Ի կատարած. մի՛ ապականիր. արձանագիր, այն ժամանակ, երբ Սավուղը զորք ուղարկեց պաշարելու նրա տունը և սպանելու նրան, սակայն նրա կինը կարողացավ հնարամտությամբ փրկել Դավթին, իր անմեղությամբ Սուրբ Հոգու միջոցով տեսնում է նաև Տիրոջը՝ առանց մեղքի չարչարանքներ կրելը, և Սավուղի մոլեգնությամբ՝ հրեաներինը Քրիստոսի հանդեպ:
1. Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Աստուած, յայնցանէ որ յարուցեալ են ի վերա իմ, ապրեցո՛ զիս:
Աստվա՛ծ, թշնամիներիցս փրկի՛ր ինձ, ազատի՛ր նրանցից, ովքեր ելել են իմ դեմ:
Այն մարդկանցից և դևերից ազատի՛ր ինձ, որոնք հեղեղի պես են:
2. Փրկե՛ա զիս յայնցանէ, ոյք գործեն զանօրէնութիւն. յարանց արիւնահեղաց ապրեցո զիս:
Ինձ փրկի՛ր անօրինություն գործողներից, արյունահեղ մարդկանցից պահպանի՛ր ինձ:
Նրանք օրենքից դուրս են գործում: Արյունահեղ մարդկանցից. քանզի մարգարեներից ո՞ր մեկին չհալածեցին կամ չսպանեցին: Եկեղեցին նույնպես Հոր խնամատարությանն է հանձնում, որպեսզի պահպանի արյունահեղ հեթանոսներից:
3. Որսալ զանձն իմ կամեցան. և հասին ի վերայ իմ հզօրք:
Որսալ ուզեցին ինձ, և հզոր մարդիկ ինձ վրա հարձակվեցին:
Որսի էին դուրս եկել սավուղականները՝ անխնա սպանելու համար, ինչպես որ չարից զորություն ստացած դավաճան հրեաներն ուղարկեցին՝ որսալ նրան խոսքով, իսկ հեթանոսներն էլ եկեղեցին են որսում:
4. Ո՛չ մեղք իմ՝ և ո՛չ յանցանք, առանց մեղաց ընթացայ՝ և ուղիղ եղէ:
Ո՛չ մեղք ունեմ և ո՛չ հանցանք, առանց մեղքի ընթացա և արդար եղա:
Դավիթը [մեղք չուներ] Սավուղի հանդեպ, և Տերն էլ՝ հրեաների, քանզի նա է միակ անմեղը, որ ասաց. «Ո՞վ կհանդիմանի ինձ մեղքի համար» (Հովհ. 8:46): Առանց մեղքի ընթացա. մարմնով առանց հանցանք գործելու և հոգով՝ առանց մեղքի՝ մարմնով, հոգով և ուղիղ մտքով:
5. Զարթի՛ր ընդ առաջ իմ, և տե՛ս դու, Տէր, զօրութեանց Աստուած Իսրայէլի:
Ինձ ընդառաջ ե՛լ և տե՛ս, դո՛ւ, Զորությունների՛ Տեր, Աստված Իսրայելի:
Վրեժխնդրությամբ կործանելով նրանց որոգայթները:
6. Նայեա՛ց և ա՛յց արա ամենայն հեթանոսաց, մի՛ ողորմիր ամենեցուն ոյք գործին զանօրէնութիւն:
Նայի՛ր և այցելի՛ր բոլոր հեթանոսներին և մի՛ ողորմիր բոլոր նրանց, ովքեր անօրինություն են գործում:
Խնամատար եղի՛ր, ասելով. «գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր հեթանոսներին» (Մատթ. 28:19): Մի՛ ողորմիր բոլոր նրանց, ովքեր առանց զղջալու մշտապես չարիք են գործում:
7. Դարձցին ընդ երեկոյս, սովեսցին որպէս շունք, և շրջեսցին զքաղաքաւ:
Նրանք ետ կդառնան երեկոյան, քաղց կզգան շների պես և քաղաքի շուրջը կպտտվեն:
Հրեաները ավետարանի գալուց հետո նորից ետ դարձան՝ պահելու օրենքը՝ անժամանակ, և քաղցեցին ինչպես շունը, որ նախ Տիրոջ սեղանից էին ուտում որպես որդիներ, բայց ահա շնից էլ վատ եղան, քանզի փշրանքներից էլ զրկվեցին, [և դարձան] ինչպես կատաղած շուն, որոնք արժանի չեն կերակրման, այլ՝ սպանվելու: Պտտվեցին քաղաքի շուրջ, եկեղեցու, և Հին Կտակարանի, բայց ներս թող չմտնե՛ն, որտեղ օրենքի և մարգարեների խորհուրդն է ամբարված:
8. Նոքա ղօղանջեսցեն բերանօք իւրեանց. և սուր է ի շրթունս նոցա:
Նրանք կվայրահաչեն իրենց բերանով ու կսրեն շուրթերն իրենց:
[Կվայրահաչեն] Պիղատոսի առաջ և կսրեն շուրթերն իրենց, որովհետև նախ լեզվով սպանեցին Հիսուսին, և արդ, նույն են ջանում անել նաև քրիստոնյաների հետ:
9. Իսկ արդ՝ ո՞վ լուաւ զայս. զի դու, Տէր, ծիծաղեսցիս զնոքօք, և արհամարհեսցես զամենայն հեթանոսս:
Իսկ արդ, ո՞վ կլսի դա. դու, Տեր, կծիծաղես նրանց վրա և կարհամարհես բոլոր հեթանոսներին:
Իսկ արդ, ո՞վ կլսի. այսպես էին ասում իրենց սրտերում, քանի դեռ չէին նախատվել բոլորի առջև, մինչև որ Տերը հայտնեց, թե. «ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան եք խորհում» (Մատթ. 9:4): Քանզի դու, Տեր, կծիծաղես նրանց վրա Տիտոսի միջոցով և կարհամարհես այն բոլոր հեթանոսներին, ովքեր անհավատության մեջ կմնան, քանզի քեզանից ոչինչ չի պակասի:
10. Զզօրութիւն իմ առ քեզ պահեցից, զի Աստուած օգնական իմ է:
Զորությունս քեզնով կպահեմ, քանզի Աստված իմ օգնականն է:
Եկեղեցին է այսպես ասում, որի մեջ է ամբողջ հավատքը: Քանզի Աստված իմ օգնականն է, որ ասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» (Մատթ. 28:20):
11. Աստուած իմ, ողորմութիւն նորա կանխեսցէ առ իս. և Աստուած իմ ցո՛յց ինձ ի թշնամիս իմ:
Իմ Աստծու ողորմությունը կհասնի ինձ, և իմ Աստվածն ինձ համար ի ցույց կհանի թշնամիներիս:
Մինչ թշնամի էինք: Եվ իմ Աստվածն ինձ համար ի ցույց կհանի թշնամիներիս, և այն, ինչ մտածել էին իմ դեմ անել, կտեսնեմ նրանց վրա շրջված: Երեք անգամ ասելով. Աստված իմ օգնականն է, իմ Աստծո ողորմությունը և իմ Աստվածն ինձ համար ի ցույց կհանի, հայտնապես Սուրբ Երրորդության դավանություն է:
12. Մի՛ սպանաներ զնոսա, զի մի մոռասցին զժողովուրդս քո:
Մի՛ սպանիր նրանց, որ չմոռանան քո ժողովրդին:
Մի՛ սպանիր հրեաներին վերջնականապես, որպեսզի չմոռանան օրեցօր քեզ մոտ գալը, և թող չմոռանան, որ [քո] ժողովուրդն են:
13. Ցրուեա՛ զնոսա զօրութեամբ քով, և ընկճեա՛ զնոսա, զի դու ես պաշտպան իմ, Տեր:
Ցրի՛ր և ընկճի՛ր նրանց քո զորությամբ, քանզի դու իմ պաշտպանն ես, Տեր:
[Ցրի՛ր] հեթանոսների մեջ, որպեսզի օգուտ քաղեն: Ընկճիր նրանց, այսինքն՝ հեթանոսներին հնազանդեցրու:
14. Մեղք բերանոյ նոցա և բանք շրթանց նոցա, ընկլցին նոքա յամբարտաւանութեան իւրեանց:
Իրենց բերանի մեղքերի և շրթունքների խոսքերի համար թող նրանք ընկղմվեն իրենց ամբարտավանության մեջ և անեծքի ու ստության մատնվեն:
Ամբարտավան էին, որ կայսրին էին խնդրում և թող ընկղմվեն՝ նրանց կողմից ճնշվելով:
15. Յանէծս և ի ստութիւն մատնեսցեն. ի կատարածի բարկութեան սպառեսցին և մի՛ գտցին:
Եվ անեծքի ու ստության մատնվեն: Բարկության ներգործությամբ թող սպառվեն ու անհետանան:
Սատանայի համար չկա առավել [ուժգին] զենք, քան հպարտությունն է ու ստությունը, որով Տիրոջը սպանեցին անիծյալ մահվամբ, և իրենք էլ նույն բանին մատնվեցին, ըստ այս խոսքի, թե «Անիծյալ կլինես տանը, քաղաքում, դաշտում» (տե՛ս Բ. Օր. 28:16), և հեթանոսական սուտ կրոնը, որին մատնվեցին՝ Աստծո կողմից լքվելով: Եվ բարկության ներգործությամբ ոչ միայն հրեաները, այլև օրենքն ու քահանաները, թագավորները, մարգարեները, զոհաբերությունները և այլն, վախճանին՝ ժամանակների լրմանը, երբ գա Տերը, այդ ամենը սպառվելու են:
16. Գիտասցեն, զի Աստուած տիրէ Յակովբայ, և ամենայն ծագաց երկրի:
Թող իմանան, որ Աստված տիրում է Հակոբին ու երկրի բոլոր ծագերին:
Այսպիսի բան երբեք չէր եղել, այլ միայն Տիրոջ գալստյամբ եղավ, երբ մարդ դարձավ և տիրեց Հակոբին, հավատացյալ հրեաներին և բոլոր հենթանոսներին, որտեղ Ավետարանը քարոզվեց և քարոզվում է: Ի կատար կածվի նաև երկրորդ գալստյան ժամանակ՝ հավատացյալներին և անհավատներին դատաստանի կանչելով:
17. Դարձցին ընդ երեկոյս. սովեսցին որպէս շունք, և շրջեսցին զքաղաքաւ:
Նրանք ետ կդառնան երեկոյան, քաղց կզգան շների պես և քաղաքի շուրջը կպտտվեն:
Նորից կրկնում է վերևում ասածը: Հայտնի է, որ այստեղ եկեղեցուց և այնտեղ՝ վերին քաղաքից դուրս կմնան Հոր սեղանից զրկվածները և գեհենի շուրջը կպտտվեն:
18. Նոքա սփռեսցին յուտել, ապա թէ ո՛չ յագեսցին՝ տրտնջեսցեն:
Նրանք կթափառեն ուտելու համար և, եթե չկշտանան, կտրտնջան:
Ինչպես մանանայի պակասելու համար տրտնջացին, այդպես էլ այնտեղ [կտրտնջան], ինչպես մեծատունը:
19. Ես օրհնեցից զօրհնութիւնս Տեառն, և ցնծացայց առաւօտուց յողորմութեան քում:
Ես պիտի օրհնաբանեմ քեզ, Տե՛ր, պիտի ցնծամ առավոտյան քո ողորմությամբ:
Այնտեղ՝ իր սրբերը: Պիտի ցնծամ առավոտյան. որովհետև վերջին օրվա փորձությունը երկու մասի է բաժանվելու. երեկոյի, ովքեր գործ չարեցին քանի դեռ ժամանակ կար, և առավոտյան, ովքեր գիշերային մեղքերից մերկացան այստեղ:
20. Զի եղեր իմ պաշտպան՝ և տուն ապաւինի, յաւուր նեղութեան իմոյ օգնական իմ:
Քանզի դո՛ւ եղար իմ պաշտպանն ու ապաստանը և նեղության օրերի օգնականը:
Այն պաշտոնը, որ կատարեցի, պահեցիր: Ու ապաստանը, այնտեղ՝ անձեռակերտ: Իմ նեղության օրերի, որպեսզի տեսնեն ձախակողմյանները և վախենան, քանզի դու ես [իմ] օգնականը, որ գթում ես:
21. Քեզ սաղմոս ասացից՝ Աստուած ապաւէն իմ. Աստուած ողորմութեան իմոյ:
Քեզ սաղմոս պիտի երգեմ, իմ ապավեն Աստված, իմ ողորմության Աստված:
Ամրոց մտնելով միշտ սաղմոս ենք ասում, և նաև ասում ենք, որ ողորմությամբ փրկվեցինք:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը