Առակներ 14.27-35
27 Տիրոջ հրամանը կեանքի աղբիւր է, որը խուսափել է տալիս մահուան որոգայթներից: 28 Թագաւորի փառքն իր զօրքերի բազմութեան մէջ է, հզօրների կործանումը՝ իրենց ժողովրդի նուազելու մէջ: 29 Համբերատար մարդն օժտուած է մեծ խոհեմութեամբ, բայց կարճամիտը շատ է անխելք: 30 Հեզաբարոյ մարդը սրտի բժիշկ է, հոգս անող սիրտը՝ ոսկորների փտութիւն: 31 Տնանկին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, բայց ով պատւում է Աստծուն, նա ողորմում է աղքատին: 32 Ամբարիշտը պիտի մերժուի իր չարիքի պատճառով, բայց իր անձի համար մաքրութիւն ցանկացողը արդար կլինի: 33 Իմաստութիւնը հանգիստ է գտնում բարի սրտում, բայց անմիտների սիրտը չի ճանաչում այն: 34 Արդարութիւնը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նուազեցնում: 35 Խելացի սպասաւորը հաճելի է թագաւորին. իր փութաջանութեամբ նա թօթափում է անարգանքը: Բարկութիւնը կործանում է նոյնիսկ իմաստուններին:
Ա Թեսաղոնիկեցիներ 4.12-17
12 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն: 13 Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ՝ կեանքի պիտի բերի նրա հետ: 14 Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, 15 որովհետեւ Տէրն ինքը ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծոյ շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. 16 ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին ամպերով պիտի յափշտակուենք օդի մէջ՝ Տիրոջն ընդառաջ, եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք: 17 Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով:
Ավ. ըստ Հովհաննեսի 11.55-12.11
11.55 Եւ հրեաների Զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան Զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն: 56 Յիսուսին փնտրում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն:
12.1 Իսկ Յիսուս Զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից յարութիւն էր տուել: 2 Եւ այնտեղ նրան ընթրիք տուեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր: 3 Իսկ Մարիամը, մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով, օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով: 4 Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5 «Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանով եւ չտրուեց աղքատներին»: 6 Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում: 7 Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ: 8 Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»: 9 Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ ոչ միայն Յիսուսի պատճառով, այլեւ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից յարութիւն էր տուել: 10 Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11 քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին: