Երկուշաբթի, 27 Մարտի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Վարք սրբոց

Սուրբ Յովհան Օձնեցի Հայրապետ

11 Մարտի, 2023
Վարք սրբոց
Սուրբ Յովհան Օձնեցի Հայրապետ
0
Կիսումներ
37
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

   Որք զառ ի Քրիստոս զչարչարանս յանձն առեալ

համբերեցիք՝ ո՛վ աստուածասէր հայրապետք.

եւ արժանի եղէք զերկնայինն առնուլ պսակ:

Որք փորձեցայք շիջանուտ հրով.

ժառանգեցիք պատրաստեալ ձեզ զարքայութիւնն.

համարձակութիւն ունիք բարեխօսել առ Տէր վասն անձանց մերոց:

Որք զամբարշտութեանցն վանեցիք զկռապաշտութիւն ո՛վ աստուածասէր հայրապետք.

հաստատութիւն ի Քրիստոսէ հայցեցէք անդադար սուրբ Եկեղեցւոյ:

(Շարակնոց)
   

   Ծննդեան թիւը անյայտ, գ. Օձուն 1/Գուգարքի Տաշիր գաւառ/;

   Հայոց հայրապետ 717-728 թթ.;

   Ննջել է 728 թուականին;

   Յաջորդել է Եղիա Ա Արճիշեցի կաթողիկոսին (703-717թթ.);

   Ամփոփուած է հայրենի Օձունին մօտ՝ Արդուի 2 գիւղի սուրբ Յովհաննէս եկեղեցու բակում;

   
   Տիրոջ 717 թուականին Եղիա Ա Արճիշեցի կաթողիկոսից յետոյ Հայոց հայրապետութեան Աթոռը վիճակուեց մեր երկրորդ լուսաւորչին՝ սքանչելագործ, իմաստասէր եւ փիլիսոփայ հռչակուած, առաքինազարդ սուրբ հայրապետ Յովհան Օձնեցուն: Նրա մասին բազում դրուատանքի եւ ներբողական խօսքեր կան գրուած մեր պատմագրութեան եւ Յայսմաւուրքի հին ձեռագրերի մէջ: Տաշիր գաւառի Օձուն գիւղից էր եւ սերում էր քաջ եւ առաքինի իշխանական տնից: Վաղ հասակից սերտում էր Աստուածային Գիրքը, ուսումնասիրում իմաստասիրական հանճարի արուեստը: Աշակերտել է աստուածային գիտութեանը եւ հելլէնական իմաստասիրութեանը քաջահմուտ, անուանի վարդապետ եւ մեծ ճգնաւոր Թէոդորոս Քռթենաւորին, նրանից սովորել ու հմտացել է Սուրբ Գրքի, իմաստասիրութեան եւ հռետորական արուեստի մէջ եւ ապա հասակ առնելով՝ մտել քահանայական կարգի մէջ: Ստանալով այս կրթութիւնը՝ իր ժամանակի մէջ նա բոլորից վեր գտնուեց, քանզի փայլեց աստուածային եւ այլ գիտութիւնների խորիմացութեամբ, քերթողութեան արուեստի հմտութեամբ ու հռետորաբանութեամբ:  Եւ այս ամէնում գերագոյն գտնուելով՝ նա հռչակուեց իմաստասէր եւ փիլիսոփայ: Զարդարուած ամէն առաքինութիւններով՝ հոգիընկալ էր եւ ճարտասան, ուղղափառութեան ջատագով եւ եկեղեցու ջահ: Նրանից բխում էին յորդառատ աղբիւրներ, Սուրբ գրքի թարգմանութեամբ զարդարում էր Եկեղեցին եւ իր ժրաջան քահանայագործու­թեամբ հաշտեցնում Աստծուն աշխարհի հետ:

   Շատ տաճիկներ 3 երանի էին տալիս մեր ազգին՝ նման առաջ­նորդ ունենալու համար: Նրա մասին լուր հասաւ աշխարհակալ ամիրապետին, թէ նա այնքան գեղեցկատես է Ադամի որդիների մէջ, որ մարդու աչքը նմանը չի տեսել: Երբ նա իր մեծամեծներից լսեց սուրբ հայրապետի շքեղազարդ գեղեցկութեան եւ առաքինութիւնների մասին, ցանկացաւ տեսնել սուրբին, քանզի նրան հետաքրքիր էր փառաւոր եւ փառազարդ մարդ տեսնելը: Նրան սիրալիր խօսքերով ողջոյնի գիր ուղարկեց, որով հրաւիրում էր գալ իր մօտ՝ Դամասկ՝ տեսնելու նրան եւ կատարե­լու իր բոլոր խնդրանքները:

   Սուրբ հայրապետն ընդունեց հրաւէրը եւ մտաւ արքունի պալատ՝ զարդարուած իր պայծառ ու փայլուն զգեստ­ներով եւ ոսկէ խաչանիշ ականազարդ գաւազանով: Նա ոսկին խարտել էր եւ փոշին լցրել մօրուքի վրայ: Ա­միրապետը հիացաւ նրա արտասովոր գեղեցկութեան՝ դէմքի, հասակի, փառահեղ մօրուքի ու արտաքին տեսքի վրայ: Առաջին տեսութեանց պարտադիր արարողակարգն աւարտելուց յետոյ նստեցին, ու ամիրապետն սկսեց խօսել. «Ես լսել եմ ձեր Քրիստոսի մասին, թէ Նա չափազանց հեզ էր ու խո­նարհ եւ աղքատութիւնն աւելի էր սիրում: Նա այդպէս պատուիրեց նաեւ Իր առաքեալներին: Նրանցից յե­տոյ եկող առաջնորդները եւս աղքատութիւնն աւելի են պատւում, քան հարստու­թիւնն ու ճոխութիւնը: Այդ ինչպէ՞ս է, որ դու՝ որպէս նրանց հետեւորդ, զարդարուած ես շքեղաբար»: Սուրբը պատասխանեց. «Յիրաւի, մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս, ապրեց խոնարհ եւ նուաստ կերպա­րան­­քով, նոյնն արեցին առաքեալները եւ առաքեալներին հետեւող հայրապետները: Սակայն նրանք ժո­ղո­վրդին առաջնորդելու համար հրաշագործութեան զօրութիւն ունէին: Հետեւաբար նրանք պէտք չունէին այլ արտաքին նշանների: Իսկ մենք այդ միջոցները չունենք եւ պարտաւոր ենք գործածել այն ար­տաքին նշանները, որոնցով վարւում է աշխարհը, որոնք դուք եւս գործածում էք: Դուք ձեր իշխա­նու­թիւնն ազ­դե­ցիկ դարձ­նելու համար փառահեղ ծիրանի էք հագնում, զարդարւում էք ոսկէ հանդերձներով, գե­ղեց­կանում արտաքնապէս, կրում զէնքեր, որպէսզի ժողովուրդը պատկառի ձեզնից: Քանզի եթէ ձեզ տեսնեն գծուծ կերպարանքով, ո՛չ կը պատուեն ձեզ, ո՛չ կը պատկառեն ձեզնից, եւ անգամ ձեր ով լինելը յայտնի չի լի­նի: Այդ պատճառով է կարեւորւում արտաքինը, եւ նոյնն է նաեւ իմ զարդարուած լինելու նշանակութիւնը: Իսկ ե­թէ ցանկանում ես պատկերացում ունենալ իմ ներքին կեանքի մասին, հրամայի՛ր, որ ներկաները դուրս ելնեն»:  

   Երբ սրահի մէջ մնացին հայրապետն ու ամիրապետը, սուրբը ցոյց տուեց մազեղէն խարազ­նա­­զգեստ քուրձը, որ հագել էր արտաքին հանդերձների տակից: Ամիրապետը համակուեց մեծ զարմանքով, երկարեց իր ձեռքը, շօշափեց քուրձը եւ վարանած ասաց. «Ինչպէ՞ս կարող է մարդու մար­մինը դիմանալ այս դժոխատանջ քրձին, եթէ Աստուած նրան համբերութիւն չտայ»: Եւ առաւել սքանչացաւ ոչ թէ սուրբ հայրապետի արտաքին գեղեցկութեան, այլ նրա ա­­ռաքինութեան վրայ: Հիացած գովաբանեց քրիստոնեաների հաւատը եւ ասաց սուրբին. «Ինչ որ լսել էինք Քրիստոսի եւ Նրա աշակերտների մասին, նոյնը տեսանք յանձինս քեզ: Ահա­ւա­սիկ ես քո հրամանի ներքոյ եմ, ինչպէս քո հնազանդ որդի: Խնդրի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ ես կը կատարեմ»: Եւ սուրբ հայրապետն ասաց. «Երեք բան կայ, որ պէտք է խնդրեմ քեզ­նից. առաջինն այն է, որ չբռնանաս որեւէ քրիստոնեայի հաւատի վրայ, այլ իւրաքանչիւրին թողնես իր կամքով, երկ­­րորդ՝ Եկեղեցու ազա­տու­թիւնը հարկի տակ չդնես, ոչինչ չառնես երէցներից ու սարկաւագներից, եւ երրորդ՝ քո տէրութեան մէջ եղող բոլոր քրիստոնեաները համարձակ կատարեն իրենց պաշտամունքները»: Եւ խնդրեց, որ այս խնդրանքները պաշտօնապէս հաստատուեն հրովարտակով: Ամիրա­պետն անմիջապէս հրամայեց պատրաս­տել գրութիւն՝ ըստ սուրբ հայրապետի խնդրանքների, այն կնքեց իր մատանիով, շատ պարգեւներ տուեց նրան եւ մեծ պատուով ու զօրքով ուղարկեց Հայոց աշ­խարհ: Տեղ հասնելով՝ զօրքը հալածեց բո­լոր յոյներին, թէ՛ վերակացունե­րին, թէ՛ զինուորներին, որ կային մեր երկրում: Եւ նրանք փախան այն­քան արագ, որ չհասցրին իրենց հետ տանել իրենց ողջ գանձերը, այլ ստիպուած թաղեցին մեր երկրում:

   Երբ նստեց հայրապետութեան Աթոռին, սկսեց առաքելաբար շրջել բոլոր տեղերում եւ քարոզել ճշմարիտ հաւատը: Յաճախակի իր մօտ էր հաւաքում մեծապատիւ իշխաններին ու ժողովրդին եւ երկնային պարգեւներ շնորհաբաշխում նրանց իր աղբիւրահոս խօսքերով: Սկսեց նաեւ մեծ հոգածութեամբ եւ խնամքով անդորրի մէջ պահել իր հօտը, որ սաստիկ շփոթուած ու մեծ վարանումների մէջ էր երեք պատճառով: Նախ Եղիա կաթողիկոսից սկսած Հայաստան մուտք գործած ամենաչար աղանդի՝ պաւլիկեանների ցանած որոմների պատճառով, երկրորդ՝ բազում սպասաւորների պատճառով, որոնք աներկիւղ կերպով անպատշաճն էին գործում Եկեղեցուց ներս եւ դուրս, երրորդ՝ Եկեղեցու ծէսերի վերաբերեալ միմեանց դէմ զինուած սուր հակառակութիւնների պատճառով:

   Եզր կաթողիկոսից մինչեւ Եղիա կաթողիկոսն եղող բոլոր հայրապետները քաղկեդոնիկ էին 4, եւ սուրբ Յովհան Գ Օձնեցուն յաջողուեց հայ Եկեղեցուն ուղղութեան բերել: Յու­նաց հետ բռնութեամբ կամ հրա­պոյ­րով համակերպուելու տկարութիւնը սպրդել էր Հայաստան աշխարհի զա­նա­զան կողմերը: Բայց սա ոչ հան­րային եւ ոչ էլ պաշտօնական երե­ւոյթ էր, այլ տեղ-տեղ հանդիպած տկարութիւններ եւ շեղումներ:

   Բիւզանդական իշխանութեան նոր գահ բարձրացած Լեւոն Իսաւրացին, որքան էլ քաղկեդոնակա­­նութեան հանդէպ նուազ հոգածու էր, սակայն չկարողացաւ անտարբեր մնալ Օձնեցու հակայունա­կան գործունէութեան հանդէպ, եւ իր գանգատներն ու սպառնալիքները նրան հասցնելու համար որպէս դես­պան Վասիդ իշխանին նրա մօտ ուղարկեց: Պատմութիւնն առաջ չի բերում դեսպանութեան ման­րա­մաս­նե­րը եւ ոչ էլ Օձնեցու բռնած ընթացքը, այլ միայն յիշատակում է, որ Վասիդը մերձիմահ հի­ւան­դացաւ, եւ շատ բժիշկներ չկարողացան օգնել նրան: Նա, յուսահատուելով բոլոր բժիշկներից, բոլոր միջոցնե­րից եւ ընդհանրապէս իր կեանքից, ապաւինեց սուրբ Յովհանի աղօթքներին՝ խոստանալով, որ եթէ ողջ մնայ, այլեւս չի վերադառնայ կայսեր մօտ, այլ կը մնայ եւ կը պաշտի նրա սուրբ հաւա­տը: Այնժամ սուրբ հայրապետը ձեռքը դրեց նրա վրայ, եւ նա իսկոյն առողջացաւ: Նա ընդունեց ուղղափառ հաւատը, մնաց Հայաստանում, դարձաւ կրօնաւոր եւ առանձնացաւ մի այրի մէջ, որը յետոյ կոչուեց Հօռօմի այր, որտե­ղ 15 տարի ճգնելով՝ ննջեց ի Քրիստոս: Նա իր հետ ունէր մաս Քրիստոսի խաչափայտից, որի պատճառով այդ վայրը կոչուեց Հօռօմայրի սուրբ նշան 5։

   Հետամուտ լինելով ազգին խաղաղութեան մէջ պահելու, ծանր ժամանակներում Քրիստոսի քաղցր լծով ուղղափառ դաւանութեամբ հօտին խնամելու մեծ ու դժուարին գործին՝ Մեծ Յովհան Իմաստասէր հայրապետը ջանում էր մի հնար գտնել, իրականացնել մի շարք բարեկարգումներ, որոնց կեանքի կոչելու համար իր կաթողիկոսութեան երկրորդ տարում հրամայեց Մեծ եւ Փոքր Հայքի բոլոր եպիսկոպոսներին գալ հաւաքուել Դուին մայրաքաղաքում՝ մասնակցելու հայրապետական ժողովին եւ հաստատելու կարեւոր կարգադրութիւններ, որոնք պիտի ծառայէին սպրդած խեղաթիւրումները վերացնելու եւ Հայոց Եկեղեցու հնաւանդ սովորոյթներն ու ծէսերն արմատացնելու համար: Այսպէս 720 թուականին հայոց հոգեւոր հայրերի մեծ բազմութեան մասնակցութեամբ գումարուեց Դուինի ժողովը, որը բացեց նա ինքը՝ Յովհան Իմաստասէր կաթողիկոսը, եւ ճոխ ու վսեմ ատենախօսութեամբ հաւաքուածների առջեւ դրեց այդ ժամանակներում տիրող Հայաստանեայց Եկեղեցու անմխիթար վիճակը՝ մեր առաջին սուրբ հայրերի կարգած բարեզարդութեան համեմատ: Այնպիսի խորիմաց վարդապետութեամբ նա հանդէս եկաւ ժողովի ատեանի առջեւ, որ արժան էր նրա բոլոր խօսքերը դրոշմել ոսկէ տառերով: Հաւաքուածների առջեւ մէկ առ մէկ դրեց առաւելագոյն չափով բազմացած անկարգութիւնները ոչ միայն ժողովրդի մէջ, այլ առաւել շատ ուխտի մանուկների եւ Եկեղեցու առաջնորդների մէջ, ովքեր թէպէտ միաբերան քարոզում էին մէկ ուղիղ ճանապարհ դէպի Ճշմարտութիւնը, սակայն նրանք բազմաշաւիղ եւ բազմահետք էին դարձել զանազան ու այլեւայլ կերպերով: Ապա բոլորի առջեւ դրեց երեսուներկու կանոնները, որոնք ժողովի հայրերը հաւանութեան արժանացրին եւ հաստատեցին դրանք անդրդուելի պահել Հայոց Եկեղեցում:

   Ջնջեցին եւ ապա վերացուեցին քաղկեդոնիկ դաւանութեան եւ յունական ծէսի համակերպութիւնները, որոնք ներմուծուել էին բիւզանդական տիրապետութեան եւ Եզր կաթողիկոսի /630-641/ բռնադատեալ զիջողութեան ժամանակներից եւ շարունակւում էին նրան յաջորդողների ժամանակներում: Սուրբ հայրապետը կարողացաւ իր գործունէութիւնը ուղ­ղել դաւանաբանական եւ բարեկարգող խնդիրների լուծմանը՝ ոչ միայն իբրեւ հայրապետ կարգադրելով եւ գործադրելով, այլեւ բացատրելով, հակառակորդների դէմ մաքառելով եւ ուղղամիտներին զօրացնելով:

   Սակայն Եկեղեցու բարեկարգութեան համար Օձնեցու նախանձախնդրութիւնը չբաւականացաւ միայն Դուի­նի ժողովում հաստատուած կանոններով: Հայոց կաթողիկոսն անձամբ ձեռնամուխ եղաւ իրականացնել մի աշ­խա­տանք, որն ուղեցոյց կը լինէր եկեղեցու սպասաւորների համար եւ նիւթ՝ ուսումնասէր անձանց համար բազմախոյզ խնդիրների լուսաբանման համար: Նա զտեց ժամանակին գործածուողը: Ելնելով քաղկեդոնականութեան դէմ պայքարի անհրաժեշտութիւնից եւ նպատակ ունենալով դաւանանքի ու պաշտամունքի ծիսական հարցերի մշակմամբ ազգային աւանդական կարգուկանոնով ու սովորութիւններով պահպանել Հայ Եկեղեցու ազգային դիմագիծը՝ կազմեց հայոց համար մեծ նշանակութիւն ունեցող Հայ Եկեղեցու Կանոնագիրքը:

   Օձնեցու եկեղեցական նախանձայոյզ գործունէութեան լրումը եղաւ Մանազկերտի ժողովը, որը գումարուեց իր հայրապետութեան վերջին տարիներին՝ 726 թուականին: Ժողովի նախաձեռնութիւնը պատկանում է հայոց սուրբ հայրապետին, իսկ առիթը հայերի եւ ասորիների միջեւ եղած ընդհարումներն էին: Սահմանուած օրը հաւաքուեցին Հայոց հայրապետը իր քսաներեք եպիսկոպոսներով եւ ութ վարդապետներով, իսկ ասորիները՝ վեց եպիսկոպոսներով:

   Մանազկերտի հայ-ասորական ժողովի գլխաւոր նպատակը ապականութեան խնդրի ծայրայեղութիւնները, երեւութականութիւնը հերքելը եւ ուղիղ դաւանանք սահմանելն էր: Հաւատոյ դա­ւա­նանք էր ուղարկել ասորիների Աթանաս պատրիարքը, ուրիշ մէկն էլ հայոց կողմից ներկայացրեց Յով­­հաննէս կաթողիկոսը, որը նման էր հաւատոյ հանգանակին, բայց քիչ աւելի ընդարձակ եւ վերջում ա­­ւե­լացրած տասը նզովքներ, որոնք ըստ ամենայնի դուրս էին եկել Օձնեցու գրչի տա­կից: Նրանցից առաջինը Սուրբ Երրորդութեան, իսկ երկրորդը Քրիստոսի մարդեղութեան դաւանութիւնն է: Միւս երեքը միաբնակ վարդապետութեամբ բացատրում են աստուածութեան եւ մարդկութեան միաւորութիւնը, իսկ վերջին հինգը ուղղակի շօշափում են ապականութեան խնդիրը, թէ Քրիստոսի մար­մինն իրական էր եւ ոչ երեւութական, ադամական էր եւ ոչ երկնային, մահկանացու եւ մեղանչական բնութիւնից եւ ոչ նախաստեղծների անմեղ վիճակից: Արդ Մանազկերտի տասը նզովքները հիմ­նուած են մի բնութիւն դաւանող հակաքաղկեդոնական վարդապետութեան վրայ:

   Ժողովը նզովեց Յուլիանոսի հետեւորդներին ու Քրիստոսի մարմինը ապակա­նա­ցու ասողներին՝ Բարշապուհին, Գաբրիէլին՝ հայոց ու ասորիների բանսարկուներին: Կանոնական օրէնսդրու­թեամբ բարեկարգեց Եկեղեցին՝ մերժելով Քաղկեդոնի դաւանութիւնը, որ Հերակլ կայսեր եւ Եզր կա­թողիկոսի օրերից անկարգութեան մէջ էր պահում Հայոց աշխարհը: Կարգեց սուրբ Յա­կոբի եւ Կիւրեղի ընթերցուածքները, հաստատեց բոլոր տօները, ինչպէս որ սահմանել էր սուրբ Գրիգորը: Դեկտեմ­բերի 25-ին հաստատեցին Դաւիթ մարգարէի ու Յակոբոս առաքեալի տօնը, որն այլ ազգերը Տիրոջ ծննդեանն են տօնում: Հաստատեց «Հարց»-ի շարականը. «Ամէն բանում մեղանչեցինք եւ Քո պատուիրանները չպահեցինք. արդ խոստովանում ենք Քեզ», որն սկսած 726 թուականից մինչ օրս ժամերգւում է հայոց եկեղեցիներում: Սուրբ հայրապետն արձակեց ժողովը, իւրաքանչիւրը դարձաւ իր թեմը, իսկ ինքը՝ իր Աթոռը:

   Թողեց մեծ ժառանգութիւն՝ գրուած այնքան նուրբ ոճաբանութեամբ ու խօսքի մեծ զօրութեամբ, շարադրուած այնպիսի հմտութեամբ եւ բարեկարգուած այնչափ խորիմաց իմաստութեամբ, որ որեւէ մէկին անկարելի է ամբողջական ու անաղարտ կերպով հասու լինել նրա շարագրութեանը, եթէ քաջավարժ չլինի քերականական, փիլիսոփայական եւ հռետորական արուեստին, չլինի գիտակ Սուրբ Գրքի մեկնութիւններին, աստուածաբանութեանը եւ չտեղեկացուած պատմագրութեանը:

   Նպատակին են ծառայել մեզ հասած մի քանի ճառեր, որոնց մէջ ցոյց է տալիս պաւլիկեանների եւ երեւութականների մոլորութիւնները, ի յայտ բերում նրանց ծագման պատճառները՝ Սուրբ Գրքից փաստերով դիմակայելով եւ ուղղափառ սուրբ հայրերի մեկնութիւնները բա­ցատրելով: Թէ՛ «Ընդդէմ պաւլիկեանց» եւ թէ՛ «Ընդդէմ Երեւութականաց» ճառերում յայտնապէս երեւում է ոչ միայն նրա տրամախոհութիւնն ու հմտութիւնը, այլեւ տեսնում ենք արտաքին իմաստասէրների մէջբերմամբ հնա­խօսական ու բնագիտական տեղեկութիւններով հարստացած նրա միտքը: Միւս երկու ճառերն էլ՝ «Հիմնարկէք եւ օրհնութիւն նորաշէն եկեղեցւոյ» եւ «Յեկեղեցի», նպատակամղուած են բարձրացնել արտաքին պաշտամունքների նշանակութիւնը եւ հաւատացեալ ժողովրդի մտքից հեռացնել պաւլիկեանների մոլորութիւնը:

   Նա մի անձ էր՝ մեծահոգի եւ բազմահանճար, լայնախորհուրդ եւ ազատանձնեայ, միանգամայն խոնարհամիտ եւ խաղաղասէր, վայելչահասակ եւ թիկնաւէտ, շքեղատիպ եւ փառահեղ: Ներքուստ կրում էր քրձեղէն հագուստ՝ խիստ եւ անտանելի, իսկ արտաքուստ՝ առաւելապէս հանդիսութիւններին, զգեստաւորւում այնքան հրաշափառ, որ դառնում էր ակնածելի եւ պատկառելի ամէնքի համար:

   Մի օր, երբ սուրբն աղօթում էր, երկու ահաւոր վիշապներ յարձակուեցին այն տեղի վրայ, որն առաքինի մարդու նստավայրն էր: Նրա սպասաւորը տեսաւ, զարհուրեց ու աղաղակ բարձրացնելով դիմեց սուրբի օգնութեանը: Սուրբը խաչակնքեց նրանց դիմաց, եւ անմիջապես քարացան ու մինչեւ այսօր կան: Վիշապի պորտից ջուր բխեց, որը բուժիչ է ամէն օձահարի համար, ով ապաւինում է սուրբի աղօթքներին:

   Նա բարեզարդեց հայ Եկեղեցին: Արդէն տարիքով առաջացած ու բազմավաստակ՝ կարիք ունէր հանգստի, որի հա­մար առանձնացաւ իր ծննդավայրում՝ Օձուն գիւղում, բնակութեան վայրից քիչ հեռու տեղում՝ Սո­թից լերան վրայ, ուր շինեց մեծ եկեղեցի եւ իրեն յանձնեց աղօթական կեանքի՝ խաչաչարչար ճգնութեամբ իրեն մատնելով պահեցողութեան, անդադար աղօթքների, գիշերային հսկում­նե­րի: Նրա ընկերակիցներն էին Գէորգ Սքանչելագործը, Մատթէոս Խոտճաբակ վարդապետները եւ երկ­նաթռիչ վարքով ապրող այլ բազում խստակրօն ճգնաւորներ: Այսպէս Օձնեցին անցկացրեց իր կեանքի վերջին տարիները, որոնք երկար էլ չեղան, քանի որ 728 թուականին կնքեց իր բազմաշխատ եւ բազմարդիւն կեանքը՝ իր հետեւից Եկեղեցուն թողնելով ահռելի աւանդ եւ սրբութեան մեծ հռչակ: Օձնեցու գերեզմանը իբրեւ նուիրական ուխտատեղի գտնւում է հայրենի Օձունի մօտ՝ Արդուի գիւղի սուրբ Յովհաննէս եկեղեցու բակում եւ պատւում է հաւատաւորների կողմից մինչ օրս:

   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ հայրապետ Յովհան Օձնեցու յիշատակը տօնում է Մեծ պահքի չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը:

Tags: Վարք սրբոց
Նախորդ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս Ծ

Հաջորդ

Երանելի եռամեծ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ անայաղթ փիլիսոփայի, Հայոց Մեծ Վարդապետ և Տիեզերալոյս Սուրբ Յովհան Որոտնեցու աշակերտի վարքը և յիշատակը

Հաջորդ
Երանելի եռամեծ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ անայաղթ փիլիսոփայի, Հայոց Մեծ Վարդապետ և Տիեզերալոյս Սուրբ Յովհան Որոտնեցու աշակերտի վարքը և յիշատակը

Երանելի եռամեծ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ անայաղթ փիլիսոփայի, Հայոց Մեծ Վարդապետ և Տիեզերալոյս Սուրբ Յովհան Որոտնեցու աշակերտի վարքը և յիշատակը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.