Ելք 2.23-3.15
2.23 Շատ օրեր անց մեռաւ եգիպտացիների թագաւորը: Իսրայէլացիները, որոնք տանջւում էին տաժանակիր աշխատանքի մէջ, աղաղակ բարձրացրին. նրանց աղաղակը հասաւ Աստծուն: Եւ Աստուած լսեց նրանց հեծութիւնը, 24 յիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ: 25 Աստուած իր հայեացքն ուղղեց իսրայէլացիներին: Նա յայտնուեց նրանց:
3.1 Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիամացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծոյ լեռը՝ Քորէբ: 2 Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում: 3 Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը: Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»: 4 Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»: Սա ասաց. «Ի՞նչ է»: 5 Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ: Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»: 6 Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»: Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որովհետեւ վախենում էր նայել Աստծուն: 7 Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին, 8 լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին: Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խեւացիների, Գերգեսացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում: 9 Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից: 10 Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին, հանես Եգիպտացիների երկրից»: 11 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացիներին հանեմ Եգիպտացիների երկրից»: 12 Աստուած ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, եւ երբ այս լեռան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կլինի, որ ես եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»: 13 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կգնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կասեմ. “Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ”: Եւ եթէ նրանք հարցնեն ինձ, թէ ինչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»: 14 Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»: Եւ աւելացրեց. «Այսպէս կասես իսրայէլացիներին, որ ”Էն առաքեց ինձ ձեզ մօտ”»: 15 Աստուած դարձեալ ասաց Մովսէսին. «Այսպէս կասես իսրայէլացիներին. “Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ”: Այս է իմ յաւիտենական անունը, որ յիշատակ է ազգից ազգ:
Հովել 2.21-31
21 Քաջալերուի՛ր, երկի՛ր, ցնծա՛ եւ ուրախացի՛ր, որովհետեւ Տէրը մեծ գործեր կատարեց քեզ հետ: 22 Քաջալերուի՛ր, վայրի՛ կենդանի, որովհետեւ անապատի դաշտերը դալարեցին, որովհետեւ ծառը տուեց իր պտուղը, որթատունկն ու թզենին տուեցին իրենց բերքը: 23 Սիոնի՛ որդիներ, ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք ձեր Տէր Աստծով, քանի որ Տէրը արդար կերակուր տուեց ձեզ եւ ձեզ համար կտեղացնի գարնան առաջին եւ աշնան վերջին անձրեւը, ինչպէս առաջ: 24 Կլցուեն ցորենի կալերը, եւ կյորդեն գինու եւ իւղի հնձանները: 25 Եւ այն տարիների դիմաց, ինչ որ մորեխը, ջորեակն ու թրթուրը կերան, կհատուցեմ ձեզ իմ մեծ զօրքով, որ ուղարկեցի ձեզ վրայ: 26 առատօրէն կուտէք, կյագենաք եւ կօրհնէք ձեր Տէր Աստծոյ անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, եւ այլեւս իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան: 27 Եւ կլինի այնպէս, որ սրանից յետոյ իմ Հոգուց կհեղեմ ամէն մարմնի վրայ, կմարգարէանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կտեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան: 28 Եւ կիմանաք, որ Իսրայէլի մէջ եմ ես, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու չկայ ոչ ոք ինձնից բացի, եւ իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան: 29 Այն օրերին իմ Հոգուց կհեղեմ իմ ծառաների վրայ, իմ աղախինների վրայ, որոնք կմարգարէանան: 30 Հրաշքներ ցոյց կտամ երկնքում եւ երկրի վրայ՝ արիւն, հուր եւ ծխի մրրիկ. արեգակը կխաւարի, եւ լուսինը արիւն կդառնայ, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը»: 31 Այո՛, կլինի այնպէս, որ ով կանչի Տիրոջ անունը, կապրի: Սիոն լեռան վրայ եւ Երուսաղէմում փրկութիւն կլինի, Տէրը կկանչի իր մօտ, ինչպէս որ ասաց եւ ծանուցեց: