Այսօր ընդ անմարմնոցն դասս պարեն.
որք ի Սեբաստիա ճգնութեամբ պատերազմեալք յաղթեցին թշնամւոյն.
բարեխօսութեամբ սոցա Քրիստոս խնայեա ի մեզ:
Եւ զմոլութիւն անօրէն բռնաւորին. աստուածային արութեամբ վանեալ,
տարեալ ժուժկալութեամբ համբերեցին տանջանացն.
բարեխօսութեամբ սոցա Քրիստոս խնայեա ի մեզ:
Ի ձուլել պատուական մարմնոցն ի դժնդակ օդոյն.
տագնապէին ի լճին սառուցելոյ յանտանելի տանջանացն.
զաչս ի յերկինս համբարձեալ եւ զօգնութիւն ի Քէն խնդրէին.
որ յոյս եւ ապաւէնդ ես քոց սրբոց խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Սեբաստիայի քառասուն մանկանց տօնը սահմանել է Սեբաստիայի հայոց թեմակալ առաջնորդ
Ուխտանես Սեբաստացին 1(մոտ 970-985թթ.):
Նահատակութիւնը՝ Փրկչի 316 թուականի մարտ ամսի իններորդ օրը Սեբաստիա քաղաքում:
Ժամանել ենք Քրիստոսի փառաւորեալ եւ գերահռչակ վկաների` սուրբ քառասուն մանուկների լուսապսակ եւ արփիազարդ, մեծապայծառ եւ ջահաւորեալ, ցանկալի եւ փափագելի տօնին ու արժանացել կատարելու այս բազմահռչակ եւ մեծապատիւ տօնախմբութիւնը, որի համար նրանց ուղղուած գովեստի սկզբում փառք եւ գոհութիւն մատուցենք ամէնքի Տիրոջը` խնդրելով արժանացնել միաբան հաւատով հաղորդ լինել նրանց, հոգեւոր աչքով լինել տեսնողներ եւ նրանց չարչարանակիցներ ու վարձք ունենալ, ինչպէս առաքեալն է ասում. «Հաղորդակի՛ց եղէք սուրբերի կարիքներին» 2:
Երբ թագաւորեց Քրիստոսի եկեղեցու հակառակորդ չար Լիկիանոսը, ով Մեծն Կոստանդիանոսի քեռայրը եւ նրա գահակիցն էր, սկսեց հալածանքներ հարուցել քրիստոսադաւան ժողովրդի դէմ: Նա յօրինում էր նորատեսակ տանջանքներ եւ հրամայում իր տէրութեան մէջ գտնուող դատաւորներին ու քննիչներին դրանցով չարչարել բոլոր քրիստոնեաներին: Այդ ժամանակներում էին ապրում ծագումով Կապադովկիայի Գամիրքից Քրիստոսի քառասուն վկաները` քրիստոսակիր հաւատով գունդ կազմած զօրականները: Նրանք առոյգ, վայելչատես, քաջայաղթ երիտասարդներ էին, որի համար հռովմայեցի զօրագլուխները նրանց կարգեցին արքունի ընտրանի գնդի մէջ՝ դասելով լէգէոնագնդի կազմում, որը գտնւում էր Կապադովկիայում եւ հսկում էր երկրի արեւելեան կողմերի պահպանութիւնը: Այս քառասուն զօրականները իշխանազուններ էին՝ բարեսէր, միախորհուրդ, պանծալի իրենց արիութեամբ եւ առաւել առաջադէմ, քան իրենց զինուորակիցները: Պատերազմներում իրենց մեծամեծ գործերի համար նրանք փառաւորուած եւ պատուելի էին զօրագլուխների եւ ինքնակալների առջեւ, իսկ որ առաւել կարեւոր է, միակամ եւ միասիրտ էին՝ ձուլուած միմեանց Քրիստոսի հաւատով ու սիրով, որի համար նախանձելի էին իրենց հեթանոս նիզակակիցներին:
Գրում է Գրիգոր Նիւսացին, թէ մի անգամ, երբ նրանք արքունի հրամանով կայսերական գնդի հետ գնացել էին պատերազմելու ընդդէմ բարբարոսների 3, հրաշք կատարուեց. եղաւ, որ կայսերական բանակը մի անձուկ վայրում պաշարուեց թշնամիների կողմից, որտեղ զօրքը պապակում էր ծարաւից, քանի որ անջրդի էր տեղանքը, եւ ցամաքել էին մերձակայ հեղեղատները: Մինչ զօրքը ծարաւից նուաղել եւ շնչահեղձ էր լինում, քառասուն զինուորները փոքր-ինչ առանձնացան բանակից եւ սկսեցին աղօթել առ Աստուած, որպէսզի Նա այցելի եւ ցոյց տայ Իր ամենահրաշ զօրութիւնը: Եւ ահա յանկարծ երկինքը մթնեց ամպերով, եղան փայլատակունք եւ ուժգին որոտ, տեղաց յորդառատ անձրեւ այնչափ, որ լցուեցին ողջ ձորերն ու հեղեղատները, որից բարբարոսների բանակը սաստիկ ահաբեկուեց: Այդպէս նրանց աղօթքից կրկնակի նպաստ եղաւ. նախ բանակը յագեցրեց իր ծարաւը եւ ապա, տեսնելով թշնամու շփոթութիւնը, յարձակուեց ու հալածեց նրանց:
Դարձեալ մէկ այլ անգամ, երբ անհամար բարբարոսների խառնիճաղանջ բազմութիւնը յարձակուեց հռովմայեցիների վրայ, ողջ զօրքը աճապարեց փախուստ տալ, սակայն Քրիստոսի քառասուն արի զինուորներն անշարժ մնացին ճակատում՝ յուսալով ոչ թէ իրենց բազուկներին եւ զէնքին, այլ ապաւինելով առ Աստուած ուղղուած իրենց աղօթքներին: Եւ այդպէս միաբան ու սրտապնդուած՝ կանգնեցին իբրեւ ամուր պարիսպ ընդդէմ յարձակուող ամբոխի՝ ահաբեկելով, կոտորելով եւ փախուստի մատնելով թշնամուն:
Արդ, թէպէտ այս առաքինի քառասուն զօրականները երախտահատոյց էին հռովմայեցիների ինքնակալութեանը եւ ակնածելի էին բոլոր իշխանների համար, բայց քանի որ ակներեւ էր նրանց ճշմարիտ հաւատը եւ անարատ կենցաղավարութիւնը, անօրէն թագաւոր Լիկիանոսը նրանց եւս չխնայեց. ամենուր, որտեղ հասնում էր ձեռքը, սկսեց հալածանքներ յարուցել ընդդէմ քրիստոնեաների: Հրաման ուղարկեց Կեսարիայի դուքս Լիւսիասին, ով Կապադովկիայում գտնուող արքունի գնդի հազարապետը եւ վերակացուն էր, որպէսզի ստուգէր զինուորաց դասը եւ եթէ գտնէր քրիստոնեաներ, հարկադրէր նրանց դառնալ հեթանոսութեան, ապա թէ ոչ՝ պատժէր մահուամբ:
Այդ ժամանակներում քառասուն զօրականները գտնւում էին Սեբաստիայում: Լիւսիասը հրաման ուղարկեց Սեբաստիայի Ագրիկողայոս դատաւորին, որ մինչեւ իր ժամանելը հաւաքի նրանց եւ քննութեան ենթարկի:
Երբ այս հրամանը հասաւ Քրիստոսի քաջ զօրականներին, նրանք բնաւ չխռովուեցին եւ չերկմտեցին, այլ սկսեցին քաջալերել միմեանց՝ համարձակ դաւանելու Քրիստոսին եւ կամաւոր յանձն առնելու մահը Փրկչի սիրոյ համար: Խնդրում էին Տիրոջից արժանացնել իրենց նահատակութեան՝ Իր սուրբ անուան փառաւորման համար:
Արդ, եկաւ օրը, երբ ատեան նստեց արիւնարբու Ագրիկողայոս դատաւորը եւ հրամայեց նրանց բոլորին իր առջեւ բերել: Դատաւորը հարցրեց. «Ընտի՛ր զօրականներ, ասացէ՛ք ձեր անունները, որտեղի՞ց էք դուք, եւ ո՞րն է ձեր պաշտամունքը»: Այնժամ նրանք՝ մէկ բերան դարձած, բարձրաձայն ասացին. «Քրիստոնեա՛յ ենք եւ պաշտում են Քրիստոս Աստծուն՝ երկնքի ու երկրի Արարչին, իսկ մեր հայրենիքը Աստուծոյ երկնային քաղաքն է, որը յաւիտենական է»: Դղրդաց ատեանը նրանց միասնական եւ խրորտ ձայնից, բոլորի ականջները պաշարուեցին «քրիստոնեա՛յ ենք» աղաղակով: Նրանցից իւրաքանչիւրն առաջ գալով կրկնում էին նոյն խոստովանութիւնը, եւ ոչ ոք հարկ չհամարեց տալ իր անունը կամ քաղաքը, այլ միայն ասում էին՝ քրիստոնեա՛յ եմ:
Դատաւորն սկսեց մեղմութեամբ խօսել նրանց հետ. «Մեր ինքնակալներին եւ բոլորին յայտնի է ձեր հաւատարիմ ծառայութիւնը արքունիքին, քանզի ամէն բանում երեւելի եղաք եւ ցոյց տուեցիք ձեր քաջութիւնը: Ձեռք բերեցիք բազմապատիկ յաղթանակներ ընդդէմ թշնամիների եւ բոլոր զօրականներից առաջադէմ գտնուելով՝ արժանացաք մեծամեծ պարգեւների: Հիմա եկել է ժամը՝ ցուցաբերելու ձեր նոյն հաւատարմութիւնը մեր անմահ աստուածներին: Արդ, անյապաղ զոհ մատուցէք նրանց, ինչպէս հրամայել է ինքնակալ Լիւսիանոսը»: Ապա ցոյց տուեց ընդդէմ քրիստոնեաների արձակուած արքունի հրովարտակի պատճէնը:
Սուրբերը զուարթադէմ պատասխանեցին. «Եթէ յաղթող ենք գտնուել՝ մահկանացու թագաւորի համար պատերազմ մղելով, ինչպէս դու ինքդ վկայեցիր, որչափ եւս առաւել պատերազմելով անմահ Թագաւորի պատերազմը՝ պիտի յաղթենք բռնաւորների չարահնար կամքին եւ անարժան խորհուրդներին, որոնք բանսարկուի թելադրանքով են»: Ագրիկողայոսն ասաց. «Ո՛վ քաջ զինուորականներ, մի՛ յամառէք: Երկու ընտրութիւն կայ ձեր առջեւ՝ կա՛մ զոհել աստուածներին եւ փառք ունենալ, կա՛մ կորցնել զինուորական պատիւը, մէջքի գօտիների փոխարէն կրել դաժան կապանքները եւ զրկուել արեւի լոյսից: Արդ, մտածէ՛ք եւ ընտրէք, թէ որն է բարին ձեր անձանց համար»:
Եւ նրանք պատասխանեցին. «Ինչ որ լաւ է եւ բարի մեզ համար, հանապազ հոգում է եւ կը հոգայ բարեխնամ Աստուած»: Դատաւորը սաստեց նրանց եւ ասաց. «Ձեր խօսքերով ժամավաճառութիւն մի՛ արէք: Գնացէ՛ք եւ խորհէ՛ք, թէ որն է ձեր օգուտը եւ վաղը պատրաստ եղէք՝ զոհելու աստուածներին»: Այս ասելով՝ հրամայեց նրանց տանել եւ արգելափակել բանտում:
Երբ իջաւ երեկոն, սկսեցին սաղմոսերգել. «Ով բնակւում է Բարձրեալի օգնութեամբ, երկնքում կը հանգստանայ Աստուծոյ հովանու տակ: Տիրոջը կ՚ասի՝ Դու ես ինձ ընդունողը, իմ ապաւէն Աստուած: Ես կը յուսամ Նրան, Նա ինձ կը փրկի որսողի որոգայթներից» եւ այլն՝ ըստ կարգի:
Եւ ահա կէսգիշերին բանտում նրանց երեւաց Փրկիչը՝ ահաւորափայլ ծագմամբ եւ ասաց. «Զօրացէ՛ք, Իմ նահատակնե՛ր, բարի է ձեր պայքարը: Ով համբերի, կը ստանայ կեանքի պսակը»: Եւ ապա աներեւոյթ եղաւ: Այս խօսքերից բոլորը լցուեցին խնդութեամբ, վերացաւ քունը նրանց աչքերից, եւ այդպէս յարատեւ աղօթեցին մինչեւ լուսաբաց:
Յաջորդ օրը դատաւորն իր մեծամեծներով ատեան նստեց եւ հրամայեց իր առջեւ բերել սուրբերին: Եկան քառասուն մանուկները եւ կանգնեցին բեմին յանդիման: Աղօթքներով եւ հոգեւոր խօսքերով ընկերներին առաջնորդում եւ քաջալերում էր սուրբ Կիւրիոնը, իսկ ատեանի առջեւ՝ երանելի Կանդիտոսը եւ Դոմնոսը: Ագրիկողայոսն սկսեց մեղմօրէն խօսել՝ ասելով. «Ինքնակալի գնդում չկան ձեր նման վայելչատես, այդչափ իմաստուն եւ ամէն բանում ընտիր զօրականներ: Ոչ ոք մեզ այնպէս գովելի եւ այնչափ սիրելի չէ, որքան դուք: Մի՛ արէք այնպէս, որ այդ սէրն ատելութեան փոխուի, ինչպէս մեղրի քաղցրութիւնը լեղու դառնութեան, քանզի ձեր ձեռքերում է թէ՛ սիրուն եւ թէ՛ ատելութեանն ընդառաջ գնալը»:
Երանելի Կանդիտոսը, չտանելով շողոքորթ իշխանի դիւական հրապոյրները եւ կամենալով նրա փաղաքշական խօսքերը դարձնել բարկութեան, համարձակ ասաց. «Աղուեսաբարոյ շողոքորթութեանդ համաձայն՝ իրապէս Ագրիկողայոս, այսինքն վայրենի շողոքորթ ես կոչւում»: Դատաւորը հասկանալով, որ սուրբերը կամենում են բորբոքել իր բարկութիւնը, որպէսզի չխնայի իրենց, ասաց. «Չասացի՞ ձեզ, որ ձեր ձեռքերում է ընտրել սէրը կամ ատելութիւնը, սիրելը եւ սիրուելը, ատելը եւ ատելի լինելը»: Սուրբ Կանդիտոսն ասաց. «Քանի որ մերն է ընտրութիւնը, ապա իմացի՛ր, որ մենք սիրում ենք Աստծուն, իսկ քեզ ատում ենք, որովհետեւ դու կամենում ես հեռացնել մեզ Աստծուց, ո՛վ Աստուծոյ թշնամի, հակառակո՛րդ ճշմարտութեան եւ որդի՛ կորստեան»: Այս լսելով՝ դատաւորը մռնչաց առիւծի պէս եւ դահիճներին հրամայեց շղթաներով ամուր կապել նրանց ոտքերը, ձգել պարաններով ու բանտ նետել: Այնժամ քաջ նահատակ Կիւրիոնն ասաց դատաւորին. «Քանի որ մենք արքունի գնդի ընտիր զօրականներ ենք, դու մեզ չարչարանքներով տանջելու իշխանութիւն չունես, եւ ոչ էլ այդպիսի հրաման ունես կայսերական գնդի վերակացու եւ հազարապետ Լիւսիասից, այլ պէտք է միայն հարցաքննես մեզ: Այժմ դու իմացար մեր կամքը: Արդ, հաղորդի՛ր այն հազարապետին եւ ապա արա՛ ինչ կամենում ես»: Դատաւորը, վախենալով այդ խօսքերից, հրամայեց արձակել նրանց ոտքերի շղթաները եւ անվնաս տանել բանտ՝ պատուիրելով բանտապետ Ագղայոսին զգուշութեամբ հսկել նրանց մինչեւ դուքսի ժամանելը:
Բանտում երանելի վկաները յորդորում եւ մխիթարում էին միմեանց: Մանաւանդ սուրբ Կիւրիոնն ուսուցանում էր գիշեր թէ ցերեկ եւ աստուածային սէրը բորբոքում նրանց մէջ: «Լսէ՛ք ինձ, իմ քաջ եղբայրնե՛ր եւ նիզակակիցնե՛ր: Այս ամէնը կատարւում է Աստուծոյ նախախնամութեամբ, քանզի մենք, որ ըստ մարմնի, բնակութեան եւ ազգականութեան հեռու էինք միմեանցից, բայց ըստ հոգու՝ Քրիստոսի կցորդութեամբ հարազատ կերպով կապուեցինք միմեանց եւ զինուորական գործում միմեանց ընկերներ ու բարեկամներ դարձանք այնչափ, որ մարդիկ կարծում էին, թէ նոյն հայրն ու մայրն ունեցող եղբայրներ ենք: Եւ թող չլինի, որ բաժանուենք միմեանցից, չլինի, որ երկիւղը մօտենայ ձեր արիութեանը, այլ ինչպէս որ ապրեցին որպէս մի սիրտ ու մի հոգի, նոյնպէս էլ մի շնչով նահատակուենք ճշմարտութեան վկայութեան համար: Ինչպէս որ այստեղ քաջ հանդիսացանք եւ գովելի գտնուեցինք՝ հպատակուելով երկրաւոր թագաւորին, այնպէս էլ այժմ շտապենք պարզերես լինել մեր երկնաւոր Թագաւորի առջեւ եւ ընդունենք յաղթութեան պսակը Բարձրեալի աջից»:
Եօթ օր անց եկաւ Սեբաստիայի Լիւսիաս հազարապետը եւ յաջորդ օրն իսկ դատաւորի հետ ատեան նստեց: Հրամայեց բերել քառասուն զօրականներին: Երբ երանելիներն իմացան, որ դարձեալ քննութեան են կանչւում, երանելի Կիւրիոնը մինչեւ ատեան հասնելը ողջ ճանապարհին անվերջ յորդորում եւ ամրացնում էր ընկերներին՝ ասելով. «Զօրացէ՛ք, եղբայրնե՛ր եւ զօրավի՛գ եղէք միմեանց: Մարտնչէ՛ք քաջութեամբ եւ մի՛ մոռացէք օգնութեան կանչել Տիրոջը: Թող ոչինչ չխռովեցնի ձեզ: Արդեօք պատերազմ գնալիս օգնութեան չէինք կանչում Բարձրեալ Տիրոջը, Ով լսում եւ օգնական էր լինում մեզ, եւ մենք յաղթում էինք Նրա զօրութեամբ: Յիշէ՛ք, թէ ինչպէս մեծ պատերազմում ողջ գունդը փախուստ տուեց, միայն մենք՝ Քրիստոսի քառասուն զօրականներս, մնացինք ընդդէմ թշնամու: Եւ երբ արտասուքներով աղաղակեցինք Տիրոջը, Նա մեզ զօրութիւն տուեց, որով արիանալով՝ ոմանց կոտորեցինք, ոմանց փախուստի մատնեցինք, եւ բազմամբոխ գնդի մէջ մեզանից ոչ ոք չվնասուեց: Մենք այժմ միայն երեք թշնամի ունենք մեր առջեւ, որ պատերազմում են մեր դէմ՝ սատանան, դուքսը եւ դատաւորը, իսկ առաւել ստոյգ՝ մեր ոսոխը միայն մեր հին թշնամին է՝ անզօր բռնաւորը: Եղբայրնե՛ր, կանչէ՛ք Տիրոջը, եւ Տէրը կը տայ Իր օգնականութիւնը, ու ոչինչ չի կարող յաղթել մեզ, ո՛չ չարի աներեւոյթ յարձակումները, ո՛չ մեր մարմինների կապանքները կամ տանջանքները եւ ո՛չ էլ մահը: Ամէն անգամ պատերազմ գնալիս սաղմոսում էինք՝ ասելով. «Աստուա՛ծ, Քո սուրբ անուան համար պահի՛ր մեզ եւ Քո զօրութեամբ արդարացրո՛ւ մեզ: Աստուա՛ծ, լսի՛ր մեր աղօթքները, ակա՛նջ դիր մեր բերանի խօսքերին»: Ասացէ՛ք այդ սաղմոսը, եւ Աստուած կը լսի ու օգնական կը լինի մեզ»: Եւ սաղմոսը շուրթերին՝ միաբան եկան կանգնեցին ատեանի առջեւ:
Դուքսը, նայելով նրանց իբրեւ իր սիրելիների, ասաց դատաւորին. «Տեսնո՞ւմ ես այս արի զօրականներին, ովքեր փառաւորուած են արքայի եւ իմ կողմից, ու առաւել կը փառաւորուեն, եթէ ընդունեն իմ բարի խորհուրդները»: Ապա իր խօսքն ուղղելով նրանց՝ ասաց. «Յիրաւի, դուք կարող էք առաւել մեծ պատիւ եւ բազում պարգեւներ ստանալ, քան ողջ զինուորական դասը, քանի որ դուք նրանցից կատարեալ էք թէ՛ տեսքով եւ թէ՛ ձեր յաջողութիւններով: Ես ձեզ կ՚արժանացնեմ առաւել մեծ փառքի, եթէ ընդունէք արքունի հրամանները. դուք պէտք է ընտրէք երկուսից մէկը՝ կա՛մ զոհել կուռքերին եւ արժանանալ առաւելագոյն պատուի ու հարստութեան, կա՛մ ձեր անհնազանդութեամբ զրկուել զինուորական գօտուց եւ մատնուել մահացու տանջանքների»:
Այնժամ սուրբ Կանդիտոսը, տեսնելով իր ընկերների նշանացի հայեացքները, աներկիւղ առաջ եկաւ եւ ասաց բոլորի անունից. «Ահաւասիկ, թող քեզ լինեն մեր զինուորական գօտիները եւ մեր մարմինները, միայն թէ մեր հոգիները պահուեն Նրա ձեռքով, Ով մեզ գնեց Իր պատուական արեամբ: Չլինի թէ փոխանակենք անցաւոր փառքն ու մարմնաւոր կեանքը Քրիստոսի հետ, որովհետեւ չկայ մեր Փրկչի սիրուց առաւել այլ պատուական բան մեզ համար: Եւ անհնար է, որ մահկանացու մարդուն պատուենք առաւել, քան կենդանի Աստծուն»:
Դուքսն այս խօսքերից լցուեց ցասումով եւ ատեանի սպասաւորներին հրամայեց քարերով հարուածել նրանց երեսներին ու բերաններին: Կանդիտոսն ասաց. «Առաջնո՛րդ խաւարի եւ վարդապե՛տ անօրէնութեան, կատարի՛ր քո չար կամքը, բայց իմացի՛ր, որ շատ շուտով պիտի տեսնես քեզ ի վերուստ եկած վրէժխնդրութիւնը եւ պատուհասը»:
Այնժամ սկսեցին քարերով խփել սուրբերին, սակայն շփոթութիւն ընկաւ նրանց մէջ, շուարեցին եւ, մէկը միւսի դէմ ելնելով, սկսեցին հարուածել իրար: Ովքեր ջանում էին սուրբերին խփել, իրենք իրենց էին վնասում, որովհետեւ քարերը սուրբերին չէին կպչում, այլ յետ էին դառնում իրենց՝ ձգողների վրայ:
Տեսնելով այս հրաշքը եւ ապաւինելով Աստծուն՝ երանելի նահատակները զգեստաւորուեցին նոր քաջալերութեամբ: Իսկ դուքսը, սաստկապէս զայրանալով կատարուածի վրայ, մի քար վերցրեց, որպէսզի ուժգնութեամբ հարուածի սուրբերից մէկի երեսին, սակայն զայրոյթից վրիպելով՝ հարուածեց դատաւորին եւ փշրեց նրա ծնօտը: Այնժամ սուրբ Կիւրիոնն ասաց. «Տէ՛ր, մեզ նեղողներն ու մեր թշնամիները տկարացան եւ ընկան: Այո՛, Տէ՛ր, քանզի Դու հրամայեցիր, եւ նրանց սրերը մտան իրենց սրտերը, ու փշրուեցին նրանց աղեղները»: Իսկ ցաւից մոլեգնած դատաւորը գոչում էր. «Երդւում եմ իմ աստուածներով, որ նրանք մոգութեամբ են քարերը դարձնում դէպի մեզ»: Սուրբ Դոմնոսն ասաց նրան. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ յաղթեց մեր Աստուածը, եւ ձեզ, որ անիրաւութեամբ էիք խօսում ընդդէմ արդարների, մատնեց նախատինքների եւ պարտութեան: Եւ ո՛վ անօրէն Ագրիկողայոս, առաջնո՛րդ գայթակղութիւնների եւ յորդորի՛չ չարիքների, ինչո՞ւ չես պատկառում Աստծուց, ինչպէս որ Լիւսիասը: Դուք՝ իբրեւ սատանայի գլուխ եւ պոչ, միաբանուել էք ընդդէմ ճշմարտութեան եւ Աստուծոյ հրաշքները դեւերին էք վերագրում: Մենք չնահանջեցինք առաջին մրցապայքարից եւ պատրաստ ենք Աստուծոյ զօրութեամբ մտնել նաեւ երկրորդ մրցասպարէզ»:
Իսկ սպասաւորները սաստում էին սուրբերին եւ ասում. «Ո՛վ անմիտներ, դուք արժանի չէք աստուածների մարդասիրութեանը, ինչո՞ւ զոհ չէք մատուցում նրանց, որպէսզի սիրելի լինէք իշխաններին եւ ինքնակալներին»: Սուրբ Կիւրիոնն ասաց. «Մեր Փրկչի շնորհով մենք մերձաւոր եւ սիրելի ենք մեր Արարչին, որովհետեւ պաշտում ենք մի Աստուծոյ, Նրա Միածին Որդուն՝ Յիսուս Քրիստոսին, եւ Ամենասուրբ Հոգուն: Մենք համբերում ենք Նրա օրհնութեամբ եւ պէտք է աւարտին հասցնենք մեր առաջիկայ նահատակութիւնը: Մեր զօրացուցիչը Նա ինքը մեր Տէրն է, Ով առաջնորդում է մեզ եւ բացում մեր բերանները՝ ասելու ճշմարտութիւնը, յաղթութիւն տալիս չարիքներ նիւթող ձեր հնարքներին, որպէսզի ինքնազօր եւ ամենակալ Թագաւորից ընդունենք անապական պսակներ»: Դուքսը հրամայեց նրանց բանտ տանել, մինչեւ որոշի, թէ ինչպէս պատուհասի նրանց:
Իսկ սուրբերը բանտում սկսեցին սաղմոսել: Եւ ահա նրանք ձայն լսեցին. երեւաց Փրկիչը եւ ասաց. «Ով հաւատայ Ինձ, թէպէտ մեռնի, բայց կ՚ապրի: Քաջալերուէ՛ք եւ մի՛ երկնչէք բռնաւորների տանջանքներից, որովհետեւ դրանք ժամանակաւոր են: Համբերէ՛ք փոքր-ինչ եւ կ՚ընդունէք անապական երկնաւոր պսակներ»: Սուրբերի երջանիկ դասը ցնծութեամբ առաւ այդ աւետիսը եւ միաբերան փառաբանեց Աստծուն: Նրանք խոնարհուելով երկրպագեցին Տիրոջը եւ գոհանալով փառաւորեցին Նրան: Փրկչի երկինք վերանալուց յետոյ երանելիները լցուեցին հոգեւոր օրհնութեամբ եւ զարմանքով սքանչացան Աստուծոյ մարդասիրութեան վրայ: Եւ այդպէս մխիթարուած՝ ողջ գիշեր անցկացրին հարազուարճ ուրախութեամբ ու ցնծութեամբ:
Յաջորդ օրը նրանց դարձեալ ատեան կանչեցին, եւ երբ կանգնեցին բռնաւորներին յանդիման՝ աճապարելով ասացին դուքսին. «Շատ մի՛ հարցաքննիր եւ մի՛ յապաղիր: Արա՛ ինչ մտադիր ես, որովհետեւ մենք չենք ուրանայ Քրիստոսին եւ չենք զոհի ձեր կուռքերին: Կատարէ՛ք ձեր թագաւորի հրամանը, քանզի ոչինչ չի կարող մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց՝ ո՛չ սպառնալիքները, ո՛չ պատիժները, ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ տանջանքները, ո՛չ անցաւոր չարչարանքները եւ ո՛չ էլ մահը: Մենք հաւատում ենք, որ չէք կարող յաղթել մեզ, որովհետեւ ձեր խորհրդատուն սատանան է, իսկ մեզ զօրութիւն տուողը՝ Քրիստոս»: Սուրբերը տեսան դատաւորի աջ կողմում նստած սատանային. սուր կար նրա աջ ձեռքում, իսկ ձախ ձեռքին՝ մի ահագնակերպ վիշապ: Նա, հակուած Ագրիկողայոսի կողմը, ասում էր նրա ականջին. «Դու իւրային ես, մարտնչի՛ր արիաբար»:
Այնժամ դքսի հետ միաբանուած դատաւորը հրամայեց մերկացնել քառասուն մանուկներին, մէկմէկու կապել նրանց պարանոցները եւ գիշերամուտին նետել Սեբաստիա քաղաքին մերձ գտնուող սառն ու դառնաշունչ լճի մէջ, որպէսզի կա՛մ խեղդուեն, կա՛մ ողջ-ողջ սառչեն անամպ ձմեռուայ պաղ ջրի մէջ: Բանտապետի հետ նրանց վրայ կարգեց նաեւ պահապաններ, որպէսզի ոչ ոք չփախչի, բայց նաեւ նրանց գայթակղեցնելու համար պատուիրեց լճի մօտ բաղնիք տաքացնել, որպէսզի ով կամենայ ուրանալ իր հաւատը եւ փրկուել, գնայ դէպի բաղնիքը:
Երեկոյեան ժամին նրանց մերկացրած իջեցրին լճի մէջ:
Ճմլւում է իմ սիրտը, եւ աչքերս լցւում են արտասուքներով, տկարանում է լեզուս՝ պատմելու Աստուծոյ սուրբերի տանջանքների եւ տառապանքների մասին: Արեգակն աւարտեց իր ընթացքը, իսկ գիշերը սփռեց խաւարը եւ ծածկեց աշխարհը: Աստիճանաբար ցրտում էր օդը, սառչում էր ջուրը, փչում եղիամաբեր հիւսիսային հողմը, եւ սառոյցն էր պատում, թանձրանում ու քարանում նրանց մերկ մարմինների վրայ: Սուրբերի մարմիններն սկսեցին ճեղքուել, պատռուեց նրանց մաշկը, ճարճատուեցին նրանց ոսկորները, յորդահոս աղբիւրի պէս հոսեց նրանց արիւնը, եւ կապուտակ լիճը կարմիր գոյն ստացաւ:
Սարսափելի էին նրանց տանջանքները: Նահատակները յորդորում էին միմեանց եւ ասում. «Պի՛նդ կացէք, եղբայրնե՛ր, մի՛ վհատուէք, մի՛ վախեցէք եւ մի՛ խոտորուէք, որովհետեւ Աստուած մեզ չի՛ թողնի: Փոխանակենք մեր արիւնը Քրիստոսի արեան հետ, ջրով պատարագենք մեր մարմինները Աստծուն: Քայքայուեցին մեր մարմինները, հեղուեց մեր արիւնը, միայն մեր հաւատը մնաց յոյսով հաստատուն: Թող մահը մեզ չբաժանի: Միաբան լինենք նաեւ տանջանքների մէջ, որպէսզի միասին էլ պսակներ ստանանք»: Այսպէս սուրբերը յորդորում էին միմեանց եւ աղօթում առ Աստուած:
Բայց, աւա՜ղ, գիշերուայ առաջին պահին, երբ ցուրտը սաստկացաւ, նրանցից մէկը, չդիմանալով անտանելի տանջանքներին եւ զատուելով երանելի ընկերների ցանկալի միաբանութիւնից, հեռացաւ սուրբ գնդից եւ մտաւ բաղնիք, որը չարահնարները պատրաստել էին նրանց գայթակղելու համար: Սակայն տաք ջրից անմիջապէս քայքայուեց նրա սառած մարմինը ու, դիմամարտելով սաստիկ ցրտի եւ ջերմութեան միջեւ, կտրուեց շունչը: Այդպէս մահուամբ կորստեան մատնուեց: Նա չարչարուեց մարմնով, բայց չարդարացաւ հոգով: Կորցրեց թէ՛ մարմինը, թէ՛ հոգին, չարչարուեց, բայց չպսակուեց: Այսպիսինն է ոչ ժուժկալների պայքարի աւարտը, այսպիսինն է ծոյլերի վիճակը: Աւա՜ղ, եւ եղուկ թշուառականին: Արտասուելի է նրա կորուստը:
Ո՞վ կարող է ասել, թէ ինչպէս մորմոքուեցին երանելիների սրտերը իրենց դասակցի ողբալի կորստեան համար, ով լքեց իրենց եւ չար որսողի բաժինը դարձաւ: Նրանք վշտանում էին եւ հառաչանքներով ողբում կորած ոչխարի համար: Սուգն ու թախիծը պատել-պաշարել էր երանելիներին: Յուսալով Փրկչի մարդասիրութեանը՝ արտասուքներով միաբերան պաղատում էին Ամենակալին, հայցում Նրա գութն ու ողորմութիւնը՝ ասելով. «Տէ՛ր, չլինի թէ, որ մենք էլ հեռանանք Քեզնից, ինչպէս նա, ով հոսեց իբրեւ ջուր, եւ ցրուեցին նրա բոլոր ոսկորները: Մեր ամբողջ սրտով Քեզ ենք ապաւինում, անդադար Քո անունն ենք կանչում եւ փառաւորում Քո սուրբ անունը: Լսի՛ր մեզ, Տէ՛ր, ինչպէս լսում ես բոլոր սուրբերին Քեզ աղաղակելիս: Լսի՛ր մեզ, Տէ՛ր, ինչպէս լսում էիր Յակոբին, երբ նա փախչում էր Եսաւից, երբ Յովսէփի հետ էիր նրան վաճառելիս եւ փրկում էիր նրան բոլոր փորձութիւններից, երբ լսում էիր Մովսէսին, ու նա հրաշքներ էր գործում փարաւոնի եւ ողջ ժողովրդի առջեւ: Դու լսեցիր Քո աշակերտներին նրանց նաւակոծութեան պահին: Լսի՛ր եւ այժմ մեզ, Տէ՛ր, թող չընկղմեն մեզ ջրի յորձանքները, եւ թող չխորտակուենք անդունդների խորքերում: Օգնի՛ր մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, քանզի թուլացան մեր բազուկները, անզգայացան մեր պաղած ոտքերը, եւ ներկուեցին մեր մարմինները մեր արեամբ: Տէ՛ր, թեթեւացրո՛ւ այս դժնդակ ցուրտը, որպէսզի բոլորը տեսնեն, որ մենք ապաւինեցինք Քո օգնականութեանը եւ փրկուեցինք»:
Աչքերը վեր բարձրացրած՝ արտասուալից օգնութիւն էին խնդրում Տիրոջից, որ չպակասի իրենցից քառասուն խորհրդաւոր թիւը, այլ մնալ թուով քառասուն, լինել Քրիստոսի հետ եւ մի լինելով՝ պսակուել հաւասարապէս: Երգում էին երեք մանուկների երգը եւ սաղմոսում:
Երրորդ օրն էր, որ սուրբերը գտնւում էին լճում: Եւ ահա գիշերուայ երրորդ ժամին մինչ աղօթում էին, յանկարծակիի եկան զարմանահրաշ սքանչելիքից. նրանց շուրջ ծագեց Արեգակը, անմիջապէս սառնամանիքը փոխուեց ջերմութեան, ձմեռը՝ ամռան: Սակայն դա ոչ թէ արևածագ էր, այլ Քրիստոսի էջքը եւ գերագոյն Լոյսը: Դա Արդարութեան Արեգակի զօրութիւնն էր, որ ի մխիթարութիւն երեւաց նրանց անճառելի ճառագայթներով եւ Քրիստոսաէջ գերափայլ լոյսով: Ինքը՝ Սերովբէների Թագաւորը, ի վերուստ իջնելով, այցելեց Իր ծառաներին: Նրանք վեր բարձրացրած իրենց աչքերով մատնացոյց էին անում եւ մէկը միւսին ասում. «Մեր Տէրը եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս ծագեցրեց Իր լոյսը, տեսէ՛ք եւ ցնծացէ՛ք: Այժմ գիշեր է, եւ արեւի դուրս գալու ժամը չէ: Իսկ այս Արեգակը, որ երեւում է մեզ, մեր Տէրը եւ մեր Յոյսն է: Արդարեւ ծագեց անմուտ Արեգակը եւ անհասանելի Լոյսը»: Այս հրաշքի համար արթուն եւ հրեշտակային սուրբերը գոհութիւն էին մատուցում, իսկ պահապանները քնել էին թանձր նիրհով եւ լոյսից խաւարած՝ չտեսան այդ հրաշքը: Միայն նրանցից մէկը, ով արթուն էր մնացել ու վերակացու էր կարգուած, զարմանքով լսում էր երանելիների աղօթքները: Իր մէջ նա խորհում էր, թէ ինչպէ՞ս նրանցից այն մէկը, ով մտաւ բաղնիք, մեռաւ՝ պատուհասուելով ջերմութիւնից, իսկ այս երեսունինը ընկերները, ովքեր աղօթում են սառը ջրի մէջ, տակաւին ողջ են: Տեսաւ նաեւ նրանց վրայ ծագող լոյսը, որից աւելի ու աւելի զարմանալով, նայեց երկնքին ու մտածեց, թէ որտեղի՞ց է ծագում այդ գիշերային սքանչելի լոյսի ճառագայթը: Եւ ահա լոյսի նշոյլների միջից տեսաւ նաեւ, որ ըստ լճում գտնուողների թուի՝ երկնքից նոյնքան թուով՝ երեսունինը պսակներ իջան սուրբերի վրայ: Եւ հասկացաւ, որ քանի որ նրանցից հեռացած մէկը չմտաւ նրանց համրանքի մէջ, մէկ պսակ պակաս իջաւ:
Տէրը բացեց նրա աչքերը, եւ նրա սիրտը լցուեց զրկուածի տեղը լրացնելու փափագով՝ չիմանալով, որ Տէրը իրեն ընտրեց որպէս Մատաթիա՝ Յուդայի փոխարէն: Նորոգուեց նրա սիրտը, եւ նոր մարդ դարձաւ, շտապ արթնացրեց իր հետ եղող միւս պահապաններին եւ, ցած դնելով զէնքերը, մերկացաւ զգեստներից ու նետուեց լիճը՝ խառնուելով սուրբերի դասին: Միանալով բարձրագոչ աղաղակեց. «Բարձրեալ եւ ճշմարիտ Աստուա՛ծ, հաւատում եմ Քեզ, ում հաւատում են Քո այս ճշմարիտ ծառաները: Աղաչում եմ Քեզ, կարգիր ինձ նրանց թւում եւ արժանացրո՛ւ ինձ եւս հաղորդ լինել նրանց փորձութիւններին եւ չարչարանքներին»:
Անպատմելի եղաւ սուրբերի ուրախութիւնը: Այնժամ սուրբ Կիւրոնն իր երանելի ընկերների ձայնակցութեամբ ասաց. «Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում: Դու ես միայն, Տէ՛ր Աստուած, որ հրաշքներ ես գործում: Դու ոչնչացրիր մեր թշնամիներին եւ ամաչեցրիր սատանային եւ Քո անճառելի մարդասիրութեամբ լրացրեցիր մեր չորրորդ տասնեակը՝ ամօթահար անելով չար բանսարկուին»:
Գիշերուայ այս պայծառ տեսիլքից յետոյ բացուեց առաւօտը: Եկան բռնաւորները՝ տեսնելու, թէ ինչ են եղել քառասուն զինուորները, եւ նրանց մէջ տեսան բաղնէպանին: Հարցրեցին պահապաններին, թէ ինչո՞ւ նա իրեն հաւասարեցրեց մահապարտներին, եւ նրանք ասացին. «Նա ողջ գիշեր արթուն մնաց, իսկ մենք թմրել էինք խոր գիշերուայ մէջ: Յանկարծ նա արթնացրեց մեզ, եւ մենք տեսանք արեգակի պայծառ լոյսը՝ ընկած լճակի վրայ: Նա արագ հանեց իր հանդերձները եւ մտաւ լիճը՝ աղաղակելով՝ ես քրիստոնեայ եմ»:
Այնժամ Ագրիկողայոս դատաւորը հրաման արձակեց բոլորին դուրս բերել լճափ եւ ամբողջովին ջարդել նրանց ազդրերը: Բերել էին սայլեր, որպէսզի տանեն նրանց մարմինները եւ այրեն: Եւ սա յուշեց սատանան, որպէսզի անյայտ լինի նրանց յիշատակը երկրի երեսից:
Եւ մինչ ջարդում էին երանելիների ոսկորները, նրանք սաղմոսում էին՝ ասելով. «Մեր հոգիները փրկուեցին ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից: Նրանց թակարդները փշրուեցին, եւ մենք ազատուեցինք: Մեր օգնութիւնը Տիրոջից է, Նրա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց»: Այդպէս աղօթելով՝ երանելիներն Աստուծոյ ձեռքն աւանդեցին իրենց հոգիները:
Նրանցից ամենակրտսերը՝ Մելիտոսը, դեռեւս ողջ էր: Եկել էր նրա մայրը, հայեացքը որդուն յառած մեկնել էր իր ձեռքը եւ ասում էր նրան. «Քաղցրիկ որդեակ, համբերի՛ր մի քիչ, եւ դու էլ կը գնաս ընկերներիդ մօտ: Զօրացի՛ր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ Քրիստոս մերձ է քեզ եւ օգնական կը լինի քո նեղութեան ժամին: Փոքր-ինչ եւ դէպի երկինք կընթանաս, ուր քեզ է սպասում Պսակիչը երկնաւոր»:
Տեսէք այս քաջահաւատ մօրը, ով իր տկարութեան մէջ վեր գտնուեց կանանց բնութիւնից: Այսպիսի հաւատ է պէտք, այսպիսի յուսադրութիւն, որդէսէր մայրերի այսպիսի քաջալերութիւն զաւակների հանդէպ: Եւ ապա անտեսելով իր տկարութիւնը՝ ուսին դրեց իր կիսամեռ որդուն եւ սուրբերին հասնելու համար գնաց սայլի հետեւից: Ցանկանում էր մարտիրոսի մայր լինել եւ շտապում էր հասնել իր նպատակին: Եւ ճանապարհին սուրբ պատանին հրեշտակաց դասի հետ պարելու համար աւանդեց իր հոգին, ու գառը խառնուեց հօտին, անբիծ աղաւնին՝ դասակիցների երամին: Անպատմելի խնդութեամբ լցուած՝ մայրը հասաւ սայլի յետեւից, սուրբ զաւակի մարմինը խնդութեամբ դրեց միւս վկաների մարմինների մօտ եւ ապա հետեւեց նրանց մինչեւ գետի միւս ափը, ուր պիտի հաւաքէին սուրբերի մարմինները:
Տեսնողները հիացան քաջարի կնոջ այսօրինակ վարմունքից, որի համար քառասուն մանուկների համար գրուած ճառերում պանծալի խօսքեր են ասուած: Հրեշտակները եւս հիացան նրա կատարեալ առաքինութեան համար, ինչպէս որ Տէրը քանանացի կնոջ հաւատի համար՝ ասելով. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը», եւ Մարիամ Մագդաղենացու համար՝ ասելով. «Նրա հիշատակի համար պիտի պատմուի սերնդից սերունդ»:
Երբ գետափ հասան, բռնաւորները սպասաւորներին հրամայեցին բորբոքել մեծ խարոյկ եւ այրել բոլոր սուրբերի մարմինները, որպէսզի քրիստոնեաները չպատուեն նահատակներին: Այրուեցին նրանց մարմինները, սակայն մնացին բազմաթիվ ոսկորներ: Անօրէնները խորհուրդ արեցին միմեանց հետ եւ ասացին. «Եթէ այստեղ թողնենք նրանց նշխարները կամ թաղենք մի այլ տեղում, քրիստոնեաները կը վերցնեն եւ կը սփռեն աշխարհով մէկ: Արդ, եկէք դրանք լցնենք գետը, որպէսզի անհետանան եւ չընկնեն մարդկանց ձեռքը»: Առնելով այս հրամանը` սպասաւորները սուրբերի այրուած մարմիններն ու ոսկորները նետեցին գետը:
Սակայն Տէրը ունայնացրեց նրանց չար խորհուրդները, քանզի Աստուծոյ տնօրինութեամբ սուրբերի բոլոր նշխարները հաւաքուեցին գետի ծանծաղ ջրերում, եւ չկորաւ ոչ մի նշխար, ինչպէս որ գրուած է. «Արդարների նեղութիւնները շատ են, Տէրն ազատում է նրանց այդ բոլորից: Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մէկը չի փշրուելու» 4: Նրանց համար կատարուեց նաեւ Սուրբ Գրքի մէկ այլ խօսքը` «Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տուիր» 5:
Իրենց նահատակութիւնից երեք օր անց քառասուն մանուկները տեսիլքի մէջ երեւացին Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսին եւ ասացին. «Այս գիշեր ե՛կ գետի մօտ, ուր գտնւում են մեր բոլորի նշխարները եւ հանի՛ր մեզ այնտեղից»:
Եպիսկոպոսը, իր հետ վերցնելով եկեղեցու սպասաւորներից եւ Աստուծոյ երկիւղն ունեցող անձանց, գիշերուայ ժամին եկաւ նշանակուած վայրը, եւ ահա տեսան, որ գետի ջրերի վրայ, իբրեւ երկնքի երեսին փայլող լուսանշոյլ աստղեր, ճաճանչում էին երանելիների նշխարները: Ցրուած նշխարներից իւրաքանչիւրը տեսանելի էր իր բոցափայլ նշոյլներով:
Ահով եւ խնդութեամբ գետից դուրս բերեցին սուրբերի նշխարները, ամփոփեցին տապանակի մէջ եւ պատուով ու երկիւղով ծածկաբար պահեցին եկեղեցում, մինչեւ անցնէր հալածանքների հրդեհը:
Այսպէս Փրկչի 316 թուականի մարտ ամսուայ իններորդ օրը Սեբաստիա քաղաքում նահատակուեցին Քրիստոսի փառաւորեալ վկաները՝ քառասուն յաղթող զօրականները:
Տարիներ անց, երբ եկան Մեծ Կոստանդիանոս արքայի ինքնակալութեան տարիները, բոլոր տեղերում համարձակութեամբ փայլեց քրիստոնէութիւնը: Ինչպէս զանազան քաղաքներում, այնպէս էլ Սեբաստիա քաղաքում նրանց նշխարների վրայ կառուցուեց հոյակերտ եկեղեցի: Բազում հրաշքներ էին կատարւում նրանց սուրբ նշխարների վրայ, ուր որ նրանք սփռուած էին:
Ահա նրանց անունները, որ միաբերան աւանդում են բոլոր վկայագիրները.
Աթանասիոս, Ակակիոս, Աղեքսանդրոս, Այետիոս (կամ Աւետիս), Անգեաս, Բիբիանոս, Գայիոս, Գորդիանոս, Դիանիոս, Եկտիկոս, Եղիանոս, Եւնիկոս, Եւտիկոս, Եւտիքիոս, Թէոդուլոս, Թէոփիլոս, Իլիոդէս, Իրակղիոս, Լիւսիմաքոս, Կանդիտոս, Կիւրոն, Կիւրղոս, Կղոդիոս, Հիւսիքոս, Ղեւոնդիոս, Մելիտոս, Յովհաննէս, Նիկողայոս, Պրիսկոս, Սակերդոն, Սեւեռիանոս, Սիսիանոս, Սմարազդոս, Վաղէս, Վաղերիոս, Փիլիկտիմոն, Փլաւիոս, Քսանթիոս:
Նրանց տօնակատարութեան ժամանակ սուրբ Եկեղեցիներում օրհնւում է կանթեղների իւղը եւ սուրբ Պատարագից յետոյ բաշխւում հաւատաւոր ժողովրդին՝ բժշկութեան եւ օրհնութեան համար:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սեբաստիայի սուրբ քառասուն մանուկների յիշատակութիւնը տօնախմբում է Մեծ պահքի հինգերորդ՝ Դատաւորի կիրակիին նախորդող շաբաթ օրը:
shavigh.am