Սաղմոս Դավթի, մինչ նա գտնվում էր Հրեաստանի անապատում: Դավիթը գնաց Աքիմելիքի մոտ, այնտեղից՝ Անքուսի, ապա ապահովություն գտավ անապատում և ասաց.
1. Աստուած, Աստուած իմ, ես առ քեզ առաւօտ առնեմ, ծարաւեաց առ քեզ հոգի իմ. քանի՞ պատիկ ևս և մարմին իմ:
Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ:
Քանզի քո սերը թոթափում է աչքերի քունը՝ երեկոյից մինչև առավոտ, և կրկնելով բարեգործ անունը եռանդագին կարոտով՝ ընդհանրական Աստծուն իր սեփականն է համարում: Հոգիս ծարավ է քեզ. երանելի ծարավով տոչորված: Առավել ևս մարմինն իմ. աննկարագրելի է հոգու ծարավը և առավել ևս մարմնի, քանզի եթե նա կարիք ունի, ապա առավել ևս մահկանացու մարմինը կունենա: Նաև հոգու հավատով և գործով մարմնի ծարավը դեպի Աստված է ուղղում և ընդունելի լինում:
2. Որպէս երկիր անապատ և անջուր, ուր ո՛չ գոյ ի նմա ճանապարհ:
Ինչպես մի անապատ և անջուր երկիր, ուր ճամփա չկա:
Անապատ և անջուր երկիր, դժվար [անցանելի], կամ ուր մարդկանց համար ճանապարհ չկա, և [որտեղ] երկու բան է ցանկանում՝ վաստակել և փափագել:
3. Այսպէս ի սուրբս երևեցայց քեզ, տեսանել ինձ զօրութիւն քո եւ զփառս քո:
Այդպես էլ պիտի երևամ քո սրբարանում՝ տեսնելու փառքդ և զորությունդ:
Ցանկանում եմ երևալ սրբարանում կամ տապանակի մոտ՝ տեսնելու փառքդ, որ նրանով գործվեց, և քո անունը փառավորվեց անապատում, Հորդանանում և օտար ազգերի մեջ: Դարձյալ՝ անապատ երկիրը մարմինն է բարիքներից [զրկված] և անջուր՝ հոգին իմաստությունից [զրկված], ուր դեպի Աստված ճանապարհ չկա: Դարձյալ քո սուրբ եկեղեցու խորհուրդն է ցանկանում տեսնել բնությունս, այնտեղ լցնել հոգու և մարմնի կարիքները՝ ուսանելով քո զորությունը, որը Սուրբ Խաչն է:
4. Վասն զի լաւ է ինձ ողորմութիւն քո քան զկեանս իմ. և շրթունք իմ գովեսցեն զքեզ:
Քանզի ինձ համար քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքս, և շրթունքներն իմ պիտի գովեն քեզ:
Ոչ թե կյանք եմ խնդրում, այլ իմանալ, որ ողորմած ես իմ հանդեպ, քանզի բոլոր սրբերը չէին խնդրում այս կյանքի համար, այլ՝ ողորմություն, որը Հիսուս Քրիստոսն է: Եվ շրթունքներն իմ պիտի գովեն քեզ. երբ լցվեն շնորհներովդ:
5. Այսպէս օրհնեցից զքեզ ի կեանս իմ, և յանուն քո համբարձից զձեռս իմ:
Այսպես իմ կյանքում քեզ պիտի օրհնեմ և քո անունով ձեռքս բարձրացնեմ:
Ամբողջ իմ այս կյանքը վատնեցի, և քո անունով բարձրացրեցի իմ ձեռքերը, այլ ոչ թե կուռքերի, վեր բարձրացրեցի՝ հավատալով քեզ և ոչ թե այլ բաների, քանզի քո անունն ամեն ինչից վեր է:
6. Որպէս ի ճարպոյ պարարտութենէ լցցի անձն իմ, շրթամբք, ցնծութեամբ օրհնեսցէ զքեզ բերանն իմ:
Ասես պարարտ ճարպով պիտի հագենա իմ հոգին, և բերանս ցնծալից շրթունքներով քեզ պիտի օրհնի:
Քեզ աղոթելիս, ասում է, առողջությամբ և ցնծությամբ եմ լցվում: Դարձյալ՝ պարարտը և ճարպը զոհերի գիրությունն է ցույց տալիս, որ Աստծուն էին ընծայում, և իր հոգին էլ էր ցանկանում այդպես տեսնել Աստծո սեղանի առջև՝ լի իմաստության լույսով, սրբությամբ և Աստծո հանդեպ սիրով:
7. Զի թէ յիշէի զքեզ յանկողնի իմում, ընդ առաւօտս կանխեալ խօսէի ընդ քեզ:
Երբ քեզ հիշում էի իմ անկողնում, առավոտյան կանուխ խոսում էի քեզ հետ:
Քանի դեռ խորանին մոտ էի, առավոտյան այնտեղ էի գնում: Սիմաքոսն [այսպես է թարգմանում]. գիշերվա որոշ ժամերի կանգնած գոհանում էի մինչև առավոտ:
8. Զի եղեր իմ օգնական, ի հովանի թևոց քոց ցնծացայց:
Քանի որ դու եղար իմ օգնականը, քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ:
Խնամակալությունն է կոչում թևերի հովանի:
9. Եկն զկնի քո անձն իմ. և զիս ընկալաւ աջ քո. և նոքա ի նանիր խնդրեցին զանձն իմ:
Քեզ հետևեց իմ հոգին, և աջդ ընդունեց ինձ: Նրանք, որ ինձ իզուր հետապնդեցին:
Այստեղ եկա՝ որպես առաջնորդ քեզ ունենալով, և ինձ ընդունեցիր՝ ազատելով նրանցից, և նրանք, որ ինձ իզուր հետապնդեցին, չգտան:
10. Մտցեն ի ներքոյ անդնդոց երկրի. մատնեսցին ի ձեռս սրոյ, և բաժինք աղուեսուց եղիցին:
Թող երկրի անդունդների խորքը մտնեն: Թող սրի մատնվեն նրանք և աղվեսների բաժին դառնան:
Քանզի երկրի վրա ինձ հանգիստ չեն տալիս, դժոխքի հատակն է անսահման մեղքերի վայրը, ինչն անդունդ կոչեց: Թող սրի մատնվեն. մարգարեանում է Սավուղի և հրեաների մասին: Եվ աղվեսների բաժին դառնան. այդպես եղավ կոտորվածների հետ, իսկ կենդանիներին դևերը նենգությամբ բաժանեցին՝ ըստ իրենց կամքի ղեկավարելով:
11. Թագաւոր յուսացաւ ի Տէր. գովեսցին ամենեքեան, որ երդնուն նովաւ. խցցին բերանք այնոցիք, ոյք խօսէին զանիրաւութիւն:
Թագավորը հույսը դրեց Տիրոջ վրա. թող պարծենան բոլոր նրանք, որ երդվում են նրանով, թող խցվեն բերանները նրանց, ովքեր անիրավություն են խոսում:
Ինքը՝ Դավիթը, և Քրիստոսը իր անդամներով՝ Հորը, և բոլոր սրբերը պսակվելով Տիրոջով: Թող պարծենան բոլոր նրանք, որ երդվում են նրանով. սովորություն է երդվել թագավորի փրկության համար, այնտեղ՝ Դավթի, այստեղ՝ ավազանի առաջ երդվում են ուղղափառ դավանությամբ և պարծանքի արժանի դառնում: Թող խցվեն բերանները նրանց, ովքեր անիրավություն են խոսում. Դավթի և մեր Քրիստոս Աստծո դեմ չարախոսների:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը