Երկնային լոյս ծագեալ յերկրի ցուցար՝
պայծառացեալ փայլմամբ ի յարփւոյն կենաց,
որով հերքեցաւ խաւար թանձրամած Հայաստանեայց ազգի՝
եւ տեսին զլոյս շնորհաց Սուրբ Հոգւոյն:
Խոստովանող Քրիստոսի ճշմարիտ վկայ՝
բազմաչարչար նահատակ տէր Գրիգորիոս.
զպակասութիւն չարչարանաց Տեառն ի մարմնի քում կրեցեր.
որով ցնծայ եկեղեցի ի փառս որդւոց Սիովնի:
Ծնօղ հոգեւոր աստուածանման սիրով,
գորովագութ հայր պարծանաց տէր Գրիգորիոս,
չարչարանօք մարմնոյդ մաքրեցեր զմեզ ի յաղտոյ մեղաց
եւ ծնար որդիս լուսափայլ բանիւդ:
(ՇԱՐԱԿՆՈՑ)
- Ամենայն հայոց կաթողիկոս 302-325թթ.
- Դուրս է եկել Վիրապից Հռիփսիմեանց կոյսերի նահատակութիւնից 9 օր անց:
- Ըստ տօնացոյցի՝ Խոր Վիրապում Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կրած չարչարանքնրի յիշատակութեան օրը նշւում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը:
Հեթանոսների աշխարհաքարոզ առաքեալը, երրորդ երկինքը տեսնողը եւ Աստուծոյ անճառ խորին խորհուրդների թարգմանը[1] իր թղթերում գրում է. «Հատուցեցէ՛ք իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկիւղ՝ երկիւղը, որին պատիւ՝ պատիւը: Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացէք, բացի միմեանց սիրելուց»[2]: Եւ սա պէտք է հասկանալ ոչ միայն մարմնաւոր ու երկրաւոր առումով, այն իմանալի[3] է նաեւ հոգեւոր եւ աստուածային տեսութեամբ, քանի որ նախ՝ ըստ կարողութեան պարտական ենք հատուցել ամէնքի Արարչին, Իր բարերարութեան պատկերով մեզ ստեղծողին ու նախախնամողին, որքան էլ ամէն բանում հետին եւ տկար լինենք:
Երկրորդ՝ պարտական ենք մեր Փրկչին՝ Տիրոջը եւ մարդացեալ Աստծուն, Ով խաչով եւ արեամբ գնեց մեզ ու ազատութիւն պարգեւեց: Եւ մենք պարտաւոր ենք հոգով, մարմնով, կեանքով եւ արիւն թափելու չափ հատուցել Նրա երախտիքների դիմաց:
Երրորդ՝ պարտական ենք Նրա սուրբերին, ովքեր նմանուեցին Նրան մահուան չարչարանքներով եւ արեամբ: Եւ մենք պէտք է նմանակից լինենք նրանց, ինչպէս նրանք՝ Քրիստոսին, քանզի առաքեալն է ասում. «Նմանուեցէք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին»[4]:
Այսպէս տօնասիրութեամբ եւ նմանութեամբ պարտական ենք ընդհանուր բոլոր սուրբերին, իսկ սուրբ Լուսաւորչին՝ Քրիստոսի փոխանորդին, մեր ազգը պարտական է առանձնայատուկ եւ առաւել, քան այլ սուրբերին, պարտական է ինչպէս որդին հօրը, ծառան տիրոջը եւ աշակերտը վարդապետին: Քանզի մեր քահանայապետ սուրբ Լուսաւորիչը իբրեւ հայր ծնեց մեզ որպէս երկնաւոր Հօր լուսոյ որդիներ, իր արեան հեղմամբ գնեց մեզ մեղքի ծառայութիւնից եւ ազատութիւն տուեց Աստուծոյ փառքի մէջ, ուսուցանեց որպէս վարդապետ եւ լուսաւորեց աստուածգիտութեան լոյսով, որի համար Լուսաւորիչ կոչուեց: Ո՞վ կը կարողանայ խօսքերով պատմել մեր հանդէպ նրա անպատում երախտիքների մասին. վկայական հանդէ՞սը, թէ՞ առաքելական քարոզութիւնը, քահանայապետական հովւութի՞ւնը, թէ՞ վարդապետութեան աղբիւրահոս ուսուցումները, առանձնական միայնութի՞ւնը, թէ՞ Խոր Վիրապում չարչարանքները: Դրանցից որեւէ մէկի մասին չեն կարող պատմել իմաստունները:
Սակայն փոքր-ինչ, մեր կարողութեան սահմաններում, վերցնելով սուրբերի խօսքերից եւ որքան կը տանի ձեր լսողութիւնը, կ՚առաջադրենք մարտահանդէսում նրա նահատակութեան պատմութիւնը:
Պատմում են սուրբ Գրիգորի մասին, որ նա Պահլեւունի Անակ Պարթեւի որդին էր՝ Քետուրայի ազգից, Աբրահամի սերունդներից: Նրա հայրը՝ Անակը, փախչելով պարսից արքայից, եկաւ բնակուեց Արտազ գաւառում՝ սուրբ Թադէոս առաքեալի շիրմի մօտ գտնուող մի վրանում: Այնտեղ մայրը՝ Ոգուհին, յղացաւ Գրիգորին, ով արժանանալով սուրբ առաքեալի շնորհներին՝ նրա նմանութեամբ եղաւ առաքեալ ու լուսաւորիչ: Իսկ նրա հայրը՝ Անակը, գալով եւ երկու ամիս Հայոց Խոսրով թագաւորի մօտ մնալուց յետոյ երրորդ ամսում նենգութեամբ խոցոտեց նրան ու փախչելով խեղդուեց Երասխ կոչուող մեծ գետում: Եւ թագաւորը մինչ ողջ էր, հրամայեց բնաջնջել Անակի ողջ ցեղը՝ տղամարդկանց եւ կանանց, ծերերին եւ մանուկներին: Նրա դայեակներից մէկը, որի անունը Սոփի էր, վերցրեց կաթնակեր մանկանը, փախաւ Կապադովկեան Կեսարիայի իր Մաժակ քաղաքը եւ այնտեղ մեծացրեց նրան:
Այս լուրը լսելով՝ պարսից թագաւորը եկաւ Հայոց Այրարատեան գաւառ՝ Վաղարշապատ քաղաք, որտեղ ում պատահեց թագաւորի ազգից, սրի քաշեց: Փրկուեց միայն Տրդատ անունով մի մանուկ, որին մանկաբարձը փախցրեց յունաց թագաւոր Լիկիանոս կայսեր մօտ, ով Դիոկղետիանոսի փեսան էր: Փրկուեց նաեւ նրա քոյրը՝ Խոսրովիդուխտը, յայտնուելով Անիի պարիսպների մօտ, որն այժմ Կամախ է կոչւում:
Իսկ պարթեւ մանուկը, Կեսարիայում մեծանալով քրիստոնէական հաւատով, մկրտւում է Սուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անուամբ եւ կոչւում Գրիգորիս, որ նշանակում է զուարթ՝ հրեշտակներին հաղորդ լինելու խորհրդով, որոնց դասակից եղաւ: Կրթուելով Հին եւ Նոր Կտակարաններով՝ երեք տարի ապրեց աշխարհի կեանքով: Ապա դառնալով կատարեալ այր՝ Քրիստոսի հասակի չափին[5]՝ փեսայացաւ Դաւիթ անունով մի մարդու, որի դստեր անունն էր Մարիամ: Ծնուեցին նրա երկու որդիները. աւագը՝ Վրթանէսը եւ կրտսերը՝ Արիստակէսը, ապա Վերին նախախնամութեամբ հրաժարուեց աշխարհից, տանից: Իմանալով, որ Տրդատը որդին է նրա, ում սպանել է իր հայրը, եկաւ նրա մօտ եւ յարեց նրան: Ոմանք ասում են, թէ նա Տրդատին հաւատարմութեամբ ծառայելով կամեցաւ հատուցել իր հօր պարտքերը, սակայն իրականում Աստուծոյ նախասահմանութիւնն էր, որ նրա միջոցով կամեցաւ փրկել Հայոց ազգին:
Իսկ Տրդատը դեռեւս գտնւում էր Լիկիանոսի մօտ եւ խարխափում էր անգիտութեան խաւարի մէջ: Նա ճանաչում էր սուրբ Լուսաւորչին որպէս աստուածապաշտ, սակայն ակնածում էր նրանից եւ հանդուրժում նրա հաւատարիմ ծառայութեան համար: Պատերազմներում ցուցաբերած քաջագործութիւնների համար յունաց թագաւորը թագադրում է Տրդատին եւ մեծ զօրքով ուղարկում իր հայրենի երկիր:
Եւ իր թագաւորութեան հէնց նոյն՝ առաջին տարում եկաւ Եկեղեաց գաւառ՝ Երիզայ գիւղաքաղաքը: Նա մեծ մեհեանում բազում պարգեւներ ու ընծաներ նուիրաբերեց Անահիտ դիցուհուն՝ յայտնելով իր երախտիքն առ այն, որ իր թշնամիներին յաղթելու համար զօրութիւն ստացաւ նրանից եւ նրա օգնականութեամբ տէրութիւն ունեցաւ երկրի վրայ: Այնժամ կանչեց Գրիգորիսին եւ նրան տուեց ծաղկալից թաւ ոստեր՝ ընծայելու Անահիտ դիցուհուն, սակայն նա յանձն չառաւ՝ ասելով. «Ես երկրպագում եմ ճշմարիտ Աստծուն եւ ոչ թէ սնոտի դեւերի պատկերներին»: Ապա թագաւորը ցասումով հրամայեց չարչարել նրան:
Առաջին չարչարանք: Հրամայեց ձեռքերը կապել, բերանին սանձ դնել, թիկունքին աղով լի բեռ կախել, կրծքից գելարան[6] կախել եւ եօթ օր հաստ պարանով ապարանքի բարձր տեղից կախել: Սրանք թէպէտ չարչարանքներ էին, սակայն ոչ առանց խորհրդի, քանզի Տէրն ասաց աշակերտներին. «Դուք էք երկրի աղը»[7]՝ համեմելու համար մարդկանց անհամութիւնը, որ եղաւ պատուիրանազանցութեան պատճառով: Այսպէս նա հրաւիրուեց քարոզելու առաքեալի խօսքը. նախ ինքը կրեց ճշմարիտ աղը՝ պատուիրանի ծանրութիւնը, որով համեղացրեց անհամութիւնը եւ եղաւ իմանալի հաց՝ դրուած երկնաւոր Թագաւորի սեղանին: Շատերին քարոզելով՝ Աստուծոյ կամքով բոլորի համար եղաւ համեղացուցիչ աղ: Իսկ եօթ օրը խորհրդանշում է, թէ որքան պանդխտութեան մէջ էր այս օտար աշխարհում, որը չափւում է եօթ հազարամեակով եւ եօթ օրերով, չզբաղուեց ոչ այլ բանով, քան իր անձը եւ այլոց համեղացնելով ճշմարտութեան աղով: Բերանին դրուած սանձը նշանակում է ինչպէս Դաւիթ մարգարէն է ասում՝ շրթներին որպէս պահապան ամուր դուռ դնելը, այն փակելը ընդդեմ բոլոր հրաժարելիքների, որոնք այս զգայարանով են գործում: Կրծքին կապուած գելարանը նշանակում է սրտին պահապան դնելը, բոլոր չար խորհուրդները եւ սրտմտութեան անկարգ շարժումները, որ բնական չեն, սանձելը, նաեւ հեռացնելը: Սա է խորհրդանշում առաջին չարչարանքը:
Երկրորդ չարչարանք: Երբ յաղթող դուրս եկաւ առաջին չարչարանքից, մատնուեց առաւել ծանր չարչարանքի. հրամայեցին եօթ օր գլխիվայր կախել մէկ ոտքից, իսկ ներքեւում աղբ ծխել եւ դալար ճիպոտներով ծեծել: Այսպէս նա նմանուեց գլխաւոր առաքեալին՝ Պետրոսին, ով խաչը հանողներին խնդրում էր չխաչել իրեն Տիրոջ նմանութեամբ, այլ գլխիվայր: Մարդու ուղիղ կազմուածքը նշանակում է դէպի վեր՝ երկինք հայելը, սակայն մարդը յանցանքով ընկաւ եւ երկրաքարշ դարձաւ: Դէպի վեր ուղղուած ոտքերը նշանակում է դարձեալ ելնելը վերին ճանապարհով, որտեղից ընկաւ: Կախուած դժնդակ վիճակը ցոյց է տալիս վերին ընթացքի դժուարութիւնը, ինչպէս որ ասում է. «Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք»[8], իսկ աղբի ժահահոտութինը նշանակում է իւղի անուշահոտութեան վայելումը, որ թափուեց մեզ համար, ինչպէս մաքուր հարսն ասաց Փեսային. «Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, եւ դէպի իրենց ձգեցին քեզ: Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»[9]:
Երրորդ չարչարանք: Հրամայեց ոտքերը կոճղի մէջ ուժգին ճզմել այնքան, որ մատներից արիւն ցայտի: Սա նշանակում է մեր երկրաքարշ վարքի տկարութիւնը դէպի վերեւ բարձրանալու ճանապարհին, որին օժանդակում են արեան չափ պատերազմող մարմնի չարչարանքները եւ զօրացնում՝ ելնելու վերին Արքայութիւն: Եւ քաջ նահատակը սրանում եւս յաղթող գտնուեց:
Չորրորդ տանջանք: Հրամայեց ոտքերի ներբաններին բեւեռներ գամել եւ նրան քայլեցնել: Սրա համար Դաւիթ մարգարէն ասում է. «Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին»[10]: Եւ Տէրն էլ ասում է. «Ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ»[11]: Եւ նա, զօրանալով ի կատարումն Փրկչական հրամանի, ջախջախեց չար վիշապի գլուխը: Դարձեալ՝ նմանուելով Տիրոջը՝ ոտքերը գամուեցին բեւեռներով, ինչպէս որ Տէրը խաչի վրայ, եւ այդպէս Նրա հրամանով ուժգին հարուածեց կամակոր վիշապին:
Հինգերորդ տանջանք: Հրամայեց հարուածել արտասուելու անօթներին՝ աչքերին եւ ծնօտին, որովհետեւ Տէրը եւս արտասուեց Ղազարոսի գերեզմանի մօտ, որով բոլորի աչքերից մաքրեց արտասուքները եւ ասաց. «Երանի սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն»[12]: Ահա եւ Նրա աշակերտը հետեւեց իր Վարդապետին եւ բոլորի երեսներից արտասուքները վերացնելու համար իր արտասուքները խառնեց Նրա արտասուքներին: Ինչպէս բոլոր չարչարանքներով, այնպէս էլ սրանով նա նմանուեց Տիրոջը, Ով ապտակ ընդունեց Իր դէմքին եւ նախատինք՝ Իր երեսին, որպէսզի սրանով հարուածի չար բանսարկուի երեսին:
Վեցերորդ տանջանք: Հրամայեց գլուխը սեղմել մամլիչների մէջ եւ եղեգնեայ փողով միմեանց խառնած աղ, քացախ եւ բորակ լցնել քթի միջով: Աղն ու բորակն ունեն նոյն յատկութիւնը, համը եւ զօրութիւնը, իսկ քացախը յոյժ դառը եւ դժնդակ է յատկապէս ռունգերի մէջ: Սրանով եւս նա նմանուեց Տիրոջը, Ով խաչի վրայ լեղու հետ խառնած քացախ խմեց, որպէսզի քաղցրացնի գիտութեան ծառից ճաշակման դառնութիւնը: Այսպէս եւ աշակերտը՝ արի եւ քաջ նահատակը, առաւել քան այդպէս հաղորդ եղաւ Տիրոջ փրկարար կրքերին՝ իր եւ բոլորի փրկութեան համար:
Եօթերորդ տանջանք: Երանելու գլուխը մտցրին հնոցի մոխրով լցուած պարկի մէջ, պարկի բերանը կապեցին պարանոցին եւ այդպէս թողեցին վեց օր: Վեց օր անց հանեցին պարկը, բերեցին նրան թագաւորի առջեւ եւ հարցրին. «Դէ ի՞նչ, արքայութիւնի՞ց ես գալիս, որի մասին ասում էիր»: Պատասխանեց այրը. «Այո՛, այս է արքայութիւնը, այս է սերմանելու եւ պայքարելու ժամանակը: Եթէ մշակը չսերմանի իր ժամանակին, երբ գայ հունձի ժամանակը, չի կարող հնձել: Եթէ զինուորը չմարտնչի ըստ օրէնքի, ապա չի կարող պսակ առնել: Ապա ուրեմն պէտք է այս ժամանակի մէջ աշխատել այնպէս, որպէսզի կարողանանք վայելել Հանգիստը»:
Ութերորդ տանջանք: Կախեցին գլխիվայր, նստատեղին ձագար դրին եւ որովայնի մէջ տիկով ջուր լցրին: Ինչպէս որ բժիշկները թանձրամաղձոտ հիւանդներին խմելու տաք ջուր են տալիս հիւանդութեան պատճառ եղող մաղձը մաքրելու համար՝ առողջացնելով հիւանդին, այդպէս էլ նա, մարմնով լինելով մեղանչած Ադամի որդի եւ կցորդ նրա մեղքին, որովայն մտած տանջանքի այս տեսակով ամբողջապէս մաքրուեց հոգու եւ մարմնի անյայտ եւ ծածուկ սխալանքներից:
Իններորդ տանջանք: Գետնի վրայ տարածեցին երկաթէ տատասկներ, ապա մերկացրին քաջամարտիկ սուրբին ու քարշ տուեցին նրանց վրայով այնքան, որ ամբողջ մարմինը բզկտուեց եւ արիւնոտուեց:
Տասներորդ տանջանք: Կախեցին մարմինը եւ քերեցին երկաթէ քերիչներով: Սրանով ցոյց տուեց, որ հոգու եւ մտքի անտեսանելի յանցանքները պէտք է մաքրել չարչարանքների ջրով, իսկ մարմնի խոցուածքների արտաքին տեսանելի սեւութիւնը՝ տատասկներով եւ քերիչներով: Նշանակում է նաեւ, որ առաջին յանցանքի պատճառով տրուած տատասկաբեր անէծքն այս տատասկներով է անցնում:
Տասնմէկերորդ տանջանք: Ծնկներն ամրացրին երկաթէ կապիճների մէջ եւ կախաղան հանելով՝ ուռենու դալար ճիւղերով երեք օր շարունակ ուժգին հարուածեցին: Ճանապարհ կարող է անցնել նա, ով ունի առողջ յօդերով ծնկներ, քանզի հիւանդ ծնկները դժուարաշարժ են կամ էլ՝ անշարժ: Սակայն ով բժշկւում է բժշկական միջոցներով, կարող է ուղիղ գնալ իր ճանապարհով: Այսպէս եւ վկաներից մեծը այս չարչարանքով առողջացրեց մեր ոտքերը եւ ուղղեց նրանց անխափան ելքը դէպի վեր՝ առ Աստուած:
Տասներկուերորդ տանջանք: Ապա յանդգնեցին պատճառել առաքինի նահատակին. եռացրած կապար լցրին բերանի մէջ եւ ամբողջ մարմնի վրայ, որը յայտնապէս ցոյց է տալիս այս խորհուրդը. թէպէտ իր բնութեամբ կապարն ամենածանրն է բոլոր հալուող նիւթերից, սակայն ամենահեշտ հալուող նիւթն է: Սա խորհրդանշում է մեղքերի ծանրութիւնը, ինչպէս որ ասում է. «Անօրէնութիւններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պէս ծանրացան վրաս»[13]: Արդ, Կենարարի սիրոյ հուրը, որ Նա գցեց երկիր, բորբոքուեց արդարների հոգիներում եւ ողջ մեղքերի ծանրութիւնը հալեցրեց հոսող ջրի պէս ու որպէս հրոյ ճարակ փոշիացրեց:
Այս չարչարանքները կրելիս սուրբը ենթարկւում էր նաեւ բազմատեսակ անտեղի հարցումների, որոնց նա պատասխանում էր վայելուչ, համոզիչ խօսքերով եւ նաեւ սպառնալիքներով, բայց միաժամանակ նրանց համար սրտառուչ եւ սիրալիր աղօթելով: Այս ամէնը յիշատակուած են նաեւ գրքերում, քանզի այս դժնդակ չարչարանքները տեւեցին ոչ թէ սակաւ օրեր, այլ երակարաձգուեցին շուրջ երկու տարի:
Թուով տասներկու տեսակ չարչարանքները խորհրդանշում են տասներկու առաքեալներին: Նա կրեց առաքելանման չարչարանքներ, աւելին՝ յանդգնութիւն չէ ասել, թէ գերագոյն գտնուեց առաքեալներից, քանզի տասներկու առաքեալներից իւրաքանչիւրը չարչարուեց տանջանքի միայն այն տեսակով, որը պատահեց նրանց, իսկ նրա կրած տանջանքներն իրենց մէջ բովանդակում էին առաքեալների կրած չարչարանքները՝ բոլորը միասին վերցրած: Ուստի աներկբայ պէտք է ընդունել սուրբին՝ որպէս նրանց հետ պսակակից:
Մինչ թագաւորը խորհում էր յօրինել մէկ այլ դժնդակ չարչարանք, ահա զօրականներից մէկն ասաց թագաւորին. «Այս Գրիգորը, ով մահապարտ Անակի որդին է եւ սպանել է քո հօրը՝ Խոսրովին, խաւար սփռեց Հայոց աշխարհում»: Այս լսելով՝ թագաւորը նախ ստուգել տուեց խօսքերի հաւաստիութիւնը, ապա հրամայեց կապել նրա ձեռքերն ու ոտքերը եւ գցել խորը, անդնդային, օձաբնակ ու խաւարտչին վիրապի մէջ, որ գտնւում էր Արտաշատ քաղաքում: Այն շինուել էր նախկին թագաւորների կողմից՝ չարագործներին եւ մահապարտներին դաժան մահուամբ պատժելու համար: Այնտեղ լցրել էին զանազան թունաւոր սողուններ, եւ այնտեղ գցուելուց յետոյ անհնար էր, որ որեւէ մէկը մէկ ժամ ողջ մնար:
Բայց Աստուծոյ նախախնամող Աջը, որն այս ամէնը սահմանել էր նախապէս, ամէն բան աւարտեց այնժամ, երբ կամեցաւ: Ինչպէս որ անվնաս պահեց Յովնանին կէտի փորի մէջ, կամ Դանիէլին՝ առիւծների գբի մէջ, պահեց նաեւ սուրբ Գրիգորին այդ մահաբեր վայրում: Մենք լսել ենք միայն, որ նրան գցեցին խոր վիրապի մէջ, սակայն չգիտէինք այն դժնդակութեան մասին, որ կար այնտեղ: Իրողութիւնից իմանում ենք, որ խորութիւնն անչափ էր, խաւարը չէր զիջում աշխարհի ստեղծման օրերի խաւարին, որ կար անդունդների վրայ՝ նախքան «Եղիցի լո՛յս» ասելը: Անհանդուրժելի էր ժահահոտութիւնը՝ անհամեմատ որեւէ բանի հետ, տղմի գարշութիւնն այնպիսինն էր, որի նմանը չկար, թունաւոր սողուններն այնքան էին, որ կիտուած էին շեղջի պէս, երկիւղն այնպիսինն էր, որ միայն գիտի վիշապին հանդիպողը: Իսկ ո՞վ կը պատմի ժամանակի երկարութեան մասին: Եթէ որեւէ մէկին միայն մէկ օր այսպիսի դառնագոյն տանջանքներ պատահեն, շատ օրեր կրած դառնութիւնից չի կարողանայ պատմել, թէ ինչեր կրեց:
Ապա ի՞նչ ասենք նրա մասին, ով տասներեք տարի մնաց այնտեղ, ով մարմնաւոր հրեշտակ էր եւ եղաւ օրինակ բոլոր համբերողների համար, ով չունէր ո՛չ հանդերձ, ո՛չ վերարկու, ո՛չ գլուխը դնելու տեղ: Չգիտենք որեւէ նահատակի, ով միաժամանակ զուրկ էր այդ կարիքներից, քանզի նրանք փոքր-ինչ մխիթարութիւն ունէին. տեսնում էին մարդկանց, ունէին բարեկամների օգնականութիւնը, անհրաժեշտ կերակուրը կամ հանդերձը, մխիթարւում էին մերձաւորների խօսքով, վայելում էին լոյսը, ունէին կապանքների թեթեւութիւն եւ ի վերջոյ՝ չէին բնակւում օձերի հետ: Այս եւ նման այլ բաները մխիթարութիւն են զրկուածների համար: Իսկ արի եւ քաջ նահատակն ամբողջապէս զուրկ էր այս ամէնից: Պատմագիր եւ քաջ քարտուղար Ագաթանգեղոսը գրում է, թէ Արտաշատ քաղաքից մի կին գիշերային տեսիլքում հրաման առաւ ամէն օր մէկ նկանակ[14] առնել եւ գցել վիրապի մէջ: Կինը դա արեց առանց իմանալու, որովհետեւ բոլորը կարծում էին, թէ վիրապ նետուելուն պէս Գրիգորը վիշապների կեր է դարձել: Եւ այդ նկանակով սուրբ Գրիգորը կերակրուեց շուրջ տասներեք տարի:
Այստեղ կարող է մեծ հարց առաջանալ. ինչո՞ւ վիրապում նա չէր կերակրւում հրեշտակների ձեռքով՝ ինչպէս շատ սուրբեր, չէ՞ որ նա բոլոր սուրբերից ամենասքանչելին եւ գերագոյնն էր: Եւ եթէ նա արժանի չէր կերակրուել հրեշտակի կողմից, ինչո՞ւ էին հրեշտակներն այցելում նրան այնքան ժամանակ, որքան գտնւում էր գբում, ինչպէս որ իր քարոզներում ինքն էր ասում ամէն օր իրեն այցելող հրեշտակի մասին: Այս բոլոր հարցերը չունեն իմաստուն միտք ունեցողները:
Այլ վարդապետներն ասում են. քանի որ նա բնութենակից էր իւրաքանչիւր մարդու եւ լինելով Ադամի սերնդից, առաքինութեան փոքր-ինչ գործերը յաղթւում էին հպարտութեան կողմից: Այդ պատճառով Նա, Ով տնօրինում եւ առաջնորդում էր նրա կեանքը դէպի բարին, թոյլ չտուեց, որպէսզի նրա մեծամեծ գործերը յաղթուեն փոքրից:
Կամ ինչո՞ւ չի գրում, թէ ո՞վ նրան ջուր տուեց, մի՞թէ ջուրը քիչ կարեւոր է, քան հացը: Բոլորը գիտեն, որ դրանք հաւասարապէս անհրաժեշտ են, եւ անգամ ջուրն առաւել է:
Նախ ասենք, որ հրեշտակը չէ, որ կերակրում էր, այլ Աստուած, Ով Տէրն է հրեշտակների եւ կերակրում է ամէնքին ըստ այն խօսքի, որն ասում է. «Բոլորի աչքերը քեզ վրայ են յառած յուսով, եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին. տալիս ես դու նրանց, եւ սնւում են նրանք»[15]: Նա, Ով կերակրում է իմանալիներին եւ մարմնաւորներին, բանականներին եւ անբաններին՝ ըստ իւրաքանչիւրի բնութեան եւ կարիքի, այդպէս էլ հոգաց նաեւ նրա ջրի կարիքը վիրապում: Ինչպէս որ Եղիային եւ Ենոքին պահեց առանց մարմնի անհրաժեշտ կարիքների, այնպէս էլ նրան՝ վիրապում: Ինչպէս որ Նոյի տապանում ողջ տարին բոլոր կենդանիներին պահեց առանց կերակրի եւ ըմպելիքի կարիքի, կամ քառասուն օր Մեծն Մովսէսին՝ ամպի մէջ, նոյնպէս էլ Գրիգորին պահեց առանց ջրի կարիքի: Իսկ թէ ո՞ւմ ձեռքով նա կերակրուեց, ասենք, որ անարժաններից եւ դիւապաշտներից մէկի կողմից, որովհետեւ այդժամ աստուածպաշտութիւնը օտար էր այդ երկրին: Սա առիթ էր, որ ի յայտ գար սուրբի մեծ խոնարհութիւնը, որովհետեւ ինչպէս ասացինք, կերակրուեց անարժանների, դիւապաշտների եւ թշնամիների ձեռքով: Չէ՞ որ կարող էր բնաւ հացի կարիք եւս չունենալ, ինչպէս որ կարիք չունեցաւ ջրի: Եւ այդպէս տասնհինգ տարի կրեց դառնագոյն տանջանքներ եւ ապրեց դժնդակ խոր գբում՝ պահուելով Աստուծոյ Աջով, քանզի անհնար է, որ այնտեղ մէկը ողջ մնար թէկուզ մէկ օր:
Ամենակալ Աջը պահում էր նրան միայն մահից, որովհետեւ այնտեղ մարտադաշտ էր, եւ ըմբշամարտը պէտք է վանէր ախոյեանին, որ արժանանար պսակին: Իսկ մարտի Կանչողը, Ով տնօրինում է ամէն բան, երբ տեսաւ, որ մարտը հասել է իր եզրագծին, աւարտեց այն եւ պատրաստուեց պսակ շնորհել: Եւ ո՞րն էր պսակը: Այն, որ ասաց Տէրը՝ «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ՚օթեւանենք»[16]: Համանման այս խօսքին Նրա Փառակիցը մարգարէի միջոցով ասաց. «Ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից»[17]: Եւ Տէրն էլ աշակերտներին ասաց. «Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի»[18]: Ասաց նաեւ օրինակով. «Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետև նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլևս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց»[19]: Նաեւ Սուրբ Հոգին է ասում. «Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծութեամբ պիտի հնձեն»[20]:
Այս վկայութիւնները առաջ բերուեցին, որովհետեւ Գրիգորը սիրում էր Տիրոջը, եւ Տէրն էլ նրան էր սիրում: Նրա Հայրը սիրեց նրան, եւ Սուրբ Հոգին նախ մաքրեց, ապա բնակուեց նրա մէջ: Տէրը ստուգութեամբ հաստատեց, որ առաւել դիւրին է, որ անցնեն երկինքն ու երկիրը, քան թէ Իր խօսքերն անկատար մնան, ապա ուրեմն ստուգապէս բնակուեց եւ Հօր հետ օթեւանեց Իրեն սիրողների մօտ:
Անցան տրտմութիւնն ու արտասուքը, եւ հասաւ ուրախութեան եւ պսակների ժամանակը: Այնտեղ, ուր արքայութեան Տէրն է, պսակներ Տուողը եւ յոգնածներին հանգիստ Պարգեւողը, ամէն փառքից եւ պատուից գերագոյն մի վայր է: Արդ, անդունդը երկինք էր եւ անդնդային օձաբնակ վայրը՝ արքայութիւն: Երկինքը պատուական է ոչ թէ այն նրա համար, որ բարձր է եւ աննիւթեղէն, այլ որովհետեւ այնտեղ Աստուած է բնակւում: Հրեշտակները սքանչելի են ոչ թէ նրա համար, որ անմարմին են եւ հրեղէն, այլ որ Արարչի փառաւորութեան սպասաւորներն են եւ Աստուծոյ ծառաները: Ապա ուրեմն ուր Երկնաւորն է, այնտեղ երկինք է, եւ ուր թագաւորութեան Աթոռն է, այնտեղ սպասաւորներն են, եւ սա է իսկ ճշմարիտը:
Ինչպէս տեսաւ մարգարէն, Նրան սպասաւորում էին ոչ թէ մէկ կամ տասը հրեշտակներ, այլ հազար հազարներ եւ բիւրաւորներ: Արդ, երեքանձնեայ Տէրութիւնը՝ որպէս Իր արժանաւոր տաճարի, բնակուեց սուրբ Գրիգորի մէջ, ինչպէս երկինքների երկնքում: Ապա ինչպէ՞ս կարող է մէկը մեծ համարել մէկ հրեշտակի սպասաւորութիւնը նրա կարիքների համար: Ահա պարզ է, որ սա մարդասէր Հօր խնամատարութիւնն էր, որ նա չկերակրուեց հրեշտակի ձեռքով, որպէսզի մեծ գործերը չյաղթուեն փոքրից: Ինչպէս օրինակ՝ որդէսէր մայրը սուրը չի թողնի իր մանկան ձեռքում, որպէսզի նա միամտաբար չվնասի իրեն: Եւ եթէ թոյլ չի տայ վնաս չկրելու պատճառով, ապա որքա՞ն առաւել նրան, որ լի եւ անթերի էր առաքինութիւններով, որ իր մէջ ամէն ինչ ունէր կատարելապէս: Մարդասէր Աստուած Իր ամենախնամ գթութեամբ բարերարութիւնը ցոյց տուեց ոչ միայն նրա հանդէպ, այլեւ Իր խնամատար գթութիւնը տալիս է Իր պատուիրանները ճշմարտութեամբ հետեւողներին: Նրանց բոլորից թող լինի փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս եւ անվախճան յաւիտենութեամբ. ամէն:
ԴԱՐՁԵԱԼ ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՍԻՆ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ՈՐՆ ԱՍՈՒՄ Է. «ԻՆՁ ԽՈՐԱՐՈՐ ՓՈՍԻ ՄԷՋ ԴՐԻՆ, ԽԱՒԱՐԻ ԵՒ ՄԱՀՈՒԱՆ ՍՏՈՒԵՐՆԵՐԻ ՄԷՋ» [ՍԱՂՄ. ՁԷ 7] Գլուխ ՃԺ ԱՄ. 417
Աստուծոյ կանխագիտութիւնը ընտրեց ինչ որ բարի է եւ օրհնեց, իսկ վատթարը մերժեց ու անարգեց, ինչպէս որ ասաց. «Յակոբին սիրեցի եւ Եսաւին ատեցի»: Այդպէս էլ Մեծն Գրիգորիսին սիրեց եւ Սուրէնին, որ անդրանիկ էր, ատեց ու մերժեց: Ինչպէս որ հողի տակ ցանուած բարի սերմերը աճում, բազմանում եւ սփռւում են ամենուր, այդպէս էլ Աստուծոյ ընտրեալ սերմերը՝ առաքեալների գումարը, ուր որ թաղուեցին, աճեցին եւ անհուններում բազում պտուղներ տուեցին: Այդպէս մեր Գրիգոր Լուսաւորիչը, ով բարի սերմի՝ Թադէոս առաքեալի առաքելութեան շնորհների օրհնութեան պտուղն է, աճեցրեց եւ բեղմնաւոր դարձրեց Աստուծոյ Խօսքը հայկազեան ազգի մէջ:
Հոգեւոր զաւակներիս նախահայրն ու նախասկիզբը եւ մեր ազգի կենդանութեան պատճառ, հաւատի երանելի հայր Մեծն Գրիգորիոսը բաղդատւում է մարդկութեան նախամարդ Ադամի հետ, որովհետեւ նախ՝ ինչպէս որ Աստուած Ադամին Իր ձեռքով ստեղծեց հողից, այնպէս էլ, վերցնելով խորագոյն գբի գերեզմանի հողից, Իր պատկերով նորոգեց նրան:
Երկրորդ՝ ինչպէս որ Ադամը եղաւ մարդկանց սերունդների աճման սկիզբը, այնպէս էլ Գրիգորը եղաւ մեղաւոր որդիներիս հոգեւոր աճման սկիզբը եւ պատճառը, ինչպէս որ առաքեալն է ասում. «Քրիստոս Յիսուսի Աւետարանով ես ծնեցի ձեզ»[21]:
Երրորդ՝ ինչպէս որ Ադամն անուն էր դնում բոլոր կենդանիներին, եւ դա էլ լինում էր նրանց անունը, այդպէս էլ նրա սուրբ ձեռքով հաւատացեալների անուններն անջնջելիօրէն գրուեցին Կեանքի գրքում:
Չորրորդ՝ ինչպէս որ Ադամը եղաւ բոլոր անբան կենդանիների գլուխը եւ տէրը, նոյնպէս էլ նա եղաւ բոլոր ի Քրիստոս քաջ հաւատացեալների գլուխը, տէրը, առաջնորդը եւ հովիւը՝ խնամելու եւ դէպի երկնաւոր հանգիստն առաջնորդելու համար՝ ասելով. «Ահա ես եւ իմ մանուկները, որոնց Աստուած տուեց ինձ»:
Սակայն նա բազում առաւելութիւններով գերազանց եղաւ Ադամից, որովհետեւ նախ՝ Ադամը, օձի յորդորին հաւատալով, հպարտացաւ եւ զրկուեց Աստուծոյ տեսութիւնից, իսկ Գրիգորը օձատանջ ճգնութիւններով խոնարհուեց այնչափ, որ թէպէտ զրկուեց արեգակի լոյսից, բայց արժանացաւ Աստուծոյ տեսութեանը, ինչպէս որ ասում էր. «Զօրացի՛ր եւ քաջալերուիր, երանելի՛ Գրիգոր, քանզի Ես քեզ հետ եմ»:
Երկրորդ՝ նա օձի խաբէութեամբ կերաւ արգելուած պտղից, յանցանք գործեց եւ մեղանչեց, իսկ սա, օձատանջ տքնութամբ զրկուած լինելով անհրաժեշտ կարիքներից եւ չճաշակելով տասներեք տարի, մաքուր եւ արդար եղաւ:
Երրորդ՝ նա օձապատիր[22] խաբէութեամբ մերկացաւ լուսեղէն հանդերձներից, իսկ սա օձատանջ չարչարանքների միջոցով ըմպեց Տիրոջ չարչարանքների մկրտութեան բաժակից, զգեստաւորուեց Քրիստոսով եւ մկրտութեան շնորհիւ զգեստաւորեց իր հետեւորդներին, ինչպէս որ առաքեալն է ասում. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք»[23]:
Չորրորդ՝ նա, օձի խաբկանքն իրագործելով, պատուեց ամօթով, երկիւղով եւ տերեւով ծածկուած՝ թաքնուեց դրախտի ծառերի տակ, իսկ սա, օձատանջ քրտինքն երեսին, ելնելով տառապանքների գբից, կանգնեց ժողովրդի ու թագաւորի առջեւ եւ ի լուր բոլոր մարդկանց աներկիւղ քարոզեց Քրիստոս ճշմարիտ Աստծուն:
Հինգերորդ՝ նա օձապատիր խաբէութեամբ արտաքսուեց մշտալոյս դրախտից եւ ստուերացաւ[24] այս աշխարհում, իսկ սա օձատանջ ջանքերով ու լուսաւոր հոգով ելաւ խաւար բանտից եւ լուսաւորեց մեղքով ու անգիտութեամբ խաւարած անձանց, որի համար Լուսաւորիչ կոչուեց:
Վեցերորդ՝ նա օձապատիր կամքով զրկուեց հրեշտակների սպասաւորութիւնից, ինչպէս որ Աստուած հրամայեց «Քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները»[25], իսկ սա օձաչարչար ճգնութիւններով պահպանուեց եւ սպասաւորուեց հրեշտակների կողմից, ինչպէս յայտնի եղաւ չորրորդ դասի հրեշտակի հարցումից, որի համար Դաւիթ մարգարէն ասում է. «Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց»[26]:
Եօթերորդ՝ նա օձապատիր ճաշակմամբ հող եւ կերակուր եղաւ օձի համար, իսկ սա օձատանջ նեղութիւնների միջոցով եղաւ չարանախանձ վիշապի մահաբեր թոյնից խայթուածների բժիշկ եւ ապաքինող ու չարանախանձ վիշապների կործանիչ :
Ութերորդ՝ նա օձախաբ գործով օձի խայթոցին մատնեց իր գարշապարները[27], իսկ սա օձատանջ վշտերով սպասաւորուեց նրանց կողմից, ինչպէս որ պատմութիւնն է ասում, թէ անցնում էին նրա մարմնի վրայով եւ լիզում նրա ոտքերը, ինչպէս Դաւիթ մարգարէն է ասում. «Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին»[28], եւ Տէրն էլ ասում է. «Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ»[29]:
Եւ այստեղ չորս հարց է առաջանում. նախ՝ ինչո՞ւ նա բանտարկուեց խաւար գբում, երկրորդ՝ ինչո՞ւ երանելուն տանջեցին օձի միջոցով, երրորդ՝ ինչո՞ւ Տրդատ թագաւորը կերպարանափոխուեց վարազի կերպարանքով, չորրորդ՝ ինչո՞ւ Գրիգոր կոչուեց:
Տեսնենք առաջին գլուխը, թէ ինչո՞ւ սուրբ Գրիգորը նետուեց խոր գուբը:
Եկեղեցու իմաստուններն ասում են տասը պատճառով:
Նախ՝ քանի որ Տէրը՝ Յիսուս Քրիստոս, մարդկանց փրկութեան համար երկնքից երկիր խոնարհուեց, նոյնպէս եւ նա իր Տիրոջ նմանութեամբ խոնարհուեց հայկազեան ազգի փրկութեան համար՝ իջնելով վիրապի խորքերը:
Երկրորդ՝ երբ մէկը խորխորատն է ընկնում, պէտք է մարդիկ ցած խոնարհուեն, ապա նրան դուրս բերեն ու ոտքի հանեն: Այդպէս քաջ հովիւը խոնարհուեց դէպի երկրի խորքերը, դուրս բերեց եւ ոտքի հանեց հայոց ազգին, որն ընկղմուած էր մեղքերի խորխորատներում՝ ըստ այն խօսքի, որն ասում է. «Նա ինձ հանեց տառապանքի գբից»[30]:
Երրորդ՝ այն վիրապում խաւարն էր տիրում, որը խորհրդանշում է աստուածային գիտութեան դէմ անհաւատութեան խաւարը: Եւ քաջ հովիւն, իջնելով խաւար գբի մէջ, դուրս ելաւ եւ լուսաւորեց աստուածգիտութեամբ, ինչպէս մարգարէն է ասում. «Ժողովուրդը, որ նստած էր խաւարի եւ մահուան ստուերների մէջ, լոյս տեսաւ»[31]:
Չորրորդ՝ վիրապը մահապարտների վայր էր, եւ հայոց ազգը մահապարտ էր, ինչպէս Աստուած ասաց Մովսէսին. «Ամէն մարդ պէտք է մեռնի իր գործած մեղքերի համար»[32]: Այդ պատճառով քաջ հովիւը դրեց իր անձը ոչխարների համար, իր անձը մատնեց մահուան եւ վճարեց մեր պարտքերը՝ փրկելով մեզ մահից եւ դժոխքի բանտից, ինչպէս Դաւիթ մարգարէն է ասում. «Փրկեցիր իմ անձը մահից»[33]:
Հինգերորդ՝ ահարկու եւ զարհուրելի էր այն գուբը, քանզի ով անգամ դէպի ներս էր նայում, սարսռում եւ յետ էր փախչում: Նոյնպէս Քրիստոսի անուան համար մահը զարհուրելի է եւ սարսռելի, որից մարդիկ խոյս տալով փախչում են: Այդ պատճառով երանելի նահատակը, առաջ ընթանալով, յորդորում է մեզ փութալ եւ յօժար կամքով գնալ Նրա յետեւից ասելով՝ մի երկնչէ՛ք, դիւրին է եւ հեշտ, ինչպէս Տէրն է ասում. «Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում»[34]:
Վեցերորդ՝ այն, ինչ որ խորհուրդների մէջ է, չի երեւում, որովհետեւ պատուած է խաւարով: Այդպէս էլ Քրիստոսի տնօրինութեան խորհուրդը ծածկուած էր մարդկանցից, ինչպէս Դաւիթ մարգարէն է ասում. «Խաւարն Իր համար ծածկոյթ դարձրեց»[35]: Իսկ քաջ Լուսաւորիչը, խորասուզուելով աստուածային խորախորհուրդ անդունդների մէջ, վարդապետեց բազում օրեր եւ մեզ յայտնեց խորհուրդը, որ «ծածկուած էր դարերից եւ սերունդներից»[36]:
Յօթերորդ՝ ինչպէս որ գարշահոտ էր հորը, այնպէս էլ հայոց ազգն էր դարձել գարշահոտ եւ զազրելի մեղքերով: Իսկ սուրբ Գրիգորը՝ որպէս պայծառ արեգակ, անուշ հոտ սփռեց Քրիստոսով եւ ամոքեց մեզ:
Ութերորդ՝ հորը բոլորաձեւ էր փորուած եւ դատարկ էր, իսկ երանելի Գրիգորը ընդունայն եւ ոչինչ համարեց անիւի պէս մարդկային կեանքը, դատարկ եւ թափուր ըստ Սողոմոնի՝ «Ունայնութիւն ունայնութեանց, ամեն ինչ ունայն է»[37]:
Իններորդ՝ իմաստուններն ասում են, թէ լուսատու քարը, որը խոր տեղում է, եւ ուր մտնելն անհար է, մարդիկ այնտեղ կենդանու շաղիղ[38] են գցում: Արեւից տաքանալով՝ քարը կպչում է շաղիղին, եւ ապա արծիւները, շաղիղը քարի հետ միասին դուրս հանելով ձորափ, ուտում են միսը, իսկ քարը մնում է: Եւ մարդիկ վերցնում են այն ու արքայական թագ պատրաստում: Այսպէս իմաստուն հովիւ սուրբ Գրիգորը՝ տեսնելով, որ բազմազան առաքինութիւնները եւ արքայութեան սէրն ընկած են անգիտութեան անդունդներում աննկատելի, անելանելի եւ անտեսուած մարդկանց կողմից, իր մարմինը՝ որպէս շաղիղ, նետեց անդունդի խորքերը եւ աստուածային սիրով ձգեց ու միաւորեց իրեն: Նրա հոգին, արծուի պէս սլանալով եւ սպասաւորելով հրեշտակներին, այն դէպի վեր՝ երկինք հանեց՝ որպէս Քրիստոս Փեսայի պսակի զարդ, ըստ այն խօսքի, որն ասում է. «Թանկագին քարերով ընդելուզուած պսակ դրիր նրա գլխին»[39]:
Տասներորդ՝ Քրիստոս Աստուած մեր չորեքնիւթեայ բնութեամբ երեք օր ու երեք գիշեր եղաւ երկրի սրտում եւ Իր հետ տառապանքների գբից յարութիւն տուեց բոլոր մահապարտ որդիների հոգիներին: Այդպէս բարի հովիւը, նմանուելով քաջ հովիւ Քրիստոսին, եռեակ չորս տարիներ եղաւ որպէս երկրի խորքերի պարարտ հողում թաղուած բարի սերմ, դուրս ելաւ մեծ արդիւնքով. մեղապարտ որդիների մեղքերի գբից իր հետ դուրս բերեց արանց եւ կանանց բազմութիւն՝ ըստ այն խօսքի, որն ասում է. «Եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ»[40]:
Այժմ տեսնենք երկրորդ գլուխը, թէ ինչո՞ւ օձի միջոցով տանջեցին Մեծն Գրիգորին:
Ասենք՝ քանի որ բոլորն օձաբարոյ էին, ուստի կամեցան իրենց դառնութիւնը թափել սուրբի վրայ օձի միջոցով: Եւ սա՝ ութ պատճառով:
Նախ՝ օձը լարի պէս երկար է: Այդպէս նրանք իրենց կեանքի տեւողութեան երկարութիւնն էին պահում իրենց մտքերում եւ չէին հաւատում կեանքի ունայնութեանը ու դիւրանցանելիութեանը, որ «Մարդու օրերը խոտի պէս են. նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ: Երբ փչի քամին, նա կ՚անհետանայ, եւ նրա տեղն իսկ չի երեւայ»[41]:
Երկրորդ՝ օձը երկրաքարշ է: Այդպէս նրանք իրենց մտքով անդադար քարշ էին գալիս երկրի վրայ եւ կարծում էին, թէ միայն այստեղ են վայելչութիւնները:
Երրորդ՝ օձը խայտաբղետ է: Եւ ինչպէս իմաստուններն են ասում՝ եօթն են օձի տեսակները եւ եօթնապատ են: Այդպէս նրանք ներկուած էին եօթ մահացու մեղքերով եւ բորբոսնած էին՝ շաղախուած մեղքերով, ինչպէս Դաւիթ մարգարէն է ասում. «Բազմացան իմ անօրէնութիւնները»:
Չորրորդ՝ օձը միշտ սառն է: Այդպէս նրանք սառած էին Աստուծոյ սիրուց, ինչպէս Թադէոս առաքեալն էր ասում. «Ինչպէ՞ս գնամ սառը եւ բիրտ ազգի մէջ»:
Հինգերորդ՝ օձը մահաբեր է մարդու եւ անասունի համար: Այդպէս եւ նրանք իրենց չարաթոյն նախանձով սպանում էին մարդկանց հոգով եւ մարմնով, ինչպէս որ կամեցան սպանել սուրբ Գրիգորին:
Վեցերորդ՝ օձը ողորկ եւ լպրծուն է: Այդպէս նրանք դիւրասահ էին դէպի մեղքերը եւ անհաւատութեան չարիքները:
Եօթերորդ՝ կան օձերի տեսակներ, որոնք թռչում են դէպի վեր, եւ կան, որ սողում են երկրի վրայ: Այդպէս ոմանք հպարտ էին եւ ամբարտաւան, ոմանք էլ՝ ծոյլ եւ անփոյթ բարի գործերի մէջ:
Ութերորդ՝ մարդիկ օձից դեղ են պատրաստում: Այդպէս նրանք օձից պատրաստեցին հոգեւոր դեղ՝ սուրբ Գրիգորին՝ մարդկանց մեռած հոգիների բժշկութեան համար:
Այսքանը օձի մասին:
Իսկ երրորդ գլխի մասին, թէ ինչու Տրդատ թագաւորն ընդունեց վարազի կերպարանքը, կ՚ասենք՝ տասը պատճառով:
Նախ՝ այդ կենդանին անբան է: Նոյնպէս էլ Տրդատ թագաւորը հաւասարուել էր անբան անասուններին: Եւ սուրբ Գրիգորը նուաճեց նրան այդ անբան կերպարանքի բռնութիւնից, որպէսզի զգօն դարձնի:
Երկրորդ՝ վարազը միշտ ներքեւ՝ դէպի երկիր է նայում եւ ոչ բնաւ դէպի երկինք: Նոյնպէս եւ Մեծն Տրդատը միշտ երկրաւորն էր խորհում եւ չէր կարողանում նայել ու տեսնել արդարութեան Արեգակի իմանալի լոյսը:
Երրորդ՝ խոզը մշտապէս թաւալւում է տիղմի մէջ: Նոյնպէս էլ նա միշտ եւ հանապազ թաւալւում էր մեղքերի տիղմի եւ բազմազան չարիքների մէջ:
Չորրորդ՝ խոզը միշտ աղտեղութիւն եւ գարշանք է սիրում, բայց ատում է անուշահոտութիւնը եւ փախչում: Նոյնպէս էլ նա սիրում էր աղտեղի բղջախոհ ցանկասիրութիւնն ու գարշութիւնը եւ ատում էր ողջախոհութիւնն[42] ու սրբութիւնը, ինչպէս ցոյց տուեց սուրբ Հռիփսիմէի հանդէպ, ում կողմից յաղթուեց եւ ամօթահար եղաւ:
Հինգերորդ՝ խոզը միշտ հոգոց է հանում ու տնքում: Նոյնպէս էլ Տրդատը, երբ անհաւատութեան մէջ էր, մինչ հոգեւոր բժշկին գտնելը հոգում եղած հիւանդութեան պատճառով տնքում եւ հոգոց էր հանում, որովհետեւ յոյժ խոցոտուած էր:
Վեցերորդ՝ խոզի մաշկածածկոյթը անհարթ է եւ կոշտ: Այդպէս նա կոշտ, անգութ եւ անարգաբարոյ էր, որը ցոյց տուեց սուրբ Գրիգորի հանդէպ՝ այդքան ժամանակ անտեսելով նրան:
Եօթերորդ՝ խոզը վայրի եւ անընտել վարք ունի: Այդ պատճառով ընդունեց վայրենի եւ անընտել կենդանու կերպարանքը, ինչպէս չորս կենդանիների կերպարանքով բռնաւոր Նաբուգոդոնոսորը, որովհետեւ նրանց վարքն ունէր:
Ութերորդ՝ խոզի միսը բորոտութեան եւ կուրութեան պատճառ է: Նոյնպէս եւ Տրդատը հոգեւոր կուրութեան եւ ախտերի պատճառ էր բոլոր նրանց համար, ովքեր իր իշխանութեան տակ էին:
Իններորդ՝ խոզն ընկնում եւ պառկում է կողքի վրայ եւ չի կարողանում նստել: Նոյնպէս էլ նա ընկած եւ ցած էր գլորուած աստուածպաշտութիւնից եւ հեռացած ճշմարիտ աստուածգիտութիւնից:
Տասներորդ՝ երբ հարուածում են նրա լեարդի կողմին, ապա զգում է հարուածը: Նոյնպէս էլ նա, հոգու եւ զգայարանների մէջ խոցուելով Աստուծոյ բարկութիւնից, զգաց պատուհասի հարուածը, աղաղակելով կանչեց մարդասէր բժշկին եւ զղջման գալով՝ առողջացաւ, քանզի «Տէրն իսպառ չի բարկանում եւ յաւիտեան ոխ չի պահում»[43], որովհետեւ մարդասէր է եւ ողորմած:
Եւ երբ այսպիսի ըմբոստ այրը դարձաւ առ Աստուած, Նա էլ «կանչեց, արդարացրեց. և փառաւորեց»[44]: Նրա ձեռքով աւերուեցին կուռքերի բազմաթիւ տաճարներ ու մեհեաններ, նրանով պայծառացաւ Քրիստոսի հաւատը, նրանով հաստատուեցին եկեղեցիները, եւ նրանով Քրիստոս փառաւորուեց, քանզի Աստուած մարգարէի միջոցով ասում է. «Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ»[45]: Ապա ուրեմն՝ մի՛ ծուլացէք, քանզի եթէ այդպիսի ողորմած եւ մարդասէր Տէր ունենք, դառնանք դէպի Նա, եւ Նա կը դառնայ դէպի մեզ: Սիրենք Նրան, որպէսզի Նա էլ մեզ սիրի: Զղջանք մեր մէջ, որպէսզի Նա էլ զղջայ պատուհասելու համար եւ բժշկի մեր հոգիների ծանր հիւանդութիւնը: Այսքանը Տրդատի մասին:
Այժմ տեսնենք չորրորդ գլուխը, թէ ինչո՞ւ նրա անունը Գրիգոր կոչուեց, որովհետեւ նրա ազգի մէջ չկար որեւէ մէկը, որի անունը Գրիգոր լինէր: Ասենք, որ տասը պատճառով:
Նախ՝ Աստուծոյ նախախնամութեան պատճառով, քանզի եթէ նրան կոչէին նրա նախնիներից մէկի անուամբ, ապա կիմանային, որ նա Անակի ազգից է, կը սպանէին, եւ կը խաւարեցնէին հայոց ազգը:
Երկրորդ՝ որպէսզի նրա ազգականները չգտնէին նրան իրենց նախնիների անունով եւ բռնութեամբ տանելով՝ մեծարէին, իշխանութիւն տային եւ դարձնէին իրենց կուռքը:
Երրորդ՝ սա եղաւ հրեշտակների միջնորդութեամբ, քանզի երբ դայեակը նրան տանում էր Կեսարիա, քաղաքին դեռ չմօտեցած՝ նստեց մի ծառի տակ՝ հանգստանալու, մի թռչուն նստեց ծառի վրայ եւ ձայնեց՝ «գուրգուր»: Դայեակը հասկացաւ, որ դա Սուրբ Հոգին էր՝ ձեւակերպուած աղաւնու նմանութիւն ունեցող թռչունի մէջ, եւ մանկանը կոչեց Գրիգոր: Եւ ապա քաղաք մտնելով՝ մկրտել տուեց նրան, եւ նա կոչուեց Գրիգոր:
Չորրորդ՝ գրկուեց եւ գգուեց Սուրբ Հոգու կողմից դեռեւս երանելի Ոգուհու արգանդում: Եւ ինքն էլ գրկեց մեզ ու ծնեց Աւազանով երկնաւոր Հօրը որդեգրութեան համար, որի համար Գրիգոր կոչուեց:
Հինգերորդ՝ Գրիգոր անունը կազմուած է վեց տառից, եւ նա էլ վեց անգամ յիսունից յետոյ՝ որպէս ամէնքին ազատութիւն տուողի ազատարար թուական[46], փրկեց մեզ դիւամոլ կռապաշտութիւնից եւ մեղքի ծառայութիւնից, քանզի «ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է»[47]:
Վեցերորդ՝ մենք վեց շարժումներով խոտորուեցինք դէպի չարը: Այսինքն դէպի աջ ու ձախ շարժումները հոգու եւ մարմնի մեղքերն են, յետ ու առաջ շարժումները՝ դէպի չարն առաջանալը եւ փախչելը բարի գործերից ու Աստուծոյ պատուիրաններից, դէպի վեր ու վայր շարժումները՝ երկրաւորը խորհելը եւ հպարտանալը: Իսկ սուրբ Գրիգորիոսը այս վեց շարժումներն ուղղեց դէպի բարին՝ ասելով. «Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին»[48]:
Եօթերորդ՝ այս վեցով նմանուց վեցթեւեան սերովբէներին եւ թէպէտ նրանցից վեց օր յետոյ ստեղծուեց, սակայն, համադասուելով նրանց իր «զուարթուն» անուամբ, փառաւորում է Սուրբ Երրորդութեանը:
Ութերորդ՝ Գրիգոր նշանակում է արթուն, որովհետեւ տասներեք տարի լինելով թունաւոր սողունների բազմութեան մէջ՝ չննջեց մարմնով: Նա ասում էր. «Քուն չեմ տայ իմ աչքերին, կամ նինջ՝ իմ թարթիչներին, եւ կամ հանգիստ՝ իմ մարմնին, մինչեւ Յակոբի Տէր Աստծու համար խորանի տեղ չգտնեմ»[49], որի համար հրեշտակները սպասաւորում էին նրան:
Իններորդ՝ Աստուծոյ առջեւ միշտ արթուն էր հոգով, որովհետեւ ամենեւին չննջեց մեղքի քնով՝ ասելով. «Տէ՛ր իմ Աստուած, լո՛յս տուր, Տէ՛ր, իմ աչքերին, որ երբեք մահուան քուն չմտնեմ»[50]:
Տասներորդ՝ արթուն էր Քրիստոսի բանաւոր հօտին առաջնորդելու, պաշտպանելու, գիշեր թէ ցերեկ ուսուցանելու, Տիրոջ օրէնքով խրատելու եւ ճշմարիտ հաւատով լուսաւորելու համար, ինչպէս որ Տիրոջ խօսքն է ասում. «Արթո՛ւն կացէք, որովհետև չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ»[51]: Եւ երբ իմաստուն տանտէրն իմանայ, թէ երբ է գալու գողը, պատրաստ եւ արթուն կը լինի:
Այսքանը անուան մասին:
Ո՛վ բարեգութ հայր, անյիշաչար եւ բարեսէր, լսի՛ր մեր պաղատանքները, քանզի գիտենք, որ դու մերձ բարեխօս ես առ Պարգեւատուն: Խնդրի՛ր քո հոգեւոր երկունքով ծնուած անարժան զաւակներիս համար, որ մեզնից հեռացնի մեր յանցանքների համար արդարացի պատուհասը, որպէսզի թերեւս կարողանանք հնազանդութեամբ եւ մտերիմ ծառայութեամբ միշտ սպասաւորել մեր Քրիստոս ճշմարիտ թագաւորին: Իսկ եթէ Նրա անքննելի դատաստանով սահմանուած է մեզ այստեղ ստրկացած լինել խստասիրտ տէրերի ծառայութեան տակ, քո ընտրեալ դասի հետ բարեխօսի՛ր մեզ համար, որ այս չարչարանքները, որ կրում ենք ակամայ, լինի կամաւոր ապաշխարութիւն մեր մեղքերի թողութեան համար: Որպէսզի ազատուելով՝ արժանանանք լինելու լուսոյ Հօր լուսոյ որդիներ եւ բոլոր սուրբերի հետ փառաւորել եռեակ Անձնաւորութեանը եւ մի Աստուածութեանը, համագոյ եւ զուգական Երրորդութեանը՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն յաւիտեանս յաւիտենից. ամէն:
_________________________________________________________
[1] Թարգման — այստեղ՝ Աստուծոյ խորհուրդները յայտնող միջնորդ անձ, գաղտնիքները բացատրող, Սուրբ գրութիւնները մեկնող անձ:
[2] Հռոմ. ԺԳ 7,8:
[3] Իմանալի – ըմբռնելի մտքով, ճանաչելի հոգով:
[4] Ա Կորնթ. ԺԱ 1:
[5] Հմմտ. Եփ. Դ 13:
[6] Գելարան — գործիք (մամուլ, կոճղ, փոկ եւ այլն), որով մի բան պրկում, ճմլում են:
[7] Մատթ. Ե 13:
[8] Մատթ. Է 14:
[9] Երգ. Ա 2-3:
[10] Սաղմ. Ղ 13:
[11] Ղուկ. Ժ 19:
[12] Մատթ. Ե 2:
[13] Սաղմ. ԼԷ 5:
[14] Նկանակ – հացի բլիթ:
[15] Սաղմ. ՃԽԴ 15:
[16] Յովհ. ԺԴ 23:
[17] Ես. ԿԶ 2:
[18] Յովհ. ԺԶ 22:
[19] Յովհ. ԺԶ 21:
[20] Սաղմ. ՃԻԵ 5:
[21] Ա Կորնթ. Դ 15:
[22] Օձապատիր – խաբուած օձի կողմից:
[23] Գաղ. Գ 27:
[24] Ստուերանալ – խաւարել, մթագնել, աղօտանալ:
[25] Ծննդ. Գ 24:
[26] Սաղմ. ԼԳ 8:
[27] Աստված ասաց օձին. «Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» [Ծննդ. Գ 15]:
[28] Սաղմ. Ղ 13:
[29] Ղուկ. Ժ 19:
[30] Սաղմ. ԼԹ 3:
[31] Ես. Թ 2:
[32] Բ Օրէնք ԻԴ 16:
[33] Սաղմ. ԾԵ 13:
[34] Մատթ. Ժ 28:
[35] Սաղմ. ԺԷ 12:
[36] Կող. Ա 26:
[37] Ժող. 2:
[38] Շաղիղ – հում միս, լեշ:
[39] Սաղմ. Ի 4:
[40] Յովհ. ԺԲ 24:
[41] Սաղմ. ՃԲ 15, 16:
[42] Ողջախոհութիւն – պարկեշտութիւն, սրբութիւն, ժուժկալութիւն:
[43] Սաղմ. ՃԲ 9:
[44] Հմմտ. Հռոմ. Ը 30:
[45] Մաղ. Գ 7:
[46] Վեց անգամ յիսուն՝ ստացւում է 300 թուականը՝ հայոց քրիստոնէութեան դարձի թուականը:
[47] Յովհ. Ը 34:
[48] Ա Կորնթ. ԺԱ 11:
[49] Սաղմ. ՃԼԴ 4,5:
[50] Սաղմ. ԺԲ 4:
[51] Մարկ. ԺԳ 35:
shavigh.am