Երբ մարդ Աստծուց իմաստության և երկյուղի շնորհ է ստանում, ընկերոջ համար տրտմության պատճառ չի ստեղծում և տրտմեցնող խոսք չի ասում նրան, ինչպես գրում է Սողոմոնը. «Իր խիստ խոսքը զսպողը իմաստուն է, համբերատարը՝ խելացի» [Առակ 17.27]: Արդ, երբ քո դեմ մեղանչում է եղբայրդ, կրկին մի՛ հիշիր անցյալ տրտմությունդ ու մի՛ տարփողիր՝ հայտնի դարձնելով, որպեսզի այն մարմին ստանա, այլ համբերի՛ր ու խաղաղությո՛ւն գործիր և կտեսնես, թե դա որքան բարի կլինի քեզ համար: Դու կլինես խաղաղարար և Աստծո որդի. սերը կմնա հաստատուն, և եղբայրդ՝ բարեկամ ու օգնական, իսկ միտքդ էլ խաղաղություն ձեռք կբերի: Իսկ եթե, անցած տրտմությունը վերստին հիշելով, աղաղակ բարձրացնես, կզրկվես խաղաղության վարքից ու կմեղանչես Աստծո դեմ, սիրո պատվիրանը կխախտվի, ու եղբորդ թշնամի կդարձնես. նա կտրտնջա և կբամբասի քեզնից, կատի ու նենգաբար չարիք կգործի: Եվ երբ եղբորդ հետ թշնամանաս, այնժամ Աստված [քեզ] ձեռքից բաց կթողնի, քո աղոթքը Նրա առջև խոտան կերևա, և դու անկարող կլինես հեռացնել սատանայի պատերազմը, քանզի նա ոչ մի բանի միջոցով այնպես չի մտնում մարդու մեջ, ինչպես որ՝ միմյանց հանդեպ ատելության: Մինչդեռ, եթե եղբորդ հանդեպ ամուր սեր ունենաս, քեզ գործակից կլինի Աստված, դու կհաղթես սատանային, և կխափանվեն բազում չարիքներ: ….
Արդ, գիտենալով այս ամենը, բնավ տրտմեցնող խոսք մի՛ ասա եղբորդ, այլ ամենայն տրտմություն սիրո փոխարկիր և թշնամանք մի՛ ունեցիր որևէ մեկի հանդեպ, որպեսզի դու խաղաղության մեջ մնաս: Բավական է մեզ համար սատանան իբրև թշնամի: Եղբորդ, ում Աստված քեզ շնորհեց իբրև օգնական, ոսոխ մի՛ դարձրու: ….
Ով Աստծուց շնորհ ունի, նա ուրիշի տրտմությունը փոխարկում է սիրո, ուր մնաց թե՝ իրենը: Այս պատճառով մարգարեն ասում է. «Դադարիր բարկանալուց և հանդարտվիր սրտմտությունից» [Սաղմ. 36.8]: ….
Արդ, իմանալով այս, ամեն տրտմություն սիրո փոխարկիր, ինչպես որ մարգարեն է ասում. «Խաղաղությո՛ւն փնտրիր և դրա՛ն հետևիր» [Սաղմ. 33.15]:
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.)
Աղբյուր՝ Անանիա Նարեկացի, «Վասն համբերութեան եւ խաղաղութեան».
ՄՄ ձեռ. 2680, 1371-1378 թթ., էջ 319ա-320ա
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)