Այսուհետև՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից, այն ժամանակ, երբ այլազգիները նրան բռնել էին Գեթում, արձանագիր, սաղմոս Դավթի:
Վերնագիրը նորից ցույց է տալիս սաղմոսի էությունը. այն գերիների մասին, որոնք Երուսաղեմից հեռացել էին: Նաև վերաբերում է յուրաքանչյուրին, ով սուրբ պատվիրանից մեղքի պատճառով հեռանում է: Արձանագիրն Աստծո անջնջելի գթությունն է, որ զգացին սրբերը, ինչպես նաև վկաները՝ անսասան մնալով: Նաև այս սաղմոսը, ի թիվս մի քանի այլ սաղմոսների, գտել են Եզեկիայի ժամանակ նրա բարեկամները, երբ Եսայի մարգարեի հետ շրջում էին՝ մաքրելու Սուրբ Գիրքը դիվային խոսքերից, որ խառնվել էին Ամոնի չար թագավորության օրոք: Այդ պատճառով էլ, որը որ մաքուր և հստակ էին գտնում, գրում էին «ի կատաարած», այսինքն՝ մինչև Դավթի սաղմոսի կատարում է եղել և որն էլ քարե արձանի վրա էին գտնում գրած, արձանագիր էին գրում:
1. Ողորմեա ինձ, Աստուած, զի կոխեաց զիս մարդ, զօրհանապազ պատերազմունք նեղեցին զիս:
Ողորմի՛ր ինձ, Աստված, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրյա պատերազմներն ինձ նեղեցին:
Ինչո՞ւ է Աստծո պատկերը կոխոտում Աստծո պատկերին, կամ կավը կավին և չի դողում, քանզի եթե նա ինքն իր աչքին պատվական է թվում, ապա մյուսն էլ է պատվական, իսկ եթե կարծում է, թե նա անարգ է, ապա ինքն էլ է անարգ: Ամենօրյա. Դավիթը նեղության մեջ գտնվելով և իր վրա զգալով գերիների վիշտը, ողորմություն է խնդրում:
2. Կոխեցին զիս թշնամիք իմ զօրհանապազ. բազում եղեն ոյք մարտնչէին ընդ իս ի բարձանց:
Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արին, և շատերն իմ դեմ մարտնչեցին բարձունքից:
Սավուղը Դավթին, ահաբեկելով խոնարհեցրեց նաև այլազգիներին, նաև Նաբուգոդոնոսորը և Նաբուզարդան ոտնատակ արեցին Երուսաղեմի գերիներին ու տաճարը և Բաբելոնում նախատիքներով երկրպագել էին տալիս Բելին: Շատերն իմ դեմ մարտնչեցին բարձունքից. բարձր իշխանության դիրքից կամ դևերը՝ օդից կամ բարձունքից՝ Աստծո թույլտվությամբ: Սա նաև Եզեկիային է վերաբերվում:
3. Ի տուէ ես ո՛չ երկեայց, զի ի Տէր յուսացայ. Աստուծով գովեցից զբանս իմ. յԱստուած յուսացայ և ո՛չ երկեայց, զի՛ արասցէ ինձ մարդ:
Օրը ցերեկով չեմ վախենա, քանզի հույսս դրել եմ Տիրոջ վրա: Աստծով կգովեմ խոսքն իմ: Աստծու վրա դրի իմ հույսը ու չեմ սոսկալու. մարդն ինձ ի՞նչ կարող է անել:
Օրը ցերեկով. Դավիթն իր հոգում ցերեկ ուներ, Եզեկիան՝ տաճարում, գերիները՝ մարգարեական գրքերում, նաև Դանիել և Եզեկիել մարգարեները, ինչպես որ ասում է. «Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում» (Հովհ. 11:10): Աստծով կգովեմ խոսքն իմ. Հոգու միջոցով է իմ խոսքը գովելի, որ ճշմարիտ Աստված է, և նա է, որ խոսում է իմ միջոցով, և երբ մեկը ճշմարիտ խոսքեր է ասում՝ Սուրբ Գրքի վկայությամբ և մարդկանցից չի երկնչում, ապա Հոգու շնորհով է խոսում:
4. Զօրհանապազ զբանս իմ անարգեցին, զինէն էին խորհուրդք նոցա ի չարութեան:
Ամեն օր խոսքերս անարգեցին, նրանց չար խորհուրդներն իմ դեմ եղան:
Խոսքերս. դևերը՝ բանական բնությանը, իսկ քաղդեացիները՝ գերիներին: Իմ դեմ եղան նրանց խորհուրդները. Աստծուն անարգողներն իմ դեմ էին խորհում, որովհետև Աստծու դեմ անզոր էին որևէ բան անել:
5. Պանդուխտք եղիցին, և թաքթաքունք շրջեսցին. նոքա գարշապարի իմում սպասեսցեն՝ որպէս և սպասէին անձին իմոյ:
Նրանք պանդուխտ կլինեն ու գաղտագողի կշրջեն: Նրանք հետապնդում են ինձ, ինչպես իմ մահը ցանկացող մարդիկ:
Նրանք մեր պես պանդուխտ կլինեն և գաղտագողի կշրջեն: Սիմաքոսն ասում է. «գաղտնի էին շրջում և հետևումս թաքնվում»: Նրանք հետապնդում են ինձ. և հետո մեղա գալով ոտքերս էին ընկնում: Ինչպես իմ մահը ցանկացող, որ նախ հոգիս հանելով հեռացնեին ինձնից և սպանեին:
6. Որպէս առ ոչնչէ մերժեսցես զնոսա. բարկութեամբ զժողովուրդս հնազանդեցուսցէս:
Որպես ոչնչություն դու կմերժես նրանց, քո բարկությամբ հնազանդ կդարձնես ժողովուրդներին:
Մենք ոչնչություն ենք համարում նրանց՝ մեր աղոթքների միջոցով մերժելով նրանց փառքը: Քո բարկությամբ հնազանդ կդարձնես. նրանց, ովքեր սիրով և խաղաղությամբ չեն ցանկանում հնազանդվել Դավթին, և քաղդեացիներն էլ կազատեն գերիներին առանց Կյուրոսի:
7. Աստուած, զկեանս իմ պատմեցից քեզ. եդից զարտասուս իմ առաջի քո, որպէս խոստացար դու ինձ:
Աստվա՛ծ, կյանքս քեզ կպատմեմ, արցունքներս առջևդ կդնեմ, ինչպես դու ինձ խոստացար:
Քանզի նրանց աչքերին մեռած եմ [թվում]: Արցունքներս առջևդ կդնեմ. ինչպես զոհաբերություն, որ օրենքով խոստացար, թե երբ ի սրտե արցունքներով խնդրես, ապա կլսեմ քեզ, և որ Աստծո առաջ կարծես գրում է. խոսքը՝ գրիչ և արտասուքը մելան դարձնելով դնում եմ, ասում է, Տիրոջ աչքերի առջև որպեսզի այն մշտապես հաստատուն մնա:
8. Դարձցին թշնամիք իմ յետս իւրեանց. յաւուր յորում կարդացից առ քեզ:
Թշնամիներս ետ կդառնան այն օրը, երբ օգնության կանչեմ քեզ:
Քանզի դա է մեր զենքը և ամուր պարիսպը՝ քեզ օգնության կանչելը: Երբ օգնության կանչեմ քեզ, արդ, մի՛ ծուլացեք: Նաև, սա պատվիրեցիր Մովսեսի միջոցով, ինչպես և առաքյալներին ասացիր. «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ» (Մատթ. 10:16), և «ինչ-որ իմ անունով Հորից խնդրեք, ձեզ կտա» (Հովհ. 15:16):
9. Ահա ծանեայ զի Աստուած իմ ես դու, զԱստուած օրհնեցից ի բանս իմ, և զՏէր գովեցից ի խօսս իմ. յԱստուած յուսացայ և ո՛չ երկեայց, զի արասցէ ինձ մարդ:
Ահա իմացա, որ դու իմ Աստվածն ես: Աստծուն պիտի օրհնեմ իմ բառերով և Տիրոջը պիտի գովեմ իմ խոսքերով:
Ահա իմացա իր կատարած հրաշագործությունների միջոցով: Աստծուն պիտի օրհնեմ. դա է մեր պերճախոսությունը, օրհնությունն ու գովությունը, ինչը որպես աղերս է հայտնի, որի միջոցով մատուցում ենք խոսքը:
10. Յինէն են ուխտք իմ. զոր տաց քեզ օրհնութեամբ Աստուած Աստուած իմ:
Ինձնից է ուխտն իմ, որ օրհնությամբ քեզ պիտի մատուցեմ, Աստվա՛ծ:
Երբ դառնաս դեպի ինձ, կտամ այն, ինչ ուխտեցի և ինձնից է, այսինքն՝ իր անձից, որը բնական օրհնություն է, նոր [երգ]:
11. Փրկեցեր զանձն իմ ի մահուանէ, զաչս իմ յարտասուաց, և զոտս իմ ի գայթագղութենէ. հաճոյ եղէց առաջի Տեառն յերկրին կենդանեաց:
Ինձ փրկեցիր մահվանից, աչքս՝ արտասուքից, և ոտքս՝ գայթակղությունից. ողջերի երկրում ես հաճելի կերևամ Տիրոջ առջև:
Մահվանից. մեղքն է հոգու համար մահ: Աչքս՝ արտասուքից. արտասուքով կփրկվենք այնտեղից, որտեղ ատամներն են կրճտացնում: Եվ ոտքս՝ գայթակղությունից՝ անհավատության մեջ ընկնելուց: Ես հաճելի կերևամ. ով այստեղ հաճելի լինի Աստծուն, հաճելի կլինի նաև ողջերի երկրում:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը