Ավ. ըստ Ղուկասի 4.31-41
31 Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը եւ շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց: 32 Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը իշխանութեամբ էր: 33 Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. 34 «Թո՛ղ մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես. Աստծոյ Սուրբն ես դու»: 35 Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»: Դեւը մէջտեղում գետնին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան: 36 Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»: 37 Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում: 38 Եւ նա, ժողովարանից դուրս գալով, մտաւ Սիմոնի տունը: 39 Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր: Նրա համար Յիսուսին աղաչեցին: 40 Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան: Հիւանդն անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց: 41 Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէս-պէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում եւ նրանց բժշկում:
Գործք 6.8-7.29
6.8 Ստեփանոսը՝ շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում: 9 Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան: 10 Բայց նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա: 11 Այն ժամանակ յորդորեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք նրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստծոյ դէմ»: 12 Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան: 13 Եւ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. 14 լսեցինք նրա բերանից, որ ասում էր, թէ՝ “Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց”»: 15 Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման է:
7.1 Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»: 2 Եւ նա ասաց. «Եղբայրե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. 3 “Դո՛ւրս ել քո երկրից ու քո տոհմից եւ արի այն երկիրը, որ քեզ ցոյց կտամ”: 4 Այն ժամանակ Աբրահամը, ելնելով քաղդէացիների երկրից, բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք: 5 Այստեղ նրան եւ ոչ մի ժառանգութիւն չտուեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր: 6 Աստուած այսպէս խօսեց. “Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան ծառայ պիտի դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն: 7 Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ,– ասում է Աստուած,– եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում”: 8 Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, ու ապա նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին: 9 Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր 10 ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիների եւ նրա ամբողջ տան վրայ: 11 Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, ու մեր հայրերը ուտելիք չէին գտնում: 12 Եւ Յակոբը, լսելով, որ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին, 13 իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը: 14 Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը, եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգու: 15 Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքն ու մեր հայրերը: 16 Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից Սիւքէմում: 17 Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, 18 մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին: 19 Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն: 20 Այդ ժամանակում ծնուեց նաեւ Մովսէսը, որը Աստծոյ առաջ վայելուչ էր եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. 21 եւ երբ նրան ընկեցիկ արեցին, փարաւոնի դուստրը նրան վերցրեց եւ նրան մեծացրեց որպէս իրեն որդեգիր: 22 Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց եւ զօրաւոր էր իր խօսքերով ու գործերով: 23 Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը: 24 Եւ նա, մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով, զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց՝ եգիպտացուն սպանելով: 25 Մտածում էր, թէ իր եղբայրները կիմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան: 26 Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել ու ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում”: 27 Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեզ վրայ. 28 մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն”: 29 Եւ այս խօսքերի վրայ Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները:
Հակոբոս 3.13-4.6
3.13 Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա բարի ընթացքով ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը: 14 Իսկ եթէ ձեր սրտերում դառը նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը: 15 Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. 16 որովհետեւ ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան: 17 Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: 18 Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում:
4.1 Այդ որտեղի՞ց են պատերազմներ, եւ որտեղի՞ց՝ կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից են, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ: 2 Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում: 3 Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին: 4 Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծոյ դէմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի: 5 Կամ թէ առ ոչի՞նչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստուած նախանձախնդրութեամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մէջ»: 6 Եւ այդ՝ նրա համար, որ էլ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է. «Տէրն ամբարտաւաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս»:
Ավ. ըստ Հովհաննեսի 1.18-28
18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա յայտնեց նրան: 19 Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ «Դու ո՞վ ես», 20 նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ «Ես Քրիստոսը չեմ»: 21 Ու նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»: Եւ նա ասաց՝ «Ո՛չ, չեմ»: «Իսկ դու մարգարէ՞ն ես»: Նա պատասխանեց՝ ո՛չ: 22 «Իսկ ասա՛ մեզ. դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին»: 23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»: 24 Եւ եկողները փարիսեցիների կողմից էին: 25 Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ՝ Եղիան եւ ոչ էլ՝ մարգարէն»: 26 Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, 27 որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»: 28 Այս բանը պատահեց Բեթաբրիայում՝ Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում:
Ավ. ըստ Մարկոսի 1.14-20
14 Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծոյ աւետարանը եւ ասում. 15 «Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծոյ արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք աւետարանին»: 16 Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին: 17 Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ»: 18 Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ: 19 Այստեղից մի քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, մինչ ուռկաններն էին կարգի բերում: 20 Եւ կանչեց նրանց. եւ նրանք, իսկոյն նաւակի մէջ թողնելով իրենց հօրը՝ Զեբեդէոսին, վարձկան ձկնորսների հետ միասին, գնացին նրա յետեւից:
Ավ. ըստ Մատթեոսի 4.12-25
12 Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա: 13 Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում՝ ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում, 14 որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. 15 «Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, 16 խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ: 17 Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»: 18 Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին: 19 Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»: 20 Եւ նրանք, իսկոյն թողնելով ուռկանները, գնացին նրա յետեւից: 21 Եւ այնտեղից առաջ գնալով՝ տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց: 22 Նրանք, իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը, գնացին նրա յետեւից: 23 Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը: 24 Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէս-պէս ցաւերով ու տանջանքներով՝ ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց: 25 Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց: