Այսուհետև՝ սաղմոս Դավթի ի հիշատակ այն բանի, որ Տերը փրկեց նրան: [Բնագրում] սաղմոսը վերջում է դրված, սակայն իր մասին է Դավիթն ասում սա, երբ փախել էր Աբիսողոմից, նաև Զորաբաբելի մասին է, և մեր բնության. աղոթում է Դավիթն ու ասում.
1. Աստուած, յօգնել ինձ նայեա՛ց. և Տէր յընկերել ինձ փութա՛:
Աստվա՛ծ, ինձ օգնության հասիր. Տե՛ր, փութա՛ ընկերակցել ինձ:
Միայն քո հայացքին եմ կարոտ, ասում է, և եթե գաս, կլինես մեր ընկերն ու մարդու Որդին, որպեսզի մենք էլ տեսնենք քեզ:
2. Ամաչեսցեն և յամօթ լիցին, որ խնդրէին զանձն իմ. դարձցին յետս և ամաչեսցեն, ոյք խորհէին ինձ չար:
Թող խայտառակվեն ու ամոթահար լինեն ինձ հետապնդողները, թող ետ դառնան ու անարգվեն իմ մասին չար խորհողները:
Գոգը և դևերը, որոնք ցանկանում են կործանել մարդկանց հոգիները:
3. Դարձցին առ ժամայն ամաչեցեալ, որ ասէին ինձ վա՜շ վա՜շ:
Թող իսկույն խայտառակված ընկրկեն նրանք, ովքեր ինձ վա՜շ-վա՜շ էին ասում:
Որպեսզի հասկանան, որ երկյուղը Տիրոջից է, և իսկույն, ովքեր որ [այդպես] էին ասում, ինչպես Սեմեն, Աքիտոբելը և ուրիշ շատերը:
4. Ցնծասցեն և ուրախ լիցին ի քեզ ամենեքեան, որ խնդրեն զքեզ, Տեր:
Թող ցնծան և քեզնով ուրախանան բոլոր նրանք, ովքեր փնտրում են քեզ, Տե՛ր:
Քուսին և Եթթին, և ովքեր նրանց պես են, ինչպես նաև հրեշտակները, երբ մենք դեպի Հայրն ենք դառնում:
5. Ասասցեն յամենայն ժամ, մեծ է Աստուած. և ոյք սիրեն զփրկութիւնս քո:
Քո փրկությունը սիրողները թող միշտ ասեն. «Մե՛ծ է Աստված»:
Ովքեր հեթանոսությունից են եկել ինձ մոտ, Դավիթն է այսպես ասում, նաև Քրիստոսին տեսնելով են այսպես ասում, հրեշտակներն են այդպես ասում, ովքեր ցանկանում են մեր բնության արդարանալը, և քո բոլոր սրբերը, որ սիրում են Քրիստոսիդ:
6. Ես աղքատ և տնանկ եմ, Աստուած, օգնեա՛ ինձ, օգնական և փրկիչ իմ ես և Տէր իմ, մի՛ յամենար:
Ես աղքատ և տնանկ եմ, Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ. օգնականն ու փրկիչն իմ դո՛ւ ես. Տե՛ր իմ, մի՛ ուշացիր:
Աղքատ, այսինքն՝ հոգով եմ աղքատ, և տնանկ, քանզի ընկա դրախտից, հրեաները՝ Սուրբ Գրքից և տաճարից, իսկ Դավիթը՝ Երուսաղեմից և տապանակից: Կարոտ եմ քո օգնությանը, իմ օգնականն ու հույսը դու ես, և դու, Աստված իմ, մի՛ ուշացիր, որովհետև դու երկայնամիտ ես, իսկ մենք՝ պակասամիտ, դու հավիտենական ես, իսկ մենք՝ քիչ օրեր ունեցող:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը