Աղոթողին պետք չեն շատախոս հորինվածքներ. մաքսավորը մեկ խոսք արտաբերեց, և նրա աղոթքն ընդունելի եղավ, ինչը թեթևացրեց [նրա] մեղքերի ծանրագույն բեռները [տե՛ս Ղուկ. 18.10-14]. իսկ Մովսեսը անխոս բերանով իսկ աղաղակեց և ծովը մինչև հատակը բաժանեց [տե՛ս Ել. 14.21]: Դու էլ, եթե ամբողջ սրտով աղաչես, [քո] մեղքերի ծովը անձամբ կցամաքեցնես ու կդադարեցնես [Աստծո] բարկության ալիքները: Աստծուց [խնդրածը] չեք ստանում կա՛մ ամբողջ սրտով չաղաչելու, կա՛մ էլ վնասակար բան խնդրելու պատճառով: Իսկ եթե անդադար աղոթքով հոգու համար օգտակարը խնդրեք, անհնար է չստանալ Աստծուց: Եղիայի աղոթքը փակեց երկինքն ու [կրկին] բացեց այն [տե՛ս Գ Թագ. 18]. Դավթի աղոթքը կասեցրեց հրեշտակի սուրը [տե՛ս Բ Թագ. 24.16-26]. Հովնանի աղոթքը նրան կենդանի դուրս հանեց կետի փորից [տե՛ս Հովն. 2.2-12]. քանանացու աղոթքը իր դստեր միջից հալածեց դևին [տե՛ս Մատթ. 15.22-28]: ….
Ահա այս ամենը ընդունելի աղոթքի օրինակներ են: Եթե կամենում ես, կարող ես այդպես [աղոթել] և դուրս գալ մեղքերի բանտից ու արձակվել սատանայական կապանքներից: Միայն թե արտասվալից պաղատի՛ր Աստծուն և դու կթեթևանաս ամբարիշտ կրքերից, կառողջանաս անօրինության ցավերից ու կբժշկվես հանցանքների հիվանդությունից: Միայն թե ողջ սրտո՛վ աղոթիր Աստծուն և զերծ կմնաս սատանայի որոգայթներից, կփրկվես չարաժանիք վիշապից ու ողջանդամ կազատվես թունավոր թշմանուց: Միայն թե անդադար աղոթքո՛վ հայցիր Աստծուց, և այն կլուսավորի մոլորության խավարը և կչորացնի պիղծ մեղքերի աղտեղությունն ու ցանկության տիղմը: ….
Սատանան, գիտենալով, որ աղոթքն այսքան մեծ զորություններ ու անբավ բարիքներ է գործում, մերձենալով աղոթել կամեցողին, նախ և առաջ մահճի մեջ է պատերազմում նրա դեմ՝ հեշտացնելով անկողինն ու քաղցրացնելով քունը, մարմինը ծանրացնելով, դրդելով այս ու այն կողմ շրջվել, հորանջմամբ ձգվել ու քորվել: Եվ [երբ], դժվարությամբ արթնանալով, մարդը մի կերպ գնում մտնում է եկեղեցի և կանգնում Աստծո առջև, սատանան այստեղ էլ [աղոթողի] միտքն է վարագուրում՝ [թույլ չտալով] ո՛չ հիշել սեփական հանցանքների բազմությունը, ո՛չ գիտակցել, որ կանգնած է Աստծո առաջ, ո՛չ լսել օրհնությունները, ո՛չ փառաբանությունները հասկանալ և ոչ էլ՝ որ սրտի մեջ մտնի ընթերցվածքների վարդապետությունը: Նա չի հեծում ու հառաչում անօրեն մեղքերի համար, չի լալիս ու ողբում իր վիրավոր հոգու համար, չի աղաչում և աղերսում Աստծուց, արտասվալից պաղատանքներով չի հաշտեցնում Տիրոջը, քանզի չի խոստովանում իր բազում չարիքները և չի հայտնում ծածուկ անօրինությունները, որպեսզի փրկվի սոսկալի տանջանքներից ու անլույս խավարից: ….
Արդ, սթափվի՛ր ու դե՛ն գցիր մտքիդ կեղծավոր խաբեությունն ու հնարքները, հետո՛ միայն մտիր [եկեղեցի՝] Աստծո առաջ, և ունկնդրիր [աղոթքը]: Երբ մահապարտները մտնում են թագավորի մոտ, չեն սեթևեթում, այլ աղաչում են ու պաղատում. երբ վիրավորները հիվանդանոց են մտնում, կարիք չունեն այլևայլ խորհուրդների, այլ միայն՝ վերքի դեղը գտնելու և ցավը բժշկելու: Այդպես էլ մեղքով վիրավորվածին և անօրինություններով տկարացածին պետք չեն պաճուճանքներ ու պիղծ խորհուրդներ, երբ նա եկեղեցի է մտնում, ոչ էլ [պետք է] օծվել ու մազերը հյուսել Աստծուն աղոթելիս, այլ՝ նեղել մարմինն ու մաքրել խորհուրդը, անշուք տեսքով, փշրված սրտով, խոնարհ հոգով կանգնել Աստծո առաջ և բազում պաղատանքներով ողբալ ու լալ դառնորեն, անդադար հեծությամբ աղաչել ու թախանձել, կուրծք ծեծել և ձեռքերը տարածել, արցունք հեղել, նեղված սրտով խոստովանել չարիքները և անհամարձակ լեզվով ու ամոթալից երեսով, ողբալի ձայնով ու խանդաղատալի խոսքերով հաշտեցնել Աստծուն և մեղքերի թողություն ստանալ: Այսպիսին են աղոթքներն ու խնդրվածքները, որոնց վրա խոնարհվում է Տերը և լսում՝ [թողություն] շնորհելով հանցանքներին և քավելով անօրինությունները, որով մենք սրբվում ենք չար կրքերի պղծությունից ու սատանայական խորհուրդներից՝ ընդունելով արքայությունը և անմահ կյանքի երանությունը: Այնինչ, այս ամենը հիշելով [հանդերձ], մեծ արհամարհանքով ենք մտնում Աստծո մոտ և լինում սատանայի հետ, որը խռովեցնում է միտքը զանազան խոհերով և մեր խորհուրդները ցրելով թափառեցնում է աշխարհի հոգսերի ու զվարճանքների մեջ. և վրիպելով աղոթքի օգնության շահից՝ մենք գրավվում ենք չարի չար խորհուրդներով:
Արդ, ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող ենք փրկվել մեր անթիվ չար գործերից ու սատանայի բազում հնարքներից, որը ոչ միայն դառնապես չարչարում է ու սպանում, այլև հնար է գտնում սուրբ աղոթքի քաղցրությունն իսկ դժնդակ լեղու դառնության վերածելու: Չենք կարող ոչ մի կերպ զերծ մնալ չար իժից և դառը քարբից, եթե հանապազ չնախապատրաստվենք սատանայի մեքենայությունների դեմ ու չզգուշանանք նրա անտեսանելի նետերից:
Եթե միշտ երկյուղով մտորենք մեր վախճանի օրվա փորձանքի մասին, …. երբ հոգուն անտանելի տագնապով մարմնից դուրս գալ է սպասում, …. եթե մշտապես հիշենք սոսկալի մեծ ատյանի արհավիրքներն ու դատաստանի ահավոր օրը և հարաժամ հոգանք այն ամոթի համար, որ ունենալու ենք տիեզերական հրապարակի առջև, …. կարող ենք զերծ մնալ սատանայի որոգայթներից, երկյուղով կանգնել Աստծո առջև ու մաքուր աղոթքներ մատուցել, դառնորեն սգալ ու լալ [մեղքերի համար] և քաղցրացնել Դատավորի դեմքը, խոնարհեցնել [Նրան] ողորմության ու գթության և մեղքերի թողություն ու հանցանքների քավություն ստանալ՝ ժառանգելով լուսեղեն խորաններն ու բաղձալի դրախտի երանությունը, հավիտենական ուրախության հեշտությունները, անմահ կյանքի ցանկություններն ու անբավ բարիքների վայելչությունները Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ: