Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս Ձ

18 Ապրիլի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս Ձ
0
Կիսումներ
38
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Այսուհետև՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրվա սաղմոսը: Եկեղեցին է հնձան կոչում, և հնում սա տապանակի առաջ էին երգում, երբ այն գտնվում էր հեբուստացի թագավորների հնձաններում, ուր հին խորանն էր: Ունի նաև Բաբելոնի գերությունից վերադարձի խորհուրդը:

1. Ցնծասցէ՛ք առ Աստուած, օգնական է մեր, աղաչեցէ՛ք առ Աստուած Յակովբայ:

Ցնծացե՛ք Աստծու առաջ, որ օգնականն է մեր, աղաղակեցե՛ք Հակոբի Աստծուն:

Սիմաքոսը [թարգմանում է]՝ ուրախ եղե՛ք, Թեոդիտոսը՝ զվարճացե՛ք՝ գերիները միմյանց են քաջալերում, նաև, Երուսաղեմ գալով, նորոգում են յոթանասուն տարիների հնությունը, և եկեղեցու մանուկները՝ տեսնելով իրենց փառքը:

2. Առէ՛ք սաղմոս, և դո՛ւք օրհնութիւն, սաղմոս ասացէք նմա ի ձայն քաղցրութեան:

Սաղմո՛ս ասացեք և օրհնությո՛ւն տվեք, նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեցեք:

Իսրայելը երգում է մարգարեների երգը, իսկ նոր [ուխտում]՝ օրենքի, մարգարեների և առաքյալների, որ Հոգուց ստացան՝ չթողնելով հինը, քանզի առավել քաղցր է արմատը պտուղի հետ խառնված:

3. Փո՛ղ հարէք ի գլուխս ամսոց. յաւուր նշանաւորի տարեկանաց մերոց:

Փո՛ղ հնչեցրեք ամսագլխին՝ մեր նշանավոր օրվա տարեդարձին:

Երբ Սինայում ձայն լսեցին, ապա [փող պատրաստեցին], և ամսվա առաջին օրը և տարեմուտին, ինչպես նաև նշանավոր տոներին հնչեցնում էին, որպեսզի հիշատակը [միշտ] մնա: Նաև ապագան է մարգարեանում, երբ հնչելու է փողը և Քրիստոսով մահացածները հարություն են առնելու:

4. Հրաման է այս Իսրայէլի, և իրաւունք են Աստուծոյ Յակովբայ:

Սա հրաման է Իսրայելի համար և օրենքը Հակոբի Աստծու:

Նա հրամայեց, ասում է, և մեր իրավունքն է կատարելը, նրանց [հրամայեց] փողով կանչել, իսկ մեզ՝ սրտով, ինչպես Մովսեսին ասաց Աստված. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» (Ելք. 14:15):

5. Վկայութիւն Յովսեփու՝ զոր եդ ընդ նմա. որպէս ելանէր նա յերկրէն եգիպտացւոց, լեզու, զոր ո՛չ գիտէր՝ լուաւ:

Հովսեփի ուխտն է դա, որը կնքեց Նրա հետ, երբ նա դուրս էր գալիս եգիպտացիների երկրից: Նա լսեց մի լեզու, որ չգիտեր:

Ամբողջ ժողովրդին է Հովսեփ կոչում, ուխտ դրեց Աստված ամբողջ ժողովրդի հետ, երբ նա դուրս էր գալիս եգիպտացիների երկրից. ասաց, թե ինչպես էր պետք դուրս գալ և ինչ էր պետք անել: Նա լսեց մի լեզու, որ չգիտեր. ոմանք ասում են քաղդիերենն է կամ քանաներենը, որ եգիպտոսում մոռացել էին, մի մասն էլ, թե Մովսեսը նախ Հովսեփի ոսկորները ձկանը տվեց պահելու, և ելնելիս խոսեց նրա հետ վերցնելու մասին, որը առասպել է, այլ ամբողջ ժողովուրդը Աստծու լեզուն ու խոսքը չգիտեր և չէր լսել ու այնտեղ լսեց: Նաև ասորերենով ասվում է, թե երբ ծովի միջով անցան, նոր լեզու ստացան և դրանով երգեցին. «Տիրոջը պիտի օրհնենք», և եբրայեցի կոչվեցին, որովհետև «եբրայ» անցարան է նշանակում:

6. Ի բաց արար ի բեռանց զթիկունս նորա. և զձեռս նորա յորթ և ի թի ծառայելոյ:

Նրանց թիկունքներն ազատի՛ր բեռներից և նրանց ձեռքերը՝ այգու ու բահի ծառայությունից:

Կողովներով՝ թիկունքները և բահերով ձեռքերն էին չարչարվում, նախ դրանցից ազատեց, և ապա ասաց.

7. Ի նեղութեան կարդացեր առ իս՝ և փրկեսցի զքեզ. լուայ քեզ ի գաղտնութենէ մրրկին, և փորձեցի զքեզ ի վերայ ջուրցն հակառակութեան:

Նեղության մեջ ինձ ձայն տվիր՝ և փրկեցի քեզ. քեզ լսեցի մրրիկի ծածկույթի տակ ու փորձեցի քեզ հակառակության ջրերի վրա:

Ասում է, թե Իսրայելի որդիներն աղաղակեցին Աստծուն և նա լսեց: Քեզ լսեցի մրրիկի ծածկույթի տակ. քեզ մոտ էի և լսում էի, թեև դու չէիր տեսնում քո վշտերի մրրիկի մեջ, որտեղ գտնվում էիր, և երբ եկար Մեռա, քեզ մոտ էի, և փորձում էի (տե՛ս Ելք 15:23), և Մովսեսի վրա ձեր բարկանալու ժամանակ, երբ ջուր դուրս չեկավ, և հաջորդ անգամ էլ՝  [գավազանը ջուրը գցելու] ժամանակ այնտեղ էի: Դարձյալ՝ Սինայում, երբ մրրիկով խիտ ամպի [սյան] մեջ էի, որպեսզի չկարողանաս տեսնել, և լսեցի քեզ, երբ [ժողովուրդն] ասաց Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ» (Ելք 20:19), այլ ոչ թե Աստված:

8. Լո՛ւր, ժողովուրդ իմ, և վկայեմ քեզ, և Իսրայէլ՝թէ լուիցես ինձ:

Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես վկա կլինեմ քեզ, և Իսյայե՛լ, եթե ինձ լսում ես:

Բաբելոնից ելնելու ժամանակ՝ այս ամենին [վկա կլինեմ], որպեսզի հավատաս, թե ամենակարող եմ:

9. Մի՛ ևս եղիցին քեզ աստուածք առժամայնք. և մի՛ երկիր պագանիցես դու աստուծոյ օտարի:

Այլևս նորագյուտ աստվածներ չես ունենա և չես երկրպագի օտար աստծու:

Քանզի ունայն էին, և փորձով հասկացար:

10. Ես եմ Տէր Աստուած քո, որ հանի զքեզ յերկրէն եգիպտացւոց, բաց զբերան քո և լցից զդա:

Ես եմ քո Տեր Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, բա՛ց բերանդ, և ես պիտի լցնեմ այն:

Բա՛ց և խոստացի՛ր, որ կանես այն, ինչ կասեմ, և կլցնեմ այն մարգարեական շնորհով, քեզ կվերադարձնեմ [գերությունից], և բերանդ գոհությամբ կլցնեմ: Նաև՝ ներքին մարդու բերանը բա՛ց, վերցնելով նրանից անհավատության քարը և մեղքերի կապանքները, և քարոզի՛ր իմ անունը, և ես կլցնեմ այն շնորհներով: Դարձյալ՝ բա՛ց բերանդ, և խնդրի՛ր՝ ինչ ցանկանում ես, և ես կլցնեմ այն, այսինքն՝ կկատարեմ խնդրանքը:

11. Ժողովուրդ իմ ո՛չ լուաւ ձայնի իմում, և Իսրայէլ յիս ինչ ո՛չ նայեցաւ:

Իմ ժողովուրդը չունկնդրեց ձայնիս, և Իսրայելն ինձ չնայեց:

Հոգին իմանում է, որ չեն լսելու, և Իսրայելն ինձ չնայեց՝ ոչ հավատով, և ոչ էլ գործով, սա է ինձ չնայեցը, այլ՝ իր կուռքերին:

12. Բարձի թողի զնոսա երթալ զհետ կամաց սրտից իւրեանց. զի գնացին նոքա ըստ կամս անձանց իւրեանց:

Բարձիթողի մատնեցի նրանց, որ գնան իրենց սրտի թելադրանքով, քանզի շարժվեցին իրենց կամքով:

Ինչպես որ այժմ էլ երևում է:

13. Զի թէ ժողովրդեան իմոյ լուեալ էր ինձ, կամ Իսրայէլի զճանապարհս իմ գնացեալ էր:

14. Որպէս զոչինչ խոնարհ արարեալ էր իմ զթշնամիս նորա, ի վերա նեղչաց նորա արկեալ էր զձեռն իմ:

Եթե իմ ժողովուրդը լսեր ինձ, կամ Իսրայելն ընթանար իմ ճանապարհով, ապա որպես ոչնչություն կընկճեի նրա թշնամիներին և ձեռքս կիջեցնեի նրան նեղողների վրա:

Քանզի բոլոր հեթանոսները ոչնչություն են և ոչինչ չէին կարող անել [Իսրայելին], ուստի հեշտ էր ինձ հսկաներին, փարավոններին և շատ այլոց չարաչար ոչնչացնել, ձեռքս կիջեցնեի նրան նեղողների վրա, սակայն չդարձավ [դեպի ինձ] և գերվեց:

15. Թշնամիք Տեառն ստեցին նմա, և եղիցին ժամանակք նոցա յաշխարհի:

Տիրոջ թշնամիները ստեցին նրան, ուստի նրանց ժամանակն աշխարհում կսպառվի:

Տիրոջը թշնամի դարձան և ստեցին նրան Եգիպտոսից դուրս գալուց՝ ասելով, թե այն ամենն, ինչ կասի Տերը, կլսենք և կանենք: Նրանց ժամանակն այս աշխարհում կլինի ինչպես անասուններինն է:

16. Կերակրեաց զնոսա ի պարարտութենէ ցորենոյ, և ի վիմէ մեղր յագեցոյց ի նոսա:

Նրանց կերակրեց ցորենի առատությամբ, ժայռից հոսող մեղրով հագեցրեց նրանց:

Խոստացված երկրում՝ այն չարգելելով նրանց, և ժայռից հոսող մեղրով հագեցրեց նրանց՝ ծարավ ժամանակ ջուրը մեղրի պես քաղցր է, և հատկապես այն վեմից բխած ջուրը, որը Տիրոջ խորհրդանիշն էր: Նաև ասում են, թե մանանան ժայռի վրա էր իջնում՝ թանձր շերտ կազմելով, և ժայռից հոսող մեղր ասելով դա նկատի ունի:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ»:

Հաջորդ

Սիրո,մախանքի և նախանձի մասին Սուրբ Հովհան Մանդակունի (Մաս Բ)

Հաջորդ
Սիրո,մախանքի և նախանձի մասին Սուրբ Հովհան Մանդակունի (Մաս Բ)

Սիրո,մախանքի և նախանձի մասին Սուրբ Հովհան Մանդակունի (Մաս Բ)

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.