Ոմանք կարծում են, թե Երեմիայի համար է այս սաղմոսն ասվել, մյուսները՝ Դանիելի, մի մասն էլ՝ Բաբելոնի ժողովրդի (քանզի յոթանասուն տարի համբերեցին): Սակայն իրականում, անշուշտ, սա Քրիստոսի շնորհով մեր բնությունը մահվանից և դժոխքից ազատելու մասին է:
1. Համբերելով համբերի Տեառն, և նայեցաւ առիս. և լուաւ աղօթից իմոց:
Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և նա նայեց ինձ ու լսեց իմ աղոթքը:
Արդարներն այստեղ և դժոխքում Տիրոջն էին հուսացել, մինչև որ նա գթությամբ նայեց և լսեց արդարների աղոթքները:
2. Եհան զիս ի գբոյ տառապանաց, ի կաւոյ և ի տղմոյ:
Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից:
Դժոխքից առավել տառապանքների անելանելի փոս չկա, հոգիներն այնտեղից հանեց, իսկ մարմինները՝ մեղքերի ցեխոտ տիղմից, ուր խրվել էինք՝ լի ամեն տեսակի աղտեղություններով, ինչպես որ ասաց. «Համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21:19):
3. Հաստատեաց ի վերայ վիմի զոտս իմ. և ուղղեաց զգնացս իմ:
Ոտքերս ժայռի վրա հաստատեց և ուղղեց իմ քայլերը:
Ժայռը հավատքն է, որի վրա հաստատվեցին մտքի ոտքերը՝ առ Աստված գնալու: Եվ ուղղեց իմ քայլերը. ուղղեց Տերը՝ ասելով, թե ինքն է Հոր մոտ տանող ճանապարհը:
4. Արկ ի բերան իմ օրհնութիւն նորա. զօրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ:
Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տեր Աստծո:
Ի՞նչ նոր օրհներգ պիտի լինի, եթե ոչ այն, որ առաքյալները սովորեցրին, որ ունի եկեղեցին, որ քառասնօրյա երեխաների բերանը դրեց, որ Ովսաննա էին երգում, և որ հետո Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Հոգուն, որով աղաղակում ենք՝ «Աբբա Հայր»: Մի նոր օրհներգ. օրհներգը նրանն է, իսկ օրհնյալն ի սկզբանե մեր Տեր Աստվածն է:
5. Տեսցեն բազումք՝ և երկիցեն, և յուսասցին ի Տէր. երանեալ է այր՝ որոյ անուն Տեառն յոյս է նորա:
Շատերը պիտի տեսնեն ու վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա: Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է:
Քչերն են, որ սիրով են հավատքի դառնում և շատերն են, որ երկյուղից ելնելով՝ տեսնելով հրաշագործություններն ու արհավիրքները, և հույսները Տիրոջ վրա դրեցին, թե ամեն ինչ կարող է անել: Մարգարեն էլ երանի է տալիս նրանց, որոնց հույսը Տեր Հիսուս Քրիստոսի վրա է:
6. Ո՛չ հայեցաւ նա ի նանրութիւն. եւ ո՛չ ի մոլութիւն սուտ:
Եվ որը ունայնությանն ու սուտ մոլորությանն ուշ չի դարձնում:
Նա, ով Տիրոջ անվանն է հուսում, ուշադրություն չի դարձնում կռապաշտությանը և ոչ էլ նրանց, ովքեր մոլորվել են իրենց սուտ հույսերի պատճառով:
7. Բազում արարեր դու, Տէր Աստուած իմ, զսքանչելիս քո. խորհրդոց քոց՝ ոչ ոք է որ նման է քեզ:
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր իմ Աստված, քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ:
Մարգարեն Քրիստոսի մասին է ասում, իսկ սքանչելիքներ ասելով նկատի ունի Աբրահամին, Իսահակին, Մովսեսին, նաև այս խորհուրդը, որ քեզանով ի հայտ եկավ և քոնն է, այդ պատճառով էլ թարգմանվում է՝ «Ոչ ոք նման չէ քեզ»: Թեև մարգարեները մասամբ տեղյակ էին այդ մասին, բայց ծածկված էր և ըստ Պողոսի ահա հայտնվեց: Նորից է այսպես ասում՝ բազում են քո սքանչելիքները, Տեր իմ Աստված: Խորհրդավոր սքանչելիքների նշանակությունը բազմաթիվ է. դրախտը, տապանը, խոյի միջոցով Իսահակին փրկելը, Կարմիր ծովը, պղնձե օձը, Հորդանան գնալը և այլն, Աստվա՜ծ, ո՞վ է քեզ նման, որովհետև չկարողացան քեզ մեկնաբանել, քանի որ դրանք միայն խորհրդանշում էին քեզ:
8. Պատմեցի և խօսեցայ՝ և բազում եղէն քան զթիւ. ընդ զոհս և ընդ պատարագս ո՛չ հաճեցար. լսելիս հաստատեցեր ինձ. զողջակէզս և զվասն մեղացն ո՛չ խնդրեցեր:
Պատմեցի ու խոսեցի դրանց մասին, բայց դրանք անթիվ են: Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ, ինձ լսողություն տվիր և ողջակեզ ու մեղայագին չպահանջեցիր:
Ես որքան կարողացա պատմեցի, բայց չկարողացա թվարկել դրանք, քանզի Տիրոջ մտքերն անիմանալի են: Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ, որոնք ըստ օրենքի էին մատուցվում, սա Որդին է ասում Հորը, որ ասում էր նաև. «Շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան» (Մատթ. 13:17): Մարմին տվեցիր՝ Աստծո հետ միավորված, քանզի Հայրը ցանկացավ Որդու մարդանալը: Ողջակեզ ու մեղայագին չպահանջեցիր, հիմնական բաները սրանք էին, որ չցանկացար և լսողություն տվեցիր, քանզի լավ է եկեղեցուն լսելը, քան հրեաների զոհաբերությունները, ինչպես որ Սամուելն ասաց Սավուղին:
9. Յայնժամ ասացի՝ թէ ահաւասիկ գամ ես. ի գլուխս գրոց գրեալ է վասն իմ:
Այն ժամանակ ասացի, թե՝ «Ահա գալիս եմ ես, գրքի գլուխներում գրված է իմ մասին:
Մարգարեների միջոցով էր ասում, թե «Ահա գալիս եմ ես», Որդին է ասում Հորը, թե երբ հաճելի չեղան քեզ զոհաբերությունները, այն ժամանակ ասացի, թե գալիս եմ: Գրքի գլուխներում. բոլոր գրքերում գրված է, թե գլուխն ու պատճառը ես եմ: Եվ նախ՝ գլուխներում, այսինքն՝ սաղմոսի սկզբում, ըստ Եփրեմի, քանզի ջրի հոսանքի վրա տնկված ծառը Տերն է: Նաև եբրայերեն «բրխիդ»-ը գրքի գլուխներ է թարգմանվում և հաճախ օգտագործվում է Որդու համար և այդպես է հայտնի: Այդպես է կոչվում Ծննդոցը և գլուխն է բոլոր գրքերի. «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1:1): Ես եմ, որ երկրավոր մարմին վերցրեցի և երկնավոր հոգի և ինձ կերպարանք տվեցի: Մաղաքիայի (= Զաքարիա) բերանով է ասում. «Ահա ես կգամ և կբնակվեմ քո մեջ» (Զաք. 2:10):
10. Առնել զկամս քո, Աստուած իմ, կամեցայ, և զօրէնս քո ի մէջ որովայնի իմոյ:
Ուզեցի կամքդ կատարել, Աստվա՛ծ իմ, և օրենքդ, որ իմ ներսում է»:
Ըստ Ավետարանի, թե. «Երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, որ ինձ ուղարկեց» (Հովհ. 6:38), Աստված է այսպես ասում իր մարմնի մասին: Եվ օրենքներդ. այսինքն՝ Ավետարանը, իմ ներսում է, որը եկեղեցին է, և որ ծնվում են, նրա որովայնից ու ոսկորներից են:
11. Աւետարանեցի զարդարութիւնս քո յեկեղեցիս մեծս. ահա շրթունս իմ ո՛չ արգելից քէն:
Մեծ հավաքներում ես քո արդարությունն ավետեցի, և արդ շրթունքներս չեմ կտրում քեզնից:
Եկեղեցին բոլոր հավատացյալներն են, որ միավորված են հավատքով և մեծ են կոչվում: Արդ շրթունքներս… իմ վարդապետությունը չեմ դադարեցնում շրթունքներիս մեղանչումների պատճառով, որովհետև նրանց, ում Սուրբ Հոգի ես տալիս և խոսելու շնորհ, ապա դրանց շրթունքները Տիրոջ շրթունքներն են:
12. Տէր, դու գիտացեր, զի զարդարութիւնս քո ո՛չ ծածկեցի ի սրտի իմում. ճշմարտութիւն քո և զփրկութիւն քո:
Տե՛ր, դու գիտես, որ քո արդարությունը, քո ճշմարտությունն ու փրկությունը ծածուկ չեմ պահել իմ սրտում:
Արդար դարձրի քեզ քո խոսքերում, ինչպես որ ասում էր Հորը, թե. «Թեև աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես… ճանաչեցրի նրանց քո անունը» (Հովհ. 17:25-26): Քո ճշմարտությունը՝ ճշմարտության Հոգին և փրկությունը, որ ուղարկեցիր Հիսուս Քրիստոսին:
13. Ասացի՝ և ո՛չ թագուցի զողորմութիւնս քո. և զճշմարտութիւնս քո ի ժողովրդենէ մեծէ:
Պատմել եմ և մեծ հավաքներից չեմ թաքցրել քո ողորմությունն ու ճշմարտությունը:
Նաև եկեղեցու առաջնորդների մասին է ասում, որ պատմելով Տիրոջ խոսքը՝ քաջալերվում են մեծն Տիրոջից:
14. Այլ դու, Տէր, մի՛ հեռու առներ զգթութիւնս քո յինէն. զի ողորմութիւն քոյ և ճշմարտութիւն քո յամենայն ժամ ընկալցի զիս:
Իսկ դու, Տե՛ր, գթությունդ հեռու մի՛ պահիր ինձնից, քո ողորմությունն ու ճշմարտությունը միշտ պահապան լինի ինձ:
Քո [գթությանդ մասին] որ չթաքցրեցի, այն թող չլքի ինձ: Հեռու մի՛ պահիր ինձնից, այսինքն՝ եկեղեցուց, որովհետև քո ողորմությունը ցուցաբերում ես մեղավորների և զղջացողների հանդեպ, իսկ ճշմարտությունդ՝ արդարներին պսակելով: Թող միշտ պահապան լինի ինձ, այսինքն՝ իմ անդամներին:
15. Շուրջ եղեն զինև չարք՝ որոց ոչ էր նոցա թիւ. հասին ինձ անօրէնութիւնս իմ, և ես ո՛չ կարացի տեսանել:
Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիվ էին. անօրինություններս ինձ վրա հասան, և ես չկարողացա նկատել:
Անօրինություններս թույլ չտվեցին նկատել փորձությունների գալը: Դարձյալ՝ սա նաև եկեղեցուն հալածողների մասին է: Նաև անօրինությունները մեր նախահայրերի միջոցով հասան և ես չկարողացա տեսնել դրանք, որովհետև գլորվեցին և հետո զղջացին և զղջումը ծածկեց նրանց հանցանքները: Իսկ չկարողանալը չցանկանալու պատճառով է լինում, որ չենք ցանկանում ընդունել Աստծուն, ով իրեն մեր Տերն է համարում:
16. Բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ և սիրտ իմ եթող զիս:
Գլխիս մազերից ավելի շատ եղան դրանք, և սիրտս ինձ լքեց:
Հեթանոսներն ավելի շատ են քան հավատացյալները, որ Տիրոջ գլխի վրա աճեցին: Եվ սիրտս ինձ լքեց. երկյուղի մեջ ընկա շատերի պատճառով, որ կորստյան չմատնվեն, նաև իմինների համար, որ մեղանչում են: Մի կողմ թողնելով սրտիս բարկությունը՝ աղերսանքով խոսեցի նրանց հետ, ասելով. «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին» (Մատթ. 9:13):
17. Կամեա՛ց, Տէր, փրկել զիս. և Տէր յօգնել ինձ նայեաց:
Կամեցի՛ր փրկել ինձ, Տե՛ր, նայիր, որ օգնես ինձ, Տե՛ր:
Միայն քո կամենալը բավական է ինձ փրկելու համար և նայելդ օգնություն է:
18. Ամաչեսցեն և յամօթ լիցին, ոյք խնդրէին զանձն իմ բառնալ զսա, դարձցին յետս և ամաչեսցեն՝ ոյք խորհէին ինձ չար:
Թող խայտառակվեն ու ամոթահար լինեն նրանք, որ ուզում էին կործանել ինձ. թող ետ դառնան ու ամոթով մնան ինձ չար կամեցողները:
Դևերը և նրանցից զորություն ստացածները, որ ուզում էին կործանել եկեղեցին, որ Տիրոջ հասակն է ու մարմինը: Թող ետ դառնան ամոթով, ինչպես որ եղավ:
19. Կրեսցեն զամօթ առ ժամայն վաղվաղակի, որ ասէին ինձ վաշ վաշ:
Թող շուտափույթ անարգանք կրեն նրանք, որ չարախնդում էին իմ դեմ:
Շուտափույթ, այսինքն՝ նախքան դատաստանի օրը հասնելը և ովքեր չարախնդում են ուրիշի անկման վրա, անարգանք պիտի կրեն:
20. Ցնծասցեն և ուրախ լիցին ի քեզ ամենեքեան, ոյք խնդրեն զքեզ Տէր:
Թող քեզանով ցնծան և ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ, Տեր:
Հրեշտակները և արդարները՝ մարդկանց փրկությամբ:
21. Ասասցեն յամենայն ժամ՝ մեծ է Աստուած, և ոյք սիրեն զփրկութիւնս քո:
Քո տված փրկությունը սիրողներն ամեն ժամ թող ասեն՝ «Մեծ է Աստված»:
«Մեծ է Քրիստոս Աստված», այսպես են ասում հավատացյալ թագավորները, քո փրկությունը սիրողները, որ քեզանով փրկվեցին:
22. Ես աղքատ և տնանկ եմ, Աստուած, խորհեա՛ զիս, օգնական և պաշտպան իմ, և դու, Աստուած իմ, մի՛ յամենար:
Ես աղքատ եմ և տնանկ, Աստվա՛ծ, հո՛գ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը դու ես. Աստված իմ, մի՛ ուշացիր:
Բնության մասին է խոսքը, և Տերն էլ ստացավ [այդ բնությունը]: Հո՛գ տար իմ մասին՝ եկեղեցուն օգտակար լինելու համար: Իմ օգնականը Հայրն է, որ սիրում է նաև ձեզ: Շտապի՛ր և մի՛ ուշացիր:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը