Ինչպես որ դաստիարակները երեխաներին խրատում են հեռու մնալ վնասակար բաներից, հարատևել օգտակարների մեջ և անժուժկալությամբ չզբաղվել անօգուտ բաներով, այդպես էլ մեզ համար սահմանվեց պահքը՝ անժուժկալության բոլոր վնասների խափանիչը: ….
Ովքեր պահք են պահում սրբությամբ և սահմանված կարգով, նրանք կհանգստանան Քրիստոսի մեջ, որովհետև պահքը բժիշկ է մեզ համար. քանզի, հոգում և մարմնում կրելով անժուժկալության մթերումները՝ մեղքերի բազմատեսակ ճաշակումների վնասը, դիզված ու նեխած այլանդակ խորհուրդները և անմաքուր վարքը, ժուժկալության ու պահքի մեջ մտնելով՝ նորոգվում ենք մեղքի կուտակումներից և լինում սրբության բնակարան: ….
Պահքը ժուժկալներին շնորհում է առողջության անհրաժեշտ դեղը, [քանզի] հոգևոր սիրո ջերմությամբ հալեցնում է աղտեղության մթերումները և փոխարկում առաքինության, անուշահոտ վարքով ցամաքեցնում ու վերացնում է գարշահոտությունը և առողջություն շնորհում մեղքով ապականված հիվանդներին: ….
Պահքը դուրս է վանում մարմնում թաքնված հիվանդությունները. քանզի ինչպես որ մաղձի դեղն է փսխեցնում մաղձը և առողջություն տալիս, այդպես էլ պահքը՝ մեղքերը, որովհետև սնունդը պակասելու դեպքում մարմինը հանդարտվում է ու մաքրվում: …. Այն զորացնում է հոգևոր վարքը և խափանում մարմնական շարժումները, քանզի մեկի զորանալու դեպքում տկարանում է մյուսը: …. Պահքը մարդկանց դրդում է ապաշխարության և ուղղության է բերում: …. Այն հզոր պարիսպ է և ամուր դուռ, որ պահում է վնասակար մտքերից՝ խորամանկ թշնամուց: …. Պահքը խաղաղեցնում է խռովությունները և հանգստացնում բեռնավորվածներին, բոլորին առաջնորդում զգաստության՝ խորհել տալով վերինը, որտեղ Քրիստոս է [տե՛ս Կող. 3.1-2]:
Ինչպես որ ձիու բերանին սանձ դնելով՝ ամբողջ մարմինն է սանձվում ու ենթարկվում հեծյալի կամքին, այնպես էլ մարմնի համար պահքն է հոգևոր պատերազմում: Եվ [անգամ] նա, ում միտքը վառված է արդար և սուրբ խորհուրդներով, իսկ զգայարանները հարդարված են պատվիրանապահությամբ, եթե չունի պահքի ամրություն, հեշտությամբ բռնվում է [հոգևոր] պատերազմի հարձակումների ժամանակ:
Աղբյուր՝ «Գիրք որ կոչի Յաճախապատում՝ ասացեալ սրբոյ հօրն մերոյ երանելւոյն Գրիգորի Լուսաւորչին».
Կ. Պոլիս, 1824,
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի