Արիացեալք առ հակառակսն. քաջութեամբ առնուլ զվրէժ խաբէութեան.
հանճարեղք ի հատուցումն դաւանացն.զամբարշտացն արդարադատ չափմամբ.
զօրականք յաղթօղք, պսակեալք ի Քրիստոսէ:
Փոխանակեալք զունայնութիւնս ընդ ճշմարիտ յուսոյ անմահութեանն.
փափագանաց ձերոց առիք զկատարումն. մաքրիլ արեամբ յաղտոյ մեղաց տղմոյ.
զօրականք յաղթօղք, պսակեալք ի Քրիստոսէ:
Հայցեցէք զխաղաղութիւն` ճշմարիտ վկայք Սրբոյ Երրորդութեանն.
նեղելոցս յանօրինաց բռնութենէ. զի ցնծասցուք յաղթանակաւ մարտի ձերոյ. նահատակք յարգոյք պսակեալք. զօրականք յաղթօղք, պսակեալք ի Քրիստոսէ:
(Շարակնոց)
Սուրբ Վարդանանք նահատակուեցին 451 թ. մայիսի 26-ին Աւարայրի ճակատամարտում, ովքեր էին՝
Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնեանը,
Երանելի Խորէնը` Խորխոռունեաց տոհմից,
Երանելի Արտակ սեպուհը` Պալունեաց տոհմից,
Երանելի Տաճատը` Գնդունեաց տոհմից,
Երանելի Հմայեակը` Դիմաքսենից տոհմից,
Երանելի Ներսեհը` Քաջբերունեաց տոհմից,
Երանելի Վահանը` Գնունեաց տոհմից,
Երանելի Արսէնը` Ընծայնոց տոհմից,
Երանելի Գարեգինը` Սրվանձտեան տոհմից եւ 1036
զօրականներ:
Քաջ Վարդանը, ով հայոց տան պարծանքն է եւ Հայաստանեայց Եկեղեցու պսակը` հիւսուած նրա սուրբ արեան կարմրափայլ վարդերից, թոռն էր մեր սուրբ Սահակ Պարթեւ հայրապետի, որդին՝ նրա Սահականոյշ դստեր եւ Համազասպ Մամիկոնեանի, ում երկու եղբայրներն էին Հմայեակը եւ Համազասպը:
Երբ Արշակունեաց տնից վերացաւ հայոց թագաւորութիւնը, Մեծն Վարդանը յունաց Թէոդոս Փոքր կայսեր կողմից ստացաւ ստրատելութեան, այսինքն` զօրավարութեան պատիւ եւ իր մեծամեծ քաջագործութիւնների համար մեծարուեց պարսիկների կողմից: Նա երեւելի եղաւ հայոց բոլոր նախարարների մէջ երկրի նկատմամբ ունեցած վաստակի համար: Արիութեան մէջ չկար նրա պէս մէկը, աննման էր առաքինութեամբ եւ աստուածպաշտութեամբ:
Զգօն էր իր խորհուրդներում, զօրաւոր` խօսքի մէջ եւ յաջողակ` բոլոր գործերում: Նրա առաջնորդութեամբ առանց թագաւորի Հայոց աշխարհն իր բարեկարգութեամբ փայլեց առաւել, քան երբ թագաւորութիւն ունէր: Բայց քանի որ երկիրն ընկած էր հեթանոսների իշխանութեան ներքոյ, դաժան աղէտներ տեղացին Հայաստանի վրայ, քանզի պարսից կրակապաշտ Յազկերտ արքան` Վռամի որդին, մոլեռանդ լինելով իր անօրէն օրէնքների մէջ, որոշեց իր տէրութեան բոլոր քրիստոնեաներին մոգութեան կրօնին դարձնել: Այս մտքի խորհրդատուն եւ զօրացուցիչը եղաւ արքունի դռան մեծ հազարապետ Վեհմիհրներսէհը` մոգերի եւ մոգպետների գործակցութեամբ հանդերձ: Բայց քանի որ Յազկերտն ակնածում էր միայն յունաց թագաւորից, մտածեց նախ լռեցնել նրան, որի համար պատերազմ սկսեց կայսեր տէրութեան սահմանների վրայ: Աւերեց եւ կողոպտեց քաղաքներ ու աւաններ, այրեց եկեղեցիներ, որից Թէոդոս Կրտսերն անհանգստացած որոշեց հաշտութիւն կնքել Արեւելքի Անատօլիս զօրավարի ձեռքով՝ Յազկերտի ձեռքը յանձնելով Կոստանդնուպոլսում ապաստանած քրիստոնեայ պարսիկներին:
Իր յաղթանակներից փքացած` Յազկերտը հրաման արձակեց, որ Պարսից երկրում բնակուող բոլոր քրիստոնեաները դառնան կրակապաշտութեան: Ովքեր յանձն չառան, տանջանքներով նահատակուեցին, շատերն էլ շղթայակապ բանտեր նետուեցին: Իրեն գործիքներ դարձրեց հայոց երկու իշխաններին` Վարազվաղան Սիւնեցուն եւ Վասակ Սիւնեցուն, ովքեր թշնամի էին միմեանց: Վասակը նենգութեամբ սպանել էր տուել իր հօրեղբայր Վաղինակին եւ նրա փոխարէն դարձել Սիւնեաց իշխան: Նա իր դստերը կնութեան էր տուել Վարազվաղանին: Եւ քանի որ Վարազվաղանը ատելութիւն էր տածում իր կնոջ հանդէպ, նրանց միջեւ գժտութիւն ընկաւ, որի համար էլ Վարազվաղանը, փախչելով իր աներոջից, հեռացաւ եւ ապաստանեց Պարսից երկրում: Այնտեղ նա Միհրներսէհին եւ Յազկերտին գրգռեց ընդդէմ Վասակի ու բովանդակ Հայոց աշխարհի եւ իր չար կամքը կատարելու համար ընդունեց նաեւ մոգութիւնը: Հայոց տնից այս մատնութիւնը տեսնելով՝ Յազկերտը խորհուրդ արեց իր իշխանների եւ մոգերի հետ, թէ ինչ միջոցներով կարող են ամբողջ Հայոց ազգին, նաեւ այլ քրիստոնեաներին դարձնել պարսից կրօնին:
Եւ քանի որ այնժամ պարսիկները պատերազմում էին հոների 1 դէմ, մոգերը խորհուրդ տուեցին. «Արքա՛, քեզ համար դիւրին կը լինի կատարել քո կամքը, եթէ ինչինչ հնարքներով քրիստոնեաների առաջնորդներին իրենց զօրքերով հանդերձ հեռացնես իրենց երկրներից: Արդ, հրաման ուղարկիր ամէնքին, որ բոլոր երկրների գլխաւոր իշխաններն իրենց այրուձիով գան եւ քեզ հետ պատերազմեն ընդդէմ հոների: Երբ նրանց անցկացնես Ճորայ պահակ 2 դռան միջով, հոներին յետ վանելուց յետոյ քրիստոնեաներին կ՚արգելափակես այնտեղ եւ սպառնալով բնաջնջել իրենց ամբողջ ազգն ու երկիրը` կը ստիպես ընդունել արեգակի եւ կրակի պաշտամունքը: Այնժամ հարկադրուած` կը հնազանդուեն քեզ, եւ պարսիկ մոգերն ու վերակացուները, սփռուելով նրանց երկրները, բոլորին հեշտութեամբ մոգութեան կը դարձնեն»:
Յազկերտը հաւանեց այս խորհուրդը. հրովարտակ գրեց իր տէրութեան տակ գտնուղ բոլոր երկրներին (իր թագաւորութեան չորրորդ տարում` 442 թուականին)` հայերին, վրացիներին, աղուաններին եւ այլ բոլոր քրիստոնեայ ազգերին, բոլորին առերես քաղցրաբանութեամբ պատուէր տալով, որպէսզի նրանք զօրավարներով եւ զօրքերով շտապեն Վրկանների Ապար երկիր 3` այնտեղ ձմեռելու եւ ապա իր հետ միասին պատերազմելու ընդդէմ հոների: Եւ որպէսզի հայերը կասկածի տեղիք չունենային, պարսիկ մարզպանի փոխարէն մարզպանութեան պատիւը տուեց Վասակ Սիւնուն` ցոյց տալով, թէ անտեղեակ է Վարազվաղանի հետ կապուած խնդիրներին, իսկ Մամիկոնէից քաջ Վարդանին պատուի արժանացրեց` յանձնելով Հայոց երկրի ընդհանուր սպարապետութիւնը, եւ յորդորեց անյապաղ գործադրել արքունի հրամանը:
Հայերին կասկածելի էր իրենց եւ միւսներին տրուած Յազկերտի պատուէրը, բայց քանի որ յայտնապէս տեղեակ չէին նրա չար մտադրութեան մասին, շտապեցին առաջինը կատարել նրա կամքը, յատկապէս երբ լսեցին, որ յոյները պարսից ուժերից պարտութիւն են կրել: Ուստի հայերն ու այլ քրիստոնեայ ազգերը զօրավարների, իշխանների եւ նախարարների առաջնորդութեամբ ուղարկեցին բազմաթիւ գնդեր` քահանաներով, սպասաւորներով եւ Սուրբ Գրքերով հանդերձ, ինչպէս որ քրիստոնեաների սովորութիւնն է:
Երբ Ապար աշխարհում հանդիպեցին Յազկերտին, նա շատ ուրախացաւ եւ առերես մեծ սիրով ընդունեց: Ապա նրանց հետ գնալով հոներին յանդիման` շատ պատերազմներ մղեց եւ վտանգի մատնեց հոներին, բայց չկարողանալով նրանց վերջնականապէս նուաճել` պատերազմը երկարեց, որի համար Ալանաց դռանը 4 մի ամուր բերդ կառուցեց ու կոչեց «Հոնաց պահակ»: Այնտեղ հիմնեց իր արքունիքը եւ մարդկանց բնակութեան համար քաղաք: Ամէն տարի իւրաքանչիւր երկրից բերում էր նոր զօրքեր` հետ ուղարկելով հին զօրքերին, որպէսզի զինուորները չլքէին զօրքը եւ կասկած չունենային իր չար գործերի մասին, իսկ ինքն էլ երբեմն գնում էր Տիզբոն 5` իր թագաւորութեան աթոռանիստ քաղաքը, եւ ապա վերադառնում. այսպէս` եօթը տարի, մինչեւ իր թագաւորութեան տասնմէկերորդ տարին:
Այդ ամբողջ ընթացքում անդադար մտածում էր, թէ ինչ հնարքներով քրիստոնեաների զօրքը ենթարկէր իրեն, որի համար նրանց հետ խօսում էր երբեմն սիրով, երբեմն` սպառնալիքներով, երբեմն էլ ցոյց էր տալիս, թէ հետամուտ է ճշմարտութեանը: Ասում էր` քննենք ու տեսնենք, թէ որն է ճշմարիտ կրօնը, եւ այն էլ կ՚ընդունենք, բայց շատ արագ բռնելով չարը` գովաբանում էր մոգութիւնը` իբրեւ աստուածներ մեծարելով հուրն ու արեգակը: Նա ասում էր` ինչպէ՞ս կարող է Քրիստոս Աստուած լինել, եթէ խաչուել է, մեռել եւ թաղուել:
Օրըստօրէ անօրէնն աւելի ու աւելի էր հայհոյում սուրբ հաւատը, որից քրիստոնեաները բորբոքւում էին, բայց ոչ ոք չէր համարձակւում որեւէ բան ասել: Սակայն հայոց կրտսեր նախարարներից մէկը` Սրուանձտեան տնից Գարեգին անուամբ, չհանդուրժելով Քրիստոսին ուղղուած անարգանքները, թագաւորին ասաց. «Արքա՛, դու որտեղի՞ց գիտես մեր Տիրոջ մասին, թէ Նա չարչարուել է, խաչուել, մեռել եւ թաղուել»: Յազկերտն ասաց. «Իմ իսկ առջեւ ընթերցել են ձեր մոլորութեան գրքերը»: Այնժամ պատանեակը, լցուելով Սուրբ Հոգով, ասաց. «Ինչո՞ւ միայն մինչեւ այդ տեղն ես ընթերցել տուել: Շարունակել տուր կարդալը եւ կ՚իմանաս Նրա յարութեան, շատերին երեւալու, երկինք համբարձուելու, Հօր աջ կողմում նստելու եւ միւս անգամ հրաշալի փառքով գալստեան մասին, երբ պիտի արթնացնի տիեզերքը եւ արդար դատաստանով, ըստ իր գործերի, հատուցի իւրաքանչիւրին»: Թագաւորը ներքուստ խոցոտուեց, բայց երեսանց ծիծաղելով` ասաց. «Այդ ամէնը խաբէութիւն է»: Քրիստոսի քաջ զինուորը պատասխանեց նրան` ասելով. «Եթէ արժանահաւատ ես համարում Փրկչի` մարմնով չարչարուելը, ապա իրաւացիօրէն առաւել պէտք է հաւատաս Նրա փառաւորութեանը եւ երկրորդ, ահաւոր գալստեանը»: Այնժամ թագաւորն անասելի ցասման ներքոյ հրամայեց կապուած ձեռքերով ու ոտքերով նրան բանտ նետել, ուր էլ նահատակուեց` երկու տարի չարչարուելով:
Իր թագաւորութեան տասնմէկերորդ տարում Յազկերտը լիովին յաղթեց հոներին եւ հրամայեց քրիստոնեաներին բռնութեամբ դարձնել պարսից կրօնին, իսկ չենթարկուողներին մատնել մահուան` զրկելով իրենց ունեցուածքից: Սակայն նա ոչինչ չշահեց, որովհետեւ հայերը եւ այլ քրիստոնեաները կամաւոր յանձն առան ամէն նեղութիւններ, մահաբեր տանջանքներ, բայց չուրացան Քրիստոսին: Ընկնելով անելանելի դրութեան մէջ` Յազկերտը Դենշապուհ անուամբ հարկահաւաք մէկին ուղարկեց Հայոց աշխարհ` այնտեղ ժողովրդին ծանր կացութեան մէջ դնելու համար, որպէսզի հարկերից ազատուելու համար ստիպուած հպատակուէին թագաւորի կամքին: Սակայն նրանք սիրով յանձն առան բոլոր հարկերը եւ տեղի չտուեցին կրակապաշտների խօսքերին, որի համար թագաւորը թուղթ գրեց հայերին, ինչպէս նաեւ այլոց, որում գովաբանւում էր պարսկական կրօնը, եւ պարսաււում քրիստոնէութիւնը: Միհրներսեհ հազարապետի կողմից նոյն բովանդակութեամբ նամակ գրեց նաեւ մոգպետը, սակայն բազմաթիւ աղճատումներով:
Հայոց նախարարները եւ եպիսկոպոսները ժողով գումարեցին, ուր քննարկեցին այդ երկու նամակները եւ ծաղրի ենթարկեցին` անարգելով նրանց բովանդակութիւնը: Ապա պատասխան նամակ գրեցին թագաւորին եւ հազարապետին` ցոյց տալով մոգութեան սնոտի օրէնքի ունայնութիւնը եւ քարոզելով քրիստոնէական հաւատի անսուտ ճշմարտութիւնը: Այնտեղ գրուած էր. «Մենք չե՛նք կարող թողնել մեր Արարչին` աստուածների Աստծուն, թագաւորների Թագաւորին եւ տէրերի Տիրոջը ու պաշտել արարածներին, անխօս տարերքներին: Ոչ ոք մեզ չի կարող հեռացնել մեր ճշմարիտ հաւատից, որ ունենք Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու հանդէպ` ո՛չ դեւերը եւ ո՛չ էլ մարդիկ, ո՛չ տանջանքները եւ ո՛չ էլ մահը: Մեր ողջ ունեցուածքը եւ մարմինները ձեր ձեռքի տակ են. ձեզնից՝ տանջանք, մեզնից` յանձնառութիւն, քո սուրը եւ մեր պարանոցը: Այսուհետ մի՛ հարցաքննէք մեզ, այլ արէք, ինչ որ կ՚ուզէք, որովհետեւ մեր հաւատի ուխտը ոչ թէ մարդու հետ է, ումից կարող ենք խաբուել մանուկների պէս, այլ` կենդանի Աստուծոյ հետ, Ումից հնարաւոր չէ երբեւէ հեռանալ»:
Նախարարների եւ եպիսկոպոսների կնիքով գրուած այս պատասխանը հասաւ թագաւորին: Երբ այն ընթերցուեց ատեանի առջեւ, ամօթահար եղան մոգպետն ու հազարապետը եւ ինքը` թագաւորը եւս ափ ի բերան մնաց, քանզի լսողներից շատերն սկսեցին իրար մէջ շշնջալ եւ գովել հայերի հաստատակամութիւնը իրենց հաւատի մէջ: Եւ ընդհանրապէս բոլորը զարմացած էին նրանց համարձակ պատասխանի վրայ: Այնժամ անօրէն մոգպետը դրդեց թագաւորին, որպէսզի շտապ պարսից արքունիք կանչի հայոց, վրաց եւ աղուանից նախարարներին եւ բռնութեամբ նրանց երկրպագել տայ արեւին: Հէնց դա էլ ուզում էր լսել Յազկերտը. անմիջապէս հրովարտակ ուղարկեց հայոց գլխաւոր նախարարներին, որոնց ինքը քաջ ճանաչում էր անուն առ անուն` հրամայելով նրանց անյապաղ արքունիք գալ:
Ստանալով այս հրամանը` նախարարները յայտնապէս հասկացան Յազկերտի չար մտադրութիւնը, բայց քանի որ Յազկերտը նամակի մէջ չէր գրել, թէ ինչո՞ւ է կանչում իրենց, ապստամբութիւն համարեցին չընդունել հրաւէրը: Քաջ գիտէին նաեւ, որ եթէ չգնային, բռնաւորը սրի կը քաշէր պարսից երկրում եւ բանակում գտնուող բոլոր քրիստոնեաներին: Այդ պատճառով լաւ համարեցին գնալ եւ իրենց գործերի ընթացքը Աստծուն յանձնել: Ասացին՝ «Այո՛, գնում ենք, սակայն չենք համաձայնի ուրանալ երկնքի ու երկրի Արարչին: Եւ այս գործը Աստուծոյ ձեռքով է կատարւում, որպէսզի այնժամ մենք ցոյց տանք, թէ ինչպէս Քրիստոսի հետ մի մարմին ենք ու մի հոգի, յիշելով սուրբ առաքեալներին՝ սուրբ եկեղեցու քարոզիչներին, ովքեր մի սիրտ ու մի հոգի ունէին: Թող նրանց բարեխօսութեամբ ահեղ Թագաւորի առաջ մեր պատասխանն ուղղի մեր Փրկիչը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոս, եւ մեզ պահի չար գազանի յարձակումից: Աստուած երբէք Իր ձեռքից բաց չի թողնում բարի կամքով միաբանուածներին»:
Այսպէս, սուրբ Յովսէփ կաթողիկոսի առաջարկութեամբ երեք` Հայոց, Աղուանքի 6 եւ Վրաց երկրների նախարարները միաբան ուխտեցին անսասան մնալ հաւատի մէջ եւ ճանապարհուեցին դէպի Պարսից աշխարհ: Նրանք երեւելի աւագ նախարարներ էին` հայոց մարզպան Վասակ Սիւնին, Ներշապուհ Արծրունին, Արտակ Ռշտունին, Գադիշոյ Խորխոռունին, սպարապետ Վարդան Մամիկոնեանը, Արտակ Մոկացին, Մանեճ Ապահունին, Վահան Ամատունին, Գիւտ Վահեւունին, Շմաւոն Անձեւացին, Վրաց աշխարհից Աշուշայ բդեշխը եւ այլ մեծամեծ այրեր:
Այն օրը, երբ նրանք ներկայացան Յազկերտին, 450 թուականի Սուրբ Զատկի նախընթաց Աւագ Շաբաթ օրն էր: Յազկերտն սկսեց անարգանքներով եւ մռնչալով խօսել. «Նախ եւ առաջ ցանկանում եմ ձեզնից լսել, թէ ինչպէս եմ ընդունել ես ձեզ, եւ ինչպէս էք համարում ձեզ ինձ պատկանելը»: Նրանք միաբան պատասխանեցին. «Առանց մեր պատասխանն իմանալու այդ հրամանիդ տեսութիւնը գիտեն բոլոր արիացիներն ու ոչ արիացիները»: Յազկերտը, կրկնելով իր խօսքը, ասաց. «Դրանք յայտնի են բոլորին, ովքեր իմ իշխանութեան տակ են եւ չեն համարձակւում ընդդիմանալ իմ հրամաններին, բայց ես ցանկանում եմ դա լսել ձեզնից եւ իմանալ ձեր ճանաչողութիւնը. որպէս ի՞նչ էք համարում ինձ, ա՛յդ ասացէք»: Նրան պատասխանեցին. «Մենք քեզ թագաւոր ենք ճանաչում ինչպէս ամէնքի, այնպէս էլ մեզ վրայ: Աստուծոյ նմանութեամբ իրաւունք ունես սպանելու եւ կեանք տալու ամէն մէկին, ով քո թագաւորութեան ներքոյ է»:
Յազկերտը, լսելով այս պատասխանը, ասաց. «Ձեր այս պատասխանը շատ հեռու է այն նամակի բովանդակութիւնից, որ ուղարկել էիք, քանի որ նրանում յայտնել էիք, թէ կան բաներ, ըստ որոնց` առանց ընդդիմանալու ծառայում ենք քեզ ու քո հրամաններին, բայց կայ այլ բան, որը չպէտք է դու հրամայես, եւ ոչ էլ մենք կարող ենք հնազանդուել ու յանձն առնել: Մեր թագաւորութեան առաջին հրամանն է` ընդունել մեր օրէնքները, որով կը ճանաչուի մեր իշխանութիւնը ձեզ վրայ, եւ ձեր ծառայութիւնը` մեզ: Եթէ յանձն առնէք մեր այդ կամքը, մեծամեծ պարգեւներով կ՚արձակուէք ձեր երկիրը, իսկ եթէ յամառէք, դուք` Հայք, Վիրք եւ Աղուանք, ապա ոչինչ կը համարեմ ձեր վաստակները եւ ազգովին կ՚ոչնչացնեմ ձեզ` ձեր կանանցով ու որդիներով հանդերձ` ջնջելով ձեր յիշատակը երկրի երեսից»:
Երեք երկրների մեծամեծ այրերը պարսից թագաւորից լսեցին պատուի, խոստումների եւ մահուան սպառնալիքներով լի այս խօսքերը եւ մի պահ լռեցին: Ապա աներկիւղ եւ քաջասիրտ առաջ եկաւ Մամիկոնէից տէր եւ հայոց սպարապետ Վարդանը եւ ողջ բազմութեան առջեւ պատասխանեց Յազկերտին. «Այստեղ են մեր երեք երկրների շատ իշխաններ, ովքեր աւագ են ինձնից թէ՛ իշխանութեամբ, թէ՛ տարիքով, եւ կան, որ կրտսեր են: Քա՛ջ գիտէք, որ այն վաստակն ու հպատակութիւնը, որ ծառաները պարտաւոր են ցոյց տալ իրենց տէրերին ու թագաւորին, ինչպէս արել է իւրաքանչիւրս, եւ կարիք չկայ, որ ես կամ մեզնից որեւէ մէկն ասի այդ մասին: Այժմ էլ պատրաստ ենք դարձեալ ծառայել ձեզ առաջուայ պէս, եւ եթէ կարելի է` առաւել եւս: Եթէ հնար լինէր, իմ անձը շատ անձեր կը դարձնէի՝ բոլոր ուժերով եւ հնազանդութեամբ, կեանքովս եւ իմ տան ամբողջ ունեցուածքով ծառայելու արեաց տիրոջը՝ որպէս ձեր հաւատարիմ ծառայ: Բայց երկիւղի պատճառով թողնել այն օրէնքները, որ մանկուց ուսանել եմ Աստծուց, հնարաւոր չէ: Ողորմելի կը լինէի, եթէ ուրանայի անգամ մարդուց ուսանած ճշմարիտ վարդապետութիւնը, էլ ուր մնաց, որ յանուն սնոտի փառքի եւ մարդկային երկիւղից ուրանամ այն օրէնքները, որ ընդունել եմ Աստուծոյ բերանից եւ սովորել: Քա՛ւ լիցի: Սա՛ է իմ պատասխանը. կ՚ուզենամ մեռնել, քան թէ ուրանալ եւ ապրել առանց Աստուծոյ: Իսկ մեզնից նրանք, որ կանգնած են ձեր առջեւ եւ քրիստոնեաներ են, թող իրենք պատասխանեն իրենց անձանց համար»:
Այնժամ զօրացան միւս նախարարները եւ յայտնեցին թագաւորին, թէ իրենցից իւրաքանչիւրը առաւել ծառայել է իրեն, քան այլ թագաւորի: «Ապա ինչո՞ւ,- ասացին, — քո բարկութիւնը մեզ վրայ ես թափում: Ի՞նչ վնաս է տուել քեզ մեր քրիստոնէութիւնը: Չէ՞ որ մեր օրէնքի հրամանով հնազանդ ենք ձեզ՝ վտանգելով մեր անձերը պատերազմների մէջ»:
Թագաւորը պատասխանեց. «Վնաս եմ համարում քրիստոնեաներից հաւաքած տուրքերը, եւ անօգուտ են ինձ ձեր ծառայութիւնները, որոնք մատուցւում են առանց մեր աստուածների: Քանզի դուք, մոլորուած տգիտութեամբ, անարգում էք մեր պաշտամունքը, ոչնչացնում կրակը՝ անշէջ չպահելով, ապականում էք հողը՝ թաղելով մեռելներին: Ուրեմն, եթէ կամենում էք ապրել եւ մնալ ձեր իշխանութեան մէջ, եկէք վաղը՝ սքանչելի արեւի ծագման ժամին, եւ երկրպագէք նրան: Ապա թէ ոչ՝ ձեզ կ՚ենթարկեմ ամէն տեսակ տանջանքների, մինչեւ որ առանց կամենալու կամ կամաւոր կատարէք իմ հրամանները»:
Այս լսելով՝ նախարարներն աղաղակեցին ատեանի առջեւ. «Արքա՛յ, մի՛ խօսիր այդ մասին, որովհետեւ Եկեղեցին մարդու շինածը չէ եւ ո՛չ էլ արեգակի տուածը: Այն անշարժ վէմի վրայ հաստատուն սիւն է՝ հիմնուած Աստուծոյ զօրութեամբ, որը չեն կարող շարժել ոչ երկիրը եւ ոչ էլ երկինքը, ուր մնաց թէ մահկանացու մարդը, որ յոխորտում է՝ նրան յաղթելու: Ուստի արա՛, ինչ կամենում ես, մենք պատրաստ ենք ամէն տեսակ նեղութիւնների եւ անգամ մահուան»:
Յազկերտը լցուեց դառնութեամբ, սաստիկ սպառնալիքով երեք-չորս անգամ երդուեց արեգակի անունով եւ ասաց. «Իմացա՛ծ եղէք, որ եթէ չենթարկուէք իմ կամքին, ապա ձեզ եւ բոլոր քրիստոնեաներին, որ կան բանակում, իբրեւ անարգ գերիներ, կ՚ուղարկեմ դէպի Սագաստանի 7: քարքարօտ վայրերը, որպէսզի ձեզանից շատերը ճանապարհին կոտորուեն, միւսներն էլ բանտարկուեն: Ձեր երկիր անհամար զօրք կ՚ուղարկեմ փղերով հանդերձ՝ ոտնակոխ անելու եւ ոչնչացնելու բոլոր հակառակուողներին: Ձեր բոլոր ընտանիքներին եւ որդիներին կ՚աքսորեմ Խուժաստան 8, կը քանդեմ ձեր բոլոր եկեղեցիներն ու վկայարանները, կ՚աւերեմ ձեր ամբողջ երկիրը, իսկ մնացածներին բռնութեամբ կը դարձնեմ մեր պաշտամունքին»: Այս ասելով՝ հրամայեց անարգանքներով հեռացնել նրանց ատեանից եւ դահճապետին հրահանգեց նրանց առանց կապանքների պահել իրենց իջեւաններում:
Նախարարներն ընկան վարանումների մէջ, որովհետեւ նրանց առջեւ դրուեց ողջ ազգի հոգու եւ մարմնի կորստեան վտանգը: Եւ խորհելու ժամանակ չկար, եւ ոչ էլ՝ փախչելու հնար, որովհետեւ արդէն երեկոյ էր, իսկ հրամանն առաւօտեան պիտի կատարուէր: Ջանացին միջնորդ բռնել պարսիկ իշխաններին՝ մեծ նուէրներ տալու խոստումով, բայց ապարդիւն, իսկ գիշերն անց կացրին ողբով, տրտմութեամբ եւ առ Աստուած ուղղուած արտասուախառն աղօթքներով:
Առաւօտ կանուխ թագաւորը կանչեց նրանց եւ դարձեալ ողոքելով ու սպառնալիքներով ստիպեց պատրաստ լինել երկրպագելու արեւին: Եւ երբ մերժեցին, դարձեալ հրամայեց, որ նրանց մի տեղում արգելափակեն եւ խիստ հսկեն, որ չփախչեն: Հրամայեց պատրաստել մի գունդ, որի հսկողութեամբ պէտք է վտարէին նրանց անդարձ օտարութեան՝ դէպի Սագաստան:
Նախարարների մի մասը յօժարամիտ էր այդ վճռին, սակայն մի մասն էլ վարանումների մէջ էր: Մէկտեղ հաւաքուած, խորհուրդ էին անում, թէ ինչպէս ելք գտնեն այդ իրավիճակից: Թագաւորի ներքին խորհրդակիցներից մէկը գաղտնի կապուած էր Քրիստոսի անքակտելի սիրով, անգամ մկրտուած էր կենդանի Աւազանի մէջ եւ մեծապէս հոգ էր տանում նրանց կեանքը փրկելու համար: Նա խորհուրդ տուեց եւ սովորեցրեց, թէ ինչ հնարք գործեն, որ առժամանակ իրենց փրկեն այդ դրութիւնից: Եւ մի քանի օր խորհրդի շուրջ շատ մտածելուց յետոյ կանգ առան այս մտքի վրայ. «Որեւէ հնար չկայ ազատուելու չար սատանայի լարած այս որոգայթից, քան թէ միառժամանակ յանձն առնենք նրանց հրամանը, գնանք մեր երկրները, բայց այնտեղ ապրենք` ծառայելով Քրիստոսի ճշմարիտ հաւատին, որ ստացել ենք սուրբ Գրիգորի եւ նրա որդիների վարդապետութեան շնորհիւ եւ ծնուել աւազանի նորոգութեամբ: Կա՛մ պէտք է սա ընտրենք, կա՛մ էլ թողնելով մեր երկրները` կանանցով եւ որդիներով գնանք օտարութեան` ապաւինելով կենարար Փրկչի այն խօսքին, թէ` «Երբ ձեզ հալածեն մի քաղաքից, փախէք միւսը» 9: Եւ նաեւ եթէ մտածենք միայն մեր անձանց փրկութեան մասին եւ ընդդիմանանք իշխանի անօրէն հրամաններին, ապա անթիւ տղամարդկանց եւ կանանց, ծերերի եւ մանուկների յաւիտենական կորստեան պատճառ կը դառնանք, քանի որ նրանց այստեղ տեղահանելով` բոլորին սերնդէսերունդ կը ծառայեցնեն իրենց անօրէն պաշտամունքներին»:
Այս աններելի խորհուրդը ոմանց հաճոյ թուաց, որի համար Վարդանից գաղտնի լուր ուղարկեցին թագաւորին՝ հաղորդելով. «Թող ների մեզ արքան եւ մի քանի օր ժամանակ տայ, որպէսզի խորհենք եւ միաբանութեամբ հաստատուն պատասխան տանք, քանի որ այդ պատասխանը մեզնից այնպիսի ընտրութիւն է պահանջում, որի առաջ կայ հոգիների փրկութիւն կամ յաւիտենական կորուստ»: Յազկերտն ու նրա աւագանին ընդունեցին այս խօսքերը եւ ժամանակ տուեցին մտածելու եւ ընտրութիւն անելու համար:
Եւ այնժամ պէտք էր տեսնել նախարարների միջեւ տեղի ունեցող վիճաբանութիւնները, որ գաղտնի էին Վարդանից: Վասակ Սիւնու եւ Խոռխոռունի Գադեշոյի պէս թուլամիտները խոնարհւում էին կատարելու անօրէն խորհուրդը, երկիւղածները վարանում էին, տգէտները օրինաւոր էին համարում՝ գործել չարը, որ բարին լինի, իսկ տկարացած գիտունները ստիպողաբար հետեւում էին նրանց՝ մտածելով, որ հակառակ դէպքում կը լինի վատթարը: «Եթէ հոգանք միայն մեր փրկութեան մասին,- ասում էին,- ապա կը վտանգենք երկրի փրկութիւնը: Մինչդեռ եթէ հիմա որոշ պատճառաբանութեամբ գայթակղուենք իսկ, երբ գնանք մեր երկիրը, ամուր կը պահենք քրիստոնէութիւնը եւ կը վանենք անօրէններին»:
Այս խորհուրդը յաղթեց բոլորի մտքին, բայց չէին համարձակւում իրենց վճիռը յայտնել հայոց զօրավար, Մամիկոնէից տէր Վարդանին` մտածելով, որ նա չի ընդունի այդ խորհուրդը, որովհետեւ տեսնում էին նրա հոգու անսասան հաւատը Քրիստոսի հաստատուն վէմի վրայ: Սակայն չէին կարող նաեւ չյայտնել այդ մասին, քանի որ գիտէին, որ իրենց բոլոր խորհուրդները, պատճառաբանութիւնները եւ քայլերը թերի են ու անկատար:
Եւ նրանք` բոլոր նախարարներն ու սեպուհները, միաբանուած եկան Մամիկոնէից տէր ու հայոց զօրավար Վարդանի մօտ: Յայտնելով նրան իրենց միաձայն ընդունած խորհուրդը` ասացին. «Լսի՛ր մեզ եւ մտածի՛ր այն բոլոր աղէտների մասին, որ կը պատահեն բիւրաւոր մարդկանց: Մի՛տդ բեր մայրերի հառաչանքները, մանուկների ողբն ու կոծը, ծերերին` բռնութեամբ օտարութեան քշելը եւ այլ այսպիսի անտանելի վշտերը, որ կը պատահեն բոլորին: Բայց միայն մարմնի տանջանքներով ու մահուամբ չէ, որ պէտք է կրել այդ ամէնը. չէ՞ որ մեր առջեւ կանգնած է հոգու եւ մարմնի կորուստը: Եւ ոչ թէ լոկ հարեւանցի է հասնելու այս վտանգը, այլ այդ չարիքները յաւիտեան թանձրամած քօղ են գցելու մեր սուրբ եկեղեցիների, ժողովուրդների, կանանց ու զաւակների վրայ: Եթէ միաբանուելով մեր խորհրդին` կարողանաս միառժամանակ համաձայնել մեզ հետ, ապա շատերս ողորմութեան կ՚արժանանանք. երեք երկրներիս եկեղեցիները չեն աւերուի, եւ մեր բնակիչները չեն քշուի գերութեան, որովհետեւ սուրբ հաւատը չի շարժւում իր հիմքից, իսկ եթէ երերայ, դարձեալ ամուր կը կանգնի, եւ Ամենակալի Աջը նրան կը հաստատի: Եւ իրաւ այդպէս կը լինի, եթէ կարողանաս միառժամանակ «հիւանդանալ» մեզ համար, որպէսզի ամենագութ բժիշկ Բանն Աստուած քեզնով հանդերձ առողջացնի մեզ»:
Երբ հայոց զօրավար, Մամիկոնէից տէր Վարդանը Հայոց, Վրաց եւ Աղուանից նախարարներից լսեց այս ամէնը, ամենեւին յանձն չառաւ համաձայնել ասածներին կամ հաղորդ լինել այդ խորհուրդներին, այլ յոյժ խռովուած բարձրաձայն գոչեց ամէնքի առջեւ` ասելով. «Չի՛ լինի, որ ես ստեմ իմ Արարչին եւ չի՛ լինի, որ ես անօրէն ազգի առջեւ ուրանամ Նրան, Ով Իրեն ուրացողներին պիտի ուրանայ Հօր եւ սուրբ հրեշտակների առջեւ: Քա՛ւ լիցի, որ ես, մտածելով կնոջ, որդիների եւ ազգի մասին, անտեսեմ այն խօսքը, որ ասում է. «Ով իր հօրը եւ կամ մօրը Ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերն Ինձնից աւելի է սիրում, Ինձ արժանի չէ» 10: Դուք` երեք երկրներից եկած տանուտէրե՛ր եւ սեպուհնե՛ր, Քրիստոսի ողորմութեան շնորհիւ լի էք զօրութեամբ եւ ամեն բարիքներով, ճշմարիտ եւ արդար հաւատն էլ ուսանել էք Աստծուց` առաքելանման հովիւ, սուրբ նահատակ Գրիգորից եւ նրա զաւակներից: Իւրաքանչիւրդ կարող էք պատասխան տալ ձեր անձի համար, բայց մի՛ ասէք այն, ինչ չեմ կարող լսել, էլ ուր մնաց թէ` կատարել»:
Լսելով այս խօսքերը` երեք երկրների նախարարները, թէպէտ ընկան անասելի տրտմութեան մէջ, սակայն չհրաժարուեցին իրենց առաջարկից, որովհետեւ մեծ վտանգ էին տեսնում: Մի տեղ ժողովուելով` իրենց մօտ կանչեցին Մոկաց Արտակ իշխանին ու խնդրեցին, որ նա շտապ խօսի իրենց սպարապետ եւ Մամիկոնէից տէր Վարդանի հետ: Այս Արտակը համեստ, խելացի եւ քաջ այր էր, եւ Մամիկոնէից տէր Վարդանն առաւել պատուով էր սիրում նրան: Հաւանելով հայոց նախարարների խնդրանքը` Մոկաց Արտակ իշխանը յանձն առաւ խօսել նրա հետ: Այդպէս էլ արեց. ըստ իր յանձնառութեան` մե՛րթ առանձին, մե՛րթ աւագանիով հանդերձ չէր դադարում գիշեր թէ ցերեկ խօսել նրա հետ այդ խնդրի շուրջ եւ աղերսել: Բոլորին նոյնի համար ստիպում եւ յորդորում էր նաեւ վրաց Աշուշայ բդեշխը, ով խելացի եւ խորհրդատու մարդ էր, եւ ում կինն էլ Արծրունեաց տոհմից էր ու Մամիկոնէից մեծ սեպուհ Վարդանի եղբօր քենին: Ամէնից շատ այս Աշուշան էր յորդորում հայոց նախարարներին ու Մոկաց Արտակ իշխանին` համոզել Վարդան զօրավարին: Ինքը եւս առանձին խօսում էր նրա հետ` աղաչելով եւ խնդրելով, որ եթէ չհամաձայնի, ինչպիսի կորուստ կը պատճառի երեք երկրներին, իսկ եթէ համաձայնի ու յանձն առնի, փրկութիւն կը բերի մարդկանց եւ իր անձի ապաշխարութեան ակնկալութիւն:
Տեսնելով, որ հայոց Վարդան սպարապետի կամքն աներեր է, եւ նա չի ընդունում իրենց խօսքերն ու յորդորները` երեք երկրների նախարարներից ու սեպուհներից նրանք, ովքեր առաւել տեղեակ էին Եկեղեցու սուրբ գրքերին, հարկադրուած եղան առաջ բերել Սուրբ Գրքի այն առակները, որոնք պատեհ էին այդ ժամանակի համար: Այս ամէնը նրան յիշեցնում էին որպէս ուսեալ եւ գիտակ մարդու, որովհետեւ Վարդանը յոյժ հմուտ եւ տեղեակ էր վարդապետութեան գրքերին, ուսանած եւ դաստիարակուած էր իր պապի` սուրբ Սահակ հայրապետի կողմից:
Եւ երեք երկրների աւագ տանուտէրերն ու սեպուհները բազում աղաչանքներից յետոյ հայոց Վարդան զօրավարի առջեւ բերեցին սուրբ Աւետարանը եւ բոլորը ձեռքները վրան դնելով երդուեցին` ասելով. «Եթէ դու միառժամանակ կարողանաս յանձն առնել թագաւորի պայմանները եւ մեզ ազատես որոգայթադիր թշնամու յարձակումներից, կը լսենք եւ կը կատարենք քո բոլոր ասածները` դնելով մեր անձերը սուրբ ուխտի վրայ եւ հեղելով մեր արիւնը ողջ աշխարհի փրկութեան համար: Իսկ եթէ պատահի, որ թողնենք մեր երկիրն ու ամբողջ ունեցուածքը՝ փախչելով օտարութեան, ապա դա կ՚անենք կանանցով եւ որդիներով հանդերձ եւ սիրով յանձն կ՚առնենք աղքատութիւնն ու մուրացկանութիւնը, միայն թէ ազատուենք այս բարկութիւնից: Ով այս խօսքերից թերանալով ստի այս ուխտին եւ նենգութեամբ հեռանայ սուրբ Աւետարանի վրայ երդումից ու մեր այս միաբանութիւնից, նրա բաժինը առանց ապաշխարութեան եւ թողութեան թող լինի Յուդայի հետ, ով զատուեց սուրբ առաքեալների գնդից: Իսկ այն պահպանութիւնը, որ մեզ հետ միառժամանակ քո համաձայնութեան համար պիտի պարգեւի Քրիստոս Աստուած երեք երկրների բազում հոգիներին, թող լինի մնացեալ ժառանգութիւն` ի թողութիւն եւ ի փրկութիւն քո հոգու յաւիտեանս յաւիտենից»:
Երեք երկրների իշխաններից լսելով այս խօսքերը ու տեսնելով բոլորի կողմից ահասարսուռ երդումով կնքուած սուրբ Աւետարանը, որի առաջ ուխտեցին, հայոց զօրավար ու Մամիկոնէից տէր Վարդանն արտասուքներով յանձն առաւ միառժամանակ վիրաւորուել յանուն երեք երկրների:
Այսպէս, բոլորը միաբանուած որոշեցին խաբէութեամբ ու կեղծ ուրացութեամբ կատարել թագաւորի հրամանը եւ գնացին կրակատուն: Պաշտամունքի ժամանակ նրանց մի մասը (ո՛չ բոլորը) առերես խոնարհեցին իրենց գլուխները, իսկ միւս մասն էլ, ցանկանալով աշխարհի փառքը, անեղծ Աստուծոյ փառքը փոխանակեցին աշխարհի եղծանելի ու անցաւոր կեանքի հետ: Այս տեսնելով` պարսից թագաւորը, արքունիքի բոլոր մեծամեծերը եւ մոգերը մեծ ուրախութեամբ տեսակտեսակ նուէրներ մատուցեցին իրենց աստուածներին: Մեծ խրախճանք արեցին` համարելով, որ այդ օրն առաւել ամուր հաստատուեց իրենց թագաւորութիւնը եւ այնուհետեւ կարող են ապրել խաղաղութեամբ` առանց երկիւղելու բոլոր թշնամիներից: Եւ Հայոց, Վրաց եւ Աղուանից տանուտէրերին ու սեպուհներին զարդարեցին` թագաւորական հանդերձներ հագցնելով, նաեւ` այլեւայլ բազմաթիւ պարգեւներով ու պատիւներով, գիւղերով, ագարակներով, եւ առհասարակ հարստացրին իւրաքանչիւրին, որքան կարողացան: Ապա շտապեցին նրանց ճանապարհել իրենց երկրները: Նրանց հետ ուղարկեցին եօթ հարիւր մոգերի, քրմերի եւ մոգպետերի մի բազմութիւն, ովքեր պէտք է երեք երկրներում բացէին դպրոցներ ու բոլորին սովորեցնէին իրենց մոլար ուսմունքը:
Նրանք յանձն առան իրենց հետ տանել մոգերի բազմութեանը: Այնուհետեւ գնացին հրաժեշտ տալու Յազկերտին եւ արքունիքի աւագանուն: Առաջ եկաւ հայոց զօրավար ու Մամիկոնէից տէր Վարդանը եւ արեաց աւագանու ամբողջ բազմութեան առջեւ խօսեց. «Իմ նախնիների հպատակութիւնն ու վաստակը, որ եղել են այս արքունիքի ու ձեր թագաւորութեան հանդէպ` սկսած այն ժամանակից, երբ կարգուած ենք եղել ձեր ծառայութեան ներքոյ, բոլորդ քաջ գիտէք, եւ պէտք չէ, որ ես մէկ առ մէկ տեղեկացնեմ ձեզ, քանի որ դուք աւելի ստոյգ գիտէք, քան ինքս: Ձեր հրամանով ինչ որ արել եմ, տեսել են ձեր զօրագլուխներն ու իմ ընկերները: Այսուհետ կամենում եմ եւ պէտք է ջանամ, որ, այժմուանից սկսած Աստուծոյ օգնականութեամբ իմ ողջ զօրութեամբ անել մի գործ, որ նրա համբաւը ոչ միայն ձեր` արեաց առջեւ, այլեւ կայսեր արքունիքում եւ այլ ազգերի մէջ յիշուի յաւիտեան»:
Այս խօսքերը, որ Աստուծոյ շնորհով ասաց Վարդան սպարապետը, հասկացրեց, որ պիտի արիաբար պայքարի պարսիկների դէմ, նոյնիսկ թափի իր արիւնը Աստուծոյ համար՝ դարէդար եւ յաւիտեան բարեհամբաւելով իր նահատակութիւնը վասն Աստուծոյ:
Իսկ շատ քրիստոնեաներ, որ ապրում էին Պարսկաստանում, երբ լսեցին նախարարների ուրացութեան մասին, անպատում սուգի մէջ մտան, քանի որ տեղեակ չէին նրանց գաղտնի որոշման մասին: Նրանցից մէկը արտասուալից աչքերով մօտեցաւ նախարարներին եւ ասաց. «Դուք էիք մեր յոյսը եւ ապաւէնը, դուք էիք մեր խրատատուն եւ ուսուցիչը, դուք էիք մեր պարծանքն ընդդէմ ճշմարտութեան թշնամիների: Արդ, մենք ի՞նչ պիտի լինենք, եթէ դուք ընկաք: Ինչպէ՞ս լքեցիք Աստծուն եւ հնազանդուեցիք դեւերին, եւ ինչպէ՞ս կոյրերի հետ դուք էլ կուրացաք: Գիտէ՞ք արդեօք, որ երկինքն ու երկիրը սուգ են մտել ձեր կորստեան համար: Եթէ վախեցաք մարդկանցից, ապա ի՞նչ պիտի անէք աստուածասաստ բարկութեան առջեւ: Դուք ոչ միայն ձեր անձանց համար պիտի պատասխան տաք Աստուծոյ դատաստանի առջեւ, այլեւ բազմաթիւ անձանց համար, ովքեր վտանգի ենթարկուեցին ձեր պատճառով»: Իսկ նախարարները արցունքներով թրջում էին իրենց երեսները եւ հեղձամղձուկ լալիս իրենց հոգիներում, քանզի չէին կարող յայտնել իրենց որոշումը, որ ծածուկ էր պարսիկներից, սակայն դառն էր լսել խօսքեր՝ իբրեւ կատարեալ ուրացողների մասին:
Այնուհետեւ Հայոց, Վրաց եւ Աղուանքի նախարարները մոգերի բազմութեան հետ վերադարձան իրենց երկրները` ողջ ճանապարհին բազում անգամներ հաստատելով սուրբ Աւետարանի վրայ տուած նոյն ուխտը: Բաժանուելով նաեւ միմեանցից` իւրաքանչիւրը գնաց իր երկիրը, խոստանալով ժամանակին միմեանց յայտնել այն գործերի մասին, որ խոստացան կատարել Աստուծոյ հրամանի համաձայն: Սակայն Յազկերտը վրաց Աշուշայ բդեշխին, Սիւնեաց Վասակ իշխանի երկու որդիներին` Բաբիկին ու Ատրներսեհին, չարձակեց հայոց նախարարների հետ, որովհետեւ զգուշացաւ` նայելով առաջիկայ գործերի անորոշութեանը:
Արդ, հայոց տանուտէրերը` սեպուհներով հանդերձ, հասան Հայոց աշխարհը: Ողջ էին եւ մեռած, կիսամեռ ու կենդանի: Նրանց սաղմոսերգութեամբ ընդառաջ եկան Քրիստոսի սպասաւորների դասը` իրենց հետ բերելով կենսատու Խաչի նշանը, սուրբ եւ առաքելանման նահատակ Գրիգորի նշխարները, բայց լսելի էին նաեւ լացի ու գոյժի ձայներ, ողբալից գոչիւններ: Մանուկները փախչում էին հայրերի գրկից` նրանց այլափոխուած տեսնելով, իսկ մայրերն արտասւում էին հեծեծանքով: Դրա համար իրենք` մանուկներն էլ էին արտասւում, եւ դայեակներից կամ դաստիարակներից ոչ ոք չէր կարողանում լռեցնել նրանց: Այս ամէնը տեսնելով` առերես եւ ոչ ճշմարտութեամբ ուրացողները կամենում էին իրենք իրենց սրի քաշել, քանի որ չէին ուզում անգամ մէկ վայրկեան ապրել, որպէսզի չտեսնէին ու չտանէին այս աղէտը: Նրանց չէին կամենում միանալ ո՛չ իրենց կանայք, ո՛չ որդիները, ո՛չ իշխանները, ո՛չ ծառաները եւ ո՛չ էլ սպասաւորները: Սուրբ եպիսկոպոսները` պատուական քահանաներով ու Եկեղեցու ուխտով, ծերերով ու մանուկներով եւ ամբողջ ժողովրդի բազմութեամբ, աղերսագին ու բարձրաձայն լալիս էին Աստուծոյ տան մէջ: Նրանց երեսներից արիւն էր հոսում:
Իսկ մոգերը հարկադրում էին կրակը տանել Տիրոջ սուրբ տաճարը, գեղեցկատես վայրերում կառուցել ատրուշաններ 11 եւ փայտ փոխադրող բեռնակիրներ պահել` վառ պահելու համար իրենց չաստուծոյ կրակը: Մօտենալով եկեղեցու դռանը՝ մոգպետն անձամբ կամեցաւ բացել այն՝ ըստ արքունի հրամանի: Այնժամ սուրբ Ղեւոնդը եկեղեցու միաբանների հետ քաջաբար դէմ կանգնեց նրան եւ դուրս արեց: Իսկ երբ աղաղակ բարձրացաւ, հաւաքուեցին քրիստոնեաները՝ տղամարդիկ եւ կանայք, յարձակուեցին անհաւատների վրայ, քարերով ու փայտերով հարուածեցին մոգպետին ու մոգերին՝ փախուստի մատնելով նրանց: Երբ լուրը տարածուեց, վրայ հասան նաեւ այլ բնակիչներ՝ կաթողիկոսի, եպիսկոպոսների եւ քահանաների առաջնորդութեամբ: Նրանց միացան նաեւ այն քահանաներն ու ժողովուրդը, ովքեր բանակի մէջ էին: Նրանք տեղեակ էին նախարարների գաղտնի որոշման մասին, որը յայտնեցին կաթողիկոսին եւ նրա հետ եղողներին:
Նրանք կանչեցին Վարդանին: Սպարապետը եկաւ, արցունքով ընկաւ կաթողիկոսի եւ եպիսկոպոսների առջեւ, խոստովանեց իր եւ ընկերների արտաքուստ ուրացութիւնը, ամէն բան պատմեց ստուգապէս եւ վերադարձաւ բանակ:
Մոգպետը, տեսնելով Հայոց հաստատակամութիւնը, հասկացաւ, որ անհնար է նրանց ստիպելով մոգութեան դարձնել, սկսեց խորհրդակցել Հայոց մարզպանի՝ Վասակ Սիւնու հետ եւ ասել. «Պիտի գրեմ թագաւորին, որ ձեռք վերցնի այսպիսի առաջարկութիւնից, որովհետեւ եթէ աստուածներն իրենք էլ մեզ օգնութեան գան, հնարաւոր չէ, որ Հայաստանում հաստատութիւն գտնի մոգական կրօնը: Այստեղ մարդիկ ո՛չ շղթաներից են վախենում, ո՛չ տանջանքներից են երկիւղում եւ ո՛չ հարստութեանն են բանի տեղ դնում: Եւ վերջապէս, որն էլ չարիքներից ամենավատն է, մահը գերադասում են կեանքից: Ո՞վ կարող է նրանց դիմադրել»:
Եւ մոգպետը պատմեց, թէ ինչպէս արքայից արքայ Շապուհի օրօք պարսիկները ջանացին ջնջել քրիստոնէութիւնը Պարսկաստանից: Շատերին նահատակեցին, բայց ոչինչ չկարողացան անել, որովհետեւ, որքան շատանում էին հալածանքները, այնքան բազմանում էին հաւատացեալները: «Եւ դու, որ գիտէիր քո ազգի այս անդառնալի միտքը, ինչո՞ւ համարձակ չասացիր թագաւորի առջեւ, թէ անհնար է, որ կատարուի իր հրամանը: Դո՛ւ, որ այս աշխարհի մարզպանն ես, պարտաւոր ես հոգ տանել, գրել եւ ցոյց տալ արքունիքին սրանց միաբան ուժը, թէ ինչպէս աներկիւղ արհամարհեցին արքունի հրամանը: Եւ եթէ մենք չշտապէինք ու չփախչէինք, մեզնից ոչ մէկին ողջ չէին թողնի: Ինչո՞ւ այդ ամէնը չասացիր թագաւորին, քանի որ նախարարներից մեծը դու էիր, եւ այս ամբողջ երկիրը քեզ էր յանձնուած որպէս մարզպանի: Դու իմաստուն էիր եւ ես այդ գիտէի, բայց այս բանն իմաստութեամբ չարիր: Եթէ այդպէս չէ, ապա յայտնի է, որ դու էլ նրանց համամիտ ես, եւ նրանք քո խորհրդով բերին այս դէպքերը իմ ու զօրքի գլխին»:
Իսկ անօրէն Վասակը, որ արդէն արհամարհում էր սուրբ հաւատը եւ սրտանց ընդունել էր պարսկական կրօնը, յոյս ունէր ուրացութեամբ հասնելու մեծամեծ փառքի, անգամ թագաւորելու Հայաստանի վրայ: Նա մոգպետին խորհուրդ տուեց, որ բերել տայ ուրիշ գնդեր եւ հարկադրի քրիստոնեաներին կատարել արքունի հրամանը, սակայն մոգպետը չհամաձայնեց: Այնժամ Վասակը մոգպետին առաջարկեց առժամանակ դադար առնել, իսկ ինքը որոշեց տարբեր ձեւերով ի կատար ածել թագաւորական հրամանը:
Այնուհետեւ սկսեց այս ու այնտեղ բոլորին յորդորել, որ թոյլ տան մոգերը որոշ տեղերում ժամանակաւոր կատարեն իրենց պաշտամունքները եւ ապա «թագաւորի կամքը կատարելով,- ասաց,- կը հեռացնեմ նրանց, եւ մենք այնուհետեւ ազատօրէն կը պաշտենք քրիստոնէութիւնը»: Անօրէնի հրապոյրները լսելի եղան, որովհետեւ նա շատ խորամանկ էր եւ բարեպաշտի համբաւ ունէր: Նրան լսողները կարծում էին, թէ նա իր բլոր ասածները ողջամտութեամբ կ՚անէր:
Նման հնարքներով սկսեց քիչ-քիչ պղտորել բոլորի միտքը. մոգերին մտցրեց նախարարների տները եւ մեծ-մեծ ռոճիկներ նշանակեց: Կենդանիներ զոհեց եւ ստիպեց մկրտուած մարդկանց, որ ուտեն դրանց մսից եւ երկրպագեն արեւին: Ոմանց կաշառելով ենթարկեց իր չար խորհուրդներին, ոմանց խաբեց գոյքով, ոմանց՝ յորդորական խօսքերով: Շատացրեց սեղանատան մթերքները եւ խրախճանքները ու ամէն ինչ կատարուեց հեթանոսական օրէնքներով: Այսպէս կրակապաշտութիւնն սկսեց տարածուել, իսկ քրիստոնէութիւնը՝ հալածուել, քանզի երբ մոգերը համարձակօրէն մտնում էին քաղաքներ եւ գիւղեր, ի յայտ էին գալիս ստուգապէս ուրացողները: Մինչեւ իսկ Հայոց աւագ իշխաններից երկուսը՝ Շաւասպ Արծրունին եւ Վնդոյ Դւնեցին, կրակատուն բացեցին Դուին քաղաքում, որի քրմապետը եղաւ Վնդոյի որդին՝ Շիրոն:
Տեսնելով որ իր անօրէնութիւնները յաջողութիւն են գտնում, գաղտնի լուր ուղարկեց եւ Պարսկաստանից նոր գունդ բերել տուեց, որպէսզի ապահով լինի ուխտապահ նախարարներից, որոնցից վախենում էր:
Մեծ Վարդան սպարապետը, տեսնելով, որ երկրի կորուստը ներքին թշնամու կողմից է, եւ չկայ մի նախարար, որ համարձակուի վանել պարսիկներին, յոյսը կտրեց իր որոշումն իրագործելուց եւ շտապեց կորստից փրկել իրեն եւ իւրայիններին: Նա իր մօտ կանչեց ամբողջ ընտանիքին, եղբայրներին, իշխաններին եւ առհասարակ ողջ պալատին: Սկսեց խօսել նրանց հետ եւ ասել. «Ես կամաւոր կամ էլ երկիւղից դրդուած չե՛մ ուրացել իմ Արարիչ ու Տէր Յիսուս Քրիստոսին: Քա՛ւ լիցի: Եւ ոչ էլ հեռացել եմ սուրբ Աւետարանից ու հաւատից, որը սովորեցրել, ու իմ մէջ հաստատել է իմ պապը` սուրբ Սահակը: Սակայն ձեր բոլորի փրկութեան համար մի փոքր ժամանակ տեղի եմ տուել այն պատճառով, որպէսզի ինձ ձեզ հետ միասին փրկելով` ապաշխարեմ ու ապրեմ, քանզի սովորել եմ եւ գիտեմ սուրբ մարգարէների գրուածքները, որոնք ասում են. «Չեմ կամենում մեղաւորի մահը, այլ նրա դարձն ու ապրելը» 12: Եւ՝ «Երբ որ դառնաս ու հեծեծաս, այնժամ կը փրկուես» 13: Արդ, պատճառ ունենալով` մի փոքր ժամանակով ուրացել եմ, սակայն այժմ դրա փոխարէն կամենում եմ իսպառ թողնել այն ամէնը, ինչ որ կայ այս կեանքում: Եւ եթէ ձեզնից մէկը կարող է կամակից լինել ինձ` արհամարհելով այս աշխարհի սնոտի կեանքը, ձեզ հետ միասին յանձն եմ առնում Քրիստոսի անուան համար ընտրել օտարութեան գնալը»:
Այսպես խօսեց իր տան ու ընտանիքի հետ: Իսկ նրա երանելի եղբայր Հմայեակն ասաց. «Շտապի՛ր կատարել, ինչ որ ուզում ես, եւ մի՛ յապաղիր, որովհետեւ ոչ ոք չի կարող մէկ ժամ անգամ երաշխաւոր լինել իր անձի համար: Իսկ ուրացութիւն անունը հեռո՛ւ վանենք մեզնից եւ, խառնուելով Քրիստոսի հօտին, կամաւոր յանձն առնենք ամէն վիշտ, որ կը հասնի մեզ. լինի սով թէ սուր, օտարութիւն թէ մուրողութիւն եւ կամ թէ` մահ: Միայն Նրանո՛վ ապրենք եւ Նրա անուա՛մբ պարծենանք ամէն օր»:
Եւ այսպէս, միաբան արհամարհելով` ոչինչ համարեցին այս կեանքի ամէն սնոտի հարստութիւն եւ իրենց հետ միաբանուած պալատով ու ընտանիքով շտապ ճանապարհ ընկան Յունաց իշխանութեան կողմերը: Եկան հասան մի գիւղ, որի անունն էր Արամանեայ, եւ գտնւում էր Բագրեւանդ գաւառում` սահմանակից Բասենին ու Տուարծատափին: Կամեցան մի փոքր դադար առնել այդտեղ եւ ապա շարունակել իրենց ճանապարհը:
Վարդան սպարապետի ու իր եղբայրների` պալատով ու ազգուտակով հանդերձ Հայոց աշխարհից հեռանալու մասին յայտնեցին Սիւնեաց իշխան Վասակին, ով այդ ժամանակ հայոց մարզպանն էր: Իմացան նաեւ հայոց բոլոր տանուտէրերն ու սեպուհները, ովքեր սրտաբէկ եղան ու սարսափեցին: Ամէնքը, որ նախանձախնդիր էին իրենց անձանց փրկութեան համար, մտածում էին, թէ արդէն կորստեան մատնուեցին, որովհետեւ բոլորը գիտէին, որ առանց այդ տոհմի առաջնորդութեան՝ Հայոց երկրում որեւէ գործ գլուխ չի գալիս: Սիւնեաց Վասակ իշխանը խորհուրդ արեց հայոց բոլոր տանուտէրերի ու աւագ սեպուհների հետ եւ բոլորին միաբանելով իր հետ` ասաց. «Պէտք է շտապ ընտիր քահանաներ ու մի քանի աւագ տանուտէրեր ուղարկել Վարդան զօրավարի հետեւից եւ աղաչանքներով նրան այստեղ վերադարձնել, որովհետեւ առանց նրա մեր կամքն ու խորհուրդները չեն իրականանայ»:
Սիւնեաց Վասակ իշխանը նամակ պատրաստեց, այն կնքեց իր մատանիով, հրամայեց, որ նամակներ պատրաստեն նաեւ միւս աւագ տանուտէրերը` իրենց իսկ կնիքներով: Բերել տուեց նաեւ ուխտի կնքած Աւետարանը: Պատուական քահանաներից ընտրեցին երանելի Ղեւոնդ երէցին, Նոր քաղաքից երանելի Երեմիա երէցին, Մրենից երանելի Խորէն երէցին, իսկ աւագ տանուտէրերից Արշարունեաց Արշաւիր իշխանին, Դիմաքսենից Հմայեակ իշխանին ու Աբեղենից Գազրիկ իշխանին: Սիւնեաց Վասակ իշխանը, նրանց յանձնելով ամբողջ նամականին ու երդման Աւետարանը, որպէս դեսպաններ ուղարկեց Վարդան սպարապետի հետեւից, ովքեր հասնելով վերոգրեալ Արամանեայ գիւղը՝ գտան նրան ու իր հետ եղողներին: Նրանք մտան երանելի Վարդան սպարապետի, նրա եղբայրներ Հմայեակի ու Համազասպի մօտ եւ յայտնեցին իրենց գալստեան պատճառը: Առաջ բերեցին նաեւ երդման Աւետարանը ու պահեցին երանելի Վարդանի եւ նրա եղբայրների առջեւ: Նրան յանձնեցին Սիւնեաց տէր Վասակի, հայոց միւս իշխանների, եպիսկոպոսների ու սեպուհների նամակները, համառօտ յայտնեցին բոլորի պատգամը եւ ասացին. «Ահաւասիկ դու` քո եղբայրներով ու քեզ հետ միաբանուած ընտանիքով հանդերձ, հոգացել էք ձեր փրկութեան համար, իսկ մենք բոլորս մատնւում ենք յաւիտենական կորստեան, որովհետեւ առանց ձեզ չենք կարող փրկուել ու ապրել: Արդ, ինչպէս որ հոգ էք տանում ձեզ համար, այնպէս էլ մի՛ թողէք, որ կորստեան մատնուեն բազմաթիւ հոգիներ: Այստեղ ենք շատերս, որ ձեր նոյն ազգից եւ արիւնից ենք, մեզ էլ արժանացրէք պսակուել Քրիստոսից, ինչպէս որ ջանում էք ձեզ համար»:
Հայոց սուրբ սպարապետ Վարդանը պատասխանեց նրանց. «Ես, իմ եղբայրները եւ իմ ընտանիքը նախընտրել ենք ամենավսեմը` հոգիների փրկութիւնը, որովհետեւ սովորել ենք ու գիտենք հաստատուն ու անփոփոխելի խօսքը, որին հաւատում ենք անսասան, եւ որն էլ ասում է. «Ի՞նչ օգուտ կ’ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի: Կամ` մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ» 14: Մենք փնտռում ենք ոչ միայն մեր հոգիների օգուտը, այլեւ ուրախանում ենք ուրիշների փրկութեամբ: Թող ոչ ոք չկարծի, թէ մենք փախել ենք սրից, որից մեր տոհմի մէջ չի վախեցել ոչ ոք` ոչ մի ժամանակ: Իսկ թէ իր անձը դրած այս տոհմը ինչպէս է ընկերոջ շահը բարձր դասել սեփական շահից, գրուած պատմութիւններից ու աւագներից քաջ գիտեն բոլորը: Մենք եկել ենք այստեղ ձեր նենգ խաբէութեան պատճառով, որ միշտ գործել էք մեր նախնիների հանդէպ: Դուք միշտ մեզ նեղութեան էք մատնել, եւ միշտ ձեզ հեռու պահել, եւ միայն մեր տոհմին են վիճակուել մեծամեծ վշտերն ու մահերը: Սակայն մեզնից ոչ ոք դէմ չի կանգնած Աւետարանի սուրբ եւ երկնաւոր հրաւէրին: Քա՛ւ լիցի: Միամտութեամբ էք վարւում, թէ երկմտութեամբ՝ դուք գիտէք, բայց սուրբ Աւետարանը ճանաչում է բոլորին եւ իւրաքանչիւրին դատում է ըստ իր գործերի»:
Ապա սուրբ սպարապետը, չկարողանալով ընդդիմանալ նրանց խնդրանքին. յօգուտ համօրէն երկրի իր երանելի եղբայրների ու սիրելիների կամակցութեամբ այնտեղից դարձաւ իր ընկերների մօտ` հայոց բանակ՝ որոշելով իր կեանքը դնել իր անձի եւ համայն ազգի փրկութեան համար: Գալով` նա բոլոր քահանաներին ու սպասաւորներին պատուիրեց իր պալատում առտնին կատարել բոլոր ժամակարգութիւնները: Նա չէր մտածում յաղթական անուն թողնել, այլ տենչում էր բաղձալի նահատակութեամբ հեղել իր արիւնը Եկեղեցու սուրբ ուխտի համար:
Մի օր, երբ նախարարները Վարդանի մօտ ժողով էին գումարել, Շահապաւանից եւ Վաղարշապատից եկան եպիսկոպոսներ կաթողիկոսի հետ եւ բողոքեցին՝ ասելով. «Մինչեւ ե՞րբ պիտի լռէք: Ահա մեր երկիրը կործանւում է հեթանոսութեամբ: Ահա նոր անօրէնութիւններ տեսանք. մոգերի եւ պարսիկ իշխանների կանայք Վասակի հրամանով պատռեցին հաւատացեալ կանանց հագուստները եւ մարեցին եկեղեցիների կանթեղները: Արդ, եթէ դուք կամակից էք այս ամէնին, նախ մեզ այստեղ սպանէք, եւ ապա արէք, ինչ որ կ՚ուզէք»:
Երբ լսողները վախեցան, ոտքի կանգնեց քաջ Վարդանը եւ բոլորին խրախուսելով՝ ասաց. «Էլ ո՞ւմ էք սպասում, քաջե՛ր: Ժամն է, որ արթնանանք քնից եւ վրէժ լուծենք ճշմարտութեան թշնամիներից»: Եւ տեղում ուխտեցին ցմահ պատերազմել սուրբ հաւատի համար եւ կրակապաշտներին երկրից վտարել: Իրենց ուխտը հաստատեցին Աւետարանով եւ Վարդանին դարձեալ իրենց գլուխ եւ առաջնորդ ընտրեցին: Որոշեցին Վասակից գաղտնի զօրք հաւաքել եւ յունիս ամսին պատերազմել:
Սակայն Ոստան գիւղից Զանդազան անունով մէկը, ով մի ժանտ սերմ էր՝ անօրէնութեան որդի, եւ իր կեանքում բազում չար գործեր էր արել, լսեց նախարարների որոշման մասին եւ շտապ յայտնեց իր նմանակից Վասակին: Հայոց աւագ նախարարները, իմանալով այս մասին, բռնեցին նրան Արծակ կոչուած գիւղում, կապուած տարան Բագրեւանդ գաւառի Բերդկունք գիւղ եւ ոչ շատ օրեր անց, ինչպէս որ արժանի էր, հրապարակաւ քարկոծելով սպանեցին:
Սակայն պատրաստուող ապստամբութեան մասին լուրը գաղտնի հասաւ արքունիք: Ուրացող Վասակի գործակցութեամբ մոգպետը եւ պարսից զօրավարները իրենց ստուար զօրքերը շտապ հաւաքեցին Բագրեւանդում:
Հայոց նախարարները որոշուած օրը հասան Ծաղկոտն 15 կոչուած գաւառը, այն ամուր բերդի մօտ, որին Անգղ էին կոչում եւ մեծ բանակ կազմեցին: Նրանց հետ էր Յովսէփ կաթողիկոսը՝ եպիսկոպոսներով եւ քահանաներով հանդերձ: Եւ զօրքը երեք մասի բաժանուելով՝ յարձակուեցին պարսիկների վրայ, նրանց պարտութեան մատնեցին եւ նրանց նշանաւոր զինուորականներին ձերբակալելով՝ բանտարկեցին ամուր բերդերում:
Բռնեցին նաեւ անօրէն Վասակին: Եւ մինչ մտածում էին նրան սպանել կամ կալանաւորել, նա իր կեղծապատիր սովորութեամբ աղաչեց նրանց, որ խնայեն իրեն իբրեւ մեղաւոր եւ երդուեց Աւետարանով, որ հաստատուն կը մնայ սուրբ հաւատի մէջ, կը կրի բոլոր ապաշխարութիւնները, «միայն թէ,- ասաց,- ինձ մի՛ հեռացրէք ձեր միաբանութիւնից»: Եւ վստահելով նրա երդմանը՝ Աստծուն յանձնեցին նրա դատաստանը եւ նրան իրենց մէջ առան՝ թէեւ միշտ կասկածանքով:
Սրանից յետոյ եպիսկոպոսները եւ նախարարները մեծ ժողով գումարեցին Սպարապետի մօտ եւ ասացին. «Մենք պիտի հոգանք միայն սուրբ հաւատի պաշտպանութեան համար՝ ջնջելով մոգութեան հետքերը եւ ազատօրեն Քրիստոս պաշտելով: Եթէ այս բանի համար պէտք լինի մեռնել սրով կամ պատերազմելով, պատրաստ ենք զոհել մեր անձերը մեր Փրկչի սիրոյ եւ Նրա Եկեղեցու համար»: Լսելով այս ամէնը՝ Վասակը հանդէս էր գալիս բոլորից աւելի նախանձախնդիր: Նա հրապարակաւ դարձեալ երդուեց սուրբ Աւետարանով: Երդուեցին ու իրենց երդումը հաստատեցին բոլոր նախարարները, տանուտէրերը եւ սեպուհները:
Ապա եպիսկոպոսները միաձայնութեամբ գրեցին ուղղափառ հաւատի խոստովանութիւնը՝ դաւանելով մի Աստուածութեանը՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, սուրբ Կոյսից Միածնի մարդեղութեանը մեր փրկութեան համար: Վերջում աւելացրին նաեւ իրենց ուրացութեան յանցանքի խոստովանութիւնը՝ աղաչելով, որ Տէրն ընդունի իրենց ապաշխարութիւնը՝ որպէս անառակ որդիներ:
Վերջում շատ նզովքներ կարդացին նրանց վրայ, ովքեր ուխտազանց կը լինեն եւ կը հեռանան ուխտի միաբանութիւնից: Այս նամակը կնքեցին բոլորը՝ սկսած Վասակից մինչեւ վերջին իշխանը, դրեցին սուրբ Աւետարանի մէջ եւ յանձնեցին սուրբ Յովսէփ կաթողիկոսին:
Այնժամ բոլորը միաձայն ասացին. «Պատրաստ ենք սուրբ Եկեղեցու համար հալածանքների, նեղութիւնների եւ մահուան ու նորոգուել մեր արեամբ, որովհետեւ մեր հայրը սուրբ Աւետարանն է, եւ մայրը՝ սուր Եկեղեցին»: Եւ այսպէս նոյն հոգով վառուած՝ իրենց կեանքը մահուան մէջ էին գտնում, իսկ Աստուծոյ համար մահը՝ կեանք համարում: Ամենուր ամէնքն ասում էին. «Միայն քաջութեամբ մեռնենք, միայն մեր հոգիները ժառանգենք, որ մեր մէջ կենդանի լինի Քրիստոս»: Այնուհետեւ ձեռնամուխ եղան երկիրը պարսից հեթանոսական կրօնի գարշութիւններից մաքրելու գործին:
Վարդանը հզօր գնդով նախ յարձակուեց Դուին քաղաքի վրայ, կործանեց Շաւասպ Արծրունու եւ պարսիկ Մուշկանի կողմից շինուած մեհեանը: Շաւասպին սպանեց, իսկ Մուշկանին փախուստի մատնեց: Վնդոյ Դւնեցուն այրեց իր կրակարանի մէջ եւ նրա որդուն՝ Շիրոյին, որ քրմապետ էր, փայտից կախեց: Կրակատունը քանդեց եւ մեհեանի տեղում փայտէ եկեղեցի կանգնեցրեց: Նոյնն արեցին բոլոր քաղաքներում եւ գիւղերում, որտեղ կային կրակատներ: Մոգերից կամ նրանց պաշտօնեաներից ոմանց կոտորեցին, ոմանց բանտ նետեցին եւ պարսիկների կողմից պղծուած բոլոր վայրերը մաքրեցին: Այդպէս երկրից մաքրեցին հեթանոսական բոլոր հետքերը: Եւ որպէսզի յայտնի լինէր, որ Աստուած էր առաջնորդում նրանց, սուրբ Խաչի զօրութեամբ բազմաթիւ հրաշքներ կատարուեցին, որը տեսնելով՝ շատ անհաւատներ հաւատացին Քրիստոսին:
Եւ մինչ Հայոց երկրում կատարւում էին այս քաջագործութիւնները, ահա եկան-հասան Աղուանքի հազարապետը եւ նրանց կաթողիկոսը, ովքեր օգնութիւն էին հայցում հայերից՝ ասելով. «Յազկերտը երեք հարիւր մոգեր եւ բազմաթիւ զօրք է ուղարկել մեր երկիր՝ մեզ պարսից կրօնին դարձնելու համար»:
Այս գոյժը լսելով՝ հայերն ընկան վարանումների մէջ, որովհետեւ կարեւոր էին համարում օգնել աղուաններին՝ քրիստոնեայ լինելու համար: Սակայն նայելով իրենց երկրի վիճակին, որոշեցին միառժամանակ սուտ խաբէութեամբ յետ պահել նրանց իրենց չար կամքը կատարելուց, թույլ չտան դիպչել իրենց Եկեղեցու սուրբ ուխտին, եւ մի ելք էին փնտռում: Մի կողմից քաջալերեցին աղուաններին՝ խոստանալով մօտ ժամանակներում օգնութեան հասնել, միւս կողմից դիմեցին յոյներին՝ իրենց նիզակակից լինելու համար: Դրա համար մեծ նախարարներից մէկին՝ Ատոմ Գնունուն, եւ երանելի Վարդանի եղբօրը՝ Հմայեակ Մամիկոնեանին, շտապ ուղարկեցին Արեւմտեան երկիրը, որ յայտնեն Արեւելքի չարամիտ թագաւորի այս բոլոր մտադրութիւնները: Իրենց հետ տարան Թէոդոս ինքնակալին ուղղուած մի աղերսագիր՝ գրուած Յովսէփ կաթողիկոսի, բոլոր եպիսկոպոսների եւ նախարարների կողմից, որով յանուն քրիստոնէական սիրոյ՝ օգնութիւն էին խնդրում:
Եւ մինչ երանելի Թէոդոսը հարցուփորձ էր անում ամբողջ Սինկղիտոսին 16 եւ կամենում էր գործի համար խաղաղութեամբ մի հնար գտնել ու մեծ յօժարութեամբ հոգ էր տանում, որ Արեւելքի եկեղեցիները չյափշտակուեն անօրէն հեթանոսների կողմից, այդ նոյն ժամանակ շուտով հասաւ նրա կեանքի վախճանը եւ օգնութեան գործը չարաչար խափանուեց:
Եւ նրա փոխարէն թագաւորեց Մարկիանոս կայսրը: Սա լաւ էր համարում դաշինք պահել հեթանոսների հետ մարմնաւոր խաղաղութեան համար, քան թէ քրիստոնէութեան ուխտին պատերազմակից լինել: Այդ պատճառով շտապ դեսպաններ ուղարկեց Պարսից թագաւորի մօտ եւ ամուր դաշն կնքեց նրա հետ՝ օգնութիւն ցոյց չտալ Հայոց զօրքին ո՛չ զօրքով, ո՛չ զէնքով ու ամէն տեսակ օժանդակութեամբ:
Այնժամ կտրուեց հայերի յոյսը մարդկային օգութիւնից, եւ սուրբ եպիսկոպոսները դարձեալ սկսեցին քաջալերել իրենց եւ Հայոց զօրքին: Թէպէտ տեսնում էին իրենց սակաւութիւնը եւ երկու թագաւորների միաբանութիւնը, բայց եւ այնպէս չէին վհատւում, այլ խիզախում էին եւ ասում. «Պատրաստ ենք սպանելու եւ մեռնելու: Աստուծոյ համար դիւրին է քիչ մարդկանցով շատերի գործ կատարել, եւ նուաստների միջոցով՝ մեծամեծ բաներ անել»:
Թէպէտ թագաւոր չունէին իրենց առաջնորդ, եւ ոչ էլ դրսից որեւէ օգնական օտարներից, բայց բոլոր նախարարներն իրենց առաքինութեամբ եւ սուրբ վարդապետների մխիթարութեամբ իրենց զօրքի հետ միասին ամէն մէկն իր տնից շտապ եկան, մի տեղ հաւաքուեցին, եւ ամբողջ զօրքը երեք գնդի բաժանեցին:
Առաջին գունդը տուեցին Ներշապուհ Արծրունուն եւ ուղարկեցին պահպանելու երկիրը Ատրպատական աշխարհի 17 սահմաններին մօտիկ:
Երկրորդ գունդը տուեցին Հայոց Վարդան զօրավարի ձեռքը, որ անցնի վրաց սահմանից Ճորայ մարզպանի վրայ, որ եկել էր աւերելու Աղուանքի եկեղեցիները: Երանելի Վարդանն իր հետ վերցրել էր հայոց տանուտէրերից նրանց, ովքեր շտապում էին մարտիրոսութեան: Նրանք էին` Խորէն Խորխոռունին, Արշաւիր Կամսարականը, Թաթուլ Դիմաքսեանը, Արտակ Պալունին, Վահեւունեաց Գիւտը, Հմայեակ Դիմաքսեանը եւ այլ տանուտէրեր, սեպուհներ եւ շատերը հայոց զօրքից, ովքեր ինքնայօժար փափագում էին վրէժխնդիր լինել յանուն սուրբ Եկեղեցու ուխտի եւ իրենց անձերը մատնել մահուան Քրիստոսի սուրբ եւ ճշմարիտ հաւատի համար: Մտաւ Աստուծոյ տուն` երկրպագելու ամենակալ Տէր Աստծուն, առաւ սուրբ Աւետարանը եւ կենսատու խաչի նշանը, համբուրեց եւ անձկութեամբ դրեց աչքերին ու ճակատին: Ջերմեռանդ սիրով նոյնն արեցին նրա հետ եղողները, եւ ապա ճանապարհուեցին:
Իսկ երրորդ գունդը յանձնեցին Սիւնեաց Վասակ իշխանին, ով ներքուստ հեռացած չէր հեթանոսների ուխտից: Նա իր հետ ընտրեց այնպիսի մարդկանց, որոնց հաւատի տկարութիւնը ծանօթ էր իրեն: Դարան մտաւ երկրի բերդերում՝ պատճառ բռնելով, թէ ճեպընթաց պիտի յարձակուի պարսից զօրքի վրայ՝ Աղուանքից նրանց հալածելու համար: Ապա շտապ դեսպաններ ուղարկեց Պարսից Սեբուխտ մարզպանի մօտ, թէ «Ահա քանդեցի Հայոց ուխտի միաբանութիւնը եւ զօրքը երեք մասի բաժանեցի: Առաջին գունդը հեռացրի Հերի եւ Զարեւանդի կողմերը, երկրորդ գունդը իմ ձեռքի տակ է, որոնց թոյլ չեմ տայ վնաս հասցնել արքունական զօրքին, իսկ երրորդ փոքրաթիւ գունդը Վարդանի հետ Աղուանք ուղարկեցի: Աւելի շատերին ինձ մօտ եմ պահել եւ շատշատերին էլ այս ու այն կողմ ցրել: Համարձակ դո՛ւրս եկ նրա առաջ եւ ամենեւին մի՛ վախենայ նրա դեմ ելնելուց. գիտեմ, որ պարտութիւն պիտի կրեն քո մեծ զօրութեան առաջ»:
Վասակից լսելով այս խրախուսանքները՝ Սեբուխտը ստուգելով համոզուեց, որ Հայոց սպարապետը սակաւաթիւ գնդով գալիս է իր վրայ, այլեւս չմնաց Ճորայ կողմերում, այլ շտապեցին անցնել Կուր կոչուող մեծ գետը եւ հանդիպեց նրանց մինչեւ Աղուանքի Խաղխաղ կոչուած մեծ գիւղը: Իսկ սուրբ Վարդանը, տեսնելով պարսից գնդի անթիւ բազմութիւնը եւ նայելով իրենց, որ խիստ սակաւաթիւ էին, սկսեց խօսել հայոց զօրքի հետ եւ Սուրբ Գրքից յիշեցնել Սամուէլ մարգարէի մօրը, ով ցնծութեամբ երգում էր ու ասում. «Թող հզօրն իր զօրութեամբ չպարծենայ, թող մեծը իր մեծութեամբ չպարծենայ, այլ թէ պարծենալու է, թող Աստուծով պարծենայ» 18, քանի որ ոչինչ է քչով կամ շատով յաղթանակը կամ պարտութիւնը, այլ կարեւոր է Աստուծոյ հրամանը: Այս ասելով` երանելի զօրապետ Վարդանը նայեց իր ընկերակիցներին ու ամբողջ գնդին, տեսաւ, թէ նրանք ինչպէս էին զօրացած ու քաջալերուած, եւ փառք տուեց ամէնքի Փրկիչ Տէր Յիսուս Քրիստոսին:
Երբ եկաւ մարտի ժամը, տեսան ըստ կարգի դասաւորուած պարսից գնդին: Վարդան զօրավարն էլ իր գունդը դասաւորեց նրանց դէմ: Այրուձին բաժանեց երեք մասի եւ իւրաքանչիւրը յանձնեց զօրագլուխներին. աջ թեւում զօրագլուխ կարգեց Արշարունեաց իշխան Արշաւիր Կամսարականին, ով փեսան էր սուրբ Վարդանի` ամուսնացած լինելով նրա դստեր հետ: Նրան նիզակակից տուեց աւագ սեպուհ Մուշին` Դիմաքսեան տոհմից: Ձախ թեւը յանձնեց Խորէն Խորխոռունուն` նրան զօրավիգ դարձնելով Հմայեակ Դիմաքսեանին, ինքն էլ պատրաստուեց յարձակուելու կենտրոնից: Եւ այսպէս, ճակատ կազմած ու ապաւինած Աստծուն` անցան յարձակման:
Բոլորից առաջ մարտի նետուեցին Արշաւիր Կամսարականը եւ Դիմաքսեան Մուշ սեպուհը, ովքեր, տեղանքին անծանօթ լինելուց, պատահեցին սաստիկ թանձրախոր ճահճուտի: Արշաւիր Կամսարականն ու Մուշը երիվարների ուժեղ ընթացքի պատճառով տիղմի մէջ ընկան երիվարներով ու խրուեցին: Այդտեղ նահատակութեամբ պսակուեց երանելի սեպուհ Մուշ Դիմաքսեանը Նիխորականից: Իսկ Արշավիր Կամսարականը, իջնելով երիվարից, սպանեց Լփնաց թագաւորի եղբայր Վուրկին: Ապա իր ձին դուրս քաշեց խոր տիղմից, բայց մէկ ոտնամանը թաղուեցմնաց ճահճուտում: Կամսարականը մէկ ոտնամանով, տղմաթաթախ, իր բոլոր զէնքերով թռչնի պէս հեծաւ երիվարը եւ սարսափեցնելով իր թեւի թշնամիներին` փախուստի մատնեց: Վարդան սպարապետն իր ընկերակիցների հետ եւ ողջ հայոց գունդը տեսան, թէ ինչպէս նրանց փախուստի մատնելով` իրենց առջեւից քշեցին պարսից զօրքի բազմութեանը, որոնց կէսին կոտորեցին իրենց սրերով` գետնի վրայ դիաթաւալ անելով, կէսին գետը գցելով` խեղդեցին, մնացածներին էլ ոչնչացրին դաշտերում ու թանձրախիտ անտառներում:
Իսկ պարսից աւագանուց ոմանք նաւերով շտապում էին փախչել մեծ գետի այն կողմը: Հայոց Վարդան զօրավարը Արշարունեաց իշխան Արշաւիր Կամսարականին հրամայեց շտապ նետահարել փախչողներին, իսկ Արշաւիր Կամսարականը, ով միշտ հնազանդութեամբ կատարում էր սուրբ զօրավարի խօսքն ու կամքը, շտապ իրագործեց նրա հրամանը. նետեր արձակեց փախչողների հետեւից, խոցոտեց նաւավարներին ու շատ ուրիշների, ովքեր նաւերի մէջ էին, ու խոր վէրքեր հասցրեց նրանց: Վիրաւորների ընկնելուց կործանւում էին նաւերը: Նաւավարներից ու պարսից գլխաւորներից շատերը, գետնասոյզ լինելով, կորան: Եւ այսպէս, վերին օգնականութիւնից յաղթանակ շահելով` նրանք դարձան իրենց բանակը` գոհանալով եւ օրհնելով Աստծուն:
Զօրքն այդ օրը մնաց տեղում, իսկ յաջորդ օրը շարժուեց, անցաւ Կուր կոչուած մեծ գետով եւ մտաւ աղուանների երկիրը, ուր կոտորեցին պարսից մոգերին եւ մաքրեցին նրանց զոհերից աղտոտուած վայրերը:
Այնտեղ գտնելով պարսպի պահապանին եւ այլ շատ պարսիկ զօրականների` բոլորին սրի քաշեցին ու պահակութիւնը յանձնեցին Վահան անունով մի աղուան թագաւորազնի: Հէնց նրան էլ որպէս դեսպան ուղարկեցին հոների մօտ, որպէսզի նրանց համոզի` զօրքով միաբանուել իրենց, նրանք էլ յօժարակամ եւ երդումով համաձայնեցին` խոստանալով օգնել: Եւ այս բոլոր մարտերում նրանցից ամենեւին ոչ ոք չվիրաւորուեց, բացի մէկ երանելուց, ով նահատակուեց մեծ պատերազմում:
Եւ մինչ կատարւում էր այս ամէնը, դեսպան եկաւ երանելի Վարդան զօրավարի մօտ եւ տրտմութեան գոյժ տուեց՝ ասելով. «Անօրէն Վասակը ստեց Աստուծոյ ուխտին, նենգելով դրժեց Աւետարանի երդումը եւ ապստամբեց ճշմարիտ միաբանութեան դէմ: Նրա մօտ մնացած հայոց աւագանին եւս միացաւ նրան եւ շրջուեց արդարութեան ճանապարհից: Նրանք դեսպան են ուղարկել Պարսկաստան եւ նամակներով դաշինք կապել նրանց հետ: Արձակել են հայոց ամրոցների բերդապահներին եւ նշանակել իրենց մարդկանց: Հաւաքել են դայեակներին, Մամիկոնեան, Կամսարական եւ միւս տանուտէրերի որդիներին եւ պահել Սիւնեաց իշխանութեան ամուր բերդերում՝ հրամայելով խստութեամբ պահպանել ամրոցները: Ապա Վասակը երեխաներին ուղարկել է պարսից թագաւորի մօտ»:
Լսելով աղէտալի այս գործերի մասին, որ արել էին նենգամիտ Սիւնեաց Վասակ իշխանը եւ նրա հետ եղող այլ նախարարները, Վարդան սպարապետը, նրա նախարարները եւ զօրքը չէին կարող մեծապէս չտրտմել: Նրանք, իրենց ու գերութեան մէջ եղող որդիներին յանձնելով ի պահպանութիւն ամենակարող Աստծուն, ասացին. «Ահա ամէնքի Փրկիչ Քրիստոս հեծանոցը 19 ձեռքին սրբում է Իր կալը եւ ընտրում ցորենահատիկները` ժողովելու երկնքի շտեմարաններում, իսկ յարդը` անխնայ մատնելու անշէջ կրակի բոցերին: Լինե՛նք սրբուած ցորենահատիկներ եւ տենչանքով սպասե՛նք մեր նահատակութեան օրուան: Եթէ արժանանանք սուրբերի դասին, մեր բարի վախճանը մեզ կը պսակի, կը պահպանի մեր որդիներին եւ իւրաքանչիւրին կ՚արժանացնի իր տեղին ու իշխանութեանը: Իսկ սատանայի արբանեակները մեծ զղջումով ամօթահար կը լինեն, որովհետեւ Աստուած նրանց կը խայտառակի ե՛ւ այստեղ, ե՛ւ հանդերձեալում»:
Լսելով Վարդանի զօրախմբի արիութեան ու քաջութեան մասին՝ ուրացեալ Վասակը իր հետ եղած իշխանների հետ փախաւ եւ պատսպարուեց Սիւնեաց երկրի ամրոցներում: Իսկ Վարդանի գնդերը, հետապնդելով ուրացողներին, բազմաթիւ գերիներ բերեցին Այրարատեան երկիր եւ սարսափ տարածեցին բոլոր ուխտանենգների վրայ: Տիրեցին բոլոր ամրոցներին, որոնք բռնագրաւել էր Վասակը, եւ ամբողջ երկիրն առան իրենց տիրապետութեան տակ:
Ապա բոլորը միաբան Աղուանքից գնացին Այրարատեան աշխարհը: Իրենց սովորութեան համաձայն` այնտեղ դադար առան ձմռան դառնաշունչ եղանակին եւ կարօտով սպասում էին գարնանը, որպէսզի արժանանային նահատակութեան պսակի օրուան: Քանզի ոչ ոք չէր մտածում յաղթութեան կամ պարտութեան մասին, այլ ծարաւած տենչում էին փրկութեան բաժակին` ընդունելու իրենց վախճանը: Բոլոր եպիսկոպոսներն ու երէցները հրաման արձակեցին ժողովրդին՝ ամբողջ Քաղոց ամիսն անցկացնել պահեցողութեամբ եւ աղօթքներով, եւ պատերազմների յաղթութեան տօնը խառնել Քրիստոսի Յայտնութեան սուրբ տօնին:
Եւ Աստուծոյ այս բոլոր այցելութիւնների մասին, որոնք մեծապէս երեւացին Հայոց աշխարհի վրայ, սուրբ եկեղեցիները գրեցին եւ ուղարկեցին Յունաց երկիր, որպէսզի նրանք էլ աղօթեն եւ Աստծուց խնդրեն, որ ինչպէս սկսել են, այնպէս էլ աւարտեն: Իսկ Յազկերտը իմանալով, որ հոռոմները հրաժարուել են քրիստոնեաներին օժանդակել զօրքով եւ որեւէ այլ բանով, գարնան սկզբին պատերազմ յայտարարեց ու իր զօրավարներին անհամար զօրքերով Հայաստան ուղարկեց՝ պատուիրելով կոտորել Հայոց բոլոր քրիստոնեաներին, քանի որ յանձն չառան մոգակրօնութիւնը եւ կոտորեցին մոգերին ու պարսիկներին: Սակայն տեսնելով, որ չի կարող քանդել միաբանուածների հաստատակամութիւնը, այնժամ արձակեց դառնութեամբ լցուած Միհրներսեհ արքունի հազարապետին, որի մէջ սատանան իր զօրութեամբ բոյն էր դրել: Նա շատ արիւնահեղութիւններ էր գործել. նրա ցանկալի կերակուրը սուրբերի անարատ մարմինն էր, իսկ նրա ագահութեան ըմպելիքը՝ անմեղների արիւնը: Չկար մէկը, որ համարձակուէր դուրս գալ նրա խօսքից:
Սա եկաւ Հայաստանի սահմանների մօտ, մտաւ Փայտակարան 20, ուր սփռեց իր ամբողջ զօրքը՝ իր չարահնար մտադրութիւնների համար պատրաստութիւն տեսնելու համար: Իր մօտ կանչեց ուրացող Վասակին եւ նրանից տեղեկութիւններ առաւ Վարդանի եւ նրա զօրքի մասին: Եւ զգուշացաւ միանգամից պատերազմի մէջ մտնել, այլ Վասակին խոստացաւ մեծ պարգեւներ, անգամ Հայաստանի թագաւորութիւնը, եթէ կարողանար պառակտել Հայոց ազգի միասնութիւնը:
Այնժամ Վասակը՝ չարութեան անօթը, գործադրեց իր չարահնար խաբէութիւնները: Նա մոռացաւ սուրբ Աւետարանի քարոզութիւնը, ուրացաւ այն Աւազանը, որից ծնուեց: Անարգեց այն պատուական Մարմինը, որով սրբուեց եւ ոտնահարեց այն կենարար Արիւնը, որով մեղքերի քաւութիւն ստացաւ: Դուրս եկաւ երանելիների դասից եւ շատերին ապստամբեցրեց իր հետ: Չարի անօթ դարձաւ, եւ սատանան նրան լցրեց խորամանկութեամբ: Իր ձեռքն առաւ ինչպէս վահան, եւ հագաւ նրան ինչպէս զրահ՝ դառնալով նրա կամքի կատարեալ զինուորը: Լիովին ապստամբեցրեց իր ամբողջ երկիրը եւ ուրանալ տուեց ոչ միայն աշխարհականների, այլեւ եկեղեցու սուրբ ուխտից շատերին: Նրանք մարդկանց մօտ երդւում էին սուրբ Աւետարանով եւ ասում, թէ թագաւորի կողմից ամէնքին պէտք է շնորհուի քրիստոնէութիւնը: Այսպէս խաբէութիւններով բոլորին համոզեց, թէ Յազկերտը խաղաղութիւն է ցանկանում, իսկ Վարդանը թշնամութիւն է սերմանում: Եւ այնքան բաներ արեց, որ Հայոց տանուտէրերից շատերը խորշեցին Վարդանից: Բացի նրանցից՝ աղուաններն ու վրացիներն էլ հեռացան նրանից, իսկ հոները չուզեցան նիզակակից լինել: Յոյները եւս ձեռնթափ եղան, որովհետեւ գտել էր Վասակ անունով մի մարդու, ով յոյների մօտ ծառայութեան մէջ էր եւ նրա միջոցով չարախօսեց Վարդանի մասին:
Եւ այսպես անօրէն Վասակը շարժեց ու շփոթեց ողջ Հայոց աշխարհը, մինչեւ իսկ բազմաթիւ հարազատ եղբայրների բաժանեց միմեանցից, հօրն ու որդուն միաբան չթողեց եւ խաղաղութեան մէջ խռովութիւն գցեց:
Երբ Միհրներսեհը տեսաւ այս բոլոր չարագործութիւնները, որ արեց Վասակը, շատ ուրախացաւ եւ իր անձից աւելի իր յոյսը նրա վրայ դրեց: Սկսեց պարտաստուել պատերազմի՝ ըստ Վարդանի զօրքի մասին Վասակի հաղորդած տեղեկութիւնների: Պատերազմը վստահուեց Մուշկան Նիսալաւուրտ զօրավարին՝ պատուիրելով նրան հետեւել Վասակի խորհուրդներին:
Ապա Միհրներսեհը գնաց Պարսկաստան՝ Յազկերտի մօտ եւ ուրացող Վասակի բոլոր հնարամտութիւնները թագաւորին ներկայացրեց որպէս իր հնարքները, իսկ Վասակին ամբաստանեց եւ ատելի ցոյց տուեց Յազկերտի աչքին:
Իսկ քաջ Վարդանը, տեսնելով իր աշխարհի երկպառակութիւնը, ամենեւին չվախեցաւ: Ապա ազդարարեց այն ուխտապահներին, ովքեր տօնական օրերին իրենց տներն էին գնացել` ասելով. «Մեծ գունդ է գալիս` աստուածասէր անձանց բերելով երկնաւոր պսակներ: Արդ, ով ցանկանում է առնել, թող աճապարի, որպէսզի չզրկուի ու չզղջայ: Եւ եթէ մէկն այլ կերպ է խորհում, ինչպէս նրանք, ովքեր խոտորուեցին սատանայի ետեւից, թող լինի, ուր կամենում է, քանզի ոչ ոք պսակ չի ստանայ իր ընկերների հետ, եթէ չտանջուի: Իւրաքանչիւր ոք իր անձով է գանձում թէ՛ երկրաւորը, թէ՛ յաւիտենականը»: Այս լսելով` ճշմարտասէրներն ու անմահութիւն սիրողները ցնցուեցին, իրար անցան` միմեանց առաջ կտրելով` ինչպէս ոչխարի մի հօտ, որը գնում է իր հովուի ետեւից: Սուրբ առաքեալների նմանութեամբ բոլորը մի սիրտ եւ մի հոգի դարձան:
Հրաման տուեց ամբողջ զօրքին հաւաքուել Արտաշատ քաղաքում: Եւ նրանք շտապ եկան-հասան պատերազմի վայրը, իւրաքանչիւրն իր զօրքով ու ամբողջ պատրաստութեամբ, նրանք, ովքեր ի սկզբանէ հաստատուն էին մնացել:
Եւ նրանք էին՝ Ներշապուհ Արծրունին, Խորէն Խորխոռունին, Մոկաց տէր Արտակ Պալունին, Վահան Ամատունին, Վահեւունեաց Գիւտը, Թաթուլ Դիմաքսեանը, Արշաւիր Արշարունին, Շմաւոն Անձաւացին, Տաճատ Գնթունին, Ատոմ Գնունին, Խոսրով Գաբեղեանը, Կարէն Սահառունին, Հմայեակ Դիմաքսեանը, Գազրիկ Դիմաքսեանը, Ներսեհ Քաջբերունին, Փարսման Մանդակունին, Արսէն Ընձայեցին, Այրուկ Սղկունին, Վրէն Տաշրացին, Ապրսամ Արծրունին, արքունի Շահխոռապետը, Խորայ Սրվանձտեանը՝ հանդերձ այլ իշխաններով, սեպուհներով եւ նիզակակիցներով:
Եւ Քրիստոսի բոլոր զօրականների թիւ՝ հեծեալներով եւ հետեւակներով հանդերձ՝ վաթսունվեց հազար հոգի էին, ովքեր պատրաստ էին մեռնելու Քրիստոսի անուան համար: Ճակատում էր եկեղեցականների բազմութիւնը, որոնց մէջ երեւելի էին Յովսէփ կաթողիկոսը, Ռշտունեաց սուրբ Սահակ եպիսկոպոսը եւ սուրբ Ղեւոնդ Վանանդացի երէցը: Նրանք ոչ թէ մարմնաւոր, այլ հոգեւոր գերագոյն ճակատամարտ էին համարում այս սրբազան պատերազմը՝ յանուն սուրբ հաւատի:
Մուշկան Նիսալաւուրտն իր բազմագունդ զօրքերով եկաւ-հասաւ Զարեւանդ գաւառը: Նրան ընկերացել էր Վասակը՝ իր գործակիցը:
Երանելի Վարդանն Ամատունեաց տոհմից Առանձար անունով սեպուհին երեք հարիւր հեծեալներով ուղարկեց հետախուզելու պարսից զօրքերին եւ եթէ հնար լինէր, դրդէր նրանց փութապէս իրենց արքայութեան պսակներ բերելու, որոնք նրանց ձեռքով պիտի պարգեւի յաւիտենական բարիքներ տուող Քրիստոս Փրկիչը: Աստուծոյ կողմից շնորհուեց այնպէս, որ Առանձարը եւ նրա հետ եղող գունդը տեսնեն պարսից բանակը: Յարձակուելով վերջապահ հզօր մի թեւի վրայ` շատերին սրի քաշեցին, իսկ միւսներին փախուստի մատնեցին: Իրենք էլ ողջանդամ վերադառնալով` ուրախութեամբ հասան հայոց զօրքին եւ պատմեցին Աստուծոյ զօրութեան մասին, որ իրենց տուեց Փրկիչը:
Երանելի Վարդանը զօրքի հետ միասին գոհացաւ եւ օրհնեց ամենազօր Աստծուն: Յայտնեցին, որ պարսից զօրագլուխներն են Մուշկան Նիւսալաւուրտը ու Դողվճը: Հասկացրին նաեւ, որ կարող են զգուշութեամբ հասնել երկրի միջնամասը: Այս իմանալով` երանելի հայոց սպարապետն իր զօրքով շտապեց ընդդէմ նրանց, որպէսզի նախ` շուտ հասնէին մարտիրոսութեան ժամին, քանի որ գիշեր թէ ցերեկ անձանձրոյթ աղօթում էին Երկնաւորին արժանի լինելու համար, եւ երկրորդ` մտածում էին` թերեւս այնտեղ` Հեր եւ Զարեւանդ գաւառներում, վերջացնեն պատերազմը, քանի որ պարսից զօրքին ոչ ոք չէր արգելում հասնել Հայոց աշխարհ` սպանութեամբ, գերեվարութեամբ եւ աւերելով: Բայց նրանցից աւելի արագ առաջ էր շարժւում պարսից գունդը, որը եկելհասել էր Արտազ գաւառը 21` Աւարայր կոչուած գիւղի մօտ, Տղմուտ դաշտի շրջափակ տեղում, որն ընտրել էին՝ երկիւղելով հայոց զօրքից: Նրանք այդ վայրն իրենց համար ամուր ապաստանի վայր համարեցին եւ այդտեղ վրան զարկելով` բանակեցին:
Պենտեկոստէի մեծ տօնի ուրբաթ օրը հայոց զօրքերը եկան հասան այդ նոյն տեղը եւ անպատրաստ գտան պարսից զօրքին. եթէ կամենային, կարող էին մասնաւորապէս վնասել այդ երամակարձակ ծոյլ զինուորներին, բայց սպասեցին, որովհետեւ նահատակութիւն փափագողները չէին մտածում յաղթել, որպէսզի դրանից յետոյ չտեսնէին հոգիները կորստեան մատնողների ապականութիւնները, այլ միշտ եւ անդադար շտապում էին հասնել կոչմանը եւ տենչալի մարտիրոսութեանը:
Այնուհետեւ հաւաքուելով բանակ դրեցին պարսից զօրքերի մօտ եւ սպասեցին մինչեւ օրն աւարտուէր:
Երեկոյեան ժամին, ըստ սովորութեան, աղօթեցին: Սուրբ քահանաներից հրաման ստացան ողջ գիշեր հսկել աղօթքներով եւ խնդրանքներով: Եւ մինչեւ լուսաբաց քահանայից դասը մե՛րթ սաղմոսերգութեամբ, մե՛րթ Սուրբ Գրքի խօսքերով քաջալերում էր զօրքին` առաւել քաջ եւ անսպառ բարիքների ժառանգորդներ լինելու համար: Իսկ սուրբ Յովսէփն Աստուծոյ երանելի այր Ղեւոնդին պատուիրեց, որ խրատի ու խրախուսի ժողովրդին: Եւ սուրբ Ղեւոնդ երէցը, ամբողջ գիշեր առաքելական վարդապետութեամբ անձանձրոյթ ուսուցանելով, բոլորին զօրացնում էր յորդաբուխ իմաստութեամբ, առակների մեկնութիւններով, հոգեշնորհ վարդապետութեամբ: Նրանք Սուրբ Հոգու շնորհով անդադար քաջալերում էին հայոց աւագանու իւրաքանչիւր անդամին: Ողջ գիշեր խրատուելով եւ զօրանալով հոգեւոր խօսքերով` կամաւոր լսողներից իւրաքանչիւրն աներկիւղ զինուեց Սուրբ Հոգու սուսերով: Այդ գիշերը նրանց թուաց ամենաերկարը: Նրանք տենչում էին տեսնել փրկութեան առաւօտը, որպէսզի հասնելով արբեն Երկնքի Արքայութեան բաժակից:
Հրեշտականման տէր Յովսէփի եւ Ղեւոնդի աստուածաշնորհ խօսքերն ու քարոզները մտահաւանութեամբ լսելով` Մամիկոնէից տէր Վարդանն ասաց. «Եկեղեցու սուրբ քահանաների ձեռնադրութեան պատիւը տրուած է ոչ թէ մարդկանց կողմից, այլ Սուրբ Հոգուց բխած շնորհից: Նմանապէս նրանց այս խօսքերը լսողների խորհուրդները դէպի երկինք են դարձնում: Յիշեցնելով մեզ սուրբ Գրիգորի չարչարանքները` ողջ գիշեր նրանք յորդորում էին մեզ մասնակցել երկնաւոր սեղանի ընթրիքին: Այստեղ եղողներից շատերս ոչ միայն նրա աշակերտներն ենք, այլեւ հաղորդ ենք նրան ազգակցութեամբ: Հաստատուն մնացէք մեր անսասան Զօրագլխի վրայ, Ով երբէք չի մոռանայ ձեր քաջագործութիւնները: Ո՛վ քաջեր, շտապէ՛ք ժամանել Քրիստոսի հրաւիրեալ հարսանիքին, սուրբ առաքեալների գնդին եւ Քրիստոսի ընթրատուն, Ով, բացելով Արքայութեան դուռը, սպասում է ընդունելու եւ ուրախացնելու ամէնքին: Այդ ուրախութիւնը մշտնջենաւոր է, անանց, անվախճան: Շտապէ՛ք առանց յապաղելու, եւ թող չլինի մէկը, ով Յուդայի նմանութեամբ զատուի առաքելական դասից, եւ ինչպէս այս գիշեր տեսաք նրանց, ովքեր թուլակամ գնացին սատանայի հետեւից: Ես փափագանօք կ՚ընդունեմ այն բաժակը, որին տենչում էի վաղուց եւ կը գոչեմ, ինչպէս գրուած է. «Պիտի ըմպեմ փրկութեան բաժակը եւ օրհներգեմ Տիրոջ անունը» 22:
Այս յորդառատ խօսքերն ասաց երանելի Վարդանն իր զօրքի առջեւ: Ապա ձեռքն առնելով Մակաբայեցիների թուղթը՝ բազմութեան առջեւ կարդաց Մակաբայեցիների քաջագործութիւնները ընդդէմ հեթանոսների:
Լուսադէմին սուրբ Յովսէփն ու Ղեւոնդը հրաման տուին կատարել պաշտօնակարգը, որպէսզի դրանով պարենաւորուած ու Հոգու զէնքով բոցավառուած` գնային դէպի աստուածաշէն վայելչութեան Դրախտը: Ողջ հայոց զօրքը, հաղորդուելով Քրիստոսի Մարմնի ու Արեան պատուական խորհրդին, շտապում էին առաջիկայ հոգեւոր խնդրի կատարմանը: Նրանք մեծ խնդութեամբ աղաղակեցին. «Թող մեր մահը հաւասարուի արդարների մահուանը, եւ մեր արեան հեղումը՝ մարտիրոսների արեանը: Թող Աստծուն ընդունելի լինի մեր կամաւոր զոհաբերութիւնը եւ Իր եկեղեցին չմատնի հեթանոսների ձեռքը»:
Քանի որ մօտեցել էր արեւագալի ժամը, եւ պարսից գունդն էլ պատրաստւում էր ճակատ կազմել, սուրբ Վարդանը, իր զօրքը բաժանելով չորս թեւի, մէջտեղի գնդին գլխաւոր կարգեց Արծրունեաց իշխանին եւ մարզպետ Միհրշապուհին` Արշարունեաց Արշաւիր իշխանի, երանելի Մոկաց Արտակ իշխանի եւ այլ աւագ նախարարների հետ միասին: Աջակողմեան թեւին աւագ կարգեց երանելի Խորէն Մախազին` Վանանդի տէր երանելի Թաթուլի, սուրբ այր Ներսեհ Քաջբերունու եւ այլ աւագ նախարարների հետ: Իսկ ձախ թեւը գլխաւորում էր ինքը` իր գնդով` Առաւեղեան Փափագ իշխանի եւ հայոց այլ իշխաննախարարների հետ միասին, որովհետեւ այդ կողմից աւելի լաւ էին երեւում Սիւնեաց զօրքի գնդի եւ այլ զօրաւոր այրերի դրօշների նշանները: Իր եղբայր Համազասպին թողեց վերջապահ զինուորների հետ եւ պատուիրեց ոչ ոքի չստիպել, այլ միայն յորդորել խօսքով` յանուն իրենց փրկութեան:
Այսպէս կարգաւորեց եւ ճակատ կազմեց՝ սփռուելով դաշտի ամբողջ երեսին, Արեաց դէմուդէմը, Տղմուտ գետի ափին: Հայոց եւ պարսից կողմերը յարձակուեցին միմեանց վրայ: Բազմաթիւ սուսերների շողալուց եւ բազմախուռն նիզակների ճոճուելուց ասես հուր էր թափւում երկնքից: Ո՞վ կարող է պատմել ահաւոր ձայների իրարանցումը, եւ թէ ինչպէս էին վահանաւորների թնդիւնն ու աղեղների լարերի ճայթիւնը խլացնում բոլորի ականջները: Երկու կողմերն էլ յանդուգն յարձակումով բախւում էին իրար: Թանձրամիտները յիմարանում էին, վախկոտները՝ վհատւում, քաջերը՝ խիզախում եւ անվեհեր կտրիճներն՝ աղաղակում: Ամբողջ բազմութիւնն իրար գլխի խմբուելով՝ բոլոր կողմերից փակեցին գետը, եւ գետի դժուարութիւնից վախեցած պարսից զօրքն սկսեց տեղում վխտալ: Իսկ Հայոց զօրքն անցաւ գետը եւ յարձակուեց մեծ զօրութեամբ: Ուժգին թափով իրար զարկուելով՝ երկու կողմից էլ բազմաթիւ վիրաւորներ դիաթաւալ էին լինում: Անհաւատները դառնօրէն մռնչում էին, իսկ քրիստոնեաներն ուրախութեամբ իրենց հոգիները Փրկչին յանձնում:
Այս մեծ տագնապի ժամին քաջ Վարդանը վեր նայելով՝ տեսաւ, որ Հայոց գնդի ձախակողմը վտանգուած է: Այնժամ ամբողջ ուժով յարձակուեց եւ պարսից գնդի աջ թեւը ոչնչացնելով՝ քշեց փղերի կողմը եւ շուրջը պտտելով կոտորեց մինչեւ նոյն տեղը: Եւ այնպիսի տագնապ ու իրարանցում գցեց նրանց մէջ, որ իր առջեւի բազմութիւնն սկսեց խուճապահար փախչել: Նրանց դէմ ելաւ Վարդանի արի նիզակակիցը՝ Վահան Արծրունին, ով եւս փախուստի մատնեց նրանց: Եւ այսպէս երկու քաջերը, իրենց թիկնապահներով պաշարելով նրանց, շատերին կոտորեցին, իսկ միւս գնդերին փախուստի մատնեցին: Անգամ Մատեան գունդը, որ ամենահզօրն էր եւ պարսիկների կողմից «անմահ» էր կոչւում, բաժան-բաժան ու ցիրուցան եղաւ:
Այնտեղ վտանգի ենթարկուեց նաեւ ուրացող Վասակը, սակայն իր զինակիցների հետ աճապարեց թաքնուել փղերի մէջ, եւ այդպէս պաշտպանուած բանակ հասնելով՝ փրկուեց:
Այս տեսնելով ՝ չարագործի համախոհները, ովքեր ծածկաբար Վարդանի ճակատի կողմն էին գտնւում, շփոթեցրին Քրիստոսի զօրականներին: Եւ նիզակակիցների մեջ ահ գցելով՝ իբր թէ անհնար է դիմադրել թշնամու այդքան մեծ ուժին, փախուստ տուեցին: Իրենց հետեւելով՝ հզօրներից ոմանք էլ սրտաբեկ եղած՝ տկարացան եւ ընկրկեցին ճակատի հետեւի կողմը՝ լեռների հովիտների մէջ: Սակայն միւսները պատերազմում էին քաջաբար, զարկում էին, վանում էին իրենց առջեւի թշնամիներին, եւ իրենք իրենց էլ մահուան վտանգի ենթարկելով՝ արիաբար նահատակւում:
Երբ Մուշկան Նիսալաւուրտը տեսաւ պատերազմի ընթացքը եւ իւրայինների կրած չարաչար պարտութիւնն ու վնասները յատկապէս Վարդանի կողմից, կոչ արեց, որ ուշադիր լինեն Վարդանի գնդին: Շտապեցրեց իր Արտաշիր զօրապետին, որ առաջ բերի գազաններին: Գալարափողերի բարձր ձայնով ստիպեց, որ առաջ գան նաեւ գնդերն եւ առաջամարտիկ զօրքերով շրջապատեն Վարդանին:
Եւ կորովի Վարդանն իր քաջ նիզակակիցներով մեծ կոտորած արեց այնտեղ, արհամարհելով իր անձը՝ հնոցի բոցի նման այրելով ոչնչացրեց պարսիկներից շատերին եւ Քրիստոսի հօտի թշնամիներին: Սակայն իր համար ոչինչ էր իր կեանքը եւ Քրիստոսի սիրով տարուած՝ սպասում էր փոխուել մահից դէպի կեանք: Եւ այդտեղ էլ արժանացաւ հասնելու իր փափագին եւ ստանալու կատարեալ նահատակութեան պսակը, քանզի բոլոր կողմերից պաշարուած լինելով պարսիկների կողմից եւ վիրաւորուելով նիզակներից ու սրերից՝ քաջ նահատակն ընկաւ եւ ուրախութեամբ աւանդեց իր սուրբ հոգին իր Զօրագլխի՝ Քրիստոսի ձեռքը: Նրա հետ ընկան նաեւ ուրիշ քաջ նահատակներ եւ Տիրոջ ընտրեալներ եղան:
Երբ Վարդանն ընկաւ, արեւը մայր մտնելու մօտ էր: Հայոց զօրքերը մնացին առանց զօրավարի, եւ չկար գլխաւոր մէկը, որին հենուած կարողանային ժողովել մնացած զօրքերը:
Մարտիրոսութեան պսակ տենչացողները, մէկը միւսից առաջ անցնելով, սկզբում փախուստի մատնեցին պարսից զօրքերին, իսկ հայոց զօրքից նրանք, ովքեր եկել էին ոչ կամաւոր, այլ հարկադրաբար եւ ակամայ, փախուստ տուին եւ կորստեան մատնուեցին յաւիտենապէս:
Այնուհետեւ պարսիցզօրքերն ընկան հայոց փախստականների յետեւից: Հասնելով նրանց` ոմանց կոտորեցին, ուրիշներին էլ գերեվարեցին եւ մի տեղ հաւաքած` փակեցին ամրոցում, սակայն նրանցից ոմանք, գիշերը կտրելով նիզակափակ պաշտպանութիւնը եւ կոտորելով պահակներից շատերին, ողջանդամ հեռացան: Առաւօտեան հայ ձերբակալուած փախստականներին բերեցին բանակ, կոտորեցին սրով, շատերին փղերի ոտքերի տակ գցեցին, մնացածներն էլ փախչելով ցրուեցին Հայաստան աշխարհով մէկ:
Երկար փնտռելով, շատ քննելով ու հարցնելով` իմացանք այն նահատակների թիւը, որոնք աւագ նախարարների հետ պսակուեցին պատերազմի վայրում` երկու հարիւր եօթանասուն եւ վեց այրեր, իսկ նրանց, որոնց հանեցին ամրոցներից եւ սպանեցին կամ գցեցին փղերի ոտքերի տակ, եօթ հարիւր եւ վաթսուն այրեր էին: Բոլորը միասին լինում են հազար եւ երեսուն վեց այրեր, որոնցից իւրաքանչիւրի անունը վարձահատոյց մեր Տէր Յիսուս Քրիստոս պահում է Կեանքի գրքում:
Սուրբ Մեծ վարդանի եւ նրա ընկերների նահատակութիւնը եղաւ Քրիստոսի 451 թուականին՝ Պենտեկոստէի եօթերորդ օրը՝ Յազկերտի թագաւորութեան տասներեքերորդ տարում եւ սուրբ Յովսէփի կաթողիկոսութեան տասնմէկերորդ տարում ի փառս եւ ի պատիւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան, ի պարծանս եւ ի նորոգութիւն սուրբ եկեղեցու:
Հայ Եկեղեցին սուրբ Վարդանի եւ 1036 վկաների յիշատակը տօնում է Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը: