն են, իսկ արտաքուստ՝ պղնձէ: Ես ինչպէս արդէն ասացի, ցո՛յց տուէք, որ ձեր կուռքերը կենդանի աստուածներ են, ապա թէ ոչ, ես ցոյց կը տամ իմ կենդանի Աստուծոյ զօրութիւնը, Ով Իր խաչով լուսաւորեց երկինքն ու երկիրը: Այժմ տեսնում եմ այն, ինչ արդէն գիտէի, քանզի դրանք, որ դեւերի պատկերներ են, ոչինչ չեն խօսում, որ վիշապների բերաններ են, ոչինչ չեն ուտում, իսկ եզների գլուխները ոչինչ չեն բարբառում»: Իսկ կռապաշտները միմեանց ասում էին. «Վա՜յ մեզ, քանզի սա անարգեց մեր աստուածներին, որի համար նրանք կը բարկանան մեզ վրայ»: Սուրբ Սարգիսը նրանց ասաց. «Չէ՞ք լսել, որ Սուրբ Գիրքն ասում է, թէ նրանց արարողները եւ նրանց պաշտողները նման պիտի լինեն նրանց»: Այնժամ քուրմերն ասացին. «Բա՛ւ է քեզ, շատ անարգեցիր մեզ եւ աստուածներին»: Սուրբ Սարգիսն ասաց. «Թո՛յլ տուէք ինձ մօտենալ նրանց»: Նրանք, կարծելով, թէ Սարգիսը կամենում է երկրպագել կուռքերին, արձակեցին նրան: Սարգիսն ամբողջ սրտով օգնութեան կանչեց Տիրոջը, կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով, հաստատեց իր սիրտը ճշմարտութեամբ, ապա իր ձեռքի եւ պարանոցի շղթաներն իրար միացնելով` հարուածեց կուռքերի ոտքերին: Եւ ահա ջարդուեցին, փշրուեցին, կործանուեցին եւ փոշիացան կուռքերը: Այնժամ երանելին ասաց. «Ո՛վ անմիտներ, ահա փշրուեցին ձեր պաշտամունքները»:
Այս ամէնը լսելով եւ տեսնելով՝ այնտեղ գտնուող մոգերն ու հեթանոսների բազմութիւնը, սուրբի հանդէպ լցուեցին անասելի բարկութեամբ, բռնեցին նրան, սկսեցին մոլեգնած այս ու այն կողմ քարշ տալ ու աղաղակել՝ սպանէ՛ք դրան: Անօրէնների յանգուգն յարձակումներից գազանացած ամբոխի մէջ սպանուեց նրա երանելի որդին` Մարտիրոսը, եւ ինչպէս վկայաբան Շնորհալին է ասում, գործով ընդունեց իր վկայական անունն ու պսակակից եղաւ Քրիստոսի նախընթաց վկաներին:
Իսկ սուրբ Սարգիսն անվնաս պահուեց Աստուծոյ ձեռքով: Բոլորը, անգամ զինուորները, զարհուրելով դողում էին նրանից ու սպասում թագաւորի հրամանին: Այնտեղ պէտք էր տեսնել կռապաշտների սոսկումը, խուճապն ու կոծը. ոմանք պատռում էին իրենց հանդերձները, ուրիշները փետում իրենց գլխի մազերը եւ կոծելով գնում թագաւորի մօտ: Մեծ աղաղակ ու խառնաշփոթ ընկաւ նրանց մէջ: Նրանք վերցնում էին ջարդուած կուռքերի փշրանքները, ցոյց էին տալիս արքունիքի աւագանուն եւ ասում. «Վա՜յ մեզ, քանզի մեծ չարիք կը գայ մեր եւ մեր երկրի վրայ»: Իսկ իշխանները մեղադրում էին զօրականներին եւ ասում. «Ձեզ ուղարկեցինք նրան հսկելու համար: Ինչո՞ւ չբռնեցիք նրան, որ չկործանէր մեր աստուածներին»: Իսկ նրանք պատասխանեցին. «Ճշմարիտ ենք ասում, որ եթէ դուք էլ այնտեղ լինէիք, ապա չէիք կարողանայ բռնել նրան»: Եւ մինչ նրանք խօսում էին, ինքը՝ երանելի Սարգիսը, եկաւ նրանց հետեւից եւ կանգնեց ատեանի առջեւ: Նա ձեռքին ունէր իր շղթաները, որից ահաբեկուած իշխաններն ասում էին միմեանց. «Միգուցէ մեզ եւս կորստեան մատնի»: Ապա ասացին նրան. «Սարգի՛ս, ինչո՞ւ փշրեցիր մեր աստուածներին»: Այնժամ սուրբը, ցոյց տալով իր ձեռքի շղթաները, ասաց. «Սրանք փշրեցին ձեր կուռքերին, իսկ նրանք ինձ ոչինչ չկարողացան անել: Այժմ ես ձեր առջեւ եմ, ինչպէս գառը մորթողի առջեւ, արէ՛ք, ինչ կամենում էք»:
Հեթանոսների բազմութիւնը կամեցաւ տեղում սպանել նրան, սակայն թագաւորն արգելեց, քանզի բարկացած էր նրանց վրայ` առանց իր հրամանի նրա որդուն սպանելու համար: Ապա կանչեց Սարգսին եւ ասաց. «Անարգելով անարգեցիր մեր աստուածներին, բայց ես ներեցի քեզ: Այդքանից յետոյ ինչպէ՞ս համարձակուեցիր փշրել նրանց»: Սուրբը պատասխանեց. «Որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է. «Կը հովուես նրանց երկաթեայ գաւազանով եւ բրուտի անօթի պէս կը փշրես նրանց» 1, Թագաւորն ասաց. «Եթէ չես երկնչում, որ աստուածները կը կործանեն քեզ, ապա ստիպուած եմ քեզ կապել ոչ միայն շղթաներով, այլեւ զրկել կեանքից»: Սուրբն ասաց. «Ես իմ անմահ Տիրոջ համար, Ով ինձ անմահութիւն պիտի պարգեւի, ամէն ժամ պատրաստ եմ մահուան, իսկ քո կուռքերն ինձ ոչինչ չեն կարող անել: Ես ինչպէս նրանց կործանեցի շղթաներով, նոյնպէս էլ կարող էի ամբողջովին քանդել իմ կապանքները»: Այս ասելով՝ սուրբ Սարգիսը խոնարհեցրեց իր գլուխը եւ գցեց շղթաները ատեանի առջեւ՝ կարծես ասելով՝ ահա իմ պարանոցը սրի տակ եմ դնում:
Այնժամ թագաւորը հրամայեց նրան բանտ տանել: Զօրականները երկիւղով մօտեցան նրան, պարանոցին շղթաներ հագցրին, իսկ դահճապետին հրամայեցին բանտում տեսակ-տեսակ խոշտանգումներով տանջել Սարգսին: Երանելին գոհանում էր Աստծուց, որ արժանանում էր Նրա անուան համար կրել չարչարանքներ եւ կապանքներ, նաեւ՝ իր որդու համար, ով իր վկայական մահուամբ պսակուեց Քրիստոսից: Դահճապետը, կամենալով ահաբեկել Սարգսին, յայտնեց, որ արքան վճռել է մի քանի օր անց կորստեան մատնել իրեն եւ ամենուր հրովարտակներ է ուղարկել, որ բոլորը գան ու տեսնեն մահապարտ Սարգսին: Լսելով այդ հրամանը՝ սուրբը ցնծաց հոգով եւ սկսեց աղօթել՝ ասելով. «Աստուա՛ծ Աբրահամի, Աստուա՛ծ Իսահակի, Աստուա՛ծ Յակոբի եւ Աստուա՛ծ մեր հայրերի, առաքեալների եւ մարգարէների, յիշի՛ր Քո ծառային եւ մի՛ անտեսիր նրան: Դո՛ւ՝ Աստուած, Հա՛յր մեր Տէր Յիսուս Քրիստոսի, արժանացրո՛ւ ինձ Քեզանից ընդունել անապական պսակը: Տէ՛ր Յիսուս Քրիստոս, խառնի՛ր ինձ Քո սուրբերի գնդին, ովքեր նահատակուեցին Քո սիրոյ համար: Կենդանարար Սո՛ւրբ Հոգի, մտցրո՛ւ ինձ անվախճան Կեանքի նաւահանգիստը, ուր փառաւորւում է Ամենասուրբ Երրորդութիւնը»:
Եւ մինչ աղօթում էր, երեւաց նրան բանսարկուն, եկաւ կանգնեց սուրբի առջեւ եւ ասաց. «Սարգի՛ս, ի՞նչ արեցի քեզ, որ փշրեցիր իմ հանգստարանը, կամ ինչո՞ւ աւերեցիր իմ զոհարանը: Արդ, զղջա՛, որպէսզի հանդարտուի թագաւորի սիրտը»: Սուրբը սաստեց նրան եւ ասաց. «Հեռացի՛ր քո կորստեան ենթակայ գործակիցների հետ դէպի յաւիտենական կորուստը»: Դեւը նրան ասաց. «Արդ, քանի որ դու արհամարհեցիր ինձ, ես կը գնամ եւ կը մտնեմ բռնաւորի սիրտը, ուտել կը տամ քո մարմինը, ըմպել կը տամ քո արիւնը եւ փշրել կը տամ քո ոսկորները, ինչպէս որ դու արեցիր իմ բագիններին»: Սուրբը նրան ասաց. «Հեռացի՛ր Քրիստոսի անուամբ»:
Սատանան գնաց, մտաւ բռնաւորի սիրտը, իսկ սա հրաման տուեց չարչարել սուրբին: Յաջորդ օրը դահիճներն սկսեցին տանջել ու քերել սուրբի մարմինը, իսկ նա գոհութեամբ սաղմոսում էր եւ ասում. «Աստուա՛ծ, ինձ օգնութեան հասի՛ր, Տէ՛ր, փութա՛ ընկերակցել ինձ, Աստուա՛ծ եւ Հա՛յր մեր Տէր Յիսուս Քրիստոսի, տո՛ւր զօրութիւն իմ հոգուն եւ համբերութիւն իմ մարմնին, որպէսզի յաղթեմ սատանային ու չպարտուեմ նրա կողմից»:
Ողջ օրուայ ընթացքում սաստկացրին սուրբի չարչարանքները, իսկ գիշերուայ մի պահին, երբ դադար էր առնում, եկաւ Տիրոջ հրեշտակը եւ ասաց. «Զօրացի՛ր, Սարգի՛ս, քանզի ես քեզ հետ եմ: Ինչ որ խնդրեցիր, տուեցի, եւ ինչ որ այժմ խնդրես, կը տամ քեզ: Ե՛կ եւ վայելի՛ր քեզ համար պատրաստուած բարիքները»: Աստուծոյ հրեշտակի այս խօսքերից զօրացաւ սուրբը, մարմինը դարձաւ երկաթի նման եւ արհամարհեց տանջանքներն ու կապանքները: Գոհութեամբ փառաւորեց Աստծուն եւ ասաց բանսարկուին. «Ես իբրեւ հանդերձ զգեստաւորուեցի Քրիստոսով, եւ եթէ ինձ վրայ արձակես քո նետերը, չես կարող վիրաւորել Քրիստոսի նահատակիս: Քրիստոս Իր ձեռքով տնկեց ինձ որպէս մի ծառ, եւ որքան էլ դու փշրես իմ ոստերը, չե՛ս կարող ինձ արմատախիլ անել եւ չե՛ս կարող գողանալ իմ գանձերը, որովհետեւ Տէրն ինձ հետ է, եւ Նրա հրեշտակը զօրացնում է ինձ: Իմ անձն ու իմ սիրտն ուրախ է իմ կենդանի Աստուծով»:
Իսկ բանսարկուն սկսեց նրան յիշեցնել իր կարծեցեալ զօրութիւնը՝ ասելով. «Ա՛յ թշուառական, ես իշխանութիւն ունեմ մեղմացնել բռնաւորի սիրտը եւ ազատել քո մարմինը տանջանքներից: Զո՛հ մատուցիր եւ պաշտի՛ր ինձ, ապա թէ ոչ՝ քեզ ցոյց կը տամ իմ զօրութիւնը: Յիշի՛ր, թէ ինչ արեցի քո նախահայր Ադամին, ինչպէս հեռացրի նրան կեանքի Դրախտից եւ փառքից: Գիտես, թէ ինչպէս վարուեցի Յոբի հետ, կոտորել տուեցի նաեւ մարգարէներին: Ե՛ս էի, որ առաքեալներին եւ վկաներին չարաչար սպանել տուեցի: Ես մտայ հրեաների սիրտն ու մոլորեցրի նրանց, որպէսզի չարչարեն Կոյսից Ծնուածին եւ խաչեն»: Սուրբ Սարգիսը պատասխանեց նրան. «Ինձ մի՛ յոգնեցրու, քո չարիքները քո գլխին դարձան, իսկ սուրբերը պսակուեցին եւ ժառանգեցին Արքայութիւնը: Կոյսից Ծնուածը, Ով նախքան յաւիտեանները Հօր մօտ էր, ջախջախեց քո գլուխը եւ Ադամին փրկեց դժոխքի բերանից: Խո՛ւլ, կո՛յր եւ յիմա՛ր, ինչպէ՞ս չես իմանում, թէ ո՞վ է Քրիստոս: Դու չէիր կարող Նրան խաչել, եթէ Նա Ինքը չկամենար: Նա՛ է փառքի ամենակալ Տէրը Հօր եւ Սուրբ Հոգու հետ: Հայրն ինքնին է, Որդին Հօր Ծնունդն է, իսկ Սուրբ Հոգին բխում է Հօրից: Երեք Անձեր են, մի աստուածութիւն եւ մի զօրութիւն: Արդ, ո՞վ կը համարձակուէր խաչել Աստուծոյ Որդուն, եթէ Նա չկամենար: Նա սուրբ Կոյսից վերցրած Մարմինը մատնեց չարչարանքների եւ խաչելութեան, ապա իջաւ դժոխք՝ ազատելու Ադամի որդիներին: Քրիստոս խորտակեց դժոխքի դռները, ներս մտաւ եւ քաղցրութեամբ ողջոյն տուեց Ադամին ու նրա սերունդներին: Կապեց սատանային հրեղէն շղթաներով եւ արձակեց կապուած հոգիներին»: Սատանան ասաց. «Մա՛ր Սարգիս, կարծում էի, թէ դու կը դառնաս եւ կը պաշտես ինձ: Արդ, դու ընդդիմացար ինձ եւ ի՞նչ շահեցիր քո յամառութիւնից: Ե՛կ, ընդունի՛ր թագաւորի կամքը եւ երեւելի կը լինես երկրում: Մի՛ զրկուիր կեանքից սնոտի յոյսի պատճառով, ապա թէ ոչ՝ վաղը մեծ ամբոխ կ՚արձակեմ քեզ վրայ, մարմինդ կը մատնեմ երկրի գազաններին եւ արիւնդ՝ երկնքի թռչուններին»: Սուրբ Սարգիսն ասաց. «Լի՛րբ, տկա՛ր եւ անա՛րգ, հեռացի՛ր եւ այլեւս չհամարձակուես մօտենալ ինձ, հակառակո՛րդ ճշմարտութեան եւ հա՛յր ստութեան: Քո խրատները ոչ թէ կեանք, այլ յաւիտենական մահ են պատճառում, իսկ քեզ լսողները քեզ հետ միասին միայն կորուստ են գտնում»: Այնուհետեւ չարն իսպառ ամօթահար եղած հալածուեց նրանից: Այնժամ սուրբն սկսեց աղօթել. «Տէ՜ր իմ Յիսուս Քրիստոս, որ Օգնականդ ես անօգնականների եւ մերձ ես Քեզնից երկիւղածներին: Հասի՛ր ինձ օգնութեան, ո՛վ զօրացուցիչ տկարների եւ անդորրութիւն նեղեալների, սպարապե՛տ պատերազմի եւ պարիսպ ընդդէմ մրրիկների: Լսի՛ր ինձ եւ ե՛կ ինձ օգնութեան, Տէ՜ր իմ Յիսուս Քրիստոս»:
Եւ յանկարծ Տէրը երկնային զօրքով երեւաց նրան: Շուրջբոլորը լցուեց արեգակից առաւել գերապայծառ Լոյսով, եւ անմիջապէս արձակուեցին երանելու ձեռքերի ու ոտքերի կապանքները: Լոյսի միջից ձայն եկաւ, որն ասաց. «Քաջալերուի՛ր, Իմ բարի եւ հաւատարիմ ծառայ Սարգիս: Թող քո սիրտը չերկնչի մահկանացու մարմինդ սպանողներից, քանզի պիտի ելնես այս տրտմութեան վայրից եւ քո մարմնի հողանիւթ յարկից ու պիտի մտնես քո Տիրոջ լուսեղէն խորանների անվախճան ուրախութեան մէջ»:
Այդ փառաց Լոյսից հաւաքուեցին բանտապահները: Նրանք տեսան երանելուն՝ արձակուած կապանքներից եւ աղօթելիս, որից մեծ հիացմունքով սկսեցին փառաւորել ճշմարիտ Աստծուն, Ում քարոզում էր Սարգիսը: Ապա շտապ գնալով թագաւորի մօտ՝ պատմեցին այն հրաշքները, որ տեսան: Թագաւորը հրամայեց երանելուն իր առջեւ բերել: Եւ երբ բերեցին, Շապուհն ասաց նրան. «Ո՛վ անմիտ եւ անձիդ թշնամի՛, ի՞նչ շահեցիր մեր հրամաններին հակառակուելուց, բացի միայն անարգանքներից, չարչարանքներից եւ որդուդ մահից: Իմացի՛ր, որ եթէ շարունակես յամառել, դաժան մահուամբ կը զրկուես կեանքից, իսկ եթէ թողնես քո անմիտ խորհուրդները եւ դառնաս դէպի մեզ՝ յիշելով մեր նախկին սէրը, ապա քաղցրութեամբ կը ներենք քեզ, քո յանցանքները մեղք չենք համարի եւ կ՚արժանացնենք գերագոյն փառքի ու պատուի: Արդ, այսօր ընդունի՛ր մեր հրամանները, եւ ապա կը գնաս Նազովրեցու հետեւից»: Թագաւորն այսպէս ասաց, քանզի չէր ցանկանում սուրբի մահը, եւ բացի այդ՝ հասել էր Յուլիանոս կայսեր գալստեան լուրը:
Երանելին պատասխանեց. «Դու չտեսար քո աստուածների ամօթահար եւ նախատուած լինելը, որովհետեւ դու եւս նրանց պէս խաւարի մէջ ես եւ առանց լոյսի: Ինչպէ՞ս չես ճանաչում նրանց տկարութիւնը՝ տեսնելով նրանց փոշու պէս մանրացած: Իսկ իմ պարծանքն ու յոյսը իմ Տէրն է՝ Յիսուս Քրիստոս: Նա ինչպէս ընդունեց իմ որդուն իր ճշմարիտ հաւատի համար, այնպէս էլ ինձ կ՚ընդունի, քանզի ես եւս հաստատուած եմ նոյն հաւատի մէջ: Գոհանում եմ Նրանից ու փառաւորում Նրան, որ ընդունեց իմ որդուն եւ թոյլ չտուեց խաբուել քո մոլորութիւններով: Ասում եմ, թող յայտնի լինի քեզ, որ եթէ թոյլ տաս ինձ ապրել, քո մահն իմ ձեռքով կը լինի, որովհետեւ ես չեմ հանդուրժի քո պիղծ բերանի հայհոյանքները՝ ուղղուած իմ ճշմարիտ Աստծուն»: Այս լսելով՝ թագաւորը լցուեց անասելի բարկութեամբ, հրամայեց հանել նրա զինուորական պատմուճանը եւ ասաց. «Սարգիսը, ով չհասկացաւ իր պատիւը, թող ընդունի անարգանքներով մահը»: Եւ հրամայեց նրան տանել քաղաքից դուրս ու սպանել:
Դահիճները նրան տանում էին դէպի իր նահատակութեան վայրը: Նրանց հետեւից գնում էր քրիստոնեաների եւ հեթանոսների մեծ բազմութիւն: Այնտեղ կար նաեւ կռապաշտների մեծ ամբոխ, որը ոխ էր պահել նրա դէմ իրենց կուռքերը կործանելու համար: Նրանք քաշքշում եւ դառնապէս տանջում էին սուրբին, ճանկերով քերում նրա մարմինը: Իսկ երանելին, արհամարհելով տանջանքները, ստէպ աղօթում էր. «Հայր մեր, որ երկնքում ես …»: Ամբողջ ճանապարհին աղօթում էր Աստծուն, խնդրում Նրա պահպանողական Աջը եւ սքանչելի զօրութիւնը, որով բոլոր արդարներին ու աստուածպաշտներին փրկեց երեւելի եւ աներեւոյթ թշնամիների փորձութիւններից ու վտանգներից եւ մրցապայքարներում զօրացրեց առաքեալներին ու վկաներին: Հզօրի նոյն զօրութիւնն էր խնդրում իր անձի համար եւ ասում. «Մի՛ մերժիր Քո ծառային, Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս, ամենակա՛լ, սո՛ւրբ, բարերա՛ր, քանզի մերձ ես Քեզնից երկիւղ կրողներին եւ յայտնւում ես Քեզ փնտրողներին»:
Երբ հասան Սալք կոչուած տեղին, սուրբը կանգ առաւ, որովհետեւ նա այդտեղ պիտի ընդունէր իր վկայական մահը: Տարածեց իր ձեռքերը, սկսեց բարձրաձայն աղօթել եւ ասել. «Յաւիտենական Աստուա՛ծ, որ արժանացրիր ինձ մեռնել Քո սուրբ անուան համար, լսի՛ր Քո ծառայի աղաչանքները եւ ընդունի՛ր ինձ նրանց հետ, ովքեր խաչի եւ մահուան չարչարանքներով ընթացան Քո ճանապարհով: Եւ եթե մանկուց մինչեւ հիմա չարի պատրանքով մեղանչել եմ Քո առջեւ թէ՛ կամաւոր, թէ՛ ակամայ, թէ՛ գիտութեամբ եւ թէ՛ անգիտութեամբ, իմ արեան հեղումով լուա՛ եւ մաքրի՛ր Քո ողորմութեամբ: Շնորհի՛ր նաեւ իմ անունը յիշատակող Քո բոլոր հաւատացեալներին մեղքերի թողութիւն, հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից փրկութիւն, ախտերից բժշկութիւն, դեւերին՝ հալածանք, հիւանդներին՝ բժշկութիւն, պատերազմներում յաղթութիւն, բանտերից եւ կապանքներից արձակում, ծառայութիւնից՝ ազատութիւն, խռովքից՝ խաղաղութիւն, նեղութիւնից՝ անդորր, ճանապարհներին՝ առաջնորդական պահպանութիւն, ծովից ալեկոծուածներին՝ հանդարտութիւն, երաշտի դէպքում՝ առատ անձրեւներ, կարկուտի եւ սառնաբեր օդի փութապէս դադար, մորեխների եւ բոլոր զեռուների հալածում, որոնք մարդկանց մեղքերի պատճառով նրանց պատուհասելու համար առաջ են գալիս Քո բարկութիւնից: Իսկ ովքեր նուիրական ընծաներով եւ ողորմութիւններով կը կատարեն մեր յիշատակը, ընդունի՛ր այն որպէս անուշահոտութիւն եւ վարձատրի՛ր նրանց բիւրապատիկ բարիքներով թէ՛ այստեղ եւ թէ՛ հանդերձեալում: Եւ այժմ ընդունի՛ր իմ հոգին արդարների օթեւաններում յաւիտենական հանգստի մէջ: Քեզ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Երբ աւարտեց աղօթքը, երկնքից հրեշտակ իջաւ՝ ձեռքին լուսապայծառ պսակ: Նա ասաց. «Զօրացի՛ր, Քրիստոսի քա՛ջ նահատակ, մի՛ երկնչիր մարմինդ սպանողներից, քանզի քո առջեւ բացուել է երկնքի Արքայութեան դուռը: Ինչ որ խնդրեցիր, քեզ տրուեց Աստծուց, եւ քո բարեխօսութիւնը խնդրող հաւատացեալների բոլոր խնդրանքները կը շնորհուեն նրանց»: Երբ մարդկանց բազմութիւնը տեսաւ լուսեպսակը ձեռքին պահած հրեշտակին, աղաղակեց՝ ասելով. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, Նրանից բացի չկայ այլ Աստուած»: Իսկ սուրբը, դառնալով զօրքի հաւատացեալներին, ասաց. «Լսէ՛ք ինձ բոլորդ, Քրիստոսին հաւատացողնե՛ր: Այստեղ գտնուելով՝ դուք պիտի տեսնէք իմ նահատակութիւնը: Թող չլինի, որ իմ մահն անյոյս տրտմութիւն պատճառի ձեզ, քանզի այս մահկանացու մարմինը հարկադրաբար է կրում նախահօր պարտքերը: Բայց ես ի Քրիստոս անվախճան յոյս ունեմ եւ Նրա երկրորդ Գալստեանը վերստին անմահ եւ անապական մարմին պիտի առնեմ: Ես ցնծում եմ եւ ուրախ եմ այժմ, քանզի Տէրը կատարեց իմ փափագը, որ ունէի մանկուց, այն էր՝ հաղորդ լինել Իր չարչարանքներին ու վկաների պսակներին: Ինչպէս որ Նա զօրացրեց ինձ մարմնաւոր թշնամիների դէմ պատերազմներում, այսօր կը զօրացնի նաեւ հոգիների թշնամու դէմ պատերազմողներին: Եւ արդ, աւարտելով կեանքիս ճանապարհը եւ հաստատուն պահելով հաւատս` ուրախութեամբ գնում եմ Քրիստոսի մօտ: Թող Աստուծոյ խաղաղութիւնը յաւիտեան ձեզ հետ լինի»:
Այս ասելով՝ ծնրադրեց դէմքով դէպի արեւելք եւ կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով: Ապա խոնարհեցրեց իր պարանոցը սրի առջեւ եւ ասաց. «Տէ՜ր Յիսուս Քրիստոս, ընդունի՛ր Քո ծառայի հոգին»: Այսպէս դահիճը սրով հատեց երանելու գլուխը: Նոյն պահին երկնային լոյս ծագեց, որից բոց ցոլաց ու այրեց հեթանոսներից ոմանց: Երկնքից լսելի եղաւ մի ձայն, որն ասաց. «Վայելչապէս ընդունեցիր քո մարտիրոսութիւնը, ո՛վ երանելի Սարգիս, ե՛կ եւ բոլոր սուրբերի հետ ժառանգի՛ր յաւիտենական հանգիստը»:
Իսկ մի քանի հաւատացեալ զինուորներ, ովքեր ներկայ էին նրա մարտիրոսութեանը, վերցրին երանելու մարմինը եւ պատեցին մաքուր կտաւներով: Այս մասին յայտնեցին թագաւորին, եւ նրա հրամանով դահիճները բռնեցին ու կոտորեցին նրանցից տասնչորս հոգու, ովքեր ազգութեամբ պարսիկներ էին: Հրամայեց նրանց մարմինները նետել գազանների առջեւ, որոնք չմօտեցան նրանց: Ապա մտածում էր հրով այրել տալ սուրբերի մարմինները, որովհետեւ շատ պարսիկներ կատարուած սքանչելիքների պատճառով հաւատում էին Քրիստոսին:
Եւ մինչ այս խորհուրդների մէջ էր, լուր հասցրին Յուլիանոսի գալստեան մասին, որից երկիւղելով մոռացաւ իր չար դիտաւորութիւնները, որ կամենում էր անել սուրբերին եւ զօրք հաւաքելով՝ պատրաստուեց պատերազմի: Իսկ քրիստոնեաները գիշերով եկան եւ, վերցնելով սուրբ Սարգսի եւ տասնչորս զինուորների մարմինները, տարան ու զգուշութեամբ պահեցին մի պատուական տեղում, ուր դրուած էր նաեւ սուրբ Մարտիրոսի մարմինը:
Սուրբ Սարգսի եւ նրա հետ եղողների նահատակութիւնը եղաւ Տիրոջ 362 թուականի վերջին, կամ 363-ի սկզբին, իսկ ըստ Յայսմաւուրքի՝ յունուարի 31-ին, ուր գրուած է, թէ սուրբ Սարգիսը նահատակուեց Դաղման քաղաքի մօտ գտնուող Մազընդարան կոչուած գեղեցկատես վայրում: Քրիստոնեաները, վերցնելով սուրբ Սարգսի մարմինը, պատուով տարան Համիան քաղաք: Իսկ յետոյ, Մեսրոպ մեծ վարդապետը գալով այդտեղ, վերցրեց սուրբ Սարգսի մարմինը, տարաւ Կարբի եւ մեծ պատուով ամփոփեց Ուշիում: Այդ տեղում կառուցեց մի հռչակաւոր վանք 2, որի աւերակները կան մինչ օրս:
Նա վերցրեց սուրբի ատամներից մէկը, տարաւ Վիրաց երկիր՝ Գագ 3, դաշտ, եւ զետեղեց խաչափայտի մէջ: Ապա օծեց խաչը եւ կանգնեցրեց մի բլրի գագաթին, որը մինչ օրս կոչւում է «Գագայ սուրբ Սարգիս»: Այդ տեղում կառուցուած վանքը յիշւում է ԺԳ դարի 30-ական թուականներին, երբ Վանական կոչուած մեծ վարդապետ Տաուշեցին [1181-1251 թթ.] գերութեան մէջ գտնուող իր եւ իր աշակերտների փրկութեան յոյսով ասել է. «Ես կը գնամ, կÿընկնեմ Սուրբ Նշանի ոտքը, որ սուրբ Սարգսի անունով է, եւ նրա միջոցով Տիրոջից կը խնդրեմ բոլոր վանականների համար, որոնք գտնւում են անօրէնների ձեռքում, որպէսզի Աստուած գուցէ Իր գութով ազատի», որովհետեւ Գագում բոլոր նեղեալների, մանաւանդ գերիների համար մի հրաշագործ խաչ կար. ովքեր ապաւինում էին նրան ամբողջ սրտով, հէնց ինքը` սուրբ նահատակ Սարգիսը, բացում էր բանտերի ու արգելանոցների դռները, քանդում էր շղթաները ու մարմնաւոր տեսքով առաջնորդում իրենց տեղերը: Եւ եղաւ այնպէս, ինչպէս որ ասաց վարդապետը: Այդ հրաշքները տարածուած էին բոլոր ազգերի մէջ, եւ ասում էին, թէ այդ խաչը կանգնեցրել է մեր սուրբ Մեսրոպ վարդապետը:
Նոյն տեղեկութիւններն է տալիս նաեւ սուրբ Սարգսին ձօնուած պանծալի շարականը՝ գրուած Շնորհալու կողմից, ով շարադրեց բուն վկայաբանութիւնը: Այնտեղ յայտնաբանւում է, որ սուրբ Սարգիսը նշանաւոր էր հրաշագործ վկաների մէջ եւ արագահաս օգնական բոլոր նրանց, ովքեր ապաւինում են նրա բարեխօսութեանը:
Սուրբ Սարգսի, նրա որդի Մարտիրոսի եւ տասնչորս զինուորների տօնը Հայաստանեայց սուրբ Եկեղեցում միշտ նշւում է հնգօրեայ Առաջաւորաց պահքից անմիջապէս յետոյ` շաբաթ օրը: Այս Առաջաւորաց պահքն առընչութիւն չունի սուրբ Սարգսի հետ, որովհետեւ այն հայոց առաջին շաբաթապահքն է` կարգուած սուրբ Գրիգոր Լուսաւորչի կողմից, ով երբ ելաւ Վիրապից, ամէնքի համար հնգօրեայ ծոմապահք հաստատեց: Նոյն ինքը` Լուսաւորիչը, աւանդեց հայոց եկեղեցիներին, որ այդ պահքը պահեն ամէն տարի, որովհետեւ դրանով ազգովին բուժուեցին բոլորը, եւ որպէսզի չմոռացուի Աստուծոյ երախտիքը: Իսկ որ այս պահքն ասւում է նաեւ սուրբ Սարգսի անունով, նոյնանունութեան պատճառով թող ոչ ոք չգայթակղուի, որովհետւ Սարգսի նահատակութեան օրը, որը եղաւ յունուարի 31-ին, Առաջաւորաց պահքի յաջորդ` շաբաթ օրն էր:
Աղբյուր՝https://shavigh.am/