Որք արժանաւորեցայք կոչիլ յաշակերտութիւն առաքելոյն Թադէոսի
եւ աստուածային հրով մաքրութեան ոսկի փորձեալ
գտայք ի բնակարանս հրեշտակաց.
ո՛վ երանելի սուրբ Ոսկեանք, բարեխօսեցէ՛ք առ Տէր` մաքրել զմեզ ի մեղաց մերոց:
Որք անհրաժեշտ դաւանութեամբ քարոզեցիք զՔրիստոս ի դրունս թագուհւոյն`
մկրտելով զքաջ նահատակսն յակունս Եփրատայ` ի ծաղկազարդ վայելչութիւնսն, ո՛վ երանելի սուրբ Ոսկեանք, բարեխօսեցէ՛ք առ Տէր` մաքրել զմեզ ի մեղաց մերոց:
Որք անպարտելի մնացիք ի հրապուրանաց որդւոյ թագաւորին.
չարչարեալք վասն Քրիստոսի արագապէս խողխողեցայք պատարագ ընդունելի,
ո՛վ երանելի սուրբ Ոսկեանք, բարեխօսեցէ՛ք առ Տէր` մաքրել զմեզ ի մեղաց մերոց:
(Շարակնոց)
Սուրբ Ոսկեանք` թուով 5 հոգի, նահատակութիւնը` 100 կամ 107 թուականին, Եփրատի վտակ Արածանու ակունքների մօտ:
Այս երանելիներն ազնուականներ էին եւ կայսերական պալատում արքունի պաշտօնեաներ: Նրանք հռոմէացիներ էին` թուով հինգ հոգի, եւ Հռոմի ինքնակալի կողմից առաքուել էին Հայաստան` Սանատրուկ արքայի մօտ: Նրանցից գլխաւորի անունը Խռուսի էր կամ Քռիւսի, որ հայերէն թարգմանւում է «ոսկի», որի համար էլ Ոսկեաններ էին կոչւում:
Երբ եկան հասան Հայոց երկրի սահմաններին, լեռնադաշտային մի վայրում նրանց հանդիպեց սուրբ Թադէոս առաքեալը, ով եօթանասուն աշակերտներից մէկն էր եւ քարոզելու համար շրջում էր Հայաստանում: Տեսնելով նրան նուաստ կերպարանքով` Ոսկեանները հարցրին. «Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում»: Առաքեալն ասաց. «Ես բարձրեալ Աստուծոյ ծառան եմ եւ Նրա Որդու` Յիսուս Քրիստոսի աւետարանիչը, Ով մեր փրկութեան համար մարդու Որդի եղաւ»: Եւ առաքեալը երկար քարոզեց Աստուծոյ Բանի մարդեղութեան մասին: Հիացան այրերը նրա սքանչելի վարդապետութեան վրայ, եւ առաքեալի հոգեբուխ քարոզութիւնը նրանց հոգու քիմքին մեղրից առաւել քաղցր թուաց:
Եւ մինչ սուրբն աւետարանում էր կեանքի Խօսքը, մի խումբ եղջերուներ սլացան դէպի մերձակայ լեռը: Այնժամ ասացին սուրբ առաքեալին. «Եթէ դու բարձրեալ Աստուծոյ ծառան ես եւ կամենում ես, որ հաւատանք քո խօսքին, հրամայի՛ր, որ կանգնեն եղջերուները, որպէսզի բռնենք նրանցից մէկին, որովհետեւ ոչինչ չունենք ուտելու, իսկ այս անմարդաբնակ վայրերը դեռեւս հեռու են աւաններից»: Թադէոս առաքեալը ձայն տուեց եւ Յիսուս Քրիստոսի անուամբ հրամայեց եղջերուներին, որ գան իր մօտ, իսկ եղջերուները` ինչպէս բանական արարածներ, լսեցին սուրբի հրամանն ու եկան կանգնեցին նրա առջեւ: Ապա այդ մարդկանց հրամայեց բռնել անասուններից մէկին, մորթել, խորովել ու ուտել, բայց նրանց առաւել մեծ հրաշք ցոյց տալու եւ նրանց հեշտօրէն իր խօսքերի ուռկանի մէջ ձգելու համար, պատուիրեց, որ նրանք ոսկորները պահեն մի առանձին տեղում:
Նրանք վարուեցին սուրբի խօսքի համաձայն. այդ գիշեր խորովեցին եւ կերան եղջերուին, իսկ ոսկորները հաւաքեցին, սակայն զինուորներից մէկը առաքեալին փորձելու համար ոսկորներից մէկը գաղտնաբար վերցրեց: Յաջորդ օրն առաքեալը բերել տուեց բոլոր ոսկորները եւ մորթի քաշեց դրանց վրայ: Աղօթեց Յիսուս Քրիստոսի անուամբ, եւ ահա անմիջապէս ոսկորներն իրար միացան: Անասունը կենդանացաւ եւ առաքեալի հրամանով բարձրացաւ լերան վրայ, սակայն գնալիս երեւում էր, որ եղջերուն կաղում է եւ չի կարողանում վազել:
Սուրբ Թադէոսն ասաց. «Տեսէ՛ք, թէ որտեղ էք գցել եղջերուի ոսկորներից»: Այնժամ այն զօրականը, ով պահել էր ոսկորը, առաջ եկաւ եւ ասաց. «Ես եմ պահել այդ ոսկորը, որպէսզի փորձեմ քո խօսքերը` սուտը եւ ճշմարիտը: Այսուհետեւ հաւատում եմ քո Աստծուն, ում քարոզում ես, քանզի դու արդար ես, իսկ քո խօսքերը` ճշմարիտ: Ոչ ոք չի կարող այդպիսի հրաշք գործել, եթէ ի վերուստ իշխանութիւն չունենայ»: Ապա բոլորն ընկան առաքեալի ոտքերը, հաւատացին Քրիստոս Աստծուն եւ աշակերտեցին սուրբ Թադէոսին: Իսկ նա մկրտեց նրանց, դարձրեց քրիստոնեաներ եւ նրանցից գլխաւորին` երանելի Ոսկիին քահանայ ձեռնադրեց:
Այնուհետեւ թողնելով իրենց դեսպանութեան գործերը` յանձն առան խոնարհութեան ճանապարհով գնալ առաքեալի հետեւից: Այդ նպատակով գնացին աւանները, վաճառեցին իրենց զէնքերն ու երիվարները, ստացածը բաշխեցին աղքատներին եւ այլեւս չվերադարձան իրենց տները եւ ոչ էլ նրա մօտ, ով ուղարկել էր իրենց, այլ սկսեցին շրջել առաքեալի հետ եւ օրըստօրէ հաստատուել ճշմարիտ հաւատի ու աստուածպաշտութեան մէջ:
Սուրբ Թադէոսի նահատակութիւնից յետոյ, որը եղաւ Սանատրուկի կողմից, Ոսկեաններն սկսեցին առանձնական կեանք վարել Եփրատի ակունքների մօտ. իւրաքանչիւրը, շինելով իր առանձին խուցը, կրօնաւորեց ծմակային լեռներում: Այդ տարածքը կոչում էին Ծաղկոտ` տեղի հիասքանչ վայելչութեամբ զարդարուած ծաղկաւէտ լեռների եւ դաշտերի պատճառով: Իրենց մատնելով բազմապատիկ ճգնութիւնների եւ մշտամռունչ աղօթքների` նրանք փայլեցին հրեշտակային վարքով, փորձուեցին աստուածային հրով, զտուեցին ընտիր ոսկու պէս եւ եղան Աստուծոյ Հոգու սուրբ տաճարներ:
Քառասուներեք տարի ապրելով այս կենցաղավարութեամբ՝ Աստուծոյ առաջնորդութեամբ իջան լեռներից եւ գնացին Հայոց արքունիք: Մտան Սանատրուկի որդի Արտաշէս արքայի եւ Սաթէնիկ թագուհու մօտ եւ նրանց քարոզեցին կեանքի Խօսքը` ցոյց տալով կուռքերի տկարութիւնը: Թագաւորը լսեց նրանց եւ թէպէտ անտեղի չհամարեց նրանց խօսքերը, սակայն անփոյթ գտնուելով` ասաց. «Այդ մասին ես լսել եմ նաեւ շատ ուրիշներից: Այժմ ես զբաղուած եմ պատերազմական գործերով եւ չեմ կարող ձեզ լսել»: Ապա նրանց հրաւիրեց գալ եւ խօսել մէկ այլ ժամանակ, իսկ ինքը պատրաստուեց պատերազմի եւ արշաւեց դէպի Արեւելք: Իսկ սուրբ այրերը, մերձ լինելով նրա աւագ որդուն` Արտաւազդին, սկսեցին խօսել նրա եւ թագուհու հետ, սակայն նրանց լսում էին նաեւ թագուհու հետ Ալանաց երկրից եկած նրա մերձաւորները 1: Աստուած նրանց իմաստութիւն տուեց, որպէսզի ընդունեն կեանքի Խօսքը, եւ նրանք ողջ սրտով հաւատացին Քրիստոսին:
Եւ երբ սուրբ Ոսկին տեսաւ նրանց կատարեալ հաւատը, գիշերն իր հետեւից տարաւ եւ բոլորին` թուով տասնութ կամ տասնինը հոգու, մկրտեց Եփրատ գետի ակունքներում` արժանացնելով Սուրբ Հոգու ընդունելութեանը: Քրիստոսի լոյսով կեանքի նորոգութեան եւ Կեանքի գրքում անուանագրութեան խորհրդով փոխեց նրանց անունները: Նրանցից նշանաւորին կոչեց Սուքիաս, իսկ նրա ընկերները կոչուեցին Սուքիասեաններ:
Եւ երբ սուրբ Ոսկեանները` իրենց աշակերտներով հանդերձ, քարոզելու համար դարձեալ արքունիք եկան, Սաթէնիկի որդիներն իմացան իրենց ազգականների դարձի մասին, որի համար խիստ չարացան եւ մեծ թշնամանքով սուրբ Ոսկեաններին հալածեցին արքունի դռնից: Իսկ նրանք մեծ ուրախութեամբ գնացին դէպի լեռները եւ առանձնացան իրենց մենարաններում: Այս տեսնելով` Սուքիասեաններն իրենք եւս խոյս տուեցին արքունիքից: Նրանք սկսեցին փնտռել սուրբերին, գտան նրանց իրենց ճգնարաններում եւ ջերմագին հաւատով ընդունելով նրանց աստուածային խօսքերը` օրըստօրէ առաւել հաստատուեցին սուրբ հաւատի մէջ: Իսկ երբ արքունիքում սկսեցին փնտռել Սուքիասեաններին եւ չգտան, տեղեկացան, որ գնացել են Ոսկեանների հետեւից: Այնժամ նրանց դէմ չարացան թագուհու կրտսեր որդիները` Վնոն ու Վրոն, եւ իրենց հետ վերցնելով իրենց աւագ եղբօրը` Արտաւազդին, թիկնապահների հետ գնացին սուրբերին փնտռելու: Գտնելով երանելի Սուքիասին եւ նրա ընկերներին` խնդրեցին, որ հեռանան Քրիստոսից ու արքունիքում վերստին ընդունեն իրենց նախկին պատիւը, սակայն նրանք չկամեցան եւ յանձն չառան թողնել լոյսը եւ դառնալ դէպի հեթանոսական մոլորութեան խաւարը:
Տեսնելով նրանց անյողդողդ հաւատն ու հաստատակամութիւնը` իրենց մենարաններից կանչեցին նրանց վարդապետներին` սուրբ Ոսկեաններին, եւ համոզիչ խօսքերով ու ապա սպառնալիքներով ստիպեցին խօսել այդ նորահաւատների հետ, որպէսզի նրանք վերադառնան իրենց նախկին պաշտամունքին եւ գործին: Իսկ սուրբերը, անտեսելով նրանց սպառնալիքները, իրենց աշակերտներին առաւել հաստատեցին հաւատի մէջ եւ ասացին. «Թող իրենք ընտրեն իրենց օգտակարը»: Այս ասելով` շրջուեցին, որ գնան իրենց մենարանները: Սրանից յոյժ դառնացան Արտաւազդն ու նրա եղբայրները. նրանք վարանած մտածում էին, թէ ինչպէս վարուեն, քանզի տեսնում էին նրանց բոլորի հաստատակամութիւնը: Եւ չհամարձակուեցին ձեռք տալ Սուքիասեաններին ու նրանց ընկերներին, որովհետեւ վախեցան իրենց մօրից, խնայեցին նրանց` որպէս իրենց ազգականների, եւ ողջ ցասումը թափեցին Ոսկեանների վրայ: Իրենց արբանեակներին հրամայեցին յարձակուել նրանց վրայ եւ անմիջապէս խողխողել` որպէս իրենց ազգականներին մոլորեցնողների: Այդպէս էլ արեցին. մինչ սուրբ Ոսկին ու իր ընկերները գնում էին իրենց մենարանները, վրայ հասան, կոտորեցին նրանց ու կտրեցին նրանց գլուխները: Եւ սա եղաւ Տիրոջ 107 թուականին:
Արքայորդիների հեռանալուց յետոյ եկան Սուքիասեանները, մեծապէս սգացին սուրբերի համար, որովհետեւ միշտ զգուշանում էին, որ իրենց պատճառով վտանգ չհասնի իրենց վարդապետներին: Արտասուքներով ու սաղմոսներով ամփոփեցին նրանց պատուական նշխարները, իսկ իրենք, միառժամանակ կրօնաւորելով նրանց բնակութեան վայրում, տեղափոխուեցին Ջրաբաշխ, այսինքն` Սուկաւէտ լեռը: Ժամանակ անց նահատակուեցին նաեւ իրենք, ինչպէս որ գիտենք նրանց վկայաբանութիւնից:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրանց յիշատակը նշում է Առաջաւորաց պահքին յաջորդող հինգշաբթի կամ Տեառնընդառաջի նախընթաց երեքշաբթի օրը՝ սուրբ Սուքիասեանների յիշատակի հետ:
shavigh.am