Կորխի որդիների երկուշաբթի օրվա օրհնության սաղմոսը: Եթե Դավթի սաղմոս ասելու օրը շաբաթվա յոթներորդ օրն էր և շաբաթ օրը, ապա երկուշաբթի օրը խորանում ու տաճարում նույնպես երգում էին: Նախորդ սաղմոսի նույն իմաստն ունի նաև այս սաղմոսը՝ եկեղեցու և առաքյալների և նաև Գոգի մասին է, ինչպես որ ասում է. «Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փութ» (Ես. 66:19) և այլն:
1. Մեծ է Տէր, և օրհնեալ է յոյժ ի քաղաք Աստուծոյ մերոյ, ի լեառն սուրբ նորա:
Մեծ է Տերը և հույժ օրհնյալ մեր Աստծո քաղաքում, իր սուրբ լեռան վրա:
Ոմանք ասում են, թե երբ Դավիթը հաղթեց բոլոր թագավորներին և եկավ Հեբուս, կույրերն ու կաղերը նրա դեմ ելան և ասացին, թե Դավիթն այստեղ չի մտնի, մինչև չկոտորի մեզ և երբ գրավեց քաղաքը, խնայեց նրանց և ասաց. մեծ է Տերը մեր Աստծո քաղաքում, քանզի սա է լինելու Աստծո քաղաքը և սուրբ լեռը: Սակայն եկեղեցին է նաև քաղաք ասում, երբ շատացան նրա օրհնությունները վերին՝ երկնային լեռից, որի՝ հուսո հիմքի վրա, նաև սա կառուցվեց և միացավ նրան:
2. Հաստարմատ ցնծասցէ ցնծութեամբ ամենայն երկիր. լերինք Սիովնի, կողմանք հիւսիսոյ՝ քաղաք թագաւորի մեծի:
Մեծ ցնծությամբ ցնծում է ամբողջ երկիրն հաստատարմատ, ցնծում են Սիոնի լեռները, հյուսիսային կողմերը, մեծ թագավորի քաղաքը:
Նա է վերին Սիոնը, որ հաստատուն է և ամբողջ երկիրը նույն ցնծությունն ունի, որտեղ չկա ցավ և տրտմություն, հառաչանք և մահ: Սիոնի լեռները. մի լեռը բազմակի դարձավ. մեկը հարավում էր, իսկ մյուսը՝ հեթանոսներն էին հյուսիսում, որ պատերազմում էին միմյանց դեմ, մինչև որ Տերն իր անունն ու շնորհը տվեց Սիոնին, որն անմերձենալի աշտարակ է, որտեղից դիտում են շուրջբոլորը, և ըստ դրա մեծության էլ կոչեց քաղաքը: Քանի որ մինչև Քրիստոսի գալուստը մարդկային ազգը Սուրբ Հոգուն չուներ որպես ճարտարապետ, ո՛չ պարիսպներ էր կառուցում և կենդանություն շնորհում և ո՛չ էլ արվեստներն էր ծաղկեցնում: Իսկ երբ տվեց Սուրբ Հոգուն, ապա քաղաք համարվեցին սուրբ հայրերը, առաքինի արվեստավորներն ու բժիշկները:
3. Աստուած ի տաճարի իւրում յայտնի. ի ժամանակի որպէս օգնական լինէր նոցա:
Աստված հայտնվում է իր տաճարում, երբ օգնական է դառնում նրանց:
Պողոս առաքյալն ասում է. «Կենդանի Աստծո տաճար եք դուք» (Բ Կորնթ. 6:17), քանզի այդ քաղաքում գտնվող թագավորի տաճարը բուն քրիստոնյա եկեղեցին է: Երբ օգնական է լինում. երբ Տերն օգնում էր առաքյալներին և եկեղեցուն, ապա գիտեին, թե իրենց հետ է ըստ իր խոստման:
4. Ահաւասիկ թագաւորութիւնք երկրի ժողովեցան, և անցին ի միասին:
Ահա երկրի թագավորությունները հավաքվեցին ու միասին եկան անցան:
Հայտնի է Գոգի ու Մագոգի օրինակից, նաև բոլոր թագավորները հավաքվեցին ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ կամքով համախոհ եղան՝ վերացնել եկեղեցին և Քրիստոսի անունը, ինչպես որ Դեկոսը, Դիոկղետիանոսը և Մաքսիմեանոսն էին մտածում, մինչև որ Կոստանդիանոսը և Տրդատը հրաշքով հավատացին: Եվ նրանք բոլորը միասին անցան:
5. Ինքեանք տեսին այսպէս՝ և զարմացան, խռովեցան սասանեցան, և դողումն կալավ զնոսա:
Անձամբ տեսնելով այդ բանը՝ նրանք զարմացան, խռովվեցին ու սասանվեցին:
Այնտեղ դողը բռնեց նրանց:
Չհավատացին Դավթի մարգարեությանը, բայց երբ աչքով տեսան՝ զարմացան:
6. Անդ երկունք որպէս ի ծննդեանն. ի հողմ սաստիկ փշրեսցէ զնաւս ի Թարսիս:
Եվ երկունքը, ինչպես ծննդաբերության ժամանակ. սաստիկ հողմով նա պիտի փշրի նավերը Թարսիսում:
Նրանց երկունքի ցավերը բռնեցին թե՛ ծովում և թե՛ ցամաքում, թե՛ ոտքով գնալիս և թե՛ նավարկելիս, Հովնանի նավի պես խորտակվեցին, որը դեպի Թարսիս էր գնում: Նորից, սաստիկ հողմ է կոչում նաև Հոգուն, որ վերնատանը տրվեց և որ կործանում է հերետիկոսների եկեղեցին և որ նրանք փախչում են Աստծուց ապականված մտքով, ինչպես Հովնանն էր փախչում Աստծուց, իսկ հետագայում՝ հագարացիներն ու պարսիկները, որովհետև միշտ իր հետ է եկեղեցու զորությունը: Թո՛ղ չհամարձակվեն նաև Թարսիսից Երուսաղեմ գնալ և օգնել Գոգին:
7. Որպէս լուաք, սոյնպէս և տեսաք ի քաղաք Տեառն զօրութեանց՝ ի քաղաք Աստուծոյ մերոյ:
Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք զորությունների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծո քաղաքում:
Լսել էին Աստծո մեծության մասին, բայց չհավատացին, մինչև որ աչքով չտեսան նրա օգնությունը, այդ պատճառով էլ ասում են, թե ինչ որ լսեցինք Եզեկիայից ասորի Սենեքերիմի մասին, այդպես էլ տեսանք: Նաև՝ հյուսիսի հողմը սաստիկ է և մրգաթափ է անում ծառերը, այդպես էլ նրանք եկան, որպեսզի բեռնաթափեն եկեղեցու նավը, խորտակեն առաքինությամբ բեռնավորվածներին: Նաև ասում են, թե Թարսիսը քաղաք է Հնդկաստանի մեջ՝ հարավում, ուստի հարավից փչում է հարսի աղոթքը հյուսիսի բռնությունների դեմ, և ելավ գնաց, որպեսզի ձմեռը առներ հոգիները: Եվ եկեղեցին ինչպես պատվական քար՝ Եզեկիելի կառքի տեսիլքի մեջ ասվածի պես, գիշերային հեշտության աղտից կա և կմնա անարատ և հաստատուն: Եվ մենք, ինչպես որ լսեցինք, թե. «Դժոխքի դռներն այն չպիտի հաղթահարեն» (Մատթ. 16:17), այդպես էլ տեսանք:
8. Աստուած հիմունս արկ նմա յաւիտեան. ընկալաք Աստուած զողորմութիւն քո ի մէջ ժողովրդեան քոյ:
Աստված դրա հիմքերը գցեց հավիտյան: Ստացանք ողորմությունդ, Աստվա՛ծ, քո ժողովրդի մեջ:
Վերին Սիոնի և Երուսաղեմի, որ հավիտյան կրում է Տիրոջ անունը: Նորից, Պետրոսի [= Պողոս] ասածի պես «Նա ընտրեց մեզ նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4): Ստացանք ողորմությունդ, Աստվա՛ծ, սա Հնին չի վերաբերում, որովհետև նրանք արդարություն ստացան ըստ իրենց արժանիքների, իսկ մենք նրա ողորմությամբ ենք ապրում, քանի որ հեթանոսները Աստծուն փառաբանում են նրա ողորմության համար:
9. Ըստ անուան քում, սոյնպէս և օրհնութիւն քո ընդ ամենայն տիեզերս, և արդարութեամբ լի է աջ քո:
Ինչպես որ անունդ է, այնպես էլ օրհնությունդ է ողջ տիեզերքում, և քո աջը լի է արդարությամբ:
Այստեղ աջը խրատ է նշանակում: Ինչպես որ անունն է և իր առատությամբ ամենակարող Աստված է կոչվում, այդպես էլ նրա օրհնությունը ողջ տիեզերքում է և մենք, ինչպես որ լսեցինք ավազե տան կործանման մասին, այդպես էլ տեսանք: Քանզի ըստ Տիրոջ անվան, որ գլուխն է եկեղեցու, հաստատուն է ուղղափառ եկեղեցին: Քո աջը լի է արդարությամբ, որովհետև նրանք, ովքեր նրա վրա կառուցվեցին, հաստատուն կմնան և չեն կործանվի, ինչպես որ ասվում է. «Դժոխքի դռներն այն չպիտի հաղթահարեն» (Մատթ. 16:17), և փրկեց նրան իր աջով:
10. Ուրախ եղիցի լեառն Սիովն. և ցնծասցէն դստերք Յուդայ, վասն իրաւանաց քոց, Տէր:
Տե՛ր, քո դատաստանների համար թող ուրախանա լեռը Սիոնի և ցնծան դուստրերը Հուդայի երկրի:
Սիոն լեռը, որ ունի առաքյալներ, մարգարեներ և վարդապետներ և նրանց վրա են կառուցվել եկեղեցիները, անապատականներն ու վանքերը: Հուդայի դուստրերը առաքյալներին ու մարգարեներին ընդունող ծնունդներն են, նրանք ևս ուրախանում են իրենց զավակների համար, ըստ քո արդար դատաստանի, Տեր, որ արեցիր մեր թշնամիների դեմ:
11. Շրջեցարո՛ւք զՍիովնիւ, պաշարեցէ՛ք զնա, և պատեցէ՛ք զաշտարակս նորա:
Պտտվեցե՛ք Սիոնի շուրջը, շրջանն արեք նրա և պատեցե՛ք նրա աշտարակները:
Առաջնորդներին է ասում, թե պաշարե՛ք այն խնամքով, պատե՛ք նրա աշտարակները՝ առաքինիների հանդեպ ավելի հոգատար լինելով, գրկելով նրանց գթասրտությամբ, և պատմեք նաև արժանավորներին:
12. Դի՛ք զսիրտս ձեր ի վերայ զօրութեանց նորա. բաժանեցե՛ք զամուրս նորա, զի պատմել կարասջիք յազգ յայլ:
Թող ձեր սրտերը կապվեն նրա ամրություններին, զննեցե՛ք նրա բերդերը, որ պատմել կարողանաք մեկ ուրիշ սերնդին:
Քանզի վկաների հաստատուն հավատքով են քաջալերվում, որովհետև նրանք են այն ամրությունը, որ պահում են եկեղեցին իր հաստատության մեջ: Բաժանեք վերակացուներին՝ ըստ գավառների կարգելով, ինչպես որ առաքյալներն աշխարհով մեկ սփռվեցին, որ պատմել կարողանաք ուրիշ ազգերի և տարբեր կրոնների: Նորից՝ պտտվե՛ք Սիոնի շուրջը, պաշարեք այն. ասում է, թե Երուսաղեմը պաշարմամբ իր շուրջն է առել հեթանոսներին, ըստ Տիրոջ կանխասացության: Զննեցե՛ք նրա բերդերը. քահանաները խաչը հանողների հետ չարությամբ պատված բաժանում են գերիներին: Թող ձեր սրտերը կապվեն տաճարի ամրություններին, ուր քարը քարի վրա չի մնա: Որպեսզի կարողանաք պատմել այլազգիներին, որ նրանք չհամարձակվեն այդպիսի բան անել: Եվ Տերն էլ ասաց, թե պատմե՛ք աշխարհին այն, ինչ վերցրեցիք ձեր վրա: Եվ ինչպես այն եղավ, ուրիշների հետ էլ կարող է այդպես լինել:
13. Սա է Աստուած, Աստուած մեր յաւիտեանս յաւիտենից. և սա հովուեսցէ զմեզ՝ մինչև յաւիտեան:
Սա է Աստված, մեր Աստվածը հավիտյանս հավիտենից, և նա պիտի հովվի մեզ մինչև հավիտենություն:
Սկզբից էր Բանը և երբ ժամանակն իր լրումին հասավ՝ մարդ եղավ և աստվածայինը միավորվեց մարդու հետ և հովիվ կոչվեց, ոչ թե մի որոշ ժամանակ միայն Իսրայելին հովվելու համար, այլ՝ հավիտյանս հավիտենից:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը