Մեր ձեռքում են դժոխքի և արքայության բանալիները, և որի [դուռը] բացում ենք ու [որը] սիրում, այնտեղ էլ մտնում ենք: Այս խոսքիս վկաներն են սատանան և Ադամը, քանզի Աստված նրանց բարի էր ստեղծել և դրել լույսի, բարության ու հանգստի մեջ: …. [Արդ,] սատանան նետեց արքայության բանալին և իր կամքով վերցրեց դժոխքինը՝ ասելով, թե դա է արքայության բանալին. Իսկ Ադամը, հավատալով նրա խոսքերին, պահեց դժոխքի բանալին, չար գործերով բացեց դժոխքի [դուռը] և մտնելով նստեց այնտեղ ու եղավ ողորմելի: Այսպես է լինում, որդյակնե՛րս, քանզի աչքով [իսկ] տեսնում եք, որ մեկն ունի արքայության բանալին՝ խոնարհություն, անոխակալություն և բոլոր բարի գործերը, և ապաշխարելով ճգնում է, մեկ ուրիշն էլ, թողնելով աշխարհը, գնում, միայնակ բնակվում է լեռան անձավներում. Եվ համբերելով քաղցի, ծարավի ու ցրտի՝ [ապրում է] պահքով ու աղոթքով: Ահա սա է արքայությունը և արքայության բանալին:
Մինչդեռ ուրիշները շնացող ու կախարդ են լինում և առանց դարձի գալու մեռնում են չարիքի մեջ: Եվ սա է դժոխքը և դժոխքի բանալին, ինչպես և Քրիստոս է ասում, թե՝ «Արքայությունը ձեր ներսում է» [Ղուկ. 17.21]. Այդպես էլ դժոխքն է: Եվ որը սիրում ու գործում եք, այն էլ ժառանգում եք: …
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 547-549, 550-551, 552
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի )