Դիր մտքումդ, որ չպիտի հպարտանաս ու քեզ բոլոր մարդկանցից լավը կարծես, այլ քեզ թերի և անպիտան համարիր՝ իբրև պարտական Աստծո պատվիրաններին, ինչպես որ Տերը հրամայեց. «Եթե բոլոր առաքինությունները կատարեք, ասացեք, թե՝ Աստծո անպիտան ծառա ենք, արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել» [տե՛ս Ղուկ. 17.10]: Եվ հանապազ այսպես մտածելով ու ամոթահար կանգնելով Աստծո առջև՝ նայիր ներքև՝ երկրին, հայիր քո ներսը և իմացիր, որ հող ես, որպեսզի չմեծամտանաս, և միտքդ դեպի վեր՝ առ Աստված պահիր՝ հիշելով, որ Նա է քո Արարիչն ու Տերը, և սպասիր ապագա դատաստանին: ….
Երբ որևէ մեկին իբրև բարի օրինակ տեսնես, ձգտիր տպավորել քո մեջ իմաստուն ճարտարագրի նման: …. Իսկ ով քեզ չար թվա, նրա մասին քո ընկերոջը բարի մի՛ ասա, քանզի խաբեություն ու նենգություն է այդ: ….
Անպարկեշտ կանանց հետ ամենևին մի՛ նստիր ու խոսիր և հոժար մի՛ եղիր լսել նրանց խոսքը, քանզի պոռնիկ կանանց խոսքերը նման են թունավոր նետերի, որ խոցում և սպանում են լսողի հոգին: ….
Աստծուն տեսնելը և Նրա հետ արքայության մեջ բազմելն այն է, երբ սիրտդ սուրբ ես պահում ամենայն չարիքից՝ ագահությունից ու ոխակալությունից, նախանձից ու չարակնությունից, մեծաբանությունից և կամապաշտությունից, աղտեղի խոսքերից ու հայհոյանքից, դատարկաբանությունից, պիղծ ու զազրելի գործերից և պոռնկությունից. Որովհետև այս ամենը պղծում է մարդու սիրտը և զրկում Աստծո տեսությունից: Մինչդեռ, երբ սիրտդ բոլոր այս չարիքներից զերծ ես պահում, Աստծուն ես տեսնում, հոգիդ ուրախանում է, և դու համարձակ խոսում ես Աստծո հետ: [Այդժամ] Նրա կողմից իբրև լեռնաբնակ միայնակյաց ես համարվում, քանզի ովքեր թեև աշխարհում են ապրում, սակայն իրենց կյանքը վարում են սրբությամբ ու պարկեշտությամբ և լինում են ողորմած, աղքատասեր, մարդասեր, խոնարհ և անընչասեր, նրանք աշխարհի մեջ իբրև լեռների միայնակյացներ են: Եվ շատերը կան, որ ունեն այս առաքինությունները. այստեղ երանելի են և այնտեղ պսակվում են մեր Քրիստոս Աստծո արքայության մեջ:
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105)
Աղբյուր՝ ՄՄ ձեռ. 8029, 1376 թ.-ից առաջ, էջ 47ա-49բ
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)