«Աստված սեր է», ասում է որոտման որդին՝ Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը, և՝ «Նա, ով սիրում է, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ բնակվում է Նրա մեջ» (տե՛ս Ա. Հովհ. Գ 24)։ Եվ արդ, եղբայրնե՛ր, լսեցե՛ք և հիշեցե՛ք սիրո մասին իմ խոսքերը։ Ամեն ոք, ով սիրում է Աստծուն, սիրում է նաև իր եղբորը, որովհետև Աստծու նկատմամբ սերը երևում է եղբոր նկատմամբ սիրով։ Որովհետև եթե [մարդ] չի սիրում եղբորը, ում տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, Ում չի տեսնում։ Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծուն, երբ մեր եղբորը սիրում ենք հոգու և ոչ թե մարմնի սիրով։ Քանի որ ուրիշ է հոգու սերը, և ուրիշ է մարմնի սերը, որի մասին կխոսենք առաջ գնալով՝ իր տեղում։
Բայց արդ, ամեն ոք, ով սիրում է, ճանաչվում է Աստծու կողմից, և ինքն էլ ճանաչում է Աստծուն, և ամեն ոք, ով չի սիրում իր եղբորը ցավակցաբար, օտար է Աստծուն և չի կարող ընդունել աստվածային շնորհները։ Ամեն ոք, ով սուրբ սրտով սիրում է իր եղբորը, դառնում է Աստծու բնակարան, և Աստված բնակվում է նրա մեջ։
Որովհետև Ինքը՝ Տերը, սիրեց մեզ և առաքեց Ճշմարտության Հոգուն՝ բնակվելու մեր մեջ, որպեսզի մեր իմանալի հոգիները սիրով կապակցի Աստծու անիմանալի Հոգուն. Նա կամենում է, որ մենք սիրենք միմյանց այնպես, ինչպես որ Ինքը սիրեց մեզ։
Տե՛ս, թե Աստծու մոտ որքան համարձակություն ունի սերը. այն մարդուն դարձնում է Աստծու նման։ Որովհետև Աստված Իր սիրով եղավ մարդկանց նման, ցույց տվեց, որ մարդիկ էլ իրենց սիրով պիտի լինեն Աստծու նման։ Քանի որ. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհի փրկության համար» (տե՛ս Ա. Հովհ. Դ.9)։ Եթե մենք սիրենց միմյանց այնպես, ինչպես որ Աստված մեզ սիրեց, չարը չի կարող խափանել մեր սերը։ Ամեն ոք, ով սիրում է, հայտնի է մարդկանց առջև և համարձակ է Աստծու առջև, որովհետև մեղքերով մահվանից չի վախենում, այլ զինված է Աստծու սիրով և չի վախենում ոչ մի երկյուղական վտանգից։ Որտեղ սերն է, այնտեղ վախ չկա. ինչպես Հովհաննեսն է ասում. «Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը» (Ա. Հովհ. Դ 18)։ Երկյուղը ենթակա է տանջանքների, իսկ սերը՝ համարձակության, երկյուղը հալածվում է սիրուց։ Այնտեղ, ուր սեր չկա, կա դատաստանի երկյուղն ու այն մեծ Օրվա ահավոր ատյանի [ժամանակ] կորստյան [մատնվելու] սարսափը։ Սերը մարդուն աներկյուղ է դարձնում բոլոր տանջանքներից։ Սեր ասում եմ այն բանին, ինչ ամբողջովին հեռու է կասկածից։ Որովհետև կասկածն ու սերը միասին չեն բնակվում։
Պետք է իմանալ, որ սերը ոչ միայն հավիտենական կյանքում է պտղաբերում է իր խաղաղության պտուղը, այլ նաև այս աշխարհում է հալածում ամենայն թշնամություն՝ նախանձն ու ատելությունը, ոխակալությունն ու չարակնությունը, չարախոսությունն ու հայհոյությունը, տրտունջքն ու բամբասանքը, հպարտությունն ու գոռոզությունը, մանավանդ բոլոր չարիքների մայր արծաթասիրությունն ու ագահությունը։
Արդ, նա, ով ունի սեր, հեռանում է այս բոլոր չարիքներից և հասնում է երկնային խաղաղության նավահանգիստ, հասնում է միայն բարուն։ Ի՞նչն է սիրուց առավել խաղաղ. ազատ լինել ամենայն խռովությունից և կատարել աստվածային կամքը։ Սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը։ Սերը մարդկանց Աստծու որդիներ ու երկնային արքայության ժառանգորդներ է դարձնում։ Սերը անապական է դարձնում ապականացու բնությունը և մահկանացուներիս դեպի անմահութուն է բարձրացնում։ Սերը երկրայիններիս երկնային ու հողեղեններիս հրեղեն է դարձնում։
Եվ արդ, ո՞վ կարող է պատմել սիրո անչափ մեծության մասին, որովհետև անճառելի և անպատմելի է այն. ինչպես որ անքննելի է Աստվածության անեղ բնությունը, այդպես էլ սիրո բնությունն [է անքննելի]։ Եվ ինչպես որ Աստված է անբավ, բայց մերձ է բոլորիս և բնակվում է հեզերի, խոնարհների ու բոլոր նրանց մեջ, ովքեր դողում են Նրա խոսքերից [տե՛ս Ես.ԿԶ 2], այդպես էլ սերն է մերձ բոլոր նրանց, ովքեր կամենում են այն, և ինքը գալիս ու բնակվում է իրեն փնտրողների մեջ։ Որովհետև սերը սիրում է իրեն սիրողներին և ատում է իրեն ատողներին։ Ովքեր փնտրում են նրան, աստվածապես մոտ է նրանց, քանզի Աստված սեր է և կամենում է, որ [մենք էլ] սուրբ սրտով ու անկեղծավոր հավատով սիրենք [միմյանց]։
(Շարունակելի)
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
(1) Մախանք — չար նախանձ, չարակնություն:
(2) Նկատի ունի առաջին մարդասպանին՝ Կայենին։
(3) Օրինակի մեջ բացակայում է մեկ էջ, որում այս ճառի ավարտն է և հաջորդ ճառի սկիզբը, մինչեւ «նա»: Երկուսի թերին վերցվեց երկու օրինակների բաղդատությամբ: