Սաղմոս Դավթի. ծերության ժամանակ, երբ իր փորձառությամբ [արդար] նախանձողներին խրատելու և ցույց տալու համար, թե ինչ է լինում [մեղավորների] հետ, ասաց այս սաղմոսը: Սա նաև վարդապետություն է նրանց, ովքեր ապաքինվել են ցանկանում՝ լի դեղերով, սպեղանիով և պատմություններով: Դարձյալ, սա կատարվում է Երուսաղեմի և Սամարիայի վրա, այդ պատճառով էլ ասում է.
1. Մի՛ նախանձիր ընդ չարս. և մի՛ ընդ այնոսիկ՝ որ գործեն զանօրէնութիւն:
Մի՛ նախանձիր չարամիտներին և ոչ էլ նրանց, ովքեր անօրինություն են գործում:
Որովհետև ոմանց մտքերը երբեմն պղտորվում են և տկարանում՝ տեսնելով չարագործների հաջողությունները: Ինչպես Սիմաքոսն է ասում. «Մի՛ ընդդիմացիր, ովքեր նախանձում են, նույնպես չար են»: Եվ ինչպես Թեոդիտոսն է ասում «Մի՛ զայրացիր մտքումդ», քանզի մի մասը զայրանում է և մեղադրում նախախնամությանը: Դարձյալ՝ մի՛ նախանձիր չարամիտներին, այսինքն՝ սատանային և կռապաշտներին և ոչ էլ նրանց գործերին, ովքեր օրենքն ունեն, բայց անօրինություն են գործում, ինչպես սամարացիներն ու երուսաղեմացիներն էին:
2. Զի որպէս խոտ վաղվաղակի ցամաքեսցին. որպէս դալարի խոտոյ վաղվաղակի անցցեն:
Քանզի նրանք խոտի պես իսկույն կչորանան, դալար խոտի պես արագ կանցնեն:
Չորացած խոտը կերակուր է անասունների կամ կրակի համար, իսկ չարերը մեռնելուց հետո՝ գեհենի հրին կամ հրեղեն որդերին [կերակուր պիտի դառնան] և չեն մտնելու արքայության շտեմարանների մեջ որպես ցորեն, ինչպես Եսային է ասում. «Ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի» (Ես. 40:6):
3. Յուսա՛ ի Տէր և արա՛ զքաղցրութիւն, բնակեա՛ յերկրի, և հովուեսցիս ի մեծութեան նորա:
Հույսդ դի՛ր Տիրոջ վրա ու բարությո՛ւն գործիր, բնակվի՛ր երկրում և կարածես նրա ընդարձակության մեջ:
Բարությո՛ւն գործիր Աստծո և մարդու հանդեպ: Բնակվի՛ր երկրում, որտեղ Աստված է և իր սրբերը՝ մոտիկից տեսնելով Աստծուն և իր սրբերին, քանզի Տիրոջն է ամբողջ երկիրը և այստեղ ևս կարածես քաջ Հովվի ընդարձակության մեջ:
4. Ժտեա՛ ի Տեառնէ և նա տացէ քեզ զխնդրուածս սրտի քո. յայտնեա՛ առաջի Տեառն զճանապարհս քո, և յուսա ի նա:
Պաղատի՛ր Տիրոջը, և նա քեզ կտա սրտիդ ուզածները: Հայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջը և դի՛ր հույսդ նրա վրա:
Պաղատելը խնդրելու համեմատ առավելություն ունի, ինչպես որ ասվում է, թե տքնաջան խնդրելով Աստծո հետ են միավորվում: Ըստ Տիրոջ, եթե ոչ բարեկամության, ապա գոնե պաղատելու համար կտա: Հայտնի՛ դարձրու Տիրոջ առաջ ոչ թե ձևերով և կեղծավորությամբ մարդկանց առջև վարք դրսևորելով, այսինքն՝ ի ցույց դնելով ճանապարհները, այլ՝ մեղքերի խոստովանությամբ:
5. Նա արասցէ և հանցէ որպէս զլոյս զարդարութիւնս քո. և զիրաւունս քո որպէս զօր հասարակ:
Նա այնպես կանի, որ արդարությունդ երևա ինչպես լույս, և իրավունքդ ինչպես ցերեկ:
Քո ծածուկ գործած արդարությունը հայտնի կդարձնի և երևան կհանի: Ինչպես որ խավարի մեջ չի կարող գոյություն ունենալ լույսը, այդպես էլ Տիրոջ իրավունքի մեջ՝ անգիտությունը:
6. Հնազանդ լեր Տեառն և ծառայեա՛ նմա. և մի՛ նախանձիր ընդ այնոսիկ, որոց առակեալ իցեն ճանապարհք իւրեանց, ընդ մարդոյ՝ որ գործէն զանօրէնութիւն:
Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր նրան. մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշավակելի է, ոչ էլ այն մարդուն, որ անօրինություն է գործում:
Հնազա՛նդ եղիր, որովհետև դրա շնորհիվ պիտի խորշես չարից և մի՛ նախանձիր նրանց, որոնց կյանքը ոչ թե մարդու կյանքի է նման, այլ անասունի և այն մարդկանց է ասում, որովհետև ամեն դեպքում մարդ են տեսակով:
7. Լռեա՛ ի բարկութենէ, և հանգի՛ր ի սրտմտութենէ, և մի՛ նախանձիր ընդ չարս:
Դադարի՛ր բարկանալուց, հանդարտվի՛ր սրտմտությունից և մի՛ նախանձիր չարամիտներին:
Դադարի՛ր, որովհետև եթե սրտումդ գազան պահես, ապա չես հանդարտվի: Եվ մի՛ նախանձիր, քանզի նախանձը հոգու համար այն է, ինչ ժանգը՝ ցորենի:
8. Զի չարք վաղվաղակի սատակեսցին, բայց ոյք համբերեն Տեառն, նոքա ժառանգեսցեն զերկիր:
Չարագործները շուտով կվերանան, իսկ Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը:
Չարությունը մեր բնությունը մահկանացու դարձրեց և չթողեց ժառանգել դրախտը և ոչ էլ ժամանակավոր բաներն են ժառանգելու չարերը, ինչպես Ամոնն ու Աբիսողոմը, այլ հեզերն են ժառանգելու՝ իրենց համբերությամբ, ինչպես որ Տերը խոստացավ նրանց թե՛ այստեղ և թե՛ այնտեղ երկար օրեր պարգևել, ինչպես Ենովքին, Եղիային և մյուս սրբերին:
9. Փոքր մի՛ և այլ ո՛չ ևս իցէ ամբարիշտն. խնդրեսցես զտեղին նոցա, և ո՛չ գտցես:
Եվս մի փոքր ժամանակ, և այլևս ամբարիշտ չի մնա, կփնտրես նրա տեղն ու չես գտնի:
Տեղը, այսինքն՝ նրա պատիվը քաղաքում և հայրենիքում և չես գտնի, այլ ուրիշներին [կգտնես նրա փոխարեն]:
10. Այլ որ հեզքն են՝ նոքա ժառանգեսցեն զերկիր. և փափկասցին ի բազում խաղաղութեան իւրեանց:
Իսկ ովքեր հեզ են, նրանք կժառանգեն երկիրը և կզվարճանան մեծ խաղաղության մեջ:
Հեզությունը հակառակ է բարկությանը և սրտմտությանը, այդ պատճառով էլ այնտեղ հանդարտվել ասաց, իսկ այստեղ՝ զվարճանալ: Մեծ խաղաղության մեջ, որ Ադամը վայելում էր փափկության Դրախտում, ինչին նաև Տերը երանի տվեց:
11. Սպասէ մեղաւոր արդարոյ, և կրճտէ ի վերայ նորա զատամունս իւր. այլ Տէր ծիծաղեսցի զնովաւ:
Մեղավորը հետապնդում է արդարին և իր ատամներն է կրճտացնում նրա վրա: Բայց Տերը կծիծաղի նրա վրա:
Հեզերին հակառակ են, ասում է, և սպասում են, սակայն ատամներն են կրճտացնում, որովհետև իրենց բերանը չեն ընկնում: Բայց Տերը կծիծաղի. երկու դեպքում է Տերը ծիծաղում՝ նախ, որ չարությունից չեն հագենում, ինչը շատ դառն է և ապա, որ աշխարհի լիություններից նախանձողներին լավություն չեն անում, որովհետև միայն այստեղ են նրանք հաջողության հասնում, ինչպես մեծատունն էր: Եվ ծիծաղել նշանակում է արհամարհել ու զարմանալ:
12. Քանզի յառաջագոյն տեսանէ. զի հասեալ է օր նորա:
Քանզի նախապես գիտե, որ հասել է նրա օրը:
Աստված գիտե, որ հասել է նրա կորստյան օրը, որ չօգտվեց Տիրոջ երկայնամտությունից և նպաստավոր ժամանակից:
13. Սուր հանին մեղաւորք, և լարեցին զաղեղունս իւրեանց՝ հարկանել զաղքատն և զտնանկն, սպանանել զայն՝ որ խոնարհն է սրտիւ:
Մեղավորները սուր քաշեցին և լարեցին իրենց աղեղները՝ աղքատին ու տնանկին հարվածելու, սրտով խոնարհներին սպանելու համար:
Ինչպես Սավուղը Դավթի հանդեպ և հրեաները՝ Տիրոջ, որովհետև նրանք զենքի կարիք չունեին:
14. Սուրք նոցա մտցեն ի սիրտս նոցա, և աղեղունք նոցա փշրեսցին:
Նրանց սրերը կմխվեն իրենց սրտերը, և նրանց աղեղները կփշրվեն:
Սավուղն իր սրով մեռավ, իսկ հրեաները խաչի պատճառով մինչև սրտները վիրավորվեցին, և վերցվեց քահանայությունն ու թագավորությունը, որ նրանց սիրտն էր և աղեղները:
15. Լաւ է սակաւիկ ինչ արդարոյ, քան զբազում մեծութիւն մեղաւորաց. և բազուկք ամբարշտաց խորտակեսցին:
Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավորների մեծ հարստությունը: Ամբարիշտների բազուկները կխորտակվեն:
Որովհետև իր անձի համար բարի բան արեց, թեկուզ քիչ, իսկ [մեղավորները], որ շատ արեցին, ստացան այն որպես կորուստ իրենց անձերի համար, ինչպես եղավ մեծահարուստի և աղքատ Ղազարոսի դեպքում: Իսկ բազուկները զորությունն ու կարողությունն են, որ սպառվելու են:
16. Հաստատէ Տէր զարդարս, և ճանաչէ զաւուրս ամբծից, ժառանգութիւն նոցա յաւիտեան եղիցի:
Եվ Տերն արդարներին հաստատ կպահի: Նա գիտե անմեղների օրերը, նրանց ժառանգությունը հավիտյան կլինի:
Պատահում է, որ սասանվում են արդարները, ինչպես Դավիթը և Պետրոսը, բայց Տերը գիտե այն օրերը, երբ նրանք անբիծ էին ընթանում: Նրանց ժառանգությունը հավիտյան է, անկախ այդ դեպքերից:
17. Մի՛ ամաչեսցեն նոքա ի ժամանակս չարութեան. այլ յաւուրս սովոյ յագեսցին:
Փորձանքի ժամանակ նրանք ամոթով չեն մնա, իսկ սովի օրերին կհագենան:
Երբ պատուհաս գա աշխարհի վրա, արդարները չեն ամաչի, իմանալով, որ դա իրենց մեղքերի պատճառով չեղավ, ինչպես Նոյն էր, Աբրահամը և Ղովտը: Դարձյալ՝ դատաստանի օրը, որ չար ժամանակ է չարագործների համար և բարեգործության սով է, որովհետև հատուցման օր է, բայց պատահաբար փոքր-ինչ մեղանչածները հագենալու են Տիրոջ երեսի երևմամբ՝ իրենց արդարության համար:
18. Ահա՛ մեղաւորք կորիցեն. այլ թշնամիք Տեառն ի փառաւորել և ի բարձրանալ իւրեանց՝ պակասեսցին որպէս ծուխ, զի պակաս է:
Արդ, մեղավորները կորստյան կմատնվեն, և Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կսպառվեն, ինչպես ծուխն է սպառվում:
Այսինքն՝ հանկարծակի: Իսկ թշնամիները՝ կռապաշտները, իրենց փառքի և թագավորության վերելքի ժամանակ սպառվելու են ինչպես ծուխը, որի հետքն անգամ չի երևում, ինչպես Դեկոսը և նրա նմանները եղան:
19. Փոխ առնու մեղաւորն՝ և ո՛չ հատուցանէ. այլ որ արդարն է՝ ողորմի և տայ:
Մեղավորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս:
Ինչպես Սավուղը Դավթից և հրեաները՝ Քրիստոսից, ինչպես նաև այն մի քանքարն առնողը և բոլոր նրանք, ովքեր իրենց ստացած պարգևների համար գոհություն չեն հայտնում Աստծուն: Իսկ արդարը թե՛ յուրայիններին է ողորմում և թե՛ ուրիշներին է տալիս՝ մեղավորներին՝ խոսք, իսկ աղքատներին՝ ունեցվածք, և դա է Աստծուն փոխ տալը, քանզի գրված է. «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն» (Առակ. 19:17):
20. Ոյք օրհնեն զՏէր՝ ժառանգեսցեն զերկիր. և ոյք անիծանեն, սատակեսցին ի նմանէ:
Ովքեր օրհնում են Տիրոջը, կժառանգեն երկիրը, իսկ ովքեր անիծում են, կջնջվեն Տիրոջ ձեռքով:
Ովքեր օրհնում են բարի գործերով և հավատքով, քանզի օրհնելը աստվածպաշտություն ցուցաբերելն է: Եվ ովքեր անիծում են մեղքի պատճառով կկործանեն իրենց մարմինը՝ դատաստանի օրը կկործանվեն հոգով և մարմնով տանջվելով: Հրեաներն էլ Տիրոջն անիծեցին՝ խաչելով նրան, իսկ երկինքն ու երկիրն օրհնաբանեցին նրան և իրենք [խաչողները] կործանվեցին նրա ձեռքով:
21. Ի Տեառնէ ուղղին գնացք առն, զճանապարհս նորա նա կամի յոյժ:
Տերն ուղղում է այն մարդու ընթացքը, ով շատ է սիրում իր ճանապարհը:
Երբ Տիրոջն ենք ունենում որպես առաջնորդ, ապա մեր անգիտակցաբար շեղումների ժամանակ նա ուղղում է մեզ, քանզի նա առավել շատ մեր կյանքն է ուզում, քան մեզ: Նաև Հոր միջոցով՝ մարգարեների խոսքերով ուղղվեց Տիրոջ ընթացքը, ըստ տնօրինության, ինչպես որ վկայեց, թե. դու «ունես իմ ամբողջ բարեհաճությունը» (Ղուկ. 3:22):
22. Թէպէտ և գայթակղեսցի, նա մի՛ կործանեսցի, զի Տէր ձեռընկալու է նորա:
Եթե անգամ նա սայթաքի, չի կործանվի, քանզի Տերը բռնել է նրա ձեռքը:
Արդարը, եթե նույնիսկ փոքր-ինչ սայթաքի, ապա Հոգին իր թիկունքից օգնության կհասնի նրան, ինչպես Դավթի և Պետրոսի դեպքում եղավ:
23. Մանուկ էի ես՝ և ծերացայ. և ոչ տեսի զարդարն արհամարհեալ. և ո՛չ զաւակ նորա, թէ մուրանայ հաց:
Մանուկ էի ես և ծերացա, բայց արդարին արհամարհված չտեսա կամ նրա զավակին՝ հաց մուրալիս:
Դավիթը տեսավ իր որդի Սողոմոնի թագավորությունը, Աբրահամի հավատքի որդիները չեն մուրալու հոգևոր հաց, ոչ էլ ձեթ են խնդրելու իմաստուններից և ո՛չ էլ մի կաթիլ ջուր:
24. Զօր հանապազ ողորմի և տայ փոխ. զաւակ նորա օրհնեալ եղիցի յաւիտեան:
Ամեն օր նա ողորմում ու փոխ է տալիս, նրա սերունդը հավիտյան օրհնյալ կլինի:
Սուրբ եկեղեցին է տալիս կարոտյալներին, իսկ նրա զավակը՝ Քրիստոսն է, որ գալիս է ամեն տարի, մանուկ է դառնում հղիության և ծննդյան միջոցով և պատարագվում է տոներին: Հավիտյան օրհնյալ կլինի՝ և վերջին օրը՝ բոլոր լեզուներով [կօրհնվի]:
25. Խոտորեա՛ ի չարէ, և արա՛ զբարի. բնակեսցես յաւիտեանս յաւիտենից ի նմա:
Խուսափի՛ր չարից ու բարությո՛ւն արա և հավիտյան կապրես երկրի վրա:
Այստեղով է չափում հավիտենական բնակությունը:
26. Տէր սիրէ զիրաւունս, և ո՛չ ընդ վայր հարկանէ զսուրբս իւր, այլ յաւիտեան պահէ զնոսա:
Տերը սիրում է իրավունքը, և իր սրբերին երեսի վրա չի թողնում, այլ հավիտյան պահպանում է նրանց:
Ինչպես Հոբին չթողեց վայր ընկնել, այլ՝ որ արդար երևա, քանզի փոքր-ինչ համբերողին հավիտյան պահում է:
27. Անօրէնք հալածեսցին ի միասին. և զաւակ ամբարշտաց սատակեսցի:
Անօրենները կքշվեն կգնան միասին և ամբարիշտների սերունդը կոչնչանա:
Այստեղ օրենքի կողմից կհալածվեն, իսկ այնտեղ այն խոսքից, որ կլսեն՝ «հեռացե՛ք»: Եվ ամբարիշտների սերունդները կոչնչանան, ինչպես Սավուղինը: Զավակները նաև չարի սերմանած խորհուրդներն են:
28. Այլ արդարք ժառանգեսցեն զերկիր. և բնակեսցեն յաւիտեանս յաւիտենից ի նմա:
Իսկ արդարները կժառանգեն երկիրը և հավիտյանս հավիտենից կբնակվեն նրա մեջ:
Այսինքն՝ հեզերը: Եվ ոչ թե կբնակվեն այնպես, ինչպես հրեաներն էին կարծում բնակվել Պաղեստինում, [այլ՝ հավիտյանս հավիտենից]:
29. Բերան արդարոյ խորհէ զիմաստութիւն և լեզու նորա խօսեսցի զիրաւունս:
Արդարի բերանն իմաստություն է բարբառում, իսկ լեզուն արդարություն է խոսում:
Նախ մտքում է խորհում, ապա լեզվով արդարություն է խոսում:
30. Օրէնք Աստուծոյ իւրոյ են ի սրտի իւրում. և մի՛ գայթագղեսցին գնացք նորա:
Նրա սրտում իր Աստծո օրենքն է, ուստի նրա երթն անսայթաք կլինի:
Հավաքել և պահում է [Աստծո օրենքների] հիշողությունն իր սրտում և դրանց շնորհիվ էլ առանց գայթակղվելու է ընթանում:
31. Հայի մեղաւորն ընդ արդար, և խնդրէ սպանանել զնա. այլ Տէր ո՛չ թողու զնա ի ձեռս նորա, և ո՛չ դատապարտէ զնա յորժամ դատի զնա:
Մեղավորը նայում է արդարին և ձգտում սպանել նրան: Սակայն Տերը նրա ձեռքում չի թողնի նրան և դատաստանի ժամանակ նրան չի դատապարտի:
Սա երևում է Սավուղի և իր օրինակից:
32. Համբե՛ր Տեառն և պահեա՛ զճանապարհս նորա. և բարձր արասցէ զքեզ ի ժառանգել զերկիր, և զսատակումն մեղաւորաց տեսցես:
Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհները, նա քեզ կբարձրացնի՝ երկիրը ժառանգելու, և դու կտեսնես մեղավորների կործանումը:
Նույնիսկ եթե նեղություններ գան քեզ վրա՝ համբերի՛ր և նա քեզ կբարձրացնի: Եվ թող չթվա, թե խոնարհներն, ասում է, այս երկիրը պիտի ժառանգեն, այլ՝ բարձր և անանցանելի երկիրը: Եվ դու կտեսնես մեղավորների կործանումը, քանզի դա էլ բարի գործելու հորդոր է:
33. Տեսի զամբարիշտն վերացեալ, և բարձրացեալ որպէս զմայրսն Լիբանանու:
Տեսա ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպես Լիբանանի մայրիները:
Ինչպես անպտուղ, բայց տերևազարդ ծառ, որի վրա գազաններն են բույն դնում, և ինչպես քանանացիների թագավորներն ու Նաբուգոդոնոսորն էր, որ միայն իրեն էր տեսնում:
34. Անցի՝ և ահա ո՛չ էր. խնդրեցի՝ և ո՛չ գտաւ տեղի նորա:
Ես մոտով անցա, և ահա նա չկար, փնտրեցի՝ ու նրա տեղը չերևաց:
Մի՞թե չնախանձեցի և երանի չտվեցի, հետո փնտրեցի, բայց այլևս չգտա քանանացի թագավորների տեղը, այլ՝ [գտա] Իսրայելի որդիներինը:
35. Պահեա՛ զանբծութիւն. և տե՛ս զուղղութիւն. զի գոն մնացուածք առն խաղաղարարի:
Անարա՛տ ապրիր և նայի՛ր արդարությանը, քանզի խաղաղասեր մարդը ժառանգություն կունենա:
Սիմաքոսն ասում է «Միամտությամբ ապրի՛ր»: Քանզի ժառանգություն կունենա. եթե մարմինդ անարատ պահես, և հոգիդ արդար երևա հավատքի մեջ, ապա հոգիդ թե՛ այստեղ խաղաղություն կստանա ու հանգիստ կգտնի և թե՛ կժառանգի այն, ինչ Տերը տալու է իր գալստյան ժամանակ, այսինքն՝ Նրա առաջին գալստյամբ Աստծո որդիներ կոչվածները հանդերձյալ կյանքում հավիտենական կյանք կստանան՝ ժառանգելով հայրենիքը: Եվ արդարները բարդու պես չեն, որը չի բողբոջում, այլ թզենու և այգու պես են, որ տնկվում են և աճում:
36. Անօրէնք հալածեսցին ի միասին. և զաւակ ամբարշտաց կորիցէ:
Անօրենները կքշվեն կգնան գլխովին, և ամբարիշտների սերունդը կորստյան կմատնվի:
Իսկ Սիմաքոսն այսպես է ասում. «Ամբարիշտները վախճանի ժամանակ կկործանվեն»:
37. Փրկութիւն արդարոց ի Տեառնէ է, վերակացու է նոցա ի ժամանակս նեղութեան:
Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ նա է նրանց օգնականը:
Որովհետև նրա համար արդար մնացին, ինչպես Հովսեփն էր և Դանիելը: Նեղության ժամանակ նա է նրանց օգնականը, ինչպես Հովսեփին՝ բանտում և Դանիելին՝ առյուծների գբում:
38. Օգնեսցէ նոցա Տէր և փրկեսցէ զնոսա. ապրեցուսցէ ի մեղաւորաց՝ և կեցուսցէ զնոսա, զի յուսացան ի նա:
Տերը կօգնի ու կփրկի նրանց, կազատի մեղավորներից ու կպահպանի նրանց, քանզի նրանք իրենց հույսը դրել են Նրա վրա:
Կօգնի այն բանի փոխարեն, որ իրենց հույսը դրել են նրա վրա, քանզի չլսեց Հովսեփը կնոջը, և ոչ էլ Դանիելը դադարեց օրը երեք անգամ աղոթել:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը