Որ ընտրեցեր ի սկզբանէ զհաճոյ եղեալսն ի մարդկանէ.
որ եւ զինուորեալ քեզ Թէոդորոս. զոր խառնեցեր ի դասս երկնաւոր զօրացդ.
աղաչանօք սորա կեցո զմեզ Քրիստոս Թագաւոր:
Որ յօրինակ աներեւոյթ վիշապ օձին` զոր եւ կոխել հրամայեցեր` արիաբար Թէոդորոս`
զերեւելի զգլուխ վիշապին խորտակեաց քոյով զօրութեամբդ.
աղաչանօք սորա կեցո զմեզ Քրիստոս Թագաւոր:
Որ զհուրն արկեալ յերկիր` բորբոքեցեր յոգիս սրբոյն Թէոդորոսի.
որ եւ զտաճարն լուցեալ զկռոցն. եւ մատոյց զանձն ողջակէզ քեզ պատարագ ընդունելի.
աղաչանօք սորա կեցո զմեզ Քրիստոս Թագաւոր:
(Շարակնոց)
Նահատակութիւնը Տիրոջ 305 թուականի փետրուարի տասնհինգին:
Քրիստոսի քաջամարտիկ զօրական եւ յաղթող վկայ սուրբ Թէոդորոսն ապրել է Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի ժամանակներում: Նա Պոնտոսի Ամասիա քաղաքից էր, հաւատով քրիստոնեայ եւ բարեպաշտ ծնողների զաւակ: Երբ դեռեւս կաթնակեր մանուկ էր, մահացաւ նրա մայրը, եւ հայրը նրան սնեց խաշած ցորենահատիկով ու նրա եփած ջրով:
Թէոդորոսը հասակ էր առնում գովելի վարքով, առաքինութեամբ, սրբութեամբ, զգաստութեամբ եւ պարկեշտութեամբ: Նա մեծանում էր, սակայն սիրում էր նոյն ցորենահատիկը եւ, յագենալով դրանով, այլ ոչինչ չէր ախորժում: Հասաւ արբունքի եւ դարձաւ կատարելապէս արի, առոյգ, բարեկազմ երիտասարդ՝ կարճ ու գանգուր մազերով, բարեվայելուչ տեսքով: Տեսնելով նրան` զօրապետը, ով նստում էր Ամասիայում եւ նշանակուած էր այդ կողմերի պահպանութեան համար, նրան զինուորագրեց մարմարացիների գնդում եւ կարգեց նորեկ զօրականների դասում:
Թէոդորոսը փայլում էր արիութեամբ, որի համար որոշեցին տալ աւագութեան պաշտօն արքունի բանակում: Սակայն նա յանձն չառաւ` ասելով. «Ես երկնաւոր Թագաւորի` իմ Տէր Յիսուս Քրիստոսի զինուորն եմ, Ով խաչուեց ինձ համար»:
Սուրբ Թէոդորոսն ընթանում էր անբիծ եւ անարատ վարքով, զերծ էր հոգու եւ մարմնի բոլոր ախտերից եւ հեռու ամէն չար բանից: Նա իր զինուորակիցներին անդադար ուսուցանում էր Աստուծոյ պատուիրանները, ապրում էր աստուածահաճոյ վարքով եւ պաշտում Քրիստոս Աստծուն: Սակայն հեթանոս զօրքը, տեսնելով Թէոդորոսի ամուր հաւատը, թշնամութեամբ չարիքներ էր նիւթում ընդդէմ նրա եւ անարգում, թէպէտ կային նաեւ ծածուկ քրիստոնեաներ, ովքեր յոյժ սիրում էին Թէոդորոսին, օգնում էին նրան եւ ձեռք մեկնում ամէն բանում:
Այդ օրերին եղաւ, որ քաջ Թէոդորոսը երիվարով պէտք է անցներ Եւքայիտա աւանի արուարձանով, ուր գտնւում էին Եւսեբեայ անունով մի հաւատացեալ եւ մեծահարուստ այրի կնոջ կալուածքները: Օրը տօթ էր եւ սաստիկ շոգ: Ճանապարհից յոգնած՝ Թէոդորոսը կամեցաւ հանգստանալ արուարձանի մի զով տեղում, որի համար ձին կապեց մի ծառից եւ պառկեց նրա շուքի տակ:
Իր տան սրահից տեսնելով նրան` Եւսեբեան ձայնեց եւ ասաց. «Ա՛յ հեծեալ, ա՛յ հեծեալ, մի՛ պառկիր այդտեղ, թունաւոր վիշապի որջ կայ այդ տեղում: Այս ժամին նա դուրս է գալիս եւ շրջում մարգագետնում: Գուցէ վնասուես դու եւ երիվարդ: Արի՛ իմ տուն, ճաշակի՛ր եւ հանգստացիր, իսկ հովն ընկնելուն պէս կը շարունակես քո ճանապարհը»:
Երանելի Թէոդորոսը պատասխանեց. «Յուսալով Աստուծոյ օգնականութեանը՝ ես չեմ վախենում ո՛չ աներեւոյթ, ո՛չ էլ տեսանելի վիշապից: Թող լինի, ինչպէս ասացիր, եւ ես կը սատկացնեմ նրան իմ Տէր Յիսուս Քրիստոսի անուամբ»: Այս լսելով՝ բարեպաշտ Եւսեբեան իմացաւ, որ նա իրեն հաւատակից է, մեծ խնդութեամբ նրան ընդառաջ ելաւ եւ սկսեց թախանձել, որ նա հեռանայ այդտեղից ու պատսպարուի իր տանը: Բայց մինչ կինը խօսում էր, լսուեց մօտեցող վիշապի ուժգին շաչիւնը: Եւսեբեան աղաղակելով փախաւ, իսկ լայնալանջ ու հաստապարանոց վիշապը սոսկալի շաչիւնով յարձակուեց երիվարի վրայ: Այնժամ Քրիստոսի քաջ զօրական Թէոդորոսը կնքեց իրեն ամենայաղթ սուրբ Խաչի նշանով եւ շեշտակի նիզակահարելով՝ ճեղքեց վիշապի գլուխն ու սատկացրեց նրան: Այդ օրուանից որպէս մայր ու որդի ծանօթութիւն եւ սէր հաստատուեց բարեպաշտ Եւսեբեայի ու երանելի Թէոդորոսի միջեւ:
Իսկ սուրբ Թէոդորոսն իր զինուորակիցներին եւ հաւատակիցներին պատմեց, թէ Տէրն ինչ արեց իր ձեռքով, որով աւելի զօրացրեց ու հաստատեց նրանց: Սկսեց առաւել համաձակ խօսել մեր Տէր Քրիստոս Փրկչի անուան զօրութեան մասին եւ յորդորել չծածկել քրիստոնէական հաւատն ու պահել Աստուծոյ պատուիրանները: Նա ինչ ասում էր խօսքով, առաւել ցոյց էր տալիս իր գործով, վարքով եւ ջերմ աստուածպաշտութեամբ:
Այդ ժամանակներում՝ Տիրոջ 304 թուականին, հրաման ելաւ Մաքսիմիանոս Գաղերիոսի կողմից, ըստ որի՝ հռովմէական իշխանութեան տակ գտնուող այն բոլոր քրիստոնեաները, ովքեր կը ճաշակէին կուռքերին զոհաբերուած կենդանիների մսից, ողջ կը մնային, իսկ ովքեր չէին կամենայ ո՛չ զոհ մատուցել եւ ո՛չ էլ զոհաբերուածից ճաշակել, կը պատժուէին սոսկալի դատաստանով:
Կայսերական գնդի վերակացութիւնը յանձնուած էր Բրինկաս անունով մի արքունի իշխանի, ով իմանալով, որ նորընտիր զինուորների մէջ կան քրիստոնեաներ, հրամայեց նրանց եւս կարգել արքունի գնդում, որպէսզի այլոց հետ հաւասարապէս զոհեն կուռքերին: Այնժամ շատերի հետ բռնեցին նաեւ երանելի Թէոդորոսին, ով այլ զինուորակիցների հետ ձմեռում էր Ամասիայում: Նրան տարան դատաւորի մօտ, ուր ստիպեցին ուրանալ Քրիստոսին եւ զոհել կուռքերին: Սակայն նա, լցուած Սուրբ Հոգով, կանգնեց ատեանի առջեւ եւ ասաց. «Ես քրիստոնեայ եմ եւ զոհել գարշելիներին ու ուրուական պատկերներին, չեմ կարող»:
Այդ օրը արձակեցին նրան ու ժամանակ տուեցին մտածելու համար: Դուրս գալով այնտեղից՝ սուրբ Թէոդորոսը շրջում էր ամենուր եւ ամէնքին ուսուցանում փրկութեան ճանապարհը: Գիշերը նա հրդեհեց կուռքերի տաճարը, որի համար կռապաշտները բռնեցին նրան եւ տարան դատաւորի մօտ: Եւ սա անասելի ցասումով սկսեց հարցաքննել սուրբին. «Աստուածուհուն զոհաբերելու ու խնկարկելու փոխարէն ինչո՞ւ հրկիզեցիր նրա տաճարը»: Թէոդորոսը պատասխանեց. «Ինչ որ արեցի, չեմ ուրանում, ես վառեցի փայտը, եւ քարեղէն աստուածներն այրուեցին, քանի որ շինուած էին կրից: Ինչո՞ւ ձեր աստուածուհին այնչափ անպիտան գտնուեց, որ կրակը նրան հեշտութեամբ լափեց: Ուրեմն պարզ է, որ հրոյ ճարակ են ձեր բոլոր աստուածները: Զգո՛յշ եղէք, որ դուք էլ նրանց պէս հոգով եւ մարմնով չկորչէք յաւիտենական անշէջ կրակով»:
Այնժամ սկսեցին ուժգին գանահարել նրան: Սուրբն իր տանջանքների մէջ ասաց. «Որքան էլ աւելացնէք ձեր տանջանքները, դրանք չեն կարող հեռացնել ինձ Քրիստոսի սիրուց: Եւ ինչ վճիռ էլ կայացնէք ինձ համար, ես չեմ երկնչի, քանի որ ապաստանի յոյս ունեմ առ Աստուած, Ով ինձ համբերութիւն է տալիս, փրկում է ձեր խաբէութիւններից եւ պսակում անանց փառքով»: Դատաւորն ասաց. «Զոհի՛ր եւ փրկի՛ր անձդ տանջանքներից: Ես կը խնայեմ քո երիտասարդութեանը, եւ աստուածներն էլ կը ներեն քեզ»: Սուրբ վկան պատասխանեց. «Այս տանջանքները յաւիտենական չեն, եւ ես չեմ վախենում դրանցից, որովհետեւ ինձ փրկում է եւ միշտ ինձ հետ է իմ Տէրը` Յիսուս Քրիստոս, Ում դու չես տեսնում, որովհետեւ կոյր է քո հոգու աչքը»: Դատաւորը մռնչաց առիւծի պէս եւ, այլեւս չկարողանալով տանել նրան, հրամայեց անմիջապէս խաւարտչին բանտ նետել:
Նրան տարան բանտ, պահեցին առանց հացի ու ջրի եւ երկար ժամանակ կնքած պահեցին բանտի դուռը, որպէսզի քաղցից սովամահ լինի: Սակայն բանտում նրան կերակրում էր Տիրոջ հրեշտակը: Մի գիշեր Տէրը երեւաց նրան եւ ասաց. «Քաջալերուի՛ր, Թէոդորէ՛, որովհետեւ Ես քեզ հետ եմ: Մարդկանցից կերակուր մի՛ ընդունիր, քանզի քեզ համար անապական հաց եմ պատրաստել երկնքում»: Այս ասելով` Փրկիչը հեռացաւ, իսկ նա զօրացաւ ու սկսեց սաղմոսել եւ փառաբանել Աստծուն: Բանտախցի պահապանները լսեցին բազմութեան ձայներ, որից սարսափած եւ վախեցած եկան ստուգելու բանտի դուռը, սակայն այն տեսան փակուած եւ ամբողջական կնիքով, ինչպէս առաջ էր: Պատուհանից ներս նայեցին եւ տեսան, որ սպիտակազգեստ մարդիկ սաղմոսում էին Թէոդորոսի հետ, իսկ բանտախուցը ողողուած էր պայծառ լոյսով, ասես լուսաւորուած մեծապայծառ ջահից: Ահաբեկուեցին հրաշափառ տեսիլքից ու գնացին պատմեցին դատաւորին: Դատաւորն անձամբ եկաւ բանտախցի մօտ եւ փակուած ու կնքուած դռան հետեւից լսեց բազմութեան սաղմոսերգութիւնները: Հարցրեց. «Արդեօք քրիստոնեաներն են գաղտնի եկել եւ մտել Թէոդորոսի մօտ»: Ապա զօրականներին հրամայեց զինուել, շրջապատել բանտը եւ ապա բացել բանտի դուռը, որպէսզի բռնեն ներսում գտնուողներին, սակայն այնտեղ ոչ ոքի չգտան, բացի կապանքների մեջ եղող Աստուծոյ ծառայ Թէոդորոսից: Մեծ ահ պատեց դատաւորին ու նրա մարդկանց: Իբրեւ թէ գթասիրտ դարձաւ եւ հրամայեց Թէոդորոսին տալ նկանակի մէկ ութերորդ մասը եւ նոյնքան էլ ջուր: Բայց երանելի նահատակը, ինչպէս իրեն պատուիրել էր Փրկիչը, չկամեցաւ նրանց ձեռքից կերակուր վերցնել եւ ասաց. «Ինձ կերակրում է իմ Տէրը եւ Թագաւորը, Բարերարը եւ Ողորմածը»:
Սուրբին դարձեալ ատեան բերեցին, ստիպեցին ուրանալ Քրիստոսին ու զոհել իրենց կուռքերին: Դատաւորը խոստանում էր նրան դարձնել իրեն աթոռակից եւ կուռքերի քահանայապետ` տալով մեծամեծ պարգեւներ, բայց սուրբը պատասխանեց նրան. «Դու իշխանութիւն ունես միայն իմ մարմնի վրայ, բայց ոչ հոգուս, մտքիս եւ կամքիս վրայ: Որքան էլ հրամայես տանջել իմ մարմինը, մատնես հրի, գազանների եւ այլ չարչարանքների, ես չեմ ուրանայ իմ Քրիստոս Աստծուն, քանի դեռ շունչս իմ բերանում է»: Այնժամ գլխիվայր կախեցին նրան եւ սկսեցին փշոտ գաւազանով հարուածել ու քերել մարմինը: Այսպէս տանջեցին այնքան, որ երեւացին ոսկորները, բայց նա զուարթագին օրհնաբանում էր Աստծուն եւ սաղմոսում: Դատաւորը զարմացած էր նրա համբերութեան վրայ, բայց եւ միաժամանակ չարացած՝ նրա հոգու անպարտելի ուժի վրայ: Դարձեալ նրան բանտ նետեցին` թողնելով առանց խնամքի, սակայն Տիրոջ հրեշտակը, գալով նրա մօտ, ապաքինեց նրա բոլոր վէրքերը:
Օրեր անց նրան դուրս բերեցին բանտից եւ տեսան, որ բժշկուել են նրա բոլոր վէրքերը: Դատաւորը հարցրեց նրան. «Ո՞ւմ հետ ես կամենում լինել` մե՞զ հետ, թէ՞ քո Քրիստոսի»: Եւ նա խնդութեամբ պատասխանեց. «Ես իմ Քրիստոս Աստուծոյ հետ եմ եւ կը լինեմ յաւիտեան»: Այնժամ դատաւորը հրամայեց այրել սուրբին: Մինչ բորբոքում էին հուրը, սուրբը երկար աղօթում էր` ասելով. «Աստուած Փրկի՛չ իմ, տո՛ւր ինձ զօրութիւն եւ շնորհի՛ր ինձ առնել քո յաղթութեան նշանը»: Ապա տեառնագրեց իրեն սուրբ Խաչի նշանով եւ որպէս պատարագուող ընծայ` ինքնակամ նետուեց դէպի հուրը ու առժամայն առ Աստուած աւանդեց իր հոգին Տիրոջ 305 թուականի փետրուարի տասնհինգին: Հաւատացեալները տեսան սուրբի հոգին, որն ինչպէս սպիտակափայլ աղաւնի՝ լոյսի պէս երկինք վերացաւ: Մարեց կրակը, եւ անուշահոտութիւն բուրեց` տարածուելով ամենուր: Մի բարի կին կրակի միջից դուրս բերեց սուրբի ամբողջական մարմինը. չէին այրուած անգամ նրա մազերը: Նրա մարմինը պատեց մաքուր կտաւներով, պատուով դրեց տապանի մէջ եւ տարաւ Եւքայիտա աւան` մերձ Ամասիա քաղաքին:
Սուրբ Թէոդորոսի նահատակութիւնից անցաւ մօտ վաթսուն տարի: Եկան անօրէն Յուլիանոս Ուրացողի թագաւորութեան ժամանակները, եւ դարձեալ սաստիկ հալածանքներ սկսուեցին ընդդէմ քրիստոնեաների: Տեսնելով, որ անհնար է բռնութեամբ նուաճել նրանց, անօրէն թագաւորը սատանայական հնարքներով որոշեց շաղախել նրանց հեթանոսական պղծութեան մէջ: Իր մօտ կանչեց քաղաքի իր նման անաստուած եպարքոսին եւ ասաց. «Որքան ջանացի քրիստոնեաներին դարձնել մեր պաշտամունքին, չկարողացայ անել ո՛չ սպառնալիքներով, ո՛չ մեծարանքներով եւ ո՛չ էլ խոստումներ տալով: Այս գիշեր մեր աստուածները բարի խորհուրդ դրեցին իմ սրտում. պէտք է նրանց հրամայեմ, որ կա՛մ ուրանան եւ զոհեն կուռքերին, կա՛մ էլ մեռնեն սովից: Ահա մօտեցել են նրանց պահոց օրերը, որոնք քրիստոնեաները պահում են սրբութեամբ: Արդ, պատուիրի՛ր, որ քաղաքում չվաճառուի ո՛չ հաց, ո՛չ այլ կերակուր կամ ըմպելիք: Թող վաճառանոցներում դրուի միայն այն, ինչ կը հրամայեմ»: Ապա հրաման տուեց վաճառուող սնունդը շաղախել զոհերի արեամբ եւ ճարպով, որպէսզի, ովքեր գնեն, ակամայ ուտեն, լուծուի նրանց պահքը, եւ հաղորդ լինեն աստուածների զոհերին:
Եպարքոսն ասաց. «Ճշմարիտ է, որ թագաւորների սրտերը Աստուծոյ ձեռքում են: Բարի եւ հաճոյական խորհուրդ ես խորհել»: Ապա շտապեց կատարել հրամանը. աղուհացի առաջին իսկ օրերից քաղաքում արգելեց վաճառել հաց կամ այլ ինչ կերակուր եւ թոյլատրեց վաճառել միայն այն, ինչ պիղծ արքան հրամայում էր: Բայց Աստուած Իր ամենակարօղ զօրութեամբ ունայնացրեց նրա չար խորհուրդները եւ Իր հաւատացեալներին փրկեց պիղծ ու զազրելի կերակուրներից. պահք մտնելու առաջին իսկ գիշերը Քրիստոսի վկայ սուրբ Թէոդորոսը երեւաց Կոստանդնուպոլսի պատրիարքին եւ ասաց. «Առաւօտեան քեզ մօտ ժողովիր բոլոր քրիստոնեաներին եւ պատուիրի՛ր նրանց, որ վաճառանոցներից ոչ մի կերակուր չգնեն, որովհետեւ ամեն ինչ պղծուած եւ շաղախուած է զոհերի ճարպով ու արեամբ»: Հայրապետն ասաց. «Ովքեր մեծահարուստ են, ամբարուած ուտելիք ունեն իրենց տներում, իսկ աղքատներն ու օտարականները, ովքեր իրենց օրուայ պարէնը գնում են վաճառանոցներից, ի՞նչ կարող են անել»: Սուրբն ասաց. «Թող կուլիփայ ուտեն: Իսկ ովքեր չունեն, դու տուր եւ այդպէս զերծ պահիր նրանց հեթանոսական պղծութիւններից»: Հայրապետը՝ չհասկանալով, թէ դա ինչ է, հարցրեց. «Իսկ ի՞նչ է կուլիփան»: Սուրբ Թէոդորոսն ասաց. «Այն եփած ցորենահատիկն է: Մենք Եւքայիտայում եփած ցորենին կուլիփայ էինք կոչում»: Հայրապետը հարցրեց. «Դու ո՞վ ես, տէ՛ր, որ այդպէս խնամարկութեամբ եւ գթութեամբ հոգում ես Քրիստոսի հօտի համար»: Սուրբն ասաց. «Ես Քրիստոսի վկան եմ Եւքայիտայից` Թէոդորոս զինաւորը: Ես առաքուեցի Տիրոջ կողմից` քեզ այս խօսքերն ասելու եւ զգուշացնելու համար»: Եւ այս ասելով՝ անմիջապէս աներեւոյթ եղաւ:
Առաւօտեան պատրիարքը բոլոր եկեղեցիներից կանչեց աւագ երէցներին եւ պատմեց տեսիլքի մասին: Պատուիրեց, որ իւրաքանչիւր աւագերէց իր ժողովրդին պատուիրի անել՝ ըստ սուրբի հրամանի: Իսկ Յուլիանոս Ուրացօղն ամօթահար եղաւ իր գործակիցներով հանդերձ, հրամայեց դադարեցնել պղծախառն կերակուրների վաճառքը եւ նաւով հեռացաւ քաղաքից:
Երբ եկաւ շաբաթ օրը, հաւատաւորները ի պատիւ սուրբ Թէոդորոսի, ուրախութեամբ մեծապայծառ տօնախմբութիւն արեցին եւ աւանդեցին, որ բոլոր քրիստոնեայ եկեղեցիները նոյն շաբաթ օրը հանդիսաւոր տօնակատարութիւն անեն ի յիշատակութիւն եւ ի երախտիք սուրբ Թէոդորոսի: