Եթե զգում ենք Երկնքի Թագավորին հաճելի լինելու փափագը, ջանանք ճաշակել միայն վերին փառքը։ Որովհետև ով այն ճաշակել է, արհամարհում է երկրային ողջ փառքը։ Բայց չէի զարմանա, եթե ինչ որ մեկը կարողանար արհամարհել երկրորդը, թեև չի ճաշակել առաջինը։ […]
Ով Աստծուց պարգևներ է խնդրում իր ջանքերի փոխարեն, խարխուլ հիմք է գցում։ Ով իրեն պարտական է համարում, իսկույն կստանա մի անսպասելի հարստություն։ […]
Կա մի փառք, որ գալիս է Տիրոջից, որովհետև Նա ասել է. «Ով ինձ կպատվի, ես էլ իրեն կպատվեմ» (1Սմ 2, 30)։ Եվ կա մի փառք, որ գալիս է դևի հնարքներից, որովհետև ասված է. «Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավ կխոսեն ձեր մասին» (Ղկս 6, 26)։ Հստակ կերպով կճանաչես առաջինը, երբ այն(1) կհամարես մի վնաս և ամեն կերպ կմերժես այն, և ո՛ւր որ գնաս, կթաքցնես քո ապրելակերպը(2). կճանաչես երկրորդը, երբ ամենափոքր բաներն անգամ կանես մարդկանց կողմից տեսնվելու նպատակով (հմմտ. Մտթ 6, 1)։ Անմաքուր սնափառությունը հուշում է, որ հավակնենք ունենալ առաքինություններ, որոնք չունենք, ասելով ինքներս մեզ. «Թող որ ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը» (Մտթ 5, 16)։ […]
Երբ մեզ գովերգողները(3), կամ ավելի ճիշտը՝ մեզ հրապուրողները(4), սկսում են գովել մեզ, համառոտ կերպով հիշենք բազմությունը մեր մեղքերի, և կտեսնենք, որ անարժան ենք այն բանին, որ ասվում կամ արվում է մեզ ի պատիվ։ […] Պարզ մարդիկ հաճախ չեն ապականվում սնափառության թույնով, որովհետև սնափառությունը պարզության մերժումն է և վարքի կեղծավորությունը։
Սբ. Հովհաննես Կղիմաքոս (մոտ 575-650).
………………………………………………………………………………………………………………………………………
(1) Մարդկանց կողմից տրված փառքը։
(2) Այսինքն՝ աղոթքներդ, պահքերդ, առաքինություններդ։
(3) Բառացի՝ քծնողները։
(4) Բնագրի եզրի իմաստը կոնկրետ մեղքի հրապուրանքն է։
Աղբյուր՝https://mashtoz.org/