Այսուհետև՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին, ովքեր տաճարի գանձերն էին պահում, երգում էին այս սաղմոսը: Ոմանք ասում են, թե Գոգի և Զորաբաբելի մասին է, սակայն հավանական չէ այս կարծիքը, որովհետև ասվում է, թե պատերազմ է մղել մինչև երկրի ծագերը, ինչը Զորաբաբելը չի արել: Իրականում սա վերաբերում է ամբողջ տիեզերքով մեկ առաքյալների քարոզչության և եկեղեցու հաստատմանը՝ նման նախորդ սաղմոսին, և ծածուկ հայտնության խորհուրդն է պարունակում, ու նաև այն, ինչ պատահեց Քրիստոսի խաչելության ժամանակ:
1. Աստուած մեր ապաւէն և զօրութիւն օգնական ի վերայ նեղութեանց, որ գտին զմեզ յոյժ:
Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ:
Նրանց, ում ապավենն Աստված է, օգնություն են գտնում նեղությունների ժամանակ, քանզի այնտեղ, որտեղ մեղքը շատ է, շնորհները նույնպես շատ են և միշտ այդպես է:
2. Վասն այսորիկ ո՛չ երկիցուք մեք ի խռովել երկրի. ի փոփոխել լերանց ի սիրտս ծովու:
Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն:
Որովհետև մեր ապավենը խաչն է, թեկուզ և ցնցվեց երկիրը և սասանվեցին նրա հիմքերը և լեռները ծովի խորքերը տեղափոխվեցին, ինչպես որ առաքյալների քարոզչությամբ խռովության մատնվեցին հրեաներն ու հեթանոսները և դևերը խայտառակվելով լեռները փախան և հալածվեցին անդունդներում, ըստ Տիրոջ այն խոսքի, որ ասաց լուսնոտի միջից դուրս եկած դևին:
3. Գոչեցին և խռովեցան ջուրք նոցա. խռովեցան լերինք ի զօրութենէ նորա:
Դղրդացին և ալեկոծվեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկությունից:
Նույնն է, ինչ նախորդինը. լեռները դողացին Քրիստոս Աստծո զորությունից, ինչպես այն ժամանակ, երբ Փալկոնի պատկերը ծովն ընկավ՝ Բագրատի հրամանով:
4. Գնացք գետոց ուրախ առնեն զքաղաքն Աստուծոյ. և սուրբ արար զյարկս իւր Բարձրեալն:
Գետերի հորձանքները զվարճացնում են Աստծո քաղաքը. և Բարձրյալը սրբացրել է իր օթևանը:
Դրանք ավետարանիչներն ու առաքյալներն են, որոնց որովայնից գետեր բխեցին: Քաղաք, որը չի կարող թաքուն մնալ և որտեղ կարելի է գտնել հոգևոր հանճարի բոլոր արհեստավորներին և անապական հարստության բոլոր վաճառականներին: Սրբացրել է իր օթևանը եկեղեցու ավազանի միջոցով, որովհետև այստեղ է բնակվում թագավորը:
5. Աստուած ի մէջ նոցա, և նոքա մի՛ սասանեսցին. օգնեսցէ նոցա Աստուած ի վաղորդայնէ մինչև ի վաղորդայն:
Աստված դրա մեջ է, և այն չի սասանվի. Աստված կօգնի դրան վաղորդայնից վաղորդայն:
Նախ՝ Բարձրյալը, որ բարձրացավ խաչի վրա և սրբացրեց իր օթևանը, ապա իմացանք, որ նա է ճշմարիտ Աստվածը, որ գտնվում է մեր մեջ, ըստ այս խոսքի. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20): Աստված կօգնի դրանց վաղորդայնից վաղորդայն. հրեաները դա երեկոն լուսանալու սկիզբն են համարում, երբ հարություն առած Տերը երևաց կանանց. նախքան առավոտվա լույսը բացվելը երկու անգամ երևաց, ինչը մենք հաջորդ օր ենք կոչում: Նաև այդ հարության վաղորդայնից սկսվեց քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև գալստյան վաղորդայնը:
6. Խռովեցան հեթանոսք, և խոնարհեցան թագաւորութիւնք. ետ զձայն իւր Բարձրեալն՝ և խռովեցաւ երկիր:
Հեթանոսները խռովվեցին, ու թագավորությունները հնազանդ եղան: Բարձրյալը ձայն տվեց և երկիրը երերաց:
Խռովվեցին Հերովդեսն ու Պիղատոսը և հնազանդվեցին հրեաների խնդրանքին ու խաչեցին Տիրոջը: Բարձրյալը ձայն տվեց՝ իններորդ ժամին բարձր ձայնով աղաղակեց: Եվ խռովվեցին, որովհետև երկիրը երերաց: Այնուհետև աշխարհով մեկ քարոզչության ժամանակ Բարձրյալը ձայն տվեց իր աշակերտների միջոցով և բազում անգամներ երկիրը երերաց և երկնքի ձայնը լսելի դարձավ առաքյալների և Տիրոջ վկաների միջոցով:
7. Տէր զօրութեանց ընդ մեզ. ընդունելի է մեր Աստուած Յակովբայ:
Մեզ հետ է Զորությունների Տերը, Հակոբի Աստվածն ապավենն է մեր:
Որ ասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» (Մատթ. 28:20)՝ նշաններ կատարելով: Հակոբի Աստվածը՝ Քրիստոսը, որի շնորհիվ ասաց, թե Հակոբի տունը ոչնչի կարիք չի զգա:
8. Եկա՛յք և տեսէ՛ք զգործս Աստուծոյ, որ արար զնշանս և զարուեստս ի վերայ երկրի:
Եկեք տեսե՛ք գործերն Աստծո, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրա:
Հավատքի գործերը, որ ավելի շատ են, քան Տիրոջ կատարած նշանները և այն, որ խաչելության ժամանակ եղավ, ինպես նաև առաքյալների կատարածները, թեև դրանք նույնպես Տիրոջ կողմից էին:
9. Եհար զպատերազմ ի ծագաց մինչ ի ծագս երկրի. զաղեղունս փշրեաց, զէնս խորտակեաց և զասպարս այրեաց հրով:
Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մինչև մյուսը, աղեղներ փշրեց, զենքեր խորտակեց և վահանները մատնեց հրի:
Ոչ ոք այդպիսի գործեր չարեց, բացի Տիրոջից, թեև առաքյալներն էլ փշրեցին դևերի և հեթանոսների աղեղները: Աղեղները, զենքերն ու վահանները դյութողները, կախարդները, կուռքերն ու զարդարված մեհյաններն են, որոնք եկել էին պաշարելու երկիրը, բայց դրանց այրեց հրով:
10. Կանխեցէ՛ք և ծաներո՛ւք, զի ես եմ Աստուած. բարձր եղէց ի հեթանոսս, և բարձրացոյց ի վերայ երկրի:
Շտապեցե՛ք ու իմացե՛ք, որ ես Աստվածն եմ. ես պիտի բարձրացվեմ հեթանոսների մեջ, պիտի բարձրացվեմ երկրի երեսին:
Շտապեք կամքի ուժ ցուցաբերելով, հակառակ դեպքում գեհենի հրով կիմանաք: Բարձրացվեց, երբ հեթանոս թագավորները հավատացին և բարձրացվելու է, երբ գա ամպերի միջոցով իր զորքով հանդերձ:
11. Տէր զօրութեանց ընդ մեզ. ընդունելի է մեր Աստուած Յակովբայ:
Մեզ հետ է Զորությունների Տերը, Հակոբի Աստվածն ապավենն է մեր:
Այսինքն՝ նշանների զորությամբ:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը