Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՀԱ

3 Ապրիլի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՀԱ
0
Կիսումներ
73
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սաղմոս Սողոմոնի համար:

Ոչ թե Սողոմոնին, այլ Սողոմոնի Տիրոջն են վայել այս խոսքերը, որ ցույց են տալիս նրա ի սկզբանե լինելը և նրա շնորհիվ աշխարհի բոլոր ծայրերի [մարդկության] հավատքի դառնալը:

1. Աստուած, զիրաւունս քո արքայի տո՛ւր, և զարդարութիւնս քո որդւոյ թագաւորի:

Աստվա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր, և արդարությունդ՝ թագավորի որդո՛ւն:

Արդարներն այսպես ասացին, ու լսեց Հայրը, և բոլոր դատաստաններն իր Որդուն տվեց: Եվ արդարությունդ՝ թագավորի որդո՛ւն. Քրիստոսը, որ թագավոր է և Որդին երկնավոր թագավորի և Դավթի:

2. Դատել զժողովուրդս քո արդարութեամբ, և զաղքատս քո իրաւամբք:

Որ քո ժողովրդին արդարությամբ դատի ու քո աղքատների իրավունքը պահի:

Երկու մասի է բաժանում դատաստանը. ժողովրդի, որ ոչ թե բոլորն էին հանցավոր, այլ նրանց մեջ բազմաթիվ առաքինիներ կային, և նրանց արդարությունը պատճառ հանդիսացավ փրկության՝ լրացնելով պակասը, ինչպես որ Հովհաննեսին ասաց. «Այսպես վայել է, որպեսզի մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3:15): Եվ աղքատերի՝ հեթանոսների իրավունքը, ինչպես որ սատանայի հետ վիճելով ասում է, թե ինչպե՞ս կարող ես իմիններին ունենալ, մի՞թե ոչ խաբեությամբ և պատրանքով, և ոչ այնքան նրանց չարությամբ: Նորից՝ հանդերձյալում [աղքատի իրավունքը կպահի], երբ հոտին աջ և ձախ կողմերում կանգնեցնի, և թեև Սողոմոնը մի դատով գովելի դարձավ, երբ երկու կանանց միջև վճիռ կայացրեց, ապա իր Տերը ո՞ր օրինակով պիտի հիշվի:

3. Առցեն լերինք զխաղաղութիւն ժողովրդեան, և բլուրք զարդարութիւն:

Լեռները խաղաղություն կբերեն ժողովրդին, և բլուրներն՝ արդարություն:

Լեռները Աստծու հրեշտակներն են, որ և բերեցին, իսկ խաղաղությունը՝ կույսին, հովիվներին, մոգերին, յուղաբեր կանանց, առաքյալներին, որոնց և բլուրներ է կոչում, որոնք և վերցրեցին ու քարոզեցին Տիրոջ արդարությունը: Սողոմոնի օրոք փոքր-ինչ խաղաղություն եղավ, սակայն ոչ այնքան, որ բոլոր դարերում հիշատակվեր: Կոստանդիանոսի և Տրդատի օրոք էլ ընդհանուր խաղաղություն եղավ, սակայն սա Քրիստոսի շնորհիվ էր: Նորից՝ լեռներն ու բլուրները խաղաղություն կբերեն Տիրոջ գալստյամբ: Սուրբ ճգնավորներն էլ լեռներն ու բլուրները բարձրացան և խաղաղության մեջ կենցաղավարեցին, և օրհնաբանվում է Աստված այնտեղ, որտեղ նախապես կուռքեր էին դնում և պատերազմում էին Աստծո դեմ:

4. Իրաւ արասցէ աղքատաց ժողովրդեան, և կեցուսցէ զորդիս տնանկաց, և խոնարհեցուսցէ զամբարտաւանս:

Թող արքան իրավունք տա ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին, և ընկճի ամբարտավաններին:

Աղքատներին, այսինքն՝ հեթանոսներին, և պահպանի որդիներին Աբրահամի, Իսահակի և Հակոբի, որ այստեղ տուն չունեին: Եվ խոնարհեցնի փարավոնին, Ամաղեկին, ամուրհացիներին, Սենեքերիմին և սատանային, որ ցանկանում էր իր աթոռը ամպերից վեր դնել:

5. Կացցէ և մնասցէ ընդ արևու, յառաջ քան զլուսին ազգէ մինչև յազգ:

Նա թող ապրի ու մնա որքան որ արևը լինի, լուսնից առաջ, սերնդից սերունդ:

Հիսուս Քրիստոսը՝ իմանալի արեգակը Հոր և Սուրբ Հոգու հետ, որ արևն է, ինչպես որ ինքն է Հորը ճառագայթ կոչում, իսկ Սուրբ Հոգուն՝ Որդու երեսի լույս: Լուսնից առաջ, որովհետև Արարիչն է ժամանակի, որ ստեղծեց լուսնին, քանզի եբրայերենում և ասորերենում ասվում է, թե թող երկրպագեն նրան արևի և լուսնի հետ: Եվ ինչո՞ւ է Սողոմոնին վերաբերում հրեաների սերնդից մինչև հեթանոսների սերունդը: Նորից՝ առավոտյան արեգակի ծագելուց մինչև երեկո՝ նախքան լուսնի ելնելը, եկեղեցին աղոթքի է կանգնում նրա առաջ՝ մինչև վախճանը:

6. Իջցէ որպէս զանձրև ի վերայ գեղման, որպէս ցօղ, զի ցօղէ յերկիր:

Նա թող իջնի որպես անձրև գեղմի վրա և որպես ցող՝ երկրի վրա:

[Իջավ] կույսի մոտ անաղմուկ և անոտնաձայն լռությամբ, ինչպես որ Գեդեոնը նկարագրեց արևի ու անձրևի, կալի ու բրդի պահը: Նորից գեղմի վրայի անձրևը, որը բուրդն է, ոչ թե բացում է դուռն ու ներս թափվում, այլ ամեն ինչ լվում է և մաքրում, և ելնելուց էլ չի քանդում պարիսպը և ավերում, նույնպես նաև Տերը Կույսի մեջ մտավ և ելավ ինչպես ցող: Եվ առաքյալների քարոզչությունն էլ Բանի հեղումն է:

7. Ծագեսցէ յաւուրս նորա արդարութիւն բազում՝ բազում խաղաղութիւն, մինչև կատարեսցի լուսին:

Նրա օրոք արդարություն և մեծ խաղաղություն թող տիրի, մինչև լուսնի վախճանը:

Քանզի Հոգին հագնելով բնությանը, որը լույս է և օր Հիսուսի, բազում արդարություն տիրեց՝ կուսություն, մարտիրոսություն և ճգնություն, այնպիսի խաղաղություն տիրեց, որ նույնիսկ թշնամիներին էին սիրում: Մինչև լուսնի վախճանը. ինչպես լուսինն է մշտապես հնանում և նորանում, այդպես էլ երկիրը պատերազմ և խաղաղություն է ունենում, և որ նույնն է աշխարհն ու լուսինը, քանզի Տերն էլ ասաց, թե սուր բերեք: Նորից, մինչև որ խավարի արեգակն ու լուսինը, ըստ Տիրոջ հրամանի, քանզի դա է վախճանը, նաև երբ Քրիստոս Արեգակն է ծագում, խավարում է լուսինը՝ սատանան: Նաև ասում են, թե նախքան Քրիստոսի գալը մեկ տարի առաջ լուսինն ամբողջական է մնալու, և խաթարվելու է տոմարը. վերադիրը երեսուն է լինելու, իսկ յոթնյակը՝ յոթ:

8. Տիրեսցէ նա ի ծովէ մինչև ի ծով. ի գետոց մինչև ի ծագս աշխարհի:

Նա թող իշխի ծովից մինչև ծով, և գետերից մինչև ծագերն աշխարհի:

Ափից մինչև ափ, քանզի աշխարհի շուրջբոլորը ծով է: Գետերից՝ Հորդանանից, որ երկու ակունք ունի, այն գետից է ասում, որտեղ սկսեց մկրտությունը մինչև մարդկային կյանքի ափը:

9. Առաջի նորա նախ հնդիկք անկցին. և թշնամիք նորա հող կերիցեն:

Հնդիկները ծնկի թող գան նրա առջև, և նրա թշնամիները հող ուտեն:

Եբրայերենով՝ նախ կղզիները թող ծնկի գան, որ ծովի մեջ են գտնվում, որպեսզի նրան անծանոթ չմնան, ինչպես Տյուրոսից ու Սիդոնից Տիրոջ մոտ եկան, նաև եթովպացիների և Թովմայի միջոցով քրիստոնեությունը վաղ շրջանում քարոզվեց հնդիկներին: Եվ նրա թշնամիները հող ուտեն, ինչպես օձը, այդպես էլ բոլոր թշնամիները հող ուտեն և միշտ հողի մոտ գան, հերետիկոսներն էլ միշտ մոխիր են ուտում, այլ ոչ թե մանանա:

10. Թագաւորք Թարսսի և կղզեաց՝ պատարագս մատուսցեն նմա. թագաւորք Արաբայ և Սաբայ՝ պատարագս բերցեն նմա:

Թարսիսի և կղզիների թագավորները նվերներ թող մատուցեն նրան, Արաբիայի և Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան:

Թարսիսի և կղզիների, Կարքեդոնի կողմերն է կղզի կոչում, իսկ Թարսիս՝ Տարսոնի՝ ներքին Հնդկաստանի: Եվ կղզիները ընծաներ թող բերեն, այստեղ՝ հավատացյալները, իսկ հանդերձյալում ընդհանրապես բոլոր ազգերը երկրպագություն և փառաբանություն են մատուցելու: Արաբիայի և Սաբայի արքաները, երջանիկ Արաբիան, որը նույնիսկ վեմ կոչվեց և երեք մոգերը՝ Մելքոնը Պարսկաստանից, Գասպարը Հնդկաստանից և Բաղդասարը Արաբիայից, ընծաներ բերեցին՝ ոսկի, զմուռս և կնդրուկ:

11. Երկրպագցեն նմա ամենայն թագաւորք երկրի. և ամենայն ազգք ծառայեսցեն նմա:

Աշխարհի բոլոր թագավորները թող խոնարհվեն նրա առաջ, և բոլոր ազգերը թող ծառայեն նրան:

Աշխարհի վերջում:

12. Զի փրկեաց զաղքատն ի հզօրէ. զաղքատն և զտնանկն, որոյ ոչ է իւր օգնական:

Քանզի հզորի ձեռքից նա փրկեց աղքատին՝ աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն:

Աղքատը եզակիով բնությանն է կոչում, որ փրկեց սատանայից, իսկ՝ աղքատ և տնանկ՝ հրեաներին, ըստ այնմ, թե. «նայեցի, բայց օգնող չկար» (Ես. 63:5):

13. Անխայեսցէ նա յաղքատն և ի տնանկն. և զանձինս տնանկաց կեցուսցէ, ի վաշխից չարեաց փրկեսցէ զանձինս նոցա:

Նա կխղճա աղքատին ու տնանկին, և տնանկների հոգին կփրկի: Չար վաշխառուներից կազատի նրանց:

Գթությամբ խնայելն է խղճալը: Չար վաշխառուներից կազատի, քանզի իրեն չլսելու փոխարեն, որ ճաշակեցին դրախտի քաղցր պտղից, միշտ վաշխ է պահանջում սատանան՝ Աստծո թույլատու կամքով հոգիները դժոխք տանելով, և անվարձ թողեց գլուխը միայն, որը մահն է, որից Տերը փրկեց, և երկրորդ գալստյամբ այն վերցնելու է, ըստ հինգ հարյուրի և հիսունի (Ղուկ. 7:41)՝ թողնելով Եվայի հինգ զգայարաններով գործած մեղքերը, և հիսունը՝ Ադամի, ինչպես Սիմոն (Պետրոսին) ասաց  և մեղավոր կնոջ մասին պատմեց: Հիսունը նաև Ադամի ազատ կամքի խորհուրդն ունի:

14. Պատուական է անուն նորա առաջի նոցա, կեցցէ, և տացի նմա յոսկւոյն արաբացւոց:

Նրա անունը փառավոր է նրանց առաջ: Նա կապրի, և արաբների ոսկին նրան պիտի տրվի:

Հիսուսի, ում առաջ խոնարհվում են բոլոր ծունկերը: Նորից՝ նրա անունը փառավոր է նրանց առաջ: Ըստ այլոց՝ եկեղեցու անունը Քրիստոսի առաջ, քանզի հեղեց իր արյունը նրանց համար, ուստի և քրիստոնյա են կոչվում: Կապրի, Հերովդեսը չի կարող սպանել, մեռելներից կապրի, և արաբների ոսկին նրան կտրվի, որովհետև ազնիվ է բնականից, քանի որ նրանց թագավորն է բերել՝ ի նշան անխախտ հավատի, որով վերադարձանք առաջին փառքին: Ասորերենում ասվում է, թե պատվական է նրա արյունը և այն ևս պատվվում է մեր կողմից՝ ծայրագույն պատվով:

15. Յաղօթս կացցեն առ նա յամենայն ժամ. և զօրհանապազ օրհնեսցեն զնա:

Ամեն ժամ աղոթքի կկանգնեն նրա առջև և գիշեր-ցերեկ կօրհնեն նրան:

Նրանք, ովքեր չթերացան հավատի մեջ, հոգու քնարներ են, և գիշերը չի իշխում նրանց վրա, որոնց բերաններում ամեն ժամ նրա օրհնությունն է, այդ պատճառով էլ գիշեր-ցերեկ է ասում:

16. Եղիցի հաստատութիւն ընդ ամենայն երկիր. և ի վերայ գլխոց լերանց:

Ամբողջ երկրում և լեռների գագաթներին հաստատություն կտիրի:

Եկեղեցին կհաստատվի ամբողջ աշխարհով մեկ, և լեռների վրա, ըստ այնմ, թե՝ «Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել» (Մատթ. 5:14): Ասորերենում ասվում է, թե ամբողջ երկրում թող ցորեն լինի, հայտնի է հատիկի պատմությունը, որ ընկավ երկրի վրա և մեռավ: Եվ լեռների գագաթներին չափազանց սրբակենցաղներն են, ովքեր ազնիվ ցորեն են տալիս՝ նախ առաքյալները և ապա՝ նրանց նմանվողները:

17. Բարձրասցի քան զԼիբանան պտուղ նորա. ծաղկեսցի ի քաղաքի Տեառն որպէս խոտ երկրի:

Նրա պտուղը Լիբանանից ավելի բարձր կլինի, Տիրոջ քաղաքում նա կծաղկի երկրի խոտի նման:

Բոլոր կրոններից բարձր կլինի, և հրեաների սպասավորությունը եկեղեցու պտուղն է՝ հավատը, հույսը, սերը, քանի որ Լիբանանն ավելի բարձր է քան Պաղեստինը և Ասորեստանը, սակայն Լիբանանն անպտուղ է, ինչպես բոլոր երկրների կրոնները, այդպես էլ սա բարի չէ: Կծաղկի եկեղեցին, բայց ոչ թե հրեական կրոնի պես, որ Երուսաղեմում փոքր-ինչ ծաղկելուց հետո խամրեց: Եբրայերենում ասվում է, թե կծլի Տիրոջ քաղաքում: Քաղաքը սրբուհի Մարիամն է, պարիսպը՝ կուսությունը, որտեղ ծլեց ծառը, ոչ թե հրեշտակների նման, այլ՝ մարդու, որ խոտի նմանեցրեց, և մենք էլ անասունների նմանվեցինք, որպեսզի [այն] մեզ կերակուր լինի: Խոտ՝ քաղաքի մեջ, այլ ոչ թե դաշտերում և այգիներում, քաղաքում, որտեղ մարդիկ չեն տրորում և փափկեցնում, և քաղաքի հուշարձանի մոտ, որտեղ ոտքի տակ չի ընկնում և աճում է: Եվ քաղաքում է ասում, որը տեսանելի է, և պարսպի վրայով են քայլում, այլ ոչ թե հուշարձանի՝ մի վայրի, որտեղ արձանացավ մահը:

18. Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտեանս. զի յառաջ քան զարև է անուն նորա:

Տիրոջ անունը կօրհնվի հավիտյան, քանզի արևից առաջ է անունը նրա:

Ինչպես էլ անվանվի, օրհնյալ է, քանզի նրա իրական անունը արևից էլ առաջ է, թեև հետագայում խոտ կոչվեց:

19. Ի նա օրհնեսցին ամենայն ազգք երկրի, և ամենայն ազինք երանիցեն նմա:

Աշխարհի բոլոր ազգերը կօրհնեն նրան, և բոլոր ժողովուրդները երանի կտան նրան:

Քանզի Աբրահամի զավակն է, որի միջոցով օրհնվեցին բոլոր ազգերը: Եվ բոլոր ժողովուրդները երանի կտան նրան, քանզի ինը երանելիները նախ իր վրա վերցրեց՝ ստանալով մեր բնությունը, և ապա տվեց մեզ, որպեսզի բոլոր ազգերը երանի տան միակ հզորին, թագավորների Թագավորին և տերերի Տիրոջը, որ միայն ինքն ունի անմահություն:

20. Օրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի, որ առնէ սքանչելիս միայն. և օրհնեալ է անուն սուրբ փառաց նորա յաւիտեան. լցցի փառօք նորա ամենայն երկիր. եղիցի եղիցի:

Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ միայն ինքն է սքանչելիքներ գործում: Եվ օրհնյալ է հավիտյան սուրբ անունը նրա փառքի, թող նրա փառքով ողջ երկիրը լցվի. թող լինի, թող լինի:

Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, ինչպես որ գրված է. «Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Բ. Օրին. 6:4): Եվ օրհնյալ է հավիտյան սուրբ անունը նրա փառքի, որ Խաչյալ կոչվեց, քանզի նախատիքի անուն չէ: Թող նրա փառքով ողջ երկիրը լցվի, սերովբեներն էին աղաղակում՝ Խաչի խորհրդով: Թող լինի, որը հավաստի է և ճշմարիտ, ինչպես որ ասաց. թող լույս լինի և այլ, նույնպես նաև սա թող լինի:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»:

Հաջորդ

Ավագ երկուշաբթի.Անպտուղ թզենի

Հաջորդ
Ավագ երկուշաբթի.Անպտուղ թզենի

Ավագ երկուշաբթի.Անպտուղ թզենի

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.