Այսուհետև՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգության սաղմոսը. երգ Ասորեստանի մասին: Սաղմոսն Աստծո դատաստանների և գերության մեջ գտնվողի մասին է, նաև վարդապետություն է առաքյալների և աշխարհի վերջին օրերի մասին, ինչպես որ ասում է.
1. Խոստովան եղիցուք առ քեզ, Աստուած, խոստովան եղիցուք և կարդացուք զանուն սուրբ քո:
Գոհություն մատուցենք քեզ, Աստվա՛ծ, գոհություն մատուցենք և կանչենք քո անունը:
Նախ՝ խոստովանենք հանցանքներս, ապա նոր քո անունը կանչենք, և ինչո՞ւ է կրկնում «խոստովանենք». Անանիան սովորեցրեց մեզ Տիրոջ անունը կանչել մեղքերի խոստովանությունից հետո՝ ասելով Պողոսին. «Լվա՛ քո մեղքերը» (Գործք. 22:16): Այս՝ մեղքերի խոստովանությունն է Տիրոջ անունը կանչելը, որը հավատի խոստովանություն է Տեր Աստծու, ով դատավոր է և ողորմած:
2. Պատմեցից զամենայն սքանչելիս քո. յորժամ ժամ առից՝ ես ուղիղ դատեցայց:
Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործությունները. երբ ժամը հասնի՝ ճշմարիտ դատաստան պիտի տեսնեմ:
Երբ Երուսաղեմ հասնեմ՝ ազատվելով նեղություններից, արդարադատ եմ լինելու, ինչպես որ դու ես ասում. «Արդար դատով դատեցե՛ք» (Զաքար. 7:9): Ասում են, թե երբ Դավիթն այս սաղմոսն ասաց, միայն Հուդայի ցեղն ուներ, և խոստանում է, թե երբ տասը ցեղերը վերցնեմ, ապա, երբ ժամը հասնի, ճշմարիտ դատաստանով պիտի բոլորին դատեմ: Իսկ առաքյալները, երբ հրաման ստացան նստել տասներկու աթոռներին, ապա այստեղ քարոզեցին, իսկ այնտեղ դատելու են:
3. Մաշեցաւ երկիր՝ և ամենայն բնակիչք նորա. ես հաստատեցի զսիւնս նորա:
Մաշվեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները, ես հաստատեցի նրա սյուները:
Երուսաղեմն ու նրա ամբողջ բնակչությունը: Ես հաստատեցի նրա սյուները, սա Աստված է ասում, սյունը Զորաբաբելն է, Հեսուն, մարգարեները: Նաև Քրիստոսինն են այս խոսքերը, երբ մեղքի պատճառով մաշվեց ամբողջ երկիրը՝ կտրված լինելով երկնքի բարեբերությունից, արդարությունից, ինչպես նաև աստվածպաշտությունից, երկրի վրա պակասեց առաքինությունը, և երկրի բնակիչների մեջ՝ սերը, ապա Տերը հաստատեց սյուներին՝ առաքյալներին՝ Հոգու յոթ շնորհները դնելով նրանց վրա և կառուցելով իմաստության տունը: Նորից՝ Երուսաղեմի հին սյունը՝ եկեղեցին հաստատվեց, ըստ Պողոսի Տիմոթեոսին ուղղված խոսքի, թե վերին Սիոն բարձրացրեց, որի սյուները հավիտենական են: Նորից, երբ մեղքի պատճառով կործանվի երկիրը, ապա սա է սյունը, այդ պատճառով ասում է.
4. Ասացի անօրինաց, թէ մի՛ անօրինիք. և մեղաւորաց, թէ մի՛ բարձրացուցանէք զեղջիւրս ձեր:
Անօրեններին ասացի, թե՝ անօրինություն մի՛ գործեք, մեղավորներին, թե՝ մի՛ ցցեք ձեր եղջյուրները:
Հպարտներին է ասում, թե՝ մի՛ ցցեք ձեր եղջյուրները, քիչ է այստեղի ժամանակը, դա է նշանակում վեր տնկելը:
5. Մի՛ համբառնայք ի բարձունս զեղջիւրս ձեր. և մի՛ խօսիք զԱստուծոյ անիրաւութիւն:
Ձեր եղջյուրները վեր մի՛ տնկեք, և Աստծու մասին անիրավաբար մի՛ խոսեք:
Եղջյուրները վեր տնկել, այսինքն՝ անասունների վարքը ձեր վրա վերցնելը: Սա է սյունը՝ Քրիստոսի խոսքը, խոսքով ստեղծվեց երկիրը, ասաց և եղավ, նաև խոսքով է հաստատում այսպիսիներին, ինչպես որ ասաց անիրավներին և մեղավորներին, թե Աստծո մասին անօրինաբար մի՛ խոսեք, դա է կոչվում եղջյուրները վեր տնկելը, այսինքն՝ ասել, թե անիրավ են նրա դատաստանները, ինչպես քաղդեացիներն ու հրեաներն էին ասում:
6. Զի ո՛չ յարևելից՝ և ո՛չ յարևմտից, և ո՛չ յանապատէ լերանց. այլ Աստուած դատաւոր է:
Ո՛չ արևելքից, ո՛չ արևմուտքից, ո՛չ էլ լեռների անապատից է, այլ Աստված է դատավորը:
Հիշատակում է [աշխարհի] չորս կողմերը, և հյուսիս ու հարավի փոխարեն անապատ է ասում, քանզի այնտեղ մարդիկ չեն բնակվում չափազանց ջերմության և ցրտի պատճառով, և արևի ելքի և մուտքի ժամանակ որոտում և թնդյուն է լինում, և այնտեղ բնակիչներ չկան: Իսկ արևելքում և արևմուտքով, և այս վայրում արհավիրքներ չեն լինում, այլ այնտեղ, որտեղ մարդիկ կան և ոտնահարում են նրա օրենքները: Նորից՝ ո՛չ արևելքից ասելով կարծես թե ասում է [աշխարհի] չորս ծագերից, որտեղ գերեվարվեցին հրեաները՝ քաղդեացիների կողմից՝ արևելքից, հույների կողմից՝ արևմուտքից, հարավից՝ Եգիպտոսից, հյուսիսից՝ հայերից, այլ Աստված է դատավորը, նրա հրամանով գերեվարվեցին, և զղջալու դեպքում էլ նա ետ կդարձնի դատաստանով: Նորից՝ արևելքից հույները, արևմուտքից հռոմեացիները պատերազմով միշտ միմյանց դեմ են դուրս գալիս, և լեռների անապատից՝ Մարաստանից և Պարսկաստանից Բաբելոնի վրա են հարձկավում, սակայն Աստված է նրանց դատավորը: Նորից, ո՛չ արևելքից, պակասեց խնամատարությունը, որը լուսո մայրն է, և ո՛չ էլ արևմուտքից՝ չարիքը, որտեղ չար թագավորն է, և ո՛չ էլ լեռների անապատից՝ պատերազմը, որտեղ չարի զորքերն են՝ հեթանոս թագավորները, այլ Աստված է դատավորը, գիտե չափել և դատել բոլորին: Նաև ասում են, թե արևելքից խաչն է գալու, արևմուտքից՝ Աստվածածինը, անապատից՝ տապանակը, սակայն Աստված է դատավորը:
7. Զայս խոնարհ առնէ, և զսոյն բարձրացուցանէ. բաժակ ի ձեռին Տեառն գինի լի անապակ արկեալ. և խոնարհեցոյց յայսմանէ յայս:
Որ խոնարհեցնում է մեկին և մյուսին՝ բարձրացնում: Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան:
Երուսաղեմը՝ գերությամբ, և մյուսին՝ բարձրացնում՝ ետ վերադարձնելով: Տիրոջ ձեռքի բաժակը, որ ճարտար տակառապետ Երեմիան արբեցնում էր թագավորներին և ամբողջ երկրին: Որ խոնարհեցնում է սրան ու նրան՝ Տիրոջ ձեռքով Երուսաղեմը, նրան՝ Բաբելոնը Կյուրոսի ձեռքով, կամ խստությունը խոնարհեցնելով հեզությամբ է փոխարինում: Անապակ գինին ուշաթափեցնում է բոլոր հանցավորներին՝ թույլ չտալով ազատվելու հնար գտնել: Տիրոջ ձեռքի բաժակը, այն բաժակն է, որ ասում էին, թե Նաբուգոդոնոսորն ուներ իր ձեռքում ոսկե բաժակ, և ում ցանկանում էր, խմեցնում էր, և լի, որը չի սպառվում: Եվ խիտ է՝ խառնությամբ, ինչը զարմանալի է. անապակ և խառնված, անապակ, քանզի արդար է, և գթությունն է խառնում, որովհետև մարմնավոր ենք, տկար և հիվանդ:
8. Սակայն մրուր նորա ո՛չ սպառեսցի. և արբցին զնա ամենայն մեղաւորք երկրի:
Սակայն նրա մրուրը չի պակասի, և երկրի բոլոր մեղավորները կխմեն այն:
Բաբելոնի մրուրը կմնա, քանզի հրեաներինը յոթանասուն տարի էր, իսկ Բաբելոնինն ու Գոգինը՝ ընդմիշտ: Եվ նորից, հանդերձյալ կյանքում, որ պատրաստել է սատանայի և նրա հրեշտակների համար: Նորից, փրկության բաժակը [Տիրոջ] ձեռքի, որ ինքը խմեց խաչի միջոցով, և մատուցեց առաքյալներին և վկաներին, որի կորստյան մրուրն էլ կխմեն հրեաներն ու չար իշխանները՝ Տիրոջը, առաքյալներին և վկաներին խմեցնողները:
9. Ես ցնծացայց յաւիտեան. սաղմոս ասացից Աստուծոյ Յակովբայ:
Ես պիտի ցնծամ հավիտյան, սաղմոս պիտի երգեմ Հակոբի Աստծուն:
[Տեսնելով] Աստծո իրավացի դատաստանը Հակոբին է հիշում, քանզի հանուն նրա եղավ իրենց վերադարձը:
110. Զամենայն եղջիւրս մեղաւորաց փշրեսցես. և բարձր եղիցի եղջիւր արդարոյ:
Մեղավորների բոլոր եղջյուրները դու պիտի փշրես, և արդարի եղջյուրը պիտի բարձրանա:
[Գերությունից] դարձի ժամանակ հակառակորդները շատ էին՝ եդոմացիները, մովաբացիները, փղշտացիները և այլք: Պիտի բարձրանա Զորաբաբելի եղջյուրը, և Քրիստոսինը, որը խաչն է, նաև երբ Տերը դադարեցնի բոլոր իշխանությունները:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը