Արդ, ով ցանկանում և տենչում է անանց կյանքը և անվախճան փառքը, թող այս կյանքում ուրանա անցավոր փառքը: Ով ցանկանում է դրախտի հեշտությունը, թող այստեղ չզվարճանա մարմնով: Ով կամենում է ապրել հրեշտակների հետ, թող այստեղ չնստի հրապարակներում: Ով սրտով սիրում է Տեր Հիսուսին, թող այստեղ Նրա հետ անբաժան լինի անարատ սրբությամբ: Ով շտապում է մտնել լույսի առագաստը, թող այստեղից իր հետ վերցնի ողորմության յուղը: Ով երկնչում է անվախճան որդերից, թող այստեղ լեզվով չկծոտի իր եղբորը: Ով զարհուրում է բորբոքված հրից, թող այստեղ իր մեջ հանգցնի նախանձի բոցը: Ով վախենում է արտաքին խավարից, թող այստեղ չշրջի մեղքերի խավարի մեջ: Ով վախենում է աչքերի լացից և ատամների կրճտումից [դժոխքում], թող այստեղ իր աչքերից չցամաքեցնի [ապաշխարության] արցունքների վտակը: Ով սարսափում է անտանելի տանջանքներից, այստեղ գիշեր ու զօր թող արտասվի անդադար: Ով դողում է սաստիկ պատուհասից, թող այստեղ շարունակ հանդուգն չլինի: Ով կամենում է երկար ճանապարհ գնալ, թող այստեղ իսկ ճանապարհի պաշար պատրաստի: Ով կամենում է անդատ և անդատապարտ մնալ դառն ու ահեղ դատաստանում, թող այստեղ չդատապարտի իր եղբորը: Ով իր Տիրոջը պարտք է բյուրավոր քանքարներ, թող այստեղ իր նմանին շնորհի հիսունն ու հարյուրը: Ով կամենում է երկինք անցնել չար դևերի միջով, թող իր Տիրոջից օգնություն խնդրի հենց այստեղ: Ով ցանկանում է անանց պսակը, թող այստեղ համբերի ամենայն վշտի ու նեղության: Ով կամենում է ազատվել բոցածավալ ծովից, թող իր աչքերից արցունքներ հեղի այստեղ: Ով կամենում է անվնաս անցնել հրեղեն գետը, թող այստեղ ավելացնի իր ողորմությունը: Ով ցանկանում է մտնել անվրեպ վայելչության մեջ, թող այստեղ չզլանա այցելել հիվանդին: Ով հոժարում է լսել երանավետ ձայնը, որ ասում է՝ «Ազնիվ, բարի և հավատարի՛մ ծառա» [Մատթ. 25.21, 23], թող այստեղ չփակի իր ականջները ողորմություն խնդրողների հանդեպ: Ով ախորժում է ժառանգել այն, ինչը «ո՛չ աչքը տեսավ, և ո՛չ ականջը լսեց» [Ա Կոր. 2.9], թող այստեղ դեգերի անդադար թախանձանքով: Ով կամենում է ըմպել Կյանքի աղբյուրից, թող այստեղ մաքուր և անարատ մնա աղտեղի ցանկություններից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.)
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 554-555
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)