Հարց. Ինչպե՞ս պետք է հավաքել աշխարհով մեկ թափառող սեփական միտքն ու խորհուրդները և ուրիշ ոչնչի մասին չխորհել՝ բացի Աստծուն ակնկալելուց և Նրա հանդեպ սերն ամբողջական պահելուց:
Պատասխան. Ինչպես որ զավակներ ունեցող մայրը, երբ նրանք այլ տեղ են գնում կամ թափառում են անպետք վայրերում, [ետ է] հավաքում նրանց՝ նախատելով ու խրատելով, այնպես էլ հոգին պարտավոր է ամեն տեղից իր խորհուրդները, ինչպես սեփական մանուկների, հավաքել [իր մոտ]: Եվ որքան էլ աշխարհի հոգսերի կամ ինչ-ինչ մեղքերի պատճառով ցրվեն դրանք, պետք է միշտ ու անդադար, կարողության չափով, խորհուրդները ժողովել սեփական մարմնի տան մեջ, հանապազ ակնկալել Տիրոջը, մնալ Նրա հանդեպ հաստատուն հավատի և սուրբ սիրո մեջ ու ասել. «Ե՞րբ պիտի Նա գա՝ ճշմարտապես ժողովելու մեր խորհուրդները, որ դրանք դարձնի աստվածային, երկնային ու բանական և սովորեցնի ճշմարիտ, անզբաղ ու անթափառ աղոթքը»:
Իսկ եթե աղոթելիս մեր խորհուրդները դրսում ենք թափառեցնում ու չենք հավաքում, ինքներս մեզ մատնում ենք՝ թողնելով մեղանչական մտածմունքների մեջ: Եվ չենք ուղղում մեր կամքն առ Աստված ու չենք բռնադատում մեր խորհուրդները՝ ուղղվելու դեպի Տերը, որպեսզի Ինքը Տերը Իր կամքով գա մեզ մոտ և Իր ճշմարտությամբ մեզ Իր մոտ հավաքի: Այսպես թուլակամությամբ մեր միտքը դրսում թափառեցնելով՝ մեր մարմինն աղոթքի է կանգնում առանց մտքի, ինչի պատճառով հենց ինքներս չենք թողնում, որ Տերը մեզ մոտ գա, քանզի կամովին չենք ձգտում դեպի Նա:
Տիրոջը հաճո լինելու ողջ խնդիրը խորհուրդների մեջ է: Ուստի փութա ներքուստ՝ խորհուրդներո՛վդ հաճո լինել Նրան և մշտապես ներսո՛ւմ ակնկալել Տիրոջը: Եվ միշտ ու հանապազ ձգտիր քո ներսում խորհուրդներով փնտրել Նրան և կամքդ բռնադատիր, որ միտքդ հոժարակամ ախորժի դեպի Տերն ուղղորդվել: Այդժամ կտեսնես, թե ինչպես Ինքն Իր կամքով կգա և օթևան կգտնի քեզ մոտ: Եվ որքանով միտքդ կամքով բռնադատես՝ ամբողջ սրտով փնտրելով Նրան, նույնքան և առավել Նա՛ կհարկադրվի Իր գթությամբ ու բարերար քաղցրությամբ գալ քեզ մոտ և հոգեպես հանգստացնել քեզ: [Գիտցիր, որ Նա] ամենևին էլ չի լքել քեզ, այլ անտեսանելի կերպով կանգնած է քեզ մոտ, տեսնում է քո միտքն ու խորհուրդները, հայում է մտածություններիդ, տեսնում, թե ինչպես ես աղոթում Իրեն՝ ամբողջ հոգո՞վ, թե՞ ծուլությամբ, մինչև իսկ ձանձրանալով, տկար մտքով կամ մեղսագործությամբ վարակված: Արդ, երբ տեսնես, որ ամեն ժամ, գործելով հանդերձ, խորհուրդներդ սփռում ես Տեր Աստծո և միայն Նրա հայացքի առջև, այնժամ Տերն Ինքը կհայտնվի քեզ, Իրեն անճառապես ցույց կտա, Իր ցանկալի գեղեցկությամբ քեզ կպայծառացնի, Իր օգնությամբ կլիացնի, կտա Իր ողջ հաղթությունը և քեզ կազատի քո աներևույթ թշնամիներից՝ հայելով նախապես Իրեն ուղղված քո անզբաղ խնդրվածքներին, մտքիդ անսխալ ակնկալությանը և Իր հանդեպ շարունակ սրտիցդ տածվող սիրուն: Եվ այսպես կուսուցանի ու կտա քեզ ճշմարիտ աղոթքը, հավատի և ճշմարտության սերը, երկնային ու ճշմարիտ խնդությունը, որն Ինքը Քրիստոսն է, Ով քեզ հետ է ամենուրեք: ….
Հարց. Ի՞նչ բարի գործ պետք է անել սրտում, որպեսզի այն զբաղվի միայն [հոգևոր] մտքերով:
Պատասխան. Աբեղայի բարի և կատարյալ գործն այս է՝ անզբաղ մտքով շարունակ հայել առ Աստված:
Հարց. Իսկ ինչպե՞ս պետք է միտքը հալածի [չար] խորհուրդները:
Պատասխան. Ինքնուրույնաբար դա բնավ չի կարող անել, քանզի զորություն իսկ չունի: Այլ երբ որևէ խորհուրդ է ընկնում հոգու մեջ, աղաչելով ու պաղատելով անմիջապես պետք է ապավինել Նրան, Ով ստեղծեց իրեն, և Նա մոմի պես կհալեցնի [այդ խորհուրդը], «քանզի մեր Աստվածը ոչնչացնող կրակ է» [Եբր. 12.29]:
Հարց. [Այդ դեպքում] ինչպե՞ս էին Եգիպտոսի անապատի մենակյաց հայրերը միշտ խորհուրդը [դիմագրավում] հակառակ [խորհրդով]:
Պատասխան. Նրանց այդ բարի արարքը մեծ էր ու ընտիր, բայց դա մեծ ջանք է [պահանջում], և բոլորի համար չէ, որ անվնաս է, …. որովհետև մտքի զարհուրման ու ցնորման վտանգ է պարունակում: Քանզի երբ որևէ խորհուրդ է հայտնվում հոգու մեջ, և մարդը կարողանում է սեփական բազում ճիգերով այն հանել իր միջից, դարձյալ մեկ ուրիշն է գալիս, որն ընդունում է հոգին: Եվ այսպես ամբողջ օրը մարդն ընդդիմաբանում է իր խորհուրդներին՝ անվերջ հակաճառություններով դիմադրելով նրանց. և երբեք հոգին չի զբաղվում աստվածային հայեցողությամբ:
Հարց. Ուրեմն ինչպե՞ս մեր խորհուրդն ապավինի Աստծուն:
Պատասխան. Եթե քեզ մոտենա պոռնկության խորհուրդը, իսկույն ևեթ կորզելով դեն նետիր այն, ապա ուշադրությունդ ու միտքդ բացելով՝ մեծ ճիգով վեր բարձրացրու [խորհրդից] և մի՛ հապաղիր, որովհետև խորհուրդը, տևաբար քո մեջ մնալով, դեպի իրեն իջնելու առիթ է տալիս:
Հարց. Իսկ եթե շտկվելուց հետո փառասիրության խորհուրդն այցելի, չպե՞տք է հակաճառել նրան ճշմարիտ խորհրդով:
Պատասխան. Եթե խոսքերով հակառակվես նրան, այն առավել կհզորանա և ավելի շատ հակաճառություններ կգտնի. իսկ հոգին չի կարող ընդունել այդ, քանզի դու նմանվում ես նրան, ով կարծում է, թե ինքը բավարար է մարտնչելու համար: [Մինչդեռ,] ինչպես որ հոգևոր հայր ունեցողը, իր բոլոր հոգսերը նրա վրա գցելով, ամբողջովին անհոգ է լինում և զերծ մնում Աստծո դատաստանից, այնպես էլ նա, ով հանձնվում է Աստծուն, ամենևին չպետք է հոգա իր բոլոր խորհուրդների մասին և ո՛չ հակառակվի, ո՛չ էլ թողնի, որ դրանք լիովին մտնեն հոգու մեջ: Եվ եթե քո մեջ աղտեղի խորհուրդներ մուտք գործեն, դրանք դեպի վեր՝ քո Հորն առաքիր՝ ասելով. «Ես ոչ մի կապ չունեմ քեզ հետ, ահա՛ Հայրն իմ, Նա՛ գիտե»: Եվ մինչ դու [խորհուրդը] տանում ես [Հոր մոտ], ճանապարհին քեզ թողնելով, այն փախչում է, որովհետև չի կարող քեզ հետ գալ քո Հոր մոտ և ոչ իսկ կանգնել Նրա առջև: Արդ, այս բարի գործից ավելի մեծը և խիստ դյուրինը չկա ողջ Եկեղեցում: ….
Հարց. Ինչպե՞ս պետք է սաղմոսերգել աղոթելիս և ինչպե՞ս պահք պահել՝ անընդհա՞տ, թե՞ չափավոր:
Պատասխան. Չպետք է ոչինչ անել [սահմանված] կարգից ավելի, քանզի շատերը, կամենալով առաջին [հայրերի] պես աղոթքի և պահքի մեծ գործեր անել, հետո նվազագույնն իսկ չկարողացան կատարել: Եթե ցանկանում ես առավել մեծ [գործ] ձեռնարկել, մի՛ սկսիր պահքից ու մարմնական աղոթքից, որոնք հեշտությամբ խափանվում են, եթե հիմնված չեն խոնարհության ու հնազանդության վրա: Դու նախ սկիզբը դիր հնազանդության ու հեզության, համբերության ու սիրո և, որքան կամենում ես, սրանք առավելացրու՝ գերազանցելով շատերին, [քանզի] դրանցից ոչ մի անկում և դիվական խաբեություն չի լինում, և նրանց կհետևեն թե՛ աստվածահաճ, հավելյալ պահքը, թե՛ արժանավոր աղոթքը, որոնք տենչում էիր սկզբում: Դրանք հետո՛ կտրվեն քեզ՝ [արդեն] չխափանվելով ու չպակասելով քեզնից:
Աղբյուր՝ «Վարք սրբոց հարանց եւ քաղաքավարութիւնք նոցին», հատոր երկրորդ.
Վենետիկ, 1855, էջ 574-578, 585
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)