Ավ. ըստ Մարկոսի 14.1-11
1 Եւ երկու օր յետոյ Զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան, նենգութեամբ բռնելով, սպանեն: 2 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»: 3 Եւ մինչ նա Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին: 4 Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղն ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5 կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»: Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ: 6 Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց: 7 Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ, երբ ուզէք, կարող էք նրանց բարիք անել: Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք: 8 Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւէտեց իմ մարմինը ի նշան պատանքուելու: 9 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ուր էլ քարոզուի այս աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»: 10 Եւ Յուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց: 11 Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտրում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան:
Ծննդոց 18.1-19.30
18.1 Աստուած Աբրահամին երեւաց Մամբրէի կաղնու մօտ, երբ սա կէսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մօտ: 2 Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց. 3 «Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա, 4 թող մի քիչ ջուր բերեն, լուան ձեր ոտքերը, ապա հովացէ՛ք ծառի տակ: 5 Հաց բերեմ, կերէ՛ք եւ ապա գնացէ՛ք ձեր ճանապարհով, որովհետեւ ձեր ծառայի մօտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»: Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպէս, ինչպէս ասացիր»: 6 Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»: 7 Աբրահամը գնաց դէպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի: 8 Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստուած կերակուրը եւ դրեց նրանց առաջ: Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ: 9 Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»: 10 Նրանցից մէկն ասաց. «Ես եկող տարի նոյն այս օրերին կը գամ քեզ մօտ եւ քո կին Սառան որդի կ՚ունենայ»: Սառան ականջ էր դնում վրանի դռանը՝ նրա ետեւում կանգնած: 11 Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր, եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու յատկութիւնը: 12 Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»: 13 Տէրն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում, թէ՝ “Իրօ՞ք կը ծնեմ, չէ՞ որ ես պառաւել եմ”: 14 Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կ՚ունենայ»: 15 Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»: Նա վախեցել էր: Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»: 16 Նրանք այդտեղից վեր կենալով ճանապարհ ընկան դէպի Սոդոմացւոց ու Գոմորացւոց երկիրը, իսկ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելու: 17 Տէրն ասաց. «Մի՞թէ ես իմ ծառայ Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ: 18 Աբրահամը, հաստատապէս, մեծ եւ բազմանդամ ազգի նախահայր է լինելու, եւ նրա միջոցով պիտի օրհնուեն երկրի բոլոր ազգերը. 19 որովհետեւ ես գիտէի, որ նա իր որդիներին ու իր յետնորդներին կը պատուիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան՝ պահպանելով արդարութիւնն ու իրաւունքը: Տէր Աստուած կը կատարի այն ամէնը, ինչ խոստացել է Աբրահամին»: 20 Այնուհետեւ Տէրն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են: 21 Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ»: 22 Այնտեղից շրջուելով՝ այդ մարդիկ եկան Սոդոմ: Աբրահամը կանգնած էր Տիրոջ դիմաց: 23 Աբրահամը մօտեցաւ Տիրոջն ու ասաց. «Մի՞թէ դու արդարին ամբարշտի հետ կ՚ոչնչացնես, եւ արդարը նոյն բանին կ՚ենթարկուի, ինչ որ ամբարիշտը: 24 Եթէ քաղաքում յիսուն արդար լինի, կ՚ոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը յանուն այնտեղ գտնուող յիսուն արդարների: 25 Քա՛ւ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, եւ արդարը ենթարկուի նոյն բանին, ինչ որ ամբարիշտը: Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»: 26 Տէրն ասաց. «Եթէ Սոդոմում՝ այդ քաղաքում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»: 27 Պատասխան տուեց Աբրահամն ու ասաց. «Հիմա համարձակւում եմ խօսել Տիրոջ հետ, թէեւ ես հող եմ ու մոխիր: 28 Իսկ եթէ յիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հնգի պատճառով դարձեա՞լ կը կործանես ողջ քաղաքը»: Տէրն ասաց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի քառասունհինգ արդար»: 29 Աբրահամը շարունակեց խօսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթէ այնտեղ գտնուի քառասո՞ւն»: Նա ասաց. «Չեմ կործանի յանուն այդ քառասունի»: 30 Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ շարունակեմ խօսել. իսկ եթէ այնտեղ գտնուի երեսո՞ւն»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի երեսուն»: 31 Աբրահամն ասաց. «Քանի սկսել եմ խօսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի քսա՞ն»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն այդ քսանի»: 32 Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ դարձեալ խօսեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի տա՞սը»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն տասի»: 33 Եւ Տէրը, վերջացնելով Աբրահամի հետ խօսակցութիւնը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձաւ իր բնակատեղին:
19.1 Երկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մօտ: Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց. 2 «Համեցէ՛ք, տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ: Ես կը լուամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կը շարունակէք ձեր ճանապարհը»: Նրանք ասացին. «Ո՛չ, մենք այստեղ՝ քաղաքի հրապարակում կը գիշերենք»: 3 Ղովտը նրանց շատ ստիպեց, եւ նրանք դարձան նրա կողմը ու մտան նրա տունը: Ղովտը ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց եփեց նրանց համար, եւ նրանք կերան: 4 Երբ դեռ նրանք քուն չէին մտել, սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչեւ ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը, 5 Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտ եկան: Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ»: 6 Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկաւ եւ դուռը փակեց իր ետեւից: 7 Նա նրանց ասաց. «Քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործէք այդ չարիքը: 8 Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մօտեցել: Բերեմ նրանց ձեզ մօտ, եւ նրանց հետ արէք այն, ինչ հաճոյ է ձեզ, միայն թէ այդ մարդկանց նկատմամբ որեւէ մեղք մի՛ գործէք, որովհետեւ նրանք մտել են իմ յարկի տակ»: 9 Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց: Դու մեր երկիրը մտար իբրեւ պանդուխտ բնակուելու. միթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել: Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»: Նրանք շատ էին բռնանում այդ մարդու՝ Ղովտի վրայ, եւ քիչ էր մնացել, որ ջարդէին դուռը: 10 Ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մօտ՝ տուն քաշեցին եւ տան դռները փակեցին, 11 դռան մօտ գտնուող մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծը կուրացրին, եւ սրանք յոգնեցին դուռը փնտռելուց: 12 Այդ մարդիկ Ղովտին հարցրին. «Այս քաղաքում դու փեսայ, որդիներ, դուստրեր կամ ուրիշ որեւէ մէկն ունե՞ս: Հանի՛ր նրանց այս վայրից, 13 որովհետեւ մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց աղաղակը հասել է Տիրոջը, եւ Տէրը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»: 14 Ղովտը գնաց իր փեսացուների մօտ, որոնք առնելու էին իր դուստրերին, եւ ասաց նրանց. «Հեռացէ՛ք այստեղից, որովհետեւ Տէրը կործանելու է այս քաղաքը»: Փեսացուներին թուաց, թէ նա կատակ է անում: 15 Երբ լոյսը բացուեց, հրեշտակներն սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Ա՛ռ քո կնոջը, երկու դուստրերիդ եւ հեռացի՛ր այստեղից, որ դու էլ չկորչես այս քաղաքի անօրէնութեան մէջ»: 16 Նրանք իրար անցան. եւ քանի որ Տէրը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքերից եւ քաղաքից դուրս հանեցին: 17 Երբ նրանց դուրս հանեցին, հրեշտակներն ասացին. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես այս երկրի որեւէ շրջանում: Փախի՛ր լեռը, որ միւսների հետ չտուժես»: 18 Ղովտն ասաց նրանց. «Աղաչում եմ, Տէ՛ր, 19 թէեւ իմ անձին փրկութիւն պարգեւելով դու ողորմեցիր քո ծառային եւ նրա հանդէպ ցուցաբերեցիր քո մեծ արդարութիւնը, բայց ես չեմ կարող փախչել լեռը, որովհետեւ գուցէ ինձ էլ հասնի փորձանքը, եւ ես մեռնեմ: 20 Ահա մօտակայքում գտնուող այս քաղաքում կարելի է ապաստանել, այն փոքր է, կարելի է այնտեղ փրկուել: Չէ՞ որ այն փոքր է: Քո շնորհիւ ես կը փրկուեմ»: 21 Տէրն ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ ու քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր: 22 Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետեւ ոչինչ անել չեմ կարող. մինչեւ որ դու այնտեղ հասնես»: Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգոր: 23 Արեւ ծագեց երկրի վրայ, եւ Ղովտը մտաւ Սեգոր: 24 Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ, 25 կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականութիւնը: 26 Ղովտի կինը ետ նայեց ու դարձաւ աղէ արձան: 27 Աբրահամը վաղ առաւօտեան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ, 28 նայեց սոդոմացիների ու գոմորացիների կողմը, ամբողջ շրջակայքը եւ տեսաւ, թէ ինչպէս երկրի բոցը բարձրանում է հնոցի ծխի պէս: 29 Երբ Տէրը կործանեց այդ բոլոր քաղաքներն իրենց շրջակայ բնակավայրերով, յիշեց Աբրահամին եւ քաղաքից հանեց ու կորստից փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, ուր Ղովտն էր բնակուել: 30 Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում: Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը: Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում:
Առակներ 1.10-19
10 Որդեա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, 11 եւ հաւանութիւն չտաս, եթէ քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արիւնահեղութեան, անմեղ տեղը սպանենք եւ հողի տակ ծածկենք արդար մարդուն, 12 գերեզմանի պէս նրան ողջ-ողջ կուլ տանք եւ նրա յիշատակը վերացնենք երկրից, 13 յափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցուածքը եւ մեր տները լցնենք աւարով: 14 Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ կ՚ունենանք, եւ միեւնոյն տեղը կը լինի մեր գանձարանը»: 15 Որդեա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շաւիղներից, 16 քանզի նրանց ոտքերը դէպի չարիք են ընթանում, եւ նրանք շտապում են արիւն հեղելու: 17 Արդարեւ, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար: 18 Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը: 19 Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին:
Զաքարիա 11.11-14
11 Այդ ուխտը պիտի խզուի այն օրը, եւ քանանացիները պիտի ճանաչեն իմ պահպանած հօտերը, քանզի սա Տիրոջ խօսքն է: 12 Ես նրանց ասացի. “Եթէ ձեր աչքին հաճելի է թւում, ապա տուէ՛ք իմ վարձը, իսկ եթէ՝ ոչ, ասացէ՛ք”: Եւ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»: 13 Տէրն ինձ ասաց. «Դու բովի մէջ գցիր դա, քննի՛ր, թէ այն փորձուա՞ծ է արդեօք այնպէս, ինչպէս ես, որ փորձուեցի նրանց կողմից իրենց համար»: Ես վերցրի երեսուն արծաթը եւ Տիրոջ Տանը գցեցի բովի մէջ: 14 Ես դէն գցեցի իմ երկրորդ գաւազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Յուդայի երկրի եւ Իսրայէլի միջեւ:
Ավ. ըստ Մատթեոսի 26.3-16
3 Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը 4 եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն: 5 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:6 Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, 7 նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել: 8 Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, 9 քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: 10 Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. 11 աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ: 12 Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց: 13 Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»:14 Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. 15 «Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: 16 Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց: