Երկար են Ս. Սահակի կյանքը և գործերը, լցված իրադարձություններով և հետաքրքիր դրվագներով, պիտի աշխատենք հնարավորինս հակիրճ լինել, ավելի կենտրոնանալով նրա սրբազան անձի և արդյունաշատ գործերի վրա:
Նա որդին է Ներսես Հայրապետի և Սանդուխտ Մամիկոնյանի. 5-րդ և վերջին արու շառավիղը Ս. Գրիգոր Լուսավորչի: Նա ծնվեց Կեսարիայում 348 թ.-ին՝ իր ծնողների ուսումնառության ընթացքում: 2-3 տարեկան հասակում մորից որբանալով, իր մանկությունը անց է կացնում Տարոնում՝ Մամիկոնյանց տանը, տատի մոտ: Այդ ընթացքում նրա հայրը՝ Ներսես Պարթևը, Կեսարիայում և Բյուզանդիայում բարձրագույն կրթություն էր ստանում: Ինքը, նույնպես, հետևեց հորը՝ իր կրթությունը նույն քաղաքներում ստանալով: Տիրապես հմտացավ հունական լեզվի և դպրության մեջ:
Իր նախապատմիչը՝ Փարպեցին, գրում է. «Շատ հույն գիտնականների մոտ երկար դասաժամեր էր անցկացում՝ կատարելապես հմտանալով երգեցողության տառերին (երաժտական արվեստին), հռետորական հորդ ատենաբանության և մանավանդ փիլիսոփայության արվեստին»:
Սահակը տիրապետում էր նաև ասորերենին, որը երկրորդ լեզուն էր ծեսերի և կրոնական գիտելիքների առումով, ինչպես նաև տիրապետում էր պարսկերենին, որը Հայաստանի մեծագույն մասի և հատկապես արևելյան մասի պաշտոնական լեզուն էր:
Սահակն էլ ամուսնացած էր և մեկ դուստր ուներ՝ Սահականուշը, որն ամուսնացել էր Համազասպ Մամիկոնյանի հետ և Սահակին պարգևել երեք արու թոռներ, որոնցից նշանավորագույնն էր Վարդան Մամիկոնյանը՝ ապագա մեծ նահատակը և հերոսը:
Թվում է, որ Սահակի կինը վաղ է մահացել, կամ փոխհամաձայնությամբ բաժանվել են, որովհետև Խորենացին հաստատում է, որ Սահակը խստակրոն, ճգնողական կյանք էր վարում և իր շուրջը հավաքել էր շուրջ վաթսուն աշակերտներ, «որոնք խարազանազգեստ, երկաթակիր (բնագրում՝ երկաթապատ), բոկոտն այրեր» էին: Շրջում և ապրում էին նրա հետ «մշտնջենավոր պաշտամունքներով» (Խորենացի Գ. Գլուխ ԽԹ):
Խոսրով Գ թագավորի նախաձեռնությամբ, 387 թվականին, ընտրվում է Հայոց Կաթողիկոս: Երբ Պարսից թագավորը վերջինիս գահընկեց արեց նրա հաստատած Կաթողիկոսն էլ պաշտոնանկ համարվեց: Սահակը ստիպված եղավ անձամբ գնալ Տիզբոն, որտեղ էլ բացառիկ ընդունելության արժանացավ և մեծ ձեռքբերումներով, այդ թվում իր պաշտոնի պետական ճանաչումով և գահընկեց արված արքայի փոխարեն նրա եղբոր՝ Վռամշապուհի, որպես թագավոր հաստատումով, վերադարձավ հայրենիք:
Հաջորդեց տասնհինգ տարիների խաղաղ շրջան, երբ երկու մեծ հոգիների՝ Սահակ Հայրապետի և Մեսրոպ Վարդապետի լծակցությամբ, տեղի ունեցավ մեր պատմության կարևորագույն դեպքերից մեկը՝ Հայոց գրերի գյուտը և Հայոց դպրության սկզբնավորումը: Որքանով որ կարևոր էր Մեսրոպ Մաշտոցի Հայ Այբբենարան ունենալու և այն գործնականապես գտնելու սկզբնագաղափարը, նույնքանով էլ կարևոր էր Ս. Սահակի դերն այն հորինելու և կազմակերպելու մեջ: Խորենացին վկայում է, որ «Մեսրոպը հայ նշանագրերի խնդրով Սահակի մոտ եկավ և նրան շատ ավելի պատրաստակամ գտավ», օր առաջ Հայոց գրերը գտնելու մեջ: Իսկ Փարպեցին հաստատում է, որ Մեսրոպը «հունական ճշգրիտ աթութաների (գրերի, տառերի) գաղափարի մասին հաճախակի հարցեր տալով շատ բաներ էր սովորում Սուրբ Սահակ Կաթողիկոսից:
Իսկ Օրմանյանը եզրակացնելով ասում է. «Մեսրոպը իր շրջագայության ժամանակ ինչ որ կարողացավ գտնել… բոլորն էլ հավաքեց, բերեց և Սահակի գերագույն դատին հանձնեց, և Սահակի մատնացույց արած ուղղություններով և նշած կատարելագործություններով է, որ հայկական այբուբենը իր վերջնական թվային արժեքն ու կարգը, ձևն ու հանգը (ձայնական արժեքը) ստացավ և գերագույն հեղինակությամբ հաստատվեց» (Ազգ. Էջ 276)
Սահակի հավաքած 60 աշակերտները և Մեսրոպի 40 աշակերտները, երբ արդեն իսկ չափահաս էին և հմուտ հույն և ասորի դպրությունների մեջ, հայ այբուբենով դաստիրակված առաջին խմբերը եղան: Սրանք առաջին ուսուցիչները եղան, որոնք Սահակի և Մեսրոպի առաջնորդությամբ, ուսուցումներով և ուսուցչապետությամբ հայ գրչության առաջին ուսուցիչները եղան, սկիզբը դնելով Վաղարշապատից, որն էլ հայերեն լեզվով և գրով ուսուցման առաջին օրրանը լինելու պատվին արժանացավ:
Ս. Գիրքը հայերեն լեզվով կարդալու ցանկությունը և գաղափարը հայ գրերի գյուտի առաջին շարժիչ ուժն է եղել և հետևաբար թարգմանությունն էլ Ս. Գրքով սկսվեց: Ստույգ հայտնի է, որ թագմանչական առաջին փորձը Մեսրոպ Մաշտոցին է պատկանում՝ ասորական բնագրից, բայց Ղազար Փարպեցին Ս. Գրքի ամբողջական թարգմանությունը Ս. Սահակին է վերագրում: Փարպեցու հավաստմամբ, Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ մի պատվիրակություն է ներկայանում Սահակին խնդրելու, որ. «ինքն իրեն հոգևոր աշխատանքի նվիրի և Աստվածաշունչ Կտակարանները հունարենից թարգմանի հայերեն» (էջ 48): Սահակը հավանություն տվեց առաջարկին «և գիշեր ու ցերեկ անվեհեր ջանադրությամբ թարգմանեց բոլոր կտակարանները»: Եվ սրանից Օրմանյանը եզրակացնում է. «Ս. Գրքի առաջին կտորները, կամ փորձերը Մեսրոպը կատարեց ասորերենից, սակայն արդյունքը գոհացուցիչ չհամարվեց, և հունական թարգմանության գերազանցությունը հայտնի լինելով, Սահակը պարտավորվեց կամ առաջին թարգմանության մեջ հունականի հետ համապատասխան ուղղումներ անել, կամ իր ձեռքի տակ ունենալով ասորերեն բնագիրը հուներենի հետ համեմատական նոր թարգմանություն ստեղծել: Եվ այսպես ստեղծվեց Սուրբ Գրքի հայերեն ամբողջական թարգմանությունը Սահակի կողմից թարգմանված և նրա թե՛ կաթողիկոսական և թե՛ գիտական հեղինակությամբ հաստատված: (Ազգ. էջ 280):
Ապա ձեռնամուխ եղան ծիսական և կրոնական այլ գրքերի թարգմանությունների «Հունական և ասորական հայրերի բոլոր գրքերը հայերենի թարգմանվեցին Սահակի կյանքի, կամ նրա ապրած կյանքի մերձավոր տարիներին» (Ազգ. էջ 282):
Մեր կանոնագրքի մեջ Սահակին վերագրված կանոնների մի խումբ կա, որը վերաբերվում է եկեղեցականների պարտավորություններին և եկեղեցու հասույթի տնօրինությանը: Սրանից կարելի է ենթադրել, որ «կարգ ու կանոնի հանդեպ նախանձախնդիր հոգի ուներ Սահակը և ցանկանում էր, որ ամեն ինչ օրենքի ուժով կարգավորվի» (Ազգ. էջ 284):
Բոլոր պարագաներում՝ Սահակի ջանքերով և տնօրինությամբ ոչ միայն Արևելյան (Պարսկական) Հայաստանում, այլ նաև Արևմտյան (Բյուզանդական) Հայաստանում էլ տարածվեց հայոց լեզվի ուսուցումը և դպրությունը, արարողությունները հայոց լեզվով կատարելը ընդհանուր դարձավ, «երկիրը նոր հոգի և նոր պայծառություն ստացավ»: Այնպես որ սկզբնագիր պատմիչը Եսայի մարգարեի պատգամը ամբողջությամբ կիրառում է որպես Հայոց Աշխարհի համար ասված. «Սուրբ Սահակ Հայրապետի վտակներից, ինչպես ջրառատ գետից, որը ծովն է լցնում, Ամբողջ Հայոց երկիրը լցվեց տիրոջ գիտությամբ (Փրպ. 53):
Սահակի հաջողությունը նաև նրանում էր կայանում, որ իր օրոք Հայկական արքայական գահին էր նստած առաքինի և խաղաղարար, կրթասեր և իմաստուն Վռամշապուհ թագավորը, որն ավելի քան քառորդ դար զորավիգ եղավ իրեն և Ս. Մեսրոպին իրենց կրոնական և կրթական նախաձեռնությունների հարցում: Որը սակայն դժբախտ եղավ քանզի իր որդին՝ Արտաշեսը, անառակ և անպատասխանատու մեկը լինելով՝ պատճառ եղավ, որ հայ նախարարները Պարսից Թագավորից նրա (Արտաշեսի) գահընկեցությունը խնդրեն: Նախարարները ստիպեցին, և մինչև իսկ ճնշումներ գործեցին Սահակի վրա, որպեսզի իրենց միանա: Սահակը, արիասիրտ և հեռատես ծերունի Հայրապետը, ընդիմացավ նրանց առաջարկին ասելով. «Չեմ կարող փոխել իմ հիվանդ ոչխարին ուրիշի առողջ գազանի հետ (մանավանդ, որ նրա առողջությունը մեզ վնաս է)»: Այս խոսքի վրա նախարարները, իբրև հունասեր քաղաքականության հետևողներ, ամբաստանեցին կաթողիկոսին: Թե՛ կաթողիկոսը և թե՛ թագավորը Տիզբոն կանչվեցին և թագավորը գահընկեց եղավ ու բանտարկվեց: Այս կերպով, 428 թ.-ին, վերջանում է հայոց Արշակունյաց թագավորությունը: Իսկ Սուրբ Սահակը պաշտոնանկ է արվում և իբրև աքսորական, շուրջ 4 տարի մնում է Տիզբոնում: Իր տեղը Բրքիշո կոչված մի ասորի եպիսկոպոս ընտրվեց, որը շատ շուտով իր շահամոլ և անժուժկալ ընթացքով բոլորի համար զզվելի դարձավ, նույնիսկ իր կողմնակիցների: Հայ նախարարների մի մասը ուրիշ հայրապետ խնդրեցին Տիզբոնից, մի մասը Ս. Սահակին: Պարսից թագավորը երկու կողմերի խնդրանք էլ բավարարեց՝ Շմուել Ասորիին նշանակեց իբրև պաշտոնական կաթողիկոս՝ քաղաքական և նյութական գործերի համար, իսկ Սահակին արտոնություն տվեց Հայաստան վերադառնալ և լոկ կրոնական գործերով զբաղվել: Այսպիսով օտար և այլակրոն թագավորի տնօրինությամբ և անմիաբան նախարարների խնդրանքով Հայ Կաթողիկոսությունը երկփեղկվեց: Իր ժամանակի ժողովուրդը և պատմությունը, ինչպես աքսորի ժամանակ, երբ Մեսրոպը իր անպաշտոն բայց իրական տեղակալն էր, այդպես էլ այդ ժամանակ Սահակին որպես օրինական կաթողիկոս էին ընդունում: Իսկ մյուսները որպես հակաթոռ ճանաչվեցին, որոնք եկեղեցին նսեմացնելուց և կողոպտելուց զատ ոչինչ չարեցին:
Պարսից թագավորը Տիզբոնից մեկնելուց առաջ Ս. Սահակին կրկին զգուշացրեց հավատարիմ մնալ պարսիկներին և չհակվել հունական կողմին: 84-ամյա արի ծերունին մի ատենաբանությամբ բացատրեց մինչ այդ Պարսկաստանի հանդեպ ունեցած անկեղծ հավատարմությունը և ծառայությունը, ինչը խորը և դրական ազդեցություն թողեց ներկաների և թագավորի վրա, որը հրամայեց «նրան իբրև ճարտասան, քաջասիրտ և համարձակախոս այրի՝ բազում արծաթ նվիրեն»: Սահակը մերժեց հարստությունը և փոխարենը շնորհներ խնդրեց հայոց նախարարների և իր հայրենիքի համար. ինչն էլ տրվեց նրան:
Վերադարձին՝ 432թ.-ն, հաստատվեց Բագրևանդում, որտեղ Ս. Լուսավորչի կողմից կառուցված նշանավոր տաճարը կար, և որտեղ «երկնքից լույս էր իջել, երբ Ս.Գրիգորը մկրտել էր Տրդատին»: Ս. Մեսրոպն էլ հաստատվում է Վաղարշապատում՝ Շմուելի մոտ, իբրև հոգևոր գործերում Ս. Սահակի պաշտոնական տեղակալը (Ազ 310 էջ):
Ինչքանով էլ Շմուելը եկեղեցին ու թեմերը թալանելով բոլորի համար զզվելի էր դարձել, սակայն ավելի վատից վախենալով ոչ մեկը չեր համարձակվում նոր դիմումով դիմել Տիզբոնին: Ընդհակառակը՝ եպիսկոպոսները, նախարարները և հայ ժողովուրդը իրենց մխիթարությունը Սահակի անձի մեջ էին գտնում «որը ոչ միայն Բագրևանդից հսկում էր և իր աշակերտներով անհրաժեշտ հոգածությունն էր անում, այլև ծերացած տարիքի ներելու չափ շրջում էր տարբեր կողմերում և մխիթարում էր ժողովրդին» (Ազգ. 310):
431 թ.-ին, ընդդեմ «մարդադավան» Նեստորի Եփեսոսում գումարվեց երրորդ տիեզերական ժողովը, որտեղ նզովվեց Նեստորի տեսությունները և ինքը Նեստորը և ժողովականների կողմից որդեգրվեց Ալեքսանդրիայի Կյուրեղ Հայրապետի «Մի Բնություն Բանին Մարմնացելո» (Աստծո Բանի Մարմնացյալ մեկ Բնություն) բանաձևը և որոշ կանոններ էլ սահմանվեցին: Ժողովի որոշումները Բյուզանդիայում բարձրագույն ուսում ստացող հայ աշակերտները Հայաստան բերեցին և հանձնեցին Սահակ Հայրապետին, որը հանուն Հայ եկեղեցու նույնությամբ ընդունեց: Մինչ այժմ Հայ եկեղեցին մնում է ամուր կանգնած այս ժողովում որդեգրած «Մի Բնություն» բանաձևի վրա: Հայ աշակերտները իրենց հետ նաև բերեցին Ս. Գրքի հունարեն ընտիր մի օրինակ, որի համեմատությամբ կատարեցին վերջին սրբագրությունները Հայ Աստվածաշնչի թարգմանության վրա:
Նրա կյանքի վերջին տարիներն այսպես են նկարագրված Ղազար Փարպեցի պատմիչի կողմից. «Առաքինի Հայրապետը, հրաժարվելով աշխարհածուփ զբաղմունքներից, իրեն բոլորովին նվիրել էր աղոթքներին և ուսուչությանը: Քանի որ շատ եպիսկոպոսներ և պատվական քահանաներ չէին ցանկանում հեռանալ սուրբ հայրապետի ուսուցումների մշտաբուխ աղբյուրներից, թե քաղաքում և թե նրա հանգստի վայրերում մշտապես հետևում էին նրան: Եվ շատ տարիներ ապրելուց և խորին ծերության հասնելուց հետո, Պարսից թագավոր Վռամի որդի Հազկերտի թագավորության երկրորդ տարվա սկզբին, Նավասարդի 30-ին, ճիշտ իր ծննդյան օրը խաղաղ և հանգիստ պայմաններում վախճանվեց Բագրևանդ գավառի Բլուր գյուղում» (Ղ. Փարպեցի էջ 113):
Նախքան հոգին ավանդելը «Ձեռքերը բարձրացրեց, օրհնեց ներկաներին և պատվիրեց նրանց պահել Ս. Գրիգորի ամբողջ Հայոց Աշխարհին ավանդած և ուսուցանած պատվիրանները՝ ծառայել և պաշտել միակ և ճշմարիտ Աստծուն՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:
Իսկ Օրմանյանը իր «Ազգապատում» մեծածավալ երկի մեջ Ս. Սահակին նվիրված ընդարձակ գլխի մեջ հետևյալ բառերով է խտացնում Սուրբի կյանքը և նկարագիրը.
«Սահակի համար ինչքան էլ, որ ներբողներ գրվեն, միշտ իր արժանիքից քիչ կլինեն, մենք էլ միայն եղելություններին հետամուտ լինել և խորհրդածություններ ու գնահատականներ տալ չենք ցանկանում: Մի քանի խոսք ասեցինք նրա գրական արդյունքի մասին, բայց Սահակը գրական կյանքին հավասար ունեցել է սրբության, հայրապետության, քաղաքագիտության և ժողովրդասիրության առավելությամբ ապրած կյանք, որն իր արդյունաբերությամբ անհաղթահարելի է: Իր ազգասիրական զգացումները, երկրին չվնասելու համար ինքն իրեն վնասելը, թագավորության շարունակության համար անխոնջ և արի ջանքերը ինչքան էլ որ իրենց պտուղները չունեցան, բայց Սահակի համար խոստովանական (չարչարանքի) մի պսակ կազմեցին: Ազգի դժբախտությունները և իր ազգի զավակների ձեռքով պատրաստված տագնապները տեսնելով՝ էլ ավելի վշտացավ ու ծանր հոգևոր ցավեր կրեց նա: Իր համար մեծ ցավ էր նաև այն, որ իրենից հետո իր ազգատոհմի համար արու զավակ չկարողացավ թողնել: Իր մահվան ժամանակ արդեն մահացել էր իր փեսան՝ Համազասպ Մամիկոնյան սպարապետը, թվում է, թե Սահականուշն էլ էր մահացած, որից էլ իր անմիջական ժառանգներն էլ համարվում էին իր թոռները՝ Վարդան, Հմայակ և Համազասպ Մամիկոնյան եղբայրները, որոնց թողել է «իր գյուղերի և ագարակների ստացվածքները և այն ամենը, ինչ որ ուներ, հորից որդի ժառանգելու իրավունքով» (Փարպեցի էջ 114): Սրա համաձայն ամբողջությամբ դադարում է Ս. Գրիգոր Լուսավորչի ուղղիղ շառավիղը և իգական կողմից խառնվում է Մամիկոնյաններին»:
438 թ-ին, 90 տարեկան հասակում, Բլուր կոչված գյուղում, ուր տեղափոխվել էր արշավող պարսիկների ոտնձգություններից զերծ մնալու համար, վախճանվեց Ս. Սահակը: Մարմինը տարան և ամփոփեցին Աշտիշատ գյուղում, որն իր կալվածքը և սիրելի վայրն էր: Նրա գերեզմանի վրա հետագայում մեծապայծառ եկեղեցի կառուցվեց, որը ապա ավերակ դառնալուց հետո, Գրիգոր Լուսավորչից հետո մեր Եկեղեցու հաջորդ մեծագույն անձի գերեզմանը, մի անշուք և աննշմար մատուռի վերածվեց: Այսօր թե՛ մատուռի, թե՛ գերեզմանի և թե՛ գյուղի տեղը հայտնի չէ:
Ս. Սահակը ներառված է Կաթոլիկ հանրագիտարանի մեջ, ինչպես նաև Օքսֆորդի և Սրբերի բառարանների մեջ Իսահակ Մեծ անվան տակ, իսկ տոնը թե՛ մեր աղբյուրներում և թե՛ վերոնշյալ ձեռնարկներում նշված է սեպտեմբերի 9-ին առանձին, իսկ սեպտեմբերի 17-ին Ս. Մեսրոպ Մաշտոցի հետ:
Ներկայումս Ս. Սահակի տոնը մեզանում տոնվում է երկու անգամ: Առաջինը և առանձինը տոնում ենք Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը, իսկ երկրորդը՝ Ս. Մաշտոցի հետ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
Շարակնոցում Ս. Սահակի համար հատուկ, ամբողջական կանոն ունենք՝ կարճ Մանկունք շարականով, որը զետեղում ենք այստեղ: Իսկ Ս. Մեսրոպի հետ տոնվելու ժամանակ երգվում է «Որք զարդարեցան» ծանոթ թարգմանչաց շարականն իր ամբողջական կանոնով:
Որ սուրբ հայրերի արմատից մեզ համար մի գավազան (հովիվ) հանեցիր՝
Իսահակ Սուրբ Հայրապտը, հովվելու Քո հոտը, Քրիստոս:
Որ նրանով փարատեցիր հայերիս գիտության խավարը՝
Իմաստության լույսը ծագեցնելով Թորգոմի որդիներիս վրա:
Որ Քո գալիք խորհուրդը, Տեր, տեսիլքով Սուրբին հայտնեցիր.
Նրա հիշատակի տոնը կատարողներիս աղաչանքները ընդոընիր:
«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյան