ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՐԱՊԵՏ
Հաջորդել է Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետին: Եղել է պերճախոս և ազդու քարոզիչ. «Հանցանք գործողների հանդեպ ահարկու և գորովագութ զղջացողների հանդեպ, ստահակների հանդեպ խիստ, իսկ հնազանդների հանդեպ հայրագութ: Առյուծի պես վեհանձն և հասակով փառավոր ու շքեղ»: Հարաբերություններ է պահպանել իր ժամանակի եկեղեցական բոլոր մեծությունների և աթոռների գահակալների հետ:
Հովհաննեսը սքանչանում էր Որոգինեսով (185-254)՝ մեծ փիլիսոփայով և աստվածաբանով, որն Ալեքսանդրիայից լինելով հանդերձ, այդ քաղաքի Աստվածաբանական բարձրագույն վարժարանը տեղափոխեց Պաղեստինի Կեսարիա քաղաքը: Սրան հակառակ Եպիփան Կիպրացին Որոգինեսի ուղղափառության խիստ քննադատողներից էր և նրան համարում էր «Նախահայրը և ծնողը արիոսականների և բոլոր աղանդների»: Եպիփանը սրա մասին զգուշացրեց Հովհաննեսին և մինչև իսկ իր քարոզներում մեղադրեց Հովհաննեսին որպես Որոգինեսյան: Այս պատճառով երկուսի մեջ գժտություն առաջացավ, որի մասին խոսում է Փեստիմալճյանի Հայսմավուրքը, որտեղ ընդարձակ ձևով պատմվում է, թե Հովհաննեսը արծաթասեր էր և սեղանի թանկարժեք սպասքներ ուներ, որոնց Եպիփանը խորամանկությանբ տիրանալով, վաճառում է և բաժանում աղքատներին: Այս պատճառով Հովհաննեսը անարգում է Եպիփանին և սաստիկ բարկանալով կուրանում է: Եպիփանի աղոթքներով աչքերից մեկը բուժվում է, բայց մյուսը, ի հիշեցում իր նախկին արծաթասիրության, մինչև կյանքի ավարտը այդպես էլ մնում է: Իսկ Վենետիկում լույս տեսած «Լիակատար վարք Սրբոց»-ը այդ պատմությունը հորինված է համարում:
Մինչև իր կյանքի ավարտը Հովհաննես Ոսկեբերանի ընկերը մնաց, որն իր վերջին նամակներից մեկը Կոկիսոնի աքսորավայրից գրեց Հովհաննեսին, ասելով. «Աթոռից աքսորվեցինք, բայց քո սիրուց չտարագրվեցինք»: Նախկինում սերտ հարաբերությունների մեջ է եղել Ալեքսանդրիայի պատրիարք Թեոփիլոսի հետ, որը հետագայում իմանալով Հովհաննեսի և Ոսկեբերանի սրտագին բարեկամության մասին, (որի [Ոսկեբերանի] հակառակորդն էր Թեոփիլոսը) իր հարաբերությունները խզում է Հովհաննեսի հետ: Նաև բարեկամական և եղբայրական հարաբերությունների մեջ էր Հռոմի Անաստաս Հայրապետի հետ, որը Հովհաննեսին ուղղված նամակի մեջ նրան «բոլորից գերազանց» և «առաքինությամբ լցված» մարդ էր համարում;
Պելագյան խնդիրների կապակցությամբ, բարեկամություն է հաստատում Աֆրիկայի մեծանուն եպիսկոպոս Օգոստինոսի հետ:
Բրիտանացի Պեղագոսը, որն ապրել է չորրորդ դարի վերջին քառորդին և հինգերորդ դարի առաջին քառորդին, ասում էր, որ Ադամի մեղքը նրա սերունդների վրա չի տարածվում և թե փրկության համար Աստվածային շնորհը անհրաժեշտ չէ և մարդն իր ազատ կամքով է կատարյալ դառնում և փրկության արժանանում: Օգոստինոս հայրապետն այս տեսության ամենակատաղի հակառակորդն էր: Եվ երբ Պեղագոսը, Հռոմ այցելելուց հետո, 410թ.-ին Աֆրիկայով Պաղեստին գնաց, Օգոստինոսը այս կապակցությամբ Պեղագոսի հերետիկոսության մասին զգուշացնելով նամակ է ուղղարկում Հովհաննես Պատրիարքին: Հովհաննեսը երկու անգամ ժողով է գումարում որտեղ դատապարտում է Պեղագոսի տեսությունը, սակայն Պեղագոսը, ճարպիկ ատենաբանության շնորհիվ, կարողանում է ազատել իր անձը դատապարտումից:
417-թ.ին բարի և խաղաղ մահվամբ վախճանվեց Հովհաննես պատրիարքը:
Մենք նրա տոնը հիշատակում ենք Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏ (650?-728)
Հովսեփ Հողոցմեցի նահատակյալ Կաթողիկոսից հետո առաջին Հայրապետն է, որ արժանապես անցել է տոնելի Սրբերի շարքը: Նրանից հետո հաջորդ և միակ սուրբ Հայրապետը Ներսես Շնորհալին է:
Հովհաննես Օձնեցի Հայրապետը, լինելով մեր եկեղեցու ամենապատկառելի և արդյունավետ ապրած Հայրապետերից մեկը, արդարև հայ եկեղեցու փառքերից մեկն է համարվում: Ծնվել է Տաշիր գավառի Օձուն գյուղում, այսօրվա Սանահին վանքի մոտ, 650-ական թվականներին, ազնվական ընտանիքում: Նա ազնվական էլ մնաց՝ իր կենցաղով, գործով և գրականությամբ: 675թ.-ին աշակերտել է Թեոդորոս Քռթենավոր վարդապետին, որն իր հերթին աշակերտն էր Դավիթ Անհաղթի, սա իր հերթին Մովսես Խորենացու և Խորենացին էլ Սահակ-Մեսրոպայն դպրոցի սան էր: Քռթենավորի «մոտ հմտացած է մասնավորապես Աստվածաշունչ Գրքերի, իմաստասիրության, քերականության և հռետորության մեջ»: Հայտնի չէ արդյո՞ք կաթողիկոս լինելուց առաջ որևէ պաշտոն վարել է, թե ոչ: Կաթողիկոս է ընտրվել 717 թ.-ին և տասնմեկ տարի պաշտոնավարել Դվին քաղաքում, որը 485 թ-ից Հայոց նոր հոգևոր կենտրոնն էր դարձել: Իր մասին խոսող պատմիչները վկայել են ոչ միայն իր բարձր ուսմունքի և հոգևոր ու մտավոր կատարելության մասին այլև արտաքինի մասին որպես փառահեղ և վայելչակազմ անձնավորություն: Ասողիկը գրում է. «տեսքով շատ գեղեցիկ», Կիրակոս Գանձակեցին՝. «հասակով վայելչակազմ », Հովհաննես Դրասխանակերտցին՝. «պայծառ դեմքով, թիկնեղ և բարձրահասակ»: Հակառակ իր մարմնի և արտաքին զգեստների վայելչության, ծածուկ՝ մերկ մարմնին, այծի մազից պատրաստված կոշտ զգեստներ հագնելը սովորություն էր դարձրել, իսկ իր կենցաղում պահքը, աղոթքը և գիշերային հսկումները երբեք չեն պակասել:
Հայրապետի առաջին գործը Դամասկոսի խալիֆային կամ ամիրապետին ներկայանալը եղավ: Պատմվում է, որ հայոց վրա կառավարիչ նշանակված մարզպանը (արաբ ոստիկանը), երբ Դամասկոս է վերադառնում մեծ գովեստով է խոսում Ամիրապետի հետ Հայոց Կաթողիկոսի վայելչության մասին, որից հետաքրքրված Ամիրապետը նրան Դամասկոս է հրավիրում: Հովհաննես Կաթողիկոսը ամբողջ փառքով ներկայանում է Ամիրապետին «փայլուն և շլացուցիչ զգեստներով, ճերմակող մորուքը ոսկով զարդարած և ոսկեզարդ գավազանով , որը թանկարժեք փայտից էր» (Հովհ. Պատմաբան): Արդարև, ամիրապետը Օձնեցու շքեղությունից «հիացավ և զարմացավ» և իմիջայլոց նշեց, որ ինքը տեղյակ է, որ Հիսուս Մարգարեն հեզ և պարզ կենցաղ ունեցող մեկն է եղել, և որ հին առաջնորդներն էլ այդպիսի կյանք են վարել, ուրեմն իչպե՞ս է, որ ինքը, նրանց հետևորդը, այդպես շքեղ է զգեստավորվում: Կաթողիկոսը պատասխանեց, որ այո՛ իր ասածը ուղղիղ է, միայն թե նրանք ժողովրդի վրա ազդելու համար հրաշագործության շնորհ ունեին, իսկ մենք, ասում է, սուրբ Հայրապետը, այդ գերբնական կարողությունից զուրկ ենք և մարդկանց վրա ազդելու, կամ մեր խոսքը ազդու դարձնելու համար ստիպված ենք այդպիսի արտաքին միջոցների դիմել, իսկ եթե ցանկանում ես իմ ներքին կյանքի մասին կարծիք կազմել, հրամայի, որ ներկաները հեռանան և ես առանձին քեզ կբացատրեմ: Երբ մենակ են մնում Հայրապետը նրան ցույց է տալիս մերկ մարմնին հագած այծի կոշտ և կոպիտ մազից պատրաստված զգեստը:
Այս անգամ Ամիրապետը զարմանում է, թե «ինչպե՞ս կարող է մարդկային մարմինը տոկալ այդպիսի դժոխային քուրձին»: Հայոց Հայրապետի մասին ունեցած տպավորություննները և հարգանքն ավելի է մեծանում և արևելյան սովորության համաձայն ասում է. «Ինչ որ ցանկանում ես խնդրիր և կտամ»: Կաթողիկոսը, առիթը հարմար համարելով, երեք բան է խնդրում՝ ոչ թե միայն իր անձի կամ եկեղեցու համար, այլ իր տերությունում ապրող համայն քրիստոնյաների.
- Քրիստոնյաներին չստիպեն բռնությամբ հավատն ուրանալ:
- Եկեղեցիներից և հոգևորականներից տուրքեր չպահանջվեն:
- Քրիստոնյաները համարձակ և անարգել կատարեն իրենց պաշտամունքները:
Եվ այս երեք կետերը հրովարտակով հաստատել խնդրեց: Այդ բոլորի համար ինքն էլ իր հերթին խոստանում է, որ բոլոր քրիստոնյաները հավատարմորեն իրեն կծառայեն: Ամիրապետը, որ նույն ինքը Էոմերն էր, որը պատմության մեջ հիշվում է իբրև բարիք սիրող և արդար անձնավորություն, բոլոր խնդրանքները շնորհում է Հայրապետին: Եվ ցանկանալով Հայարապետին էլ ավելի շնորհների արժանացնել, իր հերթին «ոսկով և արծաթե գանձերով» մեծարելուց հետո, մեծ պատիվներով ճանապարհ է դնում Հայաստան: Էոմեր խալիֆան մինչև իսկ արձակեց իր մոտ եղած բոլոր քրիստոնյաներին, որոնց մեծ մասը հայեր էին:
Վերադառնալուց հետո Օձնեցու առաջին գործը եղավ Դվինում, 726 թ.-ին, Հայ եկեղեցին բարեկարգելու համար, ժողով գումարելը: Ժողովի 32 կանոններն ընդգրկվել են մեր կանոնագրքի մեջ: Այս ժողովում Օձնեցին, հոյակապ ատենաբանությամբ, ժողովականների ուշադրությունը հրավիրեց ժամանակի պետքերին և պահանջներին ու հրատապ խնդիրներին: «Ժողովի բովանդակությունն էլ արդարացնում է Օձնեցուն վերագրված, թե՛ վեհ և վսեմ հոգին, թե՛ իմաստասիրական, թե՛ դավանաբանական և ծիսագիտական խորին հմտությունները: Նա թափանցում է մինչև իսկ պաշտամունքի արարողական մասի գաղտնի խորքերը» (Ազգապատում):
Օձնեցու մեծ ձեռքբերումներից մեկն էլ Հայոց Կանոնագրքի կազմելը եղավ: Այսինքն մի տեղ հավաքեց ցիրուցան եղած եկեղեցական կանոնները, իր խոսքով. «Գեղեցկագույն մատյանով Հայրապետանոցում հաստատեց»: Այս Կանոնագիրքը, ժամանակի ընթացքում մյուս ընդունված կանոններն էլ ներառելով իր մեջ, հասել է մեզ: Հայ Եկեղեցին դեռևս պաշտոնապես չի հրատարակել իր կանոնագիրքը: Մելիք-Թանգյան արքեպիսկոպոսի «Իրավունք Հայոց» կանոնական հրատարակությունը մի անհատական նախաձեռնություն է, իսկ Վազգեն Հակոբյանի գովելի երկու հատորից բաղկացած Կանոնագիրք Հայոց աշխատասիրությունը, մի քննական հրատարակություն է, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի կողմից (Ա հատորը՝ 1964 թ.-ին Բ Հատորը՝1971թ.-ին Երևանում)
Օրմանյանը «Գիրք Թղթոց»-ի կազմելն էլ վերագրում է Օձնեցուն: Այս գիրքն էլ, (Կանոնագրքի պես) «Հայրապետանոցի պաշտոնական արձանագրությունների ձեռնարկ» բնույթը ունեցող կարևոր գործ էր, որ պիտի ծառայեր հայոց եկեղեցուն՝ իբրև դավանաբնական ուղղեցույց;
Օձնեցին նաև երկու կարևորագույն ճառեր ունի ընդդեմ Պողիկյանների և ընդդեմ Երևութականների, որոնցով պայքարում և հերքում է այդ երկու աղանդների տեսությունները, որոնք իր ժամանակին լայն տարածում ունեին Հայաստանում:
Գրել է նաև «եկեղեցու Ժամակարգության մասին» երկը, որը նպատակ ուներ բարեկարգելու եկեղեցու ժամերգությունները:
Իրեն են վերագրվում Ավագ Տոների՝ Տեառն եղբոր, Ստեփանոսի, Պողոս-Պետրոսի և Որդվոց Որոտման, շարականները:
Դեռևս նրան են վերագրվում շուրջ տասը կտոր այլ գրական գործեր, որոնք կամ կասկածելի են կամ էլ հարազատ չեն Օձնեցու հոգուն:
Հովհաննես Իմաստասեր Հայրապետի կարևորագույն նախաձեռնություներից մեկը Մանազկերտի ժողովն էր՝ գումարված 726 թ.-ին, որն ամրապնդում էր Հայ և Ասորի եկեղեցիների միությունը:
Այս ժողովից հետո Օձնեցին, ծերացած և հոգնած, առանձնացավ իր գյուղում՝ Օձունում, ինքն իրեն նվիրեց աղոթական կյանքին «խաչաչարչար ճգնություններով», իր հետ որպես գործակից ունենալով Գևորգ Սքանչելագործ և Մատթեոս Խոտաճարակ վարդապետներին և շատ ուրիշ «խստակրոն և երկնաթռիչք» անձեր: 728 թ.-ին կնքեց իր բազմաչարչար և բազմարդյունք կյանքը, իր հետևից թողնելով թե՛ կարողության, թե՛ սրբության հռչակ:
«Օձնեցու գերեզմանը, որպես ուխտատեղի, մինչ այժմ պատվվում է հավատացյալների կողմից, այն գտնվում է Արդվի գյուղում հին Օձունի արևմտյան կողմում: Օձնեցին իր ուսումնական զարգացածությամբ, եկեղեցական նախանձահուզությամբ և վարչական կարողությամբ, արդարև համարվում է կաթողիկոսական գավազանագրքի լուսավոր պարծանքներից մեկը: Նա, իր այդ կարողությունների շնորհիվ, խաղաղ կենցաղ ապահովեց և մի նոր կյանք նվիրեց ազգին, իսկ եկեղեցականների համար՝ անխռով ապրելակերպ: Թեպետ Օձնեցու անունն իր հաջորդների մոտ միշտ պատվավոր տեղ է գրավել և Գրիգոր Տղայի և Ներսես Լամբրոնացու կողմից միշտ մեծաբանվելով է հիշվել, սակայն նրա անունը տոնելի սրբերի հետ տոնվելը վերջին ժամանակների որոշում է, պետք է ասել, որ բացի 1774 թվականին տպագրված Սիմոն Երևանցու Տոնացույցից այլ, էլ ավելի հին, տեղեկություն չգտանք, որ նա տոնված լինի, թեև իբրև սուրբ նրա տոնվելու և Հայսմավուրքների մեջ ընգրկվելու մասին հիշատակություններ կան» (Ազգապատում):
Ս. Հայրապետը «կրկնակ» Հայսմավուրքներում հիշատակվում է ապրիլի 17-ին, բայց լիակատարում չի հիշատակվում:
Օձնեցին տոնվում է Մեծ Պահքի չորրորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը՝ իր անվանակից Հովհ. Երուսաղեմացի Հայրապետի, Հովհաննես Որոտնեցու և Գր. Տաթևացի վարդապետների հետ: Նրանց նվիրված հատուկ որևէ շարական չկա, այդ օրը երգվում է թարգմանչաց և հայրապետաց շարականներից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՐՈՏՆԵՑԻ
Իմաստասեր և աստվածաբան վարդապետ էր, որը Տաթևի նշանավոր դպրոցի հիմնադիրը եղավ և պայքար կազմակերպեց ընդդեմ ունիթորական (միարարական) շարժման, որը հայերիս մեջ ծագել էր Լատին Դոմինիկյան միաբանության միջոցով, որը փորձում էր խաթարել Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը, այն վերցնելով լատինական կաղապարի մեջ:
Հովհաննեսը ծնվել է 1315թ.-ին Սյունյաց աշխարհի Որոտն գավառի Վաղադի, կամ Վաղադին գյուղում, որդին է «Մեծ և փառավոր իշխան» Իվանեի, Օրբելյան ազնվական տոհմից: Վաղ տարիքից մտավ եկեղեցական ասպարեզ և ամբողջապես նվիրվեց գիտությանը և ուսուցչությանը: Իր ժամանակներում ամբողջ հին Հայաստանը գտնվում էր թաթարական ծանր լուծի տակ, սակայն Սյունյաց նահանգի հայ իշխանները կարողացել էին լեզու գտնել տիրող պետական այրերի հետ և թաթար անողորմ և ընչաքաղց հարկահավաքների փոխարեն իրենք էին հավաքում տուրքերը և փոխանցում խալիֆայությանը: Այնպես որ, ԺԳ-ԺԴ դարերում այս շրջանը համեմատաբար ավելի խաղաղ էր և հետևաբար տնտեսական և մշակութային զարգացման համար բարենպաստ պայմաններ կային:
Այս շրջանում Եսայի Նչեցի մեծ վարդապետի ուսուցչապետության ներքո ծաղկում էր Գլաձորի, կամ Գայլաձորի մեծ ուսումնարանը: Հովհաննես Որոտնեցին իր բարձրագույն ուսմունքը այստեղ է ստանում: Իր վարդապետի՝ Եսայի Նչեցու մահից հետո, 1338թ-ին, երիտասարդ հասակում, փոխաղրվում է Տաթևի վանք և այնտեղ հիմնադրում է իր վարժարանը, որտեղ շուտով հավաքվում են մեծ թվով աշակերտներ և կարճ ժամանակի ընթացքում գերազանցում Գլաձորը: Որոտնեցին նաև ուսումնասիրել էր լատիներեն և տեղյակ էր «սխոլաստիկ» ուսման մեթոդին:
Նա մեծ թվով աշակերտներ ունեցավ, որոնցից նշանավորներն էին Մաղաքիա Ղրիմեցին և Գրիգոր Տաթևացին, վերջինս հաջորդեց նրան և նրա օրոք Տաթևի դպրոցը հասավ իր զարգացման գագաթնակետին: Իսկ Մաղաքիա Ղրիմեցին՝ մեծահարուստ ազգատոհմից, մի ազդեցիկ, նախանձահույզ և ազգասեր անձ էր, որ իր հարստությունը և հանդուգն, նախանձահույզ հոգին ամբողջությամբ տրամադրեց ունիթորների դեմ պայքարին: Որոտնեցին որդեգրել էր թշնամու դեմ իր իսկ զենքով պայքարելու սկզբունքը, ուստի երբ ինքը և իր աշակերտները մտավորական զենքով էին պայքարում ունիթորների դեմ, Մաղաքիա Ղրիմեցին ունիթորների ահաբեկչական և բռնության մեթոդներին հակազդելու համար որդեգրում է գործնական և օրինական մեթոդներով պայքարելու սկզբունքը, այդ թվում չխուսափեց բռնություն կիրառել բռնություն կիրառողների նկատմամբ:
Այս շրջանում, դարձյալ Սյունյաց աշխարհում, Սարգիս Վարդապետի ուսուցչության ներքո, ծաղկում էր Ապրակունյաց վանքը: Սակայն այս վարդապետը ունիթորների գրքերից և ուսմունքների միջից «ցանկանում էր միաբանվելու եզրեր գտնել» նրանց հետ, ուստի սկսում է դասախոսություններ կարդալ մի լատին հեղինակի (Պետրոս Արագոնացի) պատրաստած «Առաքինություններ և մոլորություններ» գրքից, որով էլ պատճառ է հանդիսանում Ապրակունիսի վանքի աշակերտների համար, որ սրանք ունիթորությամբ «վարակվեն»: Ղրիմեցին, երբ իմանում է սրա մասին, իր վարդապետից՝ Որոտնեցուց, այնտեղ գնալու, այս «չար գայթակղության» առաջն առնելու և վանքերում տարածվելը խոչնդոտելու թույլատրություն է խնդրում: Այս տեղափոխումը տեղի է ունենում 1380թ.-ին և Որոտեցին, շատ խիստ միջոցներով, ստեղծված գայթակղության առաջն առնում է: Որոտնեցին խիստ և ազդու միջոցներով խոչընդոտում է ստեղծված գայթակղության տարածմանը: Իսկ Սարգիս վարդապետը, որը թեև չէր շեղվել ուղղափառությունից, բայց չէր էլ կարողացել զսպել գայթակղությունը, Մաղաքիա Ղրիմեցու կողմից փոխադրվում է Նախիջևանի Աստապատի վանք, այնտեղ նոր աշակերտներ հավաքելու և ուսում կազմակերպելու համար:
Այս կապակցությամբ Օրմանյանը եզրակացնում է.
«Ապրակունյաց և Աստապատի վանքերը, Ղրիմեցու ձեռնարկած պաշտպանության և պահպանության շնորհիվ, երկու նշանավոր և մեծ վարդապետների ձեռքով արագորեն կազմակերպվեցին և փայլեցին: Ամեն կողմից ուսման ծարավ ունեցող եկեղեցու հավատարիմ աբեղաները, քահանաները և դպիրները խուռներամ դիմեցին սույն վանքերը, և մեծաթիվ աշակերտություն կազմեցին, որոնք նույնիսկ ունիթորական կենտրոնի ուղղափառության համար էլ ջանացին և արդյունավետ պատնեշ եղան օտարամուտ նորութունների առավել տարածվելու համար: Մաղաքիա Ղրիմեցին բազում դյուրություններ պատրաստեց և բազում խոչընդոտներ հաղթահարեց իր կյանքի ընթացքում, որն ավաղ վաղ դադար գտավ» (Ազգապատում):
Արդարև Մաղաքիա Ղրիմեցին, բարկանալով ունիթորների բռնարարքներից, դիմեց ամենախիստ միջոցների՝ նրանց զսպելու համար: Սրա համար ունիթորները Ղրիմեցուն, իր սանամոր միջոցով, որը վարակվել էր ունիթորական ախտով, թունավորեցին:
Որոտնեցին ավելի քան յոթը տարի շարունակեց իր վանական և կրթական գործունեությունն Ապրակունյաց վանքում՝ պատրաստելով բազում կրթյալ աշակերտներ ազգային եկեղեցու պաշտպանության համար: Շատ էր տկարացել Որոտնեցին, երբ արդեն 73 տարեկան էր. «ծանր աշխատությունները և այդ ժամանակի համար սովորական դարձած եկեղեցական կենցաղային խստությունները, նրա մարմինը տկարացրել էին: Նա իր արդյունավետ կյանքը կնքեց հենց 73-րդ տարեդարձի օրը՝ 1388թ.-ի հունվարի 13-ին» (Ազգ) և թաղվեց Ապրակունյաց վանքում, իր նախանձահույզ աշակերտի՝ Մաղաքիա Ղրիմեցու մոտ: Հայսմավուրքը նրա մահը համարում է հունվարի 6-ը և հետևյալ խտացրած բնութագիրն է տալիս. «Նա հոգելից, իմաստուն և ճարտասան, հանճարեղ և աստվածաբան, ուղղափառության քարոզող և ճշմարտության ջատագով այր էր: Կեղծավորներին հանդիմանող էր և հերձվածողներին լռեցնող: Ուղղափառների ուսուցիչ և ստահակներին խրատող, սգավորներին մխիթարող և աղքատներին սփոփող: Ինչպես որ արեգակն իր ճառագայթներն է տարածում աշխարհի վրա, այդպես էլ նա հայտնում էր ուղղափառության ծածուկ գրվածքները և իմաստասիրական խրթին բանաձևերի լուծումները: Նա հույժ գրասեր և ընթերցասեր էր, բարքով հեզ և քաղցրադեմ: Բարձրահասակ էր և բարետես, շքեղ և բարեսեր, զվարթամիտ և ողորմած, մեծապարգև և առատատուր, ամենիմաց և հանճարեղ: Անձանձրույթ ուսուցանող և պատասխանների մեջ անվեհեր, ուղղափառների հանդեպ հեզ և քաղցրաբարո և սաստիկ ահարկու ընդդեմ չարափառ երկաբնակաց: Ամբողջությամբ լցված Աստծո շնորհով, որի հիշատակը օրհնությամբ թող լինի» (Մարզվանցի):
Որոտնեցին հսկայական գրական ժառանգություն է թողել, որոնց մեծ մասը կորուստից փրկվել է ի շնորհիվ Գրիգոր Տաթևացու գրառումների: Այս գրական ժառանգությունից շուրջ 17 հատոր է հիշատակում Պորղարյան արքեպիսկոպոսը իր «Հայ Գրողներ» երկում և պետք է նշենք, որ Որոտնեցու գործերից գրեթե բոլորը ձեռագիր վիճակում են գտնվում: Այս երկերը մեծ մասամբ մեկնութուններ և քարոզներ են, ինչպես նաև իմաստասիրական բացատրություններ Արիստոտելի, Փիլոնի, Պորփյուրի գրվածքների վերաբերյալ: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ս. Արևշատյանը Որոտնեցու իմաստասիրական հայացքի վերաբերյալ վերլուծական մի կարևոր տեսություն ունի: Այստեղից հայտնի է, որ Որոտնեցու կարևոր գործերից առնվազն երկուսը հրատարակվել են Երևանում 1956 թ.-ին:
Իսկ Օրմանյան պատրիարքը Որոտնեցու մահվան վերաբերյալ հետևյալ խորհրդածությունն է անում. «Որոտնեցու գլխավոր փառքը և աշխատանքը եղել է այն, որ եղել է առաջնորդը և նախահայրը այն պայքարի, որն ազգային եկեղեցու վարդապետները մղեցին ունիթորական լատինամոլ ջանքերի դեմ, այդ հոսանքի հանդեպ ամուր պատնեշ դառնալով, այնպես որ հակառակ ունիթորների զորավոր ջանքերի, նրանք ստիպված եղան ընկրկել՝ օտարը տկարացավ և Հայ Եկեղեցին իր ինքնությունը և իսկությունը պահեց: Այդ բազում երախտիքներ ունեցող վարդապետները, բոլորն էլ, կամ Որոտնեցու աշակերտներն էին, կամ Որոտնեցու աշակերտների աշակերտները, այնպես որ առաջին և աներկբա արդյունքը պետք է վերագրել Հովհաննես Որոտնեցուն: Ուստի իրավամբ ասվել է, թե «Պայծառացրեց Հայոց ազգը վարդապետներով և քահանաներով, գեղեցիկ կարգ ու կանոններով և ուղղափառ դավանությամբ և մանավանդ գիշեր և ցերեկ Երնջակ գավառի քրիստոսաատյաց շեղվածների դեմ պայքարելով»: Մեծոփեցին նրա մահը հիշատակելու ժամանակ ասում է. «Հայոց աշխարհում խավար եղավ»: Սակայն մենք պետք է նշենք, թեև ինքը պակասեց, բայց իր վառած ջահն, իր աշակերտների ձեռքով, երկար ժամանակ վառված մնաց, և անշեջ մնաց Հայ Եկեղեցու ավանդության մեջ» (Ազգապատում):
Հաշվի առնելով, որ Հովհաննես Որոտնեցու վարքը տեղ է գտել 1730թ.-ին տպագրված Հայսմավուրքում, կարելի է եզրակացնել, որ արդեն այդ ժամանակներում տոնելի սուրբ էր, բայց պաշտոնապես, վերջնական ձև է ստացել Սիմոն Երևանցի Կաթողիկոսի կողմից 1775 թ.-ին լույս ընծայված Տոնացույցում: Ներկայումս հիշատակվում է Մեծ Պահքի չորրորդ կիրակիին նախընթաց շաբաթ օրը՝ իր անվանակից Հովհաննես Երուսաղեմացու, Հովհաննես Օձնեցու և իր աշակերտ Գրիգոր Տաթևացու հետ:
19-րդ դարում նրա տոնը Գրիգոր Տաթևացու հետ, մի պահ դադարեցինք տոնել, հայ կաթոլիկների հետ միաբանական ջանքերի պատճառով, այդ իսկ պատճառով վերջին տպագրված Հայսմավուրքի մեջ Որոտնեցու և Տաթևացու վարքերը բացակայում են: Ակնարկում ենք Փաստրմալճյանի խմբագրած Հայսմավուրքը, որտեղ արդարև, բացակայում են այս երկու մեծանուն վարդապետների հիշատակությունները:
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
Մեր տոնացույց անցած վերջին սուրբն է և մեր Եկեղեցու վերջին «Եռամեծ» վարդապետը: Իրենից հետո այդպիսի նկարագրով, ոգով, գործունեությամբ և իր արդյունավետությամբ կրոնական գործիչ չի ունեցել Հայ Եկեղեցին: Տաթևացին համարվում է հայրը և հիմնադիրը մեր ներկա վարդապետական դրության և դասակարդի, «Որով էլ,- ասում է Օրմանյանը,- մեր եկեղեցու այժմյան վարդապետները համարվում են Գրիգոր Տաթևացու հետնորդները»:
Սրանից առաջ հիշատակված բոլոր վարդապետները և հայրապետներն առհասարակ ազնվական տներից էին ծագում, իսկ Գրիգոր Տաթևացին ժողովրդի խոնարհ խավերից է սերում: Իր հայրը՝ Սարգիսը, արհեստավոր էր, ով գաղթելով Վանա լճի հյուսիսում գտնվող Արճեշ քաղաքից, հաստատվել էր Վայոց Ձորում՝ Սյունյաց աշխարհում և ամուսնացել էր Փարպեցի մի գեղջուկ աղջկա հետ:
1346թ.-ին Թմուկում ծնվեց Ս. Գրիգոր Տաթևացին: Իր ծնողները, մի քանի վաղամեռ զավակներից հետո, ունենում են Գրիգորին, որպես ուխտի զավակ: Վաղ տարիքից նկատվում էր Գրիգորի հակումը դեպի ուսում և 14 տարեկանում, հազիվ ավարտելով իր շրջանի նախակրթարանը, ուղարկվում է Տաթևի վանք, որտեղ 28 տարի աշակերտում է Հովհաննես Որոտնեցուն, դառնալով նրա բազմաթիվ աշակերտներից ամենանշանավորը:
25 տարեկան հասակում ընկերակցելով իր վարդապետին՝ Որոտնեցուն, ուխտավորաբար գնում է Երուսաղեմ և այնտեղ էլ, Սրբոց Հակոբյանց մայր տաճարում, ստանում է կուսակրոն քահանայության կարգը: 2-3 տարի հետո, Երզնկայում, ստանում է վարդապետական գավազանը: Իսկ ծայրագույն վարդապետության աստիճանին արժանանում է իր վարդապետի կյանքի վերջին տարում, Ապրակունյաց վանքի մեջ, երբ արդեն 40 տարեկան հասուն անձնավորություն էր: Սրանից քիչ անց վախճանվում է Հովհան Որոտնեցին, նրան իր իսկ նշանակումով և բոլորի համաձայնությամբ իբրև ավագ վարդապետ հաջորդում է Գրիգոր Տաթևացին:
Հազիվ երկու տարի մնալով Ապրակունյանց վանքում, 1390թ.-ին տեղափոխվում է Տաթև, որտեղ անց է կացնում իր կյանքի մնացյալ 20-22 տարիները, բացի վերջին երկու տարինների, որոնք անցկացրեց հայրենի Արճեշ շրջանի Մեծոփա վանքում:
Տաթևում, ի թիվս Ապրակունյանց վանքից իր հետ բերած աշակերտների, այլ աշակերտներ էլ հավաքեց և նոր զարկ տվեց վանքի ուսումնարանին և բարձրացրեց իր պատմության ամենաբարձր աստիճանին և իր աշակերտ Մեծոփեցու բառերով «մեր ազգին լուսավորեց ուղղափառ դավանությամբ և հավատով»… իբրև «Քրիստոսածավալ աղբյուր, անմուտ արեգակ և երկրորդ լուսավորիչ» (Ազգապատում): Տաթևանցին նաև հմուտ էր լատիներենի և սխոլաստիկ ուսման մեթոդին:
Իր կյանքի վերջին տարիներին, հավանաբար թշնամու ասպատակություններից ստիպված, կամ իր ուսուցողական աշխատանքներն այլ տեղեր էլ տարածելու միտումով, հարկադրվեց փոխադրվել Մեծոփա վանքը: Իր հետ Վասպուրական վերադարձան նաև այն 10-12 վասպուրականցի վարդապետները որոնք տարիներ առաջ Տաթև էին եկել իրենց բարձրագույն ուսումը կատարելագործելու համար:
Մեծոփի վանքում կային շուրջ ութսուն կրոնավորներ, որոնց Տաթևացին «Աստվածային վարդապետությամբ պայծառապես լուսավորեց»: Դժբախտաբար նա այստեղ ժամավաճառ եղավ և փորձանքի մեջ էլ ընկավ, երբ, հատկապես շրջապատից թելադրվելով, փորձեց վերցնել Աղթամարի կաթողիկոսության վրա ծանրացած բանադրանքը, որը մի ժամանակ՝ 12-րդ դարում, երբ ինքնագլուխ ասպարեզ էր իջել Աղթամարի կաթողիկոսարանը, դրել էին Կիլիկիայում պաշտոնավարած կաթողիկոսները: Այդ բանադրանքը վերացնելու նախապայմանն էր գահընկեց համարել Աղթամարի օրվա կաթողիկոսին՝ Դավթին, և ապա «մեծահանդես ժողով գումարելով՝ բոլորին ազատել մեր հայրերի դրած բանադրանքից»: Տաթևացին, նույնիսկ, այդ օրերի Հակոբ Գ Սսեցի Հայոց կաթողիկոսից էլ արձակման պաշտոնագիր բերել տվեց: Սակայն Աղթամարի անկյալ կաթողիկոսը չցանկացավ ընդունել այս նախաձեռնությունը և Տաթևացուն իր սահմաներից դուրս հալածեց, իսկ Տաթևացին, հիվանդությունից հյուծված լինելով, հազիվ կարողացավ հասնել Տաթև և մեկ շաբաթ անց, 1410թ.-ին, հոգին ավանդեց Աստծուն և մինչ այժմ էլ թաղված է իր սիրելի վանքում և մինչ օրս իր գերեզմանը հարգվում է որպես ուխտատեղի:
Թեև Տաթևացին վախճանվել է դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփանոսի տոնին, սակայն Մարզվանցու Հայսմավուրքի մեջ նրա հիշատակն, ընդարձակ վարքագրությամբ (ավելի քան ութ սյունյակ), դրվել է ապրիլի 27-ին: Որտեղ, իմիջայլոց խոսելով Տաթևացու կենցաղի մասին, ասում է. «Որ իր անտանելի ճգնություններով զարմացնում էր հրեշտակներին, գերազանց իմաստություն և հորդառատ վարդապետություն ուներ, հույժ պահեցող էր և սրբասեր»: Նույն Հայսմավուրքում, չգիտենք, թե որտեղից վերցնելով, հետևյալ նկարագրությունն է տալիս սրբի արտաքին տեսքի. «սքանչելի դեմք ուներ, բարձր հասակ, այնքան գեղեցիկ և շնորհալի էր, որ աշակերտները իրենց վարդապետին նմանեցնում էին հենց Հիսուս Քրիստոսին: Մեծ Գրիգորիոսը՝ Ամենայն Հայոց Վարդապետը, որը գերազանցում էր հին և նոր բոլոր իմաստասերներին և վարդապետներին, ամբողջությամբ լցված էր Ս. Հոգու յոթնարփյան շնորհներով»:
Հետաքրքիր է, որ Հայսմավուրքը համարում է, որ Տաթևացին օտար ազգերին էլ է քարոզել և ասում է. «Շատ բաներ արաբական տառերով նրանց առջև հաստատում էր և պարզաբանում, որ Քրիստոսն Աստված է և շատերը հավատալով մկրտվում էին: Իր կյանքի ողջ ընթացում անվախորեն քարոզում էր Քրիստոսի ավետարանները»: Հաճախ մինչև իսկ մատնանաշում էր դիմացինի հավատքի «սուտ և խաբեություն լինելը»: Եվ ոչ ոք, մինչև իսկ իշխանները, չէին համարձակվում վնասել նրան, քանզի հայտնապես տեսնում էին այն սքանչելիքները, որ Աստված նրա միջոցով անում էր՝ հիվանդների վրա ձեռք դնելով բուժում էր նրանց, զանազան ցավագարների, ավետարանի ընթերցանությամբ, նույն ժամին իսկ Քրիստոսի անունով մաքրում և սփոփում էր ու դևերին հալածում»:
Եվ մինչև իսկ օտարները նրան սիրում և հարգում էին իբրև մի սուրբ անձնավորության (Մարզվանցի). «Պահքով և աղոթքով ողջ – ողջ նահատակում էր իր մարմինը: Ինքն իրեն զարդարում էր ամեն տեսակ մաքուր առաքինություններով: Նրա զգեստը մազեղեն էր և՛ դրսից, և՛ ներսից թոկով գոտևորած: Ինքը և իր աշակերտներն իրենց հոգևոր ծառայությունների, կամ քարոզչության համար ոսկի կամ արծաթ չէին վերցնում: Երկրորդ ձեռք հանդերձներ էլ չունեին և ինչ, որ ողորմության տեսքով ստանում էին, նույն պահին իսկ աղքատներին էին տալիս: Բորբոքված էին Աստվածային Սուրբ Գրքերի սիրով»:
Նրա կյանքի վերջին պահերը Հայսմավուրքի մեջ այսպես է նկարագրվում. «Կանչեց իր աշակերտներին և մեծ հանդիսավորությամբ օրհնեց նրանց՝ տալով վարդապետական գավազանի իշանություն և հրամայեց նրանց «գնալ տեզերքի ոլորտները» (աշխարհի բոլոր կողմերը), առաքյալների նման քարոզելով Քրիստոսի ավետարանը՝ ոչ միայն քրիստոնյաներին, այլև օտարներին: Նրանց պատվիրեց երբեք ոչ մեկից չվախենալ, Սուրբ Գրքի խոսքերը չթաքցնել այլ հայտնապես քարոզել ճշմարտությունը. «Ձեր կյանքի ամբողջ ընթացքում կիրառեք պահեցողությունը և աղոթքը: Ձեր առօրյա կենցաղում հեզ և խոնարհ եղեք և (հարկ եղած դեպքում) պարտավոր եք մեռնել ճշմարտության համար, ձեր բերանից երբեք սուտ չպիտի դուրս գա…: Եվ դեռևս կատարելու և զերծ մնալու բազում պատվերներ տվեց: Կրկնեց. «Մեր սուրբ նախահայրերի ուղիղ վարդապետությունը հայտնապես քարոզեցեք, հատկապես նրանց, ովքեր հակառակվում են դրան» ապա Սուրբ Պատարագ մատուցեց և իր խոսքն ուղղելով իր աշակերտներին՝ եզրակացրեց. «Եկել է ժամանակը, որ գնամ իմ միջնորդի՝ Գրիգոր Լուսավորչի և բոլոր վարդապետների խմբերի մոտ, որոնք կանգնած են Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի աջ կողմում.- և երբ այս խոսքերը դեռևս իր բերանում էր՝ գլուխը դրեց բարձին և ասաց,- Գոհանում եմ Քեզնից՝ Հիսուս Քրիստոս Աստծո Բան, որ այս պահին իմ բազում աշխատություններից ինձ հանգիստ ես պարգևում»: Աստծո երանելի Գրիգոր Վարդապետ Տաթևացին, երբ այս ասաց՝ Աստծուն ավանդեց իր պատվական հոգին»
«Վիթխարի» ասելու չափ մեծ և բազմաթիվ է Տաթևացու գրական ժառանգությունը: Պողարյան արքեպիսկոպոսը թվում է շուրջ 25 հատոր, որոնցից նշանավորներն են «Գիրք Հարցմանց» կոթողային գիրքը, ինչպես նաև «Ամառան» և «Ձմեռան» քարոզագրքերը, որոնք ոչ միայն հաստատում են Տաթևացու առատաբան քարոզչությունը, այլև այն կարևորությունը, որը Տաթևացին տալիս էր քարոզխոսությանը և ճարտասանությանն՝ իր աշակերտներին կրթելու գործում: Բազմացրել և զարգացրել է ամուսնացյալ քահանաների դասերը, իր ձեռքի տակ մեծացել են ոչ միայն հարյուրավոր վարդապետներ և աբեղաներ, այլև ըստ Մեծոփեցի Պատմիչի «Բազում քահանաներ՝ ավելի քան վաթսուն հոգի»: Նաև զարգացրել է գրչագրությունը և գրքերի ընդօրինակումը:
Դոկտոր Ս. Արևշատյանը Տաթևացու կյանքի և իմաստասիրական գործունեության մասին կարևոր հոդված ունի իր «Հայ մշակութային կարևոր գործիքները 5-18-րդ դարերում» (Երևան 1976), որտեղ հետևյալ կարևոր միտքն է հաստատում.
«Գրիգոր Տաթևացին եղել է բացառիկ աշխատասիրության և մեծ եռանդի տեր մարդ: Գիտնական և դասախոս, նկարիչ և գեղագիր, աստվածաբան և եկեղեցական գործիչ: Ծանրաբեռնված լինելով համալսարանի ղեկավարի հոգնատանջ պարտականություններով, ղեկավարել է նաև Ապրակունիսի վանքի դպրոցը, շրջագայել է Հայաստանի քաղաքներով և վանքերով, քարոզներով հանդես եկել աշխարհականների և հոգևորականների մոտ: Ամենուր, այդ թվում Մեծոփի, Երևանի և Սաղմոսավանքի դպրոցներում, իր շուրջը հավաքելով երեխաների հոծ բազմություն՝ դասախոսություններ էր կարդում: Նա Հովհաննես Որոտնեցու հետևորդն էր նաև միարարական շարժման՝ կաթոլիկների ոտնձգությունների դեմ մղվող պայքարում: …Տաթևացին որպես հեռատես քաղաքագետ, բուռն գործունեություն ծավալեց Հայոց հոգևոր կենտրոնը՝ Կաթողիկոսական աթոռը, հեռավոր և պապական խարդավանքների մեջ խճճված Կիլիկիայից Հայաստան տեղափոխելու համար: Երկար պայքարը, որը շարունակվեց նրա աշակերտների կողմից, նպաստեց հայակական եկեղեցու ինքնուրույնության պահպանմանը, Կաթողիկոսական աթոռը Կիլիկյայից տեղափոխվեց Էջմիածին և օտարերկյա լծի պայմաններում դարձավ յուրատեսակ հոգևոր-քաղաքական կենտրոն:
Տոնը նշվում է իր վարդապետի՝ Հովհան Որոտնեցու, Հովհաննես Օձնեցու և Հովհաննես Երուսաղեմի Հայրապետի հետ Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԹԵՎԱՑՈՒ ԵՐԱԽՏԻՔԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԾ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գրիգոր Տաթևացին Հայ եկեղեցու երանաշնորհ վարդապետների շարքի վերջինն է, հատուկ հիշատակումով փառաբանված և «եռամեծ» կոչումով գովված, որը գրեթե մակդիր է դարձել նրա համար: Այդ արտասովոր փառքի հաստատվել է իր անխոնջ աշխատանքով, որով կասեցրեց ունիթորական հոսանքն ու վարակը, որոնք օգտվելով հայ եկեղեցու ընկած և տկարացած վիճակից ցանկանում էին իրենց ձուլել և Հայ ազգային եկեղեցու ինքնուրույնությունը խաթարել:
Գրիգորը, հետևելով այն նույն ուղիղ շավղին, որն իրեն սովորեցրել էր իր արժանավոր Վարդապետը՝ Որոտնեցի Հովհաննեսը, և իր կողմից էլ ավելացնելով այն ամենն, ինչն իր սիրտը և հանճարը թելադրել են, իրեն նվիրեց միայն ուսումնական ճյուղին, կամ պաշտոնապես ասած. Վարդապետական ընթացքին, գրեց և քարոզեց, սովորեցրեց և ավանդեց, և Տաթևական աշակերտությամբ տեր կանգնեց հայադավան ուղղափառությանը և այն ազատեց վտանգավոր վիճակից: Այդ անդուլ ջանքի և պայծառ արդյունքի հանդեպ մի երախտագիտական պարտք է, որ նրա հիշատակը տոնելով կատարում է Եկեղեցին, որի սկզբնավորության թվականը գտնել չհաջողվեց: …18-րդ դարի սկզբներին, հետևելով միավորման նպատակներին, տեսնում ենք որ մի պահ ընդհատվել է նրա հիշատակի տոնակատարությունը, և այս պարագաների հետևանքը եղավ այն, որ այդ ժամանակներում տպագրված Հայսմավուրքից հանեցին նրա տոնը, ինչը, որ Որոտնեցու վերաբերյալ էլ ասացինք:
Անկասկած Տաթևացուն պետք է դասել իր ժամանակի գիտնականների դասին: «Գիրք Հարցմանց»-ը թե՛ ոճով և թե՛ պարունակությամբ, իր առավելություններով և թերություններով հանդերձ, համահավասար տեղ և արժեք ունի միջին դարերում հռչակված լատին աստվածաբանների գործերի հետ, ինչպիսիք են Թովմաս Ակվինացին, Ալբերտոս Սուաբեցին և Սկովտոս Երինացին: Այստեղից եզրակացնում ենք, որ ոչ միայն լատիներենում ունեցած իր հմտությամբ է ցանկացել պայքարել նրանց դեմ, այլև նրանց իսկ մեթոդներով: Մինչև իսկ կարող ենք ասել, որ Գիրք Հարցմանցի խրթին բացատրություններն ավել հասկանալի կարող են դառնալ, եթե դրանք համեմատենք սխոլաստիկների դարձվածքների հետ:
Ճշմարիտ է, որ ներկայումս Տաթևացու ձևը և ոճը գործածական չէ, ինչպես, որ գործածական չէ արևմուտքում սխոլաստիկ ոճը, սակայն իր ժամանակին լատինների դեմ մաքառելու մարտահրավելը ստիպել է Տաթևացուն Հարցմանց Գրքում յուրացնել և հայոց սեփականը դարձնլ այն, տալ նաև այնպիսի վարդապետական լուծումներ, որոնք մեր եկեղեցուն հարազատ և խնդրի առարկա չլինելով հանդերձ, լատինների կողմից առաջ էին քաշվում: Երևում է, որ Տաթևացին ձգտել է ցույց տալ, որ Հայ եկեղեցին իր դավանանքի մեջ ոչ մի թերություն չունի: Սրանցից են եկեղեցու յոթ խորհուրդները, վերջին օծումը, մեղքերի տեսակներն ու աստիճանները, հաղորդության բացատրությունը, ազգաբանական ճյուղահամարները և այլ նմանատիպ նյութեր: «Գիրք Հարցմանց»-ից հետո հաջորդ երկերն են «Ամառան Հատոր» և «Ձմեռան Հատոր» անուններով երկու կտորից բաղկացած, վարդապետական տեսություններով զարդարված քարոզագրքերը, որոնցից, չնայած ոչ այժմեական ոճի, հիմա էլ կարելի է օգտվել: Այս գրվածքներն են, որ անմահացրել և բարձրացրել են Տաթևացու անունն առավել քան, եթե Հայրապետական աստիճանի արժանացած լիներ:
Տաթևացին գրական ժառանգության հետ համատեղ արդյունավետ է եղել իր լայնածավալ ուսուցչությամբ և բազմաթիվ աշակերտներով, որոնք, ինչպես ասացինք, ներկայիս Հայոց վարդապետության հիմքն ունեն: Վերը մի քիչ խոսեցինք նրա աշակերտների մասին, որոնք բոլորն էլ նրա գործունեության արդյունքն են: Վարդապետական կարգում իր ջանքերի և այդ կարգի հանդեպ իր ջերմ զգացմունքների պտուղը եղավ վարդապետական աստիճանի տվչության համար կազմած ծիսական կարգը, որն ինչպես վկայում է Մաշտոց ծիսարանը, կազմել է Տաթևացին: Հորինված կանոնն, իր կազմությամբ, երկար է և պարունակությամբ ծանր և հաշվի առնելով, որ ուրիշ ազգերի նմանատիպ արարողություններից խիստ տարբերվում է, կարելի է կարծել, որ ամբողջությամբ Տաթևացու մտքի արգասիքն է:
Ուրիշ ազգերի մոտ վարդապետական աստիճաններն իրենց գիտական ձևերն են պահում՝ պսակավորին (պաշելիէ), արտոնավորին (լիսանիէ), Մագիստրոսին (դոկտոր) և այս երեք աստիճաններով լրանում է նրանց վարդապետական կարգերը: Հայոց վարդապետությունը, որը համապատասխանում է աստվածաբանության մագիստրոսի աստիճանին, Տաթևացու ժամանակներին 14 աստիճանների դասկարգմամբ, ամբողջությամբ եկեղեցական կերպարանք է առել: Բայց պիտի ասել, որ այս աստիճաններն իրենց հատուկ նշանակությունները և ձևերը չունեն, այլ միայն երկու բաժանումեր կան՝ մեկը 4, մյուսը 10 աստիճաններով, որոնք նաև կոչվում են փոքր և մեծ, նաև մասնավոր և ծայրագույն: Արարողակարգը կազմված է Հին և Նոր կտակարաններից վերցրված համապատասխան ընթերցվածքներով և շարականներով, իսկ աստիճանների թվով գավազանների կրկին և կրկին տվչությունները ցույց են տալիս վարդապետությանը վերաբերվող կետերի տարբերությունները և վարդապետական աստիճանի լայնածավալությունը: Ուսումնառությունը ավարտածներին շնորհվում էր մասնավոր աստիճանը, իսկ ծայրագույնը տրվում էր վարդապետների վարդապետներին, որոնք վանքերում, կամ վանական դպրոցներում և վարդապետանոցներում իրենց հատուկ աշակերտների խումբն էին կազմում և ուսուցանում:
Չենք ցանկանում պատմությունը ընդհատելով համեմատություններ անցկացնել այդ սկզբունքների և այժմ …ընդհանրացած սովորության հետ, որտեղ այժմ անուսներին անգամ ծայրագույն վարդապետության աստիճան է տրվում, մինչդեռ եթե պետք էր դատարկամիտ ցանկությունները գոհացնել, կարելի էր հինգերորդից մինչև տասնչորսերորդ աստիճանների մեջ մի բաժանում անել և օրինակի համար մի ավագ վարդապետության աստիճան էլ ստեղծել հագուրդ տալու համար իշխանատենչ մարդկանց ցանկություններին:
Տաթևացու կազմած արարողակարգի ձևն, իր ընդարձակությամբ, նպատակ է ունեցել ընդգծել ուսման կարևորությունը և մինչև իսկ նրան այնպիսի դիրք տալ, որ եպիսկոպոսականից ավելի փայլ ունենա: Այս միտքն այնքան տարածվեց, որ մինչև իսկ վերջին դարի սկիզբներին ծայրագույն աստիճան ունեցող եպիսկոպոսներին պատվում էին «վարդապետ» կոչելով:
Արդեն Մաշտոցի ծանոթագրությունն էլ ծայրագույն վարդապետներին թույլ է տալիս եկեղեցում աթոռի վրա նստել և «[աշխարհի] բոլոր անկյուններում անարգել քարոզել», հրամայելով լինել անշարժ վեմերի նման և ոչ մի թերություն չունենալ հավատի դավանության, կրոնի կարգ ու կանոնների մեջ և ինչ որ քարոզելու են նախ և առաջ կատարող լինեն:
Արտոնությունները հետզհետե կիրառությունից դուրս են եկել, անշուշտ այն բանի համար, որ ծայրագույն վարդապետներն անիմաստ կերպով շատացել են և իրենց նշանակությունը կորցրել, պարտադրական պայմաններին չեն բավարարում և պետք եղած ձիրքերն էլ չունեն: Նաև շատ խորհրդանշական է Տաթևացու Որոտնեցու մահվան ժամանակ ծայրագույն վարդապետի գավազան ստանալը:
«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը