Սրտի մաքրությունն ավելի մեծ աղոթք է, քան բոլոր բարձրաձայն աղոթքները, և հստակված մտքին խառնված լռությունը առավել է որևէ մեկի բարձրագոչ աղաղակից: ….
Մեր [ամենատես] Փրկիչն ուսուցանեց ծածուկ աղոթել՝ ասելով. «Մտի՛ր քո սենյակը և դռները փակելով՝ ծածո՛ւկ աղոթիր քո Հորը» [տե՛ս Մատթ. 6.6]: …. Այս խոսքը նշանակում է. ծածո՛ւկ աղոթիր քո սրտում և փակիր սրտի՛դ դռները: Եվ ի՞նչ է դուռը, եթե ոչ՝ քո բերանը, քանզի [մարմինը] Տիրոջ տաճարն է, ուր բնակվում է Քրիստոս, ինչպես առաքյալն է ասում. «Դուք Աստծո տաճար եք» [տե՛ս Ա Կոր. 3.15]: Եվ քո ներքին մարդը, փակելով դռները, որը քո բերանն է, թող մտնի այս տաճարը և դուռը փակելով՝ այն սրբի բոլոր պղծություններից: …. Ամեն անգամ, երբ աղոթքի ես կանգնում, սիրտդ ուղղիր վեր, իսկ աչքերդ՝ վար, մտիր ներսդ՝ քո ներքին մարդու մեջ, և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, որ երկնքում է: ….
Աղոթքը վայելուչ է, եթե գործերը բարի են. այն ընդունելի է, եթե նրա մեջ խաղաղություն է լինում. լսելի է, եթե նրանով թողություն ես գտնում. սիրված է, եթե սրբված է նենգությունից. զորավոր է, եթե նրանում կատարվում են Աստծո զորությունները:
[Աղոթքի ժամանակ] խնդրվածքն այն է, երբ մեղքերի համար գթություն ու ողորմություն են խնդրում, գոհությունը՝ երբ խնդությամբ գոհանում են երկնավոր Հորից, իսկ օրհնությունը՝ երբ օրհնում են Նրան Իր բոլոր գործերի համար: Նեղության ու վտանգի ժամանակ խնդրվածքների՛ աղոթքը մատուցիր. երբ լցվում ես Նրա բարիքներով, խոստովանությամբ գոհացիր քեզ Տվողից. իսկ երբ միտքդ լի է ուրախությամբ ու ցնծությամբ, օրհնություն և փառք տուր: Եվ քո բոլոր աղոթքները թող [այսպես] ընտրողաբար լինեն Աստծո առջև:
Աղբյուր՝ «Գիրք որ կոչի Զգօն՝ արարեալ սրբոյն Յակոբայ երիցս երանեալ հայրապետին Մծբին քաղաքի».
Կ. Պոլիս, 1824
Փոխադրությունը գրաբարից՝ Շուշան Վարդանյանի