Իմաստություն Ասափի: Ոմանք գերուն են վերագրում, ոմանք էլ Անտիոքոսի ժամանակ՝ մակաբայեցիներին, սակայն իրականում սա վերջին ավերման մասին էր՝ Տիտոսի օրոք, որը Աստծու Որդու արյան վրեժխնդրությունն էր, որ Սուրբ Հոգին ողբում է զղջացողների և իմաստունների միջոցով՝ ասելով.
1. Ընդէ՞ր մերժեցեր, Աստուած, իսպառ. բարկացաւ սրտմտութիւն քո ի վերայ խաշին արօտի քո:
Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ, և սրտմտությունդ սաստկացավ քո արոտի ոչխարների վրա:
Արդ, նրանց երբեք չէր եղել անվերադարձ գերություն: Սրտմտությունդ սաստկացավ. որ նախկինում հովվում էիր հոտդ մարգարեների միջոցով:
2. Յիշեա՛ զժողովուրդ քո, զոր ստացար ի սկզբանէ. փրկեցեր զվիճակ ժառանգութեան քո:
Հիշի՛ր քո ժողովրդին, որ սկզբից ստացար, և փրկեցիր քեզ վիճակված ժառանգությունը:
Ստացար Եգիպտոսից, և փրկեցիր փարավոնից՝ Մովսեսի միջոցով, Հակոբի ժողովուրդը եղավ Տիրոջ բաժինը, իսկ իր վիճակված ժառանգությունը՝ Իսրայելը:
3. Լեառն Սիովն այս՝ ուր բնակեցեր դու ի սմա. համբարձ զձեռն քո ի վերայ ամբարտաւանութեան նոցա իսպառ:
Լեռն այս Սիոնի, որտեղ դու բնակվեցիր: Նրանց ամբարտավանության վրա բարձրացրո՛ւ քո ձեռքն ընդմիշտ:
Ուր Դավիթը բերեց խորանն ու տապանակը, և դու էլ քո անունը դրեցիր դրա վրա: Բարձրացրո՛ւ քո ձեռքը հրեաների վրա, որ կայսրից թագավորություն էին ուզում, և ցանկացան, որ Տիրոջ արյունն իրենց ու իրենց որդիների վրա լինի, ընդմիշտ ուզեցին: Բարձրացրո՛ւ քո ձեռքը, նորից մշտապես հարվածելու նրանց:
4. Որ ինչ անիրաւեցաւ թշնամին ի սրբութենէ քում, պարծեցան ատելիք քո ի մէջ բարեկենդանութեան իւրեանց:
Քանզի թշնամին անիրավություն գործեց քո սրբարանում: Քեզ ատողները պարծեցան իրենց բարօրությամբ:
Զատիկի տոնին՝ իրենց բարօրության ժամանակ խաչեցին Տիրոջը: Քեզ ատողները պարծեցան՝ ասելով «Վա՛հ, որ քանդում էիր տաճարը» (Մարկ. 15:29), և այդ նույն տոնի օրն էլ հատուցի՛ր նրանց: Հարցրեց, թե ինչո՞ւ մերժեցիր, և այս ամենը նաև պատասխան է, թե անիրավաբար չմերժեցիր:
5. Եդին զնշանս իւրեանց ի նշանս. և ինքեանք ո՛չ ծանեան զելս ի վերուստ:
Նշաններն իրենց իբրև զինանշան դրին մուտքին, բայց իրենք չհասկացան, որ ի վերուստ է ելքը:
Պիղատոսը, որպես կործանման նշան, տաճարի մեջ մտցրեց խոզի գլուխը և դրոշը, որի վրա արծվի պատկեր էր: Նաև կործանման նշաններ էին լինում. դուռը, որ ինքնուրույն բացվեց, ուր քսան մարդ հազիվ էին մտնում, և երինջը, որ գառ ծնեց, և այրը, որ աղաղակում էր. «Վա՜յ Երուսաղեմ, վա՜յ Երուսաղեմ», և նրանց դրեցին բարի նշաններ: Բայց իրենք չհասկացան, որ ի վերուստ է ելքը, որ ի վերուստ է գալու մեծ բարկությունը, և նրանց ելնելը Երուսաղեմից տարատեսակ պատիժներով է լինելու, և այս էր.
6. Որպէս յանտառի փայտատօք կոտորեցին զդրունս նորա, ի միասին փայտատօք և մրճովք կործանեցին զնա:
Ինչպես անտառի փայտահատներ, կացիններով ջարդեցին դռները նրա, տապարներով ու մուրճերով կործանեցին այն:
Արհեստավորներ բերելով՝ քանդում էին:
7. Այրեցին ի հուր զսրբութիւն քո յերկրի. Պղծեցին զխորան անուան քո:
Հրի մատնեցին քո սրբարանը, և երկրի վրա պղծեցին քո անվան խորանը:
Երկրի վրա, այլ ոչ թե երկնքում, որը սուրբ եկեղեցու խորհուրդն ունի: Պղծեցին՝ տաճարի մեջ խայտառակություններ գործելով:
8. Ասացին ի սիրտս իւրեանց ազգս նոցա ի միասին. եկա՛յք լռեցուսցուք զամենայն տօնս Աստուծոյ յերկրէ:
Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկեք վերացնենք Աստծու բոլոր տոներն երկրի երեսից»:
Շաբաթը, զատիկը, տաղավարահարաց և այլ տոները:
9. Նշանս մեք ինչ ոչ տեսաք, և ո՛չ ևս գուցէ մարգարէ. և զմեզ ինչ ոք ո՛չ ճանաչիցէ:
Նշաններ մենք չտեսանք, այլևս մարգարե չմնաց, և ոչ ոք մեզ չի ճանաչում:
Արդ, լռել են հրաշագործներն ու մարգարեները, մեր գերիների հետ նաև մարգարեներն էին [գերի], և մեզ չէին ճանաչում որպես Իսրայել և որպես Աստծու ժողովուրդ:
10. Մինչև յե՞րբ, Աստված, նախատէ թշնամին, բարկացուցանէ հակառակորդն զանուն սուրբ քո:
Մինչև ե՞րբ, Աստված, թշնամին պիտի նախատի և հակառակորդն անարգի սուրբ անունդ:
Սատանան ու հրեաները դեռևս հակառակվում են, և հայհոյում Հիսուսի սուրբ անունը:
11. Ընդէ՞ր դարձուցանես զձեռն քո, և զաջ քո ի միջոյ ծոցոյ քումմէ իսպառ:
Ինչո՞ւ ես ետ քաշում քո ձեռքը, և քո աջը ծոցիդ մեջ է ընդմիշտ:
Ծոցը երկու իմաստ ունի՝ գանձ բարության և Տիրոջ բարկության, և ձեռքը, որ բարկությունն է թափում, իսկ աջը՝ պարգևներ բաշխում: Հատուցի՛ր, ասում է, յուրաքանչյուրին ըստ իր արժանիքի, ընդմիշտ երկայնամիտ մի՛ եղիր:
12. Աստուած, թագաւոր մեր յառաջ քան զյաւիտեանս, որ արարեր զփրկութիւն ի մէջ երկրի:
Աստվա՛ծ, դու մեր թագավորն ես հավիտենությունից ի վեր, դու, որ փրկություն գործեցիր երկրի վրա:
Այդ պատճառով էլ Երուսաղեմի մեջ փրկություն գործեցիր, Երուսաղեմի, որը աշխարհի սիրտն է, ըստ իր ասածի:
13. Դու հաստատեցեր զօրութեամբ քով զծով. դու խորտակեցեր զգլուխ վիշապաց ի վերայ ջուրց:
Դու քո զորությամբ ծովը հաստատեցիր, և վիշապների գլուխը խորտակեցիր ջրերի վրա:
Կարմիր ծովը որպես երկկողմանի պարիսպ դարձնելով, վիշապը Եգիպտոսի քաղաքներն են, իսկ գլուխը՝ նրանց իշխանները:
14. Դու փշրեցեր զգլուխ վիշապին, և ետուր զնա կերակուր զօրացն հնդկաց:
Դու վիշապի գլուխը փշրեցիր և որպես կերակուր տվիր հնդիկների զորքերին:
Այսինքն՝ Փարավոնի. և որպես կերակուր տվիր հնդիկների զորքերին, քանզի հնդիկները եկան և վերցրեցին [խորտակված զորքի] այն ավարը, որ ալիքները դուրս էին հանում:
15. Դու բղխեցուցեր զաղբիւրս և զվտակս, դու ցամաքեցուցեր զգետս սաստիկս:
Դու աղբյուրներ ու վտակներ բխեցրիր, և հորդաջուր գետեր ցամաքեցրիր:
Աղբյուրներ [բխեցրիր] վեմից, և ցամաքեցրիր Հորդանանը, և Սոդոմի գետերն ու Հորդանանը, այն, որ դարեդար գալիս էր:
16. Քո է տիւ, և քո է գիշեր, զլոյս և զարև դու հաստատեցեր. և դու հաստատեցեր զամենայն սահմանս երկրի. զգարուն և զամառն դու ստեղծեր:
Քոնն է ցերեկը, և քոնն է գիշերը, լույսն ու արևը դո՛ւ հաստատեցիր: Դու հաստատեցիր երկրի բոլոր սահմանները, գարունն ու ամառը դո՛ւ ստեղծեցիր:
Ժամանակի ստեղծիչն ես, որ ստեղծեցիր Եգիպտոսի գիշերը և Իսրայելի ցերեկը, լույսը և արևը: Եվ դու հաստատեցիր երկրի բոլոր սահմանները. սահման դրեցիր գոյերի միջև և հաստատուն են, գարուն ասելով հիշիր նաև ձմեռը, որ մոտ է, և ամառ ասելով՝ աշունը, որ դու ստեղծեցիր միմյանց հաջորդող:
17. Այս յո՛ւշ լիցի քեզ, զի թշնամին նախատեաց զՏէր. ժողովուրդ անզգամ բարկացոյց զանուն սուրբ քո:
Հիշի՛ր այս. թշնամին նախատեց Տիրոջը, անզգամ ժողովուրդն անարգեց քո սուրբ անունը:
Բարի Տերը իր կամքով մոռացության է մատնում չարը: Հիշի՛ր այս, ասում է, քանզի չցանկացավ իմանալ և մտապահել քո սուրբ անունը, որը չի նախատվում, սակայն [թշնամին] նախատեց և շարունակում է նախատել: Էշից ու եզից անզգամ ժողովուրդը անարգեց քո սուրբ անունը, որովհետև Աստծո Որդուն քո էությունից համարել չսովորեց:
18. Մի՛ մատնիր գազանաց զանձն, որ խոստովան առնի առ քեզ. և զանձինս տնանկաց քոց մի՛ մոռանար իսպառ:
Քեզ խոստովանողին մի՛ մատնիր գազաններին, և քո տնանկներին մի՛ մոռացիր երբեք:
Գազաններին, այսինքն՝ դևերի ձեռքը՝ հրեաներին և հեթանոսներին, ովքեր կխոստովանեն քեզ որպես Աստված: Եվ տնանկներին մի՛ մոռացիր, նրանց, ովքեր մեղանչեցին և զղջացին, մի՛ մոռացիր:
19. Հայեա յուխտ քո, զի լցան տունք ափշելոց յերկրի անիրաւութեամբ:
Նայի՛ր քո ուխտին, քանզի ապշահարների տները երկրի վրա լցվեցին անիրավությամբ:
Որ ուխտեցիր եկեղեցու հետ քո արյամբ՝ հավատով և գործով, քանզի տները՝ եկեղեցիները, երկրի վրա լցվեցին հերետիկոսների հափշտակություններով, ովքեր երկրավոր փափկությունների, կամ փառքի և ունեցվածքի միջոցով պատրեցին և սուտ խոսեցին, ինչպիսիք էին Արիոսը, Նեստորը և այլք: Եվ կամ երկնավորի մասին չխորհեցին՝ Սուրբ Հոգու միջոցով հասկանալով Սուրբ Գիրքը, այլ երկնավոր եղան, և շնչավոր, և ապշահար:
20. Մի՛ դարձցի տնանկն ամաչեցեալ. այլ՝ աղքատն և տնանկ օրհնեսցեն զանուն սուրբ քո:
Թող խեղճն ամոթով ետ չդառնա, և աղքատն ու տնանկը թող օրհնեն սուրբ անունդ:
Եկեղեցուց հեռացածը, երբ զղջալով գա քեզ մոտ, [թող ամոթով ետ չդառնա], եթե նույնիսկ մահու չափ մոլորված լինի Սուրբ Հոգուցդ: Նաև աղքատ հեթանոսներին է ասում, իսկ տնանկ՝ հրեաներին, որոնք թող օրհնեն սուրբ անունդ, քանզի ողորմած ես կոչվում և երկայնամիտ:
21. Արի՛, Աստուած, և դատեա՛ զդատաստանս քո. յիշեա՛ զնախատինս, որ յանզգամէն զօրհանապազ:
Ելի՛ր, Աստվա՛ծ, և կատարի՛ր դատաստանդ, հիշի՛ր անզգամի ամենօրյա նախատինքը:
Հավիտենական կյանքում, քանզի քոնն է դատաստանը, հիշի՛ր սատանայի նախատինքերը, որ անարգում է քո պատկերը, անունդ ու եկեղեցիդ, փառքդ և քեզ՝ Հիսուս:
22. Մի՛ մոռանար զձայն պաշտօնէից քոց. ամբարտաւանութիւն ատելեաց քոց վերասցի հանապազ:
Մի՛ մոռացիր պաշտոնյաների ձայնը. քեզ ատողների ամբարտավանությունն անընդհատ պիտի աճի:
Որ եկեղեցում միշտ բարձրացնում են: Դևերի և կռապաշտների ամբարտավանությունը անընդհատ պիտի աճի, մինչև որ հայտնի լինի մեր Տեր ու Աստված Հիսուսը:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը