Ի կատարած սաղմոս Դավթի
Պողոս առաքյալից օրենքի երեք ձև ենք ուսանում. բնական, գրավոր և ավետարանական: Բնականն այն է, որ աներևույթ Աստծուն տեսնում ենք երևելի արարածների միջոցով: Գրավորն այն է, որ հանցանքների պատճառով գրավոր օրենքներ տրվեցին մեզ: Իսկ ավետարանականը, որ Հոգու օրենքներն ազատեցին մեզ մեղքի և մահվան օրենքներից: Երեք բան է բովանդակում այս սաղմոսը. նախ՝ արարածների միջոցով է քարոզում Արարչի մասին, ապա օրենքով է ցույց տալիս, այնուհետև կատարում է Ավետարանի խորհուրդն ու շնորհը: Դավիթը մարգարեանում է նաև առաքյալների քարոզչության մասին, ինչպես որ վկայում է ամեն ինչի գիտակ Պողոսը (տե՛ս Հռոմ. 4:6-7):
1. Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, և զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն:
Երկինքը պատմում է Աստծո փոռքը, և երկնքի հաստատությունը հայտնում է նրա ձեռքի գործերը:
Երկինք ասելով երկու կերպ ենք հասկանում՝ առաջին և վերին հաստատություն: Երկնքի մասին պատմվում է հրեշտակների բերանով, իսկ հաստատությունը տեսանելի է: Ինչպես որ կառուցված տան, սարքված նավի և նկարված նկարի միջոցով հայտնի են դառնում դրանց արհեստավորները, այդպես էլ հաստատությունն արեգակի, լուսնի և աստղերի շարքը, նրանց դասավորությունն ու հորինվածքը, ելքն ու մուտքը ցույց տալով մարդկանց՝ ուսուցանում է նրանց Աստծո արվեստի գործերը: Հաստատությունից բացի երեք երկինք կա, ինչպես որ Մովսեսն է ասում. առաջին, երկրորդ և երրորդ երկինքներ և Առաքյալն էլ ասաց, թե ինքը հափշտակվեց մինչև երրորդ երկինք: Երկու երկինքները հրեղեն դասերի համար են, իսկ մյուսը՝ Սուրբ Երրորդության, որոնց փառքի պատմիչները երկու երկնայիններն են: Այն, որ ասում են, թե երկինքը քո գոտին է: Եվ Առաքյալն էլ ասելով, թե՝ «Բարձրացավ երկինքներից ավելի վեր» (Եփես.4:10), կարծիք է տալիս այն մասին, որ բազում երկինքներ գոյության ունեն: Պատմում են Աստծո փառքը. պատշաճ է երեք դաս ասել՝ երեք այլ երկինք, որ ասում են, թե ավելի մոտ է Աստծո փառքին, որ այնտեղ հերթով սերովբեները Սուրբ, Սուրբ, Սուրբ են երգում, իսկ քերովբեներն օրհնաբանում են Տիրոջ փառքը: Իսկ հաստատությունը չի պատմում Աստծո փառքը, որովհետև արարած է և նրա ձեռքի գործը, ինչպես որ ասում է. «Աստված ստեղծեց հաստատությունը…և ստեղծեց երկու մեծ լուսատուները… ինչպես նաև աստղերը» (Ծննդ. 1:7, 16): Եվ թերևս այնտեղ էր գտնվում սատանան իր իշխանությամբ և պետությամբ հանդերձ, և քանի որ չպատմեցին Աստծո փառքը, ցած ընկան: Եվ հաստատ է այն, որ դրանց տեղը դժոխք է կոչվում: Եվ այս ամենն են, որ պատմում են, թե Հոր ձեռքի գործը նաև Հիսուսինն է, ինչպես որ Պետրոսին ասաց. «Դո՛ւ վեմ ես» (Մատթ. 16:18):
2. Օր աւուր բղխէ զբան. և գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւն:
3. Ո՛չ են բանք՝ և ոչ են խօսք, որոց ոչ լսին ձայնք նոցա:
Օրը օրվան միտք է հաղորդում, և գիշերը գիշերվան գիտություն է ցույց տալիս:
Չկան բառեր, ո՛չ էլ խոսքեր, դրանց հնչյունները լսելի չեն:
Պատմում է առանց բառեր և խոսքեր հնչեցնելու, ինչպես որ Սիմաքոսն է ասում, այլ՝ խորհրդապես, մեզ հասկանալի կերպով, եղանակների և ժամանակների փոփոխմամբ, անլուծանելի սահմանները չափելով, աղբյուրի պես բխում է Աստծո խոսքը՝ ամենայնի սահմանադիրը: Եվ նրան գիշերները ցույց է տալիս իր Տիրոջը, ով ցերեկային աշխատանքից հետո հանգստացնում է իր ստեղծած մարդուն քնով՝ առանց լեզվի աղաղակելով խոսուն մարդկային ցեղի համար:
4. Ընդ ամենայն երկիր ել բարբառ նոցա, մինչև ի ծագս աշխարհի են խօսք նոցա:
Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, և մինչև աշխարհի ծայրն են հասել խոսքերը նրանց:
Թե՛ ցերեկվա և թե՛ գիշերվա լուսատուները բանականության խորհրդանիշ են:
5. Յարեւու եհար զխորան իւր. և ինքն որպէս փեսայ՝ զի ելանէ յառագաստէ իւրմէ. և ցնծայ նա որպէս սկայ յընթանալ զճանապարհս իւր:
Արևի մեջ նա վրանն իր խփեց, իսկ ինքն ասես փեսա լինի, որ ելնում է իր առագաստից. ցնծում է նա որպես հսկա՝ ընթանալով իր ճանապարհով:
Երեք թարգմանիչներն հայտնապես ասում են, թե՝ արևին իր խորանի մեջ դրեց, այսինքն՝ արեգակին դրեց իր հաստատության խորանի մեջ: Եվ ինքը՝ Արեգակը, որպես փեսա, պայծառացած դուրս է ելնում երկնքի ներսից՝ ցնծություն պարգևելով տեսնողներին, և հսկայի պես քաջաբար, անարգել և անխափան ընթանում է երկնակամարով մեկ՝ միևնույն օրում ետ վերադառնալով:
Իսկ Պողոսի մեկնաբանությամբ այսպես է հասկացվում. օրը օրվան միտք է հաղորդում: Առաքյալները կոչվելով լույս, լուսո որդիներ, Սուրբ Հոգու բխմամբ քարոզեցին, իսկ գիշերը սուտ առաքյալներն են, որոնք խավարային գիտություն են տարածում գիշերային մեղքերի մեջ խավարածների համար: Եվ դարձյալ տղաներինը Քրիստոսով պարզ ու լուսավոր խոսքն է, իսկ իմաստուններինը՝ խրթին և առակների հանճարությամբ ասված: Քանզի առաքյալներն իրենց խոսքով, ըստ Երգի, Հիսուսի վարսերից թափված գիշերային մանր անձրևի պես էին: Չկան բառեր. նրանց խոսքերը Պյութագորասի պես չէին և ոչ էլ Պլատոնի, և նրանց ձայնը լսելի չէր այնպես, ինչպես Արիստոտելինն էր՝ ճոռոմ և անհոգի, այլ պարզ էր և հստակ՝ աղով համեմվածի պես և Սուրբ Հոգու շնորհներով լեցուն: Այդ պատճառով էլ ողջ երկիրն էր բռնել ձայնը նրանց, ինչպես, երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից և մեր բնությունը ազատագրվեց դժոխքից ու կուռքերից և այդ ամենը բոլորին հայտնի եղավ: Եվ Պետրոսն ու Հակոբոսը՝ արևմուտքում, Թադեոսը, Բարդուղիմեոսը, Հակոբոսի որդի Հուդան և Եղիշեն յոթանասուն առաքյալներից՝ արևելքում և հյուսիսում, Մարկոսն ու Թովմասը՝ հարավում, Անդրեասն ու Հովհաննեսը՝ Միջերկրականում, Պողոսը՝ Երուսաղեմից սկսած մինչև լիուրիկացիների կողմերը և երկրի ամբողջ ծագերն ու ծայրամասերը հասավ, և տակավին տարածվում է, ըստ Տիրոջ այն խոսքի, թե. «Այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում» (Մատթ. 24:14): Արևի մեջ խփեց իր վրանը. Քրիստոսն իմանալի Արեգակն է, մարմինը խորանն է, իսկ արևը՝ հոգին, որ նախ արևը ծագեց կույսի մեջ և ինքն էլ որպես փեսա իր հարս եկեղեցու համար՝ խփեց իր մարմնի վրանը և դուրս եկավ կուսական որովայնից, որը մեզ համար արևելք եղավ, այնուհետև ցնծությամբ դուրս ելավ գերեզմանից և դժոխքից և իբրև մի հսկա՝ դժոխքն ավերելով ազատագրեց հոգիներին, ավարտին հասցրեց իր տնօրինական ընթացքը՝ համբարձվելով երկինք, ըստ այնմ, թե. «Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում և վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է» (Ժող. 1:5):
6. Ի ծագաց երկնից են ելք նորա. և հանգիստ նորա մինչև ի ծագս նորուն. և ոչ ո՛ք իցէ, որ թագիցէ ի տապոյ նորա:
Երկնքի ծայրերից է նրա ծագումը, իսկ դադարը՝ մինչև ծայրերը նրա, ու չկա մեկը, որ թաքնվի նրա տապից:
Մեծ խարույկը թեև հեռվից լույս է արձակում, սակայն հեռվում գտնվողները ջերմությանը չեն կարող հաղորդակից լինել, իսկ արեգակը թե՛ լուսավորում է և թե՛ ջերմություն է տալիս: Դարձյալ արեգակը երևում է արևելքից և մայր է մտնում արևմուտքում: Իմանալի Արեգակն էլ Հորից ծագում է կույսի մեջ և նրանից էլ նորից գնում Հոր մոտ, որտեղ հանգստանում է ծանրաբեռնված և աշխատած հոգին: Եվ չկա մեկը, որ թաքնվի նրա տապից. ոմանք այս խոսքերը երկրորդ գալստյանն են վերագրում, երբ վերին խորանը և հաստատությունը բացելով, կուղարկի իր խաչը արևի ճառագայթի պես: Եվ ինքը որպես փեսա գալու է պսակելու հարսին՝ մեծ զորությամբ և բազում փառքով: Եվ չկա մեկը,որ թաքնվի. երբ արձակի լույսի տապը և նրա առջև բորբոքվի հուրը, այնտեղ գտնվող արժանիներից էլ ոչ ոք չի կարող փրկվել նրա [շնորհների] տապից: Երկնքի ծայրերից է. ելավ արևելքից որպես փայլակ և եկավ երկիր, որպեսզի հանգիստ պարգևի արդարներին՝ մինչև երկինք տանելով իր սրբերին: Այստեղ ավարտվում է բնական օրենքը, ինչպես որ առաքյալները սովորեցրին հեթանոսներին, թե այն, ինչ դուք պաշտում եք արարածներ են և ճշմարիտ Աստծո փառքի պատմիչներ: Այնուհետև գրավոր օրենքի մասին է հայտնում՝ ասելով.
7. Օրէնք Տեառն անբիծ են՝ և դարձուցանեն զհոգիս. վկայութիւն Տեառն հաւատարիմ է և իմաստուն առնէ զտղայս:
Տիրոջ օրենքն անբիծ է և վերափոխում է հոգիները. Տիրոջ վկայությունն ստույգ է և իմաստուն է դարձնում տհասներին:
Տիրոջ օրենքներն անարատ են և ոչ պարսավելի, ըստ Մանեի և ըստ Մարկիոնի: Վերափոխում են. սնոտիապաշտությունից, մարմնական հեշտություններից և զոհաբերություններ անելուց հրաժարեցնելով դեպի քեզ են բերում: Որովհետև օրենքները սահմաններ են, և սահմանում են այն, թե ինչ պետք է անել և ինչ՝ չանել: Դրանք նաև վկայություն են կոչվում, որովհետև վկա են ճշմարտության և իմաստուն են դարձնում անմեղներին: Կամ, որ գրավոր օրենքները մանուկներին հայտնեց՝ ուրախություն պարգևելով նրանց խնամողներին՝ առանց խղճմտանքի, ինչպես որ ասում է.
8. Արդարութիւն Տեառն ուղիղ է, և ուրախ առնէ զսիրտս. պատուիրանք Տեառն լոյս են, և լոյս տան աչաց. երկիւղ Տեառն սուրբ է, և մնայ յաւիտեան:
Տիրոջ արդարությունն ուղիղ է և զվարճացնում է սրտերը. Տիրոջ պատվիրանները լույս են ու լույս են տալիս աչքերին: Տիրոջ երկյուղը սուրբ է և սուրբ է մնում հավիտյան:
Արդարություն է ասում, որովհետև ըստ այդ չափի են արդարանում: Եվ ուղիղ են, որովհետև ուղիղ են հանում սիրողներին: Զվարճացնում են սուրբ սրտով օրենքի կատարողներին: Տիրոջ պատվիրանները լույս են, որովհետև լույս է Տերը և լույս է տալիս աչքերին: Տիրոջ երկյուղը սուրբ է. այլ է այն երկյուղալի սերը, որ տանջանքների պատճառով է առաջանում, երբ վախենում ես մարմինդ սպանողներից և այլ է Տիրոջ երկյուղը, որ իրենից սեր է բխեցնում, անձը պահելով սուրբ և անբիծ՝ վախենալով, թե հանկարծ չընկնի Աստծո սիրուց և դրանում հարատևի մինչև հավիտենական կյանք:
9. Դատաստան Տեառն ճշմարիտ է, և արդար է ի նոյն:
Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և ինքնին՝ արդար:
Այստեղ ըստ Տիրոջ Ավետարանի է ասում, թե. «Դատաստանի համար եկա» (Հովհ. 9:39), և եթե նույնիսկ դատեմ էլ, ապա իմ դատաստանը ճշմարիտ է: Եվ ինքնին՝ արդար, քանզի արդար է Տերը և արդարություն է սիրում:
10. Ցանկալի է նա քան զոսկի՝ և քան զականս պատուականս բազումս, քաղցր է նա քան զմեղու խորիսխ:
Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նույնպես և քաղցր՝ մեղրից ու խորիսխից ավելի:
Ավետարանից է ասում, որ պատվիրվեց, թե. «Մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղինձ» (Մատթ. 10:9) և ո՛չ էլ թանկարժեք քարեր: Եվ քաղցր է մեղրից ու խորիսխից ավելի: Մի՛ ունեցեք արծաթ, քանզի ի վերուստ եկողն ամեն ինչից վեր է և լսողներն էլ Աստծո որդիներ են համարվում: Եվ թանկագին քարերից ցանկալի են. այսինքն՝ Մովսեսի օրենքից և մարգարեներից, որովհետև դրանք ծառաներին տրվեցին, թեև ոսկի էին և թանկարժեք քարեր, որ երկրից են և երկրավոր բարօրություն են խոստանում: Եվ օրենքի մեղրից էլ քաղցր է, որովհետև «Իմ լուծը քաղցր է» (Մատթ. 11:30)՝ մեծ հատուցման հույսով, թեև ճանապարհը նեղ է:
11. Քանզի՝ ծառայ քո պահեսցէ զայս. ի պահել՝ նմա հատուցումն բազում:
Եվ քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձը մեծ կլինի:
Ովքեր նրա արյան գինն են, պահում են Ավետարանի պատգամները: Պահպանելու վարձը մեծ կլինի, որովհետև ներկա կյանքի տառապանքները չեն համեմատվի հանդերձյալ փառքի հետ:
12. Զյանցուածս իւր ո՞վ կարէ առնուլ ի միտ, ի գաղտնեաց իմոց սուրբ արա զիս Տէր. և յօտարէն պահեա՛ զծառայս քո:
Իր հանցանքներն ո՞վ կարող է մտքում պահել. իմ գաղտնի մեղքերից մաքրի՛ր ինձ, Տե՛ր և օտարներից պահպանի՛ր քո ծառային:
Պահել հանձն առավ և վախեցավ, քանի որ տկար ենք և բազում անգամներ մեղանչում ենք եթե ոչ գործով, ապա՝ խորհուրդներով և խոսքով: Շատ է պատահում, որ սատանան գաղտնի խոցում է խավարում և չենք իմանում, որ նա է, դրանից փրկիր ինձ, ասում է, որպեսզի չպղծվեմ: Եվ օտարներից պահպանիր, որ հայտնապես գիտենք: Նաև օտար է կոչում օրենքից հրաժարվելու պատճառով:
13. Ապա թէ ոչ տիրեսցեն ինձ, յայնժամ անբիծ եղէց, և սուրբ եղէց ի մեղաց մեծաց:
Որ նրանք ինձ չտիրեն. այնժամ ես անբիծ կլինեմ ու կմաքրվեմ մեծ մեղքերից:
Քանզի «ով մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ. 8:34): Այնժամ ես անբիծ կլինեմ և սուրբ կլինեմ ու կմաքրվեմ մեծ մեղքերից, որովհետև կան մեղքեր, որ մահացու են, քեզանով կարող եմ, ասում է, զգուշանալ դրանցից:
14. Եղիցին քեզ հաճոյ բանք բերանոյ իմոյ, և խորհուրդք սրտի իմոյ առաջի քո յամենայն ժամ. Տէր օգնական իմ և փրկիչ իմ:
Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը, և սրտիս խորհուրդներն հարաժամ քո առջև լինեն, Տե՛ր, օգնակա՛ն իմ և փրկի՛չ իմ:
Զոհաբերություններն, ասում է, քեզ հաճելի չեղան, ապա ընդունիր գոնե իմ հավատքի խոստովանությունն ու խորհուրդները, որովհետև սուրբ սիրտն ու խոնարհ հոգին դու չես արհամարհում (տե՛ս Սղմ. 50:19): Տե՛ր, օգնակա՛ն իմ. որովհետև քո զորությամբ միայն կարող ենք քեզ հաճելի լինել և փրկվել Հիսուսի անվամբ, ըստ այն խոսքի, թե՝ «ամեն ժամ աղոթք արե՛ք» (Ղուկ. 21:36):
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը